Աննա Գասպարյան

(0 votes)
There is no translation available.

«Կուզեմ, որ աշխարհին նայենք բարի աչքերով»

Հայաստանում ակնաբուժությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, եւ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն էլ, որտեղ իրականացվում է լայնածավալ ակնաբուժական բուժօգնություն, հագեցած է եվրոպական ու ամերիկյան արտադրության նորագույն բուժսարքավորումներով:

:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, ակնաբույժ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, բժշկուհի, որն ունի վճռականություն, ուղղամտություն, խղճով առաջնորդվելու հատկանիշ: Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին:Սակայն մերօրյա կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ընտանիքից դուրս ունենալ նաեւ սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները: 

 -Տիկին Գասպարյան, խոսենք ձեր բաժանմունքի գործառույթների մասին, հիմնականում ովքե՞ր կարող են Ձեզ դիմել։

-Մեզ հիմնականում դիմում են գլաուկոմայով եւ կատարակտով տառապող, ինչպես նաեւ այն հիվանդները, որոնք ունեն լորձաթաղանթի հիվանդություններ, մսամոլ եւ այլն։ Բայց վիրաբուժական միջամտություններն իրականացվում են գլաուկոմայի ու կատարակտի դեպքում:

-Գլաուկոման բուժվո՞ղ հիվանդություն է։

- Գլաուկոման հիվանդություն է` պայմանավորված ներակնային բարձր ճնշումով, որը բերում է տեսողական նյարդի ատրոֆիայի եւ չբուժման դեպքում  հնարավոր է բերի կուրության: Այն երեք գործոնի ազդեցությամբ է զարգանում` բարձր ներակնային ճնշում, տեսողական նյարդի վատթարացում եւ ապաճում, տեսադաշտի սահմանափակում։  Բուժել այդ հիվանդությունը հիմնականում հնարավոր չէ, որովհետեւ այն վնասում է տեսողական նյարդը, իսկ նյարդային բջիջները հնարավոր չէ վերականգնել:  Եվ նույնիսկ վիրահատությունից հետո գլաուկոմայի բուժում ասելով պետք է հասկանանք հիվանդությունը ժամանակին կանգնեցնելը: Եթե հիվանդի մոտ ախտորոշվում է գլաուկոմա, ապա նա ամբողջ կյանքում պարտավոր է երկու-երեք ամիսը մեկ ներկայանալ հիվանդանոց: Միայն նման վերահսկողությամբ կարող ենք պահպանել եղած տեսողությունը: Բայց, իհարկե, հիմա շատ հիվանդներ կան, որ ունեն հարյուր տոկոս տեսողություն, եւ այդ տեսողությունը պահպանվում է: Բարեբախտաբար, մեզ դիմում են հիվանդության ավելի վաղ շրջանում, եւ գնալով նվազում է այն հիվանդների թիվը, որոնք գալիս են կորցրած տեսողությամբ: Մինչդեռ մոտ քսան տարի առաջ, երբ նոր էինք սկսում աշխատել, շատ էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Օրինակ, որպես կանոն, գալիս էին  մեկ աչքի տեսողությունը կորցրած, եւ միայն այդ ժամանակ էր հայտնաբերվում երկրորդ աչքի գլաուկոման:

-Իսկ կատարակտի մասին ի՞նչ կասեք:

-Կատարակտը, երեւի թե, մեր «ամենալավ» հիվանդություններից է, որի վիրահատությունը կատարվում է տեսողությունը լավացնելու նպատակով: Հիվանդը կարող է բացարձակ կույր գալ, միայն լուսազգացողություն ունենալ, բայց լավ տեսողությամբ հիվանդանոցից դուրս գրվել: Կատարակտի վիրահատությունը շատ շնորհակալ գործ է, որովհետեւ հիվանդը ձեռք է բերում կորցրած տեսողությունը: Որքան էլ պացիենտին բացատրենք, որ գլաուկոմայի դեպքումՙ վիրահատությունը կատարվում է միայն եղած տեսողությունը պահպանելու համար,  միեւնույն է, մարդկային բնույթն այնպիսին է, որ հիվանդը վիճակի լավացում է ակնկալում:

-Իսկ ընդհանրապես դիմելիության կուլտուրայի մասին ի՞նչ կասեք:

-Այսօր մարդկանց զգալի մասն ունի բժշկական ապահովագրություն, սոցիալական փաթեթ, եւ, իհարկե, դիմելիության մակարդակը բարձրացել է: Եթե հետագայում, տա Աստված, բոլորն ապահովագրված լինեն, հավատացեք, զգալիորեն կավելանա դիմողների թիվը:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ճանապարհը, Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Ծնողներս բժիշկներ չեն, բայց ընտանիքիս անդամները՝ տատիկ-պապիկներս, եղբայրներս, բժիշկներ են: Դուստրս էլ շուտով կավարտվի բժշկական համալսարանը, բայց չգիտեմ՝ ինչ նեղ մասնագիտացում կընտրի: Իսկ որդիս այլ մասնագիտություն է ընտրել:

-Ընտրել եք շատ պատասխանատու աշխատանք, ե՞րբ որոշեցիք դիմել այդ քայլին։

-Երեւի ուրիշ ելք չունեի, այսպես ասած, մտածելու կարիք էլ չկար: Չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ եմ այդ որոշումն ընդունել, երեւի մի քիչ եղբայրս էլ է ուղղորդել: Այնպես որ՝ երկրորդ կարծիք չի եղել, փոքրուց մեզ, այսպես ասած, ներարկել են, որ մենք պետք է դառնանք բժիշկ: Համալսարանում ուսանելու տարիներին էլ հստակ որոշումս էր, որ ակնաբույժ եմ դառնալու:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ՝ Ալեքսանդր Մալայանին, քանի որ նրա նման ակնաբույժ ուղղակի չկար հանրապետությունում: Երբ նա վիրահատության ժամանակ նայում է հեռվից ու քեզ ասում՝  ձեռքդ մանրադիտակի տակից երեւում է… Այնքան մանր նկատողություն է… Դա դպրոց է, դպրոց, որը նա է հիմնել:

-Բժիշկ լինելը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

-Ինձ թվում է՝ կոչում, որովհետեւ ցանկացած մասնագիտություն պետք է սիրես, բայց բժշկության մեջ, ու հատկապես գլաուկոմայի դեպքում, շատ են հիվանդները, որոնք, մեկ է, քեզնից գոհ չեն մնում: Ու այստեղ կարող է միայն բժշկի այդ կոչումը փրկել, որ դու կարողանաս համբերատար ամեն անգամ նորից նույնը բացատրել ու նաեւ առանց նյարդայնանալու լսել նրանց:

-Մասնագիտական ասոցիացիաները, Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս ընդհանրապես:

-Ասոցիացիան, իհարկե, շատ հարցեր է լուծում գիտական աշխատանքների, գիտությունը զարգացնելու համար, բայց առաջին հերթին այն պիտի բժշկի պաշտպանը լինի, որովհետեւ,  ցավոք սրտի, այսօր ցանկացած մարդ տեղի-անտեղի դժգոհում, բողոքում է, իսկ բժիշկն անպաշտպան է:

-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Այո՛, որովհետեւ ունեմ մասնագիտություն: Մալայանը մեզ ասում էր` եթե մարդ առավոտյան վեր է կենում եւ լավ տրամադրությամբ գալիս գործի, իսկ երեկոյան գործից հետո լավ տրամադրությամբ գնում է տուն, ուրեմն նա երջանիկ է: Ինձ մոտ դա ստացվել է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հասարակությանը:

-Մենք, իհարկե, տեսնում ենք դրական փոփոխությունները եւ գնահատում դրանք, բայց բժիշկների համար երբեք հեշտ չի եղել եւ հիմա էլ հեշտ չէ: Ես կարծում եմ՝ պարզապես անհամեմատելի են բժիշկների կատարած աշխատանքն ու այն գումարը, որ նրանք ստանում են: Բայց հույս ունեմ, որ ապագայում այդ ամենը կկարգավորվի: Կուզեմ, որ առողջության հետ կապված ինչ-որ խնդիր ունենալու դեպքում մարդիկ անմիջապես դիմեն բժշկի: Պետք է ժամանակին դիմել, որ խնդիրը հեշտ, արագ լուծվի, չբարդանա:

Կուզեմ, որ աշխարհին նայենք բարի աչքերով եւ չմոռանանք, որ աչքերը, լինելով հոգու հայելին, արտահայտում են մարդու հույզերը: Իսկ եթե կա տեսողական խնդիր, որը խոչընդոտում է մարդուն պարզ տեսնել, ընկալել շրջակա միջավայրը, նա արդեն ունենում է ներքին բարդույթներ: Եվ շատ հիվանդներ տեսողության վերականգնումից հետո բոլորովին այլ կերպ են նայում կյանքին: Պահպանեք ձեզ եւ ձեր աչքի լույսը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր