Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
Written by LusineՄենք ենք մեր կրթության ճարտարապետները
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել՝ հարստացնելով մարդու միտքն ու աշխարհայացքը: Կրթված մարդը, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը շրջապատում: Կրթությունը գիտելիքների մի աղբյուր է, որը չունի ավարտ: Կրթված լինելու գրավականը որակյալ կրթությունն է:
Ասօրվա կրթական համակարգի որակի շուրջ ծավալված մեր զրույցը Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն ՀԱՅԿԱԶՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ է, ով տարիներ շարունակ այդ գործում ներդրել է իր ողջ ուժն ու եռանդը:
-Պարո՛ն Նավասարդյան, մի փոքր պատմեք դպրոցի անցած ճանապարհի մասին:
-ԽՍՀՄ-ում 1963թ.-ից սկսած`ստեղծվեցին ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության դպրոցներ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, իսկ 1965 թվականին`նաև Անդրկովկասում: Դրանց հիմնական նպատակը բնագիտությունը, մասնավորապես` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները զարգացնելն էր:
Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը կառավարության որոշմամբ հիմնադրվել է 1965 թվականին` ակադեմիկոս, գիտնական, մաթեմատիկոս, լավ մանկավարժ և հայրենասեր մարդ Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ: Ստեղծման առաջին իսկ օրվանից այն ստացավ հատուկ կարգավիճակ, այսինքն` դպրոցի սաներն ունեին այդտեղ գիշերելու հնարավորություն, ինչն առ ասօր պահպանվել է: Դրա նպատակն այն էր, որ հանրապետության մարզերի, ինչպես նաև Ջավախքի, Լեռնային Ղարաբաղի երեխաները կարողանային մնալ դպրոցում: Իսկ նրանց սննդով ապահովում էր և շարունակում է ապահովել պետությունը:
Դպրոցը ստեղծման օրվանից համալրված էր լավագույն (ընդ որում, ոչ միայն ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների) մասնագետներով: Ես որպես սան ընդունվել եմ այս դպրոց 1971 թվականին և այդ ժամանակաշրջանից լավ ծանոթ եմ մանկավարժական կազմին ու դպրոցի անցած ճանապարհին: Մեր դպրոցի մանկաավարժական կազմը եղել է ճանաչված թե՛ հանրապետությունում, թե՛ նրա սահմաններից դուրս: Կրթօջախում միշտ հարգի է եղել լավ սովորելը, երեխաներն իրենց բավականին լավ են դրսևորել տարբեր մրցույթներում, մասնավորապես` ինչպես հանրապետական, այնպես էլ, 1993 թվականից սկսած, միջազգային օլիմպիադաներում և միշտ պատվով ու հաղթանակած են վերադարձել դրանցից: Եթե հանրապետությունից օլիմպիադայի ընդհանուր մասնակիցների թիվը, ասենք, վեցն է, ապա դրանցից չորսը հաստատ մեր դպրոցից է: Մենք միշտ փորձել և փորձում ենք պահպանել կրթական որակի բարձր մակարդակը: Լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում` դպրոցը 50 տարուց ավելի հավատարիմ է իր առաքելությանը, և պատահական չէ, որ 2015 թվականին`կրթօջախի 50-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ դպրոցը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց Մովսես Խորենացի մեդալով:
- Ինչպե՞ս է կատարվում աշակերտների ընտրությունը:
-Մեզ մոտ ի սկզբանե ընդունելությունը կատարվում էր 8-10-րդ դասարաններում, իսկ այժմ, երբ արդեն գործում է 12-ամյա կրթական համակարգը, ընդունելությունը 7-րդ դասարանից է: Անցյալ տարի բավականին լուրջ ընդունելության մրցույթ կազմակերպվեց, որի արդյունքում 700 դիմորդից անցավ ընդամենը 150-ը: Մեր դպրոցի հաջողությունների կայացմանը նպաստում են նաև 10 առարկայական խմբակները: Ունենալով լավ մանկավարժական կազմ`փորձում ենք պահպանել տարիների մեզ փոխանցված ավանդույթները, մեր լավագույն կադրերին ճանաչելի դարձնել աշխարհով մեկ:
- Ձեր դպրոցում երեխան ստանում է փայլուն կրթություն, այնուհետև պետք է կրթությունը շարունակի բուհում: Չկա՞ մտավախություն, որ երիտասարդը, արդեն դպրոցում սովորած լինելով նոր մոտեցումներին, այն ավարտելուց հետո կհայտնվի բուհում, որտեղ քիչ բան է փոխվել վերջին 15 տարվա ընթացքում: Այս դեպքում կարող է էլ ավելի ուժեղանալ արտերկրում ուսումը շարունակելու ցանկությունը:
-Երբ կազմվում էր ավագ դպրոցի հայեցակարգը, ես նույնպես համապատասխան հանձնաժողովի կազմում էի, և քննարկումների ժամանակ իմ առաջին հարցը եղել է այն, թե ովքեր են դասավանդելու ավագ դպրոցներում: Եթե իրականում մեր նպատակը մասնագիտացված առարկաների ուղղվածության խնդիրները լուծելն է, ուրեմն պետք է գիտակցենք, որ մեզ բարձրակարգ մասնագետներ են անհրաժեշտ, և առաջնահերթ կարողանանք այդ հարցը լուծել: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ կրթական համակարգը կարգավորելու համար պետք է սկսել բուհական համակարգից, այլ ոչ թե դպրոցից: Օրինակ, եթե մենք դպրոցում անցնում ենք բնագիտություն առարկան, բայց որևէ բուհում այդպիսի մասնագիտություն չունենք, ստիպված ենք լինում «յոլա» տանել այդ առարկան ֆիզիկայի կամ քիմիայի մասնագետների միջոցով: Իսկ դա նշանակում է, որ լուրջ գիտելիքներ չենք տալիս այդ ոլորտում: Այսօրվա մեր բուհերը շարժվում են 60-70թթ. կրթական ծրագրերով, ճկուն չեն, չեն փոխվում: Միանշանակ դպրոցում պետք է լավ մանկավարժ լինի, որպեսզի կարողանա կրթության լավ որակի հիմքը դնել, բայց այսօր մեր մանակավարժական համալսարանի ֆակուլտետներում դասավանդում են այնպիսի մեթոդիկա, որը գիտնականին միգուցե պետք է, բայց ապագա մանկավարժին` ոչ: Այսինքն՝ մանկավարժական համալսարանը պետք է լուծի ոչ թե գիտնականի, այլ լավ մանկավարժ կրթելու խնդիրը: Ես միշտ համարել եմ, որ բարձր` 10-12-րդ դասարաններում շատ առարկաների դասավանդումը խանգարում է երեխային իր մասնագիտական առարկայի մեջ խորանալուն, վնասում ապագա մասնագետներ ձևավորելուն, ուստի այդ առարկաների խնդիրը պետք է լուծվի խմբակների միջոցով: Ի վերջո, եթե ցանկություն ունես քո ոլորտում լինել գերաստղ, ապա միանշանակ պետք է լրացուցիչ աշխատես քեզ վրա: Դասագիրքը համարվում է հանրակրթություն, այսինքն`այն բոլորի համար է ստեղծված, իսկ եթե լավ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս դառնալու ցանկություն ունես, ապա դասագիրքը շատ քիչ է:
Երեխաներ ունենք, ովքեր բավականին լուրջ տիրապետում են ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներին, այսինքն` բուհերի 1-2 կուրսերի ծրագիրը գրեթե գիտեն, բայց ստիպված նստում են 50-60 հոգանոց խմբում, լսում դասախոսություն, որն իրենց չի հետաքրքրում: Իսկ դա կարող է առաջացնել հիասթափություն: Ահա թե ինչու շատերը մտածում են իրենց բարձրագույն կրթությունը արտերկրում շարունակելու մասին, որովհետև արտերկրի բուհը յուրաքանչյուրին մոտենում է յուրովի, մեծ լսարարաններում դասախոսություններ շատ քիչ են կարդացվում: Յուրաքանչյուրն իրեն տրված առաջադրանքն է կատարում: Նրանք շնչելու ժամանակ չեն ունենում, նրանց մոտ կրթական մթնոլորտ է տիրում: Եթե մեր երկրի սոցիալական և տնտեսական վիճակում, ինչպես նաև կրթական որակում էական փոփոխություններ չկատարվեն, ապա միշտ էլ պետք է սպասենք արտահոսքի: Մեր երկրում բուհերում կրթական որակը ցածր մակարդակ ունի, որովհետև ուսանողների մեծ մասը վճարովի համակարգում է սովորում, որը, այսպես թե այնպես, բացասական է անդրադառնում կրթական որակի վրա: Բոլորն էլ ուզում են կրթվել, լավին ու վատին, բազմաթիվ մեդալակիրներին և սովորական ուսանողներին խառնում ենք իրար: Ու մինչև չառաձնացվեն կրթական ծրագրերը լավի ու վատի, մենք լուրջ հաջողություններ չենք կարող ունենալ կրթական ոլորտում:
-Տեղյակ ենք, որ Ձեր դպրոցում գործում է ռոբոտաշինության լաբորատորիա: Կխնդրեինք մի փոքր պատմեք դրա մասին:
- Եթե ասեմ, որ մեր դպրոցը ռոբոտաշինության ոլորտում լուրջ առաջընթաց ունի, ճիշտ չի լինի: Նախ, այդ ոլորտում լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, երկրորդը՝ պետք է հնարավորության ունենանք ազատությանը ձգտող աստիճանի մտքի վերելք ապահովել, այսինքն`ավելի կատարելագործել ռոբոտաշինությունը: Մինչդեռ երեխաներն ավելի խորանում են մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաների մեջ և որոշ բաներ չեն կարողանում ֆիզիկապես հասցնել: Ամբողջ խնդիրն այն է, որ, ցավոք, բնագիտության մասնագիտական խնդիրներից շատերը դրված են ընդամենը 1-2 դպրոցների ուսերին, օրինակ, պետք է մի դպրոցում ծնվեն ռոբոտաշինության լավ մասնագետներ, մեկ այլ դպրոցում` լավ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս: Տաղանդավոր երեխան լավն է շատ ոլորտներում, բայց, ի վերջո, հիմա 21-րդ դարն է, Վերածննդի ժամանակաշրջանը չէ, երբ նույն մարդը և՛ փիլիսոփա է, և՛ բժիշկ: Այնքան է ամեն ինչ խորացել և զարգացել, որ եթե որևէ մեկը ցանկություն ունի մի ուղղվածությամբ զարգանալ, ապա պետք է նեղացնի մասնագիտական ուղղվածությունը: Աշխարհայացքը թող մեծ լինի, եթե նա ցանկություն ունի իր ոլորտում կատարյալ դառնալ: 2-3 հոգով չես կարող որևէ բան անել, դրա համար առաձին մոտեցումներ են պետք: Նշեցի, որ կան խմբակներ, այսօր էլ ցանկություն ունենք բացել քիմայի լաբորատորիա: Մեզ այդ գործում մեծ աջակցություն է ուզում ցուցաբերել պրոֆեսոր, բժշկական համալսարանի քիմիայի հանձնաժողովի նախագահ Լիդա Արշակովնան: Ավագ դպրոցը պետք է կոնկրետ մի ուղղվածության լինի: Անցած տարի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր մեզ, և ես բարձրացրեցի այն հարցը, որ մի քանի լավագույն դպրոցները պետք է մի ուղղվածությամբ լինեն: Մեր դպրոցում, իմ կարծիքով, իմաստ չունի դասավանդել 12-14 առարկա. անցել են 60-ական թվականները: Եթե այսօր երեխան այդքան առարկա սովորի, ապա նա ժամանակ կկորցնի և չի կարողանա համընթաց շարժվել կրթական նորարարությունների հետ իր ընտրած մասնագիտական ուղղվածության մեջ: Այսինքն՝ երեխաները կորցնում են լավագույնը դառնալու հնարավորությունը: Կան տաղանդավորներ, որոնք ձգտում են հասնել կատարելության բոլոր ոլորտներում, բայց պետք չէ տանջել մեր բոլոր երեխաներին:
-Որպես տնօրեն ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր դպրոցի սաներին:
- Բազմիցս ասել եմ, որ կրթական համակարգում փոփոխությունն անհրաժեշտ է: Բայց մենք մի քիչ թերանում ենք հետադարձ հայացք գցել, ինչ-որ ծրագիր կատարելուց հետո լրջորեն ուսումնասիրություն անցկացնել, երբեմն էլ տեսնում ենք բազմաթիվ թերություններ ու չենք ուզում մատնանշել դրանք:
Ես կցանկանամ, որ ոչ միայն մեր սաները, այլ ընդհանրապես ցանկացած սովորող, ուսանող, աշխատող լուրջ մտածեն մասնագիտության ընտրության հարցում, որովհետև երջանկությունը ոչ թե պարզապես բուհ դիմելու, այլ նրա մեջ է, թե ով դարձավ լավ գիտնական, լավ դասախոս կամ լավ շինարար: Երևի թե երջանկությունն այն է, երբ յուրաքանչյուրն իր հոգուն հարազատ, սիրելի գործով զբաղվի, և այդ դեպքում հաստատ գործի արդյունքը շատ ավելի լավը կլինի: Եթե մարդն ուղղակի իր ընտանիքը պահելու համար ընտրում է ինչ-որ մասնագիտություն, ասենք, պատ է շարում, բայց չի սիրում այդ գործը, նրա շարած պատը չի կարող ամուր լինել, քանի որ սիրով չի շարվել: Նույնը վերաբերվում է այլ մասնագիտություններին նույնպես. եթե պարտադրված ես այդ գործն անում, հաստատ դա իր արդյունքը չի տա, պետք է հոգի և սեր ներդնես գործիդ մեջ: Իմ հորդորն է երիտասարդներին. «Փորձեք ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կկարողանաք սիրով կատարել, և ձեր արած գործից հաստատ գոհ կլինեք թե՛ դուք, թե՛ հասարակությունը: Հավատացե՛ք, դա ավելի ազգանվեր գործ է, քան թե որևէ դիպլոմ կամ ինչ-որ մի գիտական աստիճան ստանալը»:
Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող ես օգտագործել աշխարհը յուրովի փոխելու համար
«Բոլորիս հայտնի անժխտելի փաստ է, որ լավագույն կրթության միջոցով կարելի է պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային արժեքները: Հիմնական կրթությամբ դպրոցականը ստանում է այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք բավարար են կյանքում որպես մարդ դրսևորվելու համար»,- ընդգծեց մեզ հետ զրույցում Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի տնօրեն ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Նրա հետ կայացած մեր զրույցում շոշափվեցին ներկայիս կրթական համակարգի որակին և դպրոցին վերաբերող մի շարք այլ հիմնահարցեր:
-Տիկի՛ն Զաքարյան, ե՞րբ է ստեղծվել դպրոցը և ի՞նչ ճանապարհ է անցել:
- Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին, նրա հիմնադիր տնօրեններից է եղել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայրը՝ Գրիգոր Սահակյանը: Դպրոցը պատվով կրում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որը նաև հովանավորել մեր դպրոցը շատ-շատ հարցերում: Օրինակ, ամեն ուսումնական տարվա ավարտին մեր դպրոցի լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտները դրամական պարգևներով խրախուսվում են Էդուարդ Բոյաջյանի անվան հիմնադրամի կողմից: Շատ կցանկանայի, որ մի շարք հարցերում աջակցություն ստանայինք նաև պետության կողմից: Մեր կրթօջախը Մալաթիա-Սեբաստիա համայնքի լավագույն դպրոցներից մեկն է թե՛ կրթական, թե՛ աշակերտների առումով, իսկ մանկավարժական կոլեկտիվը շատ հոգատար է յուրաքանչյուր սանի նկատմամբ, յուրաքանչյուրին մոտենում է յուրովի, բարեխղճորեն լուծում իր առջև ծառացած ամեն մի խնդիր:
-Որո՞նք են եղել դպրոցում Ձեր կատարած առաջին փոփոխությունները:
- Տնօրեն դառնալուց հետո ես ձգտել եմ շարունակել նախորդ տնօրենների ավանդույթները, որոնք իրենց գործը, իմ կարծիքով, բավականին լավ են կատարել: Ես միշտ աշխատում եմ այնպես անել, որ մեր դպրոցի կրթական մակարդակը երբեք չտուժի: Դեռ շատ քիչ ժամանակ է, ինչ տնօրեն եմ աշխատում, և իմ ծրագրերի մաս է կազմում, առաջին հերթին, որոշ դասասենյակների վերանորոգումը: Հովանավորության ակնկալիք ունենք Էդուարդ Բոյաջյանի հիմնադրամի կողմից: Եթե մեզ աջակցեն, շատ լավ կլինի, իսկ եթե ոչ, ապա պետք է աշխատենք մեր ուժերով իրականացնել վերանորոգման աշխատանքները: Դպրոցն այն կրթօջախն է, որը պետության կողմից պետք է ֆինանսավորվի, իսկ դա իրականացվում է ըստ դպրոցի սաների թվի. որքան շատ աշակերտ, այնքան շատ տրամադրվող գումար: Մեր դպրոցը նախատեսված է շուրջ 400 աշակերտի համար, իսկ այս պահին ունենք 481 աշակերտ, որը ես բավարար եմ համարում: Ուզում եմ հատուկ նշել, որ դպրոցը գտնվում է գողտրիկ անկյունում, լավագույններից մեկն է մայրաքաղաքում, և մեզ մոտ այնքան էլ շատ չէ սովորողների շարժը:
- Փաստորեն, կնոջ ուսերին այսօր ծանրացած է մի ամբողջ դպրոց տնօրինելու պարտականությունը, ինչպե՞ս եք հաղթահարում ստեղծված խոչընդոտները:
- Նաև որպես կին, իհարկե, դժվարություններ կան, որոնք փորձում ենք հաղթահարել, աշխատում ենք մեր ուսերի վրա դրած ծանր բեռը պատվով կրել, քանի որ մեր գործը, պարտականությունն է կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին: Աշխատում ենք ուժերի ներածի չափով, մշտապես փնտրտուքների մեջ ենք, կրթական ավելի բարձր մակարդակ, նոր որակ ապահովելու նպատակով անընդհատ փորձում ենք ինչ-որ նորարարություն մտցնել մեր դպրոցի կրթական ոլորտում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր սաների համար դպրոց հաճախելը նաև հաճելի ու հետաքրքիր լինի:
– Ի՞նչ հաջողություններ է արձանագրել դպրոցը մինչ օրս:
- Դպրոցի հաջողություններից կարող եմ առանձնացնել առարկայական օլիմպիադաները, <Կենգուրու>, <Մեղու> և <Ռուսական արջուկ> խաղ-մրցույթները: Մենք լավագույնս մասնակցել ենք այդ մրցույթներին, արժանացել հատուկ մրցանակների, և ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ թե ամեն անգամ նույն աշակերտն է ներկայանում, այլ անընդհատ նոր սաներ են մասնակցում և հաղթում այդ օլիմպիադաներին: Այնպես որ, մեր մանկավարժների կատարած լավագույն աշխատանքի արդյունքը մշտապես երևում է թե՛ մրցույթների ժամանակ, թե՛ ուսումնական տարվա ավարտին:
- Կարո՞ղ ենք ասել, որ մեր երկրում մանկավարժը գնահատված է:
- Իմ կարծիքով` ոչ այնքան: Կցանկանայի, որ մեր մանկավարժն իր ծանր ու պատասխանատու աշխատանքի դիմաց ըստ արժանվույն գնահատվեր պետության կողմից, այլ ոչ թե այդ չնչին աշխատավարձով: Ամեն դեպքում մեր մանկավարժները աշխատավարձին այդքան շատ ուշադրություն չեն դարձնում`շատ լավ գիտակցելով, որ իրենց առջև դրված է, իրենց վերապահված է երեխային ըստ արժանվույն կրթելու անչափ պատասխանատու ու բարդ գործը: Բայց մյուս կողմից էլ բոլորս լավ ենք հասկանում, որ հնարավոր չէ այդ աշխատավարձով ընտանիքի նույնիսկ կենցաղային առօրյա հոգսերը հոգալ: Պետության կողմից աջակցություն չկա, և ուսուցիչն իրեն գնահատված չի համարում, ինչը բարդույթներ է ստեղծում: Հոգեբանորեն գնահատվում են, երբ իրենց աշակերտները հասնում են հաջողությունների կրթական ոլորտում, բայց ֆինանսապես՝ ոչ:
-Որպես տնօրեն, որպես մանկավարժ ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր դպրոցի սաներին:
- Ինքս էլ մանկավարժ եմ, ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ: Բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ մի շարք դպրոցներում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, մինչ օրս էլ դասավանդում եմ մեր դպրոցում: Ի դեպ, մակավարժության բնագավառում իմ արմատները շատ խորն են, և ես արդեն երրորդ սերնդի մանկավարժ եմ: Մենք արմատներով Լեռնային Ղարաբաղից ենք, ծնողներս եղել են մանկավարժներ և մինչ օրս էլ մանկավարժներ են, եղել են դպրոցի տնօրեններ, և այդպես ժառանգաբար ինձ է փոխանցվել այդ մասնագիտությունը: Բայց ես չեմ ցանկանա, որպեսզի իմ տղան ընտրի իմ ուղին, որովհետև այն շատ բարդ է. պետք է աշխատես յուրաքանչյուր երեխայի հետ նախ որպես հոգեբան, ապա նոր միայն որպես մանկավարժ:
Ես միշտ ցանկացել եմ, որ մեր սաները ձևավորվեն առաջին հերթին իրենց մարդ տեսակով, մեծատառով մարդ դառնան: Ինչքան էլ կրթված լինեն, բայց չլինեն բարեկիրթ, լավ մարդ, կամաց-կամաց կհայտնվեն ու կմնան ստվերում: Կցանկանամ, որ կրթություն ստանալուց հետո ճիշտ ուղի ընտրեն, գնահատվեն թե՛ հիմա, թե՛ ապագայում: Կցանկանամ, որ շատ գիրք կարդան, քանի որ երկրորդ պլան է մղվել գիրն ու գրականությունը, որովհետև ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում համացանցն ու համակարգիչը: Նոր սերունդը, նրա տեխնիկական տրամաբանությունը շատ ավելի զարգացած է, բայց կոչ կանեմ ամեն դեպքում երկրորդ պլան չմղել գիրք կարդալը, որովհետև այն նոր, հետաքրքիր հորիզոններ է բացում:
Ես կցանկանամ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի դպրոցների կրթական ծրագրերի վրա, քանի որ, օրինակ, քիմիա և ֆիզիկա առարկաներին տրամադրվող դասաժամերը շատ քիչ են, որի պատճառով տարեցտարի կորցնում ենք շատ գիտական աշխատողներ այդ ոլորտներում, ինչն ինձ համար շատ ցավալի փաստ է:
Եվ վերջում կցանկանայի ասել, որ ինձ համար մեծագույն պատիվ է և մեծ պատասխանատվություն լավագույն անցյալ ունեցող դպրոցում որպես տնօրեն աշխատելը, որն ինձ համար ուղղակի պաշտոն չէ, այլ` առաքելություն. չէ՞, որ հայ դպրոցը հային հայ պահելու միակ դարբնոցն է:
Առողջությունը ամենաթանկ պարգևն է, որն ի վերուստ տրված է մարդուն, իսկ հավատը բժշկի հանդեպ` ամենաթանկարժեք դեղամիջոցը
Բժշկական կենտրոնները Հայաստանում մշտապես գտնվել և գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Մեր զրուցակիցն է ՀՀ վաստակավոր բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը ծավալվեց քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
- Պարո՛ն Շուքուրյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:
- Այստեղ մի քանի գործոն է ազդեցություն ունեցել: Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, և դեռ փոքր տարիքից, կարելի է ասել, շնչել եմ բժշկական մթնոլորտում: Այսինքն` թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ իմ ձևավորման ժամանակ ծնողներս կողքիս էին: Եվ երբ նրանք արդեն, ցավոք, կողքիս չէին, կարողացա ինքնուրույն առաջ շարժվել, որովհետև հիմքն արդեն ամուր էր դրված: Այդ առումով բախտս բերել է, և այսօր, եթե հնարավորություն տրվել կրկին մասնագիտություն ընտել, միանշանակ իմ մասնագիտությունը կըտրեի` քիթ-կոկորդ-ականջաբան:
- Մի փոքր պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:
- Երբ սկսեցի դպրոց հաճախել, ավելի հրապուրվեցի բժշկի մասնագիտությամբ և ձգտեցի խորացնել իմ հետաքրքրությունները, գիտելիքները: Եվ հենց այդ ժամանակ էլ բժշկական ինստիուտ ընդունվելու վերջնական որոշում կայացրեցի, բայց դեռ չէի կողմնորոշվել, թե կոնկրետ որ մասնագիտությունը պետք է ընտրեմ բժշկության բնագավառից:
Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա, որտեղ հինգ տարի ուսումս շարունակեցի. երկու տարի մասնագիտացում` կլինիկական օրդինատուրա, երեք տարի` ասպիրանտուրա: Այնուհետև վերադարձա Հայաստան: Մասնագիտական փորձ ձեռք բերելու համար շատ եմ եղել տարբեր երկրներում, ամենաերկարատևը, թերևս, Գերմանիայի` Մյունխենի հայտնի կլինիկաներից մեկում՝ քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում մասնագիտացումն էր, որի արդյունքում բավականաչափ մասնագիտական փորձ, տարբեր հմտություններ ձեռք բերեցի: Կարելի է առաձնացնել նաև Մոսկվայում ուսանած տարիները: Այդ ժամանակաշրջանը կյանքիս կարևորագույն էջերից է, որն իմ ձևավորման համար բավականին փորձ տվեց: Եվ հենց այնտեղից սկսվեց լսողության վերականգնողական վիրահատությունների ներդրումը Հայաստանում, որն առաջին անգամ մեզ մոտ իրականացվեց 1957 թվականին: Այդ վիրահատությունը Հայաստանում ներդրեց հայրս` հայտնի պրոֆեսոր Կիմ Շուքուրյանը, և հպարտությամբ կարող եմ ասել, որ հետագայում այդ ուղղությունն ավելի ու ավելի զարգացավ, և հիմա մենք կատարում ենք ամենաբարդ վիրահատություններից մեկը` խխունջային ներպատվաստումը, որն իրականացվում է միայն աշխարհի առաջատար կլինկաներում: Մենք շատ մեծ կապեր ունենք նաև Ֆրանսիայի հետ:
<Էրեբունի> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1992թ.` մեր հայրենակից պրոֆեսոր Եղիա Կարապետյանի օգնությամբ: Նա շատ հայտնի է Ֆրանսիայում որպես առաջատար մասնագետ և առաջինն էր, որ այդ երկրում ներդրեց մանկական հասակում խխունջային ներպատվաստումը: Կնքվեց եռակողմ պայմանագիր, ստեղծվեց բաժանմունքը, ընտրվեցին մասնագետներ՝ բաժնի վարիչ, բժիշկներ, քույրեր, որոնք հետագայում ստացան հատուկ մասնագիտացում: Նախաձեռնությունն ամբողջությամբ <Էրեբունի> բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քուշկյանինն էր, ով ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծեց ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպությունը՝ ֆրանսահայ բժիշկների միությունը: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը ծավալվում է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Նորից ասեմ, որ խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնը: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:
Խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան) ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում ներդրվել է 2004 թվականից: Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների շնորհիվ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները, ճիշտ ախտորոշում կատարել: Իսկ դա հնարավորություն է տալիս իրականացնել արդյունավետ բուժում: Սկրինինգի կարևորությունն այն է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները, և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է: Ընդ որում, լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար, և համապատասխան սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում:
Այս տարի լռանում է մեր կլինկայի ստեղծման 25 տարին, և կարծում եմ`այդ տարիների ընթացքում բավականին արդյունավետ աշխատել ենք և շարունակում ենք աշխատել:
- Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ներկայումս ո՞ր խնդիրներն են գերակա:
- Նույն խնդիրներն են, որոնք հատուկ են նաև այլ երկրների կլինիկաներին. դրանք լսողությունը վերականգնող վիրահատություններն են, ծանր հիվանդների հաշվառումը, նրանց թե՛ բուժական, թե՛ սարքերի առումով օգնության տրամադրումը: Մյուս խնդիրը ներքթային էդոսկոպիկ վիրահատությունն է, որը վերջերս բավականին զարգացավ Հայաստանում: Կարելի է նշել նաև կոկորդի, այսպես կոչվող, ներդիտակային վիրահատությունը:
Եվ ամենակարևորը, իհարկե, ուսուցումն է ու փորձը, որը ցանկանում ենք սիրով փոխանցել մեզ հաջորդող սերնդին՝ ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և մասնագիտացողներին, ինչն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի բազայի հիման վրա: Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր կլինիկաներում` <Աստղիկ>, <Արմենիա>, <Նաիրի> և <Արաբկիր> բժշկական կենտրոններում, համալսարանի կլինիկական համալիրում: Սերտ կապեր ունենք նաև Հայաստանի տարբեր մարզերի հետ, փորձում ենք համախմբվել. ամեն ամսվա վերջին երկուշաբթին հանդիպումներ ենք կազմակերպում:
-Ըստ Ձեզ, ԼՕՌ վիրաբուժությունն այսօր զարգացա՞ծ է մեր երկրում, և բոլոր հիվանդները կարո՞ղ են բուժվել հենց մեր երկրում:
- Մենք, ամեն դեպքում, փորձում ենք ներդնել բոլոր առաջատար տեխնոլոգիաների վիրահատության ձևերը: Ես չեմ կարող բացառել նաև, որ մեր նման մասնագիտական բուժում չի անցկացվում արտերկրում: Կան դեպքեր, երբ բացակայում են տարբեր բուժսարքավորումներ, և մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ամբողջական բուժումը կատարվի մեր երկրում:
–Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
- Կցանկանայի, որ մեր ազգը լիներ առողջ: Կոչ եմ անում, որ, ձևավորվան օրվանից սկսած, մտածեն իրենց առողջության մասին, առողջ ապրելակերպով ապրեն, սպորտով զբաղվեն, ունենան առողջ հայկական ընտանիք և հնարավորինս աջակցեն միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատևման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է: