Լուսինե Մամիկոնյան

(0 votes)
There is no translation available.

 

Լավ բժիշկ լինելուց առաջ պետք է լավ մարդ լինել

Էնդոկրինոլոգիան (ներզատաբանություն) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիական եւ ախտաբանական վիճակները, հորմոնալ տեղաշարժերը, նրանց պատճառով առաջացած հիվանդություններն ու բուժումը: Հորմոնների ավելորդ կամ սակավ քանակները, ինչպես նաեւ նրանց հանդեպ օրգանիզմի զգայնության փոփոխություններն առաջ են բերում ծանր հիվանդություններ: Էնդոկրինոլոգիական հիվանդությունները քրոնիկական հիվանդություններ են, որոնք ազդում են կյանքի որակի վրա, եւ հիվանդները մշտական հսկողության կարիք ունեն:

Որոշ հիվանդություններ պահանջում են ապրելակերպի փոփոխություններ եւ բժշկական հսկողություն` սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնման ու դեղորայքային առումով: Այդ հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է, որը քրոնիկական է եւ առաջանում է ինսուլինի հարաբերական կամ բացարձակ անբավարարության դեպքում:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի  Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանը:Նա բավականին հմայիչ կին է, հաճելի զրուցակից, իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ մասնագիտական բարձր որակների համար վայելում հիվանդների վստահությունը, իսկ դա ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը:

 -Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է ինսուլինի հարաբերական կամ լրիվ անբավարարության հետեւանքով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով`բետա բջիջների զգալի կամ ամբողջովին ինսուլին չարտադրելով: Այս հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Այն առաջանում է ճարպակալման ֆոնից ելնելով, անընդհատ նստակյաց աշխատանքի, սխալ սննդակարգի հետեւանքով: Բնականաբար, իր դերն է խաղում նաեւ ժառանգական գործոնը: Առանձնացվում են հիվանդության երկու տիպ. առաջին տիպը կազմում է շաքարի դիաբետով հիվանդների մոտ 30%-ը, հիվանդությունը սկսում է շատ արագ քաշի նվազումով, ծարավի, քաղցի զգացումով, հաճախամիզությամբ: Դա ինսուլինակախյալ դիաբետն է, որը գրանցվում է մինչեւ 30 տարեկան երիտասարդների մոտ: Իսկ երկրորդ տիպի շաքարային դիաբետը հանդիպում է 30-ն անց մարդկանց մոտ, այն սկսում է զգացվել աստիճանաբար, հնարավոր է` արտահայտվի մեկ այլ սրացած հիվանդության ժամանակ:

-Շաքարային դիաբետը կարո՞ղ ենք համարել դատավճիռ:

-Ոչ, չեմ համարում դատավճիռ, համարում եմ ապրելակերպ, քանի որ  ճիշտ հսկողության պայմաններում, ակտիվ ապրելակերպի եւ ճիշտ սննդակարգի դեպքում կարելի է կանխարգելել երկրորդային բարդությունները:

-Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրը, շատերի կարծիքով, ավելի շատ հիմա տարածված է կանանց շրջանում: Իրո՞ք այդպես է:  

-Այդ խնդիրն առկա է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում: Տարածվածության պատճառը մեր` ծովի մակարդակից բավականին բարձր գտնվելն է: Մենք համարվում ենք էպիդեմիկ գոտի: Այո, ճիշտ են նկատել, որ կանանց մոտ ավելի շատ են տարածված վահանաձեւ գեղձի խնդիրները, ցավոք, նաեւ շատ երիտասարդ տղաների ու աղջիկների մոտ է դա նկատվում:

-Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումը կարո՞ղ է հանգեցնել գիրացման:

-Իհարկե: Եթե առկա է ֆունկցիայի իջեցումը կամ բարձրացումը, պարտադիր գիրացում է նկատվում: Եվ այդ դեպքում հիվանդը փոխարինող թերապիա է ստանում:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:

-Լավ պատրաստված, շատ խելացի երիտասարդներ ունենք: Եվ, բնականաբար, կարող եմ ասել, որ մենք բոլորս կլինենք ապահով ձեռքերում:

-Ընտրել եք շատ պատասխանատու եւ ռիսկային աշխատանք, ինչպե՞ս եղավ ընտրությունը:

-Ես բժիշկների ընտանիքում եմ մեծացել: Հայրս այս մասնագիտացման բժիշկ է, եւ սերը  մասնագիտության հանդեպ հենց նա է իմ մեջ սերմանել: Եվ, երեւի թե, ես փոքր տարիքից գիտեի, որ դառնալու եմ բժիշկ, ու հենց այս ոլորտում էի ինձ պատկերացնում: Եվ, ամենակարեւորը, սիրում եմ իմ մասնագիտությունը, անկախ դժվարություններից:

-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:

-Իմ հայրիկին, որն իմ մեջ այդ սերն է սերմանել, եւ ես աշխատել եմ ու կշարունակեմ աշխատել հենց նրա ոճով: Որքան էլ շարժվում ենք առաջ, միեւնույն է, բուժման մոտեցումը նույնն է:

-Մասնագիտական ասոցիացիաներն ընդհանրապես ի՞նչ են տալիս:

-Ես ինքս ասոցիացիա ունեմ, որը ստեղծվել է 2017 թվականին: Այն հնարավորություն  է տալիս նոր տեղեկատվություն ստանալ, մասնագետների հրավիրել, փորձի փոխանակում կատարել, գիտելիքներ ստանալ:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ընտրած ուղին: Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Մեզ մոտ կարծես դա ժառանգաբար է անցնում, աղջիկս էլ շարունակելու է իմ գործը, եւ ես կնպաստեմ դրան, որպեսզի նա դառնա լավագույններից լավագույնն իր ընտրության մեջ:

-Ի՞նչ հորդոր եւ մաղթանք ունեք մեր հասարակությունը:

-Դժբախտաբար, մեր հասարակությունը չի սիրում իրեն հետեւել եւ առողջության հետ կապված խնդիրները գցում է ետին պլան: Իսկ, երբ կորցնում են առողջությունը, նոր միայն հասկանում են, թե ինչ թանկ, անփոխարինելի բան են կորցրել: Ամենաթանկ բանն այս աշխարհում առողջությունն է: Եվ պատահական չի ասված` առողջ մարմնում առողջ հոգի: Երբ դու առողջ ես, ուզում ես սարեր շուռ տալ: Իսկ եթե առողջ չես, սկսում ես քեզ ավելորդ համարել: Եթե ուզում ես պիտանի մարդ լինել հասարակության համար, պիտի առողջ լինես: Ես հորդորում եմ հետեւել, հսկել առողջությանը, մի քիչ ավելի ուշադիր լինել եւ հաճախակի դիմել առաջին օղակ` պոլիկլինիկա:

-Ամեն դեպքում հասարակությունը վատ կարծիք ունի առաջին օղակի մասին, դրան չի վստահում: Դա ինչո՞վ է պայմանավորված:

-Նախ, բժիշկները պետք է վերապատրաստվեն, պետք է կարողանան առաջին հերթին լսել հիվանդին, ճիշտ օգնություն ցույց տալ: Իհարկե, պոլիկլինիկաների բժիշկներ էլ կան, որոնք շատ հիվանդներ ունեն, լավ մասնագետ են: Այսինքն`ես դա չէի ընդհանրացնի: Իսկ շատ քիչ հիվանդ կամ ընդհանրապես հիվանդ չունենալը, առաջին հերթին, վկայում է մարդկային որակների մասին: Բժշկի մասնագիտությունը շատ նուրբ մասնագիտություն է, եւ լավ բժիշկ լինելուց առաջ պետք է լավ մարդ լինել:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր