ԱՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ Featured

(0 votes)
There is no translation available.

Բնական ճանապարհով ծննդաբերությունը մնում է ամենանախընտրելի տարբերակը

Մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով  տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից. կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ պրոֆիլակտիկ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր փուլերում: Իսկ բժշկի աշխատանքում վստահությունը շատ կարեւոր է. երբ հիվանդը ճանաչում է բժշկին, նա չի բարդույթավորվում տարբեր խնդիրներով դիմելիս: Ջերմ հարաբերությունների շնորհիվ բժիշկը նաեւ տեղյակ է լինում ընտանիքի հոգեբանական, սոցիալական ու անգամ ժառանգական առանձնահատկություններին, ինչը հեշտացնում է բուժման ու հիվանդությունների կանխարգելման ընթացքը:                          

http://bestgroup.am/  զրուցակիցն է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի եւ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ  հիմնականում զբաղվում է ծննդօգնությամբ եւ  հղիության վարումով, երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բժշկուհու պրակտիկայում քիչ չեն նաեւ դեպքերը, որ իր մոտ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ եկել:
-Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում մեծացել է անպտղության դեպքերի թիվը: Որո՞նք են դրան նպաստող հիմնական գործոնները:
-Անպտղության պատճառները բազմաթիվ են, սակայն դրան նպաստող առաջնային գործոններից են բորբոքային հիվանդությունները, որոնց առաջացմանն էլ նպաստում են միգրացիոն պրոցեսների ակտիվացումը եւ դրա հետեւանքով ինֆեկցիաների ավելի մեծ տարածումը, վատ էկոլոգիան ու անառողջ սնունդը, հորմոնալ ֆոնի խանգարումներն ու սթրեսները, ինչպես նաեւ  տղամարդկային անպտղության գործոնը: Հենց այդ պատճառով շեշտակի մեծացել է կնոջը մայրության բերկրանք պարգեւելու գինեկոլոգի դերակատարությունը:
-Զույգերը պետք է միասի՞ն դիմեն բժշկի:
-Ցանկալի է՝ դիմեն մինչ ամուսնությունը, որպեսզի ստուգվեն հետագա հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու համար: Կան հիվանդություններ, որոնք նպաստում են հղիության ընթացքի բարդացմանը, օրինակ, սեռավարակները, էնդոկրին բնույթի խնդիրները եւ  թրոմբոֆիլիաները, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն: Կյանքի ընթացքում այդ հիվանդությունը նշաններ ցույց չի տալիս, բայց հղիության ժամանակ գլուխ է բարձրացնում:

-Որո՞նք են սեռավարակների տեսակները:
-Սեռավարակներ համարվում են այն հիվանդությունները, որոնք հիմնականում սեռական ճանապարհով տղամարդուց կնոջն են փոխանցվում, կնոջից՝ տղամարդուն: Երբեմն սեռավարակներով վարակումը կատարվում է վարակակիր արյան հետ շփումից կամ ուղղահայաց ճանապարհով՝ մորից պտղին: Սեռական հարաբերությունների սկզբում հաճախ չեն բավարարում վերարտադրողական եւ սեռական առողջության հարցերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքները: Սեռավարակները հասարակական առողջապահության համար շատ կարեւոր խնդիր են, բայց անհրաժեշտ հակաբիոտիկների եւ ստանդարտացված բուժման ուղեցույցների օգտագործման դեպքում դրանք ենթարկվում են կանխարգելման եւ արդյունավետ բուժման: Բացի սեռավարակներով վարակվելու բարձր վտանգից, որպես անպաշտպան սեռական հարաբերությունների արդյունք, աճում է վերարտադրողական առողջության այլ խնդիրների ռիսկը, այդ թվում՝ անցանկալի հղիությունը եւ վաղ տարիքում անապահով արհեստական վիժումները:
-Ո՞րն է համարվում անպտղության շեմը:
-Եթե զույգերը ակտիվ սեռական կյանք են վարում եւ չեն պաշտպանվում մեկ տարի, դրանից հետո հղիություն չգրանցվելն արդեն համարվում է առաջնային անպտղություն: Այդ դեպքում կինը պետք է դիմի բժշկի, եւ պետք է հետազոտվեն թե՛ ինքը, թե՛ ամուսինը, որպեսզի հասկանալի լինի չհղիանալու պատճառը: Տարիքային շեմ կարող ենք համարել մինչեւ 45 տարեկանը, բայց, իհարկե, լինում են նաեւ հրաշքներ, երբ կինը հղիանում է 48 եւ ավելի մեծ տարիքում:
-Ի՞նչ կասեք կեսարյան հատման մասին, որին հաճախ դիմում են երիտասարդ հղիները:
-Կեսարյան հատումը ծննդաբերության վիրաբուժական մեթոդ է: Այն հիմնականում իրականացվում է հղիության 39-րդ շաբաթից հետո, երբ երեխան լիովին զարգացած է եւ կենսունակ: Երբեմն հարկ է լինում ծննդօգնության նման տարբերակի գնալ ավելի վաղ շրջանում՝ ելնելով հղիի կամ պտղի առողջական վիճակից:
-Ինչո՞ւ են դիմում կեսարյան հատման:
-Երբ բնական ծննդաբերական ուղիներով երեխայի ծնունդը վտանգված է կամ կան խոչընդոտներ, ծննդօգնության միջոց է ընտրվում կեսարյան հատումը: Երբեմն այդ վիրահատությունը պլանավորվում է հղիության ավելի վաղ փուլերում, սակայն հիմնականում որոշումը կայացվում է ծննդաբերության ժամանակ, երբ առաջանում են բարդություններ: Կեսարյան հատումը կատարվում է ըստ ցուցումների, որոնք բազմաթիվ են:

-Ինչպիսի՞ ռիսկեր ունի կեսարյան հատումը:  
-Գնալով կեսարյան հատումը դառնում է ծննդօգնության ավելի ու ավելի տարածված մեթոդ, սակայն այն, այնուամենայնիվ, վիրաբուժական միջամտություն է, ինչը կրում է որոշակի ռիսկեր թե՛ մոր, թե՛ երեխայի համար: Բնական ճանապարհով ծննդաբերությունը մնում է ամենանախընտրելի տարբերակը բարդությունների բացակայության դեպքում:
Ես կտրականապես դեմ եմ առանց ցուցումների կեսարյան հատմանը, որովհետեւ որովայնի բոլոր շերտերը, առողջ օրգանը՝ արգանդը, վնասվում են երեխային դուրս բերելու ժամանակ: Երիտասարդները ցանկանում են հեշտ ունենալ երեխային, բայց չեն գիտակցում հետագա հետվիրահատական բարդությունները: Մենք ունենք բազմաթիվ ցավազրկման միջոցներ, որոնք հեշտացնում են ծննդաբերության ընթացքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ կանանց հորդորում է հակացուցումներ չլինելու դեպքում նախընտրել բնական ծննդաբերությունը:

-Ի՞նչը կարող է լինել կնոջ մոտ արյունահոսության պատճառը:
-Արյունահոսության դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի: Կան ներքին եւ արտաքին արյունահոսություններ, ներքինի վտանգը մեծ է, ցավերը ուժեղ են լինում, դա կարող է արտարգանդային հղիության կամ ձվարանի կիստայի պատռվածքի ահազանգ լինել, կարող են լինել նաեւ էնդոկրին խանգարումներ, էնդոմետրիումի պոլիպներ եւ գերաճ: Իսկ ուժգին ցավի առկայության դեպում, պարզ է, միանգամից կդիմեն բժշկի:  
-Որո՞նք են դաշտանային ցիկլի խանգարման պատճառները:
-Դաշտանային ցիկլի խանգարման պատճառները բազմազան են՝ սկսած էնդոկրին բնույթի խանգարումներից: Կարող է լինել դաշտանային ցիկլի խանգարում, երկարատեւ դաշտան, արյունահոսություն, մի քանի ամիս չլինելուց հետո կարող են ունենալ ոչ ռեգուլյար բնույթի երկարատեւ դաշտան, արդյունքում հայտնաբերվում են էնդոմետրիումի գերաճեր: Դրանց բուժումը վիրահատական է, մեծամասամբ հիտերոսկոպիայով է կատարվում, լորձաթաղանթը զգուշությամբ հեռացվում է, որից հետո ուղարկվում է զննման, որպեսզի հասկանանք բուն պատճառը, ինչու ոչ, հերքվի նաեւ չարորակ գոյացության առկայությունը:
-Դաշտանային ցիկլի ո՞ր խանգարման դեպքում պետք է անհանգստանալ:  
-Ցանկացած տիպի խանգարում, իհարկե, վտանգավոր է եւ պահանջում է մանրակրկիտ հետազոտություն: Անհանսգտանալ պետք է, եթե դեռահասության շրջանում չի հայտնաբերվում ցիկլի խանգարման պատճառը:

-Ի՞նչ հետազոտություններ են արվում դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ:
-Հետազոտությունները տարբեր են: Առաջին փուլում անամնեզ՝ արտաքին զննում, գինեկոլոգիական զննում: Իրականացվում են նաեւ հորմոնալ հետազոտություններ:
Եթե դաշտանային ցիկլի խանգարումների պատճառը հորմոնալ է, ապա բուժումն իրականացնում է բժիշկ-էնդոկրինոլոգը:

-Կա՞ն հիվանդություններ, որոնք «երիտասարդացում» են ապրել:
-Արգանդի պարանոցի քաղցկեղը երիտասարդացում է ապրել, որի հիմնական պատճառը պապիլոմա վիրուսի զարգացումն է:

-Հե՞շտ է ամեն օր գործ ունենալ մարդկային կյանքերի հետ:
-Իհարկե հեշտ չէ: Հատկապես ծննդաբերության ժամանակ գործ ունես միանգամից երկու կյանքի հետ, ինչը մեծ պատասխանատվություն, հսկայական նյարդային ու ֆիզիկական  էներգիա է պահանջում: Մեր աշխատանքային օրն իրականում երբեք սովորական աշխատանքային ռեժիմով չի սահմանափակվում. եթե անհրաժեշտ է, ցանկացած  ժամի պիտի օգնություն ցուցաբերես հիվանդին սեփական առողջության, քնի ու հանգստի, ինչու ոչ, նաեւ սեփական ընտանիքի հետ լինելու հաշվին: Հեշտ ճանապարհ չէ, կարեւորը՝ գիտակցված լինի ընտրությունդ:

-Հայաստանում սովորաբար դիմում են բժշկին, երբ արդեն հիվանդությունը խորացել է: Այդ առումով փոփոխություններ չե՞ն նկատվում:

-Իրականում այդ խնդիրը կա, բայց հուսադրող է, որ մի քանի խմբերի շրջանում կան դրական տեղաշարժեր: Կանայք ավելի շատ են սկսել հետեւել իրենց առողջությանը, ավելի տեղեկացված են ու սկսել են հիվանդությունների ու խնդիրների ի հայտ գալու ավելի վաղ շրջանում դիմել բժշկին:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Խելացի են, պրպտող, ճկուն են մտածում ու, եթե ընտրել են այս մասնագիտությունը, ուրեմն գիտակցորեն են մոտեցել այդ հարցին, սիրով են կատարել ընտրությունը:  
 -Ի՞նչ կմաղթեք եւ խորհուրդ կտաք հանրությանը, հատկապես՝ կանանց:
-Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի վաղ ախտորոշվեն հիվանդությունները եւ հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված, մայրանան եւ վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը։ Ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ, միշտ գեղեցիկի հետ շփվեն, լինեն կյանքով լի, հեռու պահեն իրենց սթրեսային իրավիճակներից: Ցանկացած դժվարին իրավիճակում պետք է շարունակել ապրել, Աստծո ներկայությունը մեր մեջ, հավատքը մեզ օգնում է ամեն հարցում:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր