Մուշեղ Միրիջանյան

(0 votes)
There is no translation available.

Ինձ համար ամենամեծ պարգեւը հիվանդի առողջացումն է

Ծնողների պատգամներն են ամբողջ կյանքում ուղեկցել նրան, որոնք, նրա կարծիքով, պակաս կարեւոր չեն բժշկի մասնագիտության համար: Լավ բժիշկ լինելու համար, նախեւառաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից:             

Ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն ունի հիվանդի հետ շփումը, որի միջոցով նա պետք է կարողանա վստահու­թյուն առա­ջաց­նել հի­վան­դի մոտ: Իսկ եթե հի­վան­դը վս­տա­հեց բժշ­կին, դա կն­պաս­տի բուժ­ման ըն­թաց­քին: Հա­կա­ռակ դեպ­քում ար­դյուն­քը սպաս­վա­ծից կա­րող է շատ ավե­լի վատ լի­նել:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ (ընդհանուր), Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մուշեղ Միրիջանյանը։ Նրա նվիրված աշխատանքը տարիների ընթացքում գնահատվել է բազմաթիվ պարգեւների տեսքով:  Իսկ դա եւ՛ հաճելի է, եւ՛ պարտավորեցնող: Իսկ ընդհանրապես նրա համար մեծագույն պարգեւը հիվանդի շնորհակալությունն է, երբ նրան տեսնում է առողջ եւ երջանիկ:

-Պարո՛ն Միրիջանյան, բավականին բարդ եւ պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, կխնդրեի ներկայացնեք` ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց վիրաբույժի մասնագիտությունը:

-Բժշկության ուղին ընտրել եմ 5-րդ դասարանից, երբ պապիկիս շագանակագեղձի ադենոման վիրահատել էին, եւ վիրահատությունից հետո նա մահացավ: Ցանկությունս մեծ էր, որ պետք է դառնամ բժիշկ-ուռուցքաբան, եւ ես բժշկական ինստիտուտի 2-րդ կուրսից եղել եմ ուռուցքաբանության բաժանմունքում, «Արմենիա»  բժշկական կենտրոնի (նախկինում` «Հանրապետական») բաժանմունքի ղեկավարը կին էր, բարձր մակարդակի ուռուցքաբան, իսկ կլինիկայի ղեկավարը Ավետ Միդոյանն էր: 2-րդ կուրսից սկսած`այնտեղ կատարել եմ անհավանական ամեն մի աշխատանք, որպեսզի կարողանամ վիրահատություններին մասնակից լինել, ամեն կերպ խորանալ մասնագիտության մեջ: Երբ արդեն 6-րդ կուրսում էի, որպես նեղ մասնագիտացում դիմել էի վիրաբուժության բաժնի համար, ինձ չմերժեցին, բայց ամբողջ օրը կրկին ուռուցքաբանության բաժանմունքում էի: Երբ արդեն պետք է նշանակեին ինտերնատուրա, Ավետ Միդոյանը մերժեց, որն ինձ համար շատ ցավալի էր եւ տհաճ անակնկալ: Համարյա թե գիտական թեկնածուի նյութեր էի հավաքել, կարմիր դիպլոմ էի ստացել… Չցանկացա հակադրվել Միդոյանի հետ եւ գործերս տվեցի վիրաբուժության բաժին: Կլինիկական օրդինատուրա 1979-1981 թթ. անցել եմ (եւ իմ բախտը այդ հարցում բերել է) «Աստղիկ»  (նախկինում` «Մալաթիա») բժշկական կենտրոնում, որի ղեկավարն էր Հայաստանի լավագույն վիրաբույժներից  Հարություն Իվանիչը, իսկ բաժանմունքի վարիչը Ռաֆայել Թադեոսի Մելիքյանն էր` կրկին լավագույն մասնագետ իր բնագավառում, բարձր մակարդակի մարդ: Եվ հենց նրանց օգնությամբ տիրապետեցի վիրաբուժության յուրաքանչյուր մանրուքին: Վիրաբույժ լինելն իմ ցանկությունն էր դեռ մանուկ հասակից, որն իրականություն դարձավ արդեն երիտասարդ տարիքում: Այսօր հաստատ կարող եմ ասել, որ չեմ զղջում այս պատասխանատու եւ բարդ մասնագիտությունն ընտրելու համար:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ կարծիքի եք մեր ապագա բժշկության մասին:

- 2001-2010թթ. եղել եմ բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի դեկան ու, այդ տարիներին շփվելով երիտասարդ կադրերի եւ ուսանողների հետ, կասեմ, որ առաջադեմ, նպատակասլաց, ընկալունակ երիտասարդներ ունենք, եւ շատ հեշտ է աշխատել նրանց հետ: Բայց, որպեսզի մեր ապագա բժշկությունն ունենա բարձր որակ, նրան պետք է «տիրություն» անել, կառավարության մակարդակով վերահսկել: Օրինակ, խորհրդային տարիներին հետեւում էին բժիշկների անցած ուղուն, հետաքրքրվում, թե ինչ փուլերով են նրանք անցնում, աշխատո՞ւմ են, թե ոչ: Չգիտեմ` այսօր նման բան իրականացվո՞ւմ է, թե ոչ: Իմ ուսանողներից շատերը աշխատելու նպատակով գնացել են Գերմանիա, եւ, եթե այս տեմպերը շարունակվեն, մենք բժշկություն չենք ունենա:

Ամեն դեպքում երիտասարդ վիրաբույժներին պատգամում եմ` նախեւառաջ լինեն նվիրված իրենց մասնագիտությանը եւ ազնիվ` հիվանդի հետ: Բժիշկը պետք է մշտապես կատարելագործի գիտելիքները եւ կուտակած մասնագիտական փորձն օգտագործի հանուն իր հիվանդի ապաքինման: Ի դեպ, մի ժամանակ, չգիտեմ ինչու, բոլորը ձգտում էին ռադիոլոգիական մասնագիտությանը` ճառագայթաբանությանը, եւ վախ կար, որ վիրաբուժությունը կադրերի պակաս կունենա: Բայց ուրախալի փաստ է, որ այսօր նույնիսկ աղջիկներն են ընտրում վիրաբուժությունը: Ինչքան երիտասարդ կադրերով համալրվի ոլորտը, այնքան ավելի զարգացում կապրի:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         --Ընդունված ավանդույթ, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Մեծ տղաս ընտրեց բժշկական ոլորտը, բայց դարձավ առողջապահության կազմակերպիչ, փոքր տղաս ինքը չէր կողմնորոշվում, մենք միջամտեցինք մասնագիտության ընտրության հարցում, էքստեռն ավարտեց, եւ այսօր այդ սխալ որոշման պտուղներն ենք քաղում այն տեսանկյունից, որ նա բժիշկ չի աշխատում: Ընդհանրապես ամեն ոք պետք է ընտրի իր մասնագիտական ճիշտ ուղին, որպեսզի հետագայում չզղջա արածների կամ չարածների համար:

- Պարոն Միրիջանյան, ի՞նչ կարծիքի եք բժիշկների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին:

-Անկեղծ կլինեմ` շատ վատ: Ես կրկին համեմատական կանցկացնեմ Խորհրդային Միության տարիների հետ: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, բժշկի հանդեպ վերաբերմունքն ամբողջովին փոխվեց, հարգանքը վերացավ: Երբ 25 տարեկանում աշխատում էի շրջանում, ինձ շատ էին հարգում, բայց այսօր, երբ արդեն պրոֆեսոր եմ, այդ հարգանքը չեմ տեսնում: Բայց չէ՞ որ մենք գործ ունենք ամենակարեւր բանի` մարդկային կյանքի հետ:

-Կհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին, ի՞նչ զգացողություն եք վերապրում մինչ օրս:

-Այսօրվա պես հիշում եմ. հոկտեմբեր ամիսն էր, երբ Հարություն Իվանիչը ինձ վստահեց առաջին վիրահատությունը: Ինձ վստահեց, բայց ինքն էլ հետեւեց իմ աշխատանքին: Ես էլ  այդ սկզբունքով եմ առաջնորդվում մինչ օրս:

-Իսկ  որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Հասարակությանը կմաղթեմ միմիայն առողջություն, հիվանդանան հնարավորիս քիչ, ոչ միայն մարմնով, այլ նաեւ հոգով առողջ լինեն, գնահատեն բժիշկներին, ընդհանրապես բոլոր բուժաշխատողներին: Իսկ բժշիկներին կցանկանամ` մնան իրենց բարձրության վրա, թույլ չտան, որ իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխվի դեպի վատը: Ես իրականում միշտ ձգտել եմ ամեն ինչ անել այնպես, որ հիվանդը ինձանից գոհ հեռանա: Ինձ համար ամենամեծ պարգեւը հիվանդի առողջացումն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր