Lusine

Lusine

Կրթություն

1997-2007     Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոց

2007-2012    Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ

2012-2014   Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա

2014-2017  ԵՊԲՀ  ԼՕՌ հիվանդությունների ամբիոն , օրդինատուրա

2021-2022  ԵՊԲՀ  < Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն> օրդինատուրա

Ճիշտը ժամանակին բժշկի դիմելն է  

Տե­սո­ղութ­յան խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է, զու­գա­հեռ տարեց­տա­րի կատա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժ­ման մե­թոդ­նե­րը: Հա­յաս­տա­նում ակ­նա­բու­ժութ­յու­նը բժշկութ­յան ա­մե­նա­զար­գա­ցած ճյու­ղե­րից մեկն է հա­մար­վում, այս­տեղ պրո­ֆե­սիո­նալ բարձր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վում են ակ­նա­բու­ժա­կան բո­լոր միջամտություն­նե­րը: Իսկ ոլորտի առաջատարը ժամանակակից սարքավորումներով, նորագույն տեխնիկայով հագեցած Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Ակ­նա­բու­ժութ­յան եւ առողջապա­հութ­յան մի շարք այլ ո­լորտ­նե­րում Հա­յաս­տանն ու­նի մաս­նա­գի­տա­կան հզոր նե­րուժ թե´ ա­վագ, թե´ ե­րի­տա­սարդ սերն­դի մեջ, եւ ա­վագ սերն­դի բժիշկ­նե­րը պի­տի պատ­րաստ լի­նեն ի­րենց փոր­ձով ու հմտութ­յուն­նե­րով կիս­վել ե­րի­տա­սարդ­նե­րի հետ, ո­րով­հետեւ ե­րի­տա­սար­դի ստա­ցած տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը բա­վա­րար չեն, որ նա լավ մաս­նա­գետ դառ­նա: Բ­ժիշ­կն իր աշխա­տան­քին չպի­տի մո­տե­նա որ­պես զուտ գոր­ծո­ղութ­յան, քանի որ գործ ու­նի մար­դու հետ եւ պի­տի սի­րի մար­դուն, նրան ըն­դու­նի ինչ­պես ծնողի, զա­վակի, քրոջ կամ եղբոր: Ի­հար­կե, դա հեշտ չէ, եւ հենց այդ­տեղ է տար­բեր­վում «չբժիշ­կը» կո­չու­մով բժշկից: Մենք ու­նենք հրա­շա­լի, օ­րի­նա­կե­լի բժիշկ­ներ, ով­քեր ճա­նաչ­ված ու ըն­դուն­ված են հա­մաշ­խար­հա­յին բժշկա­կան հան­րութ­յու­նում:  

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ հաճելի զրուցակից, բազմափորձ մասնագետ, ով մեծ ներդրում ունի մեր երկրի ակնաբուժության բնագավառում, վայելում է գործընկերների սերն ու հարգանքը, պացիենտների՝ վստահությունը: 

-Պարո՛ն Գրիգորյան, ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում» ապրել:

-Կարելի է ասել՝ բոլոր: Օրինակ, եթե նախկինում կատարակտը հիմնականում ի հայտ էր գալիս 60 տարեկանից հետո, եւ այն համարում էինք ծերունական հիվանդություն, ապա հիմա այն միջին տարիքի, ոչ ծեր մարդկանց մոտ էլ է ի հայտ գալիս:

-Իսկ ինչի՞ց է առաջանում կատարակտը:

-Կատարակտը պաթոլոգիա է, որը բնութագրվում է աչքի ոսպնյակի դանդաղ մթագնմամբ (թափանցիկության խանգարմամբ): Այն  լինում է միակողմանի եւ երկկողմանի: Առավել հաճախ հանդիպում է երկրորդ տեսակը: Դրա առաջացման պատճառներն են՝ հարազատների մոտ կատարակտի առկայությունը, 2-րդ կամ 1-ին տիպի շաքարային դիաբետը, աչքի վնասվածքների կամ բորբոքային պրոցեսների առկայությունը, աչքի վիրահատական փոփոխությունները, գլյուկոկորտիկոիդների բավականին երկարատեւ ընդունումը, ինչպես նաեւ ծխելը, իոնացնող ճառագայթումը, ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատեւ ազդեցությունը: Հղիության ընթացքում վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կամ ուժեղ դեղամիջոցների ընդունման հետեւանքով նույնպես պտղի մոտ կարող է նկատվել բնածին կատարակտ:
Կատարակտը վիրահատում են ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, որի ընթացքում աչքի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ:

-Աչքի ճնշումը ինչի՞ կարող է հանգեցնել:

-Աչքի ճնշումը կարող է հանգեցնել կուրացման: Դա ներակնային ճնշման բարձրացում է, որ բերում է տեսանյարդի ատրոֆիայի: Նախկինում դա դատավճիռ էր, իսկ հիմա այդպես չէ, եւ ժամանակին հայտնաբերելու դեպքում իրականացնում ենք դեղորայքային, հարկ եղած դեպքում՝ նաեւ վիրաբուժական բուժում: Նոր մեթոդները մեզ թույլ են տալիս իջեցնել ճնշումը՝ օգտագործելով հատուկ զոնդեր, սարքեր, որոնք տեղադրվում են աչքի մեջ: Իհարկե, կա նաեւ ճնշման բարձրացում, որը չի բերում աստրոֆիայի: Որեւէ խնդրի դեպքում պացիենտն անմիջապես պետք է դիմի մասնագետի, սակայն, ցավոք, հայերիս բնավորությունն է, որ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չենք դիմում: Հիվանդը պետք է ինքը շահագրգռված լինի ու ժամանակին ցուցաբերի համապատասխան մոտեցում, մինչդեռ շատ անգամ հիվանդը գալիս է բարձիթողի վիճակում, երբ արդեն չենք կարող բուժել ատրոֆիան:

-Կուրությունը բուժում ունի՞:

-Կա բուժելի, կա նաեւ անբուժելի կուրություն: Գլաուկոման անբուժելի է, բայց կատարակտի եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում մենք փոխպատվաստումներ ենք կատարում, եւ դրանք բուժվում են: Ընդհանրապես մեզ մոտ առկա են ժամանակակից սարքավորումներ, տեխնիկա, իսկ բուժումն իրականացվում է ժամանակակից մեթոդներով:

-Տեսողության հիգիենայի մասին ի՞նչ կասեք:

-Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել եւ հանգստացնել աչքերը, չպետք է երկար ժամանակ հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով, պետք է գրել եւ կարդալ լավ լուսավորված պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը: Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ, գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա. աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից: Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:

 -Չոր աչքի համախտանիշը ի՞նչ է իրենից ներկայացնում:

-Չոր աչքի համախտանիշը կարող է պայմանավորված լինել բազում պատճառներով: Դրանց շարքին են դասվում որոշ աուտոիմունային եւ այլ լուրջ հիվանդությունները, ինչպես նաեւ որոշակի դեղորայքի ընդունումը, համակարգչի եւ պլանշետների չարաշահումը, օդի աղտոտվածությունը, ալերգիաները, ծխախոտի չարաշահումը, կոնտակտային լինզաներ կրելը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:

 Բուժման համար սովորաբար կիրառվում են «արհեստական արցունքով» դեղամիջոցներ (կաթիլներ կամ քսուք): Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս խնդրիը, քանի որ այն ոչ միայն բացասաբար է ազդում կյանքի որակի վրա, այլեւ զգալիորեն բարձրացնում աչքերի  տարբեր բորբոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Գոյություն ունեն թեստեր, որոնց օգնությամբ կարողանում ենք իմանալ, թե ինչքան արցունք է արտադրվում, եւ ըստ դրա իրականացվում են տարբեր, այդ թվում՝ վիրաբուժական մեթոդներ:

-Ի՞նչ կասեք պաշտպանիչ ակնոցների մասին:

-Պաշտպանիչ ակնոցներն անհրաժեշտ են թե՛ տանը տարբեր աշխատանքներ կատարելու, թե՛, իհարկե, պատերազմի դաշտում: Դա շատ լուրջ խնդիր է: Ես ունեցել եմ 160-ից ավելի աչքից վիրավորված զինվորներ, որոնք վնասվածքներ ստացել են հիմնականում պաշտպանիչ ակնոց չունենալու պատճառով: Այդ առումով մեր բանակը բացարձակապես անպաշտպան է եղել: Ունենք հիվանդներ, որոնց աչքի մեջ մեկից ավելի օտար մարմիններ կան, եւ ամենավատն այն է, որ 90 տոկոսով ականապայթունային վնասվածքներ են, ռումբեր, ականներ եւ հիմնականում ժամանակակից մետաղներ են օգտագործվել՝ պղնձյա եւ այլն, որոնք մագնիսային չեն, ու նրանց հետ աշխատելը շատ դժվար է: Միջազգային վիճակագրությամբ լավագույն վիրաբույժներն իրենց կյանքում 3-5 օտար մարմին են հեռացրել պինցետով, իսկ մենք, եթե չեմ սխալվում, մի 40 հատ հեռացրել ենք: Նախկինում գոյություն ուներ, այսպես ասած, ռուսական համակարգ, որը կոչվում էր հիվանդների փուլային տարհանում (էվակուացիա) ռազմի դաշտից: Գնում էին, տանում վիրավորներին, ինչ-որ մի տեղ հավաքում, ապա այնտեղեց մեքենայով տանում առաջին օգնության կենտրոն, հետո՝ մեկ այլ տեղ, ապա վերջապես՝ հոսպիտալ: Մինչդեռ ամերիկացիները հիմար չէին, որ ուղղաթիռով միանգամից հոսպիտալ էին տանում, եւ լավ է, որ նույնը մեզ մոտ արվեց այս պատերազմի ժամանակ: Փառք ու պատիվ մեր շտապօգնության վարորդներին, որոնք բավականին արագ վիրավորներին հասցրեցին բուժկետեր, հոսպիտալներ: Առաջին պատերազմի ժամանակ մենք ունեցանք բազմաթիվ թարախակալման, այլ բորբոքային դեպքեր, որոնք կախված էին ուշացման հետ, իսկ այս պատերազմի ժամանակ դրանք շատ քիչ էին: Շատ արագ վիրավորներին բերում էին հոսպիտալային բազաներ՝ Սիսիան, Գորիս, մեր հոսպիտալը եւ արդեն այնտեղից տեղափոխում էին համապատասխան ակնաբուժական կլինիկաներ (եթե ակնաբուժական խնդիր էր միայն):

-Կա՞ այնպիսի հետազոտման մեթոդ, որ աչքի մասին ընդհանուր պատկերացում է տալիս, թե՞ համակցված մեթոդ է պետք իրականացնել:

-Առաջ շատ հետաքրքիր մեթոդ ունեինք. մեր գործընկեր Լեւոնը, որ գնաց ԱՄՆ, հեռուստատեսությամբ մի երկու բառ էր ասում, ապա ցույց տալիս տեսադաշտի պատկերը եւ դիմում հեռուստադիտողին. «Հիվանդնե՛ր, ստուգեք ձեր տեսողությունը»: Դա մի մեթոդ էր, որը թույլ էր տալիս որոշ հիվանդների անմիջապես դիմել բժշկի: Օրինակ, գլաուկոմայի ժամանակ այդ տեսադաշտը նեղանում է: Հիմա, երբ ինտերնետը կա, հազարումի բան կարդում են եւ ինչ-որ քայլեր ձեռնարկում, սակայն ճիշտը, իհարկե, ժամանակին բժշկի դիմելն է:  

-Իսկ որպես վերջաբան ինչ կմաղթեք մեր հանրությանը:
-Սա մեր հայրենիքն է, եւ ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու եւ  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Բոլորին առողջություն եմ մաղթում:                

Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է

Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ եւ հսկայական առաջընթաց է արձանագրել: Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ լիարժեք բուժման համար այսօր ստեղծված են բոլոր պայմանները: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել գրեթե բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է զրուցակիցն է Սրտաբանււթյան գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի սրտաբան, գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ով, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ եւ վաստակ իր ասպարեզում, մշտապես կարողանում է հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Նա բարեհամբույր, սկզբունքային մարդ է, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է իսկական բժիշկ կոչվելու պատվին:

-Բժի՛շկ, որո՞նք են ինֆարկտի տեսակները:

-Ինֆարկտները շատ տարբեր են լինում: Լինում են տարբեր չափերի եւ տարբեր բարդությունների: Չնայած ինֆարկտի չափը հաճախ հանդիսանււմ է բարդությունների զարգացման գլխավոր պատճառներից մեկը, եւ փոքր ինֆարկտները կարող են առանձնապես չազդել կծկողականության ուժի վրա, սակայն ինֆարկտի հիմնական վտանգն այն է, որ նույնիսկ շատ փոքրերը, որոնք շատ խորն են, կարող են առաջացնել մահացու բարդություններ՝ սրտամկանի պատռվածքներ, ծայրահեղ վտանգավոր ռիթմի խանգարումներ եւ պաշարումներ: Մի խոսքով, եթե նույնիսկ սուր շրջանում քեզ լավ ես զգում, դրանք կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Մեծ ինֆարկտները, իհարկե, բերում են նրան, որ հետագայում սպին է մեծ լինում, սրտամկանը, սիրտը թուլանում են, ու ամբողջ կյանքում դա ուղեկցում է մարդուն՝ կրճատելով կյանքի տեւողությունը: Այդ իսկ պատճառով հենց առաջին պահից մինչեւ չորս կամ, գոնե, տասներկու ժամվա մեջ ինֆարկտի բոլոր հետեւանքները կանխելու կամ, որքան հնարավոր է, քչացնելու նպատակով ցանկալի է շատ շտապ դիմել բժշկի, որպեսզի իրականացվեն հետագա անհրաժեշտ գործողությունները: Չպետք է մոռանալ, որ հաճախ մարդիկ իրենց շատ լավ են զգում, երբ այդ ցավն առաջացել ու անցել է, եւ չեն պատկերացնում, որ կարող է այդ ամենը հետագայում ճակատագրական լինել անգամ առաջին մեկ շաբաթվա ընթացքում: Դրա համար, եթե դուք ունեք տհաճ զգացում կրծքավանդակում, որը կարող է ինֆարկտի ախտանշան լինել, պարտադիր պետք է դիմեք բժշկի:

-Որո՞նք են ինֆարկտի նշանները:   

-Ամենահաճախը լինում է ցավը, սեղմող ծանրությունը կրծոսկրի շրջանում՝ կրծքավանդակի կենտրոնում: Ընդ որում, շատ ժամանակ, երբ հարցնում ես՝ ցա՞վ եք ունեցել, իրենք դա ցավ չեն համարում, ասում են՝ պարզապես շատ տհաճ զգացում էր կրծքավանդակի կենտրոնում: Դա՝ մեկ: Երկրորդը շունչը կտրվելն է: Սովորաբար երկուսը միասին են լինում, բայց կարող է նաեւ այդպես չլինել: Սրտխառնոցը, ճնշման բարձրացումը կամ իջեցումը նույնպես կարող են ուղեկցվել ինֆարկտով: Երբեմն էլ կարող է ճնշումը բարձրանալ, բայց ինֆարկտ չլինել, կարող են իրար հետ լինել, այնպես որ՝ ճնշումը սրտամկանի ինֆարկտի կոնկրետ նշան չէ:

-Իսկ եթե հիվանդը արնահոսո՞ւմ է:

-Ոչ, արնահոսությունը կապ չունի ինֆարկտի հետ: Գլխավոր բանը, կրկնեմ, տհաճ, ճնշող ցավը կամ ճնշող զգացումն է հետկրծոսկրային շրջանում, որը կարող է փոխանցվել ե՛ւ ծնոտին, ե՛ւ թեւերին: Ու, սովորաբար, նաեւ շնչարգելությունը, եւ շատ ժամանակ շաքարային դիաբետով տառապողները կրծոսկրի սեղմոց, ցավ կարող են չունենալ, բայց ունենալ արտահայտված շնչարգելություն: Դրա համար, երբ շաքարային դիաբետ ունեցողի մոտ սկսվում է կտրուկ շնչարգելություն, պետք է կանչել շտապօգնություն, որ կատարեն էլեկտրասրտագրություն:

-Առիթմիայի տեսակների մասին ի՞նչ կասեք:

-Առիթմիան բավականին լայն թեմա է: Առիթմոլոգիան, որպես գիտություն, հիմա այնպես է զարգացել, որ կարող ենք հաջողությամբ միջամտություններ կատարել նույնիսկ վտանգավոր առիթմիաների դեպքում, ինչը նախկինում շատ քիչ էինք կարողանում անել: Առիթմիաների մեծամասնությունը սովորաբար լինում է անվտանգ, անցողիկ, առանց որեւէ միջամտության կարող է անցնել կամ երբեմն պահանջում է թեթեւ բուժում: Շատ ժամանակ դրանք լինում են նյարդային, եւ, երբ տեսնում ենք, որ առիթմիան վտանգավոր չէ, սովորաբար ավելի շատ խորհուրդ ենք տալիս նյարդեր հանգստացնող, շարժունակություն ապահովող գործողություններ կատարել, սպորտային միջոցառումների մասնակցել, որոնք կարող են առիթմիաները հանել: Իսկ, եթե առիթմիան արդեն լինում է վտանգավոր, պետք է դրա դեմ կա՛մ դեղորայքային բուժում տարվի, կա՛մ, եթե տեսնում ենք, որ դեղորայքը չի ազդում, կատարվի արդեն ուրիշ միջամտություն:

-Շողացող առիթմիան վտանգավո՞ր չէ:

-Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», եւ այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում նրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները  կարող են «թռչել» եւ դառնալ ինսուլտի պատճառ: Դրա համար շողացող առիթմիայի դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի, որպեսզի վերջինս որոշի՝ տա՞լ հիվանդին արյունը ջրիկացնող դեղորայք, թե ոչ: Քովիդի պատճառով արդեն գրեթե բոլորը գիտեն, որ այդ դեղը «Քսարելտոն» է, որը շողացող առիթմիայի դեպքում նշանակվում է մինչեւ կյանքի վերջ: Բացի այդ, կարող են իրականացվել նաեւ թրոմբի «թռիչքը» կանխող այլ գործողություններ:   

-Ռիթմի խանգարումների դեպքում տարիքային շեմ ո՞րը կարող ենք համարել:

-Գործնականում տարիքային շեմ չկա. տարբեր տարիքներում լինում են տարբեր ռիթմի խանգարումներ: Ընդ որում, շատերը կարող են ամբողջ կյանքում ունենալ ռիթմի խանգարումներ, բայց դա չզգալ: Մարդիկ էլ կան, որ բացարձակ անվտանգ ռիթմի խանգարումներն այնքան սուր են զգում, որ դրանք իրենց համար լինում են ուղղակի անտանելի, եւ գլխավոր բանը այդ մարդկանց հանգստացնելն է, որ իրենց առիթմիան անվտանգ է: Եվ միայն ինչ-որ խնդիր լինելու դեպքում կարելի է միջամտել: Սակայն, եթե անվտանգ առիթմիան ազդում է կյանքի որակի վրա, մենք ստիպված միջամտւմ ենք: Ամեն դեպքում, եթե լինում են առիթմիաներ, ցանկալի է դիմել բժշկի, որովհետեւ բժիշկն արդեն կարող է կողմնորոշվել եւ ասել՝ այդ առիթմիան անվտա՞նգ է, թե ոչ, արժե՞ այդ առիթմիան վերացնել, թե ոչ, ինչպիսի կանխարգելիչ մեթոդներ ձեռնարկել, որ այդ առիթմիան չկրկնվի…  

-Նյարդային համակարգը որքանո՞վ է ազդում սրտի գործունեության վրա:

-Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է, եւ շատ արագ հենց նա է զգում ամեն տեսակ էմոցիաները: Բացի այդ, սիրտը անատոմիական շատ հարուստ իներվացիա ունի, ներվերով սնուցվում է, եւ, եթե ինչ-որ էմոցիոնալ, նյարդային բաներ են լինում, սիրտը շատ արագ դա զգում է: Փաստորեն, ամեն ինչը արտահայտվում է սրտով: Կարող է լինել արագախփություն, սրտի անկանոն աշխատանք, ինչ-որ նեղվածություն, որովհետեւ սրտի լեզուն զգացմունքների լեզուն է, եւ նա խոսում է մեզ հետ ոչ թե բառերով, այլ զգացմունքներով: Բառերը գալիս են մեր ուղեղից, զգացմունքները՝ սրտից: Ցավեր կարող են առաջանալ կրծքավանդակում, բայց ո՛չ սրտի, ո՛չ իշեմիկ, ո՛չ անոթի նեղացման հետ կապված ցավեր: Կարող են առաջանալ ծակծկոցներ, սրտխփոց, սրտի անկանոն աշխատանք, սակայն բացարձակ առողջ սրտով, եւ այդ գանգատները կարծես մեր մարմնի/սրտի լեզուն է, որն ասում է՝ ինչ-որ բան մեր դուրը չի գալիս: Եթե ամեն ինչը նորմալ է, եթե մենք չունենք ուրիշ ռիսկի գործոններ (ես նկատի ունեմ բարձր ճնշում, շաքարային դիաբետ, ծխել, նստակյաց կյանք, ավելորդ քաշ), մեզ մոտ առանձնապես սրտային հիվանդություն չի լինում: Իհարկե, քրոնիկական երկարատեւ սթրեսը կարող է բերել որոշ սրտային հիվանդությունների:

-Ի՞նչ կասեք սրտի մասին բժշկությունից դուրս:

-Սիրտն այն օրգանն է, որի միջոցով մենք կապված ենք ամբողջ տիեզերքի հետ: Նա ամեն ինչ գիտի, իսկ ուղեղը գիտի միայն իր, մեր անցյալը, ապրածը եւ եզրակացություններ է անում միայն դրանցից, մեր կուտակած փորձից ելնելով: Ուղեղը կարող է դատել ոչ մի անգամ չտեսած նարնջի մասին՝ հիմնվելով իր իմացած խնձորի մասին գիտելիքի/փորձի վրա, այդ իսկ պատճառով մեր շատ տրամաբանական, ըստ մեզ, եզրակացությունները լինում են սխալ: Իսկ սիրտը տալիս է մեզ միշտ ճիշտ որոշումը, ուղղակի պետք է կարողանալ լսել նրան, բայց այդ ունակությունը մենք կորցրել ենք եւ չափից շատ ենք վստահում մեր ուղեղին, որը հաճախ առաջարկում է մեզ սխալ ուղղություն:

-Երբ ձախ կողմը թուլանում է, դա կապված է նյարդերի՞ հետ:

-Հաճախ լինում է նյարդերի հետ կապված, կարող է լինել նաեւ սրտի հետ կապված, ամեն դեպքում պետք է նայել, տեսնել, թե ինչից է: Ավելի հաճախ այդպիսի թուլացումների պատճառը նյարդային, քան սրտային հիվանդությունն է:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Հրաշալի կադրեր ունենք: Ընդհանրապես կյանքում ամեն ինչը շատ-շատ է փոխվել: Օրինակ, մեր ժամանակներում ինտերնետ չկար, գրականությունն էր քիչ, հետաքրքրությունն էլ առանձնապես շատ չէր, ամեն ինչը կարծես պատրաստի էր ստացվում, իսկ հիմա պրոֆեսիոնալիզմի դար է եկել, եւ ամեն մեկը պետք է շատ բան իմանա, իրենից մի բան ներկայացնի, որ կայանա: Այդ իսկ պատճառով ե՛ւ ուսանողները, ե՛ւ, հետագայում, մեր օրդինատուրա, ինտերնատուրա անցնողները շատ հետաքրքրասեր են, խորանում են, ամեն ինչը ուզում են իմանալ, որովհետեւ գիտեն, որ իրենց ապագան կախված է իրենց գիտելիքներից, որ, ամենաքիչը, պետք է գոնե միջակ կամ միջակից բարձր լինեն, որ կարողանան այսօրվա մրցակցությանը դիմանալ:

-Ի՞նչ կասեք առաջնային օղակի մասին:

-Առաջնային օղակը շատ ծանրաբեռնված աշխատում է, նրա մակարդակը բարձրացել է, մասնագետներն իրենց գործը փայլուն կատարում են եւ միայն հարգանքի են արժանի մանավանդ այս քովիդային շրջանում:

-Հիվանդությունները «երիտասարդացե՞լ» են:

-Սրտի իշեմիկ հիվանդությունն է «երիտասարդացել»: Ընդհանրապես «երիտասարդանալն» ավելի շատ պայմանավորված է նրանով, որ սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումն է լավացել, ավելի վաղ շրջանում ենք կարողանում հայտնաբերել հիվանդությունը: Բացի դրանից, նաեւ իրոք հիվանդությունները որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև կյանքը, անգամ ծխախոտը, սնունդն են փոխվել. արհեստական նյութերը շատ են: Շատերն են նստակյաց կյանք վարում, մարդկանց քաշն է ավելացել սննդի պատճառով. ուտելիքը ավելի համովացել է, տեսականին՝ շատացել, սնունդը կարծես արվեստ է դարձել, այն ոչ միայն կշտանալու, այլ ավելի շատ, կարծես թե, հաճույքի եւ ժամանցի աղբյուր է դարձել, մարդը փնտրում է՝ որից երբ ուտի: Աղն է շատացել, այնպիսի բաղադրություններ կան պատրաստի ուտելիքների մեջ, որ կարող են նույնիսկ շաքարախտ առաջացնել, խոլեստերինը բարձրացնել եւ այլն եւ այլն: Եթե այդ ամենին գումարենք նաեւ քրոնիկական սթրեսները, որոնք, իրենց հերթին, նպաստում են ծխելու, ուտելու, ալկոհոլի քանակը շատացնելուն, ապա տխուր պատկերը լիարժեք կլինի:

-Ի՞նչ կմաղթեք հանրությանը:

-Մեր ժողովրդին առողջություն ցանկանանք: Բժիշկներս ուզում ենք դրսից առողջացնել մարդուն, բայց մարդը պետք է ներսից փոխվի, ամեն փոփոխություն ներսից է գալիս: Մենք չենք կարող դեղորայքով նրան առողջացնել, եթե ինքն իրեն չի հետեւում: Ամենակարեւորը առողջ մնալն է, ոչ թե բուժվելը, որովհետեւ բուժումն արդեն չի բերում առողջ մակարդակի, մենք ուղղակի այնպես ենք անում, որ մարդն այդ հիվանդությունը չզգա, ուստի մարդը պետք է իրեն հետեւի, գիտակցորեն մոտենա առողջությանը: Մինչդեռ մեր մեքենաներին ավելի լավ ենք նայում, քան մեզ. լավ յուղ լինի, լավ բենզին, պարբերաբար ստուգելու ենք տանում վարպետների մոտ: Թող մարդիկ հետեւեն իրենց, առողջ մնան, իհարկե, դրանով էլի մեր գործը չի պակասի, բայց կզբաղվենք ավելի հաճելի բաներով, ոչ թե կտեսնենք մարդկային տառապանքները: Մանավանդ սիրտը, եթե հիվանդանում է, 100 տոկոսով չի բուժվում: Պահպանեք առողջությունը, վարեք առողջ ապրելակերպ, որպեսզի ապրեք լիարժեք կյանքով:                    

Заместитель главврача, заведующий отделением эстетической и терапевтической стоматологий.

  • Стаж врачебной практики с 1999 года.
  • Врач-консультант компании Tokuyama Dental, Япония
  • Врач-консультант компании Sirona, Германия
  • Специализация

     Виниры, система CEREC, эстетическая стоматология, эндодонтия, пародонтология, лазерная стоматология, отбеливание зубов.
     
     Постдипломное образование:
     
    • постдипломное обучение в Католическом университете, Брюссель, Бельгия, 1999
    • реставрационная терапия ,центр «Аполлония», DENTSPLY , Полтава,  Украина, 2004
    • эндодонтия ,центр «Аполлония», DENTSPLY,  Полтава,  Украина, 2006
    • восстановительная стоматология ,центр. «Биосан», DENTSPLY , Москва, Россия, 2006
    • клинические аспекты и методики перелечивания в эндодонтии, Иерусалимский университет, Израиль,2008
    • эстетическая реставрация , центр «Аполлония», DENTSPLY, Полтава,  Украина, 2011
    • композитная винирная система «COMPONEER», Coltene, Цюрих, Швейцария, 2013
    • теоретические и практические основы CAD/CAM системы Cerec, Sirona, Беншайм, Германия, 2015
    • особенности дентального микроскопа Kavo, Биберах, Германия, 2016
    • конгресс цифровой стоматологии, Ереван, Армения , 2018
    • мастер класс Tokuyama Dental Asteria, Москва, Россия, 2018

    Языки- армянский, русский, французский, английский

Արգանդի և հեշտոցի պատերի իջեցումն այլևս խնդիր չէ՛

 Արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը ծանոթ է բազմաթիվ կանանց: Շատերն են բախվում այս տհաճությանը՝ չիմանալով, որ ցանկացած խնդիր լուծելի է, երբ հանդիպում ես բարձրակարգ մասնագետի:

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ և պարզապես՝ հոգատար բժիշկ Արման Կարապետյանն արդեն քանի տարի է՝ հեշտոցի պատերի իջեցման վերականգնման նպատակով մեծ հաջողությամբ իրականացնում է սակրովագինոպեքսիա՝ պոլիպրոպիլենային ցանցի տեղադրմամբ:

Նման վիրահատությունը թույլ է տալիս վերականգնել փոքր կոնքի մկանների թուլության պատճառով տեղաշարժված օրգանների նորմալ անատոմիան:

Լապարոսկոպիկ սակրովագինոպեքսիան վերականգնողական վիրահատություն է՝ սինթետիկ նյութերի կիրառմամբ, որը կատարվում է էնդոտրախեալ ցավազրկմամբ:

Սակրովագինոպեքսիան փակ վիրահատություն է: Այսպիսի վիրահատությունները նպաստում են հիվանդների արագ ապաքինմանը և կյանքի որակի բարելավմանը: Վիրահատական միջամտության ընթացքը կարճատև է, իսկ հետվիրահատական շրջանը՝ անցավ:

Անհրաժեշտ է հիշել, որ բժշկին ճիշտ ժամանակին դիմելը բուժման հաջողության ամենամեծ գրավականն է, ուստի որևէ խնդիր նկատելու դեպքում պետք չէ հապաղել, չէ՞ որ առողջությունն ամենաթանկն է:

Բժիշկ Արման Կարապետյանի մոտ հերթագրվելու համար կարող եք զանգահարել +374 91-47-56-01 հեռախոսահամարով կամ այցելել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»:

ՄՌՏ հետազոտությունը կատարում են հղիության առաջին եռամսյակից հետո

Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախեւառաջ, պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, իսկ դա հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների ճշգրիտ արդյունքներ: Դրանցից է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որը համեմատաբար նոր հետազոտության մեթոդ է: Դրա միջոցով ստացված պատկերները տալիս են մանրակրկիտ տեղեկություն հետազոտվողի օրգան-համակարգերի եւ առկա ախտաբանական գործընթացների մասին դեռեւս հիվանդությունների ամենավաղ շրջանում: ՄՌՏ-ով հնարավոր է մանրակրկիտ հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները, մասնավորապես, այն համարվում է ոսկե ստանդարտ գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, հոդերի, որովայնի խոռոչի եւ փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:
http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան, «Էրեբունի», «Վալիդուս» բժշկական կենտրոնների բժիշկ-ռադիոլոգ ԵՎԱ ՌԵՎԱԶՅԱՆՆ է՝ երիտասարդ, ժպտադեմ, բարեհամբույր, բանիմաց բժշկուհին, ով ոչ մի պարագայում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա:                                                                                                                    

-Բժշկուհի՛, ՄՌՏ-ն անվնա՞ս է օրգանիզմի համար:                                                                                     

-ՄՌՏ-ն ժամանակակից գործիքային հետազոտման անչափ ինֆորմատիվ մեթոդ է, որի ժամանակ չի կիրառվում ճառագայթում, այն միանգամայն անվնաս է օրգանիզմի համար եւ հնարավորություն է տալիս հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները՝ հաճախ հայտնաբերելով այնպիսի ախտաբանական պրոցեսներ, որոնք դեռ տեսանելի չեն հետազոտման այլ մեթոդների օգնությամբ:                                                                                               

 -Կարելի՞ է արդյոք հղի կանանց կատարել ՄՌՏ հետազոտություն:

-Այո՛, հղիներին կարելի է կատարել ՄՌՏ հետազոտություն, եթե մյուս հետազոտությունները բավարար ինֆորմացիա չեն հաղորդել բժշկին: Հետազոտությունը կատարվում է միայն եւ միայն բժշկի ցուցումով: Վերջին երեսուն տարիների ընթացքում գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ՄՌՏ հետազոտությունն անվնաս է մոր եւ պտղի համար: Սակայն ՄՌՏ հետազոտությունը կատարում են հղիության առաջին եռամսյակից հետո, քանի որ այդ շրջանում տեղի է ունենում պտղի օրգանագենեզը՝ օրգան-համակարգերի ձեւավորումը, եւ  ցանկալի է խուսափել հետազոտությունից: Բացի այդ, հետազոտությունը կարող է որոշակի անհանգստություն, անհարմարություն, լարվածություն առաջացնել ապագա մայրիկի մոտ, ինչը նույնպես ցանկալի չէ հղիության այդ շրջանում: Սա եւս մեկ պատճառ է հղիության առաջին եռամսյակում ՄՌՏ հետազոտություն չկատարելու համար: Հղիների ՄՌՏ հետազոտությունը կատարում ենք առանց կոնտրաստավորման, քանի որ կոնտրաստանյութը կարող է թափանցել պլացենտար բարիերը՝ անցնել դեպի պլացենտա եւ վնաս հասցնել պտղին: 

-Ե՞րբ են հղիներին կատարում ՄՌՏ հետազոտություն /ցուցումները/:

-ՄՌՏ հետազոտության օգնությանն են  դիմում այն դեպքում, երբ այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել ուլտրաձայնային հետազոտությամբ ժխտել կամ հաստատել որեւէ ախտորոշում, օրինակ, երբ ունենք պտղի անհարմար դիրք, պտղի գանգոսկրերի պնդացում, հղիի՝ արտահայտված ճարպակալում, պտղաջրերի քանակի խիստ նվազում: Թվարկված պատճառների առկայության դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել ուլտրաձայնային հետազոտությունը, դիմում են ՄՌՏ հետազոտության օգնությանը: ՄՌՏ հետազոտությունը կատարում են պտղի արատները, օրգան-համակարգերի, հենաշարժիչ համակարգի խնդիրները բացահայտելու համար, որոնք կարող են բերել հղիության ընդհատման: Մայրերի մոտ դիմում ենք այս մեթոդին, երբ կա սուր հայմորիտի, վասկուլիտի, էնցեֆալիտների, ինսուլտների, հենաշարժիչ համակարգի խնդիրների, ճողվածքի, սիմֆիզիտի կասկած, կամ, երբ նկատվում են հղիի վարքագծի, հիշողության, ինտելեկտի արտահայտված փոփոխություններ:

-Ե՞րբ հղիներին չի կարելի կատարել ՄՌՏ հետազոտություն /հակացուցումները/:

-Ինչպես մնացած գործիքային հետազոտությունները, ՄՌՏ-ն նույնպես ունի որոշակի սահմանափակումներ, որոնք լինում են բացարձակ եւ հարաբերական: Բացարձակ հակացուցումներից է մետաղական բեկորների, պրոթեզների, կարդիոստիմուլյատորների  առկայությունը: Բացարձակ հակացուցում էր հանդիսանում նաեւ պացիենտի ավելորդ քաշը, սակայն այսօր ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտել մինչեւ 250 կգ քաշ ունեցող պացիենտներին:
Հարաբերական հակացուցումներից են մարմնի որոշ դաջվածքները, ականջում իմպլանտների առկայությունը, ինչպես նաեւ կլաուստրաֆոբիան, հղիության առաջին եռամսյակը եւ  հիվանդի ծանր վիճակը: Նախքան հետազոտությունը սկսելը հիվանդը պետք է տեղեկացնի բժշկին իր օրգանիզմում առկա մետաղի մասին, որից հետո պետք է համատեղ որոշեն հետազոտության նպատակահարմարությունը:

-Ինչպե՞ս են հղիները նախապատրաստվում հետազոտությանը:

-Հետազոտությանը նախապատրաստվելու անհրաժեշտություն կա միայն որովայնի խոռոչի օրգանների եւ արգանդի հետազոտության ժամանակ: Հետազոտությունից մեկ շաբաթ առաջ չի կարելի օգտագործել քաղցրեղեն, կոֆեին պարունակող ըմպելիքներ, սնունդ, որից կարող է առաջանալ մետեորիզմ (գազավորվածություն), այսինքն՝ ցանկալի չէ օգտագործել մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն: Հետազոտության նախօրեին չորս ժամ պետք է չուտել, եւ խորհուրդ է տրվում  հետազոտությունից երկու ժամ առաջ օգտագործել սորբենտներ, իսկ կես ժամ առաջ՝ սպազմոլիտիկներ (պրեպարատների ընտրությունը կատարում են գինեկոլոգի հետ): Եթե չկան հակացուցումներ, որոնց մասին արդեն խոսեցինք, հետազոտությունը սկսելուց առաջ հղին հանում է բոլոր զարդերը, ժամացույցը, այլ մետաղական առարկաները, կրծկալը, այնուհետեւ պառկում հետազոտության սեղանին, դնում ականջակալները, որպեսզի իրեն չխանգարի սարքի աշխատանքի աղմուկը: Հետազոտությունը միջինը կարող է տեւել՝ սկսած 15 րոպեից մինչեւ 40 րոպե: 

-Հետազոտության ժամանակ հղիի կողքին կարո՞ղ է ներկա գտնվել նրա հարազատը:

-Հետազոտության ժամանակ հղիի հետ նրա կողքին կարող է ներկա գտնվել նրա հարազատը, բռնել նրա ձեռքը՝ լարվածությունը եւ անհանգստությունը առավելագույնս թեթեւացնելու նպատակով:

Բացի այդ, հետազոտության ժամանակ հղիին տրվում է հարմարանք, այսպես կոչված, «տանձիկ», որը նա պահում է ձեռքում ամբողջ հետազոտության ընթացքում եւ կարող է սեղմել այն վատ զգալու դեպքում: Սեղմելուն պես մենք անմիջապես դադարեցնում ենք հետազոտությունը եւ հանում հղիին սարքի միջից:      

Եվ թող երբեք չմարեն ձգտումն ու հավատը

Հայաստանում այսօր նյարդաբանությունը, մասնագետների խոսքերով, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ այդ ճյուղն անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու կարիք ունի։ Մեր զրուցակիցն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ցավի եւ նյարդաբանության կլինիկայի ղեկավար, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի» նախագահ ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ նա մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը։ Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջեւ դրված նպատակի իրականացում, եւ, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, նա անչափ սիրում է հայրենի երկիրը:

-Սթրեսային վիճակները հիմնականում ո՞ր հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ:                                                                                                     

-Այսօր սթրեսային վիճակները հիմնականում կապված են COVID-19 համավարակի հետ, բայց չկա հստակ վիճակագրություն, թե ինչ բարդություններ են առաջանում կրած վիրուսից հետո։ Մեր ասոցիացիան հիմա հավաքագրում է տվյալներ կրած վիրուսից հետո առաջացած կամ սրացած հիվանդությունների մասին՝ ՀՀ-ում եւ Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի (EAN) տեղեկատվական  ժողովածուներում հրատարակման համար։ Հիմնական բարդություններից  են պոլինեյրոպաթիաները, սրտամկանի ինֆարկտը, գլխուղեղի կաթվածը եւ նեւրոզները։ Իսկ նեւրոզների բուժումը շատ բարդ գործ է, քանի որ մարդիկ մշտապես գտնվում են սթրեսային վիճակում:  Ավելի մանրամասն այս մասին հնարավոր կլինի խոսել վիճակագրական տվյալները մշակելուց հետո, սակայն պետք է նշել, որ մարդկանց  մի մասը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում, որը եւս նեւրոզների առաջացման պատճառ կարող է լինել։                                                              

 -Բժի՛շկ, ինչպե՞ս տարանջատել մկանային ցավը նյարդայինից:                                         

-Այսօր առկա ախտորոշման մեթոդները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչ խնդիր է զարգանում տվյալ դեպքում: Մկանային ցավերի դեպքում որոշ բիոքիմիկական անալիզների միջոցով որոշում ենք սպիտակուցի քանակը արյան մեջ: Իսկ նյարդային խնդիրների դեպքում ախտորոշումը կատարվում է գործիքային հետազոտությունների  միջոցով։ Մկանային եւ նյարդային  պաթոլոգիաների դեպքում  հիմնական գանգատը ցավն է, եւ պետք է նշել, որ  բժշկին դիմող հիվանդների 95%-ը գանգատվում է ցավից։ Ցավը կարող է լինել օրգանական եւ ֆունկցիոնալ, նշեմ, որ նեւրոզների դեպքում օրգանական հիմք չունեցող ցավեր են լինում։ Եվ պատահական չէ, որ ցավի ուսումնասիրման համար ստեղծվել է Համաշխարհային Ասոցիացիա  տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ստեղծվել են նաեւ ցավի կենտրոններ կամ բաժանմունքներ։ Մենք անելիք ունենք այս ոլորտում եւ ակտիվորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ, որտեղից հետազոտություններ իրականացնելու եւ բուժօգնություն կազմակերպելու համար ստացել ենք շատ սարքավորումներ:  Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր կենտրոնի մեկ տարին էլ դեռ չի բոլորել, եւ հույս ունեմ, որ արդեն մեկ-երկու տարի հետո կկարողանանք հասնել որոշակի հաջողությունների ու նաեւ վիճակագրություն կներկայացնենք: 

-Լինելով «Հայաստանի Նյարդաբանների Ասոցիացիայի» նախագահ՝ կասե՞ք, թե ինչ է տալիս այն բժիշկներին:                                                                                                               

 -Մեր ասոցիացիան գործում է արդեն մոտավորապես տասնհինգ տարի, մենք նաեւ եվրոպական եւ համաշխարհային ասոցիացիաների անդամ ենք: Ասոցիացիայի շնորհիվ մեր նյարդաբանները մշտապես տեղեկացված են լինում նորարարությունների մասին, ամրապնդում են գիտելիքների բազան, փորձի փոխանակություն են կատարում արտերկրի գործընկերների հետ, կարողանում են քիչ գումարով կամ անվճար մասնակցել առցանց կոնֆերանսների: Իսկ, եթե ցանկանում են գնալ վերապատրաստման, նրանց տալիս ենք համապատասխան երաշխավորագիր: Երեք տարի առաջ մեզ մոտ անցկացրեցինք «Brain-2018» միջազգային համաժողովը, որին, ԱՄՆ նյարդաբաններից բացի, ժամանել էին ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Հայաստանի նյարդաբանները ծանոթացան մեր բնագավառի նորություններին: Հիշեցնեմ, որ 2019 թվականի հուլիսին էլ տեղի ունեցավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» խորագրով, որի շրջանակներում անցկացվեց մեր նյարդաբանական գիտաժողովը «Սուր կաթված» թեմայով` նվիրված սուր ինսուլտի բուժման ժամանակակից մոտեցումներին: 2021 թվականի մայիսի 15-ին՝ «Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի օրը Հայաստանում»,  մեկ օր առցանց կազմակերպվեց կոնֆերանս, որտեղ Եվրոպայի առաջատար մասնագետները հանդես եկան ելույթներով, զեկույցներով, հայ նյարդաբաններն այդ ամենը լսեցին եւ ստացան  համապատասխան սերտիֆիկատ: Այս գիտաժողովների, այլ կարգի միջոցառումների  անցկացումը լինելու է շարունակական: Կցանկանամ, որ ասոցիացիաները կարողանան վճռական դեր խաղալ նաեւ մեր երկրի բժիշկների պաշտպանվածության, նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպման հարցերում:                                                                                                                                       

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր նյարդաբանության ապագան  վստահե՞լի ձեռքերում է:

-Իրականում կան շատ գրագետ եւ պատրաստված երիտասարդներ, նրանց թվում՝ կլինիկական օրդինատորներ, ովքեր, ցավոք, չեն կարողանում այսօրվա քովիդյան շրջանում իրենց գիտելիքները կիրառել, որովհետեւ հիմնականում զբաղվում են քովիդով, ինֆեկցիոն  հիվանդներով: Հուսամ, որ շուտով կձերբազատվենք այս վիրուսից, եւ նյարդաբանը կզբաղվի իր գործով, ինֆեկցիոնիստը՝ իր:

-Ինչպե՞ս տարբերակել՝ հիվանդի մոտ առաջացած ցավը նյարդաբանակա՞ն է, թե ոչ:

-Ցավի պատճառները բազմազան են, ու հաճախ հիվանդը չի կարողանում կողմնորոշվել, թե որն է խնդրի առաջացման պատճառը, եւ այդ հարցում առաջնային օղակը լիարժեք անելիք ունի: Ես չեմ կարող ասել, թե որքանով են այնտեղ զբաղվում նյարդաբանությամբ, բայց լինում են դեպքեր, երբ պացիենտին ուղղորդում են հիվանդանոցներ՝ չկողմնորոշվելով, թե նրա մոտ ինչ խնդիր է զարգանում: Ասեմ, որ նախկինում, երբ ես առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն էի, առաջնային օղակի հետ մեր համագործակցությունը տալիս էր իր դրական արդյունքները: Ցավոք, այսօր այդ ինստիտուտը վերացրել են:  

-Հիմնականում ի՞նչ նյարդային խնդիրների դեպքում կարող են դիմել ցավի կենտրոն:

-Գործնականում նյարդաբանական խնդրով  յուրաքանչյուր դիմողին կարող ենք օգնություն ցուցաբերել։ Մինչ մեր կենտրոնի բացումն այս հիվանդանոցում նյարդաբանության բաժանմունք չի գործել, այդպիսի ծառայություն չի եղել, հուսամ՝ շատ արագ մոտակա ժամանակում կլրացվեն բոլոր բաց կողմերը, եւ մեր աշխատանքները կընթանան լիարժեք արդյունավետ հունով:

-Ի՞նչ կասեք բժիշկ-հիվանդ հարաբերության մասին:

-Կցանկանամ, որ նրանք միմյանց հանդեպ հարգանք տածեն, ինչը այսօր, ցավոք, բացակայում է. պացիենտները դարձել են ավելի պահանջատեր, իսկ բժիշկները՝ մի տեսակ անտարբեր: Խորհրդային տարիներին ուսանած բժիշկներիս մտածելակերպն այլ էր. մեր սերունդն ավելի նվիրված էր գործին, հիվանդին: Չկա բժշկական էթիկա հասկացողություն, ամեն մեկն իր ցանկացած ձեւով է աշխատում:

-Ի՞նչ կմաղթեք որպես վերջաբան:  

-Մեր երկրի մարդկանց կցանկանամ հաջողություն, երջանկություն, առողջություն, համբերություն, թող պատերազմներ, մահեր չլինեն: Կոչ եմ անում ապրել առողջ ապրելակերպով, սպորտով զբաղվել, ունենալ առողջ հայկական ընտանիք եւ հնարավորինս աջակցել, զորավիգ լինել միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է: Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետեւ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն:Բոլոր  բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ, եւ ցավալի է, որ անկախ նրանից, թե բժիշկը քանի կյանք  է  փրկել, երբ հանկարծ մի փոքր բացթողում է լինում, ցավոք, դա նրա  համար դառնում է ճակատագրական:  

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ամենակարեւորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար եւ բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք եւ ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։

Եվ թող երբեք չմարեն ձգտումն ու հավատը, ու, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

Առողջապահական առաջնահերթ խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, ով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատեւ ու անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար միշտ գնահատվել եւ գնահատվելու է հանրության կողմից: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է, բազմաթիվ մարդկանց աչքերի լույս է վերադարձրել, մշտապես բարձր պահել եւ, վստահ ենք, բավականին երկար տարիներ կշարունակի բարձր պահել Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բազմավաստակ անունն ու կոչումը:

-Բժշկուհի՛, ի՞նչ է իրենից ներկայացնոմ «ծույլ աչքի» համախտանիշը:

-«Ծույլ աչքի» համախտանիշը մեր մանկական ակնաբույժների առաջնային լրջագույն խնդիրներից է, քանի որ հետագայում նույնիսկ գիտական վերջին նորարակական մոտեցումները չեն ներգործի այդ աչքի վրա, եթե փոքր տարիքից աչքը չաշխատի: Այսինքն, մենք ամեն ինչ անում ենք, վաղաժամ ծնված երեխայից սկսած, որպեսզի «ծույլ աչքը» չզարգանալու համար լույսը աշխատեցնի երեխայի աչքի ցանցաթաղանթը: Հակառակ դեպքում, եթե պացիենտը 18-20 տարեկանում մեզ մոտ գա 2-5 տոկոս տեսողությամբ, հնարավոր չի լինի նրա տեսողությունը վերականգնել: Դրա պատճառն այն է, որ դադարում է գործել գլխուղեղի հետ կապը, ինչի շնորհիվ վերարտադրվում է պատկերը տեսանելի աչքի հատակում: Դա այդպես է, որովհետեւ աչքն արդեն չի ընկալում ինֆորմացիան: Իսկ, եթե աչքը աշխատեցնում են փոքր տարիքում, դրա վրա հետագայում կարելի է կատարել այն գործողությունները, որոնց շնորհիվ հնարավոր է լինում վերականգնել տեսողությունը: Այդ իսկ պատճառով բոլոր ակնաբույժներն աշխատում են գերծանրաբեռնվածությամբ, իսկ տեսողական խնդիր ունեցող երեխաներն էլ պետք է տարին առնվազն 2-3 անգամ ծնողների հետ այցելեն բժշկի: Մեզ մոտ բուժումն իրականացվում է թե՛ սարքավորումների միջոցով, թե՛ տնային պայմաններում, ու, եթե անհրաժեշտություն է զգացվում, վիրահատում ենք, որպեսզի ազատվենք այդ «ծույլ աչքի» խնդրից: Հակառակ դեպքում, ինչպիսի լազեր էլ լինի, հետագայում չի արթնացնի «քնած աչքը»:

-Ո՞րն է «ծույլ աչքի» զարգացման պատճառը:

-«Ծույլ աչքը» կարող է զարգանալ աչքի թեք դիրքից, տարբեր օպտիկական հնարավորություն ունեցող աչքերի դեպքում: Կարող է մեկ աչքում առկա լինել կատարակտա, մյուսում՝ ոչ, կամ բեկող միջավայրերում կարող է որեւէ այլ խնդիր լինել, որը կարող է խանգարել տեսողության զարգացմանը: Այդ իսկ պատճառով բոլոր բուժական մեթոդները պետք է կարգավորել փոքր տարիքից, անհրաժետության դեպքում, ինչպես նշեցի, վիրահատություն կամ կորեկցիա կատարել ու հասցնել երեխային այնպիսի տարիքի, երբ կարելի կլինի օգնել նրան օգտվելու գիտության վերջին սերնդի նորարարական մեթոդներից, հանել ակնոցը, կոնտակտային ոսպնյակը կամ այլ անհրաժեշտ մեթոդ կիրառել: «Ծույլ աչքի» տարբեր տեսակներ կան, եւ յուրաքանչյուր դեպքում, սկսած հետծննդյան 2-3 ամսականից, պայքարում ենք երեխայի տեսողության զարգացման համար:

-Ո՞ր տարիքային շեմում է հնարավոր վիրահատություն իրականցնել:

-Իհարկե, ընդունված է, որ աճման պրոցեսները կանգ են առնում 21 եւ ավելի բարձր տարիքից հետո, եւ պացիենտը զննվում է 20 տարեկանում, համեմատում ենք 1 տարվա ընթացքում, ու, եթե բոլոր օբյեկտիվ քննության տվյալների մեջ դեռեւս փոփոխություն չի հայտնաբերվում, պրոցեսը կայուն է, առաջարկում ենք համապատասխան մեթոդներ: Այսօրվա ինտերնետային դարում, ավելի վաղ սովորելու եւ ավարտելու պայմաններում կրճատվում է այդ տարիքային շեմը: Վիրահատական միջամտություն կարելի է կիրառել բնածին կատարակտայի, բնածին գլաուկոմայի, տարբեր տեսակի ախտահարումների, ցանցաթաղանթի վրա առկա տարբեր խնդիրների դեպքում: Մեր նպատակը մեկն է՝ խուսափել հիվանդության տարատեսակությունից, գիտության ցանկացած մեթոդ, այդ տարիքին հասանելի բոլոր կորեկցիաները կիրառել, որպեսզի պացիենտն ունենա լավ տեսողություն, քանի որ, հակառակ դեպքում, հետագայում լազերային գործողությունները երեխայի համար կդառնան անհասանելի:

-Ինչի՞ց կարող է առաջանալ ցանցաթաղանթի վնասում:

-Ընդհանրապես ցանցաթաղանթի առողջական վիճակը հետազոտվում է հենց երեխայի՝ մեզ դիմելու առաջին օրվանից, իսկ վաղաժամ ծնվածների (2 կիլոգրամից ցածր քաշ ունեցող եւ 30 շաբաթականից փոքր) ակնահատակը ծնվելուց 2-4 շաբաթ հետո պարտադիր զննում ենք: Դա մեզ համար արդեն սուրբ կանոն է: Նշեմ, որ վաղաժամ ծնվածները պարտադիր հետազոտվում են նեոնատոլոգների եւ մանկական ակնաբույժների կողմից, քանի որ նրանց ցանցենին լիարժեք անոթավորված չի լինում, եւ ստուգվում է, թե ինչպես է ավարտվում անոթավորումը, որը պետք է տեղի ունենար ներարգանդային կյանքում: Մենք հետեւում ենք, որպեսզի անոթավորումը ճիշտ զարգանալու պայմաններ ստեղծվեն եւ այդ ուսումնասիրությունների ժամանակ երբեմն տեսնում ենք, որ աչքի ակնահատակը կարող է առաջիկայում ենթարկվել նեկրոզի: Սա առիթ է դառնում նաեւ վիրուսոլոգիական հետազոտությունների համար: Արյան մեջ սուր պատկերի առկայության դեպքում պետք է տարվի հակավիրուսային բուժում, որպեսզի երեխան անդառնալիորեն չզրկվի մնացյալ ցանցաթաղանթի առողջ հյուսվածքներից, չզրկվի տեսողությունից: Եթե ամուսնական զույգի անամնեզում կրկնակի վիրուսային ախտահարում է ի հայտ եկել, մինչեւ հղիության պլանավորումը ցանկալի է մանրամասն հետազոտվել, ստանալ համապատասխան բուժում:

-Աչքի համար նախատեսված բուժական վարժություններն ո՞ւմ կողմից են մշակված:

-Դրանք բժիշկների՝ տասնյակ տարիների փորձից ելնելով են ընդունվել, որոնք, ի մի բերելով, ստեղծվել է մի կանոն, որի նպատակը մեկն է. հնարավորություն տալ, որպեսզի աչքը որպես օպտիկական համակարգ կարողանա հարմարվել ամենամոտ եւ ամենահեռու տարածություններին, այսինքն՝ զարգացնել մի ֆունկցիա, որ կոչվում է ակոմոդացիա, աչքի հարմարողականությունը զարգացնել, որպեսզի պացինտը տեսնի ե՛ւ շատ մոտիկը, ե՛ւ շատ հեռուն: Ընտրվել են հայտնի գիտնականների կողմից մշակված մատչելի վարժություններ՝ հիմնված ինքակառավարման յոգայի սկզբունքի վրա: Բայց այն բոլորին հասանելի չէ եւ կիրառելի չէ տան պայմաններում: Բացի այդ, ծնողներին հորդորում եմ, որ երեխաներին չզրկեն իրենց մանկությունից, խաղերից, քանի որ բակային խաղերի ժամանակ էլ նրանք բավականին մեծ տեսադաշտ եւ տեսահորիզոն են ունենում: Աշխարհում առողջապահական առաջնահերթ խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է, բայց ժամանակին բուժական ճիշտ քայլերի շնորհիվ էլ բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ:

Եթե պացիենտի հետ էմոցիոնալ, մենթալ կոնտակտը եղավ, ամեն ինչ լավ կլինի. Գագիկ Համբարձումյան

Երբ բժիշկը հիվանդի հետ քննարկում է նրա խնդիրները, զրույցին «ներկա է լինում» նաև հիվանդությունը, և եթե հիվանդը վստահում է բժշկին, նրանց ուժերը գերակշռում են, նրանք դառնում են երկուսը մեկի՝ հիվանդության դեմ: Այս չափազանց պարզ, բայց և միևնույն ժամանակ՝ չափազանց խորը միտքը մեզ հետ զրույցում արտահայտեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժւթյան թիվ 4 ամբիոնի դասախոս, Հայաստանի վիրաբուժական ուռուցքաբանության ասոցիացիայի նախագահ Գագիկ Համբարձումյանը՝ վիրաբույժ-ուռուցքաբան, որին իրենց կյանքը վստահել և վստահում են հարյուրավոր մարդիկ:

Գագիկ Համբարձումյանը չի սերում բժիշկների ընտանիքից, սակայն այսօր, իր իսկ բնորոշմամբ, մի ամբողջ վիրաբուժական ընտանիքի հայրիկ է: 

Աշխատանքին անսահման նվիրված, հոգատար ու սրտացավ բժշկի համար ամենամեծ գնահատականն իր հիվանդների առողջ լինելն է, ինչին էլ նա օր ու գիշեր ծառայեցնում է սեփական կյանքը՝ անտրտունջ կատարելով բժշկի ծանր ու վեհագույն առաքելությունը:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանը:

-Պարոն Համբարձումյան, Դուք վիրաբույժ-ուռուցքաբան եք: Մեր նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ հստակ տարբերակում կա՝ վիրաբույժ և ուռուցքաբան-վիրաբույժ. կմանրամասնե՞ք:

-Սկսեմ հայտնի վիրաբույժ-ուռուցքաբանի ասացվածքով՝ վիրաբուժությունից ստեղծվել կամ սերվել է ուռուցքաբանությունը որպես ճյուղ, իսկ ուռուցքաբանությունը բերել է վիրաբուժության զարգացմանը՝ առհասարակ: Դրանով պայմանավորված՝ վիրաբուժական ուռուցքաբանությունը շատ ավելի մեծ, ավելի խորը գիտություն է և գործնական աշխատանք է ենթադրում՝ հիմնված իսկապես գիտելիքի, ուսումնասիրության և ապացուցողական բժշկության վրա:

Վիրաբուժությունն առանձին շատ հզոր մասնագիտություն է և վիրաբուժական բոլոր մասնագիտությունների և՛ մայրն է, և՛ հայրը: Վիրաբուժական ուռուցքաբաությունը ենթադրում է ավելի լայնածավալ վիրաբուժություն, քան տրադիցիոն վիրաբուժությունը: Իմ կարծիքով՝ ուռուցքով հիվանդներին վիրահատելու իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնք ունեն այդ երկու կրթական ցենզերը՝ վիրաբուժական հիմունքներ և բավականին լուրջ ուռուցքաբանական պատկերացումներ՝ հիվանդության զարգացումների և վիրաբուժական բուժման նպատակների ու գործնականում կատարման արդյունքների հիման վրա: Տարիներ են պահանջվում, որպեսզի հասնես այն մակարդակի, որ վիրահատես ուռուցքով հիվանդին:

Ես մոտ 19 տարի աշխատել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, և իմ մասնագիտությունը, գիտական աշխատանքները՝ ամեն ինչ, վիրաբուժական ուռուցքաբանության հիմքի վրա էր: Այդ տարիներից հետո, այդ փորձը ձեռք բերելով, աշխատելով, սովորելով կամ նայելով, թե ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում ինչպե՛ս են կատարում այդ վիրահատությունները, ելույթ ունենալով միջազգային տարբեր ֆորումներում՝ այսօր ունենք բավականին լավ արդյունքներ՝ ապրելիության տեսանկյունից:

Երբեմն տարիներ հետո, երբ հիվանդը զանգում է, իմանում ես, որ այդ մարդը կա, ապրում է առողջ ու երջանիկ, քեզ չի մոռացել, այդ ժամանակ հասկանում ես, որ այն, ինչ դու արել ես, ճիշտ ես արել, և սա ապացուցում է, որ վիրաբուժական ուռուցքաբանությունը առանձին գիտություն է, և որպես մասնագիտություն պետք է առանձնանա:

-Ձեզ ի՞նչ հիվանդություններով են դիմում, ովքե՞ր են Ձեր պացիենտները:

-Ես ներկայումս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վիրաբուժական կլինիկայի ղեկավարն եմ, մենք վիրաբուժական ուռուցքաբանության լիցենզիա ունենք, այստեղ դիմում են վիրաբուժության բոլոր ուղղություններով տառապող տարբեր հիվանդներ: Կոնկրետ ինձ սկսել են դիմել ուռուցքով բազմաթիվ հիվանդներ՝ սկսած կերակրափողի քաղցկեղով տառապողներից, մինչև ստամքոսի ամբողջական հեռացում պահանջող հիվանդություններով տառապողները: Դիմում են նաև լյարդի, հաստ աղիքի ուռուցքներ ունեցողները, ենթաստամոքսային գեղձի խնդիրների դեպքում՝ թե՛ գլխիկի, թե՛ պոչի ուռուցքների… Բացի այն բանից, որ ուռուցքից ազատում ենք հիվանդներին, նաև ուշադրություն ենք դարձնում նրանց հետագա կյանքի որակի ապահովմանը:

-Խոսքը միայն մեծահասակների՞ մասին է, թե՞ այստեղ երեխաներ նույնպես դիմում են:

-Այստեղ մանկական վիրաբուժության ծառայություն էլ կա, մանկական անեսթեզիոլոգ էլ ունենք, Հանրապետական բժշկական կենտրոնում առավելապես մանկական տրավմաների դեպքում են դիմում, մեր մանկական օրթոպեդը՝ տրավմատոլոգը, մեծ ծավալով վիրահատություններ է կատարում, ստեղծվել է առանձին մանկական բաժանմունք՝ համապատասխան հիվանդասենյակներով ու պայմաններով:

-Խոսեցինք երեխաների մասին. պարոն Համբարձումյան, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, գիտեմ, որ Ձեր կինն ու զավակները նույնպես բժիշկներ են:

-Իմ ծնողները բժիշկներ չեն եղել, եղել են ինժեներ ու դասախոս, կնոջս մայրիկն է եղել բժշկուհի, հայրը՝ տնտեսագետ, ևս դասախոս: Ես ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ, մեր ընտանիքը մաքուր վիրաբուժական ընտանիք է: Կինս քիթ-կոկորդ-ականջի միկրովիրաբույժ է, տղաս՝ Վահագնը, վիրաբույժ-ուռուցքաբան է, երկու մասնագիտացումներն էլ անցել է, ի դեպ՝ պատերազմի ժամանակ ամենաթեժ կետում ինքը դաշտային հոսպիտալում վիրահատություններ էր անցկացնում Իշխանաձորում: Հայաստանում երևի թե միակն է, որ ունի եվրոպական ստանդարտի էնդոսկոպիստի լիցենզիա՝ հաստատված Ֆրանսիայում: Աղջիկս էլ՝ Ալլան, քիթ-կոկորդ-ականջաբան է, մեր բոլորիս վիրաբուժական հմտություններն իր մոտ կան, վերցրել է՝ ավելացնելով նաև էնդոսկոպիկ վիրահատության հմտությունները: Երևի թե միակ երիտասարդն է կամ առհասարակ միակը ՀՀ-ում, որն անում է ականջի էնդոսկոպիկ վիրահատություններ: Ալլան հիմա նաև հմտանում է մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության գործում՝ բուժումներ ու վիրահատություններ անելով:

-Իսկ Դուք ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ:

-Տանը բժիշկներ չկային, ուղղակի ինձ վրա ազդեց ծննդաբերության ժամանակ իմ մորաքրոջ մահը: Ես այն ժամանակ դպրոցական էի և որոշեցի դառնալ բժիշկ, օգնել մարդկանց, փրկել… 6-7-րդ դասարան էի, շատ չէի էլ պատկերացնում, բայց դա էմոցիոնալ ազդեցություն թողեց վրաս, մենք իրեն շատ էինք սիրում, և դեպքը շատ հանկարծակի եղավ…

Ինչ վերաբերում է երեխաներին, իհարկե, մենք ուզում էինք, որ մեր երեխաները բժիշկ դառնան, և Վահագնի ընտրությունը մեզ համար զարմանալի չէր, բայց որ Ալլան ցանկացավ, զարմացանք, որովհետև նա դպրոցի ընթացքում մաթեմատիկական լուրջ գիտելիքներ ուներ, և մենք մտածում էինք, որ կա՛մ քեռու նման ֆինանստիստ կդառնա, կա՛մ տնտեսագետ… Բայց ասաց՝ ես էլ եմ ուզում դառնալ բժիշկ, և երբ հարցրինք՝ ինչու՞, ասաց՝ տանը բացի բժշկությունից ոչինչ չեմ տեսել, դա էլ ուզում եմ (ծիծաղում է.-խմբ.): Ի դեպ՝ երկուսն էլ ունեն երաժշտական կրթություն. տղաս ջութակ է նվագում, աղջիկս՝ դաշնամուր, բայց չորորդ դասարանից ասաց, որ այլևս դաշնամուր չի ուզում, ջութակ նվագել է ցանկանում՝ եղբոր նման, և ինքն էլ գնաց այդ ուղղությամբ: Կինս էլ շատ լավ նվագում ու երգում է, ես էլ լավ դամ եմ պահում (ծիծաղում է.-խմբ.), հետները մի քիչ երգում եմ, երկուսն էլ ջութակ ու դաշնամուր են նվագում, և, լինելով վիրաբույժների ընտանիք, այսպես կարծես թե փորձում ենք գտնել մեր հանգստությունը (ժպտում է.-խմբ.): 

-Սահուն անցում կատարեցինք իմ հաջորդ հարցին. գիտեմ, որ բժիշկները, հատկապես՝ վիրաբույժները, այսպես ասած՝ օր ու արև չունեն: Դուք ինչպե՞ս ու որտե՞ղ եք կարողանում հանգստություն գտնել:

-Հանգստություն գտնում եմ ընտանիքում: Դժվար է ծանր աշխատանքային օրվանից հետո այդ ամենը թողնել աշխատանքի վայրում, գալ տուն ու չխոսել դրա մասին, չէ՞ որ դու գալիս ես հանգստանալու, ուզում ես այդ միջավայրից պոկվել, ամենադժվարը դա է՝ կարողանալ ուժ գտնել, զբաղվել առօրյա գործերով, երաժշտություն լսելով, ուղղակի հանգիստ քայլել: Իմ հանգիստը միայն ընտանիքում է: Երբ բոլորը տանն են, աչքիդ առջև են, այդտեղ դու սկսում ես հանգստանալ, դա ուրիշ կարգավիճակ է, ուրիշ աուրա է: Մենք սիրում ենք դուրս գալ քաղաքից, բացօթյա վայրերում լինել, շրջել անտառներով, շփվել մարդկանց հետ… Վերջերս գնացինք Լոռի՝ բնության գիրկ, շրջեցինք, դրանից հետո այստեղ Լոռիից հիվանդներ ունեցա, նրանց հետ շփումից քո ազգի արմատի հոտ ես զգում, զուլալ մաքրություն… Նույն կերպ շատ ենք սիրում Գյումրին, որտեղ ևս վերջերս եղանք ընտանիքով:

-Պարոն Համբարձումյան, նշեցիք, որ դժվար է կտրվել առօրյա հոգսերից և վայելել հանգիստը: Ենթադրում եմ, որ Ձեզ զբաղեցնում են մտքերը Ձեր պացիենտների վերաբերյալ: Խնդրում եմ, մի փոքր պատմեք նրանց հետ Ձեր շփումների, էմոցիոնալ կապի մասին:

-Սկսած պացիենտի դիմելու պահից՝ նրա հետ պետք է էմոցիոնալ կապ լինի: Երբ բերում են հիվանդի հետազոտության տվյալները, որ նայեմ, ես միշտ ասում եմ, որ պետք է հիվանդն ի՛նքը գա, առաջինը հիվանդին պետք է ծանոթանաս, նայես նրա աչքերին, ինքն էլ՝ քո: Եթե էմոցիոնալ, մենթալ կոնտակտը եղավ, ամեն ինչ լավ կլինի: Կան իրավիճակներ, որ չեն ստացվում, դու զգում ես, որ չես կարող, նայում ես, բայց տեսնում ես, որ էմոցիոնալ կապը կարծես թե չի ստեղծվում:

-Այդ դեպքում զբաղվու՞մ եք այդ հիվանդով:

-Ոչ թե մերժում եմ, այլ թողնում եմ նրա որոշմանը: Ես սովորաբար հիվանդի հետ քննարկում եմ ամեն ինչ, այն օնկոլոգներից եմ, որը չի խուսափում գրեթե ճշմարիտ քննարկել հիվանդի հետ նրա հիվանդության հարցը, քանի որ բոլոր հիվանդներն ավելի հստակ են ուզում իմանալ՝ իրենց հետ ի՛նչ է կատարվում, քան հարազատները: Հարազատներն էմոցիաներով տառապում են, իսկ հիվանդը կոնկրետ ուզում է հասկանալ՝ իր խնդիրն ունի՞ լուծում, և որո՞նք են լուծման եղանակները: Այդ տեսանկյունից ես հիվանդի հետ գրեթե պարզ ու անկեղծ եմ ամեն հարցում: Մեր միջև ստեղծվում է ընկերական, փոխվստահության մթնոլորտ, ու երևի 50-60 տոկոս գործն այդտեղ է արվում: Հին ասացվածք կա՝ երբ հիվանդն իր հիվանդությամբ եկել է բժշկի մոտ, և իրենք միմյանց հետ զրուցում են, քննարկում են բուժման եղանակները, նրանք երեք հոգով են լինում՝ հիվանդը, բժիշկը և հիվանդությունը: Կարևորն այստեղ հիվանդն է, նա ո՛ր կողմը կանգնեց, ուժերը կգերակշռեն այդ կողմում, որովհետև եթե հիվանդն ապրում է հիվանդությունով, նա բժշկին չի վստահում, մտքերը հիվանդությամբ են լեցուն, իսկ երբ ինքը տեսնում է, որ բժիշկը կօգնի, իր հետ կպայքարի, հիվանդությունը մենակ է մնում, իրենք երկուսով են պայքարում…

-Ձեզ համար՝ որպես բժշկի, ամենամեծ գնահատականը ո՞րն է:

-Ամենամեծ գնահատականը հիվանդի առողջ լինելն է՝ քո կատարած աշխատանքից հետո:

-Բժի՛շկ, ի՞նչ կցանկանաք հավելել:

-Առողջ եղեք, մի՛ վախեցեք, դիմեք բժիշկներին, գտեք ձեր մասնագետին և կառողջանաք:

Կրթություն

1970-1980թթ. - ք. Երևան,  թիվ 132 միջն. դպրոց,

1980-1987թթ. – ԵՊԲՀ`  դիպլոմ, բուժական գործ

1987-1988թթ. -  Հանրապետական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժանմունքում ինտերնատուրա:

1989թթ- ապրիլ-հունիս- Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում կրծքային և որովայնային անհետաձգելի վիրաբուժության պրակտիկ դասընթաց

1991-1993թթ . - ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնում կլինիկական օրդինատուրա

1998-մայիս-հունիս-  Ռուսաստանի Վիրաբուժության Գիտական կենտրոնում ստամոքսի և կերակրափողի վիրաբուժության երկամսյա պրակտիկ դասընթաց

2003-հոկտեմբեր-նոյեմբեր-  ԱՄՆ Կալիֆորնիայի Դուարտյե քաղաքի «Հույսի քաղաք» Ուռուցքաբանական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքում այցելու բժիշկ

2007թ-Զալցբուրգի  Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի «ՈՒռուցքաբանություն» բժշկական սեմինար

2017թ-ապրիլի 3-6- Ռուսաստանի Սանկտ Պետերբուգի Մասնգիտական բժշկական օգնության գիտա-պրակտիկ կենտրոնում լապարոսկոպիկ կոլոպրոկտոլոգիայի գործնական դասընթաց

2017թ սեպտեմբեր 28-30- Թուրքիայի Անկարա քաղաքում Լյարդի և ենթաստամոքսային գեղձի արդի վիրաբուժության սիմպոզիում գործնական սեմինարով

 

Աշխատանքային գործունեություն

1988-1991թ. – Մեղրու ՇրջԲուժՄիավորում,բժիշկ – անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, վիրաբույժ

1993-2000թթ- Էրեբունի ԲԿ Անհետաձգելի Վիրաբուժության բաժանմունգում ավագ վիրաբույժ

2000-2002թթ- ՈՒԱԿ Որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վիրաբույժ

2002-20016-ՈՒԱԿ Որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

2015թ- ից ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս

 

2016- 10. 2019 ՈՒԱԿ կրծքավանդակի և որովայնի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

2019-ից Արմենիա ՀԲԿ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար

Գիտական գործունեություն

2005թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

2014թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,

2017/Օգոստոս/1-2 – Վիրաբուժական Ուռուցքաբանության Հայկական Միության կողմից «Թոքի Քաղցկեղի Վիրահատական Բուժման Ժամանակակից Մոտեցումները» միջազգային գիտաժողովի կազմակերպիչ և նախագահ, ք․ Երևան

2018/Հունիս/15-16 – Վիրաբուժական Ուռուցքաբանության Հայկական Միության կողմից իրականացված «Գլխի և Պարանոցի Քաղցկեղի Վիրահատական Բուժումը միջազգային գիտաժողովի կազմակերպիչ և նախագահ,              ք․ Երևան

Պարգևներ

2004թ. - ՀՀ ԱՆ պատվոգիր,

….

Մասնագիտական գործունեություն

2018թ- ից Եվրոպայի վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2015թ.-ից ԵՊԲՀ 027 – ՈՒռուցքաբանություն պաշտպանական մասնագիտական խորհրդի անդամ

2016թ.-ից` Հայաստանի Վիրաբուժական ուռուցքաբանության  ասոցիացիայի նախագահ,

2014թ – Ռուսաստանի Բնագիտութան ակադեմիայի իսկական անդամ

2004թ.-ից` Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի անդամ

1991թ-ից Հայկական Վիրաբուժության ասոցիացիայի անդամ

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2զավակ՝ որդի և դուստր:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր