«Առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից»
Մեր կյանքն այսօր անվերջ պայքար է, եւ մենք հաճախ մոռանում ենք ամենակարեւորի` սեփական առողջության մասին։ Սակայն ինչ-որ պահի մեր օրգանիզմը սկսում է «ըմբոստանալ» նման անխնա վերաբերմունքից, օգնության կարիք ենք ունենում ու ստիպված դիմում ենք համապատասխան մասնագետի: Առողջության վերականգնումը պահանջում է նախ գտնել հիվանդության պատճառը, ճշտել, թե որ ուղղություններով է այն ազդել, ինչպիսի վնասներ է հասցրել օրգանիզմին, եւ միայն դրանից հետո մշակել բուժման այնպիսի ծրագիր, որը թույլ կտա առանց վնաս հասցնելու առավելագույն օգուտ ստանալ: Չէ՞ որ բժշկության հիմնական կարգախոսն է` չվնասել:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան, «NAIRI-COXA» կլինիկայի առաջատար մասնագետ, ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժիշկն իր գործի գիտակն է, բժիշկ դառնալու թիվ մեկ պայմանն ու գերագույն պահանջը համարում է ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելը: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք ժամանակին համընթաց: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես: Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:
-Պարո՛ն Հարությունյան, խոսենք կոքսարթրոզի եւ գոնարթրոզի մասին։
-Կոքսարթրոզը եւ գոնարթրոզը արթրոզների տեսակներ են, կոքսարթրոզը՝ կոնքազդրային հոդի, գոնարթրոզը՝ ծնկահոդի։ Կախված հիվանդության աստիճանից, դեֆորմացիայից եւ հիվանդների գանգատներից, բուժման տարբեր մոտեցումեր կան: Արթրոզների վերջնական բուժումը էնդոպրոթեզավորումն է՝ արհեստական հոդի տեղադրումը, բայց մինչ այդ նախապես պացիենտն անցնում է մանրակրկիտ հետազոտության փուլեր: էնդոպրոթեզավորումը, իհարկե, արդյունավետ ելք է, եւ մենք դրանով զբաղվում ենք խիստ մասնագիտացված. շատ արագ եւ որակով իրականացվում է գրագետ վիրահատական միջամտություն, անցնում ենք շատ ճիշտ հետվիրահատական ռեաբիլիտացիա, պացիենտին արագ ոտքի ենք կանգնեցնում՝ ազատելով ձեռնափայտերից։ Մինչ այդ, երբ արթրոզները չեն հասել իրենց, այսպես ասած, զարգացման ավարտին, կարելի է պայքարել հոդի կյանքի երկարացման համար։ Արդի բժշկական մոտեցումների մեջ կան բիոօրթոպեդիայի տեխնոլոգիաների ոչ միայն հիալուրոնաթթվի ներարկումներ, այլ պլազմոթերապիա՝ արյան շիճուկի տարբեր խտության ներարկումներ, եւ համաշխարհային բացառիկ նորույթը, որը հասցրել ենք Հայաստան, ցողունային բջիջների ներարկման մեթոդն է, որի արդյունքում ունենում ենք հոդի որակի խիստ լավացում: Վերապատրաստում անցնելուց հետո այդ մեթոդը բարեհաջող կիրառել ենք մեր պացիենտի վրա եւ շարունակելու ենք կիրառել այլ պացիենտների վրա նույնպես, քանի որ այն բավականին լավ արդյունքներ է գրանցում ամբողջ աշխարհում։ Մենք առաջարկում ենք արթրոզների բուժման լայն սպեկտր՝ սկսած ներարկումներից (բայց արդեն բիոօրթոպեդիայով, ոչ թե հասարակ սիլիկոնային ներարկումներով) եւ ավարտելով էնդոպրոթեզավորմամբ։
-Կխոսե՞ք օստեոպորոզի մասին։
-Օստեոպորոզը, երեւի թե, աշխարհի ամենամեծ պրոբլեմներից է, այն շատ ցայտուն արտահայտվում է կանանց մոտ հորմոնային շեղումների ֆոնի վրա: Ուզում եմ նշել, որ հիվանդությունը «երիտասարդացում է ապրել» եւ պետք է հսկվի, քանի որ բարձիթողի վիճակում մնալու արդյունքում ունենում ենք հոդերի դեֆորմացիայի եւ ցավային համախտանիշների բարդագույն խնդիրներ։ Ռեաբիլիտացիոն թերապիայով եւ դեղորայքային բուժմամբ իրականացվում է հիվանդության ընթացքի հսկողությունը։
-Բացի օստեոպորոզը, ուրիշ ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում ապրել»։
-«Երիտասարդացում ապրել է» ոսկրերի ասեպտիկ նեկրոզը, որը COVID 19-ի հետեւանք է: Այդ հիվանդությունը ոսկրի որոշակի հատված, ամենաշատը՝ ազդրի գլխիկն է ընդգրկում, որի հետեւանքով կոճերը կորցնում են իրենց սնուցումը, եւ ՄՌՏ ու ԿԱՏԵ հետազոտման պատկերում տեսնում ենք սնուցման պակաս: Դրա դեմ պետք է լրջագույն պայքար տանել, իսկ բուժման համար կիրառվում է արդիական բուժման մեթոդ համարվող ցողունային բջիջների մեթոդիկան, որը փրկություն է այս հիվանդության դեպքում:
-Իսկ հալուքս վալգուս հիվանդությունն ի՞նչ է իրենից ներկայացնում։
-Հալուքս վալգուսը (hallux valgus) հիվանդություն է, որի ժամանակ ոտնաթաթի առաջին մատը ծռվում եւ շեղվում է դեպի մյուս մատները: Ժողովրդական լեզվով դրանց հաճախ կոճեր են անվանում: Շատ կարեւոր է դրանց բուժելը, քանի որ, բացի էսթետիկ տհաճ տեսքը, դրանք փոխում են ծանրաբեռնվածության աստիճանը ոտքի վրա՝ առաջացնելով շարունակական խնդիր կմախքի համար։ Վիրահատությունը տալիս է արագ արդյունք. մոտավորապես չորս-հինգ շաբաթ է տեւում վերականգնողական շրջանը: Վիրահատությունից հետո պացիենտը կրում է մասնագիտացված օրթոպեդիկ կոշիկներ, ազատվում թե՛ կոսմետիկ, թե՛ օրթոպեդիկ խնդիրներից։
-Էնդոպրոթեզավորումից հետո ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը։
-Մեր բաժանմունքը խիստ մասնագիտացված է էնդոպրոթեզավորման մեջ, մենք աշխատում ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան, մասնագիտացում անցնելու համար վերապատրաստումների մեկնում ենք բավականին երկար ժամանակով՝ երեք ամիս աշխատելով Եվրոպայում։ էնդոպրոթեզավորումն իրականացվում է 40-50 րոպեում, վիրահատությունից երկու ժամ անց հիվանդը քայլում է հենակներով, երկրորդ օրը բարձրանում եւ իջնում է աստիճանավանդակով, դուրս է գրվում երրորդ օրը եւ հենակներից ազատվում 4-5 շաբաթ հետո։ Դա լավագույն կլինիկաների վիճակագրությունն է, որը մեկ տարուց ավելի հաջողությամբ կիրառում ենք Հայաստանում: Նշեմ նաեւ, որ արտերկրներից (ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան եւ այլն) էլ շատ պացիենտներ ունենք, ովքեր մեզ մոտ են գալիս, որովհետեւ իրենց երկրներում հերթերը շատ են, գները՝ թանկ:
-Պետության կողմից ֆինանսավորում ստանո՞ւմ են սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մարդիկ։
-Այո, ոչ միայն պրոթեզավորման, այլ նաեւ որոշ այլ հիվանդությունների դեպքում հատուկ խմբերում ընդգրկված մարդիկ պետության կողմից աջակցություն ստանում են։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկության ապագան հուսալի՞ ձեռքերում է։
-Մեր թիմը բավականին մեծ եւ հզոր է, որի անդամներն իրենց լավագույն ձեւով են դրսեւորում աշխատանքում, եռանդուն, պրպտող, ձգտող երիտասարդներ, բանիմաց, լավ կադրեր ունենք։
-Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Վստահ կարող եմ իմ առաջին ուսուցիչ համարել Վիգեն Աշոտի Մարգարյանին, իմ ուսուցիչներից է նաեւ հարգարժան Հմայակ Սարգսի Գրիգորյանը: Հետագայում իմ կայացման մեջ ամենամեծ դերը, իհարկե, խաղացել են Ֆինլանդիայի «Կոքսա» էնդոպրոթեզավորման կլինիկայի լավագույն մասնագետները, նրանց թվում՝ Էրիք Վիտան, ում հետ մինչ օրս շատ սերտ ընկերական կապերի մեջ եմ։
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ ամեն մեկը զբաղվի իր գործով, իր ոլորտում միայն նեղ մասնագիտացում անցնելուց հետո ծավալի աշխատանքային գործունեությունը: Եթե բժիշկը նույնիսկ լավագույնն է իր գործում, բայց չի կարողանում շփման եզրեր գտնել իրեն դիմող պացիենտների հետ, ապա բժշիկ կոչվելու իրավունք չունի։ Բժիշկն իրավունք չունի էթիկայի նորմերից դուրս իրեն ինչ-որ բան թույլ տալ, եւ կցանկանամ, որ այդ նորմերը երբեւէ չխախտվեն։ Ոչ բոլորը կարող են բժիշկ դառնալ, երկար տարիներ մնալ այդ ասպարեզում եւ բարձր դիրքերում պահել իրենց փառքն ու հարգանքը: Մասնագիտությունը ապրելակերպ է, կենսակերպ ու նաեւ՝ առաքելություն: Աշխատանքի ընթացքում լինում են հիասթափության պահեր, բայց չպետք է ընկճվել եւ դոփել տեղում, լճանալ: Ով սիրում է իր մասնագիտությունը, ընկճվելու իրավունք չունի, նա պիտի շարունակի իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իրեն եւ Հիպոկրատին տված երդմանը: Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է: Բոլորիս ցանկանում եմ առողջություն, սեր, բարեկեցություն եւ անամպ երկինք: Կցանկանամ, որ հասարակությունը լինի միշտ առողջ եւ ինքնաբավ, հասկանա, որ իր կյանքն իր ձեռքում է, սիրի իր ես-ը, լինի կամեցող: Իրականում շահում է նա, ով ավելի դիմացկուն է ու կամեցող: Կցանկանամ լինեն ավելի համբերատար, սիրեն իրենց եւ իրենց շրջապատող աշխարհը:
Որպես վերջաբան ուզում եմ հիշեցնել Շոպենհաուերի հետեւյալ միտքը. «Առողջությունն այն աստիճան է հավասարակշռում կյանքի մնացած բարիքներին, որ, իրականում, առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից»: