Կարեն Համբարձումյան

(0 votes)
There is no translation available.

Լուծվող ստենտերի պարագայում թրոմբոզի առաջացման ռիսկը զրոյական է

Սրտի իշեմիկ հիվանդությունը բավականին լայն տարածում ունի մեր ազգաբնակչության շրջանում: Դա այն հիվանդություններից է, որի բուժման ուշացումը կամ սխալ ընթացքը կարող է մարդու կյանքի համար լրջագույն վտանգ ներկայացնել։

"Բեսթ լայֆ" սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասնագիտացված բժշկական կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն, կենտրոնի հիվանդների գրեթե 30 տոկոսը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ։ Կենտրոնը, հավատարիմ մնալով "ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել" կարգախոսին, անընդհատ կատարելագործում է իր դիագնոստիկ հնարավորությունները՝ նպատակ ունենալով առավել վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը։ Սրտի իշեմիկ հիվանդության առանձնահատկություններին և բուժմանը վերաբերող նրբություններին ծանոթանալու համար http://bestgroup.am/  կայքի լրագրող զրուցեց "Բեսթ լայֆ" բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի հետ։

- Պարոն Համբարձումյան, ի՞նչ է իրենից ներկայացնում սրտի իշեմիկ հիվանդությունը և որո՞նք են դրա առաջացման պատճառները։

- Սրտի իշեմիկ հիվանդությունը կամ, ժողովրդի լեզվով ասած, սրտի քաղցի հիվանդությունը, սրտի՝ թթվածնի պահանջարկի և առաջարկի միջև առաջացած դիսբալանսն է։ Սիրտը կատարում է պոմպի ֆունկցիա՝ կծկվում է, արյուն է մղում, այդ թվում սնուցում ապահովելով մյուս օրգան համակարգերին։ Սրտի անխափան աշխատանքն ապահովում են կորոնար կամ պսակաձև անոթները, որոնք սրտին արյուն են մատակարարում, սնուցում են սիրտը, որպեսզի այն կարողանա կատարել իր պոմպային ֆունկցիան։ Սրտի իշեմիկ հիվանդություն են անվանում այն վիճակը, երբ ինչ-որ պատճառներով կորոնար արյունահոսքը խանգարվում է, արյան քանակը նվազում է, և սիրտը ստանում է թթվածնի քիչ քանակություն։ Մոտավորապես 90 տոկոս դեպքերում դրա հիմնական պատճառը աթերոսկլերոզն ու աթերոթրոմբոզն են հանդիսանում։ Կորոնար անոթների լուսանցքի նեղացումը մի շարք պատճառներ ունի, որոնց մեջ առանձնացվում են փոփոխության ենթարկվող և չենթարկվող (որոնք անհնար է փոփոխության ենթարկել) պատճառները։ Փոփոխության չենթարկվող պատճառներից մեկը սեռն է՝ սրտի իշեմիկ հիվանդությունն ավելի տարածված է տղամարդկանց մոտ, քան կանանց։ Մյուս պատճառներն են՝ տարիքը, գենետիկան, ժառանգականությունը։ Եվ կան մի շարք փոփոխության ենթարկվող պատճառներ՝ արյան մեջ խոլեսթերինի բարձր քանակը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, հիպոդինամիան, ծխելը, խմելը։ Այսինքն, ծխելը պետք է դադարեցվի, խմիչքը պետք է սահմանափակվի կամ վերացվի, զարկերակային ճնշումը վերահսկվի, շաքարային դիաբետով հիվանդի մոտ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ իջեցվի, ավելորդ քաշ ունեցողների քաշը կարգավորվի ։

- Որո՞նք են սրտի իշեմիկ հիվանդության բուժման մեթոդները։

- Ընդհանրապես գոյություն ունի սրտի իշեմիկ հիվանդության բուժման երեք տարբերակ։ Առաջինը դա դեղորայքային բուժումն է։ Մեր կլինիկայում բուժվող հիվանդների 50 տոկոսը միայն դեղորայքային բուժում է ստանում։ Մենք դեղորայքով կարգավորում ենք արյան ագրեգացիոն համակարգը, խոլեսթերինի մակարդակը, զարկերակային գերճնշումը, դիաբետը, այլ գործոնները և հիվանդների մոտ բավականին երկար ժամանակ դրական արդյունք է գրանցվում։ Անգամ կորոնարոգրաֆիայով փաստված՝ 30-50 տոկոսով ախտահարված անոթներ ունեցող հիվանդներ ունենք, որոնք միայն դեղորայքային բուժում են ստանում, ինչի շնորհիվ կարողանում ենք բավականին դանդաղեցնել հիվանդության ընթացքը։

Իշեմիկ հիվանդության բուժման երկրորդ տարբերակը կորոնար անոթների ստենտավորումն է, դա արվում է, երբ ունենում ենք կարևոր կենտրոնական կորոնար անոթների հեմոդինամիկ նշանակալի ախտահարում։

Բուժման երրորդ տարբերակը աորտոկորոնար շունտավորումն է կամ, ժողովրդի լեզվով ասած, բաց վիրահատությունը։

- Ձևավորված կարծրատիպ կա, որ սրտի գանգատով դիմելու պարագայում, անկախ նրանից անհրաժեշտ է, թե ոչ, միջամտություն է կատարվում՝ զոնդավորում կամ ստենտավորում։ Կա՞ նման մոտեցում։

- Ցավոք, այո, բայց ի ուրախություն մեր կենտրոնի այդ կարծրատիպը քիչ-քիչ կոտրվում է։ Մեզ մոտ որակը կախված է մաքուր կորոնարոգրաֆիաների արդյունքից, այսինքն մենք հենց այնպես չենք տանում հիվանդին կորոնարոգրաֆիայի։ Կորոնարոգրաֆիան համարվում է սրիտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման ոսկե ստանդարտը, այդ գործողության արդյունքում է հաստատվում մարդն ունի այդ հիվանդությունը, թե ոչ։ Բայց մինչ դա կան որոշակի հետազոտություններ՝ արյան մեջ խոլեսթերինի քանակի որոշում, էլեկտրասրտագրություն, ծանրաբերռնվածության թեստեր, սթրեսէխոսրտագրություն կամ թրեդմիլ թեստ։ Այս հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրելով, ինչպես նաև ելնելով բժշկի պրոֆեսիոնալիզմից՝ քչանում է այն հիվանդների քանակը, որոնց առաջարկվում է կորոնարոգրաֆիա։ Սրտի իշեմիկ հիվանդության կասկածով մեզ դիմող հիվանդներից մոտավորապես 30 տոկոսն անցնում են այս հետազոտությունները հիվանդության աստիճանը որոշելու համար, որոնցից 10 տոկոսի մոտ հիվանդության ժխտում է գրանցվում։ Սա խոսում է բուժհաստատության բարձր որակի, բուժանձնակազմի մասնագիտական բարձր գիտելիքների և ախտորոշման բարձրակարգ սարքավորումների մասին։ Ի հավելումն մեր կենտրոնի առավելությունների նշեմ, որ մենք միակն ենք Հայաստանում, որ ունենք հատուկ լուծվող ստենտեր։ Դրանք հատուկ մագնեզիումի սուլֆատից պատրաստված առանց մետաղական հենքի ստենտեր են, որոնք մեկ տարվա ընթացքում քիմիական ռեակցիաների միջոցով լուծվում են։

- Եթե քայքայվում է, վտանգ չկա՞, որ եղած խնդիրը կարող է կրկնվել։

- Ստենտն ունի հիշողություն, մեկ տարվա ընթացքում պահպանում է անոթի վազոմոտոր ֆունկցիան։ Մետաղական ստենտերի դեպքում անոթի այդ հատվածի ֆունկցիան վնասվում է, քանի որ անոթը էլաստիկ օրգան է և դիաստոլայի և սիստոլայի ժամանակ կծկվում, թուլանում է։ Լուծվող ստենտերի ժամանակ դա պահպանվում է, ինչպես նաև վերանում է թրոմբոզի ռիսկը։ Եթե մետաղական ստենտի ժամանակ թրոմբոզի առաջացման ռիսկը  7-8 տոկոս է, ապա լուծվողի դեպքում 0 տոկոս է, դա են փաստում բոլոր հետազոտությունները։ Առավելություններից մեկն էլ այն է, որ եթե հիվանդի մոտ բաց վիրահատության կամ շունտավորման անհրաժեշտություն առաջանա, ապա այդ հատվածներում հնարավոր է լինում շունտ կարել, այսինքն բերանակցել աուտոերակը կամ զարկերակը, ինչը մետաղական ստենտի պարագայում հնարավոր չէ։

- Դուք ասացիք, որ միակն եք Հայաստանում։ Դա ինչո՞վ է պայմանավորված, գոյություն ունե՞ն որոշակի պահանջներ կամ չափանիշներ, որոնց համապատասխանելը պարտադիր է։

- Այո, իհարկե։ Ընդհանրապես ստենտ վաճառող ընկերությունները վաճառում են իրենց արտադրանքը բոլոր այն հիվանդանոցներին, որոնք ցանկանում են գնել։ Բայց լուծվող ստենտերի պարագայում այդպես չէ։ Մենք համագործակցում ենք գերմանական "Բիոտրոնիկ" ընկերության հետ։ Լուծվող ստենտը գնելու և դրանով աշխատելու համար տվյալ բժշկական կենտրոնի բժիշկը պետք է հատուկ որակավորում անցնի և հավաստագիր ստանա, որ տիրապետում է այդ գործին։ "Բեստ լայֆ" բժշկական կենտրոնից ես եմ անցել այդ որակավորումը։ Այս տարվա հունվարից ենք ներկրում այս լուծվող ստենտերը և մեկ տարվա ընթացքում արդեն յոթ հիվանդի ստենտավորել ենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլորն էլ հսկողության տակ են և հրաշալի արդյունքներ են գրանցում։

- Պարոն Համբարձումյան, այս տարվա գարնանը բոլորիս կյանքը փոխեց COVID-19 հիվանդությունը, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորումներ է ունենում, ձեր ոլորտում որևէ կերպ զգացվո՞ւմ է այդ հիվանդության ազդեցությունը։   

- Շատ կարևոր հարց տվեցիք։ COVID-19-ի պարագայում շատ են փոխվել սրտի իշեմիկ հիվանդության դրսևորումները, թրոմբոէմբոլիկ բարդությունները բավականին շատացել են։ Ինչպես ասացի իշեմիկ հիվանդության պատճառն աթերոթրոմբոզն է՝ անոթը նեղանում է, վրան թրոմբ է առաջանում և փակում է անոթը։ Կորոնավիրուսի պայմաններում թրոմբոզի մեծ հավանականություն կա։ Ունենք շատ հիվանդներ, որոնք գալիս են արդեն անոթներում ձևավորված մեծ թրոմբով։ Դրանից ելնելով, մենք մեր բուժման մարտավարությունը փոխել ենք։ Ժողովրդին հայտնի տարբեր տեսակի դեղորայքներ կան, օրինակ Պլավիքսը։ Այսօր անգամ այս տարածված դեղամիջոցի պարագայում մենք ունենում ենք թրոմբոզներ։ Այդ պատճառով մենք անցել ենք նոր սերնդի հակաագրեգանտ տեսակի դեղորայքի։ Եվ COVID-19-ի պայմաններում գրեթե մեր բոլոր հիվանդներին, եթե կա ինֆարկտ, եթե կա թրոմբի կասկած, անպայման դա ենք նշանակում և դուրս գրում, քանի որ դրա ազդեցության հետևանքով անհամեմատ ավելի քիչ են թրոմբոէմբոլիկ բարդությունները, քան Պլավիքսի դեպքում։

Ավելի լավ պատկերացնելու համար մեկ օրինակ բերեմ։ Ես ինտերվենցիոնալ սրտաբանությունում մոտավորապես 12 տարվա փորձ ունեմ։ Այս ընթացքում կատարել և մասնակցել եմ գրեթե 5000 հիվանդի ստենտավորմանը կամ անգիոպլաստիկայի, այդ ընթացքում գրանցվել է թրոմբոէմբոլիկ բարդությունների ընդամենը 20 դեպք, իսկ այս մեկ-մեկուկես ամսվա մեջ ականատես եղա 10 դեպքի։

- Ինչպիսի՞ նշանների, ցավերի դեպքում է պետք զգուշանալ և դիմել սրտաբանին, քանի որ շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, որ ցավը սրտից է և ուշացնում են բժշկին դիմելը։

- Ցավոք այո։ Եթե չեմ սխալվում 15 տարուց ավելի է ինչ այս ինտերվենցիոնալ սրտաբանությունը կամ ստենտավորումը կիրառվում է Հայաստանում, բայց անգամ այս ժամանակակից բժշկության պայմաններում շատ ենք ունենում ուշացած դեպքեր, երբ մարդը գալիս է արդեն օրերով սրտի իշեմիկ հիվանդության պատկերով, անգամ ինֆարկտ տարած, բայց մինչ մեզ մոտ գալը դիմել է գաստրոէնտերոլոգին, նյարդաբանին, իսկ այդ ընթացքում բավականին խորացել և բարդացել է նրա վիճակը։ "Բեստ լայֆ" բժշկական կենտրոնը կատարում է լուսավորչական աշխատանքներ, մենք պարբերաբար այցելում ենք մարզեր, մարզային հիվանդանոցներ, մեր կոլեգաների հետ տարբեր կոնֆերանսներ ենք կազմակերպում, որպեսզի միասին լուսաբանենք մեր բնակչությանը։

Գոյություն ունի սրտի իշեմիկ հիվանդության տիպիկ և ատիպիկ գանգատ։ Տիպիկի ժամանակ առաջանում է սեղմող, ճնշող բնույթի ցավ, որը տարածվում է դեպի երկու ուսը և ստորին ծնոտը։ Բայց միշտ չէ, որ այդպես է։ Ունենք հիվանդներ, որ նշում են նաև այլ ախտանիշեր։

Ընդհանրապես, եթե մարդը գտնվում է ռիսկի խմբում, երեսուն հինգ տարեկանից բարձր է (հատկապես, եթե տղամարդ է), ապա կրծքավանդակում առաջացած ցանկացած անհարմարավետության դեպքում՝ սեղմոց, այրոց, կոկորդում խեղդոցի զգացում, ծակոց, պետք է առաջին հերթին սրտաբանին դիմի։

- Ո՞վքեր կարող են պետպատվերի շրջանակում օգտվել անվճար բուժսպասարկումից։

- Բնակչության բավականին մեծ շրջանակ՝ հաշմանդամության կարգ ունեցողները (1-ին, 2-րդ, 3-րդ կարգ), սոցիալապես անապահով շերտը, պատերազմին մասնակցած զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, զինծառայող հաշմանդամները, սոցփաթեթի շահառուները։ Մեր կենտրոնում բուժվող հիվանդների գրեթե 60 տոկոսի բուժումը անվճար հիմունքներով է կատարվում և ոչ միայն հետազոտությունները, այլև բարդ վիրահատությունները, ստենտավորումները և փականների տեղադրումը։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր