ՈւՁՀ-ն ամենաինֆորմատիվն է՝ ներարգանդային կյանքում պտղի վիճակը գնահատելու համար. բժիշկ-սոնոգրաֆիստ
Բժիշկները պնդում են՝ ներարգանդային կյանքում պտղի վիճակը գնահատելու համար ժամանակակից բժշկության մեջ ամենաինֆորմատիվ հետազոտությունն ուլտրաձայնայինն է: Այսօր դժվար է պատկերացնել հղիություն՝ առանց ՈւՁ հետազոտության. բոլոր հղիները երեք անգամ պարտադիր անցնում են սկրինինգ՝ այս կամ այն խնդիրը հնարավորինս շուտ հայտնաբերելու նպատակով: Դրանից բացի՝ թերևս բոլոր ծնողներին էլ հետաքրքրում է երեխայի սեռը, ինչը նրանք օր առաջ ցանկանում են իմանալ, իսկ դա ևս հնարավոր է լինում դարձյալ ՈւՁՀ-ի միջոցով:
Հատկապես հղի կանանց համար մեծ նշանակություն ունի բժշկի ճիշտ ընտրությունը. վստահաբար՝ բոլորը կնշեն, որ պարտադիր պայմաններից է ոչ միայն բժշկի գրագետ լինելն ու հղիության ընթացքը ճիշտ վարելը, այլև՝ իրենց հանդեպ բարեհամբույր վերաբերմունքն ու անհատական մոտեցում ցուցաբերելը: Հենց այդպիսին է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գինեկոլոգ, ՈւՁՀ մասնագետ գինեկոլոգիայում և մանկաբարձությունում՝ Վարդուհի Հովհաննիսյանը: Երիտասարդ, սակայն արդեն բավականին փորձառու և անչափ հմայիչ բժշկուհին թե՛ իր մասնագիտական կարողությունների, թե՛ մարդկային բարձր որակների շնորհիվ արդեն իսկ սիրված ու գնահատված է բազմաթիվ կանանց կողմից, որոնք նրան միանշանակ վստահում են իրենց առողջությունը:
http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է բժիշկ-սոնոգրաֆիստ Վարդուհի Հովհաննիսյանը:
-Բժշկուհի՛, երբ կինը հղիության թեստի վրա տեսնում է երկու բաղձալի գծիկները՝ հղիության նշանը, դրանից հետո նա ե՞րբ պետք է դիմի բժշկի՝ ուլտրաձայնային հետազոտություն անցնելու նպատակով:
-Երբ հղին տեսնում է երկու գծիկ հղիության որոշման թեստի վրա, նրա մոտ հարց է առաջանում՝ ե՞րբ դիմել բժշկի: Համապատասխան թեստի միջոցով միայն հաստատվում է հղիությունը, իսկ անմիջապես հետո պետք է դիմել բժշկի՝ պտղաձվի ճիշտ տեղակայումը, զարգացումը, սրտի բաբախը հաստատելու, ինչպես նաև՝ հղիության ընթացքի վերահսկումն ամրագրելու նպատակով: Վաղ շրջանում շատ կարևոր է հաստատել պտղաձվի ճիշտ տեղակայումը՝ արտաարգանդային հղիությունը բացառելու նպատակով, այդ իսկ պատճառով պետք չէ շատ ուշացնել և հիղությունը հաստատելու համար պետք է դիմել ՈւՁՀ-ի:
-Որո՞նք են արտաարգանդային հղիության մասին հուշող առաջին նշանները:
-Եթե հղիության թեստը դրական է, բայց որովայնի ստորին հատվածում ցավեր կան, արյունային արտադրություն կա, կինն ունի թուլություն, գլխապտույտ, ձվաբջիջը գտնվում է արգանդի խոռոչից դուրս: Ամենատարածված ձևը փողայինն է, սակայն պտղի հետագա զարգացումը հնարավոր չէ, որովհետև արգանդափողը չենք կարող փոխարինել արգանդով, պետք է հեռացվի:
-Նշեք, խնդրեմ, արտաարգանդային հղիության պատճառները:
-Արտաարգանդային հղիության պատճառներն են արգանդափողերի բորբոքային հիվանդությունները, ինֆանտիլիզմը, արհեստական բուժումները, չբուժված էնդոմետրիոզը, էստրոգենի հորմոնի անբավարարությունը, փողային պատճառները… Ամենաինֆորմատիվ ախտորոշումը կատարվում է ՈւՁՀ-ի միջոցով՝ 4-5 շաբաթից սկսած:
Ինչպես նշեցի՝ ՈւՁՀ-ն ամենաինֆորմատիվն է ներարգանդային կյանքում պտղի վիճակը գնահատելու համար, և դրա արդյունավետությունը էսքպերտ ապարատներով բավականին բարձր է. մինչև 90-95 տոկոսով ախտորոշում ենք արատները:
-Իսկ երեխայի սեռը հստակ ո՞ր ամսում կարելի է պարզել:
-Երեխայի սեռը, իհարկե, որոշվում է բեղմնավորման պահին՝ կախված այն բանից, թե ինչ քրոմոսոմով է բեղմնավորվում՝ x, թե՞ y: Առաջին պահից հստակ գենետիկորեն պարզ է սեռը, բայց մինչև 12 շաբաթականն ընթանում է դիֆերենցումը, այսինքն՝ սոնոգրաֆիկ ուլտրաձայնային հետազոտությամբ մինչև 12 շաբաթ շատ նման են աղջիկն ու տղան, իսկ տարբերակումն ավարտվում է 12 շաբաթականում, այսինքն՝ 12 շաբաթականից սկսած՝ սոնոգրաֆիկ կարելի է հստակ նշել սեռը:
-Բժշկուհի՛, գաղտնիք չէ, որ երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մեզանում քիչ չեն…
-Այո, չթաքցնեմ, իմ պրակտիկայում նույնպես եղել է, բայց կարծես թե հոսքը գնալով նվազում է…
-Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Դա պայմանավորված է երիտասարդների մտածելակերպի փոփոխությամբ. աղջիկ-տղա խտրականությունը նոր սերնդի մոտ հանգչում է…
-Ինչու՞ են մեծերն ասում, որ այսօր առողջ երեխա ունենալը հերոսություն է:
-Այն ժամանակ դեպքերն ավելի քիչ էին հայտնաբերվում, թեկուզ՝ էխոգրաֆիկ, գուցե ապարատների հզորությունը թույլ չէր տալիս, բայց հիմա արատներն ավելի են արտահայտված, դա պայմանավորված է դեղորայքի օգտագործմամբ, ծխելով, ալկոհոլի չարաշահմամբ, թմրանյութերի օգագործմամբ, էկոլոգիայով, սննդում բիոհավելումներով և այլն… Իհարկե, փաստացի որևէ բան չկա, բայց դրանք բոլորը նպաստում են երեխայի մոտ արատների առաջացմանը:
-Ձեր պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս, մերօրյա երիտասարդ մայրիկները գրագե՞տ են այդ առումով:
-Ավելի ինֆորմացված են, քանի որ նույն սոցիալական կայքերն էլ ավելի հասանելի են…
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում Ձեր մասնագիտության մեջ:
-Իհարկե, ինձ գրավում է այն, որ ես տեսնում եմ նոր կյանքը, նոր սկիզբը՝ սրտի առաջին բաբախ, աճ… Նոր կյանք ենք գրանցում…
-Ցավով եմ ասում, սակայն, անշուշտ, լինում են նաև դեպքեր, որ խնդիրներ եք հայտնաբերում. ինչպե՞ս եք հայտնում մայրիկին:
-Իհարկե, լինում են նման դեպքեր, բավականին դժվարությամբ եմ հայտնում… Աշխատանքի սկզբում շատ դժվար էր, ամեն հղիի հետ կարող էի հուզվել, հետո այդ հուզմունքը տուն տանել, իսկ հիմա գնալով ավելի եմ կոփվում, փորձում եմ այնպես նրանց տեղեկացնել, որ մինիմալ տրավմայի ենթարկվեն:
-Իսկ լինու՞մ են դեպքեր, երբ երեխայի մոտ խնդիր եք նկատում, որը հնարավոր է շտկել դեռ ներարգանդային փուլում:
-Եթե կան դոպլերոգրաֆիկ սնուցման խանգարումներ, այո, բայց զարգացման արատների վրա չենք կարող ազդել որևէ կերպ: Արտերկրում կատարում են ներարգանդային վիրահատություններ, բայց Հայաստանում, ցավոք սրտի, այդպիսի բան դեռ չկա:
-ՈւՁՀ սարքավորումները ՀՀ-ում զարգացա՞ծ են, ի՞նչ պատկեր ունենք այդ առումով:
-Միանշանակ կարող եմ ասել, որ ՀՀ-ում այդ ասպարեզը բավականին զարգացած է: Էքսպերտ ապարատները բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում, բայց, իհարկե, վերջին խոսքը բժշկինն է:
-Բժիշկներն էլ, անշուշտ, մասնակցում են վերապատրաստումների…
-Այո, իհարկե, վերապատրաստումների, կոնֆերանսների, վերջին շրջանում, քովիդով պայմանավորված, օնլայն են անցկացվում, բայց մշտապես մասնակցում ենք:
-Առողջ կինն արդյոք պիտի՞ հետազոտվի:
-Անկախ այն բանից՝ կինն ունի խնդիր, թե ոչ, տարին մեկ-երկու անգամ հետազոտվելը պարտադիր է: Յուրաքանչյուր հիվանդություն սկզբնական փուլում հայտնաբերելու ժամանակ մենք հետագա շատ բարդություններ կարող ենք կանխարգելել:
-Խոսքս վերաբերում է նաև սեռական կյանքով չապրող կանանց, աղջիկներին. ո՞ր տարիքից սկսած պիտի հետազոտվեն:
-Դաշտանային ցիկլը տեսնելուց սկսած՝ ցանկալի է, որ գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն: Իհարկե, հղիները, անկախ այն բանից՝ ունեն խնդիր , թե ոչ, պետք է երեք սկրինինգային հետազոտություն անցնեն: Դրանք կատարում ենք, որպեսզի վաղ փուլում հայտնաբերենք խնդիրները: Հղիության ժամանակ, բացի այն բանից, որ կինն այցելում է ՈւՁՀ-ի, շատ ինֆորմացիա է ստանում, նաև փորձում ենք նրան դրական էմոցիաներ պարգևել, ինչը մեծապես կարևորում ենք: Այդ նպատակով կատարում ենք 3D, 4D սոնոգրաֆիա. կինը տեսում է իր բալիկի շարժումները, դեմքը, քթի ձևը, շրթունքի ձևը, շատերն արդեն սկսում են նմանեցնել իրենց… Բավականին հաճելի է լինում բոլորիս: Հաճախ պատահում է, որ երեխան դեմքը փակած է լինում, այդ ժամանակ հայրիկը շոյում է, խոսում, երեխան ակտիվանում է, ինչը, իհարկե, զարմացնում ու զվարճացնում է: Երեխաները միանշանակ արձագանքում են ծանոթ ձայներին, միանգամից տարբերակում են ծնողների ձայները:
Հղիության ժամանակ, ինչպես ասացի, կատարում ենք երեք սկրինինգ: Առաջինը քրոմոսոմային արատների կանխարգելման նպատակով է արվում, կատարում ենք 11 շաբաթ մեկ օրականից մինչև 13 շաբաթ վեց օրականում, երկրորդ սկրինինգը կատարում ենք 18-22 շաբաթականում, և երրորդ սկրինինգը՝ 32-34 շաբաթականում: Դա հստակ այն սկրինինգներն են, որ պարտադիր բոլոր հղիները պետք է անցնեն:
-Որքանո՞վ է անվտանգ ուլտրաձայնային հետազոտությունը:
-ՈւՁՀ-ն ճառագայթում չէ, ձայնային ալիք է, և մինչ օրս բժշկությունը որևէ բացասական ազդեցություն չի արձանագրել:
-ՈւՁՀ-ի ժամանակ առավել հաճախ ի՞նչ խնդիրներ են հայտնաբերվում երեխաների մոտ:
-Առավել հաճախ տեսնում ենք սպինա բիֆիդաներ, կիստոս գիգրոմաներ, սրտի տարբեր տեսակի արատներ և այլն:
-Բժշկուհի, կա՞ արդյոք որևէ խնդիր, որևէ հարց՝ թե՛ մոր, թե՛ երեխայի հետ կապված, որը կցանկանաք բարձրաձայնել:
-Կուզենամ խոսել նաբոտյան կիստաների մասին: Դրանք արգանդի վզիկի բարորակ գոյացություններ են, գլանաձև էպիթելի խցիկների խցանված ծորաններ են: Սեկրեցիան կուտակվում է ներսում, մեծանում է ծավալով՝ վերածվելով նաբոտյան կիստաների, որոնք լինում են եզակի ու բազմակի: Ցանկանում եմ ընդգծել, որ նաբոտյան կիստաները չեն առաջացնում քաղցկեղ, բորբոքային պրոցեսներ, կապված չեն անպտղության հետ, վիժում չեն առաջացնում, չեն սպառնում առողջական վիճակին, բայց պացիենտներից շատ անգամ լսում եմ, որ իրենց մոտ նաբոտյան կիստաներ են բուժել, վիրահատել և այլն: Ոչ մեծ չափերի նաբոտյան կիստաները ոչ մի խնդիր չեն առաջացնում, դրանք ուղղակի կուտակումներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ինքնամաքրվում են:
-Իսկ նաբոտյան կիստաներն ի՞նչ բուժում են պահանջում:
-Ոչ մեծ չափերի նաբոտյան կիստաները, որոնք չեն դեֆորմացնում ցերվիկալ կանալը, բուժում չեն պահանջում, կնոջը նեղություն չեն պատճառում…
Նաև կցանկանամ խոսել գինեկոլոգիական շրջանում որովայնի ստորին հատվածի ցավերի մասին: Ի՞նչ կարող են դրանք նշանակել՝ արտաարգանդային հղիություն, ձվարանների ապոպլեքսիա, դաշտանի հետ կապված ցավեր, էնդոմետրիոզ, արգանդի միոմա, փոքր կոնքում գոյացություններ, ձվարանների կիստաներ, փոքր կոնքի օրգանների բորբոքային պրոցեսներ, կպումային պրոցեսներ և այլն: Կարող են նաև ոչ գինեկոլոգիական պատճառով առաջացած ցավեր լինել՝ միզուղիների, ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված և այլն: Այս բոլոր դեպքերում, իհարկե, պետք է կատարվի ՈւՁՀ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց ու հատկապես՝ հղիներին:
-Հղի կանանց խորհուրդ կտամ ավելի պատասխանատու լինել իրենց ներարգանդային կյանքում գտնվող նոր կյանքի նկատմամբ, չուշացնել սկրինինգային հետազոտությունները: Իսկ կանանց առհասարակ՝ խորհուրդ կտամ, որ սիրեն իրենց և տարին գոնե մեկ անգամ այցելեն գինեկոլոգի՝ անկախ այն բանից՝ ունե՞ն խնդիր, թե՞ ոչ, քանի որ ոչ բոլոր հիվանդություններն են գանգատով արտահայտվում: Շատ հիվանդություններ, ախտաբանություններ կան, որոնք գանգատներ չեն առաջացնում, բայց սովորական ՈւՁՀ-ի ժամանակ հայտնաբերվում են, իսկ կինն անգամ տեղյակ չի լինում, որ այդպիսի խնդիր ունի: Այնպես որ՝ պետք չէ ուշացնել այցելությունները բժշկին, քանի որ անգամ օնկոլոգիական հիվանդությունները սկզբնական փուլում հայտնաբերվելու դեպքում լիովին բուժվում են: