Ոսկանյան Գևորգ Սարիբեկի Gevorg Voskanyan

(0 votes)
There is no translation available.

Աստված է ապրեցնողն ու տանողը, իսկ բժիշկը միջոց է, որը պիտի ծառայի մարդկանց ֆիզիկական առողջությանը. Գևորգ Ոսկանյան

Կյանքում ամենաշատ մահերը տեսնում են թերևս բժիշկներն ու զինվորները, ու միևնույն ժամանակ դարձյալ նրանք են, որ ամենից հաճախ են վերապրում փրկության բերկրանքը:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար, թոքային վիրաբույժ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանի դեպքում, այսպես ասած, երկուսը մեկում է՝ զինվորական և բժիշկ, մարդ, որը ողջ գիտակցական կյանքում պայքարի մեջ է՝ մի դեպքում՝ հանուն հայրենիքի, մյուս դեպքում՝ հանուն այլոց առողջության:

Արցախյան առաջին պատերազմի մասնակից բժիշկն այսօր միևնույն քաջությամբ, ինչ մարտի դաշտում էր, մարդկանց օգնելու իր առաքելությունը շարունակում է վիրահատական սեղանի մոտ՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

http://bestgroup.am/   չափազանց հետաքրքիր զրուցակիցն է իր գործին անսահման նվիրված, փորձառու և հմուտ բժիշկ և պարզապես՝ կյանք ու կռիվ տեսած մարդ՝ Գևորգ Ոսկանյանը:

-Պարոն Ոսկանյան, մանրամասնեք, խնդրում եմ, թե կրծքային վիրաբուժությունը ո՛ր օրգանների խնդիրներով է զբաղվում:

-Նախ՝ մի փոքր թյուրըմբռնում կա կրծքային վիրաբուժության տերմինի վերաբերյալ: Կոչվում է կրծքային, և մարդիկ հասկանում են կրծքագեղձի վիրահատություն, բայց այդպես չէ, կրծքային՝ այսինքն՝ կրծքավանդակի վիրահատություն: Մեր ոլորտն ընդգրկում է կրծքավանդակի օրգանների վիրաբուժական հիվանդությունների սպասարկումը: Կրծքավանդակի օրգանները բավականին շատ են՝ շնչափող, կերակրափող, թոքեր, կրծքավանդակի պատ, պատի վրա նաև կրծքագեղձն է, սակայն դրանցից առանձին վիրաբուժական ուղղություն է սրտային վիրաբուժությունը, որը չի մտնում մեր գործունեության մեջ: Մեր ոլորտը ներառում է կրծքավանդակի մնացած օրգանների վիրաբուժությունը, հիմնականում թոքերի, որովհետև հիվանդություններն ավելի շատ թոքերի հետ են կապված լինում, քան կերակրափողի, շնչափողի, միջնորմի և այլն՝ պարանոցից սկսած՝ մինչև ստոծանի:

-Ավելի շատ ի՞նչ հիվանդությունների դեպքում են Ձեզ դիմում:

-Մեր բաժանմունքը սկսել է զարգացնել Հայաստանում մեծերի էնդոսկոպիկ վիրաբուժական առանձին ուղղությունը, որը հիմնական ծավալով կատարվում է մեզ մոտ: Դրանք թորակոսկոպիկ վիրահատություններն են, երևի լսել եք լապարասկոպիայի մասին, այդ նույն ձևով կատարվում են նաև թոքերի և միջնորմի վիրահատությունները՝ էնդոսպկոպիկ եղանակով, այսինքն՝ փակ վիրահատություններ, որոնք մենք ենք սկսել: Հիմա էլի կան անողներ, բայց հիմնական ծավալներն արվում են «Աստղիկ» ԲԿ-ում:

Սկսել ենք մոտ վեց տարի առաջ, բայց մեծ ծավալները վերջին երեք տարում հնարավորություն ունեցանք իրականացնելու՝ կապված թե՛ տեխնիկական հագեցվածության, թե՛ վերապատրաստումների հետ: Սա հեշտ ուղղություն չէ, պահանջում է շատ ներդրումներ և՛ տեխնիկական առումով, և՛ վերապատրաստումների: Այսօր մենք այդ վիրահատություններն անում ենք նույն մակարդակի, ինչ շատ զարգացած երկրների կլինիկաներում։

-Տեղյակ եմ, որ նման վիրահատություններն արվում են նաև ռոբոտի միջոցով. ի՞նչ առավելություններ ունի ռոբոտը:

-Ավելի կոմֆորտ է վիրաբույժի համար, պացիենտի համար որևէ տարբերություն չկա, հակառակը, ռոբոտն աշխատում է նվազագույնը չորս անցքով, իսկ մենք հիմա աշխատում ենք մեկ կամ երկու անցքով, կողմնակից ենք քիչ ինվազիայի, և մեր վիրահատությունների մեծ մասը մեկ անցքով ենք անում, մեծ, ծավալուն վիրահատություններինը՝ երկու անցքով, երեք անցք վերջին 2-3 տարում 1-2 անգամ ենք դրել: Սովորաբար ֆուլ թորակոսկոպիան երեքից չորս անցք է, բայց սա նոր մոդիֆիկացիա է, որը մեզ թույլ տվեցին մեր վերապատրաստումները:

-Որտե՞ղ են վերապատրաստվում Ձեր բաժանմունքի բժիշկները, ի՞նչ արդյունքներ ունեք:

-Տարբեր երկրներում, կոնկրետ՝ մերոնք հիմա Պետերբուրգ պիտի գնան, իսկ իմ ամենամեծ մասնագիտական վերապատրաստումը եղել է Շանհայում, որտեղ նեղ մասնագիտացած կլինիկա կա, այն կոչվում է հենց Թոքային հոսպիտալ, որտեղ տարեկան մոտ 10 հազար վիրահատություն է արվում՝ միայն թորակոսկոպիկ մեթոդով: Իհարկե, թող մեզ մոտ այդքան չլինի, տա Աստված՝ մարդիկ առողջ լինեն…

Ցավալին այն է, որ մարդիկ առողջ չեն և իրենց հիվանդության համար ուշ են դիմում: Մարդու բժշկական սպասարկունը պետական խնդիր է, պետությունը պարտավոր է դնելու հետազոտման այնպիսի ցենզեր, որ հիվանդին շուտ հայտնաբերի, իսկ հիվանդի ինքնագիտակցության մասին 3-4-5-րդ հերթին պետք է խոսել: Դա զուտ դաստիարակություն է, մարդը պետք է հասկանա, որ ինքը պարտավոր է այսինչ  տարիքում այսինչ հետազոտությունն անցնել: Հիմա ինչպե՞ս է, մարդն աշխատում է, կազմակերպությունները ռենտգենը պարտադրում են, բայց դա քիչ է, աշխարհն առաջ է գնում, թոքերի համար, օրինակ, հակածխախոտային լուրջ միջոցառումներ են պետք…

-Ձեր ոլորտի հիվանդություններն ինչո՞վ են պայմանավորված, բնածի՞ն են, թե՞ ձեռքբերովի, ինչպե՞ս են առաջանում մարդու մոտ:

-Կան բնածին հիվանդություններ, բայց հիմնականում ձեռքբերովի են և կոնկրետ կախված են նաև մարդկանց ապրելակերպից: Մեր մասնագիտության մեջ ամենաշատ հանդիպող հիվանդությունները կերակրափողի և թոքերի չարորակ ուռուցքներն են: Թոքերի ուռուցքների 60 տոկոսի պատճառը ծխելն է: Եթե մարդը չի ծխում, 60 տոկոսով պակասեցնում է իր հիվանդանալու հավանականությունը, իսկ մեզ մոտ շատ են երկրորդային ծխողները: Ի՞նչ է դա՝ ծնողը տանը ծխում է, երեխան չի ծխում, բայց ծուխը շնչում է, նա ենթարկվում է այդ ռիսկին: Աշխատողն իր առանձնասենյակում ծխում է, ինչն ուղղակի անընդունելի է: Ծխելու դեմ պայքարը շատ մեծ արդյունք է տվել աշխարհում, դա ապացուցված է…

-Մեզանում  նու՞յնպես:

-Մեզ մոտ դեռևս չունենք, ի՞նչ միջոցառում ունենք որ… Եթե համեմատենք, օրինակ, ՌԴ-ի հետ, մեզ մոտ անհամեմատ թույլ է պայքարը ծխելու դեմ՝ քարոզչությունից սկսած՝ հեռուստատեսություն, ռադիո, թերթեր… Այսպիսի բան կա՝ դպրոցի, մանկապարտեզի շրջակայքում մի քանի մետր հեռավորության վրա ծխող մարդն իրավունք չունի ծխախոտը ձեռքին կանգնելու: Կա ցենզ՝ հեռուստատեսությունում ծխելիս փակում են ծխախոտը, իսկ մեզ մոտ ինչպե՞ս է. մեր սերիալները վերցրեք, այնտեղ ոչ թե պայքարում են, այլ քարոզում են ծխել, որովհետև այնտեղ ցանկացած «կռուտոյ» տղա ծխում է, երեխան տեսնում է, ուզում է նմանվել… Ոչ մի պայքար ես չեմ տեսնում ծխախոտի դեմ:

Պետք է ապրելակերպի ճիշտ քարոզչություն: Մեր հասարակությունը, սկսած ինձնից, փնթի է, մենք փնթի ենք ոչ միայն աղբ նետելու առումով, այլև մեր ապրելակերպի մեջ փնթիություն ունենք: Ամեն մարդ որքանո՞վ է անդրադառնում ինքն իր կյանքին, ինքն իր օրգանիզմը պահպանու՞մ է, թե՞ ոչ: Փնթիությունը մսխելն է: Մենք կարող ենք ուտել-խմել, քանի երիտասարդ ենք, ու չմտածել, որ այդ օրգանիզմը մեզ հավերժ չէ տրված և անսահմանափակ չէ:

Մեծ անելիք կա առողջապահության կազմակերպչական առումով, պետական առումով, անհատական քարոզների առումով… Եթե ինձ հետ շփումից հետո Դուք Ձեր շրջապատում կարողանաք գոնե երկու հոգու վրա ազդել այնպես, որ ծխելը թողնեն, դա արդեն արդյունք է: Աստված մեզ ի՞նչ է ասում, չի ասում, որ մարդկային հասարակությունը ազատվելու է մեղքից, բայց ամեն անհատին կանչել է, ասում է՝ դու կարող ես փրկվել և քո շրջապատում օրինակ ծառայել: Մենք երբեք չենք մտածում, որ հիվանդությունը կվերացնենք, բայց եթե ես կարողանամ իմ շրջապատում գոնե մի քանի հոգու փրկած լինել, արդեն արդյունք է, չէ՞:

-Անշուշտ, իհարկե… Իսկ ի՞նչ մեթոդներով է կատարվում ախտորոշումը:

-Ախտորոշման հիմնական մեթոդը կրծքավանդակի ռենտգեն հետազոտություններն են: Դրանց մեջ ներկայումս ամենաընդունված հետազոտությունը կոմպյուտերային տոմոգրաֆիան է, և աշխարհը հիմա անում է սկրինինգ, այսինքն՝ պլանային կոմպյուտերային տոմոգրաֆիա: Ռիսկի խումբ են վերցնում (որը մեր երկրում դեռ չկա, հուսով եմ՝ կլինի, մենք փորձում ենք նախարարությանը ներկայացնել), այդ ռիսկի խումբը լինում է 40-ից բարձր, այսինչ տեղում ապրող, ծխող, փոշոտ քաղաքում ապրող և այլն, այդ խմբին տարին մեկ անգամ պարտադիր ԿՏ են անում, ինչը թույլ է տալիս հիվանդությունը հայտնաբերել առաջին ստադիայում:

Ի՞նչ է նշանակում թոքի ուռուցք՝ առաջին ստադիայում. դա 90 տոկոսով լիարժեք բուժվող հիվանդություն է: Թոքի ուռուցքը 3-րդ ստադիայում 2-3 տարի ապրելիությամբ հիվանդություն է, պատկերացրեք՝ ինչ մեծ է տարբերությունը: Ճիշտ է, այն թանկ հետազոտության ձև է, ճառագայթման ծանրաբեռնվածություն ունի, բայց անհամեմատ է, և ամբողջ Եվրոպան հիմա աստիճանաբար անցնում է դրան, պետականորեն ներմուծում են սկրինինգային հետազոտությունը:

-Ձեզ հիմնականում ո՞ր ստադիայում են դիմում:

-Թոքի ուռուցքների պարագայում մեզ մոտ ամենաշատը 3-րդ ստադիայում են դիմում, հետո՝ 4-րդ: Առաջին, երկրորդ ստադիայում հազվադեպ են դիմում: Մենք ԿՏ-ի ռեալ ազդեցությունը զգացինք վերջին մեկ տարում՝ աշխատելով կորոնավիրուսային իրավիճակում, ի դեպ՝ մեր կլինիկայում ծառայությունը ես եմ ղեկավարել: Հազարավոր պացիենտների ԿՏ արեցինք, զուտ դրանով  պայմանավորված՝ շատերի մոտ  առաջին ստադիայի ուռուցք կարողացանք հայտնաբերել: Այդ մարդիկ հաստատ չէին դիմելու, որովհետև իրենք  գանգատ չունեին: Այսինքն՝ մարդը ԿՏ չի անցնում, ինքն առողջ է՝ դեռևս,  դրանից հետո՝ ևս մի տարի, իսկ արդեն մյուս տարի լինում է գանգատը, որն արդեն երրորդ ստադիան է:

-Մենք նման պետական ծրագիր ունենք:

-Չունենք, մեր կլինիկան, օրինակ, մինչև քովիդը մի քանի ամիս սկրինինգ կատարեց կես գնով՝ ցածր ճառագայթման դոզայով՝ մեր ՀՇ ապարատն ունի այդ հնարավորությունը, դա եղավ զուտ կլինիկայի կողմից, բայց հուսով եմ, որ կլինի պետական ծրագիր. մեր պետությունը հիմա շատ խնդիրներ ունի, դրան ևս հերթը կհասնի…

-Իսկ ցածր դոզայովը և՞ս հայտնաբերում է հիվանդսւթյունը:

-Այո, լիարժեք հայտնաբերում է, ուղղակի ցածր դոզայով էինք անում, որպեսզի մարդկանց շատ չճառագայթենք:

-Պարոն Ոսկանյան, ԿՏ-ի վերաբերյալ մարդիկ մտավախություններ ունեն՝ նույն կանխարգելիչ ստուգումների առումով՝ կապված ճառագայթման հետ. այս մասին ի՞նչ կասեք:

-ԿՏ-ով սկրինինգը ռիսկային խմբին է արվում, ոչ բոլորին, այն չի արվում ամբողջ ազգաբնակչությանը, ռիսկային խմբերի համար կան տարբեր ցենզեր, որոնցով արվում է։ Երեխաներին չի կարելի, տարիքը սկսվում է 40-ից: Հիսուն էր, հիմա իջեցրել են քառասունի, և ոչ բոլոր 40-ից բարձր մարդկանց է արվում, արվում է կոնկրետ ռիսկային խմբին:

-Բժի՛շկ, Ձեր խոսքում հաճախ եք շեշտում Աստծուն, Ձեր սենյակում էլ բազմաթիվ սրբապատկերներ կան, «Նարեկ» կա…

-Ես փորձում եմ ապրել որպես քրիստոնյա… Ես քրիստոնյա եմ, մկրտված եմ, ուշ եմ մկրտվել, ցավոք սրտի, որովհետև կոմունիստների ժամանակ եմ ծնվել, մեր գյուղում եկեղեցի չկար… Ես մինչև դպրոցն ավարտելը քահանա տեսել եմ մի երկու անգամ՝ թաղման ժամանակ, ու մենք՝ երեխաներս, կարծում էինք, թե քահանան թաղում անելու համար է: Հիմա Երևանում էլ մեր շենքերի մոտ երբ մարդիկ քահանա են տեսնում, ասում են՝ թաղու՞մ կա: Մոռանում են, որ քահանան Աստծո ներկայացուցիչն է, կյանք տվող է: Բժիշկներն առավել ևս պետք է մտածեն հոգու մասին, որովհետև բժիշկն այն մարդն է, որն առավել հաճախակի է առնչվում մահվան հետ, հիվանդության հետ, տարբեր տարիքում կյանքից հեռանալու մարդկային անուժության հետ, դրա համար ինքն ավելի շատ պետք է փորձի հասկանալ ու կարևորել հոգին:

-Այն էլ՝ փոխգնդապետ բժիշկը, այն էլ՝ կյանք ու կռիվ տեսած զինվորական բժիշկը… Եթե դեմ չեք, մի փոքր էլ զրուցենք նաև Ձեր կյանքի այդ շրջանի մասին…

-Ես առաջին պատերազմին որպես ազատամարտիկ մասնակցել եմ պարտիզանական ջոկատում: Ուսանող էի, ընկերներով պայմանավորվեցինք, որ ճիշտն ասեմ՝ իմ նախաձեռնությունը չէր, ես նույնիսկ չէի ուզում ուսումն ընդհատել զուտ պատերազմի գնալու համար, բայց երբ ընկերս այնտեղ էր, մեջս մի այդպիսի բան արթնացավ… Հանրակացարանում էի ապրում, կոլեկտիվ ունեինք ՝աղջիկներ, տղաներ, մեր ընկերուհիներից մեկի վիրավոր եղբայրը հայտնվեց հանրակացարանում՝ վերականգնողական շրջանում, դա էլ դեր խաղաց, որ ես ինձ մեղավոր զգացի, որ չեմ գնում մասնակցելու… Պատերազմի ավարտից հետո դա առիթ եղավ, որ ֆակուլտետս փոխեմ, ես բուժֆակ էի ընդունվել, բայց ավարտել եմ ռազմաբժշկականը, փոխեցի ֆակուլտետը… 2018 թվին գնացել եմ թոշակի, թողել եմ զինվորական ծառայությունը:

Իմ կյանքի նշանակալից դեպքերից մեկն էլ այն էր, որ երբ 2017 թ. Չինաստանից վերապատրասումից վերադարձա, «Ավրորայից» ինձ դիմեցին, որ Նուբա գնամ: Ինձ մի քանի բառով ներկայացրին, որ նոմինանտ կա, որը չի կարողանում գալ, փոխարինող չունի, ու ես գնացի: Հարավային Սուդան գնալն իմ կյանքում կարևոր դեր խաղաց, որովհետև երբ դու ապրում ես առանց ուրիշ կյանքեր, իրավիճակներ տեսնելու,  հեշտ է դժգոհելը, բայց երբ գնում տեսնում ես, թե ի՛նչ ավելի վատ իրավիճակում մարդիկ կարող են լինել, դրանից հետո ավելի շատ ես փառք տալիս Աստծուն: Դրա համար միշտ, ամեն օր, անկախ մեր վիճակից՝ կլինենք բանտում, հիվանդ, թե այլ, ամեն արևածագն ու մայրամուտը տեսնելու համար պիտի Աստծուն փառք տանք… Սուրբ Ջբրանն ասում է՝ ամեն ննջելուց մի սիրո խոստովանությամբ գլուխներս բարձին դնենք. «Սիրածիս համար մի աղոթք սրտում, և փառաբանանքի մի երգ շուրթերի վրա՝ պետք է ննջել»:

-Ի՞նչ է զգում բժիշկը՝ մահ տեսնելիս, և ի՞նչ է զգում իր փրկած հիվանդին տեսնելիս՝ զուտ մարդկային զգացողությունների, զգացմունքների առումով:

-Սկզբից, երբ երիտասարդ ես, ամեն փրկված հիվանդի համար սկսում ես հպարտանալ, ամեն մի կորստի համար՝ ընկնել դեպրեսիայի մեջ, բայց տարիքի հետ դա փոխվում է, որովհետև  սկսում ես հասկանալ, որ ո՛չ ապրեցնողն ես դու, ոչ էլ տանողն ես դու, դու միջոց ես, որ  պետք է ծառայի մարդկանց ֆիզիկական, մարմնական առողջությանը, իսկ եթե որևէ մեկը պիտի գնա՝ պիտի գնա, դու չես կարող փրկել, Աստված է ապրեցնողն ու տանողը, բայց այդ միջոցի գնահատականը, երբ դու ինքդ քեզ որպես միջոց ես գնահատում, շատ ավելի կարևոր է, որովհետև այդ միջոցը՝ անոթը, պետք է լինի մաքուր, պետք է լինի լավ որակի …

Եթե դու ուզում ես հստակ ծառայել մարդկանց, պիտի ուղղակի հնարավորին չափ ամեն վայրկյան ավելի որակով դառնաս՝ գիտելիքներով, պրոֆեսիոնալ բոլոր հնարավորություններով, որովհետև դա էլ է Աստծո շնորհ, որ գիտություն է տվել, որը զարգանում է: Դու պետք է վերցնես այդ գիտությունը, եթե հետ ես մնում, արդեն խնդիր է: Եվ շատ կարևոր է, որ հոգևոր առումով դու լինես մաքուր, որովհետև ինչքան մաքուր լինես, այնքան ավելի լավ ես ծառայում, դու կարող ես մարդուն խոսքով էլ բուժել: Եթե ուզում ենք՝ Աստծուց շնորհն ավելանա, պարզապես պիտի հնարավորին չափ ապաշխարենք, մաքրվենք, ու այդ դեպքում մենք մեր սիրած գործին ավելի լավ, անվախ կծառայենք, նեղ պահերին չենք ընկրկի, չենք փախչի, իսկ բժշկի կյանքում այդ նեղ պահերը շատ հաճախակի են լինում, ցավոք սրտի, թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների առումով, թե՛ նաև կարող է իրավիճակ լինել, որ հիվանդին կորցնելուց հետո հիասթափվես, ընդհանրապես ուզենաս թողնել մասնագիտությունդ… Այդ բոլոր պահերը միայն Աստված մեզ կարող է օգնել ճիշտ հաղթահարելու, առաջ գնալու…

-Բժի՛շկ, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

Առաջինը՝ խորհուրդ կտամ, որ ամեն մարդ իմանա՝ ինքն ո՛վ է, ինքնաճանաչողություն է պետք, մենք չգիտենք՝ մենք ո՛վ ենք: Մարդը միայն մարմին չէ, մարդը միտք է, հոգի և մարմին: Շատ կուզենամ, որ մենք պարտադիր մեր երեխային սովորեցնենք, թե ինքն ով է, որպեսզի ինքը հոգ տանի իր մտքի, հոգու և մարմնի համար: Երբ այդ երեքն էլ հոգատար ձեռքերում են, իրենց փոխհարաբերությունը ճիշտ մարդ է ստեղծում: Առանձին միտք չի կարող լինել, հիվանդ մարմնի մեջ հոգին էլ է ընկճվում, հիվանդ հոգին բերում է մարմնի հիվանդության: Շատ կարևոր է, որ մենք նաև հոգևոր ու մտավոր սով զգանք, չլինենք թերի կրթված, մեր խնդիրները թերի կրթվածությունից են, մտավոր, և հատկապես՝ հոգևոր գիտելիքների առումով կրթվածության պակասից են: Երբ մենք բավականաչափ կկրթենք մեր միտքն ու հոգին, այդ ժամանակ մեր մարմինն էլ կլինի ավելի ապահով ձեռքերում, ավելի առույգ կլինի և ժամանակից շուտ չի ծերանա:

Իսկ ամենամեծ խորհուրդս այն է, որ գնան եկեղեցի, մասնակցեն մեր սուրբ պատարագներին, ստանան հաղորդություն, որովհետև ամենամեծ բժշկությունը Աստծո հետ շփումն է, որի համար երեք ճանապարհ կա՝ բառն է՝ Բանն է Աստված, խոսքով կարող ենք շփվել, Սուրբ հոգու միջոցով, որը մենք չենք գնահատում, միայն մկրտության ճանապարհով է բացվում, մեզնից կախված չէ, և մյուսը սրբությունների միջոցով է՝ օրհնած ջուր, սուրբ մյուռոն, կարագ ենք օրհնում, խաղող ենք օրհնում… Դրանցից լավագույնը՝ Աստծո մարմինն ու արյունը, ամենամեծ սրբությունը, որը գոյություն ունի:

-Հացն ու գինին, Տեր կենդանին…

-Այո, դա պապենական խոսք է, մենք երբեմն առանց հասկանալու ենք ասում՝ հացն ու գինին, Տեր կենդանին, այսինքն՝ կենդանի Տիրոջ հետ շփում: Մենք ունենք այդ հնարավորությունը, փառք Աստծո, մեր ազգը քրիստոնյա է: Երբ հիվանդ ենք, բժշկի ենք գնում, սակայն մենք պիտի նաև մեր հոգու ցավը զգանք…

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր