<<Նաիրի>>  բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունն ունի այնպիսի հետազոտության հնարավորություն, որ չունեն մեր   հարեւան պետությունները

Էնդոսկոպիան ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որի շնորհիվ ճիշտ ժամանակին, վաղ շրջանում հայտնաբերվում են  չարորակ եւ բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է, պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլ նաեւ շատ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացում: Ընդ որում,  ապաքինման հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է, քան բարձիթողի վիճակի հետեւանքով բարդացած հիվանդությունների դեպքում:

<<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի բաժանմունքը բազմապրոֆիլ է, այնտեղ իրականացվում են էնդոսկոպիկ ախտորոշիչ եւ բուժական միջամտություններ: Ներկայումս այն Հայաստանի՝ ամենաժամանակակից սարքավորումներով համալրված խոշորագույն էնդոսկոպիկ բաժանմունքներից է, որտեղ աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ: Բացի ախտորոշիչ գործողություններից, բաժանմունքում իրականացվում է անհետաձգելի եւ պլանային էնդոսկոպիկ վիրահատությունների ամբողջ ցանկը՝ պոլիպէկտոմիայից մինչեւ լեղածորանի եւ ենթաստամոքսային գեղձի ծորանի էնդոսկոպիկ վիրահատություններ: Քիչ ինվազիվ վիրահատությունները հնարավորություն են տալիս զգալիորեն կրճատել հոսպիտալացման ժամկետները եւ առավելագույնս կրճատել վերականգնողական շրջանը՝ ավանդական վիրահատությունների համեմատ:

Մեր զրուցակիցը  <<Նաիրի>> բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժշիկ-էնդոսկոպիստ ՎԱՐԴԳԵՍ ԿԱՆԱՅԱՆՆ է:

Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունը առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, լինել նախաձեռնող, խոհեմ, պատասխանատու ե՛ւ արածների, ե՛ւ չարածների համար:

-Պարո՛ն Կանայան, որո՞նք են Ձեր ղեկավարած բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները։

-Քանի որ մեր բաժանմունքը կոչվում է էնդոսկոպիայի բաժանմունք, բնական է, այնտեղ հիմնականում կատարվում են  աղեստամոքսային տրակտի, թոքերի էնդոսկոպիկ հետազոտություններ: Հիմնական աշխատանքն իրականացվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Կատարվում են թե՛ դիագնոստիկ բուժիչ հետազոտություններ, թե՛ վիրահատական միջամտություններ:

Աղեստամոքսային տրակտի համար կիրառվում է գոգաստրոդուոդենոսկոպիա հետազոտությունը, որն իրականացվում է կերակրափողի, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու լորձաթաղանթի մանրակրկիտ հետազոտության նպատակով՝ այդ օրգանների ուռուցքի կամ արյունահոսության, ստամոքսի  կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդության կասկածի, ինչպես նաեւ գաստրիտների, դուոդենիտների, էզոֆագիտների դեպքերում: Գաստրոսկոպիան նշանակվում է նաեւ որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման նպատակով:

Կոլոնոսկոպիան իրականացվում է հաստ աղու, ներառյալ՝ ուղիղ եւ սիգմայաձեւ աղիների, խթաղու, կույր աղու, ինչպես նաեւ զստաղու վերջնահատվածի լորձաթաղանթի զննման եւ մանրամասն հետազոտության նպատակով՝ այդ օրգանների ուռուցքի կամ արյունահոսության կասկածի դեպքում: Կատարվում է նաեւ կոլիտների, ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների կոլոնոսկոպիա, որով հետազոտվում է հաստ աղիքը: Կիրառվում է նաեւ առանձին բուն հետազոտություն` դոդենոսկոպիա, երբ հետազոտվում են տասներկումատնյա աղու ստորին հատվածները՝ կապված կոնկրետ լեղուղիների հիվանդությունների հետ: Հետազոտությունը իրականացվում է էնդոսկոպի օգնությամբ, որի մի ծայրին ամրացված  է օբյեկտիվ, ինչը թույլ է տալիս տեսնել հետազոտվող օրգանի պատկերը, իսկ մյուս ծայրին՝ տեսախցիկ, որը փոխանցում է պատկերը աղեստամոքսային տրակտի հետազոտվող տարբեր շրջաններից: Մասնագետը սարքի օգնությամբ կարողանում  է հայտնաբերել պաթոլոգիան զարգացման ամենավաղ շրջանում եւ ժամանակին նշանակում է անհրաժեշտ բուժումը: Ախտորոշիչ նպատակից զատ՝ կոլոնոսկոպի միջոցով հաջողությամբ հեռացնում են պոլիպներ եւ մարսողական ուղու որոշ այլ ուռուցքներ, օտար մարմիններ, դադարեցնում են աղիքային արյունահոսություն, լայնացնում մարսողական ուղու նեղացումներ (ստրիկտուրաներ): Այս միջամտությունները հնարավորություն են տալիս խուսափել որովայնի խոռոչի օրգանների ծավալուն վիրահատություններից: Ստացված արդյունքներով պայմանավորված՝ հնարավոր է հետազոտության ընթացքում իրականացնել որոշ գործողություններ, օրինակ, ախտաբանորեն նեղացած լեղածորանների էնդոսկոպիկ լայնացում (ստենտավորում):

- Էնդոսկոպիայի մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ եւ հետվիրահատական բարդություններ:

-Ինչպես ցանկացսծ այլ, այնպես էլ էնդոսկոպիկ վիրահատության դեպքում  գոյություն ունեն հակացուցումներ: Իհարկե, ժամանակակից էնդոսկոպիան այսօր հասել է նրան, որ հակացուցումները, նաեւ հետվիրահատական բարդությունները շատ քիչ տոկոս են կազմում: Այսօր, փաստորեն, կարելի է ասել՝ բացակայում են էնդոսկոպիա անցկացնելու հակացուցումները: Հետազոտությունները երկարատեւ չեն, սակայն հարկ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր պրոցեդուրայի տեւողությունը անհատական է, կախված է մի շարք գործոններից: Անշուշտ, այսպիսի միջամտությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով ժամանակակից   տեխնիկական սարքավորումներով հագեցվածությունը, անեստեզիոլոգիական ծառայության բարձր պրոֆեսիոնալիզմը եւ հիվանդի հետվիրահատական մանրակրկիտ զննումը: Չափազանց կարեւոր է նշել այն փաստը, որ անցկացվող նման վիրահատություններից հետո վերականգնումը եւ սովորական կյանքի ռիթմին վերադառնալը ընթանում է ավելի արագ՝ առանց ազդելու կյանքի որակի վրա:

-Բժի՛շկ, ըստ Ձեզ,  այսօր էնդոսկոպիան համաչափ քայլո՞ւմ է եվրոպական չափանիշների հետ:

-Այո՛, ուրախությամբ պետք է նշեմ, որ էնդոսկոպիան վերջին 10-15 տարիների ընթացքում բավականին զարգացել է: Այսօր ունենք էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնք լիովին փոխարինելու են եկել բաց վիրահատություններին: Չեմ կարող ասել՝ գնային քաղաքականությամբ դա ավելի մատչելի է, թե ոչ, քանի որ, ինչքան տեխնիկան համալրվում է, այնքան ծախսն է շատանում: Բայց դա միանշանակ դրական է անդրադառնում մարդկության առողջության վրա:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։

-Մեր էնդոսկոպիայի բաժանմունքի անձնակազմը պրոֆեսիոնալ է, աշխատում ենք թիմային, համախմբված, մեծ նվիրումով, որպես մեկ մեքենա, ինչի արդյունքում ունենք մեծ նվաճումներ մեր ասպարեզում: Եվ հենց դա էլ իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում:

-Տեխնիկապես զարգացա՞ծ է Ձեր բաժանմունքը:

-Զարգացած է այնքանով, որքանով որ դա հնարավոր է զարգացնել մեր տարածաշրջանում: Մենք ունենք ամենաանհրաժեշտը, որով կարող ենք իրականացնել մեր գործառույթները: Մեր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, եւ բոլոր այն վիրահատությունները, որոնք իրականացվում են աշխարհով մեկ, կատարվում են նաեւ մեզ մոտ, մի խոսքով՝ չենք զիջում եվրոպական չափանիշներին:

 

-Իսկ սփյուռքից դիմո՞ւմ են Ձեր բաժանմունք:

-Այո: Մեզ դիմում են հիմնականում Ռուսաստանի Դաշնության Կրոսնոդար քաղաքի (այնտեղ շատ մեծ է հայ համայնքը), ինչպես նաեւ Վրաստանի տարբեր քաղաքներից: Մեր բժշկական կենտրոնում կատարում ենք հետազոտություն, որը միայն մեզ մոտ է կիրառվում: Դա վիդեոկապսուլային էնդոսկոպիան է, որը թույլ է տալիս ախտորոշել մի շարք բարակ աղիքային հիվանդություններ: Վիդեոկապսուլային էնդոսկոպիան իրենից ներկայացնում է մոտավորապես դեղահաբի չափսի փոքր պարկուճ, որը հիվանդը դեղահաբի պես կուլ է տալիս, եւ հիվանդի գոտկատեղում տեղադրված հատուկ սարքի միջոցով այն հնարավորություն է տալիս բարակ աղիքային հիվանդությունները վերարտադրել նկարի տեսքով: Հետազոտության տեւողությունը 12-15 ժամ է, պացիենտը չի կտրվում իր առօրյա կյանքից, եւ արդեն հաջորդ օրը ունենում ենք բավականին ստույգ պատասխան բարակ աղիքի մասին: Միշտ եղել է կարծիք, որ բարակ աղիքն այն օրգանն է, որտեղ չեն կարող լինել լուրջ հիվանդություններ, սակայն վիդեոկապսուլային էնդոսկոպիայի ի հայտ գալուց հետո պարզվեց, որ իրականում այնտեղ շատ հիվանդություններ կան, որոնց մասին նախկինում նույնիսկ պատկերացում չէինք կարող կազմել: <<Նաիրի>>  բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունն ունի այնպիսի հետազոտության հնարավորություն, որ չունեն մեր   հարեւան պետությունները: Մեր բժշկական կենտրոնն ունի մասնաճյուղ նաեւ ՌԴ Սոչի քաղաքում, որտեղ նույնպես կա վերոնշյալ սարքը: Մասնաճյուղի հետ մշտապես համագործակցում ենք, ունենք մեթոդիկա, որը տարածաշրջանում միայն մենք ենք իրականացվում:

- <Հուսո աստղ-2017>> ազգային մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեցիք «Տարվա լավագույն էնդոսկոպիկ վիրաբույժ» անվանակարգում: Ի՞նչ տվեց այդ մրցանակը Ձեզ:

-Այդ մրցանակն անչափ պարտավորեցնող է: Մարդիկ մինչ այդ էլ ինձ գիտեին. ճանաչում ունեի, բայց դրանից հետո, կարծում եմ, մոտեցումները որոշակիորեն փոխվեցին: Երբ այսօր շատ տեղերում բանավեճեր, քննարկումներ են լինում, կասկածելի հարցեր են ծագում,  դիմում են, իմ կարծիքն են հարցնում: Իսկ իմ կյանքում, մեծ հաշվով, ոչինչ չփոխեց, որովհետեւ իմ արմատները բժիշկների ընտանիքից են, եւ, բժիշկ դառնալով, ես հասկացել եմ, որ կարեւորը մրցանակներ  ունենալը չէ, կարեւորն այն է, որ հիվանդներդ քեզ վստահում են: Դա ինձ անչափ պարտավորեցնում է եւ իմ ամենամեծ ձեռքբերումն է:

 

-Ի՞նչ կմաղթեքը մեր ընթերցողներին։

-Կցանկանայի, որ հիվանդների թիվը շատ քիչ լիներ, եւ մեզ դիմեն միայն կանխարգելիչ նպատակով, ցանկացած փոքր գանգատի դեպքում: Եվ ուրախալի է, որ ապահովագրական առողջապահության շնորհիվ կանխարգելիչ բժշկությունը որոշ չափով զարգացում է ապրել: Կցանկանամ, որ մեր բաժանմունքը մեծանա թե՛ տեխնիկապես, թե՛ կադրերի առումով: Մենք ապրում ենք փոքրիկ ընտանիքի նման, օրվա 70 տոկոսն այստեղ ենք անցկացնում, նույնիսկ լինում են օրեր, երբ 24 ժամ ենք աշխատում:

Լինելով էնդոսկոպիայի ասոցիացիայի անդամ՝ փորձում ենք երիտասարդ կադրերին ուսուցանել, ուղղություն ցույց տալ: Ասեմ, որ վերջին 7-10 տարիների ընթացքում էնդոսկոպիան համարվել է այն մասնագիտությունը, որով քիչ էր հետաքրքրված ուսանողությունը, բայց այսօր պատկերը լիովին փոխվել է: Կցանկանամ, որ մեր նոր կառավարությունն ուշադրությունն ավելի սեւեռի բժշկության բնագավառին: Հուսամ, որ փոփոխություններ կլինեն նաեւ բժշկության մեջ, այսինքն՝ ուսումնական մասով ավելի շատ ներդրումներ կլինեն, ինչը մեր երիտասարդներին հնարավորություն կտա ավելի շատ վերապատրաստումների մասնակցել, որպեսզի ապագայում ունենանք էլ ավելի հզոր կադրեր: Կցանկանամ, որ մարդիկ հարստացնեն իրենց ներաշխարհը դրական հույզերով, զերծ մնան վնասակար սովորություններից։ Ապրեք առողջ, երջանիկ եղեք։

Պետք է շուտափույթ ներդնել տոտալ ապահովագրության համակարգը

Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ եւ հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր ստեղծված են բոլոր պայմանները սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ լիարժեք բուժման համար: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:

Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկրաֆիզիոլոգիայի բաժանմունքն իր գործունեությունը սկսել է 2012 թվականին: Այն ստեղծվել է եվրոպական սրտաբանությանը հայտնի սրտաբանների՝ Սամ Ռիահիի (Դանիա) եւ Կրիստիան Վոլպերտի (Գերմանիա), ակտիվ օժանդակությամբ, ովքեր մեծ օգնություն են ցուցաբերել բաժանմունքին ոչ միայն բարձրակարգ սարքավորումներով, այլեւ անհրաժեշտության դեպքում մասնակցել են իրականացվող միջամտություններին՝ մշտապես ցուցաբերելով ուսուցողամեթոդական օգնություն:

Բաժանմունքում իրականացվում են բոլոր տեսակի առիթմիաների, հազվադեպ հանդիպող սինկոպէալ վիճակների ախտորոշում եւ բուժում, կարդիվերտեր-դեֆիբրիլյատորների տեղադրում՝ սրտային հանկարծամահության առաջնային եւ երկրորդային պրոֆիլակտիկայի նպատակով, ռեսինխրոնիզացնող սարքերի տեղադրում՝ սրտային անբավարարության բուժման համար, որը, ըստ էության, սրտի փոխպատվաստման այլընտրանքային տարբերակ է:

Այսօր բաժանմունքի ինտերվենցիոն ծառայությունը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Բժիշկ-ինտերվենցիոնիստներն անցել են երկարատեւ վերապատրաստում Եվրոպայի առաջատար համալսարանական կլինիկաներում եւ ամենաժամանակակից մակարդակով կատարում են կորոնարոգրաֆիա, ռենոանգիոգրաֆիա, ծայրամասային անոթների անգիոգրաֆիա: Բաժանմունքում իրականացվում է կորոնար անոթների եւ երիկամային զարկերակների անգիոպլաստիկա եւ ստենտավորում, կիրառվում են աշխարհի լավագույն արտադրողների վերջին սերնդի ստենտները: Ժամանակակից առիթմոլոգիան արդի բժշկության հազվադեպ բնագավառներից մեկն է, որն ապահովում է սրտի ռիթմի շատ խանգարումների արմատական բուժում: Բաժանմունքում նաեւ մեծ աշխատանք է իրականացվում հանկարծակի սրտային մահվան կանխարգելման համար:

Մեր զրուցակիցն է Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ եւ վաստակ իր ասպարեզում, մշտապես կարողանում է հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Նա բարեհամբույր, սկզբունքային մարդ է, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է իսկական բժիշկ կոչվելու պատվին:

-Պարո՛ն Հովհաննիսյան, սրտաբանության ոլորտում ունեցած Ձեր բազմամյա փորձի տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հայաստանյան սրտաբանությունը, ի՞նչ է արվում Ձեր կլինիկայում եվրոպական չափանիշներին համաչափ քայլեր անելու համար:

- Պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր կլինիկան վաղուց աշխատում է եվրոպական եւ ամերիկյան չափանիշներին համապատասխան, մեր կլինիկայում այսօր կիրառվում են ինչպես սրտի ստենտավորման վերջին սերնդի բոլոր գերժամանակակից սարքավորումները, այնպես էլ՝ առիթմոլոգիայում կիրառվող  նորագույն խթանիչ եւ բուժող սարքերը:

- Բժի՛շկ, ի՞նչ է իրենից  ներկայացնում ինտերվենցիոն սրտաբանությունը:

- Ինտերվենցիոն սրտաբանությունը սրտաբանության ամենաակտուալ ճյուղերից մեկն է, որը սկիզբ է առել դեռեւս նախորդ դարի 50-ական թվականներին, բայց բուռն զարգացում է ապրել վերջին մեկ կամ երկու տասնամյակում: Մենք փորձում ենք փոքր միջամտության օգնությամբ օգնել հիվանդներին: Վիրահատական միջամտության ժամանակ հիվանդը հիմնականում գիտակից վիճակում է լինում, եւ անոթների միջոցով հասնում ենք  սրտի տարբեր հատվածներ՝ կատարելով անհրաժեշտ միջամտությունը: Ստենտավորման ժամանակ նեղացած կամ փակված անոթների վերաբացում է իրականացվում, առաջնայինը կատարվում է անգիոպլաստիկա, այսինքն` անոթը լայնացվում է բալոնի միջոցով, որից հետո տեղադրվում է ստենտը: Պետք է ասեմ, որ անհրաժեշտության դեպքում իրականացվում է ստենտավորում դեղապատ ստենտներով, ընդ որում, նաեւ պետպատվերի շրջանակներում:

-Ամբողջ աշխարհում, կարծես թե, սիրտ-անոթային հիվանդությունները գնալով երիտասարդանում են, դրանց թիվն ավելանում  է, ինչո՞վ է այս երևույթը պայմանավորված: Սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են թիրախային համարվում:

-Թիրախային կարող են համարվել սրտի ռիթմի հետ կապված սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք շատ հաճախ կարող են լինել բնածին: Լինում են դեպքեր վեց ամսականից մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ: Իհարկե, մենք աշխատում ենք նման փոքր տարիքում միջամտություն չկատարել եւ հնարավորություն լինելու դեպքում երկարաձգել վիրահատության կատարման ժամկետն այնքան, մինչեւ  երեխան մի փոքր մեծանա: Ինչ վերաբերում է առիթմիաներին, ապա մեզ մոտ կատարվում են առիթմոլոգիական բոլոր միջամտությունները: Կան սարքեր, որոնք կիրառվում են կյանքին վտանգ սպառնացող տախիկարդիաների եւ առիթմիաների ժամանակ, մեզ մոտ կան նաեւ կարդիո ռեսինխրոնիզացնող սարքեր, որոնց միջոցով հնարավոր է բուժել սրտային անբավարարությունը: Բացի դրանից, մենք ունենք շատ փոքր սարք, որն ախտորոշման նպատակով տեղադրվում է մաշկի տակ, եւ դրա միջոցով հնարավոր է հետեւել մարդու կյանքի որակին երկար տարիների ընթացքում: Այն հատկապես օգտակար է, երբ հիվանդը նշում է, որ տարին մեկ կամ մի քանի անգամ վատանում կամ ուշագնաց է լինում: Սարքը գրանցում է այդ ամենը, ու մենք կարողանում ենք ճիշտ ախտորոշում կատարել: Ուզում եմ նշել, որ մեր կենտրոնը պետական է,  աշխատում ենք տենդերի պայմաններում եւ բոլոր ստենտ ներմուծող ընկերություններից պահանջում ենք սերտիֆիկատների համապատասխանություն, ինչի արդյունքում մեզ մոտ առկա ստենտները վերջին սերնդի են, որակյալ են  ու ժամկետների մեջ: Մենք աշխատում ենք պետպատվերի եւ սոցփաթեթների շրջանակներում, <<Փարոս>> ծրագրի աջակցությամբ նույնպես մեզ մոտ գալիս են հիվանդներ, որոնք ընդգրկվել են ծրագրում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախախարության որոշմամբ: Եվ նույնիսկ ամենաթանկարժեք միջամտությունները կատարվում են անվճար:

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ՝ ի՞նչ եք մտածում մեր  առողջապահության համակարգի վաղվա օրվա մասին:

- Վստահորեն կարող եմ ասել, որ մեր բաժանմունքում աշխատող բոլոր երիտասարդ կադրերը վերապատրաստված են եվրոպական եւ ամերիկյան լավագույն կլինիկաներում, ինչի շնորհիվ մենք աշխատում ենք եվրոպական ու ամերիկյան ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Օրինակ, վերփորոքային տախկարդիաների բուժման եվրոպական ցուցանիշը 95-98 տոկոս է, իսկ մեզ մոտ այն 99 տոկոսից ավելի է, իսկ դա վկայում է մեր կադրերի վերապատրաստվածության բարձր մակարդակի մասին:

-Հիվանդությունները բուժելն ավելի դժվար է, քան դրանք կանխարգելելը: Պետական կանխարգելիչ ի՞նչ ծրագրեր են իրականացվում, եւ Դուք՝ որպես բժիշկ, ինչպիսի՞ն եք տեսնում այդ ուղղությամբ պետության հետ համագործակցությունը:

-Դժբախտաբար այս օրերին կանխարգելիչ ծրագիր միայն ծխելու ուղղությամբ է տարվում, բայց մենք կցանկանայինք, որպեսզի ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվեր կանխարգելիչ ծրագրերին: Պետք է նշեմ, որ բազմիցս բաց նամակներով եւ անձամբ դիմել եմ մեր նախարարներին,  գրել հոդվածներ թերթերում, վերջերս դիմել եմ նաեւ նորանշանակ վարչապետին եւ առողջապահության նախարարին: Մասնավորապես գրել եմ, որ այլեւս հնարավոր չէ այսպես շարունակել, որ կարեւորագույն խնդիրը մեր բժշկության համակարգում ոչ թե սակագին իջեցնելն է, այլ ամբողջ բնակչությանը անվճար բուժօգնությամբ ապահովելը: Իմ կարծիքով ամենալավ տարբերակներից մեկը տոտալ ապահովագրությունն է: Այսօր շատ է խոսվում սակագների իջեցման մասին, որը, իմ կարծիքով, յուրատեսակ փակուղի է մեզ համար: Մեզ բերում են  Վրաստանի օրինակը, որ այնտեղ գները ցածր են, եւ մեր հիվանդները բուժման նպատակով սկսել են գնալ այնտեղ: Ընդ որում, չնայած գներն այնտեղ ցածր են, սակայն այդ երկրից նույնպես հիվանդներ են մեզ մոտ գալիս բուժման նպատակով: Ինձ թվում է՝ պետք է լինի կառավության կողմից աջակցվող ծրագիր, իսկ բժիշկները կարող են իջեցնել գները հիմնականում իրենց բարի կամքով, իրենց եկամուտների հաշվին: Բայց դա բերում է փակուղու, որովհետեւ կան վիրահատություններ, որոնք շատ թանկ արժեն, ինչպես, օրինակ, աորտալ փականի փոխարինումը, որն այսօր արժե 25 հազար եվրո: Պարզից էլ պարզ է, որ հասարակ մահկանացուների համար դա հասանելի չի կարող լինել: Այսօր այդ վիրահատությունը Հայաստանում երեւի ընդամենը մեկ-երկու անգամ է իրականացվել: Մի խոսքով՝ մենք պետք է շուտափույթ ներդնենք տոտալ ապահովագրության համակարգը:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը:

-Մեր հասարակությանը կմաղթեմ համերաշխություն, համախմբվածություն: Շատ մեծ հույս ունեմ, որ մեր կառավարության կողմից համապատասխան աջակցություն կլինի, եւ Հայաստանում վերջապես առողջապահությունը կդառնա անվճար: Չէ՞ որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեր երկրում Սահմանադրությունը պարտավոր է առաջնահերթ պահպանել մարդու առողջությունը եւ կյանքը: Եղեք առողջ, գնահատեք ամենամեծ պարգեւը` կյանքը: 

Այս օրերին հայաստանյան ստոմատոլոգիան  զարգացում է ապրում` հասարակությանը տալով գեղագիտական գեղեցկություն

Առողջ և գրավիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է: Բերանի խոռոչը հայելի է, որն արտացոլում է մարդու ընդհանուր առողջական վիճակը, այդ պատճառով ատամների հետ կապված ցանկացած խնդրի պետք է ժամանակին լուծում տալ:

Ժամանակակից ստոմատոլոգիան իրենից ներկայացնում է հարմարավետ և անցավ բուժում: Ու այսօր նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների շնորհիվ նույնիսկ ամենաբարդ ստոմատոլոգիական վիրահատությունները դարձել են հնարավոր: Ընդհանրապես մեզ մոտ ստոմատալոգիան գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, ու, բարեբախտաբար, հնարավորություն ունենք Հայաստանի պայմաններում միջազգային  չափանիշներին համապատասխան բուժման որակ ապահովել:
    Որպես հայաստանյան ստոմատոլոգիայի առավելություն մատնանշվում է ցածր գինը: Բացի այդ, Հայաստանում մեծ առաջընթաց է ապրել դենտալ տուրիզմը՝ պայմանավորված հենց մատչելի գներով եւ նրանով, որ նյութերն ու սարքավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Սպիտակ ատամնաշար ունենալու եւ պահպանելու համար մեզ հուզող հարցերի պատասխանները ստացանք Արարատի մարզի Ոսկետապ գյուղում գտնվող <<RTVL>> ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԹՈՅԱՆԻՑ: Բավականին համակրելի կին եւ հաճելի զրուցակից, բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների, ազնվության համար վայելում է իր պացիենտների հարգանքն ու վստահությունը։

  - Տիկին Աթոյան,  վստահ ենք, որ ժամանակակակից տեխնոլոգիաները չեն շրջանցել նաև ստոմատոլոգիայի ճյուղը: Խոսենք ստոմատոլոգիայում վերջին ձեռքբերումների մասին: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ սանդղակի վրա է գտնվում ստոմատոլոգիան  Հայաստանում:

 -Ասեմ, որ բժշկության ստոմատոլոգիայի ճյուղը զարգանում է շատ արագ տեմպերով, այն բժշկության  մի ճյուղ  է, որն ընդհանրապես չի դոփում իր տեղում եւ քայլում է նորարարություններին համընթաց: Հայաստանյան ստոմատոլոգիան  ոչնչով չի զիջում միջազգային չափանիշներին, եւ եթե մի քանի տարի առաջ Հայաստան այցելում էին բժիշկ-ստոմատոլոգներ միջազգային հանրահայտ կլինիկաներից, որոնք ասելիք ունեին մեր կոլեգաներին, ապա հիմա հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ստոմատոլոգները կարող են նույնիսկ ուսուցանել բժիշկների`բարձրագույն տեխնիկաներով գերհագեցած ստոմատոլոգիայի բնագավառում:  Ստոմատոլոգիան իրենից ներկայացնում է միաժամանակ եւ արվեստ, եւ բժշկության ճյուղ, քանի որ այն մարդկանց տալիս է ոչ միայն առողջություն, այլ նաեւ էսթետիկ գեղեցկություն: Այս օրերին հայաստանյան ստոմատոլոգիան  զարգացում է ապրում` հասարակությանը տալով գեղագիտական գեղեցկություն, այն հնարավորություն է տալիս նրանց <<առաջ գնալ>> բիզնեսի բնագավառում, այսինքն` գեղեցիկ ժպիտը բացում է բազմաթիվ դռներ մարդկանց առջեւ: Մշտապես առաջնահերթ ժպիտն է գնահատվում հաասարակության մեջ: Ստոմատոլոգիան  իր մեջ ներառում է մի քանի ուղղվածություն` վիրաբուժություն, թերապիա, օրթոպեդիա, օրթոդոնտիա, եւ բոլոր ոլորտներում ստոմատոլոգիան  հասել է բավականին բարձր դիրքերի: Նորարարությունները ստոմատոլոգիայում հիմնականում նկատվում են վիրաբուժության`իմպլատոլոգիայի մեջ, որը զարգանում է բավականին արագ տեմպերով: Բայց, ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ ընդհանրապես հնարավոր չի լինում պահպանել որոշ ատամներ, եւ այդ դեպքում առչնվում ենք վիրաբուժության հետ: Անելանելի վիճակներում էլ ստոմատոլոգները գտնում են լավագույն ելքեր, քանի որ արագ տեմպերով զարգանում են տեխնոլոգիաները: Եթե նախկինում իմպալանտացիայի ժամանակ նկատվում էին որոշ թերացումներ, ապա այս օրերին իմպլանտացիայի գործընթացը տեխնիկապես գերզարգացած է, եւ պացինետը կարող է առավոտյան գալ կլինիկա առանց ատամների, իսկ այնտեղից դուրս գալ ամբողջական ատամաշարով: Ատամնային իմպլանտացիան, հանդիսանալով ստոմատոլոգիայի ոլորտի արագ զարգացող ճյուղերից մեկը, վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ հայ ստոմատոլոգների շրջանում եւ գրանցել է մեծ տեղաշարժեր: Դրա մասին վկայում են կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները, կոնֆերանսները եւ ուսուցողական սեմինարները: Դա շատ ողջունելի է, քանի որ, ելնելով այսօրվա մեր կենսամակարդակից, Հայաստանում մասնագետների մեծամասնությունը, չունենալով համապատասխանաչափ հնարավորություն` ծանոթանալու ատամնային իմպլանտացիայի նորագույն մեթոդներին եւ մասնակցելու արտերկրում կազմակերպվող հեղինակավոր կոնֆերանսներին, կարող է գոնե համապատասխան գիտելիքներ ստանալ Հայաստանում: 

 -Բժշկուհի, իմպլանտացիան ունի՞ հետվիրատական բարդություններ, ի վերջո. բերանի խոռոչում տեղադրվում է օտար մարմին:

 -Այո, լինում են հետվիրահատական բարդություններ, բայց դրանք հասցվել են նվազագույնի:

 - Բժշկուհի, որո՞նք են ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները։ Համացանցում հաճախ կարելի է տեսնել ատամների սպիտակեցման մի շարք մեթոդներ՝ կերակրի սոդա, ջրածնի պերօքսիդ, լիմոնաթթու, ակտիվացված ածուխ եւ այլն։ Որքանո՞վ են դրանք մոտ իրականությանը։

- Կյանքի ընթացքում ատամները ենթարկվում են տարբեր ներկանյութերի շարունակական ազդեցությանը: Դրանք պարունակվում են սննդում, ըմպելիքներում, դեղորայքում, կոսմետիկ միջոցներում, իսկ որպես հետեւանք զարգանում է դիսկոլորիտ՝ ատամի գույնի փոփոխություն: Այո, համացանցում ներկայացվում են բազմաթիվ միջոցներ, որոնք թվացյալ օգնում են ստանալ ձյունաճերմակ ատամնաշար, սակայն իրականությունը բավականին այլ է։ Այդ բոլոր թվարկված նյութերը, որոնք համարվում են սպիտակ ատամնաշար ունենալու լավագույն խթանիչները, իրականում քայքայում են էմալը։ Ասեմ, որ ստոմատոլոգիայում  շատ են եւ մատչելի սպիտակեցման նյութերը, կան շատ տարբերակներ, եւ իրականում պետք չէ ինչ-որ ժողովրդական միջոցների դիմել: Ես բացարձակ կողմ չեմ նման միջոցների դիմելուն, եւ խորհուրդ եմ տալիս առանց մասնագետի ցուցումների ինքնագործունեությամբ չզբաղվել։

- Իսկ ի՞նչ ասել է թվային ստոմատոլոգիա:

 - Վաղուց ամեն ինչ գնում է դեպի թվայնացում, ու ստոմատոլոգիան  եւս բացառություն չէ: Այն իրենից ենթադրում է ե՛ւ հարմարավետություն, ե՛ւ ժամանակի խնայում, ե՛ւ որակի բարձրացում: Սկսած հիվանդի հիվանդասենյակ մտնելուց, հիվանդության պատմությունից, ռենտգենային նկարներից, պլանավորումից` CAD/CAM տեխնոլոգիաների միջոցով, որն էլ նվազագույնի է հասցնում սխալվելու հավանականությունը:

Պետք է նշեմ, որ վերջերս Հայաստանում թվային ստոմատոլոգիայի թեմայով բարձր մակարդակի կոնգրես կայացավ, որն անցավ բավականին մեծ <<շքեղությամբ>>: Թվային ստոմատոլոգիան  ատամնաշարի սքանավորում է, որը տպագրվում է 3D պրինտերով: Աշխատում է այնպիսի տեխնոլոգիայով, որի ժամանակ սքանը տալիս է ինֆորմացիա, անմիջապես պացիենտի ներկայությամբ տեղում կատարվում է հղկում բոլոր մակերեսներով, ծրագիրը տալիս է, ատամնաշարը հանում եւ անմիջապես տեղադրվում է պացինետի բերանում: Դա շատ հարմար եւ քիչ ժամանակատար գործողություն է. մեկ օրում կատարվում է մի քանի օրվա աշխատանք: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք առաջարկում ենք մեր այցելուներին նորագույն տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել կատարյալ նոր ատամներ` խնայելով նրանց թանկագին ժամանակն ու միջոցները։

Ներբերանային սքաները հնարավորություն է տալիս ստանալ 3D ձեւաչափի կատարյալ ճշգրտությամբ թվային չափսեր՝ բերանի խոռոչի սքանավորմամբ՝ հաշված րոպեների ընթացքում:
Այնուհետեւ տվյալներն էլեկտրոնային տարբերակով փոխանցվում են ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ համակարգչային ծրագրի միջոցով ապագա կոնստրուկցիան մոդելավորվում է եւ Cad/Cam համակարգով ֆրեզավորվում:
 Այսպիսով, բուժման ողջ գործընթացը թվայնացվում է`ապահովելով բացառիկ ճշգրտություն: 

- Ձեր մասնագիտական ուղու մասին խոսենք:

 -1995 թվականին ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ անմիջապես գործուղվել Արարատի մարզ: Դրանից հետո ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստանի Դաշնություն`ապրելու, որտեղ աշխատել եմ մի քանի տարի: Հայաստան վերադառնալուց հետո աշխատանքը շարունակեցի Երեւանում՝ <<ՄԱՐՍՏՈՄ>> ստոմատոլոգիական կլինիկանում, որտեղ էլ աշխատել եմ երկար տարիներ: Կլինիկա, որն առաջնորդվում է փոքրիկ ինվազիվ ստոմատոգիայով, եւ որի գերնպատակն է ավելի շատ պահել առողջ ատամները, պահպանել` չվնասելով դրանք: Կլինիկայի տնօրեն Մարո Ռազմիկովնայի ղեկավարությամբ շատ բարձր հիմքերի վրա է դրված սպասարկումը: Վերջինս ստամատոլոգիայի ոլորտում գործատուների միության նախագահն է:

Նշեմ, որ մենք ունենք մեր ստեղծած կլինիկան <<RTVL>> անվանումով Արարատի մարզի Ոսկետապ գյուղում, որը ընտանեկան ստոմատոլոգիա է,  որտեղ ընտանեկան միջավայր եւ մթնոլորտ է տիրում, աշխատում ենք ես, տղաս, եղբայրս, քրոջս տղան`իր կնոջ հետ: Չնայած, որ այն գտնվում է շատ փոքրիկ գյուղում, իրականում չի զիջում երեւանյան կլինիկաներին, թե՛ իր տեխնիկական հագեցվածությամբ, թե՛ կադրերի աշխատանքով: Մեր գյուղից, Արարատ, Վեդի քաղաքներից եւ հարակից գյուղերից շատ պացինտներ ունենք, որոնք, իրենց մարզից դուրս չգալով, ստանում են բոլոր ստանդարներին համապատասխան բացարձակ բուժսպասարկում: Ի դեպ, ինչպես <<ՄԱՐՍՏՈՄ>> կլինիկայում, այնպես էլ Արարատի մարզի Ոսկետապ գյուղի <<RTVL>> կլինիկայում գործում է ապառիկ ու սոցփաթեթով բուժսպասարման տարբերակ:

Նշեմ նաեւ, որ մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների` Գերմանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Արաբական Էմիրություններում եւ Ռուսաստանի Դաշնությունում, անցել տարատեսակ կուրսեր: Երբեւէ չեմ մտադրվել լքել իմ երկիրը: Ասեմ, որ մեր պացիենտները շատ շնորհակալ պացինետներ են, միշտ գնահատում են քո կատարած աշխատանքը, եւ ես երբեւիցե խնդիր չեմ ունեցել նրանց հետ:

 - Ստոմատոլոգիայում էսթետիկական միջամտությունները ի՞նչ մակարդակի վրա են գտնվում:

 - Եթե միջազգային ստոմատոլոգիայում էսթետիկական միջամտությունների մեջ որեւէ նորամուծություն մտնում է, ապա առաջիներից մեկը շատ բարձր մակարդակով Հայաստանում է այն կիրառվում:

 -  Ի՞նչ խորհուրդ կտաք բերանի խոռոչի հիգիենայի պահպաման հետ կապված մեր հասարակությանը:

 -Ես միշտ էլ ասել եմ, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այն կատարվեր մի քանի փուլերով: Ես առաջարկում էի, որ Հանրային հեռուստատեսության մանկական ծրագրերում, օրինակ, <<Բարի գիշեր երեխաներ>> հաղորդման ավարտին խորհուրդ տրվեր երեխաներին խոզանակել ատամները, ապա նոր միայն գնալ քնելու, անգամ կարելի է գունավոր խոզանակներ ներկայացնել երեխաներին շահագրգռելու համար: Անչափ կարեւորում եմ նաեւ ճիշտ պրոֆիլակտիկայով անցկացնել հղի կանանց կոնսուլտացիաները,  որպեսզի ծայրահեղ դեպքերում նոր չդիմեն բժշկին: Մեր երկրում ստոմատոլոգիան  այնպիսի գերժամանակակից մակարդակի վրա է գտնվում, որ հղիներին ամեն տեսակի միջամտություն. բոլոր տեսակի դեղանյութերը եւ պլոմբաները, նույնիսկ ռենտգեն հետազոտությունը թույլատրելի են: Ես նույնիսկ այն երիտասարդ զույգերին, որոնք գալիս են ինձ մոտ պրոֆիլակտիկ ստուգումների ատամների սպիտակեցման համար, պարտադրում եմ կատարել ատամների համայնապատկերային ռենտգենը, քանի որ բերանի խոռոչի հիգիենայից շատ բան է կախված:

 - Բժշկուհի, շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ կասեք մեր ստոմատոգիայի ապագայի մասին:

 - Ես միշտ եմ ասել եւ նորից կկրկնեմ, որ մեծ բավանականությամբ եմ դուրս գալիս իմ դասախոսություններից. մեր երիտասարդները բավականին բարձր պատրաստվածություն ունեն, գիտելիքների շատ մեծ պաշար, լեզուների իմացություն: Եթե մի քանի տարի առաջ ռուսերեն լեզուն էր գերակշռում բժշկության մեջ, ապա այս օրերին մեր երիտասարդները լիարժեք տիրապետում են մի քանի լեզուների:

 -Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

 - Ասեմ, որ կանխարգելումը նույնիսկ շահեկան է ֆինանսական առումով։ Ժամանակին դիմելու դեպքում խնդիրները հարթվում են անհամեմատ ավելի դյուրին։ Սակայն ամենակարեւոր կանխարգելումը տարրական հիգիենայի պահպանումն է: Որպես բժիշկ մաղթում եմ միմիայն առողջություն, իրենց հոգիներում լինի խաղաղություն, հանգստություն եւ ներդաշնակություն: Իսկ որպես կին էլ, մեր կանանց կմաղթեմ կանացի երջանկություն: 

 

Մենք համընթաց քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ

 

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք եւ հատկապես սպառնում են զարգացած երկրների բնակչությանը: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում, եւ նկատվում է նաեւ այդ հիվանդության «երիտասարդացում»:  Դրա հիմնական պատճառը մարդկանց մոտ առողջ  ապրելակերպի մշակույթի բացակայությունն է:
Վերջին տարիներին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի բժշկությունը որակի նոր փուլ է թեւակոխել: Եթե նախկինում շեշտը դրվում էր  մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու վրա, ապա այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ժամանակակից սարքավորումների եւ բժշկական տեխնոլոգիաների ձեռքբերմանը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆՆ է՝ իր գործում պրոֆեսիոնալ, բարձր եւ վեհ արժեքներ կրող բժիշկ, ով բազմաթիվ կյանքեր է փրկել ու շարունակում է փրկել: Բժշկի առաքելությունը շատ մեծ է, անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին սիրտն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ այն ճակատագրական եւ անդառնալի լինի հիվանդի համար:

-Պարո՛ն Ադամյան, կարո՞ղ  ենք  այսօր  վստահորեն  ասել,  որ  Հայաստանում  սրտաբանության  ճյուղը  բարձր դիրքեր է զբաղեցնում:

- Հայաստանում բժշկությունը, եթե համեմատենք եվրոպական կլինիկաների հետ, բավականին բարձր մակարդակ ունի: Եվ սրտաբանությունն այդ առումով ավելի բարձր դիրքերում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, 1993 թվականից սկսած, սրտաբանական ծառայությունների չափանիշները բավականին փոխվել են, տարեցտարի առաջընթաց է արձանագրվել:

ժիշկ, ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց սրտաբանի մասնագիտությունը:

-Իմ կարծիքով ոչ մի բժշկի համար իր ճանապարհը հարթ ու ուղիղ չի կարող լինել: Համենայնդեպս, լավ բժիշկ դառնալու համար առնվազն պետք է օրվա 24 ժամը նվիրված լինես քո մասնագիտությանը, այլապես կարող ես բժշկությունը թողնել ու այլ աշխատանքով զբաղվել: Շատ կարեւոր է նաեւ մշտապես սովորելը, վերապատրաստումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ բոլոր գործոնների համախմբման արդյունքում կարծում եմ իմ մասնագիտական ոլորտում հասել եմ զգալի հաջողությունների:

-Պարո՛ն Ադամյան, սիրտ-անոթային  ո՞ր   հիվանդություններն   են <<երիտասարդացել>>,  և  ո՞ր  տարիքն է  համարվում ռիսկային: Հիմնականում սիրտ-անոթային ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

-Միայն սրտաբանական հիվանդություններ չեն, որ <<երիտասարդացում>> են ապրել. բոլոր հիվանդություններն էլ ունեն «երիտասարդացման» միտում: Ինչ վերաբերում է սրտաբանությանը, ապա հիմնականում դրանք զարկերակային հիպերտենզիան եւ սրտի իշեմիկ հիվանդություններն են: Այս հիվանդությունների դեպքում նախկինում տղամարդկանց մոտ տարիքային շեմ համարվում էր 40 տարեկանը, կամ ավելի բարձր տարիքը, իսկ կանանց մոտ՝ 50 տարեկանից բարձրը, բայց այսօր տարիքի վրա մենք շեշտադրում չենք անում, հիմնվում ենք ավելի շատ հետազոտման արդյունքում ստացված պատկերի վրա: Եվ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ 28-30 տարեկան հասակում տանում են սրտամկանի սուր ինֆարկտ, մինչդեռ նման բան տարիներ առաջ հազվադեպ էր տեղի ունենում:

-Պարո՛ն Ադամյան, ե՞րբ եք վերջին անգամ դիմել բժշկի:

- Տարին մեկ անգամ պարտադիր անցնում եմ հետազոտություն, քանի որ մեր բժշկական կենտրոնում գործում է բժշկական ապահովագրությունը, որի պահանջներից է մեր առողջական վիճակին հետեւելու համար տարին մեկ անգամ որոշակի հետազոտություններ անցնելը:

- Բժի՛շկ, Ձեր կարծիքով Հայաստանը համընթաց քայլո՞ւմ է եվրոպական կլինիկաների հետ:

- Հայաստանի սրտաբանության ճյուղի մասնագետներս մշտապես մասնակցում ենք տարբեր տեսակի հետազոտությունների անցկացմանը, որի արդյունքում ստացված տվյալները ներկայացնում ենք, այսպես ասեմ, Եվրոպայի դատին: Եվ տրված գնահատականից պետք է եզրակացնել, որ արդյունքները բավականին լավն են: Չէի ասի, որ եվրոպական երկրներից ավելի առաջադեմ ենք, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք մահացելիության թվի նվազում, ինչպես Եվրոպայում է, նույնիսկ ավելին: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ համընթաց քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ: Իհարկե, շատ կարեւորում եմ սուր ինֆարկտների հետ կապված <<Ստենդ կյանքի համար>> ծրագիրը, որը մեզ թույլ տվեց այդ ճյուղում բավականին լավ արդյունքների հասնել: Եվ հենց այդ պատճառով ունենք սուր ինֆարկտների հետ կապված մահացության թվի իջեցում: Մի խոսքով՝ Հայաստանի սրտաբանությունն իր արդյունքներով եվրոպականին չի զիջում: Մանավանդ այս օրերին, հաշվի առնելով մեր հաճախակի այցելությունները եվրոպական կոնգրեսների, ինչպես նաեւ ինտերնետային պորտալի հնարավորությունները, առկա են դեպի ստանդարտիզացիա քայլեր, իսկ բուժման արդյունավետությունը բարձրացել է:  

- Բժիշկ, իսկ ի՞նչ նորարարություններ կան սրտաբանության ասպարեզում, որի մասին կցանկանայիք խոսել:

- Նորարարություններ Հայաստանում կան, դրանք հիմնականում ինվազիվ սրտաբանության հետ կապված միջամտություններն են: Ինվազիվ ճանապարհով հնարավոր է տարբեր հիվանդությունների խնդիրների լուծում գտնել ու բուժել, եւ դա արվում է ոչ միայն սրտաբանության մեջ, այլ նաեւ գինեկոլոգիայում, օրինակ, արգանդի միոմաների դեպքում, որը էմբոլիզացիայի միջոցով հնարավոր է բուժել, միջամտությամբ միոմայի չափսերը փոքրացնել: Եվ այդ դեպքում պացիենտը կարիք չի ունենում վիրահատական միջամտության: Ես կառանձնացնեի նաեւ քնային զարկերակների ստենդավորումը, որը Հայաստանում հազվադեպ է իրականացվում, եւ այն նույնպես նորարարություն է հայաստանյան բժշկության մեջ: Մեր <<Աստղիկ>> բժշկական կենտրոնում իրականացվում են նաեւ լյարդի էմբոլիզացիան` քիմիաթերապիան, որը Հայաստանում համարվում է նորարարություն, սակայն այն ամբողջ աշխարհում կիրառվում է վաղուց:

- Ձեր հիմնական խորհուրդը մեր ընթերցողներին:

- Ինչպես սիրում եմ ասել, թող միշտ լինեն առողջ, վարեն առողջ ապրելակերպ, որպեսզի ավելի քիչ այցելեն բժիշկների եւ հիմնականում առաջնային զբաղվեն կանխարգելիչ բուժմամբ, որպեսզի հետագայում հիվանդություններն ավելի չխորանան: Թող բոլորն ավելի երկար եւ առողջ կյանք վայելեն: 

Բժշկի աշխատանքային ճանապարհը հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքար է
Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, եւ  Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար խիստ կարեւոր է աշխատանքը սկսել հենց առաջնային օղակներից` պոլիկլինիկաներից: Բժիշկները պետք է մշտապես աչալուրջ լինեն ակնային բարդությունների նկատմամբ:
ժամանակակից ակնաբուժության խնդիրների մասին զրուցեցինք «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ ԱՐԱՔՍՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ: Բժշկուհի, ով ակնաբուժության ոլորտում կատարած իր պրոֆեսիոնալ աշխատանքի եւ մասնագիտական անմնացորդ նվիրման համար հասարակության մեջ մեծ հարգանքն է վայելում: 
-Տիկի՛ն Առաքելյան,  իրականացնում եք աչքի Էքսիմեր-լազերային վիրահատություններ: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
-Էքսիմեր-լազերային վիրահատությունները հիմնականում կատարվում են կարճատեսության, հեռատեսության եւ տարբեր տեսակի ասիգմատիզմների ժամանակ, իսկ դրանց նպատակը պացիենտին ակնոցից եւ կոնտակտայյին ոսպնյակներից ազատելն է. վիրահատությունից հետո լավանում է տեսողության որակը: Բարձր աստիճանի կարճատեսությունների դեպքում էքսիմեր-լազերային վիրահատությունը հիվանդության հետեւանքները չի վերացնում (օրինակ, եթե ցանցաթաղանթի վնասվածք կա), բայց շտկում է տեսողությունը, եւ այդ իսկ պատճատով հիվանդները մնում են մեր հսկողության տակ: Հիմնական ցուցումներից մեկն այն է, որ պացիենտի տարիքը պետք է լինի 18 տարեկանից բարձր,  ասինքն` հասունացման շրջանում մենք վիրահատություն չենք կատարոմ, հսկողություն է սահմանվում մինչեւ 18 տարեկան դառնալը, որպեսզի հիվանդությունը վերջնական կանգ ունենա: Մեր նպատակն է մեկ անգամ եւ այնպես կատարել վիրահատությունը, որպեսզի տեսողությունը մարդուն ծառայի մինչեւ կյանքի վերջ: Հազվադեպ բարձր աստիճանի կարճատեսության դեպքեր են գրանցվում, երբ կարող է փոքրիկ վերադարձ լինել, որն էլ շտկվում է անվճար հիմունքներով: Եթե վիճակագրությանը հետեւենք, ապա 5000-6000 մեզ դիմածներից մեկի մոտ կարող է այն կրկնվել: Այդ իսկ պատճառով նրանք մշտապես մեր հսկողության տակ են մնում: Վիրահատությունն անվնաս է համարվում, այն իրականացվում է գերժամանակակից սարքավորումներով, բայց կան մի շարք հակացուցումներ որոնց դեպքում չի կատարվում վիրահատական միջամտություն: Ուստի պարտադիր իրականացվում է 10 տեսակի հետազոտություն, եւ, եթե պարզվում է, որ պացիենտի մոտ ոչ մի ցուցանիշ խախտված չէ, կասկած չի հարուցում, ու պետք չէ հսկողություն սահմանել ժամանակի ընթացքում,  նշանակվում է վիրահատություն: Ընդ որում, նախօրոք տեղեկացվում է, թե ինչպիսի տեսողություն կունենա վիրահատական միջամտությունից հետո: Եթե պացիենտին այդ պայմանները բավարարում են, այդ դեպքում միայն կատարվում է վիրահատությունը: Բացի տարիքից, վիրահատությունը հակացուցված է նաեւ եղջերաթաղանթի կերատոկոնուս հիվանդություն դեպքում, որը լայն տարածում ունի մեր երկրում: Մոտավորապես 9 տարի է, ինչ կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն  ժամանակակից մեթոդով, իսկ նախկինում այդ վիրահատությունը չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, եւ այդ իսկ պատճառով ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը կորցնում է տեսողությունը աստիճանաբար` փուլերով, եւ այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի:  Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար համատեղելիության առումով թաղանթը հայթայթելու խնդիրներ էին ծագում: 
 Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ եղավ, այսինքն, երբ գերմանացի եւ շվեյցարացի բժշիկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի  կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետեւ ավելի թեթեւ, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, եւ, որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան երկար կպահպանվի եղջերաթաղանթը: Ընդհանրապես շատ կարեւոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու, քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում այդ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Հիշեցնեմ, որ եթե արդեն հիվանդությունը շատ բարձիթողի վիճակում է, այդ մեթոդը չի օգնի. հիվանդությունը կկանգնեցվի,  բայց լավագույն տեսողության չի բերի: 
- Բժշկուհի՛, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:  
-Կոնկրետ չեմ կարող տարեթիվ նշել, բայց կարող եմ հստակ ասել, որ մանկուց սիրել եմ բժշկի մասնագիտությունը, եւ իմ գերակա նպատակն էր բժիշկ դառնալը: Ի դեպ, մեր ընտանիքում բժշիկներ չեն եղել. ծնողներս գիտնական ու երաժիշտ են, այնպես որ՝ իմ ճանապարհն ընտրել եմ ինքնուրույն ու երբեւէ չեմ փոշմանել դրա համար: Բժշկի մասնագիտությունը շատ դժվար եւ հոգսաշատ է. շատ անգամ հիվանդի հետ վերապրում ես նրա խնդիրը ու նաեւ պետք է հոգեբան լինես նրան տրամադրելու համար: Ընդհանրապես շատ նյարդային են դարձել թե՛ հիվանդները եւ թե՛ բժիշկները: Բոլորս էլ մահկանացու ենք, հոգնում ենք օրվա ընթացքում, բայց եթե մարդը դիմել է բժշկին, պետք է նրա աշխատասենյակից բավարարված դուրս գա: Պացիենտը շատ ժամանակ ուզում է, որպեսզի բժիշկն իրեն պարզապես լսի ու հասկանա, եւ եղել են դեպքեր, որ նա ագրեսիվ տրամադրված մուտք է գործել իմ աշխատասենյակ, բայց երբ ես  հանգիստ, մեղմ պատասխանել եմ իրեն հուզող հարցերին, բավարարված, ժպիտով հեռացել է: Բժշկի համար համբերատար լինելը շատ կարեւոր գործոն է: Ես լավ էի պատկերացնում բժշկի աշխատանքային ճանապարհը, հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքարը, հասկանում էի, որ դժվար է լինելու, սակայն չընկճվեցի ու ընտրեցի հենց այդ դժվարին, ու, միեւնույն ժամանակ, պատասխանատու ու պատվաբեր աշխատանքը:  
- Որքանո՞վ  է բժշկի մասնագիտությունն օգնում կամ խանգարում հայ կնոջն ընտանիքում: 
- Եթե կազմակերպված եւ  պլանավորված ես օրդ  դասավորում, նույնիսկ կարող ես ժամանակ գտնել քո հոբբիով զբաղվելու համար: Պարտաճանաչությունը, պատասխանատվությունը, կազմակերպվածությունն ինձ փոխանցվել է հայրիկիցս, եւ ես չեմ սիրում սպասեցնել իմ պացինտներին, հերթագրված ժամին կազմակերպում եմ ընդունելությունը: Շատ դեպքերում, երբ զանազան խնդիրներով, հոգսերով տուն ես գնում, պետք է այդ ամենը պահես քո մեջ, հիվանդանոցային մթնոլորտը չփոխանցես ընտանիքիդ անդամներին: Ու սովորաբար տանը չեմ կիսվում աշխատանքային խնդիրներով: 
- Հայաստանում աչքի հիվանդությունը «երիտասարդացե՞լ է», ո՞ր տարիքային խումբն է թիրախային: 
- «Երիտասարդացել է» վերը նշված կերատոկոնուսը՝ եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդությունը, որի ժամանակ եղջերաթաղանթը հարաճուն բարակում եւ ընդունում է կոնի ձեւ: Այն հիմնականում արտահայտվում է զարգացող աստիգմատիզմով եւ կարճատեսությամբ՝ պայմանավորված տեսողության վատացմամբ: Հիվանդները գանգատվում են ակնոցի օպտիկական ուժի հաճախակի փոխելու անհրաժեշտությունից եւ կոնտակտային ոսպնյակների անտանելիությունից: Հիվանդությունների «երիտասարդացումը» կարող է պայմանավորված  լինել ինչպես գենետիկ բնույթով, այնպես էլ՝ տեղանքով, մասնավորապես, շատ է տարածված բարձրադիր գոտիներում: Դրա զարգացմանը նպաստում է նաեւ արեւի տակ շատ գտնվելը, մի խոսքով՝ հայերի մոտ այն շատ է հանդիպում: Երկրորդը կարճատեսությունն է, որի «երիտասարդացմանը», բացի հեռուստացույցը, նպաստում են նաեւ բջջային հեռախոսները, համակարգիչներն ու պլանշետները: Կարճատեսության առաջացումը երկու պատճառ ունի. երբ երեխան կտրուկ հասակ է առնում կամ հեռախոսի հետ ժամերով, երկարատեւ զբաղվում է: Ամենավտանգավորը բջջային հեռախոսն է, եւ ավելի լավ է հեռուստացույց դիտել, քան թե զբաղվել հեռախոսով:  
 
- Նախկինում ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված էին լինում վիրահատության ենթարկվելու համար արտերկիր մեկնել, սակայն այսօր միտումն այլ է. նույնիսկ այլազգի կամ սփյուռքահայ քաղաքացիներն են այդ նպատակով գալիս Հայաստան: Ինչի՞ արդյունքում հասանք նման ցուցանիշների:
 
-Մանավանդ ամռան ամիսներին շատ ենք ունենում ոչ միայն հայ, այլեւ այլազգի այցելուներ: Գալիս, այստեղ վիրահատվում են, որովհետեւ մեզ մոտ ոչ միայն գինն ավելի մատչելի է, այլեւ մեր ունեցած գերժամանակակից տեխնիկան չի զիջում արտերկրի տեխնիկային: 
 
- Կա՞ն հայտնի անձինք Ձեր կյանքում, որոնց խորհրդին մշտապես հետևում եք: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
 
- Աշխատանքային պրակտիկաս սկսել եմ 8-րդ բուժմիավորուման ակնաբուժական մանկական բաժանմունքում՝ ակնաբուժության բնագավառի ամենավառ ներկայացուցիչներից հանգուցյալ Վերոնիկա Խրիստաֆորովնայի, Իրինա Իվանովնայի կողքին, որոնցից շատ գիտելիքներ եմ քաղել: Եվ հենց նրանք էլ եղել են իմ ուսուցիչները: Բայց երբ ի հայտ եկան նորագույն եւ լազերային մեթոդները, մեր երկրում կերատոկոնուս հիվանդության բուժման մեթոդը ինքներս ներդրեցինք: Այդ տարիներին վերապատրաստվել ենք շվեյցարացի գիտնական Թեոդոր Զեյլերի դպրոցում, Մոսկվայի Ֆյոդորովի անվան ակնաբուժական միկրովիրաբուժական ինստիտուտում, եւ ես նույնիսկ բախտ եմ ունեցել տեսնելու աշխարհահռչակ Ֆյոդորովին: Միասին մի գիտաժողովի մասնակցեցինք, որից հետո նա դժբախտ պատահարի զոհ դարձավ: Իմ նշածները մեծագույն մարդիկ էին, ակնաբուժության մեջ մեծ ավանդ ունեին, ստեղծել էին մի համակարգ, որտեղ իրականացվում էր ինչպես վիրաբուժություն, այնպես էլ՝ դեղորայքի արտադրություն, նույնիսկ գործիքների մշակում: Եվ մենք պարբերաբար օգտվում էինք այդ համակարգից:  Տարիներ առաջ Հայաստանում ներդրվեց կերատոկոնուսի բուժման մեթոդը, որը կոչվում է կրոսլինքինգ (Crosslinking): Կատարվում է եղջերաթաղանթի բարակած կոլագենային թելիկների խաչաձեւ ամրացում հատուկ ճառագայթների ու նյութի միջոցով: Այս մեթոդը կիրառվում է հիվանդության վատթար զարգացումը կանխարգելելու եւ տեսողությունը վերականգնելու նպատակով, եթե այն առաջին կամ երկրորդ աստիճանի է: Երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում կատարվում է եղջերաթաղանթի տրանսպլանտացիա` կերատոպլաստիկա դոնորական թաղանթով:
Մինչև այս մեթոդը Հայաստանում կիրառելի բուժիչ կամ կանխարգելիչ որեւէ այլ մեթոդ չկար: 2003թ. շվեյցարացի գիտնական Թեոդոր Զեյլերը, հայտնաբերելով կրոսլինքինգը, օգնեց աշխատունակ տարիքի միլիոնավոր մարդկանց պահպանել եւ որոշ չափով լավացնել տեսողությունը:  Վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկմամբ, տեւում է մեկ ժամ: Առաջին կես ժամում եղջերաթաղանթը հագեցվում է ռիբոֆլավին եւ դեքստրան նյութերով, հաջորդ կես ժամում դրանց ավելացվում է նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթը (Special Laser):
- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Իհարկե մասնակցում եմ, եւ դրա մասին արդեն վերեւում նշեցի: Նախկինում, եթե նոր սարք էր ներդրվում մեզ մոտ, պետք է պարտադիր վերապատրաստվեինք: Իսկ այս օրերին արդեն  հիմնականում միջազգային գիտաժողովների ենք մասնակցում, որովհետեւ անչափ կարեւոր է փորձի փոխանակումը, նորարությունների մասին միշտ տեղեկացված լինելը: Բժշկությունն այնպիսի գիտություն, մասնագիտություն է, որ պետք է միշտ համընթաց քայլես նորարություններին: Եթե 3-4 օր չկարդաս, չծանոթանաս նորություններին, կլճանաս, կդոփես տեղում: Ակնաբուժությունը մեր երկրում այնպիսի զարգացում է ապրել, որ մեզ մոտ իրականացվում են հնարավոր բոլոր տեսակի ակնաբուժական միջամտություններ եւ բուժում: 
- Բժշկուհի՛, ոսպնյակների կրո՞ւմն եք ճիշտ համարում, թե ակնոցի:
 
-Ես ունեմ արդեն 19-20 տարվա աշխատանքային փորձ, երկար տարիներ աշխատել եմ մանկական բաժանմունքում եւ գիտեմ, որ, մանավանդ հեռու մարզերում, աղջիկները բարդույթավորված են ակնոց կրելու հարցում: Բայց ժամանակները փոխվել են, եւ մարդիկ գիտակցում են, որ 18 տարիքային շեմը լրանալուց հետո, ուշ թե շուտ, կհրաժարվեն ակնոց կրելուց: Այսօր կան ոսպնյակներ, որոնք ազատում են ակնոց կրելու խնդրից, եւ բարձր աստիճանի կարճատեսության դեպքում մեկ-մեկ գերադասելի է հենց ոսպնյակներ կրելը: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ միաժամանակ կարող են կրել թե՛ ոսպնյակ, թե՛ ակնոց, քանի որ ակնոցը շատ հարմար է կրել. կարող ես այն հանել, ապա նորից կրել: Ակնոց  կրելու բացասական կողմն այն է միայն, որ, ինչքան կարճատեսությունը շատ լինի, ապակին այնքան ավելի հաստ կլինի: Իսկ ոմանք շատ դեպքերում ուղղակի չեն ցանկանում ինչ-որ բան կրել: Եթե աչքերի տեսանելիությունը զգալիորեն տարբերվում է, այդ խնդիրը հնարավոր չէ ակնոցով շտկել, քանի որ այդ տարբերությունը գլխացավ է առաջացնում, եւ նման դեպքերում ոսպնյակ կրելը շատ ավելի նպատակահարմար է: Ոսպնյակների բարդությունն էլ նրանց խնամքն է, օրինակ, քնելիս պարտադիր պետք է հանել. ինչքան էլ գերժամանակակից ոսպնյակ լինի, այն օտար մարմին է, արհեստական նյութից պատրաստված եւ չի թողնում, որ եղջերաթաղանթը շնչի: Կամ փոշոտ, կեղտոտ ձեռքերով աչքը տրորելու դեպքում կարող է ինֆեկցիա առաջացնել, որը կանցնի եղջերաթաղանթին: Հիգիենան շատ կարևոր է, այսինքն՝ կանոնները պետք է պահպանել խստագույնս եւ լիարժեք, հեղուկը փոխել ժամանակին, ուշադրություն դարձնել, որպեսզի  չկանգնենք ավելի բարդացած վիճակների առաջ: 
 
- Ձեր խորհուրդը մեր ընթերցողին:
-Առաջին հերթին կցանկանամ, որ առողջ, երջանիկ լինեն, հետեւեն իրենց առողջությանը: Շատ դեպքերում մեզ դիմում են արդեն շատ բարդացված վիճակներում, մինչդեռ տարին գոնե երկու անգամ պետք է կատարվի կանխարգելիչ ախտորոշում: Ու շատ դեպքերում դրան խանգարում է ոչ թե սոցիալական ծանր վիճակը, այլ վախի զգացումը: Եթե տեսնում ենք, որ մարդ ֆինանսապես ի վիճակի չէ բուժզննում անցնել, աշխատում ենք անվճար իրականացնել ախտորոշումը: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, կար մշակված ծրագիր, որ երեխան պարտադիր մանկապարտեզ եւ դպրոց հաճախելուց առաջ պետք է անցի աչքերի հետազոտություն, հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, բուժզննում: Այդ տարիներին շատ մեծ դեր են ունեցել մանկավարժները, որոնք, նկատելով երեխայի վատ տեսողությունը, շատ արագ այդ մասին տեղեկացնում էին ծնողներին: Կարծում եմ՝ նվիրվածությունը մասնագիտական գործունեության մեջ շատ կարեւոր է, ու, եթե բժիշկը հիվանդին վստահություն ներշնչի, դա կօգնի, որպեսզի մարդիկ հետեւեն իրենց առողջությանը եւ լսեն մասնագետի խորհուրդները: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որն ինձ հոգեկան հանգստություն է փոխանցում: 
- Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձեւը:
- Պետք չէ, իհարկե, համեմատական անցկացնել տեսողության եւ լսողության զգայարանների միջեւ, բայց իրականում տեղեկատվությունը մարդն  առաջնահերթ ստանում է աչքերի միջոցով, որն ուղղակի կապ ունի մարդկային երջանկության, ինքնադրսեւորման հետ: Գիտնականներն էլ մշտապես պնդել են, որ մարդն արտաքին աշխարհից 90 տոկոս տեղեկատվությունը ստանում է աչքերի միջոցով: Անհատը կարող է չխոսել, չլսել, բայց եթե չի տեսնում, դրանից ավելի շատ կտուժի նրա կյանքի որակը: Ուստի կհորդորեմ բոլորին, անկախ սոցիալական վիճակից, ժամանակին դիմել բժշկի, զննում անցնել, հարկ եղած դեպքում վիրահատվել, որպեսզի կանխարգելվի հիվանդությունների հետագա զարգացումը: 
 

 Մեզ անչափ պարտավորեցնում է այն հանգամանքը, որ մեզ մոտ արված զննման արդյունքներն արտերկրի մասնագետների կողմից հավանության են արժանանում

Այսօր ռադիոլոգիան՝ ճառագայթաբանությունը, որը մի շարք հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով իոնիզացնող ճառագայթման հնարավորություններն է ուսումնասիրում, ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում: Ի սկզբանե այն միայն էլեկտրամագնիսական էներգիայի կիրառման հնարավորություններն էր դիտարկում, սակայն այսօր արդեն ոչ միայն ռենտգենյան ճառագայթներ է կիրառում, այլ նաեւ բարձր հաճախականության ալիքներ, մագնիսական դաշտեր եւ ճառագայթման այլ եղանակներ: 

Հետազոտման բավականին բարձր մակարդակ ապահովող նոր սարքավորումների ձեռքբերման արդյունքում մեր երկրում նույնպես այդ  ոլորտում սկսեցին իրականացվել ավելի լայնածավալ հետազոտություններ:  

Արդի բժշկության ու հատկապես ճառագայթաբանության ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին զրուցեցինք «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան ԼՈՒՍԻՆԵ ԹԱՆԱՆՅԱՆԻ հետ:

Կենտրոնի ՈՒՁՀ բաժանմունքի՝ ռադիոլոգիայի բնագավառում մեծ փորձառություն ունեցող մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, ինչպես նաեւ մասնակցում հեղինակավոր գիտաժողովների ու սեմինարների՝ հանդես գալով զեկույցներով:

- Տիկի՛ն  Թանանյան, ի՞նչ գերժամանակակից տեխնիկայով է հագեցած «Սլավմեդ» բժշկական կենտրոնը: Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում հենց Ձեր բաժանմունքում:

 -«Սլավմեդ» բժշկական կենտրոնի՝ ուլտրաձայնային հետազոտության նպատակով կիրառվող սարքավորումը դասվում է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումների շարքին, քանի որ հագեցած է 3D/4D ուլտրաձայնային համակարգով, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է: Սարքը հագեցած է նոր Fly Thru և Inversia հատուկ օպցիաներով, ինչը հնարավորություն է տալիս բժշկին տեսնել ինչպես խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքումները, այնպես էլ նույն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից՝ հաղորդելով լրացուցիչ տեղեկություն ուռուցքների եւ ծավալային գոյացությունների վերաբերյալ:

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) տալիս է օրգան-համակարգերի կառուցվածքի ֆունկցիոնալ բնութագիրը՝ տրամադրելով որակական եւ քանակական տվյալներ: Կիրառվող սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ նույնիսկ աննշան գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր: Սա հիվանդություններն ավելի վաղ շրջանում հայտնաբերելու շատ լավ հնարավորություն է: Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը լեղապարկի, լյարդի, փայծաղի եւ ենթաստամոքսային գեղձի ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտությունն է: Այն թույլ է տալիս ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրել պացիենտի որովայնի խոռոչի օրգանների եւ համակարգերի ֆունկցիոնալ ու անատոմիական առանձնահատկությունները, այլեւ պարզել առկա շեղումների պատճառահետեւանքային կապը՝ հնարավորություն տալով ճիշտ մեկնաբանել հետազոտվող օրգանների վիճակը՝ ըստ հիվանդի գանգատների եւ հիվանդության կլինիկական պատկերի: Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ կարելի է հստակեցնել բոլոր ներքին օրգանների բացարձակ չափսերը, նկարագրել նրանց կառուցվածքը, բացահայտել կամ հերքել բորբոքային օջախների, նորագոյացությունների առկայությունը: Հատկապես շատ կարեւորում ենք էլաստոգրաֆիան, որը ժամանակակից հետազոտության մեթոդ է, պատկերում է հյուսվածքի պնդությունը (stiffness) արտաքին կոմպրեսիայի միջոցով: Մեթոդը հնարավորություն է տալիս հաշվել պաթոլոգիկ գոյացության կարծրությունը, ինչը կարեւոր ցուցանիշ է գոյացությունների տարբերակման համար:
Պրակտիկայում էլաստոգրաֆիան համարվում է սոնոգրաֆիկ հետազոտության շարունակություն, ինչպես, օրինակ, դոպլերը: էլաստոգրաֆիկ ինֆորմացիան ստացվում է իրական ժամանակում (real time), մի քանի րոպեի ընթացքում: Հետազոտությունը իրականացվում է էքսպերտ դասի նորագույն TOSHIBA APLIO ՈՒՁ սարքով, ինչը վահանաձեւ գեղձի ուռուցքների վաղ հայտնաբերման համար մեծ նշանակություն ունեցող մեթոդ է, որի միջոցով վահանաձեւ գեղձի անգամ մի քանի միլիմետրանոց հանգույցները կարողանում ենք գտնել եւ պահել հսկողության տակ: Եվ, կախված նրանից, թե ինչ փոփոխություններ են լինում, կարող ենք վիրահատել կամ երկարաժամկետ հետեւել ուռուցքների ընթացքին: Մենք կիրառում ենք նաեւ <<Micro pyure>> մեթոդը, որը նույնպես վահանաձեւ գեղձի լիարժեք հետազոտության հնարավորություն է տալիս: Բացի դրանից, որովայնի խոռոչավոր օրգանների համար կիրառում ենք 3D ուլտրաձայնային համակարգով հետազոտությունը, որը կոչվում Fly Thru եւ Inversia հատուկ օպցիաներով հետազոտություն: Դրա շնորհիվ կարողանում ենք լեղապարկն ու միզապարկը  հետազոտել ներսից, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերել բարորակ եւ չարորակ բնույթի նորագոյացությունները, նույնիսկ շատ փոքր գոյացությունները կարողանում ենք իրենց եզրագծերով ավելի լավ տեսնել: Էլաստոգրաֆիան չունի կողմնակի ազդեցություն եւ հակացուցումներ:

  Հետազոտություններ կատարում ենք նաեւ սոնոգրաֆիայի միջոցով, բայց ոչ բոլոր դեպքերում է այն լիարժեք 100 տոկոսանոց ախտորոշիչ մեթոդ համարվում, օրինակ, աղեստամոքսային համակարգի համար, որի ժամանակ, դրան զուգահեռ կատարվում է էնդոսկոպիա: Բայց շատ դեպքերում բորբոքումները, հաստացումները, այսինքն` ոչ ուռուցքային փոփոխությունները կարողանում ենք հետազոտել, հայտնաբերել: Վերջին տարիներին իրականացվում է նաեւ ձայնալարերի սոնոգրաֆիա:

- Բժշկուհի, հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումների:

- Մշտապես մասնակցում ենք վերապատրաստումների, վերջին անգամ եղել եմ Գերմանիայում, ինչպես նաեւ Իսրայելում, պատրաստվում եմ կրկին մեկնել Գերմանիա: Անչափ ուրախալի է, որ մեզ մոտ նույնպես ասոցիացիաները կազմակերպում են շատ գիտաժողովներ, արտերկրից ժամանում են մասնագետներ, որոնց հետ փորձի փոխանակում ենք կատարում, աշխատում ենք բոլոր նորարարությունները քաղել նրանցից: Ունենք շատ հիվանդներ, որոնք մեր հետազոտության արդյունքներով մեկնում են Իսրայել, Գերմանիա բուժման, իսկ ովքեր բուժվում են մեզ մոտ, նրանց հետազոտությունների արդյունքներն էլ ենք ուղարկում արտերկիր: Մենք սերտ կապեր ունենք Գերմանիայի եւ Ռուսաստանի, մասնավորապես՝ Մոսկվայի մասնագետների հետ: Մեզ մոտ հիվանդներ են գալիս քիմիաթերապիա անցնելու համար, քանի որ արտերկրում այն բավականին թանկ է: Իհարկե, մեզ անչափ պարտավորեցնում է այն հանգամանքը, որ մեզ մոտ արված զննման արդյունքներն արտերկրի մասնագետների կողմից հավանության են արժանանում: Ասեմ, որ մշապես աշխատանքային հրավերներ ենք ստանում Գերմանիայից, Բելգիայից: Մեր երկրում աշխատելը շատ դժվար է, մրցակցությունը մեծ է, եւ բժիշկը պետք է լինի լավագույններից լավագույնը, որպեսզի կարողանա արարել իր բնագավառում: Շատ ուրախալի եւ գովելի փաստ է ինձ համար այն, որ մեր ժողովուրդը սկսել է հետեւել իրեն, գոնե տարին մեկ անգամ անցնել կանխարգելիչ հետազոտում: Իսկ նախկինում, մինչեւ չէր վատթարանում վիճակը, բժշկի չէին դիմում: Բավականին շատ են արտերկրից պացիենտեր, որոնք տարին մեկ անգամ գալիս են մեր երկիր բուժզննում անցնելու եւ մեզ վստահեցնում են, որ հայ բժիշկներից լավը չկա աշխարհում:

-Բժշկի  մասնագիտությունը խիստ պարտավորեցնող է: Հետին հայացք նետելով՝ ինչպե՞ս կգնահատեք Ձեր անցած ուղին:

- Դեռեւս 9-րդ դասարանում էի սովորում, երբ բժիշկ դառնալու որոշում կայացրեցի: Իհարկե, նման որոշում կայացնողներս լավ գիտակցում ենք, որ շատ մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեր ուսերին, քանի որ ամեն հիվանդի հետ <<վիրահատվում>>, ամեն հիվանդի հետ լավանում ենք, ապրում նրանց խնդրով: Բայց պետք է անկեղծորեն նշեմ, որ այս մասնագիտությունն ինձ համար լավագույնն է աշխարհում՝ չնայած մեր առջեւ ծառացած բոլոր դժվարություններին եւ անքուն գիշերներին: Ու ես, միեւնույն է, ուրիշ մասնագիտություն չէի ցանկանա ունենալ: Ասեմ, որ աշխատանքային գործունեությանս սկզբնական շրջանը ծանր եղել. այդ տարիներին սարքավորումները շատ փոքր, գրեթե հեռախոսի էկրանի տրամաչափի էին, որոնցով անչափ դժվար էր ինչ-որ բան տեսնել, ախտորոշել: Այդ տարիներին դեռ չկային ասոցիացիաներ, չէին կազմակերպվում գիտաժողովներ… Վերջին 10 տարվա ընթացքում ենք  վերապատրաստում անցնում, մշտապես կատարում փորձի փոխանակում արտերկրի մեր գործընկերների հետ, որոնք մեզ ծանոթացնում են նորարարություններին: Եվ կարող եմ վստահ ասել, որ հիմա շատ ավելի հեշտացել է մեր աշխատանքը, որովհետեւ պարբերաբար անցկացվող գիտաժողովները մեզ բավականին օգնում են, հեշտացնում մեր աշխատանքը: Լավագույն սարքավորումների 50-60 տոկոսը մեզ օգնում է ճիշտ պատկերացում կազմել օրգան-համակարգերի վիճակի մասին, վերջին 5-6 տարիներին, երբ արդեն օգտվում եմ TOSHIBA APLIO սարքավորումից, զգում եմ, որ իմ մասնագիտական կարողությունները մի տասն անգամ աճել են հին տեխնիկայով աշխատելու համեմատ:   

- Որպես սոնոգրաֆիստ Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է պացիենտին իր հիվանդության ախտորոշման մասին հայտնելը:

 -Կան շատ նախազգուշացնող սոնոգրաֆիկ նշաններ, որոնք մեզ հուշում են գոյացության չարորակ լինելու մասին, բայց, բոլոր դեպքերում, մինչեւ չկատարվի բջջաբանական քննություն, իրավունք չունենք հիվանդին նախապես ենթարկել սթրեսի: Մենք միշտ աշխատում ենք շատ զգույշ մոտենալ հիվանդին, ընդամենը նրան ասենք, որ մի փոքր կասկած կա… Եվ միայն գոյացության առկայությունը 100 տոկոսով հաստատվելու դեպքում հայտնում ենք հիվանդին այդ մասին, որպեսզի նա հասկանա, թե  ինչ քայլեր պետք է իրականացնի  հետագայում:

 -Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Լավն է այն ուսուցիչը, ով դառնում է գիտելիքի, մարդկային հարաբերությունների, ճաշակի, բարեկրթության ու շատ այլ լավ հատկանիշների չափանիշ, ում աշակերտները տարիներ անց սիրով են հիշում, ում տված գիտելիքները հաղթահարում են ժամանակի փորձությունը, ում միշտ օրինակ են բերում, ով ոգեշնչում է նոր գիտելիքների ձեռքբերման, կյանքում կայանալու հարցերում, վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Ինձ համար իմ մասնագիտության մեջ ուղղություն տվողը, լավագույն ուսուցիչը եղել է Արմեն Կարպի Ղազարյանը: Երբ ինչ-որ հարցի վերաբերյալ կասկած ունեինք, առանց տատանվելու զանգահարում էինք նրան, խորհուրդ հարցնում եւ առաջնորդվում դրանով: Եվ նա մեծ ուրախությամբ էր ընդունում մեր հաջողությունները: Հիմա էլ ես եմ աշխատում մեր երիտասարդ կադրերին ճիշտ ուղու վրա դնել, մշտապես իմ խորհուրդներով փորձում օգտակար լինել նրանց:

Ուզում եմ նշել, որ կան շատ լավ երիտասարդ կադրեր, որոնք ձգտում են հասնել կատարյալին իրենց գործի մեծ, միշտ պրպտող են, որոնող, տեղեկատվություն կորզող: Ու եթե միայն չլքեն մեր երկիրը, շատ լավ կլինի: Ես միշտ նրանց հորդորում եմ, որ իրենց գործում պարտաճանաչ եւ մաքրամաքուր լինեն, հիվանդին ասեն այն, ինչ որ իրականում կա, որ մեր հասարակության միջից դուրս գա բժշկին չվստահելու գործոնը: Ու նաեւ իրենց գործում միայն շահ չհետապնդեն, ոչ մի բան չուռճացնեն, ոչ մի բան չպակասեցնեն, աշխատեն ճշգրիտ, իրենց խղճի առաջ մաքուր, երբեք չխաբեն: Այդ դեպքում բժիշկն ավելի հարգված ու ընդունելի կլինի բոլորի կողմից եւ կհասնի ցանկալի արդյունքների:  

- Եվ որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

 - Կցանկանամ, որ միշտ երջանիկ լինեն, առողջ եւ կանխարգելիչ նպատակով պարբերաբար այցելեն բժշկի: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:

 

Առողջությունը, թերեւս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է

Այսօր անհերքելի իրողություն են բժշկության ոլորտում իրականացված եւ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդությունները հնարավոր է ոչ միայն բուժել, այլեւ կանխարգելել: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Իսկ եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող  ամեն մի չարիքի դեմ` պարգեւելով  մարդուն առողջություն եւ կյանքով լեցուն առողջ հոգի:

Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտի տարածված հիվանդությունների եւ  բուժական մեթոդների, ընդհանրապես մասնագիտական գործունեության վերաբերյալ  մանրամասներ է ներկայացնում  Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, քիթ-կոկորդ-ականջաբան, Եվրոպական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի (ԵՔԿԱԱ) անդամ ԿԱՏԱՐԻՆԱ ԴՐԱՄԲՅԱՆԸ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված եւ վստահելի: Արդեն 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է  կիրառել նոր մոտեցումներ:

- Տիկի՛ն Դրամբյան, բոլոր բժշկական կենտրոնների որդեգրած քաղաքականությունը եվրոպական առողջապահական չափանիշներին մոտենալն է: Ձեր անմիջական մասնակցությամբ ի՞նչ լազերային վիրահատություններ են իրականացվում Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում:

- Մեր բժշկական կենտրոնում շուրջ 12 տարի է, ինչ գործում է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը, որտեղ կատարվում են բոլոր տեսակի ԼՕՌ վիրահատություններ՝ քմային նշիկների հեռացում (տոնզիլէկտոմիա), քթի ադենոիդների հեռացում (ադենոտոմիա), քթի պոլիպների հեռացում (պոլիպոտոմիա), հայմորյան խոռոչների վիրահատություն (հայմորոտոմիա), քթի միջնապատի ուղղում (սեպտոտոմիա): Վիրահատությունները կատարվում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ, որոնք ցուցված են հիվանդներին` 3 տարեկանից սկսած: Իրականացվում է նաեւ բոլոր տեսակի ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում: Բաժանմունքում ներդրվել է (առաջինը մեր հանրապետությունում եւ մինչ այժմ միակը) քիթ-կոկորդ-ականջաբանության լազերային վիրաբուժության մեթոդը: Լազերային եղանակով կատարվում են վիրահատություններ հիպերտրոֆիկ եւ ալերգիկ ռինիտների, քթի պոլիպների, խռռոցի դեպքում, քթային արյունահոսությունը դադարեցնելու  նպատակով: Պետք է նշել, որ լազերային վիրահատությունները ոչ մի հակացուցում չունեն, դրանք ցուցված են նույնիսկ հղիներին եւ կերակրող մայրերին: Չկան հետվիրահատական բարդություններ, վիրահատությունը ավելի թեթեւ ընթացք է ունենում, քանի որ տամպոն չի տեղադրվում, և հիվանդը վիրահատությունից 1-2 ժամ հետո կարող է տուն գնալ ու շատ արագ վերադառնալ իր բնականոն կյանքին:  

- Բժշկի մասնագիտությունը ռիսկային եւ պատասխանատու գործ է, ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

- Դեռ չորրորդ դասարանից որոշել էի, որ պետք է ընտրեմ հենց բժշկի մասնագիտությունը, իսկ ուսանելու տարիներին արդեն հստակ որոշում կայացրեցի ՝ընտրել քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը: Իմ մասնագիտության ընտրության հարցում ճակատագրական նշանակություն ունեցավ պապիկիս եւ մայրիկիս բժիշկ լինելու հանգամանքը: Պապիկս հայտնի վիրաբույժ, ակադեմիկոս Իվան Քրիստափորովիչ Գևորգյանն էր: Մայրս՝ Մարինա Գեւորգյանը, բժշկական գիտությունների թեկնածու էր, դասախոսել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի միկրոբիոլոգիայի ամբիոնում: Իսկ հայրս՝ Հարություն Թերզյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, ով երկար տարիներ աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ):  Հպարտ եմ, որ ունեմ նման նախնիներ, որոնց ներդրումը մեծ է եղել մեր պետության ամրապնդման գործում: Երեւանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո օրդինատուրան շարունակել եմ Մոսկվայում եւ հայտնի ԼՕՌ բժիշկ, պրոֆեսոր Վ.Ս. Պողոսովի ղեկավարությամբ այնտեղի թիվ 67 հիվանդանոցում պաշտպանել «Փափուկ քիմքի ուռուցքներ» թեմայով գիտական թեզս: Ապա վերադարձել եմ Հայաստան եւ 1997 թվականից աշխատանքի անցել 2-րդ բուժմիավորման հիվանդանոցում, որտեղ էլ 2002-2004թթ. ղեկավարել եմ քիթ-կոկորդ-ականջ ծառայությունը: 2006 թվականից սկսած մինչ օրս աշխատում եմ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում՝ որպես քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ:

- Բժշկուհի՛, ո՞ր  ալերգիկ  հիվանդություններն ավելի մեծ տարածվածություն ունեն: 

- Քթի եւ հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Ընդ որում, հիվանդների քանակը գնալով մեծանում է, որը պայմանավորված է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությամբ, մեծ քանակությամբ ալերգիեններ շնչելով, տեղային եւ ընդհանուր իմունիտետի իջեցմամբ:

 - Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության, հատկապես՝ քթային շնչառության խանգարումները:

- Քիթը շնչառական առաջնային օրգան է համարվում։ Քթարցունքային խողովակի բացվածքը արտաքին անցուղում է, որով արցունքները հոսում են քթի խոռոչ։ Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերեւույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։  Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ եւ այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։ Քիթը համարվում է զգայուն շնչառական օրգան, այն կատարում է նաեւ կարեւորագույն ֆունկցիա ամբողջ օրգանիզմի համար՝ հանդիսանալով ինչպես ֆիզիկական, այնպես էլ իմունային պաշտպան շրջապատող վնասակար ազդեցություններից: Ի վերջո, քիթը մասնակից է խոսքի զարգացմանը, ինչպես նաեւ կատարում է էսթետիկ ֆունկցիա: Այն շատ զգայուն եւ անփոխարինելի օրգան է անհատի համար: Օրինակ, քիթը մասնակիորեն մասնակցում է քաղցրի, աղիի, կծվի համերի ընկալմանը, իսկ մնացած համային ընկալումները կարող են տարբերակվել հոտառությամբ: Իր հերթին համային զգացումը մեզ <<զգուշացնում>> է սննդի պիտանելիության, նրա մեջ առկա տոկսիկ նյութերի մասին: Սուր հոտառությունն անհրաժեշտ է խոհարարության, հրուշակագործության, օծանելիքի արտադրության և այլ բնագավառներում: Անհատի մոտ ֆիզիոլոգիական շնչառությունը կատարվում է միայն քթի միջոցով: Շնչառությունը բերանի միջոցով ոչ նորմալ է եւ համարվում է լրացուցիչ օժանդակ միջոց քթային շնչառության համար: Շնչառությունը քթի և արտաշնչումը բերանի միջոցով դառնում է քթի լորձաթաղանթի չորացման պատճառ: Քթային շնչառության բացակայությունը աստիճանաբար  հանգեցնում է կոկորդում տեղակայված լորձային հանգույցների վերջնական չորացմանը: Քթի կառուցվածքում մեխանիկական փոփոխությունները, օրինակ, քթի միջնապատի կամ խեցիների գերփոփոխված վիճակը կարող է  բերանով շնչելու պատճառ դառնալ, որը հղի է անցանկալի հետեւանքներով և կարող է հանգեցնել քթային խոռոչի լորձաթաղանթի հարակից սինուսների (խոռոչներ) ախտահարմանը: Նորմալ քթային շնչառության դեպքում շնչած օդը, անցնելով քթի միջով, տաքանում է, <<մշակվում>> եւ մաքրվում: Բացի վերը նշված գործառույթներից, քիթը կատարում է նաեւ պաշտպանական գործառույթ՝ զերծ պահելով օրգանիզմը արտաքին բացասական ազդեցություններից: Պետք է նշել, որ կարեւորագույն կապ կա քթի և թոքերի, բրոնխների, սրտի, մկանային հյուսվածքների միջեւ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում նյութափոխանակության եւ սեռական օրգանների գործառույթներին: Քիթը ազդում է նաեւ խոսքի արտաբերման վրա՝ ձայնը խռպոտացնելու իմաստով: Քիթը խոնավեցնում ու մաքրում է շնչած օդը՝ մեր թոքերի համար այն դարձնելով ավելի անվնաս, կարգավորում է օդի ջերմաստիճանը, որպեսզի այն քիչ թե շատ համապատասխանի մեր մարմնի ջերմաստիճանին:  

- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ  եք  աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Իհարկե: Մի քանի անգամ վերապատրաստվել եմ  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, մշտապես հետեւում ու մասնակցում եմ միջազգային գիտաժողովներին և, իհարկե, Հայաստանում կազմակերպվող սեմինարներին: Բժիշկը պետք է միշտ ձգտի կատարելագործվել, պետք է քայլի ժամանակի զարգացումների հոսքին համընթաց: Այսինքն, եթե բժիշկը ցանկանում է լինել տեղեկացված, պետք է մշտապես հետևի ինտերնետ պորտալին, կարդա տպագրված բժշկական գրականություն, պետք է մասնակցի գիտաժողովների, կոնգրեսների, շարժվի նորություններին համընթաց:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

- Կցանկանամ, որ մարդիկ առավելագույնս ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, հեշտ կլինի եւ դրա հետագա բուժումը: Առողջությունը, թերեւս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն, ամենայն բարիք, բարձր տրամադրություն եւ ժպիտ:

07 Հնս

Ելենա Ազիզյան

Written by

Որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են, ինչը պայմանավորված է մեծ տարածվածությամբ, հիվանդների քանակի աճի հակման պահպանմամբ, քրոնիկ ընթացքով և շատ այլ գործոններով: Ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում աճը շարունակում է մնալ առաջնային հիմնահարցերից մեկը, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին սրտաբանությունը մեծ թռիչք է կատարել ինչպես սարքավորումների զարգացման բնագավառում, այնպես էլ կիրառվող բուժման նոր մեթոդների լայն ընտրությամբ: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմնահարցը պետք է դիտվի ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլ նաև տնտեսական, քանի որ այս հիվանդությունների կողմից հասցված բժշկատնտեսական վնասը բավականին բարձր և ահռելի է: Եվ դրանց բնականոն զարգացման ու  ընթացքի վրա ազդում են բազմաթիվ ռիսկի գործոններ` ժառանգական, սոցիալական, հոգեբանական, բնակլիմայական և այլն: Իր «աշխատանքային կարիերայի» ընթացքում սիրտը հաղթահարում է մեծ քանակությամբ արգելքներ, պատնեշներ` զանազան սթրեսներ, ինֆեկցիաներ, զարկերակային գերճնշում, իշեմիկ հիվանդություն, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահում, տարբեր հոգեբանական վիճակների հետևանքով ի հայտ եկող դժվարություններ և այլն:

Մեր զրուցակիցն է «Նաիրի» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բժիշկ-էխոսրտաբան ԵԼԵՆԱ ԱԶԻԶՅԱՆԸ, բժշկուհի, ով մեծ սրտացավությամբ է լսում յուրաքանչյուր հիվանդի խնդիրը, հմայիչ կին, ով ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն:

     Բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։  

- Տիկին Ազիզյան, ի՞նչ մեթոդ է իրենից ներկայացնում էխոսրտագրություն հետազոտության մեթոդը, ո՞ր սիրտ-անոթային հիվանդությունների  դեպքերում է այս հետազոտության, ախտորոշման մեթոդը ոսկե ստանդարտ համարվում, վերջիններիս որակական բնութագրման համար։

- Էխոսրտագրությունը ուլտրաձայնային հետազոտության մեթոդ է, որն ապահովում է սրտի ախտորոշման համար անհրաժեշտ մեծ ծավալի տեղեկատվություն: Ուլտրաձայնային ամենաժամանակակից սարքերը` հյուսվածքային դոպլեր հետազոտությամբ երկտարածական, ինչպես նաև եռատարածական էխոսրտագրություն կատարելու հնարավորություն է տալիս, ինչպես նաև գնահատելու սրտի ֆունկցիան, փականային ապարատը, սրտամկանի ֆունկցիայի նույնիսկ նուրբ, ամենաաննշան փոփոխությունները, ինչը  նախկին էխոսրտագրական մեթոդներով հնարավոր չէր որոշել: Հիվանդին զննելիս էկրանին երևում է սրտամկանի բոլոր հատվածների կծկողականությունը հստակ թվայնացված տարբերակով:  Վերջին սերնդի սարքերի ոչ միայն արդյունավետությունն է բարձր, այլև անվտանգ և մատչելի հետազոտության մեթոդ են համարվում: Կիրառվում է գրեթե բոլոր սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, նույնիսկ այն կարող ենք համարել սկրինինգային մեթոդ բոլոր կառուցվածքային փոփոխությունների և յուրահատկությունների ժամանակ: Բավականին գործածական հետազոտման մեթոդ է այն համարվում, եթե 30 տարի առաջ նորություն էր և շատ դեպքերում չէր նշանակվում, կամ կիրառվում էր ծայրահեղ դեպքերում, ապա այս օրերին այն սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների համար համարվում է հետազոտման պարտադիր մեթոդ, և ոչ միայն սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, այլ նաև խրոնիկ հիվանդությունների ժամանակ, օրինակ շաքարային դիաբետի դեպքում տարին մեկ անգամ ցուցված է որպես կանխարգելիչ մեթոդ իրականացնել, որպեսզի գնահատվի այդ պահին սիրտ-անոթային համակարգի վիճակը:

- Բժշկուհի, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ Հայաստանում  էխոսրտագրության ճյուղը իր տեխնիկապես զարգացվածությամբ բարձր դիրքերում է գտնվում:

- Այո, էխոսրտագրությունն բավականին գերզարգացած մեթոդ է համարվում, և ուրախալի փաստ է, որ մարզերն էլ են արդեն ներգրավվում լավագույն սարքավորումների ձեռքբերման գործում: Այս օրերին ընդունված չէ ձեռք բերել հին սարքավորումներ, նույնիսկ վերջին սերնդի սարքերը կարող են մրցակցել կոմպյուտերային տոմոգրաֆիայի սարքի հետ՝ թե՛ իր տեսադաշտի տեսանելիության առումով և թե՛ պատկերի հստակությամբ:

- Բժշկուհի՛, արդյոք կա՞ն էխոսրտագրության մեջ հակացուցումներ:

- Ոչ, էխոսրտագրությունն իրենից ներկայացնում է բավականին անվտանգ մեթոդ, միաժամանակ մատչելի է, հակացուցված է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չի սպասված տեսադաշտը ստանալ, այսինքն` երբ պացիենտը բավականին գեր է, որի մոտ ճարպաշերտը բավականին ծավալուն է, որն էլ չի թողնում ուլտրաձայն ներթափանցի սիրտ: Երբեմն լինում են նաև դեպքեր, երբ կրծքավանդակը կառուցվածքով §բարդ¦ է, կառուցվածքի պատճառով ուղղակի ցանկալի որակի պատկեր չենք ստանում: Այդ դեպքերում ցուցված է ներկերակրափողային էխոսրտագրություն, որը հնարավորություն է տալիս նոր լայնածավալ ներկերակրափողային ուլտրաձայնային ցուցիչի օգնությամբ իրական ժամանակում կատարել գունավոր դոպլերային քարտեզագրում՝ փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու նպատակով:

- Բժշկուհի, վերջին տարիներին Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների և մահացության կտրուկ աճ է նկատվում:  Ըստ Ձեր աշխատանքային փորձի՝ կարո՞ղ եք ասել, որ վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդություններրը «երիտասարդացել» են:

- Այո, ցավոք սրտի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում, ինչը պայմանավորված է նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությամբ, լարվածությամբ, ինչպես նաև ոչ առողջ ապրելակերպով, և, բնականաբար, մահացության թիվն է դրա հաշվին բարձրացել: Բայց պետք է նշեմ, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, օրինակ, ստենդավորման ծրագրեր են իրականացվում պետպատվերի շրջանակներում, որն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել մահացության տոկոսները:

- Վերջին տարիներին հանդիպած սիրտ-անոթային հիվանդությունների շրջանում ավելի շատ կանա՞նց, թե՝ տղամարդկանց մոտ են դրանք գրանցվում, և ո՞ր տարիքային շեմին են հիմնականում հանդիպում:

- Ասեմ, որ վիճակագրությունը նույնն է ամբողջ աշխարհում, եթե նախկինում թույլ օղակ համարվում էին արդեն 50-ին մոտ և բարձր տարիքային շեմին կանգնած տղամարդիկ, ապա այս օրերին` նաև այն կանայք, ովքեր արդեն դաշտանադադարի շրջանում են գտնվում, և այս դեպքերում նրանք երկուսն էլ հայտնվում են նույն նժարի վրա: Կանայք, մինչ դաշտանադադարը, համարվում են §ապահովագրված¦ սիրտ-անոթային հիվանդություններից խոցելի լինելուց, քանի որ կանանց մոտ էստրոգեն հորմոնը, որն համարվում է §պահպանիչ և ապահովագրող¦ հորմոն, զերծ է պահում նրանց բոլոր խնդիրներից: Իհարկե, պատկերն արդեն բավականին փոխվում է դաշտանադադարի ժամանակ, երբ կնոջ մոտ արդեն ի հայտ է գալիս որոշ տարիքային հիվանդություններ, օրինակ` հիպերտոնիկ հիվանդությունը, որն իր հերթին բերում է ստենոկարդիայի, որի արդյունքում էլ հավասար դիրքերում են հայտնվում կանայք և տղամարդիկ:

- Կա՞ն  արդյոք ձեր ոլորտում նորարարություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:

- Նորարարությունները բավականին շատ են մեր բնագավառում, քանի որ ամեն օր կարող են գիտականորեն նոր զարգացում ապրել, նոր չափանիշներ, նոր մոտեցումներ լինեն, և հետագայում փորձը ցույց կտա, թե դրանք իրականում կիրառելի կլինե՞ն, թե՝ ոչ:

- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Այո, հասցնում եմ, բայց շատ դժվարությամբ, թրենինգներ են կազմակերպվում մեր երկրում, որտեղ  տեսականորեն լուսաբանվում և գործնականորեն կիրառվում են ամենակիրառական մեթոդները, որպեսզի տիրապետենք ձեռքբերված սարքերին՝ գործառույթներին արդեն նեղ մասնագիտորեն, և մեզ համար այս նոր սարքի կիրառումը դառնում է որակավորման բարձրացման, մասնագիտական գիտելիքների ընդլայնման նոր նշաձող:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

- Կցանկանայի, որ մարդիկ իրենց հանդեպ հետևողական լինեին, կանխարգելիչ նպատակներով մշտապես հետազոտվեին, չթողնեին հասցնել հիվանդությունը բարդացված վիճակների, քանի որ մեզ դիմում են հիմնականում արդեն բարդացած վիճակներում. որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի: Սիրտ-անոթային խնդիրներից խուսափելու համար նախևառաջ պետք է դադարեցնել ծխախոտի օգտագործումը, սահմանափակել խմիչքի օգտագործումը,  չօգտվել  արագ սննդից, պայքարել ճարպակալման դեմ, եթե խոլեստերինի քանակը արյան մեջ բարձր է, ապա պետք է փորձել նվազեցնել, ինչպես նաև ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, զբոսնել կամ սպորտով զբաղվել: Մաղթում եմ մեր հասարակությանը միմիայն առողջություն: Սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր