Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ՏԱՐԱԾՎԱԾ Է «ԴԵՂԱՏՆԱՅԻՆ» ԲՈՒԺՈՒՄԸ
Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների գրեթե ամբողջ ծավալը՝ նորագույն մեթոդների կիրառմամբ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ՔԿԱ ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից, իսկ վիրահատական միջամտությունների դեպքում՝ խուսափել հետվիրահատական բարդություններից: Կահավորված, նորագույն սարքերով համալրված քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում փորձառու և բանիմաց բուժանձնակազմը` պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ, ջանք չի խնայում հնարավորինս արդյունավետ և որակյալ ծառայություններ մատուցելու հիվանդների շուտափույթ առողջացումն ապահովելու համար:
Մեր զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆՆ է: Հիանալի մարդ, իր գործի գիտակ, բժիշկ, ով պատրաստ է ամենայն մանրամասնությամբ ու մատչելի բացատրել հիվանդության սկզբնաղբյուրները և բուժման ընթացքն իր առանձնահատկություններով ու նրբություններով:
- Պարոն Խանդանյան, խնդրում ենք համառոտ ներկայացնել Ձեր աշխատանքային ուղին:
- 1993թ. Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) կարմիր դիպլոմով ավարտելուց հետո նույն համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում անցել եմ կլինիկական օրդինատուրա` «էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա: Այն ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի նույն հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Մինչև 2005թ. դասավանդել եմ Հայկական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) ամբիոնում, իսկ 2005թ. սկսած առ այսօր դասավանդում եմ ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2004 թվականին պաշտպանել եմ գիտական թեզ`ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ. Սկսած` այդ նույն ամբիոնի դոցենտ եմ: 2010-2015թթ. աշխատել եմ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն» ՓԲԸ գլխավոր խմբագիր և տնօրեն` միաժամանակ շարունակելով իմ գիտական և բժշկական գործունեությունը ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում։ 2011-2015թթ. աշխատել եմ ՀՀ Առողջապահության նախարարության կլինիկական հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ:
Շուտով կավարտեմ դոկտորական գիտական թեզի մշակումը, որը վերաբերում է խռմփոցին և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգերին:
- Իսկ Ձեր բաժանմունքում կամ ամբիոնում կատարվո՞ւմ են արդյոք գիտական աշխատանքներ, և ի՞նչ ուղղվածություն ունեն դրանք:
-Պետք է նշեմ, որ մեր բաժանմունքում՝ պրոֆեսոր Շուքուրյանի ղեկավարությամբ կատարվել և կատարվում են այդ ոլորտին առնչվող տարբեր ուղղվածության գիտական աշխատանքեր, որոնք վերաբերում են քթի, ըմպանի, կոկորդի և ականջի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման առավել արդյունավետ եղանակներին ու նոր մոտեցումններին: Այդ ամենը գալիս է բաժանմունքի ղեկավարից, քանի որ պրոֆեսոր Շուքուրյանը պարտադրում ու, միևնույն ժամանակ, հնարավորինս աջակցում է ինչպես մեր բաժանմունքի, այնպես էլ ամբիոնի մյուս բժիշկներին՝ զբաղվելու գիտական աշխատանքով ու նպաստում նրանց առաջընթացին, որը շատ ողջունելի է և հետաքրքիր: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բազմաթիվ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել նման գիտական աշխատանքներ: Մեզ մոտ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ: Առաջին անգամ մեր բաժանմունքում են կատարվել սենսոնևրալ ծանրալսությամբ տառապող երեխաների լսողության վերականգնման վիրահատությունները: Գիտական աշխատանքների և կատարված բազմաթիվ հետազոտությունների շնորհիվ առաջարկվել են տարբեր վիրահատությունների ձևափոխված նոր եղանակներ, որոնք նպաստել են վիրահատական արդյունքների արդյունավետության բարձրացմանը:
- Բժիշկ, ասում են, որ քթային դժվարաշնչությունը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ լինել: Արդյոք դա այդպե՞ս է, և որո՞նք են քթային դժվարաշնչության հիմնական պատճառները:
- Ասեմ, որ քթային դժվարաշնչությունն իսկապես կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման պատճառ կարող են լինել արտաքին քթի և քթի միջնապատի դեֆորմացիաները, քթի խեցիների հիպերտրոֆիան, քթի հարակից խոռոչների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, հատկապես՝ պոլիպոզ ռինոսինուսիտները, երեխաների մոտ ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիան, ինչպես նաև քմային նշիկների մեծացումը, որը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, և այլ ախտաբանություններ։ Քթային դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է թթվածնի պակաս, որը կոչվում է հիպօքսիա: Վերջինս էլ կարող է տարբեր օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարման, հատկապես ստորին շնչառական ուղիների և սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Քթային դժվարաշնչության հետևանքով հիվանդները հաճախակի նշում են գլխացավեր, հոգնածություն, խանգարվում է նաև գիշերային քունը, որի արդյունքում խաթարվում է մարդկանց առօրյա գործունեությոնը: Տվյալ անձինք կարող են ունենալ ցերեկային քնկոտություն, աշխատունակության անկում, լինում են ավելի հոգնած, վատանում է նրանց կյանքի որակը։ Դա հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քթային դժվարաշնչությունը զուգորդվում է գիշերային քնի ընթացքում առաջացող շնչառական կանգերով, որը հայտնի է որպես քնի օբստրուկտիվ ապնեա համախտանիշ։ Վերջինս առողջության լուրջ խնդիր է և կարող է սրտամկանի կաթվածի, ինչպես նաև հանկարծամահության առաջացման պատճառ դառնալ: Երեխաների մոտ քթային դժվարաշնչությունն ու շնչառական կանգերը կարող են նպաստել դիմային ոսկրերի ձևախախտմանը, աճի ու մտավոր զարգացման խանգարմանը, ուսումնական գործընթացի դժվարացմանը: Իհարկե, այս բոլոր խնդիրներն ունեն լուծումներ, սակայն մեր բնակչությունը հաճախ ժամանակին չի դիմում բժշկի, որպեսզի հիվանդությունը հնարավորինս շուտ ախտորոշվի, և հնարավոր լինի կանխարգելել հետագա բարդությունները:
- Վերջին տարիներին քիթ-կոկորդ-ականջի ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում քաղաքացիները:
- Անկեղծ ասած, մարդկանց՝ տարբեր հիվանդություններով դիմելիությունը նույնն է, սակայն պետք է նշել, որ որոշակի հիվանդություններ ունեն սեզոնային բնույթ, օրինակ, ալերգիկ ռինիտները, որոնք գարնանը` ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում, ավելի սրանում են, և տվյալ հիվանդների քանակը շատանում է։ Կարող եմ նշել նաև սուր տոնզիլիտները, որոնք ձմռան և ամռան ամիսներին ավելանում են: Պետք է հավելեմ, որ նկատվում է ալերգիկ ռինիտով հիվանդների քանակի աճ, որը, հավանաբար, պայմանավորված է մթնոլորտային օդի աղտոտմամբ, ծաղիկների փոշոտմամբ, սննդով և այլն:
-Արդյոք հակվա՞ծ եք այն մտքին, որ տեխնիկայի պակասը կարող է լրացնել բարձրակարգ հմտությունների տեր բժիշկը:
- Իհարկե, տեխնիկայի պակասը հնարավորինս լրացվում է բժշկի բարձր որակավորմամբ, սակայն բարձրակարգ տեխնիկան, միանշանակ, առավելագույնս հեշտացնում է բժշկի աշխատանքը, ինչպես նաև կարող է նպաստել վիրահատությունների որակի լավացմանը: Մենք ունենք բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները բժշկական լավագույն ծառայություններն ապահովելու համար: Ունենք նույնիսկ որոշ սարքավորումներ, որոնք Երևանի շատ-շատ կլինիկաներում չկան:
- Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:
- Մեր բաժնի ղեկավար պրոֆեսոր Շուքուրյանի շնորհիվ ստեղծված են բավականին ամուր կապեր եվրոպական և ամերիկյան տարբեր բժշկական հաստատությունների հետ, և մեր բժիշկների մեծ մասը առնվազն տարին մեկ անգամ վերապատրաստման նպատակով մեկնում է արտասահմանյան տարբեր կլինիկաներ։ Մասնակցում ենք տարբեր միջազգային գիտաժողովների, միջոցառումների, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ միջազգային փորձին: Կատարվում է փորձի փոխանակում, համեմատում ու գնահատում ենք նրանց և մեր բուժման եղանակների արդյունավետությունը։ Ու պետք է նշեմ, որ մեր և միջազգային բազմաթիվ կլինիկաներում կատարվող բուժման եղանակներն ու արդյունավետության աստիճանը գրեթե չեն տարբերվում միմյանցից: Ուղղակի կա հիվանդների դիմելիության քանակական տարբերություն։
- Կխնդրենք մի փոքր խոսել ծանրալսություն հիվանդության մասին:
- Ծանրալսության առաջացման պատճառները տարբեր են: Տարբերում են հաղորդչական ու սենսոնևրալ տիպի ծանրալսություն: Առաջին դեպքում ախտահարվում է ձայն հաղորդող, իսկ երկրորդում՝ ձայն ընկալող ապարատը: Բոլոր դեպքերում բուժման մոտեցումները տարբեր են` կապված ծանրալսության ձևի, աստիճանի, վաղեմության, առաջացման պատճառների հետ և այլն: Եթե ծանրալսությունը չի հաջողվում բուժել ո՛չ դեղորայքային, ո՛չ էլ վիրահատական եղանակներով, ապա օգտագործվում են լսողական ապարատներ, որը կարող է բավականին լավացնել լսողությունը և էականորեն փոխել նման մարդկանց կյանքի որակը: Ես արդեն նշել եմ, որ կա վիրահատական բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս վերականգնել ամբողջությամբ կորցված լսողությունը: Այն կոչվում է կոխլեար իմպլանտացիա, այսինքն, երբ հատուկ սարք է տեղադրվում ներքին ականջում, որն էլ ձայնը ընկալելու հնարավորություն է տալիս: Դա բավականին թանկարժեք, բայց, միաժամանակ, արդյունավետ վիրահատություն է, քանի որ նման հիվանդներն ապաքինվելուց հետո վերադառնում են լիրաժեք կյանքի, ընդգրկվում հասարակության մեջ, և նրանց կյանքի որակը էականորեն փոխվում է: Ներկայումս կա ծրագիր, ըստ որի՝ բոլոր նորածինները ենթարկվում են սքրինինգային հետազոտության, և դա թույլ է տալիս հայտնաբերել այն երեխաներին, որոնք կարող են ուենալ բնածին ծանրալսություն: Վեց ամիս հետո կրկին կատարվում է հետազոտություն, ու, եթե ի հայտ են գալիս կասկածելի նշաններ, նրանք ընդգրկվում են այդ ծրագրում` հետագայում ավելի մանրակրկիտ հետազոտություն անցնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում առաջարկվում է վիրահատություն:
- Արդյոք համագործակցո՞ւմ եք քիթ-կոկորդ ականջաբանների ասոցիացիայի հետ:
- Անշուշտ: Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան գործում է արդեն 10 տարուց ավելի, և մենք նաև տարբեր այլ միջազգային ասոցիացիների անդամ ենք ու սերտորեն համագործակցում ենք դրանց հետ: Ես Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հիմնադիր անդամ եմ ու գլխավոր քարտուղարը: Ամեն տարի մասնակցում ենք տարբեր գիտաժողովների, այլ միջոցառումների և մենք Հայաստանում անցկացնում ենք տարբեր գիտաժողովներ: Արտերկրից ժամանում են մասնագետներ, որոնք մասնակցում են դասախոսություններով, ինչպես նաև ներկայացվում են Հայաստանի բժիշկների կատարած գիտական աշխատանքները, և այդ սերտ համագործակցությունը նույնպես նպաստում է բուժման նորագույն առաջատար եղանակների ներդրմանը:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
- Նախ, կցանկանամ, որ նրանք ավելի լուրջ վերաբերվեն իրենց առողջությանը, հետևեն և ժամանակին դիմեն բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը, քան դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների: Մինչդեռ մեզ մոտ բժշկի դիմելու սովորույթը դեռ զարգացած չէ: Դրա պատճառներից մեկը գուցե այն է, որ արտերկում գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, և ամենաաննշան խնդիրների առաջացման դեպքում անգամ մարդիկ կարողանում են դիմել բժշկի, իսկ մեր բնակչության մեծ մասը ստիպված է լինում վճարելու: Եվ հաճախ, լինելով անվճարունակ, չեն դիմում բժշկի։ Թեև մեզ մոտ կան առաջնային բժշկական օղակներ, որտեղ բուժումն ու սպասարկումն անվճար է, բայց նույնիսկ այնտեղ չեն դիմում: Գուցե դա նաև տեղեկատվության պակասի պատճառով է։
Չեմ կարող չնշել ևս մեկ փաստ. Հայաստանում, ցավոք սրտի, շատ տարածված է «դեղատնային» բուժումը, այսինքն՝ հիվանդը բժշկին դիմելու փոխարեն դիմում է դեղատան աշխատողների, իսկ վերջիններս սեփական հայեցողությամբ վաճառում են այս կամ այն դեղամիջոցը։ Մինչդեռ նրանք դեղագետ են և դեղամիջոցների նշանակման իրավունք չունեն։ Մյուս բացասական երևույթը, որը կցանկանայի նշել, այսպես կոչված` «հարևանային» բուժումն է. հիվանդը գտնում է, որ, եթե իր հարևանը տվյալ դեղամիջոցից լավացել է, ուրեմն իրեն էլ այն պետք է օգնի: Ուզում եմ ընթերողներին խորհուրդ տալ զերծ մնալու չմտածված քայլերից, և մաղթում եմ ամուր առողջություն ու երկարակեցություն:
Գեղեցկությունն ինքնավստահություն է ծնում
Պլաստիկ վիրաբուժության դիմողների քանակը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են իրենց նկատմամբ դառնալ ավելի հետևողական և ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Եթե նախկինում մարդիկ հաճախ թաքցնում էին պլաստիկ վիրահատության դիմելու պատճառը, ապա այսօր դա, կարծես, նորաձև է դարձել: Գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է, և պլաստիկ միջամտությունը հաճախ իրականացվում է ինքնագնահատականի բարձրացման նպատակով:
Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, Երևան քաղաքի գլխավոր պլաստիկ և միկրովիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
- Պարո՛ն Պետրոսյան, կխնդրեինք մի փոքր պատմել Ձեր մասնագիտական ուղու մասին:
- 1995-2001թթ. սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո մեկնել եմ Մոսկվա, ընդունվել և ավարտել (2001-2003թթ.) կլինիկական օրդինատուրա ակադեմիկոս Բ. Վ. Պետրովսկու անվան Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնում՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ:
Այնուհետև գեղեցկության ու կատարելության հանդեպ ձգտումս ինձ ուղղորդել է դեպի պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն, ու այդ նպատակով 2003-2006թթ. ուսանել եմ վերը նշված կենտրոնի ստացիոնար ասպիրանտուրայում: 2006թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իսկ այժմ Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի հայցվոր-դոկտորանտ եմ:
- Տեղեկացված ենք, որ Հայաստանում արդեն գործում է քթի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիա, որի հիմնադրման աշխատանքներում մեծ է Ձեր մասնակցությունը: - Նախորդ ամսվանից իր գործունեությունն է սկսել Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, որում ներգրավված են այն բոլոր մասնագետները, ովքեր զբաղվում են քթի վիրաբուժությամբ` պլաստիկ, ՔԿԱ և դիմածնոտային վիրաբույժներ: Ասոցիացիայի առջև դրված է մի քանի խնդիր: Ասոցիացիայի հիմնական նպատակներն ու խնդիրներն են պրոֆեսիոնալ միջավայրի ստեղծումը, տեղի մասնագետների համախմբումը և ուսուցումը` հանրաճանաչ օտարերկրյա մասնագետներին ուսումնական և պրակտիկ աշխատանքներում ներգրավելով: Ասոցիացիան ավելի դինամիկ է, բաց, և բոլոր ցանկացողները, ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից, կարող են լինել ասոցիացիայի կազմում։
Ասեմ, որ Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը համարվում է քթի վիրահատությունը. ըստ վիճակագրության, օրական կատարվում է մոտավորապես 20-30 քթի պլաստիկ վիրահատություն: Ցանկանում ենք բոլոր մասնագետներին ներգրավել այդ ասոցիացիայի կազմում, որտեղ կքննարկվեն առկա խնդիրները, կմշակվեն որոշակի չափանիշներ։ Այդպիսով, բնականաբար, կլինենք ավելի պաշտպանված և, ինչու ոչ, կկարողանանք ներգրավել պացիենտների, կզարգացնենք բժշկական տուրիզմը, քանի որ չենք կարող սահմանափակվել միայն Հայաստանով: Մեր ծրագիրն իրատեսական է, որովհետև մենք առաջարկում ենք որակյալ պլաստիկ վիրահատություններ, ընդ որում, բավականին մատչելի: Որպես օրինակ նշեմ, որ ինքս իմ թիմով հաճախ մեկնում եմ Հայաստանի մարզեր և իրականացնում տարբեր պլաստիկ վիրաբուժական միջամտություններ: Մարզերում վիրահատություններն ու բուժական միջամտությունները կատարվում են մայրաքաղաքի համեմատ բավական մատչելի՝ մոտ 30 տոկոս էժան: Գնային այսպիսի քաղաքականությունը նպաստում է պլաստիկ վիրաբուժական միջամտությունները տարբեր սոցիալական խմբերի համար հասանելի դարձնելուն: Եվ ընդհանրապես, Հայաստանում պլաստիկ վիրահատությունների գները Ռուսաստանի Դաշնության հետ համեմատած, 3-5 անգամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համեմատած, մոտավորապես 7-8 անգամ մատչելի են:
- Համագործակցո՞ւմ եք արտերկրի ասոցիացիաների հետ:
- Այո։ 2006թ. Ռուսաստանի (ОПРЕХ) և Եվրոպական (IPRAS) ասոցիացիաների, ինչպես նաև Հայաստանի (AAPRAS) պլաստիկ վիրաբույժների, իսկ 2014թ.-ից նաև Եվրոպայի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի (RSE) լիարժեք անդամ եմ: Մենք բավական ակտիվ մասնակցություն ենք ունենում տարբեր վերապատրաստումների, կոնֆերանսերի, միշտ մեկնում ենք Եվրոպա, Ամերիկա՝ ներկա գտնվելու կազմակերպվող կոնգրեսներին, սեմինարներին: Նշեմ, որ մեր մասնագիտությունում պրոֆեսիոնալ մակարդակի պահպանումն առանց ամենամյա վերապատրաստումների և կոնգրեսների հնարավոր չէ, քանի որ անընդհատ անհրաժեշտ է լինում նորարարություների կիզակետում լինել, միշտ գնալ դրանց հոսանքին համընթաց: Հենց այս նպատակով է, որ տարին առնվազն 2-3 անգամ մասնակցում ենք միջազգային կոնֆերանսների, վերապատրաստման դասընթացների:
- Արդյոք գոյություն ունի՞ դպրոց ասվածը պլաստիկ վիրաբուժության մեջ:
- Կարելի է ասել, որ Հայաստանում այս հարցի շուրջ բացթողումներն ահռելի են, և, բնական է, որ պահանջվում է մեծ ցանկություն ու եռանդ այն լրացնելու համար: Հենց դա է հանդիսանում մեր կողմից հիմնած Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկը, որի նախագահը Ձեր խոնարհ ծառան է: Ինքս, աշխատելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում, կարող եմ նշել, որ մենք չունենք արտասահմանում ընդունված պլաստիկ վիրաբուժության դասական դպրոց: Պատճառները բազմաթիվ են, և կդժվարանամ կոնկրետ նշել դրանք: Գուցե կա մտավախություն սպասվելիք մրցակցության նկատմամբ, կամ մարդկանց մեջ չկա սովորեցնելու այդ ջիղը, որպեսզի իր իմացածը ուսանի, փոխանցի եկող սերնդին, և այլն:
- Պլաստիկ վիրաբուժության մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ:
- Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այնպես էլ պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները զերծ չեն հակացուցումներից: Առաջին հերթին պոտենցիալ պացիենտի առաջնային զննման ժամանակ տեղեկացվում ենք նրա ցանկությունների և վիրահատության ենթարկվող օրգանի կամ մարմնի հատվածի չափի և ձևի փոփոխության վերաբերյալ: Պլաստիկ վիրաբույժի խնդիրն է ընկալել պացիենտի իրական սպասելիքները, տալ նրան պրոֆեսիոնալ ինֆորմացիա, և փոխհամաձայնության դեպքում միայն պացիենտը անցնում է հետազոտությունների փուլ: Այդ փուլում խնդիրների հայտնաբերման դեպքում, բնականաբար, պացիենտը ենթարկվում է բուժման, այնուհետև միայն պլանավորվում է սպասվող վիրահատության ժամկետները, բացատրվում ընթացքի և հետվիրահատական ժամանակահատվածի առանձնահատկությունները:
Կցանկանայի տեղեկացնել նաև, որ այս տարվա մայիսի 12-13-ը կայանալու է մասնագիտական կոնգրես, որում քննարկվելու են գլխի և պարանոցի հիվանդություններին վերաբերող բազում հարցեր, ներկայացվելու են առանձնահատուկ ուշադրության արժանի կլինիկական դեպքեր: Իրենց մասնակցությունն են ունենալու ոչ միայն տեղի, այլ նաև արտերկրից հրավիրված հանրաճանաչ մասնագետներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից: Ցանկացողներին հրավիրում ենք, մուտքն ազատ է:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց:
- Մեր կանայք ամենագեղեցիկ կանայք են ամբողջ աշխարհում։ Խորհուրդ կտամ, որ հետևեն իրենց առողջությանը, լինեն երջանիկ, իսկ արտաքին որոշ փոքր թերությունները կշտկվեն մեր կողմից: Թող ճիշտ ընտրություն կատարեն իրենց պլաստիկ վիրաբույժի հարցում:
Անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել բժշկի բազային կրթությանը:
Այն բժիշկը, որն անհիմն գովազդվում է և չունի համապատասխան որակավորում, բավական հեռու է լավագույնը կոչվելուց: Քիչ չեն օրինակները, երբ մարդն ավարտել է մասնավոր որևէ բժշկական հաստատություն, իսկ հիմա դարձել է <<գործի վարպետ>>: Կցանկանայի, որ մեր կանայք լինեն երջանիկ, լինեն սիրված ու գնահատված իրենց շրջապատող տղամարդկանց կողմից: Եղեք միշտ գեղեցիկ և ինքնատիպ, մեր սիրելի կանայք:
Չարորակ նորագոյացությունը չի նշանակում դատավճիռ
Քիմիաթերապիան քաղցկեղի բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է: Այն նշանակվում է քաղցկեղային հիվանդությունների դեպքում, մետաստազների պրոֆիլակտիկայի, ուռուցքի՝ վիրահատության նախապատրաստման համար ձևափոխման նպատակներով, վիրահատական միջամտությունն արդյունավետ դարձնելու միտումով և այլն: Թվում է՝ մենք ամեն ինչ գիտենք բուժման այս չափազանց ընդհանրական անվանում ստացած եղանակի մասին: Սակայն փորձը, քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժում ստացած մարդկանց պատմություններն ու ապրումները ցույց են տալիս, որ դեռևս բավարար տեղեկացված չենք այս երևույթի, դրա ընթացքի ու բարդությունների վերաբերյալ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2016թ. բացվեց քիմիաթերապիայի բաժանմունքը, որը ղեկավարում է Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը: Բաժանմունքում անցկացվում է քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինս մեղմել քիմիաթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը: Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը: Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ վիրահատությունը, քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժումը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը: Բաժանմունքում առկա է «Paxman cooling cap» կոչվող սարքավորումը, որը հեղուկ սառեցված սիլիկոնե գելի միջոցով սառեցնում է գլխի մազածածկ հատվածը քիմիաթերապիայի ընթացում և կանխում քիմիաթերապիայից առաջացող մազաթափությունը:
Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար ՀԱՅԿՈՒՀԻ ԳՅՈՔՉՅԱՆԸ:
Նրա հետ զրուցեցինք Հայաստանում քիմիաթերապիայի ներկա վիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող քայլերի մասին, որոնց շարքում առանձնացվում են քիմիաթերապևտների համախմբված աշխատանքը, եվրոպական և ամերիկյան ուղեցույցների տեղայնացումն ու ներդրումը, գլխավոր քիմիաթերապևտին կից աշխատանքային խմբի ձևավորումը, ինչպես նաև քաղցկեղով հիվանդների տվյալների շտեմարանի ստեղծումն ու պարբերական թարմացումը: Այս քայլերը, ըստ մեր զրուցակցի, թույլ կտան Հայաստանում քիմիաթերապիան անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Բժշկուհու համար մասնագիտական հաջողություններ արձանագրելու կարևոր պայմանը նպատակադրվածությունն է, որի շնորհիվ հնարավոր է հաղթահարել բազում խոչընդոտներ և չերկնչող կամքով ընթանալ առաջ:
-Տիկի՛ն Գյոքչյան, մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:
- Ասեմ, որ միջնակարգ դպրոցը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և օրդինատուրան ավարտել եմ գերազանցությամբ` ոսկե մեդալով և կարմիր դիպլոմներով: Աշխատանքային գործունությունս սկսել եմ համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատանքի անցնելով Մուրացանի անվան կլինիկայի տրավմատոլոգիայի բաժանմունքում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Երկու տարի հետո տեղափոխվել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ որպես քիմիաթերապիայի և մանկական օնկոլոգիայի բաժանմունքի ավագ բժիշկ: 2016 թվականի ապրիլից ղեկավարում եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքը: 2005թ.-ից միջազգային «MASCC», «ESMO» ասոցիացիաների անդամ եմ, ուռուցքաբանության միջազգային կոնֆերանսների ամենամյա մասնակից և խոսնակ: Համակարգել եմ քաղցկեղի կանխարգելման միջազգային ծրագրեր: 43 գիտական հոդվածների հեղինակ եմ: Ընտրեցի ուռուցքաբանի մասնագիտությունը, որովհետև այս ճյուղում միշտ պայքարելու տեղ կա, իսկ ես բնույթով պայքարող եմ, տվյալ դեպքում՝ մարդկանց կյանքի համար: Մեր հիվանդներին պետք է խոսքի ուժով բուժել, քանի որ հիվանդը գալիս է մեզ մոտ արդեն ընկճված, հուսահատված, ու հաճախ ես այս չարագույն հիվանդության մեջ առաջնահերթը համարում եմ ուժեղ սթրեսի գործոնը, որը կարող է հիվանդության զարգացման խթան դառնալ: Այդ իսկ պատճառով միշտ աշխատում եմ մոտիվացնել իմ հիվանդներին խոսքի ուժով, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ չարագույն հիվանդությունը:
- Քիմիաթերապևտիկ բուժման ի՞նչ տարբերակներ կան, որոնք չեն իրականացվում Ձեր բաժանմունքում:
-Բաժանմունքի հնարավորությունները լայն են, և գրեթե բոլոր տեսակի չարորակ ուռուցքներին ցուցված քիմիաթերապևտիկ բուժում կարողանում ենք ապահովել:
-Հիվանդության երիտասարդացում նկատվո՞ւմ է:
-Այո, երիտասարդացում է նկատվում: Ես չեմ կարող ասել, որ դա կրում է համատարած բնույթ, բայց նման դինամիկա կա: Այսօր կարող ենք 20 տարեկան երիտասարդների մոտ հայտնաբերել թոքի քացկեղ, որը շատ ցավալի երևույթ է: Դա շատ լուրջ ահազանգ է մեզ համար: Լայն տարածքում ունի կրծքի և թոքերի քաղցկեղը: Բուժող բժիշկն անպայման պետք է հաշվի առնի պացիենտի օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները: Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդների հարազատները փորձում են թաքցնել հիվանդից իր հիվանդության բարդության և մահացության աստիճանը, սակայն հիվանդը պետք է իմանա ճշմարտությունը, որպեզի գիտակցի և պատրաստ լինի հետագա քայլերին: Ես իմ հիվանդներին հետազոտելուց հետո նրանց մանրամասն ներկայացնում եմ իրենց հիվանդության մասին։ Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ մարդիկ, սոցիալական ծանր վիճակից ելնելով, չեն կարողանում ժամանակին դիմել բժշկի։ Լինում են դեպքեր, որ սոցիալապես բավականին ապահով մարդիկ են դիմում մեզ իրենց հիվանդության վերջին ստադիայի ժամանակ, երբ արդեն անհնար է ինչ-որ բանով իրենց օգնելը:
-Հասցնո՞ւմ եք և աշխատել, և հետևել նորարություններին ու վերապատրաստվել։
- Աշխատում եմ երբեք բաց չթողել կարևորագույն ոչ մի գիտաժողով, ուշադիր հետևում եմ նորարարություններին, որովհետև կարծում եմ՝ միշտ էլ սովորելու և առաջ գնալու տեղ ունեմ: Իմ բոլոր պատվոգրերը վկայում են միջազգային գիտաժողովներին իմ մասնակցության մասին: Ես չեմ սիրում դոփել տեղում, իսկ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պետք է միշտ նորարարությունների հոսքի հետ քայլել, դրանով իսկ լրացնել գիտելիքների բազան և ներդնել այդ գիտելիքները Հայաստանում բժշկական որակը բարձրացնելու համար:
-Որքանո՞վ է կարևոր հիվանդի տրամադրվածությունը: Ինչո՞վ են պայմանավորված հիվանդի հոգեկան անհանգստությունները քիմիաթերապիայի ընթացքում։
-Շատ բան է կախված հիվանդի հոգեվիճակից և տրամադրվածությունից։ Ստանալով բացարձակ չտարբերվող բուժում՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են այն ընդունում։ Այստեղ սթրեսը և քիմիաթերապիայի մասին վատ լեգենդները կարող են լուրջ բարդություններ առաջացնել։ Վախը, մտահոգությունը նորմալ բան են, սակայն մենք փորձում ենք մարդկանց բացատրել, օգնել հաղթահարելու այդ վախը: Պետք է նշեմ մեկ շատ կարևոր հանգամանք` բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածությունը և մարդու հոգեբանությունը հասկանալու գործոնը: Այնպես որ, սա շատ ծանր ոլորտ է, դրա համար ամբողջ աշխատակազմից պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը առկա է մեզ մոտ: Մենք՝ ուռուցքաբաներս, այն մասնագետներն ենք, որոնք քայլում են հիվանդի հետ շատ նեղ արահետով և այդ արահետով պետք է կարողանանք շատ բաց ու լուսավոր աշխարհ դուրս գալ։ Եվ այդ նպատակին հասնելու համար պետք է հիվանդին միշտ հոգեբանական աջակցություն ցույց տանք: Հիվանդը պետք է իմանա իր հիվանդության լրջությունը։ Դա, իհարկե, պետք է անեն հոգեբանական ծառայությունները, ինչն ընդունված չէ Հայաստանում, ուստի փորձում ենք ինքներս անել։
-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ մարդիկ միշտ առողջ լինեն, ունենան բժշկին դիմելու կուլտուրա, որ մարդիկ ապրեն առանց սթրեսների, և կրճատվի հիվանդությունների քանակը: Եղեք առողջ ու երջանիկ:
ԼՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որը կատարում է բազմաթիվ կենսական գործառույթներ: Այն համարվում է օրգանիզմի սանիտար, որը հավաքում և չեզոքացնում է օրգանիզմում առկա բոլոր վնասակար նյութերն ու տարրերը:
Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ լյարդաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ հետ։ Նրա ղեկավարած մասնագիտական կառույցը բավականին ծավալուն աշխատանքներ է տանում Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների բուժմանն առնչվող խնդիրների լուծման և դրանց հաղթահարման գործին միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռելու ուղղություններով։ Մեր զրուցակցի երկարատև ու անմնացորդ աշխատանքը, ավանդը ինչպես լյարդաբանության ճյուղում, այնպես էլ բժշկագիտության զարգացման գործում ընդհանրապես մեծ է և անգնահատելի:
- Տիկի՛ն Ղազինյան, ինչո՞ւ ընտրեցիք բժշկի՝ անչափ բարդ ու պատասխանատու մասնագիտությունը, մասնավորապես՝ հենց լյարդաբանության ճյուղը:
- Ինձ համար գոյություն ունեն մի քանի արժանի մասնագիտություններ, որոնց գագաթում գտնվում է բժշկությունը։ Ես դեռևս 3-4-րդ դասարանից եմ որոշել ընտրել այդ մասնագիտությունը։ Իմ մանկական մաքուր գիտակցության մեջ, կարծես թե, դրոշմվեց և գնալով ավելի ընդարձակվեց, գերիշխող դարձավ այդ միտքը։ Իսկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո արդեն 100 տոկոսով համոզված էի, որ պետք է դառնամ բժիշկ: Իսկ թե ինչու հենց լյարդաբան, ապա ընդհանրապես մարդիկ ընդունվում են բժշկական համալսարան, ավարտում, որից 6 տարի հետո ընտրում նեղ մասնագիտություններ: Սկզբնական շրջանում մասնագիտացվեցի որպես ինֆեկցիոնիստ, քանի որ ինֆեկցիոն պաթոլոգիայում իրենց զգալի տեղն ունեն, այսպես կոչված, վիրուսային հեպատիտները (դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ լյարդի հիվանդություններ, ախտահարումներ), և միայն դրանից հետո ավելի նեղ ընտրությունս կանգ առավ լյարդաբանությաւն վրա, քանի որ այն աշխարհում իր ուրույն տեղն ունի, համարվում է ակտուալ, գլոբալ խնդրներից մեկը առողջապահության համաշխարհային կազմակերպության համար աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում: Այդ իսկ պատճառով ավելի սեղմվեց իմ մասնագիտական ուղղվածությունը, և ես դարձա լյարդաբան։ Ու եթե կյանքը կրկին ինձ ընտրության հնարավորություն տա, ապա ես միանշանակ կընտրեմ լյարդաբանի մասնագիտությունը: Բոլորն այս աշխարհում պետք է ունենան իրենց առաքելությունը, որպեսզի պիտանի է լինեն հասարակությանը, երկրին, ժողովրդին: Եվ դա էլ իմ առաքելությունն է։
- Տեղյակ ենք, որ գոյություն ունի «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա», ո՞րն է դրա գերխնդիրը:
- Բոլոր երկրներում գոյություն ունեն լյարդաբանության ազգային ասոցիացիաներ` միջազգային, եվրոպական, ասիական: Մենք էլ ունենք լյարդաբանների ազգային ասոցիացիա: Նման կառույցների շատ լինելը, բազմազանությունը հենց վկայում են խնդրի հրատապ լինելու մասին, և այդ խնդիրների առկայությունն ունի լոկալ և միջազգային նշանակություն: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան վաղուց արդեն մտել է եվրոպական ասոցիացիաների ընտանիք, ունենք մեր ուրույն տեղը, բարձր հեղինակությունը, վարկանիշը, և ես դա համարում եմ ոչ միայն Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի, այլ նաև երկրի և ժողովրդի հեղինակությունը: Եվ շատ ուրախ եմ, որ հաճախ հաշվի են նստում մեր կողմից առաջ քաշված խնդիրների և առաջարկությունների հետ: Մենք շատ արդյունավետ համագործացում ենք ասիական ասոցիացիայի հետ, Հայաստանի լյարդաբանության ասոցիացիայի որոշ անդամներ ինձ հետ միասին միջազգային ուղեցույցների հիմնադիրներից են:
- Կխնդրեինք մեր ընթերցողների համար տարբերակեիք լյարդի վիրուսային հեպատիտների տեսակները:
- Տարածված հեպատիտ բառը նշանակում է լյարդի բորբոքում, այն, ժողովրդի լեզվով ասած, դեղնախտ հիվանդությունն է: Հեպատիտը կարող է ունենալ 10-ից ավելի պատճառներ։ Ինֆեկցիոն հեպատիտներից ամենաշատ հանդիպողը վիրուսային հեպատիտ Ա-ն է, որը նախկինում կոչվում էր դեղնախտ և, բարեբախտաբար, Հայաստանում նվազման միտում ունի։ Եթե 20 տարի առաջ ՀՀ-ն համարվում էր հեպատիտային բարձր տարածում ունեցող, ապա հիմա՝ ցածր տարածվածությամբ երկիր է: Հեպատիտ Բ-ն և Ց-ն ակտուալ խնդիր են աշխարհում և Հայաստանում նույնպես, դրանք բավականին լուրջ տեղ են գրավում աշխարհի առողջապահության կազմակերպության խնդիրների մեջ, որովհետև արձանագրված են 600 միլիոնից ավելի ինֆեկցիաներ ամբողջ աշխարհում։ Եվ եթե հաշվի առնենք, որ աշխարհի բնակչությունը կազմում է 6 միլարդ, ապա նշանակում է, որ ամեն 10-րդը վարակված է կամ հեպատիտ Բ-ով կամ հեպատիտ Ց-ով։ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան միացել է «Ոչ հեպատիտին» գլոբալ լուրջ շարժմանը, որի նպատակն է 2030թ. աշխարհը տեսնել առանց հեպատիտի: Վիրուսային հեպատիտներն արդեն լուրջ տեղ են գրավում ոչ միայն իրենց տարածվածությամբ, այլ նաև իրենց առաջացրած ախտահարումներով: Բ և Ց վիրուսային հեպատիտները բերում են լյարդի ցեռոզի զարգացման, ինչու ոչ, նաև լյարդի առաջնային ուռուցքի զարգացման: Հետևաբար, հենց իրենք են հուշում իրենց կարևորությունը և թելադրում ճիշտ ժամանակին հակավիրուսային բուժում սկսելու անհրաժեշտությունը: Բացի վիրուսային հեպատիտները, գոյություն ունեն նաև լյարդի ալկոհոլային հիվանդություններ` հեպատիտ, ալկոհոլային ցեռոզ, ալկոհոլային լյարդի առաջնային ուռուցք: Ես չէ ասի, որ մեր երկիրը ալկոհոլային հեպատիտների տարածվածության առումով առաջնային երկրներից մեկն է, այնուամենայնիվ, մեզ մոտ այս պրոբլեմը գոյություն ունի, և մեր գերնպատակն է իրազեկման միջոցով զերծ պահել մարդկանց ալկոհոլային մշտական չարաշահումներից: Ալկոհոլի օրական 30 գրամի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի ցեռոզի: Մեզ մոտ ընդունված է ախորժակի բարձրացման համար խմել թթի կամ հոնի օղի, բայց նշանակություն չունի, որ այն մրգի օղի է. ալկոհոլը մնում է ալկոհոլ, և չեմ կարծում, որ այս ավանդույթը ճիշտ է։ Ասեմ նաև, որ գոյություն ունեն դեղորայքային հեպատիտներ, որոնք առաջանում են որոշ դեղերի օգտագործման դեպքում։ Հազարից ավելի դեղեր կան, որոնց օգտագործումը կարող է հանգեցնել դեղորայքային հեպատիտի, բայց դրանցից առավել վտանգավորը անեստեզիայի ժամանակ օգտագործվող դեղերն են, հակատուբերկուլյոզային դեղերը և որոշ հակաբիոտիկներ։ Դրանց թվին կարելի է դասել «Պարացետամոլի» չարաշահումը։ Մյուս հեպատիտը աուտոիմոնն է, որն առավել շատ լինում է կանանց մոտ: Օրգանիզմում առաջանում է իմունային խաթարում, սեփական հակամարմինները չեն ճանաչում սեփական լյարդին և սկսում են ախտահարել դրա բջիջները: «Աուտո» նշանակում է ինքն իրեն, «իմոն»` իմունային ախտահարում: Այն մեծ տարածում չունի, բայց պետք է տեղեկացված լինենք, որ հանդիպում է նաև այս հիվանդությունը: Գոյություն ունեն նաև լյարդի գենետիկ, ինչպես նաև նորածնային ախտահարումներ, կան նաև ախտահարումներ, որոնք ասոցացվում են լյարդի հիվանդությանը հղիության հետ միասին, այսինքն` լյարդը մեկ փոքրիկ օրգան է, բայց ինքը՝ լյարդաբանությունը, շատ լուրջ ճյուղեր ունի: Օրինակ, լյարդի ճարպակալումը, շատ տարածված է ամբողջ աշխարհում, հատկապես՝ Հայաստանում, և դրանում համոզվելու համար բավական է ուշադիր նայել մեր ժողովրդի, հատկապես տղամարդկանց կառուցվածքին. միայն փորի մեծացումն արդեն իսկ դրա առկայության մասին խոսում: Մեր խոհանոցը շատ համեղ է, բայց ինչ-որ մի տեղ էլ՝ վտանգավոր. ճաշերը յուղալի են, մենք էլ բուսական յուղ օգտագործելու ճիշտ կուլտուրա չունենք։ Դրան էլ գումարվում են ֆիզիկական ոչ ակտիվ լինելը, մեկանգամյա, այն էլ՝ օրվա երկրորդ կեսին սնվելը, որոնք նույնպես բերում են լյարդի ճարպակալման, որը հետագայում կարող է խորանալ ընդհուպ մինչև լյարդի ցեռոզի, լյարդի առաջնային ուռուցքի:
- Հիվանդությունների կանխարգելման համար ի՞նչ խորհուրդ կտաք:
- Վիրուսային հեպատիտների մի մասի դեպքում վարակը փոխանցվում է ինֆեկցված ջրի և սննդի կամ կեղտոտ ձեռքերի միջոցով, և դրանց կանխարգելումը միայն հիգիենայի ճիշտ կանոնների պահպանումն է։ Հեպատիտ Ց-ն և Բ-ն համարվում են արյունային վիրուսներ են և կարող են անցնել ցանկացած վիրաբուժական, գինեկոլոգիական, ստոմատոլոգիական և, ինչու ոչ, կոսմետոլոգիական մանիպուլյացիների միջոցով: Եթե մենք մտածենք, որ այն կարող է անցել սեռական ճանապարհով, ապա միակ կանխարգելումը պաշտպանված լինելն է անծանոթ մարդկանց հետ սեռական հարաբերությունների ժամանակ: Պետք է լինի գործիքների ճիշտ ախտահարում, ավելի ապահով կլինի դրանց միանգամյա օգտագործումը։ Եվ վերջապես՝ ամենամեծ կանխարգելումը ժամանակին ինֆեկցված աղբյուրը հայտնաբերելը և բուժելն է:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
- Կցանկանայի, որ բոլորս միանանք «Ոչ հեպատիտին» գլոբալ շարժմանը և ամեն ինչ անենք մեր հանրապետությունը 2030թ. ոչ հեպատիտային երկիր դարձնելու համար: Ես համոզված եմ դրանում, քանի որ մենք առաջատարներից մեկն ենք, համագործակցում ենք տեղի և միջազգային կառույցների հետ, այդ աշխատանքներում ներգրավել ենք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս տարվա նոյեմբեր ամսին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կազմակերպվելու է գագաթաժողով, որին նույնպես հրավիրված ենք, իսկ դա արդեն իսկ խոսում է մեր երկրի բարձր հեղինակության, վարկանիշի մասին։ Մեր զինվորականները շատ գեղեցիկ են ասում. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան և անձամբ ես ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին:
ԴՈՒ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՔՈ ՀԻՎԱՆԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԱ ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՎ ՎՍՏԱՀԵԼ Է ՔԵԶ
Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից։ Բավականին հաճելի կին և հաճելի զրուցակից, իր գործի մեջ մեծ գիտակ. այսպես կարելի է նկարագրել նրան: Մարդ, որը կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով։ Բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար էլ վայելում է հիվանդների վստահությունը։
Ներկայացնում ենք մեր զրույցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու ՆԱՐԻՆԵ ԳՈՋԱԲԱՇՅԱՆԻ հետ։
-Տիկի՛ն Գոջաբաշյան, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:
-Շնորհակալ եմ ինձ շրջապատող մարդկանցից, ճակատագրից, իրադարձությունների դասավորվածությունից, որովհետև իմ անցած ճանապարհը պատահական չեմ համարում, ինչպես ժողովուրդն է սիրում ասել. «Աստծո մատը խառն է եղել այստեղ»: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց երբ արդեն հաշվարկում եմ, թե ինչ ներդրեցի և ինչ ստացա, ուր հասա բժշկության ասպարեզում, միանշանակ կարող եմ ասել՝ այն երջանիկներից եմ, ում աշխատանքը եղել է բազմաբովանդակ և հետաքրքիր:
Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1993-1994թթ.-ին՝ Կարդիոլոգիայի ինստիտուտում, որտեղ սրտաբանական նեղ մասնագիտություն եմ անցել, իսկ դրանից առաջ՝ 1992թվականին, առիթ եմ ունեցել ծանոթանալու Հրայր Հովակիմյանի հետ։ Երկրաշարժից հետո <<Բժշկություն առանց սահմանների>> ամերիկյան կազմակերպությունը որոշեց Հրայր Հովհակիմյանի գլխավորությամբ Հայաստանի երեխաների սրտային հիվանդությունների խնդիրերով զբաղվել: Այդ տարիներին սրտի վիրահատությունները կատարվում էին Միքայելյանի անվան ինստիտուտում: Հ. Հովակիմյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն սրտի, հատկապես մանկական վիրաբուժության մեջ բավականին լուրջ կենսագրություն ուներ: Այդ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ լքում էին երկիրը, ու, հավատացեք, ես այդ մարդկանց գործունեության մեջ տեսնում էի մի լուսավոր կետ: Կարդիոլոգիայի ինստիտուտում ավարտեցի իմ նեղ մասնագիտացումը և 1994թ. նրանց խնդրեցի, որ ինձ թույլ տան այդ ամենին մոտիկ լինել: 2-3 տարի այդ թիմում աշխատել եմ, հերթապահել, սովորել առանց որևէ պաշտոնական հիմքի: 1996թ. ևս մի կազմակերպություն ստեղծվեց՝ «ACAF» ֆրանսիական ասոցիացիան, որը գլխավորում էր Ավետիս Մատիկյանը: Որոշեցին Հայաստանում սրտաբանության մի այլ ճյուղ զարգացնել՝ ինտերվենցիոն ինվազիվ կարդիոլոգիան, որով միջամտություն էր կատարվում սրտի անոթների վրա:
1997թ. ինձ ընդունեցին աշխատանքի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում, իսկ արդեն 1998թ. ինձ ընդգրկեցին ինվազիվ կարդիոլոգիայի ոլորտ: 1999 թվականին մեկնեցի Ֆրանսիա՝ ֆրանսիական ասոցիացիայի որոշումով։ Հիշեցնեմ, որ ամեն տարի նրանք օգոստոս ամսին գալիս էին և բարեգործական հիմունքներով երկու շաբաթում կատարում ստենտավորումներ: Մարսել քաղաքում մեկուկես հրաշք տարի լավ և բարձրորակ թիմի հետ աշխատելուց հետո 2000թ. վերադարձա Հայաստան: 2000-2003թթ. աշխատեցի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում։
Ինվազիվ կարդիոլոգիայի ոլորտն այդ տարիներին ղեկավարում էր Շահեն Նորայրի Խաչատրյանը, և մենք գրեթե միաժամանակ սկսեցինք մեր ուղին, ու մեզ հիշատակում են որպես ինտերվենցիոն կարդիոլոգիայի հիմնադիրներ: 2003թ. Հարություն Քուշկյանը սարք գնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի համար և ինձ առաջարկեց աշխատել այնտեղ: Ու ստացվեց այնպես, որ Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցից առաջին «պոկվող քարը» ես էի, որովհետև ոչ ոք այդ տարիներին հիվանդանոցը չէր թողնում. այն յուրահատուկ մի օազիս էր, ապահովված մի կենտրոն, որը զբաղվում էր բժշկությամբ՝ համալրված ամերիկյան չափանիշներով։ Շատ դժվարությամբ կտրվեցի, քանի որ միջավայրս շատ լավն էր: Չեմ ասի, որ ճանապարհս հեշտ է եղել, բայց ամեն ինչ բավականին լավ ստացվեց, քանի որ հենց Արտյոմ Մաքսիմիչն ինքն էլ էր շահագրգռված, որ այդ ճյուղը զարգանա: Մինչև 2011թվականն աշխատեցի այդ կլինիկայում, քանի որ ամբողջովին նվիրվել էի իմ մասնագիտությանը: Աձնական կյանքս երկրորդ պլան էր մղվել, և մի քիչ ուշացումով կազմեցի իմ գեղեցիկ ընտանիքը, 2012թ. մայր դարձա: Ստացվեց այնպես, որ երեխայիս ծննդից հետո վերադարձա «Աստղիկ» բժշկական կենտրոն, <Էրեբունի> հիվանդանոց, բայց ես այնտեղ աշակերտներ թողեցի, որոնցով կարող եմ հպարտանալ: Գիտական թեզ չեմ պաշտպանել, որովհետև մեր մեջ սերմանել են, որ կոչման մեջ չէ մասնագետի առավելությունը, կարևորն այն է, թե ինչ մակարդակով, ինչ նվիրումով ես կատարում քո աշխատանքը։ Իսկ մեր աշխատանքն այստեղ թիմային է, բոլորս ընկերներ ենք, համախմբված աշխատում ենք, որ մեր հիվանդների բուժման արդյունավետությունը բարձր լինի:
-Իսկ ի՞նչ կառաջարկեք ճնշման տատանումների դեպքում:
-Հաճախ ցածր ճնշման դեպքում առաջարկում են մեղրաջուր խմել, քաղցր ուտել, բայց, եթե կա գանգատ, ուրեմն միանշանակ պետք է դիմել բժշկի: Եթե լուրջ խնդիր չի լինում, այսպես ասած, հասարակ միջոցներ ենք առաջարկում. գնալ լողի, սպորտով զբաղվել, սննդի մեջ աղի քանակը պակասեցնել։ Շատ ավելի լուրջ է խնդիրը հիպերտոնիայի դեպքում: Մենք հաճախ լսում ենք. «Տարիքիս համեմատ ճնշումս նորմայի մեջ է»։ Դա շատ սխալ արտահայտություն է։ Եթե համարենք, որ սիրտը ընդամենը մի մկանային պոմպ է, ապա արյան շրջանառությունը շատ նման է հիդրոդինամիկայի: Եթե դու ունես մի պոմպ, որի խողովակը ջուր է տանում, ապա այդ պոմպի դիմադրությունը կբարձրանա, իսկ նրա աշխատանքը կդժվարանա, այսինքն՝ ինքը ճնշման դեմ պիտի արյուն մղի: Բայց ամենասարսափելին այն է, որ, այդ ենթադրություններից ելնելով, դրանք դառնում են ելքային ռիսկ ֆակտորներ ինսուլտների և ինֆարկտների համար: Մյուս լուրջ խնդիրն այն է, երբ բարդ սրտային անբավարություն են ունենում, քանի որ սրտի պոմպը հոգնել է աշխատելուց: Ընդհանրապես ցանկացած օրգան իր ռեզերվն ունի, և այդ իսկ պատճառով առաջին անգամ հիվանդին տեսնելիս միանգամից չենք ասում՝ գնա, անմիջապես դեղ խմիր, այլ խորհուրդ ենք տալիս առաջնահերթ սննդակարգը կարգավորել, ֆիզիկապես ակտիվ կենսակերպ վարել, քաշը նվազեցնել։ Իսկ երբ տեսնում ենք, որ այդ ամենից հետո դրական տեղաշարժ չի նկատվում, նոր միայն անցնում ենք դեղորայքային բուժում նշանակելուն: Բայց շատերը սկսում են մտածել, որ եթե դեղ են խմում, ուրեմն հիվանդ են, և խուսափում են դրանից։ Մինչդեռ դեղը կանխարգելում է ինսուլտը և ինֆարկտը, երիկամային անբավարարությունը, մի շարք այլ խնդիրները: Կանանց մտքով անգամ չի անցնում, որ մենոպաուզայից հետո հիպերտոնիան իրենց հետ «ընկերանում» է, և պետք է շատ ակտիվ դրանով զբաղվել։ Տարիքի հետ կապված հորմոնային խնդիրներն են շատանում, ավելորդ քաշ ենք հավաքում, և շատ կարևոր է խուսափել դրանից, որպեսզի հետո չպայքարենք դրա դեմ: Մարդ պետք է իրենով զբաղվի, բայց, իհարկե, գերզբաղվելն էլ չեմ ընդունում, որովհետև դա համարյա հիվանդագին վիճակի է հասցնում մարդուն: Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց հետեւանքով մահվան դեպքերի հիմնական պատճառներից մեկը հիպերտոնիան է, որը չի վերահսկվում և պատշաճ կերպով չի բուժվում:
-Վերջին տարիներին ձևավորվել է այն կարծիքը, որ սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է, ովքե՞ր են այդ ռիսկային խմբի տարիքային թիրախ համարվում:
- Կանայք 45-ից հետո, իսկ տղամարդիկ 40-ից հետո համարվում են ռիսկային խումբ, և ճիշտ է, որ պատկերը փոխվել է, ու վաղուց խոսվում է այն մասին, որ գոյություն ունի ավելի վաղաժամ՝ երիտասարդ հիպերխոսլտերինեմիա, որն էլ իր հերթին բերում է վաղ աթերոսկլերոզի: Հիշենք, որ 1990-ական թվականների սկզբից անընդհատ սթրեսների մեջ էինք ապրում՝ պայմանավորված պատերազմական վիճակներով, մթով ու ցրտով, բացի այդ, պարզ չէ, թե ինչ ենք ուտում և խմում, ու երբ ժառանգականության գործոնին, որն սկզբանե մարդու մեջ դրված է, գումարվում են ծխելը, ոչ ճիշտ ապրելակերպը, չափից շատ աշխատելը, չքնելը, ամեն ինչ հասկանալի է դառնում։ Վերջին տարիներին կարծես թե որոշակի բաներ փոխվում են, մարդիկ շատ ավելի ուշադիր են դարձել իրենց նկատմամբ, գալիս են հետազոտությունների, որը շատ գովելի փաստ է: Պետք է բացահայտեն՝ արդյոք իրենք այդ ռիսկային խմբո՞ւմ են, թե ոչ: Ի դեպ, ճիշտ չէ այն կարծիքը, թե կանայք ավելի քիչ են հիվանդանում սրտամկանի հիվանդություններով: Ու նաև սխալ է այն կարծիքը, որ, քանի դեռ դաշտանադադար չկա, իրենք ապահովագրված են հիվանդություններից: Եվ վերջապես, հիմա կանանց մոտ ավելի են շատացել բոլոր հնարավոր ռիսկերը, այսինքն` շատ ավելի բարձր է սուր ինֆարկտների, բազմանոթ ախտահարման ժամանակ մահացության հավանականությունը: Կինը պետք է վաղաժամ այցելի բժշկի, որպեսզի հավաստի տեղեկություն ստանա՝ ինքն այդ ռիսկային խմբո՞ւմ է, թե ոչ:
- Վիրաբուժությունը Ձեր ոլորտում գերզարգացա՞ծ է, թե ոչ:
-Թող անհամեստություն չհամարվի, եթե ասեմ, որ սրտաբանության և սրտի վիրաբուժության ոլորտում բավականաչափ առաջ ենք, ունենք լավագույն կլինիկաներից մեկը։ Մենք ամեն ինչ որդեգրում ենք ամերիկյան և եվրոպական ուղեցույցներից, դրանք կիրառում, այսինքն` որոշումները, ցուցումները, բուժման տակտիկան։ Իհարկե, կան որոշակի ոլորտներ, որ, այսպես ասած, մեզ հասանելի չեն տեխնիկական տեսանկյունից: Բժշկության մեջ բավականին թանկարժեք տեխնոլոգիաներ կան: Օրինակ, եթե սրտի փականը ախտահարված է, մենք ունենք ոսկե ստանդարտ, որն այսօր էլ արդիական է։ Փականը փոխում են՝ փոխարինելով արհեստական փականով, բայց արդեն 10 տարուց ավելի է, ինչ ամբողջ աշխարհով մեկ, ինչպես որ մենք երակների, զարկերակների միջով անցնում ենք, ստենտներ ենք անում, անցնում են այդ փականերով՝ բացելով դրանք: Եթե մի օր բժշկությունը դառնա ապահովագրված, և դրա հետ մեկտեղ մեր ցանկալի տեխնոլոգիական լուծումներն ունենանք, ապա այդ ժամանակ մենք աշխարհի զարգացած երկրների հետ հավասարության մասին կարող ենք խոսել: Մեր կլինիկայում կատարվում են սիրտ-անոթային համակարգի բոլոր բարդությունների վիրահատական միջամտությունները, և հավատացնեմ՝ արվում են բոլոր ամերիկյան չափորոշիչներին համապատասխան: Այսինքն` այս խնդիրը պետք է լուծել ոչ միայն սքրինինգային ծրագրերով, այլև հասարակ քարոզչությամբ: Նույնիսկ ամենափոքր ախտանշանների դեպքում մի հապաղեք, դիմեք բժշկի:
- Վերջին տարիներին մեր ազգը դժգոհում է գրեթե ամեն ինչից, այդ թվում՝ բժշկությունից, բայց բժիշկն էլ մարդ է և սխալվելու իրավունք ունի:
- Դուք հիմա մի բանի մասին եք խոսում, որին մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում: Դրա մասին մենք էլ ենք մտածում: Բժշկությունը մաթեմատիկա չէ, այսինքն` կան իրավիճակներ, որ իրոք գլուխկոտրուկներ են, օրինակ, կարող է հիվանդությունը ախտորոշելու համար երկար ժամանակ և շատ հետազոտություններ անհրաժեշտ լինեն: Շատ հաճելի է, երբ հիվանդը տեղեկացված է լինում, պատկերացնում ունի, գաղափար է կազմում, թե ինչի մասին է խոսքը: Երբեմն կատարյալ բժշկական սպասարկման դեպքում էլ հիվանդը չի կարող գոհ լինել, որովհետև ինքն արդեն հոգեբանական ու նաև ֆինանսական խնդիրներ ունի: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, եթե բժշկի գլուխը ծանրաբեռնված լինի զուտ մասնագիտական հարցերով, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք այդ ամենը հավասարակշռության մեջ պահել, որովհետև մենք ո'չ սրտնեղելու, ո'չ հիվանդից հրաժարվելու իրավունք ունենք: Դու պետք է քո հիվանդի կողքին լինես, որովհետև նա հավատացել է քեզ ու եկել բուժման: Բայց ոչ բոլոր հիվանդներն են դժգոհ, մարդիկ կան, որ շատ շնորհակալ են, մեզ երբեք չեն մոռանում։
- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:
-Երբ իմ հիվանդները կամ նրանց հարազատները շնորհակալություն են հայտնում, ես երբեք չեմ ասում խնդրեմ բառը, քանի որ չեմ ուզում, որ նրանք նորից որպես հիվանդ գան: Ուզում եմ, որ առողջ ապրեն, խնդիրներ քիչ ունենան, երջանիկ լինեն:
Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է
Ողնաշարի ուղղում, կեցվածքային շեղումներ, ողնաշարի ցավեր… Դրանք, թերևս, ամենատարածված և անհանգստացնող խնդիրներից են, որոնք վերջին շրջանում զգալիորեն երիտասարդացել են: Ողնաշարի ամենատարածված հիվանդությունը որոշակի ժամանակ կարող է չարտահայտվել, որի պատճառով մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ հիվանդության ախտանշաններին: Սակայն դրանք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Որքան շուտ է պացիենտը հիվանդության ի հայտ գալուց հետո դիմում մասնագետի օգնությանը, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:
Մեր զրուցակիցը օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է, ում հետ խոսեցինք ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսևորման ձևերի և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի շուրջ: Ողնաշարային ախտաբանության բաժանմունքում կատարվում են ողնաշարի ախտաբանական հիվանդությունների բուժում. ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, կիֆոզ), ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն), ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ և սպոնդիլոլիստեզ, Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն, ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ, ողերի կոտրվածքներ և հոդախախտեր, ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:
-Պարո՛ն Մոմջյան, ձեր բաժանմունք հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում:
- Ինչպես բնորոշում է անվանումը, մեզ դիմում են ողնաշարային խնդիրներով, այսինքն` մարդկանց մոտ ի հայտ են գալիս ցավային համախտանիշներ, որոնք կարող են ունենալ տարբեր պատճառներ, օրինակ, դեգեներատիվ ցավային, դիրքային կեցվածքի տարբեր շեղումներ, նորագոյացություններ և բորբոքային հիվանդություններ: Մեզ դիմում են նաև տարբեր տեսակի շեղումների պատճառով, երբ առանց ցավի ողնաշարը շեղված է դեպի կողք կամ դեպի հետ, այսինքն` սկոլիոտիկ, կիֆոտիկ ձևախեղումների (դեֆորմացիաների) ժամանակ: Բորբոքային հիվանդություններին ամենաբնորոշը մեզ համար Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածությունն է դեպի առաջ: Այդ պաթոլոգիայի ժամանակ մենք կարողանում ենք ուղղել ողնաշարը` այն բերելով ճիշտ կեցվածքի: Եթե ուշադրություն դարձրել եք, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 30-40 տարեկան հասակում բավականին զգալի ծռված են ման գալիս, և այդ շեղումը հնարավոր է ուղղել Հայաստանի պայմաններում: Սակայն մարդիկ, ցավոք, չգիտեն, որ հնարավոր է բուժել ողնաշարի այդ տիպի ախտաբանական հիվանդությունները, ուստի այդ խնդրով էլ շարունակում են ապրել: Մինչդեռ շատ ծանր, նաև անհարմար դիրք է, երբ քայլում ես դեպի առաջ թեքված, գլուխդ վերև: Կան հիվանդներ, որոնց թեքված դիրքը պայմանավորված է տարիքային փոփոխություններով, սակայն նրանք համեմատաբար քիչ են, երևի մոտավորապես 100 հոգի: Նրանք այդ խնդրով են տառապում, բայց չեն դիմում բժշկի, որովհետև հոգեբանական նման մոտեցում կա, որ արդեն մեծ տարիքի են, միևնույն է, շատ չեն ապրելու: Իհարկե, այստեղ առկա է նաև ֆինանսական գործոնը, որովհետև հիվանդը ինքն է գործնականում վճարում վիրահատության համար նախատեսված ամբողջ գումարը: Իսկ եթե արտերկրում բախվում են այդ խնդրին, այն հնարավորության դեպքում արագ լուծվում է: Այնտեղ այլ մտածելակերպ է գործում, քանի որ արտերկրում վիրահատական միջամտությունների համար վճարում են ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև գոյություն ունեն աջակցության սոցիալական ծրագրեր: Իսկ մեր երկրում գործնականում դա չկա: Հիմնական գումարը ծախսվում է իմպլանտների վրա, իսկ պետությունն այդ հարցում չի աջակցում, այն հանված է որևէ տեսակի պետպատվերի շրջանակներից:
-Բժի՛շկ, ողնաշարի ախտաբանական խնդիրների հիվանդություններն ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս, բացի գոտկատեղում առկա ցավերից, և ողնաշարի ցավերը ո՞ր հիվանդությունների դեպքում կարող են կեղծ ահազանգ լինել:
-Ցավային ախտանշանները միայն գոտկատեղում մի պատկերացրեք, իսկ կեղծ ահազանգ կարող են լինել որոշ հիվանդությունների դեպքում: Իհարկե, այդ հարցում կարող ենք ճիշտ կողմնորոշվել միայն լիարժեք հետազոտություններից հետո, ապա բուժում նշանակել: Ուրախությամբ կարող եմ նշել, որ ժամանակակից հետազոտման մեթոդները բավականին հեշտացրել և լայնացրել են հետազոտման ընթացքի հնարավորությունները, քանի որ հստակ տեսնում ենք, թե իրականում ինչի հետ գործ ունենք: Օրինակ, հեշտությամբ կարող ենք ճշտել ուռուցքների առկայությունը, որոշել դրանց գտնվելու տեղերը: Ցավոք, ավելի հաճախ չենք միջամտում, երբ տեսնում ենք ուռուցքի տարածվածությունը, ու այս դեպքում կարևորվում է հոգեբանական գործոնը: Քանի որ պացիենտը պատրաստ չէ դրան, բացատրում ենք, որ մենք միայն օգնելու ենք, որպեսզի ինքը ոտքի կանգնի, հիվանդությունը համեմատական կարգով ավելի թեթև տանի, օգնում ենք կյանքի որակի լավացմանը, ինչու ոչ, գուցե նաև կյանքի երկարացմանը: Եթե մարդ արդեն պարալիզացվում է, ի հայտ են գալիս նաև կողմնակի հիվանդություններ, որոնք շեշտակի կրճատում են կյանքի տևողությունը: Շատ դեպքերում ավելի շատ այլ օրգան համակարգերի ախտահարումներից են մահանում, քան թե բուն հիվանդությունից: Մեզ մոտ, ցավոք, շատ են գալիս արդեն բավականին ծանր վիճակում գտնվող հիվանդներ, երբ դեֆորմացվածությունը բավականին մեծ է լինում, և դրա ուղղումը մեզանից պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր, ժամանակ: Բացի այդ, ռիսկի գործոնն է շատ բարձր լինում: Իհարկե, մենք աշխատում ենք ժամանակակից բոլոր մեթոդներով, այսինքն` վիրահատությունը կատարվում է մեկ այլ բժշկի հսկողությամբ, ով անընհատ հետևում է, որպեսզի ներվերը չվնասվի: Մեր կենտրոնում կա համարյա ամեն տեսակի առաջատար տեխնիկա, հնարավորությունները մեծ են: Միայն որոշ տեխնիկա է բացակայում, որովհետև փոքր երկրի համար ձեռնտու, շահութաբեր չէ ձեռք բերել շատ ծախսատար տեխնիկա, որը տարվա կտրվածքով աշխատելու է շատ քիչ:
-Բժի՛շկ, ունեք երկար տարիների աշխատանքային փորձ և վաստակ այս ոլորտում, Ձեր կատարած վիրահատություններից ո՞րն եք համարում լավագույնը:
-Մենք մեր աշխատանքում, իհարկե, միշտ ձգտում ենք հասնել առավելագույն, լավագույն արդյունքների, բայց ինձ համար կարևորը, գոհացուցիչն այն է, երբ պացիենտը ծռված, թեքված վիճակում է գալիս մեզ մոտ, իսկ տարիներ հետո նրան տեսնում ենք արդեն ճիշտ կեցվածքով: Պարալիզացված հիվանդի հետվիրատահական վերականգնումը տևում է մոտավորապես 1-2 տարի, որից հետո արդեն հիվանդը չի էլ գալիս մեզ մոտ:
-Աշխատանքի բերումով շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ ապագա ունի մեր առողջապահությունը, մասնավորապես`բժշկի մասնագիտությունը:
-Քանի որ ես աշխատել եմ տարբեր կլինիկաներում, շփվել նաև երիտասարդ կադրերի հետ, կարող եմ վստահաբար հավաստել, որ այսօր ավելի շատ են խելացի և բանիմաց երիտասարդները մեր բնագավառում, քան մեր երիտասարդության տարիներին էին: Դրա պատճառը նաև այն է, որ նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, տարբեր բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են, քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Ու եթե ցանկություն եղավ երիտասարդի մեջ, նա կարող է բավականին լուրջ հաջողությունների հասնել մեր ոլորտում: Միտում կա նաև, որ բարձր արդյունքների, հաջողության հասնելու դեպքում ոմանք աշխատանք են փնտրում դրսում, որովհետև սկզբնական շրջանում ստանում են ցածր աշխատավարձ: Նրանք աչքի ընկնելու, առաջադիմելու ցանկություն ունեն, և նրանց մեղադրել չի կարելի: Թող գնան, վերապարաստվեն ու վերադառնան մեր երկիր`արդեն լավագույն փորձ ձեռք բերած:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաև կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել պացիենտին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձևերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա այդ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Ամենայն բարիք, Աստված բոլորիդ հետ:
ՎԻՐԱԲՈՒՅԺՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԵԲԱՆ ԼԻՆԻ
- Գեղեցկության ըմբռնումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով՝ բովանդակության մասին դատելու ընդունակությամբ:
-
Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Այն համարվում է բժշկության մեծագույն ձեռքբերումներից մեկը: Մարդիկ վիրահատական միջամտության դիմում են տարատեսակ թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Ըստ Հայաստանի առաջատար բժշկական հաստատություններից մեկի` <Աստղիկ> բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, վիճակագրությունը փաստում է, որ պլաստիկ վիրաբուժության ոլորտում իրենց կլինիկա ամենաշատը դիմում են քթի վիրահատության համար: Մեզ հետ զրույցում նա նաև ներկայացրեց, թե որոնք են ոլորտի արդի միտումները, ամենապահանջված վիրահատությունները, և ինչ խնդիրներ, նորարարություններ կան:
-Պարո՛ն Հարությունյան, կխնդրեինք մի փոքր պատմեք Ձեր մասնագիտական ուղու մասին:
- Սովորել և 2006թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում, որից հետո աշխատանքի եմ անցել Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում`որպես դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար: 2006-2009թթ. դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան անցել եմ երրորդ հիվանդանոցում՝ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի ղեկավարությամբ, այնուհետև աշխատել եմ նույն հիվանդանոցում: 2011թ.-ին իմ գործընկեր Արմեն Հարությունյանի հետ տեղափոխվել եմ ներկայիս <Աստղիկ> բժշկական կենտրոն (նախկինում «Մալաթիա» ԲԿ), հիմնադրել դիմածնոտային ծառայությունը, որտեղ էլ աշխատում ենք մինչև այսօր, ձգտելով զարգացնել և կատարելագործել տվյալ ոլորտը:
-Որո՞նք են դիմածնոտային հիվանդությունները, և ինչպիսի՞ տարածվածություն ունեն դրանք:
-Դիմածնոտային վիրաբուժությունը բավականին լայն սպեկտոր ունեցող մասնագիտական ուղղվածությամբ բժշկական ճյուղ է, որի մեջ ներառված են դիմածնոտային վնասվածքները, դիմածնոտային օնկոլոգիական հիվանդությունները, բերանի խոռոչի վիրաբուժությունը, ինչպես նաև դիմածնոտային շրջանի էսթետիկ պլաստիկ վիրահատությունները: Ներկայումս մեր կլինիկայում լայն տարածվածություն ունի քթի պլաստիկ վիրահատությունը, և մեր կենտրոնն ավելի շատ կենտրոնացել է այդ ուղղությամբ: Նշեմ, որ, բացի դիմածնոտային վիրաբույժ լինելը, ունեմ նաև պլաստիկ վիրաբույժի որակավորում, որն էլ ինձ թույլ է տալիս զբաղվել տարատեսակ պլաստիկ վիրահատություններով: Լինում են նաև հիմնականում զանազան վնասվածքներով պայմանավորված (ավտովթաներ և այլն) բարդ, վերակառուցողական վիրահատություններ, որոնք նույնպես մեր վիրահատական ծառայության կողմից բավականին բարեհաջող իրականացվում են:
-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում բժշկությունը հագեցա՞ծ է արդի սարքավորումներով:
- Եթե խոսենք մեր կլինիկայի մասին, ապա նրա բոլոր բաժանմունքներն ամբողջովին հագեցած են հիմնականում գերմանական հայտնի ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներով, ժամանակակից տեխնիկայով, և այդ տեսանկյունից մեզ համար ստեղծված են գրեթե իդեալական պայմաններ: Ու վստահ կարող եմ ասել, որ ցանկացած բժիշկ հպարտ և ուրախ կլինի աշխատել նման կլինկայում: Մեր կլինիկայում կա այնպիսի տեխնիկա, որ այժմ մի կլինիկա չունի, կան սարքավորումներ, որոնցից մեր տարածաշրջանում ընդամենը մեկ կամ երկու հատ կգտնեք: Մեր ախտորոշիչ (դիագնոստիկ) բաժանմունքը նույնպես բավականին հագեցած է տեխնիկայով, սարքավորումներով: Մենք էլ մեր ներուժի չափով ներդրում ենք ունենում այս ոլորտում` իրականացնելով սրտացավ և ծանրաբեռնված աշխատանք:
– Ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը:
- Բժշկությունն այնպիսի ոլորտ է, որ պետք է մշտապես բարելավենք մեր գիտելիքները, անընդհատ քայլենք նորարարությունների հոսքին համընթաց: Ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ մշտապես զարգանալ, անընդհատ տեղեկանալ նորարարությունների մասին, դրանք ներդնել Հայաստանում: Եվ այդ նպատակով փորձում եմ տարին գոնե 1-2 անգամ մասնակցել եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում անցկացվող տարբեր դասընթացների, կոնֆերանսների:
-Համագործակցո՞ւմ եք Հայաստանում գործող դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ:
- Ես թե՛ հայկական, թե՛ եվրոպական դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիաների անդամ եմ և, բնական է, համագործակցում եմ նրանց հետ:
-Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը, և ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին վիրահատությունից հետո:
- Եթե խոսենք, օրինակ, մեզ մոտ ամենաշատ տարածված քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի մասին, ապա պետք է նշեմ, որ այն բազմափուլ բարդ վիրահատություն է, և շատ կարևոր է ոչ միայն վիրահատական ընթացքը, այլ նաև հետվիրահատական հսկողությունը: Հիմա շատացել է հիվանդների, դրան համապատասխան` նաև պլաստիկ վիրաբույժների թիվը, ինչը ողջունելի փաստ եմ համարում: Դա նշանակում է, որ այս ոլորտում ունենք որոշակի որակ, ինչն էլ ավելացնում է պահանջարկը: Համաձայնեք, որ եթե չլիներ որակ, միանշանակ ոչ մեկը չէր դիմի այդպիսի վիրահատության:
Իսկ հետվիրահատական հսկողությունը կախված է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի զգոնությունից: Մենք տալիս ենք ընդհանուր ցուցումներ, այսինքն`պետք է շատ ուշադիր լինել, խուսափել հպումներից, հարվածներից, քանզի հետվիրահատական «կարկասն» ամբողջությամբ փխրուն է լինում մինչև առաջնային ոսկրային կպումները: Երբ վիրահատությունից հետո տեղադրում ենք հետվիրատական ֆիքսատորը՝ գիպսը, զգուշացնում ենք, որ այն հանելուց հետո ակնոց չկրեն, որովհետև դա կարող է ազդել քթի կառուցվածքի վրա:
-Իսկ ո՞ր դեպքերում է հակացուցված պլաստիկ վիրահատության իրականացումը:
- Իհարկե լինում են նաև դեպքեր, երբ մենք հրաժարվում ենք վիրահատություն կատարել` ելնելով վիրահատության հակացուցումներից: Ասենք, եթե տվյալ հիվանդը ցանկանում է ենթարկվել վիրահատության, բայց ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են առաջացնել կյանքի համար վտանգավոր հետագա բարդություններ, ապա, միանշանակ, պետք է նախ այդ բոլոր հիվանդությունները բուժվեն, որից հետո նոր միայն մենք կդիմենք վիրահատական միջամտության:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն գնում այդ քայլին հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:
- Վիրաբույժն առաջին հերթին պետք է հոգեբան լինի, հիվանդի վախը հոգեբանորեն պետք է հաղթահարվի, մինչ վիրահատական միջամտություն կատարելը պետք է յուրատեսակ կապ ստեղծվի բժշկի և հիվանդի միջև: Եվ վերջիններս պետք է հետևողական լինեն բժիշկների տված խորհուրդները, ցուցումները կատարելու հարցում, որն էլ միանշանակ կօգնի վիրահատության հետագա բարեհաջող ընթացքին:
Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժությունը գերազանց վիճակում է, այն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագետների թվի, թե՛ նրանց պատրաստվածության տեսանկյուններից: Բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու, կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի կանգնել տեղում ու սպասել ինչ-որ նորությունների, ինքդ պետք է անընդհատ աշխատես նորանոր բարձրունքների հասնելու համար: Եվ մենք երբեք չպետք է մոռանանք մեր մասնագիտության առաքելության մասին, չպետք է տրվենք մրցակցությանը, որից կտուժի միայն հիվանդը:
Եվ խորհուրդ կտամ բոլորին` ձգտեք կատարելության, եղեք միշտ առողջ:
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՐԴՈՒՆ ԱՉՔԻ ԼՈՒՅՍ ՊԱՐԳԵՎԵԼԸ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տասնամյակում ակնաբուժությունը հասել է զգալի հաջողությունների տեսողական օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր սահմաններ են գրավում: Հայաստանում նույնպես ներդրվում և կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները, և արդեն վաղուց հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում իրականացվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը։
Այսօրվա մեր զրուցակիցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, վիրահատական բաժանմունքի ղեկավար, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող և Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է`իր գործի նվիրյալներից մեկը: Ներկայումս Կենտրոնը ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունն է՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս ամենը թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները: Աչքի հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոցը բնակչության համատարած հետազոտումն ու ախտահարված հիվանդների հայտնաբերումն է: Կենտրոնը փորձում է ուշադիր հետևել համաշխարհային զարգացող գիտությանը, նորարարություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն ու մեթոդներին և դրանք ներդնել մեր երկրում:
Հայկական ակնաբուժության նախագծի` ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆ բժշկական խմբերը, ինչպես նաև Աչքի շարժական հիվանդանոցում կատարել են հազարավոր լազերային և վիրահատական միջամտություններ` Հայաստանի քաղաքացիներին պարգևելով կյանքի կարևորագույն բանը` աչքի լույսը, վերականգնել են նրանց տեսողությունը:
-Պարո՛ն Հովսեփյան, կխնդրեինք մի փոքր խոսել Աչքի շարժական հիվանդանոցի ստեղծման, նրա ծավալած գործունեության մասին:
-Շարժական հիվանդանոցը Հայաստանում գործում է 2002 թվականից, բայց այն պլանավորվել էր դեռևս երկրաշարժի, պատերազմի տարիներին, երբ պրոֆեսոր Ս. Վ. Մալայանի և ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի համատեղ ջանքերով նախագծվում էր ստեղծել մի շարժական համակարգ, որը հագեցած կլիներ անհրաժեշտ նվազագույն լազերային և հետազոտական սարքավորումներով, ինչպես նաև փոքր վիրահատարանով: Եվ դրա շնորհիվ արդեն հնարավոր կլիներ այցելություններ կատարել ՀՀ շրջաններ, հատկապես երկրաշարժի գոտի, որտեղ կկարողանայինք ավելի լուրջ վիրահատական միջամտություններ ցուցաբերել տեղի հիվանդներին, որոնք ի վիճակի չէին գալ Երևան` մեզ մոտ: Տարիների ընթացքում այդ ծրագրի գաղափարը կար, որը, ինչպես նշեցի, բարերարների աջակցությամբ վերջնականապես իրագործվեց 2002 թվականին: Եվ հենց այդ թվականի հունիսից մենք արդեն սկսեցինք աշխատել, առաջին տարին նախապատրաստական փուլն էր, և ամբողջ Հայաստանով կատարում էինք շրջայցեր: 7-րդ շրջայցը անցյալ տարի ավարտեցինք: Ընդ որում, որոշ մարզեր երկու-երեք անգամ ենք այցելել, իսկ, օրինակ, Գեղարքունիքի մարզում Ամերիկյան համալսարանի ծրագրով կլինիկա բացվեց, որից հետո, բնականաբար, այնտեղ մեր կողմից ավելի քիչ այցելություններ կատարվեցին:
- Ձեր երկար տարիների աշխատանքային գործունեության ընթացքում եղե՞լ է վիրահատություն, որի արդյունքը գերազանցել է Ձեր ակնկալիքները:
-Իհարկե լինում են բարդ դեպքեր, երբ զուգակցված են որոշ հիվանդություններ, և դու թերահավատ ես լինում վիրահատության լիարաժեք դրական արդյունքի հարցում: Օրինակ, բոլորս էլ տեղյակ ենք, որ հավկուրությունը գենետիկական հիվանդություն է, որի հետևանքով մարդը տարիների ընթացքում կորցնում է տեսողությունը ցանցենու ֆոտոռեցեպտոր բջիջների պրոգրեսիվ դեգեներացիայի պատճառով, և թերահավատորեն կարծում էինք, որ ոսպնյակի նույնիսկ փոքրիկ պղտորումը հիվանդի համար կարող է մեծ խնդիր լինել: Թերահավատությունն անցավ, և մենք շատ գոհ էինք արդյունքից, երբ վիրահատությունից հետո պացիենտի տեսողությունը վերականգվեց: Իհարկե, գերագույն հաճույք է, երբ մարդուն պարգևում ես աչքի լույս:
-Որպեսզի բուժումը ավելի արդյունավետ և թիրախային լինի, ի՞նչ կառաջարկեք ձեր այցելուներին առաջին իսկ անհանգստացնող խնդիրների դեպքում:
- Քանի որ շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ է ինչ-որ բնակավայրում լինում, այսինքն` հիվանդները հավաքագրվում են մինչև մեր հաջորդ այցը, կհորդորեմ մեր պացիենտներին ավելի հաճախ դիմել ակնաբույժին, որպեսզի հետագայում հիվանդության բացթողում կամ վատթարացում չլինի, իսկ հետվիրահատական շրջանն էլ ավելի թեթև անցնի: Մի խոսքով` նույնիսկ փոքր բարդություն հայտնաբերելու դեպքում թող դիմեն մեր կլինիկա:
-Բժի՛շկ, Ձեր կողմից ակնաբուժության մեջ նորարարություններ արվո՞ւմ են:
-Նորարարություններ կան, բայց դրանք զուտ նեղ մասնագիտական են: Ես, օրինակ, մեծ գոհունակությամբ կասեմ, որ հիմա դիաբետի նկատմամբ ավելի լուրջ մոտեցում կլինի, մասնագետներն ավելի շատ կվերապատրաստվեն, շրջանների կլինիկաները հագեցած կլինեն տեխնիկայով և կկարողանան աչքի ցանցաթաղանթի հետազոտում կատարել առանց ակնաբույժների մասնակցության: Իհարկե, որպեսզի հայտնաբերված ախտահարումները չխորանան, անհրաժեշտ է լազերային միջամտություն: Եվ պատահական չէ, որ ծրագրով նախատեսված հաջորդ նախապատրաստական քայլը շրջաններում լազերային սարքերի ձեռք բերումն է, որով կթեթևանա սպասարկման ծանրաբեռնվածությունը Երևանում: Շարժական կլինիկան էլ չի հասցնում արձագանքել շաքարային դիաբետի այդ հոսքին, և տեղերում լազերային սարք ունենալը կթեթևացնի ծանրաբեռնվածությունը:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Հայերս միշտ էլ համախմբված ենք եղել, և արտերկրի հայերն էլ Հայաստանի մասին շատ դեպքերում գուցե ավելի շատ են մտածում, քան մենք, և ես կցանկանայի, որ նրանց կողմից նախաձեռնված բարեգործական ծրագրերը Հայաստանում ավելի համակարգված իրականացվեին: Անկախ ամեն տեսակի քաղաքական իրավիճակներից, մենք՝ բժիշկներս, մեր ուշադրությունը, մասնագիտական ձգտումները, միտքը պետք է ուղղենք միայն մարդու մարմնական և հոգեկան առողջության պահպանմանը, ինչի առաքելությունը մեզ է տրված: Ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհն ավելի ծաղկի և գիտատեխնիկական զարգացում ապրի: Առողջ եղեք: