ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Միայն պացիենտից է կախված, թե ինչպես կզարգանա տվյալ հիվանդությունը

Ողնաշարային հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած են ողերի եւ աճառային սկավառակների (դիսկերի) դեգեներատիվ փոփոխություններ: Հնարավոր են նաեւ մկանա-կապանային համակարգի կոնստրուկտիվ եւ ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք էլ ներազդում են մեր նյարդային համակարգի վրա: Դեգեներացիաների պատճառը հիմնականում մարմնի դիրքն է: Հայտնի է, որ ողնաշարը ամենաքիչը ծանրաբեռնված է հորիզոնական դիրքում, կանգնած դիրքում ծանրաբեռնվածությունը մեծանում է, նստած դիրքում՝ առավել եւս: Մարդու ողնաշարի գոտկային հատվածի վրա ծանրությունը 4 անգամ ավելի մեծ է, երբ նա կանգնած է` համեմատած պառկած դիրքի հետ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավար, օրթոպեդ-վերտեբրոլոգ ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության եւ ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար արժանացել է «Տարվա բժիշկ» մրցանակի: Հենց նրա շնորհիվ է Հայաստանում առաջինը ներդրվել ողնաշարի տրանսպեդիկուլյար ֆիքսացիայի եղանակը, ողերի պեդիկուլյար սուպտրակցիոն ոսկրահատման (PSO) եղանակը, ողնաշարի առանձին ողերի հեռացման (VCR) եղանակը, ողերի կոտրվածքների կիֆոպլաստիկ բուժումը, ուռուցքների ամբողջական հեռացման մեթոդը, կոտրվածքների նվազագույն ինվազիվ բուժումը, պարանոցային ստենոզների բուժման լամինոպլաստիկ մեթոդը, սկոլիոզների տրանսպեդիկուլյար բուժման ամբողջական մեթոդը եւ այլն: Մենք նախ շնորհավորեցինք սիրված բժշկին մրցանակ ստանալու կապակցությամբ, ապա խնդրեցինք խոսել շատ ցավոտ թեմայի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իրենց ոլորտում ի հայտ եկած խնդիրների մասին:

-Պատերազմի ընթացքում ստացած վնասվածքները բավականին լուրջ էին, ծանր: Քանի որ նոր զինատեսակներ էին օգտագործվել, վնասվածքներն էլ նոր բնույթի էին, տարօրինակ, իսկ դա դժվարեցնում էր թե՛ ախտորոշումը, թե՛ բուժումը: Ընդամենը մեկ դրվագ ներկայացնեմ: Մեզ մոտ էր եկել հիվանդ, ու անզեն աչքով էլ զգացվում էր, որ նրա պարանոցի ողը վնասված է: Սակայն մենք չէինք կարողանում տեսնել՝ կոնկրետ ինչն է վնասված. արտաքուստ չէր երեւում: Ի վերջո պարզվեց, որ բեկորն այնքան փոքր էր եղել, որ, չնայած անցել էր  ողնուղեղով եւ ողնաշարով, սակայն մաշկի ծալքերի մեջ անցքերը չէին երեւում:

-Սովորաբար ո՞ր դեպքերում են ձեզ դիմում:

-Մեզ դիմում են այն ժամանակ, երբ ողնաշարի հատվածում ունենում են ցավային համախտանիշներ: Դրանք կարող են ունենալ տարբեր պատճառներ, օրինակ, դեգեներատիվ ցավային, դիրքային կեցվածքի տարբեր շեղումներ, նորագոյացություններ եւ բորբոքային հիվանդություններ: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ ողնաշարի շեղումներին, երբ առանց ցավի ողնաշարը շեղված է դեպի կողք կամ դեպի հետ, այսինքն`առկա են սկոլիոտիկ, կիֆոտիկ ձեւախեղումներ (դեֆորմացիաներ): Բորբոքային հիվանդություններին ամենաբնորոշը մեզ համար Բեխտերեւի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածությունն է դեպի առաջ: Այդ պաթոլոգիայի ժամանակ կարողանում ենք ուղղել ողնաշարը` այն բերելով ճիշտ կեցվածքի: Եթե ուշադրություն դարձրել եք, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 30-40 տարեկան հասակում բավականին զգալի ծռված են ման գալիս, եւ այդ շեղումը հնարավոր է ուղղել Հայաստանի պայմաններում: Սակայն, ցավոք, մարդիկ տեղեկացված չեն եւ այդ խնդրով շարունակում են ապրել: Կան հիվանդներ, որոնց թեքված դիրքը պայմանավորված է տարիքային փոփոխություններով, սակայն նրանք համեմատաբար քիչ են, երեւի, մոտավորապես 100 հոգի:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում օստեոխոնդրոզը:

-Օստեոխոնդրոզը ողնաշարի հիվանդություն է, որով հիվանդանում է հասուն բնակչության մեծ մասը: Այդ հիվանդության ժամանակ ախտահարվում են միջողային սկավառակները, հետեւաբար,  առաջանում է լուրջ ձեւախախտում: Ընդ որում, տարբեր հիվանդների մոտ ախտահարվում են մարմնի տարբեր հատվածներ, օրինակ, գոյություն ունի պարանոցի օստեոխոնդրոզ, կրծքավանդակային հատվածի օստեոխոնդրոզ… Բոլոր տարիքի մարդկանց մոտ օստեոխոնդրոզի առաջացմանը նպաստող գործոններն են ռեւմատիզմը, ներզատիչ համակարգի խանգարումները, ողնաշարի պաթոլոգիան, ժառանգական նախատրամադրվածությունը: Օստեոխոնդրոզի բուժման մեթոդներից են մանուալ թերապիան (մերսում), հատուկ մարմնամարզությունը, որոշակի դեղորայքային թերապիան, ֆիզիոթերապիան:

-Իսկ ի՞նչ կասեք միջողային սկավառակի ճողվածքի մասին:

-Միջողային սկավառակների միջեւ կա ֆիբրոզային օղակով շրջապատված դոնդողանման միջուկ, իսկ Ճողվածքն այս օղակի տեղախախտումը կամ պատռվածքն է, որի դեպքում դոնդողանման միջուկը դուրս է գալիս արտաքին շերտ՝ հանգեցնելով նյարդային վերջավորությունների սեղմվելուն: Դա բավական ցավոտ հիվանդություն է, իսկ դրան նպաստող գործոններից են նստակյաց կյանքը, մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ գոտկատեղի հատվածում շարժունության պակասը: Միջողային ճողվածքի հիմնական ախտանշաններն են ուժեղ ցավը, վերջույթների թմրածությունը, գլխացավերն ու գլխապտույտները: Եվ ժամանակին բուժօգնություն չստանալու դեպքում հիվանդությունը կարող է հանգեցնել անշարժացման: Հիվանդությունը կարելի է բուժել մի քանի մեթոդով, պարզապես հարկավոր է ժամանակին որոշել հիվանդության տեսակն ու առանձնահատկությունները, իսկ դրա համար հարկավոր է անցնել համալիր հետազոտություն, որը պետք է պարունակի ՄՌՏ-ի արդյունքները: Միջողային ճողվածքի ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդներն են՝ դեղորայքային, ուլտրաձայնային թերապիա, ողնաշարի ձգում, բուժական մարմնամարզություն, գոտի ու սեղմիրան:

Ճողվածքի բուժման դեպքում վիրահատական միջամտությունը ոչ միշտ է համարվում լավագույն տարբերակը, այն պայմանավորված է ճողվածքի մեծությամբ եւ պացիենտի տարիքով:

-Որո՞նք են սկոլիոզի հիմնական ախտանիշները:

-Սկոլիոզն առավել հաճախ հանդիպող ողնաշարային հիվանդություններից է, որի ախտանիշներն արտահայտվում են ոսկրային, նյարդային, սրտանոթային, շնչառական համակարգերի ներգրավմամբ: Այն, ըստ ողնաշարի թեքման փուլի, բաժանվում է չորս աստիճանի՝ 0-10, 10-25, 25-40 եւ 40-ից բարձր: Սկոլիոզը նկատելի է դառնում հիմնականում երկրորդ աստիճանի դեպքում, երբ սկսում են այտուցվել ողնաշարի հարակից մկանները, ողնաշարը թեքվում է դեպի մկանային հատվածի կողմ։ Առաջին հերթին պետք է ուշադիր հետեւել երեխայի աճման ընթացքին։ Սկոլիոզը նկատելուն պես պետք է դիմել մասնագետին՝ հստակ հասկանալու համար՝ տվյալ հիվանդությո՞ւնն է, ինչ բուժում է հարկավոր, եւ ինչից է առաջացել։ Սկոլիոզը վիրահատում են բարդացած փուլում (3-րդ եւ 4-րդ աստիճանների դեպքում), իսկ ողնաշարի դեֆորմացումը թույլ չտալու նպատակով հիվանդին հագցնում են հատուկ սեղմիրան՝ պահպանելով ողնաշարային համակարգը:  

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Մեզ մոտ, ցավոք, շատ են գալիս արդեն բավականին ծանր վիճակում գտնվող հիվանդներ, երբ դեֆորմացվածությունը բավականին մեծ է լինում, եւ դրա ուղղումը մեզանից պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր, ժամանակ: Բացի այդ, ռիսկի գործոնն է շատ բարձր լինում: Ուրախությամբ կարող եմ նշել, որ մենք աշխատում ենք ժամանակակից բոլոր մեթոդներով, այսինքն` վիրահատությունը կատարվում է մեկ այլ բժշկի հսկողությամբ, ով անընդհատ հետեւում է, որպեսզի նյարդը չվնասվի: Մեր կենտրոնում կա համարյա ամեն տեսակի նորագույն տեխնիկա, հնարավորությունները մեծ են: Միայն շատ ծախսատար տեխնիկան է բացակայում, որովհետեւ փոքր երկրին ձեռնտու չէ ձեռք բերել այդ տեխնիկան, որը տարվա կտրվածքով շատ քիչ է օգտագործվելու:

-Աշխատանքի բերումով շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ ապագա ունի բժշկի մասնագիտությունը:

-Քանի որ աշխատել եմ տարբեր կլինիկաներում, շփվել նաեւ երիտասարդ կադրերի հետ, կարող եմ վստահաբար հավաստել, որ մեր բնագավառում այսօր ավելի շատ են խելացի ու բանիմաց երիտասարդները, քան մեր երիտասարդության տարիներին էին: Դրա պատճառը նաեւ այն է, որ նրանք ավելի շատ են շփվում արտերկրների տարբեր մշակույթների, բարքերի հետ, իսկ հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, եւ տեղի է ունենում փորձի փոխանակում:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Մեր երկրում հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան, ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաեւ կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել պացիենտին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձեւերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն պացիենտից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա տվյալ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Հետեւողական եղեք ողնաշարի նկատմամբ, քանի որ այն մեր հիմնական հենաշարժական համակարգն է, որով պայմանավորված է նաեւ մեր առողջ կենսակերպն ու կյանքի որակը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր