Եվա Ռևազյան

(0 votes)
There is no translation available.

Սա իմ կոչումն է. բժիշկ-ճառագայթաբանը՝ իր մասնագիտության մասին

Բժշկությունն օրըստօրե զարգանում է՝ մարդկությանը թույլ տալով այլևս չվախենալ այս կամ այն հիվանդությունից, քանի որ հայտնաբերվել է բուժման միջոցը: Գնալով կատարելագործվում են նաև բժշկական տեխնոլոգիաները. մարդն իր ուղեղի անսահման հնարավորությունների գործադրմամբ հորինում ու ստեղծում է այնպիսի սարքավորումներ, որոնք թույլ են տալիս մարդու օրգանիզմն ուսումնասիրել անգամ ներսից: Այսօր այդպիսի զանազան հնարավորություններ կան՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա և այլն: Եվ հիմնականում հենց այս մեթոդներն են, որոնք հստակ ու վերջնականապես կարողանում են ախտորոշել՝ առկա՞ է արդյոք մարդու մոտ այս կամ այն հիվանդությունը, թե՞ ոչ:

Անկախ ախտորոշումից՝ բժիշկը պիտի կարողանա հիվանդությունն այնպե՛ս ներկայացնել պացիենտին, որ նա երբեք չմտածի, թե դա դատավճիռ է: Բժիշկ-ճառագայթաբան և բժիշկ-սոնոգրաֆիստ Եվա Ռևազյանը, որն աշխատում է ոչ միայն մեծերի, այլև երեխաների հետ՝ սկսած նորածնային տարիքից, կարողանում է հիվանդներին այնպիսի մոտեցում ցուցաբերել, որի շնորհիվ բարեհամբույր և սրտացավ բժշկուհու մոտից բոլոր պացիենտները հեռանում են հանգիստ և հույսով ու հավատով առ այն, որ իրենց հիվանդությունը բուժելի է, և իրենք, անշուշտ, կապաքինվեն:

http://bestgroup.am զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան, «Վալիդուս» բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դասախոս և պարզապես՝ անչափ հմայիչ ու բարի հայուհի Եվա Ռևազյանը:

-Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, թե ինչո՛վ է զբաղվում բժիշկ-ճառագայթաբանը, և ինչով՝ բժիշկ-սոնոգրաֆիստը:

-Ես, որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, զբաղվում եմ բոլոր խոշոր և մանր հոդերի ու մկանների, ինչպես նաև՝ նորածինների և հղիների սիմֆիզների ու նյարդերի սոնոգրաֆիկ հետազոտություններով, իսկ որպես բժիշկ-ռադիոլոգ՝ կատարում եմ գլխուղեղի, ողնաշարի և հոդերի ու մկանների ՄՌՏ հետազոտություն:

Սոնոգրաֆիկ հետազոտությունն իր առաձնահատկություններն ունի, ՄՌՏ-ն՝ իր:

-Ո՞րն է ավել արդյունավետ:

-Սոնոգրաֆիկ հետազոտությունն ունի մի շարք առավելություններ: Նախ՝ այն բացարձակ անվնաս է, չի ճառագայթում, կատարվում է ռեալ ժամանակահատվածում, հետազոտության ժամանակ կարող ենք կատարել բազմաթիվ պրոբաներ, հետևել ջլի աշխատանքին, համեմատել աջ և ձախ սիմետրիկ հոդերը մեկը մյուսի հետ և այլն:

ՄՌՏ հետազոտությունն այդ առումով մի քիչ զիջում է սոնոգրաֆիկ հետազոտությանը. ՄՌՏ-ով չենք կարող համեմատություն կատարել, ՄՌՏ հետազոտությունը տևում է քիչ ավելի երկար, այն ունի որոշ հակացուցումներ, օրինակ՝ նոր վիրահատված, ստենտավորված պացիենտներին մինչև 15-րդ օրը հետազոտելու իրավունք չունենք, նաև մետաղական պրոթեզներ ունեցող պացիենտներին չի կարելի հետազոտել մագնիսի պատճառով… Պրոթեզները, էնդոպրոթեզները, սրտի պեյսմեկերները, ականջի լսողական սարքերը և այլն՝ դրանց առկայությունը դարձնում է հետազոտությունը անհնար:

Բացի այդ՝ ՄՌՏ հետազոտության կատարելու համար կարևորագույն պայման է հիվանդի բացարձակ անշարժ պառկելը: Այդ պատճառով նորածիններին, փոքր երեխաներին, ցնցումներ ունեցող պացիետներին չենք կարող կատարել ՄՌՏ հետազոտություն (ՄՌՏ կարող ենք կատարել անզգայացմամբ), իսկ սոնոգրաֆիկ հետազոտություն կարող ենք կատարել անգամ շարժվող, լացող երեխային:

Սոնոգրաֆիայի մյուս առավելությունն այն է, որ այստեղ տարածական խնդիր չկա՝ ի տարբերություն ՄՌՏ-ի, որի ժամանակ պացիենտները նեղ խողովակի մեջ են պառկում, ինչը շատ դժվար է կլաուստրոֆոբիկների համար. նրանք գրեթե չեն դիմանում 15-20 րոպե՝ ՄՌՏ հետազոտություն կատարելիս:

-ՄՌՏ-ի մասին, կարելի է ասել, առասպելներ են տարածված: Կարո՞ղ ենք պնդել, որ այն լիովին անվտանգ է:

-ՄՌՏ հետազոտությունն օֆիցիալ համարվում է անվտանգ, այն կարող ենք կատարել նորածիններին, միջին տարիքի մարդկանց, մեծերին, ծերերին, կարող ենք հստակ կատարել հղիներին՝ առանց կոնտրաստային նյութի ներարկման, այն չի ճառագայթում, ոչ մի կողմնակի էֆեկտ չի առաջացնում, համարվում է բացարձակ անվնաս հետազոտություն՝ ի տարբերություն ԿՏ և ռենտգեն հետազոտությունների, որոնք ճառագայթում են:  ՄՌՏ-ն կարող ենք կրկնել բազմաթիվ անգամեր՝ մեկ օր հետո, մեկ շաբաթ հետո՝ չվախենալով նրա բացասական ազդեցություններից, հետևանքներից: Կարող ենք մի քանի անգամ հետազոտել՝ անգամ կոնտրաստով: Ճիշտ է, տրավմաների դեպքում առաջնային ցուցված է ԿՏ հետազոտությունը, սակայն հղիության առկայության պարագայում, երբ հակացուցված են ԿՏ-ն ու ռենտգենը, կատարում ենք ՄՌՏ և դարձյալ կարողանում ենք պատասխանել շատ հարցերի:

Իսկ սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ մենք կարող ենք ուսումնասիրել հոդերի բոլոր փափուկ կոմպոնենտները՝ ի տաբերություն ռենտգենի և ԿՏ-ի, որոնք կարողանում են վիզուալիզացնել ոսկրային համակարգը՝ պարզելու համար՝ արդյոք կա՞ կոտրվածք և այլն: Մինչդեռ հոդերի սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով կարողանում ենք վիզուալիզացնել փափուկ հյուսվածքները, ջլային, կապանային համակարգը, սինովյալ թաղանթները, հոդաշապիկը, մենիսկալ ապարատը, մկանային համակարգը:

Բազմաթիվ սպորտսմենների մոտ, օրինակ, մկանային խնդիրներ են լինում, և շատ կարևոր է ճիշտ ժամանակին դիագնոզել, տարբերակել մկանային վնասվածք և մկանային ձգվածություն հասկացությունները, որովհետև դրանք տակտիկական տարբեր բուժումներ են պահանջում, նաև սպորտով զբաղվելու կամ դադարեցնելու հարց պետք է որոշվի, դրա համար այդ դիֆերենցումը շատ կարևոր նշանակություն ունի, որը սոնոգրաֆիկ հետազոտությունից բացի՝ ՄՌՏ-ի միջոցով ևս կարող ենք կատարել:

-Բժշկուհի, Ձեզ համար ո՞ր հետազոտությունն է ավելի հետաքրքիր՝ սոնոգրաֆիա՞ն, թե՞ մագինսառեզոնանսային տոմոգրաֆիան, և առհասարակ՝ ի՞նչն է գրավում Ձեզ Ձեր մասնագիտության մեջ, ինչու՞ ընտրեցիք այս մասնագիտությունը:

Ինչ վերաբերում է հարցին, թե վիզուալիզացիայի ո՛ր տարբերակն է ինձ համար ավելի հետաքրքիր, նշեմ, որ ՄՌՏ-ն այլ աշխարհ է, սոնոգրաֆիան՝ մեկ այլ, յուրաքանչյուրով տարբեր բաներ ենք ակնկալում տեսնել: Դժվարանում եմ առաձնացնել, ուղղակի ՄՌՏ-ում պատրաստի պատկերներ ենք ստանում, ապարատը ստանում է պատկերները, որոնք մենք պարզապես թերթում ենք և տեսնում խնդիրը, իսկ սոնոգրաֆիկ հետազոտությունն ունիկալ է նրանով, որ մենք ինքներս ենք ստեղծում, ստանում մեր պատկերները և դրանով համապատասխան ախտորոշում կատարում:

Մանկուց երազել եմ զբաղվել բժշկությամբ, մեծացել եմ բժշկի ընտանիքում, հայրս իր գործին նվիրված բժիշկ է, միշտ տեսել եմ և ինձ շատ-շատ է դուր եկել մարդկանց օգնելու, միշտ պատրաստ լինելու նրա կարողությունը: Ես ինքս շատ մարդասեր եմ ու նույնիսկ մանկուց, երբ իմ ներկայությամբ որևէ մեկը վատ էր զգում, կամ որևէ միջադեպ էր լինում, ներքուստ ինչ-որ բան ինձ ուղղակի մղում էր այդ ուղղությամբ: Եվ ես հասկացա, որ դա իմ կոչումն է: Անցա այս աշխատանքին՝ հասկանալով, որ իմ մասնագիտությունը շատ կարևոր է, որոշիչ, օգնում է շատ կյանքեր փրկել, մարդկանց ճիշտ ուղու վրա կանգնեցնել…

Շատ կարևոր է ճիշտ խոսելը պացիենտի հետ: Անկախ այն բանից, թե ինչ ենք ախտորոշել, շատ կարևոր է դա ճիշտ մատուցելը՝ ինչ է կատարվում, ինչ կարելի է անել, ինչ կլինի հետո, և ում պետք է դիմել, որպեսզի հիվանդը ճիշտ ընկալի, հասկանա, չշփոթվի, գիտակցի, թե ինչ է կատարվում իր հետ և չհուսահատվի; Օրինակ՝ իմ պացիենտները, անկախ դիագնոզից, միշտ հեռանում են բավարարված, հանգիստ և մեծ հույսով ու հավատով լի:

-Սահուն մոտեցանք մեր մյուս հարցին. այսպես ասած՝ վատ ախտորոշումներն ինչպե՞ս եք հայտնում պացիենտին, դժվա՞ր է:

-Նախ՝ ինքս եմ շատ ծանր տանում, երբ «վատ» ախտահարումներ եմ տեսնում պացիենտների մոտ, հատկապես, երբ տարիքային շեմն ավելի ցածր է լինում:  Առաջին հերթին փորձում եմ հաղթահարել իմ էմոցիաները, այնուհետև խոսում եմ նախ հարազատների հետ, բացատրում, հուշում հետագա քայլերը՝ ուղղորդելով համապատասխան մասնագետների մոտ, և հարազատների որոշմամբ է լինում՝ տեղեկացնե՞լ պացիենտին իր ախտորոշման մասին, թե՞ ոչ: Շատ դեպքերում հարազատները պարզապես չեն ցանկանում, որ պացիենտն իմանա իր ախտորոշման մասին:

-Իսկ տոկոսային առումով ավելի շատ «լավ»՝ դրակա՞ն ախտորոշումներ են լինում, թե՞ «վատ»՝ բացասական:

-Ավելի շատ դրական ախտորոշումներ են լինում: Հատկապես քովիդային պայմաններում, երբ բոլորը մի քիչ ահաբեկված և շփոթված են, առավել ևս՝ երբ քովիդով հիվանդանալուց հետո բոլորի մոտ անհասկանալի գլխապտույտներ և գլխացավեր են լինում, շատերն անհանգստացած դիմում են մեզ՝ գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն կատարելու նպատակով, և մենք հիմնականում ժխտում ենք վտանգավոր պաթոլոգիաների առկայությունն ու հանգստացնելով՝ ճանապարհում մեր պացիենտներին:

-Ո՞ր հիվանդությունների ախտորոշումներն են ավելի հաճախակի դարձել:

-Դիագնոստիկ մեթոդների զարգացման ֆոնին, ցավոք, սկսել է շատ ախտորոշվել ցրված սկլերոզը: Ցավալի փաստ է, որ միջազգային գրականության մեջ էլ է նշված, և իմ դիտարկումները ևս փաստում են, որ դա հայերի մոտ շատ է հանդիպում:

-Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Առայժմ դժվարանում ենք ասել, երևի գենետիկան է:

-Բժշկուհի՛, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Բոլորին կմաղթեմ սիրել իրենց, հետևել առողջությանը և այցելել բժշկի ոչ միայն խնդիրների առկայության դեպքում, այլև պրոֆիլակտիկ նպատակներով, քանի որ վաղ ախտորոշման դեպքում բուժման ելքը միանշանակ ավելի բարենպաստ է լինում:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր