ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Պետք է գիտակցենք, որ քրիստոնյա ենք ոչ թե զուտ անունով, այլ մեր ապրած կյանքով, մեր ազգի ճակատագիրը միասնական կերտելու դեգերումներով  

Վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների թիվը գնալով ավելացել է, եւ սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: Մեր սրտաբանների ջանքերի շնորհիվ սրտաբանությունը, որը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մեր երկրում վերջին տարիներին  զարգացում է ապրել, մոտեցել միջազգային մակարդակի՝ արձանագրելով սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով: ճապոնական «ԱՍԱԻ» ընկերության հովանու ներքո ստեղծված «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնը համարվում է լավագույններից մեկը Հայաստանում թե՛ իր ապրանքատեսականիով, թե՛ իր լավագույն հավելյալ պարագաներով, իսկ գների իջեցումը երբեք չի ազդում ծառայությունների որակի վրա: Կենտրոնը միակն է, որն աշխատում է աշխարհում լավագույնը համարվող գերմանական «Բիոտրոնիկ» ընկերության ստենտներով:Կենտրոնի բժիշկների  բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է, որ պացիենտների այցելությունների թիվը կլինիկայում եռակի, քառակի ավելացել է, գրանցվել են հիվանդների մահվան նվազագույն դեպքեր, հիվանդությունների կրկնման՝ նվազագույն  ցուցանիշ: Սա իրական վիճակագրություն է:

 http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Չնայած երիտասարդ տարիքին՝ մեծ հեղինակություն վայելող բժիշկն իր գործի գիտակն է, բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել եւ շարունակելու է փրկել: Վստահ ենք, որ նա ոչ միայն կշարունակի բազմաթիվ մարդկանց առողջ սիրտ պարգեւել, այլեւ կենտրոնին նոր շունչ կհաղորդի:  

-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ է իրենից ներկայացնում ինտերվենցիոն սրտաբանությունը:

-Ինտերվենցիոն սրտաբանությունը բժշկության մի ճյուղ է, որի միջոցով կատարվում է սրտի իշեմիկ հիվանդության վիրահատական բուժում: Հիվանդությունն այլ կերպ կոչվում է նաեւ սրտամկանի քաղցի հիվանդություն, երբ սիրտը սնող պսակաձեւ զարկերակների լուսանցքները նեղանում են աթերոսկլերոզով, եւ ինտերվենցիոն սրտաբանությունը (թարգմանաբար` միջամտական սրտաբանությունը), բացի թերապիայից` դեղորայքային բուժումից, ենթադրում է փոքր ինվազիվ միջամտություն` սիրտը սնող կորոնալ զարկերակների ստենտավորում:

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ, մասնագիտության ընտրության հարցում եղե՞լ են ուղղորդողներ:

-Մեր արմատներում բժիշկներ չեն եղել, ծնվել եմ ինժեների եւ մանկավարժի ընտանիքում: Առաջինը բժշկության ուղին ընտրել է ավագ եղբայրս` Կարեն Համբարձումյանը, ով ստանձնել է մեր «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի պաշտոնը: Միջնեկ եղբայրս նույնպես բժիշկ է, բայց ընտրել է մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացումը, ու, կարծես թե, ինքնըստինքյան ստացվեց իմ ընտրությունը, եւ ես այդ որոշման հարցում երբեւէ չեմ երկմտել:

-Ուսուցիչ ո՞ւմ կարող եք համարել:

-Ես անցել եմ բավականին վերապատրաստումներ արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում՝ աշխարհահռչակ բժիշկ, ինվազիվ սրտաբան Պոլ Բարագանի մոտ, ում կարող եմ իմ ուսուցիչը համարել նեղ մասնագիտացման առումով: Սրտաբանության ինստիտուտում օրդինատուրայի տարիներին էլ ուսանել եմ պրոֆեսոր Սվետլանա Վիկտորովնայի մոտ: Իսկ ընդհանրապես իմ մասնագիտացման մեջ, ինչու ոչ, նաեւ կյանքում մեծ ներդրում ունի ավագ եղբայրս՝ Կարեն Համբարձումյանը, ում էլ համարում եմ իմ ուսուցիչը:

-Հիմնականում ո՞ր հիվանդներն են ձեզ դիմում:

-Մեզ դիմում են սրտային անբավարարության զգացումով պացիենտները, կրծքավանդակում ցավային սինդրոմ ունեցողները, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողները, բարձր ճնշում, սրտի ռիթմի խանգարումներ ունեցողները: Այսինքն՝ բավականին շատ են  դիմողները, քանի որ սրտի հիվանդություններն ամենատարբեր դրսեւորումներով են հանդես գալիս:

-Խոսենք սրտի արատների մասին:

-Նշեմ, որ գոյություն ունեն սրտի բնածին ու ձեռքբերովի արատներ: Բնածին արատները մանկահասակ տարիքում հայտնաբերվող եւ բուժվող են, իսկ մենք կոնկրետ զբաղվում ենք ձեռքերովի արատներով, երբ ինֆարկտների կամ տարբեր վնասակար նյութերի ազդեցությունների հետեւանքով ի հայտ են գալիս սրտի փականային հիվանդություններ, որոնք կոչվում են սրտի ձեռքբերովի փականային հիվանդություններ: Ինչպես նշեցի, մենք զբաղվում ենք դրանց դեղորայքային եւ վիրահատական բուժումներով:

-Հայ հասարակության մեջ ընդունված է այն մտածելակերպը, որ, երբ դանակը հասնում է ոսկորին, նոր են դիմում բժշկի օգնությանը:

-Ցավոք սրտի, այդ մտածելակերպն առկա է մեր հայ հասարակության մեջ, ինչը շատ մտահոգիչ է:Համեմատելու համար ասեմ, որ, երբ Ֆրանսիայում էի աշխատում, մեկ ամսվա կտրվածքով միլիոնանոց քաղաքում լինում էր սրտամկանի ինֆարկտի 8-10 դեպք, իսկ մեզ մոտ բավականին մեծ են այդ թվերը: Հայաստանում սովորաբար շատ են սիրում ինքնաբուժությամբ զբաղվել, դիմում են բոլորի, բայց ոչ բժշկի օգնությանը: Պատճառը բուժման թանկ լինելը չէ (դրսում ավելի թանկ հաճույք է բժշկին դիմելը), այլ զուտ հոգեբանական մոտեցման խնդիր գոյություն ունի, եւ այդ ուղղությամբ տանում ենք լայնածավալ աշխատանքներ թե՛ մեր հաղորդումների միջոցով, թե՛ հիվանդների հետ մասնավոր զրույցների ընթացքում:

-Կվերհիշե՞ք Ձեր առաջին վիրահատությունը եւ դրանից բխող տպավորությունները:

-Առաջին վիրահատությունն ինձ համար բավականին տպավորիչ էր, այն կատարել եմ օրդինատուրայում ուսանելու վերջին կուրսում, երբ աշխատում էի Գորիսի սրտաբանական հիվանդանոցում: Մեր ղեկավարը հարգելի պատճառով այդ պահին հիվանդանոցում չէր գտնվում, իսկ մենք ընդունել էինք սրտամկանի ստորին պատի սուր ինֆարկտով հիվանդի, որի դեպքում խիստ ցուցում է տրված ստենտավորման համար: Ու ես պետք է անհապաղ որոշում կայացնեի: Փառք Աստծո, կատարեցի այդ միջամտությունը, որը բավականին բարեհաջող ընթացք եւ ավարտ ունեցավ: Ու մինչ օրս այդ պացինետի հետ պահպանում եմ կապը, իրականացնում այցելություններ, ստուգումներ:

-Կնշե՞ք սրտի իշեմիկ հիվանդության առաջին նախանշանները:

-Սրտի իշեմիկ հիվանդության առաջին նախանշաններից է հետկրծոսկրային սեղմող բնույթի ցավը, որն առաջանում է հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ընդ որում, ճնշվածության զգացումը լինում է հենց կրծքավանդակի մեջտեղում, այլ ոչ թե ձախ կողմում:  Այն կարող է ճառագայթվել դեպի կոկորդ, ձախ ձեռք, թիակ, իհարկե, կարող է զգացվել նաեւ ատիպիկ դրսեւորումներով, երբ  լինում է ձախ ձեռքի մատների թմրածության զգացում, ստամոքսի շրջանում՝ ցավեր, այն կոչվում է սրտի իշեմիկ հիվանդության գաստրալգիկ ձեւ: Կարող է ի հայտ գալ նաեւ ստորին ծնոտի ցավի տեսքով: Ամեն դեպքում մարդկանց խորհուրդ եմ տալիս հիվանդության ախտորոշումը սկսել ամենավտանգավորից, այսինքն` ճիշտը նախ սրտաբանին դիմելն է: Եվ միայն սրտի խնդիրները բացառելուց, հերքելուց հետո դիմել գաստրոէնտերոլոգի: Թող կոպիտ չհնչի, բայց սրտի խնդիրներից են մարդիկ ավելի հաճախ հանկարծամահ լինում, այլ ոչ թե, ասենք, ստամոքսի խնդիրներից: Իհարկե, շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ կարող են առաջանալ հեւոցներ, ու, քանի որ նրանց մոտ ցավային ռեցեպտորները վնասված են, տիպիկ դասագրքային ցավ չեն ունենում, նրանց մոտ դա ցավին համարժեք դրսեւորում է: Նպաստող գործոնները կարող ենք տարանջատել՝ մոդիֆիկացվող (փոփոխվող) կամ չմոդիֆիկացվող (չփոփոխվող): Չփոփոխվող գործոնները փոփոխման ենթակա չեն` սեռը, տարիքը, ժառանգականությունը: Տղամարդկանց մոտ դրանք ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ, իսկ տարիքային շեմն ավելի է երիտասարդացել, օրինակ, իմ պրակտիկայում վերջերս 27 տարեկան տղայի մոտ հայտնաբերվեց սրտամկանի ինֆարկտ: Փոփոխվող գործոններն են՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճարպալակումը, նստակյաց կյանքը, զարկերակային բարձր ճնշումը, վահանաձեւ գեղձի հիվանդությունը, շաքարային դիաբետը: Մեր նպատակը  հասարակության մեջ փոփոխման ենթակա գործոնների դեմ պայքար տանելն է, իսկ, ասենք, ժառանգականության դեմ պայքար տանել չենք կարող:

-Ի՞նչ մակարդակի վրա է սրտաբանությունը մեր երկրում:

-Փառք Աստծո, բավականին բարձր մակարդակի վրա է. դեռևս 90-ական թվականներից սկսած՝ կատարվում են միջամտական վիրահատություններ, որոնք օրեցօր ավելի կատարելագործվում են: Դրա վառ ապացույցը միջազգային համաժողովներում արտերկրի մեր գործընկերների դրական կարծիքն է մեր բժշկության մասին: Տնտեսապես ետ մնալով եվրոպական երկրներից՝ մեր երկրի սրտաբանությունը եվրոպական չափանիշներին համընթաց է քայլում:

-Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք ազգաբնակչությանը սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, իսկ առկայության դեպքում՝ բուժման ճիշտ մոտեցում ցուցաբերելու հարցում: Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը առողջ սիրտ ունենալու համար:

-Նախկինում իրավիճակը միանգամայն այլ էր. չկար համակարգված սրտաբանական հայեցակարգ, իսկ տիրող պահպանողականությունը զգալի խոչընդոտ էր Հայաստանում նորարարական միջամտական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին: Այսօր, բարեբախտաբար, իրավիճակն այլ է. ունենք սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ: Հորդորս եւ մաղթանքս այն կլինի, որ մատների արանքով չնայեն իրենց առողջությանը: Սիրտը մեր կյանքի շարժիչ ուժն է համարվում, ու, եթե անտեսում ենք այն, լավագույն դեպքում դա բերում է հաշմանդամության, վատագույն դեպքում հարյուրավոր, հազարավոր կյանքեր է խլում: Խորհուրդ կտամ փոխել կյանքի որակը, հոգեբանորեն հավասարակշիռ լինել, նախանձ ասվածը հանել մեր մենթալիտետից, միմյանց հանդեպ սիրով լցվել, դրական տրամադրվել, մեծացնել հավատն առ Աստված: Մենք պետք է գիտակցենք, որ քրիստոնյա ենք ոչ թե զուտ անունով, այլ մեր ապրած կյանքով, մեր ազգի ճակատագիրը միասնական կերտելու դեգերումներով:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր