Lusine
Երանուհի Վարագյան
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1981-1987թթ. ուսանել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստանալով քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
1888թ.-ի օգոստոսի 1-ից ընդունվել է Գյումրի քաղաքի բժշկական համալիրի մանկական բուժկենտրոնում, որպես մանկական քիթ-կոկորդ-ականջաբան
21.06.2013 թվականին եղել է Շիրակի մարզի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբանը
2015-2018թթ. եղել է Շիրակի մարզի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանը, իսկ 2018 թվականից գլխավոր մասնագետի խորհրդական
Ուսանելու տարիներին աշխատել է Երեւանի Հանրապետական պետական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում, որպես բուժքույր
Երանուհի Վարագյանը իրականացնում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում, ԼՕՌ հիվանդությունների և բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Վերապատրաստման եւ վարպետության դասեր է անցել Բելգիայի Բրյուսել, Ֆրանսիայի Փարիզ, Իսպանիայի Բարսելոնա քաղաքներում, ինչպես նաեւ Ալեքսանդրիայում, ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո), Գերմանիայում, Սինգապուրում, երկու անգամ Ավստրիայում, այնուհետեւ Զազբուրգում, Վիեննայում եւ Դուբայում
2014 թվականին Ավստրիայի Զազբուրգ քաղաքում 36 երկրների ժամանած ներկայացուցիչների մեջ բժշկուհին միակն էր, որ արժանացավ գերազանցության դիպլոմի
Մասնակցել է նաեւ Եգիպտոսի Ալեքսանդրիա, Արաբական միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքներում անցկացված բժշկական գիտաժողովների
Իր ձեռք բերած փորձը, գիտելիքները եւ նորարարական բուժմոտեցումները տեղայնացնել է իր հարազատ Գյումրի քաղաքում
Բազմիցս արժանացել է մարզային պատկան մարմինների բարձր գնահատանքին
Կրկնակի անգամ արժանացել է ՀՀ առողջության նախարարության կողմից պատվոգրի, իսկ 2024 թվականին <<Հուսալի բժիշկ>> անվանակարգում, <<Կոչումով կին ոսկե կոդ>> մրցանակների, ինչպես նաեւ առողջության զարգացման ոլորտում ունեցած մեծագույն վաստակի, բացառիկ պրոֆեսիոնալիզմի, բարձր պատասխանատվության, մարդասիրության եւ բարեխիղճ աշխատանքի համար <<Որակի նշան>> ընկերության կողմից արժանացել է <<Տարվա մարզային քիթ-կոկորդ-ականջաբան>> անվանակարգում մրցանակի
Առաջիկայում նոյեմբերի 1-7-ը վերապատրաստման նկատառումներով մեկնում է Հռոմ, այնուհետեւ 2025 թվականի փետրվարի 15-19-ը Մայամի, ապրիլի 25-28-ը Փարիզ <<դեմքի էսթետիկ եւ վերականգնողական բժիշկ>> թեմայով վերապատրաստման դասընթացների
2002 թվականից հիմնադրել է քիթ-կոկորդ-ականջաբանական կլինիկա, որտեղ ազատ օրերին կազմակերպում է բաց դռների օրեր իրեն դիմաց բուժառուների նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար
Մարիամ Նալբանդյան
«Ուշադիր եղեք ձեր առողջությանը, ժամանակին դիմեք բժշկի, և մենք՝ բժիշկներս կկատարենք մեր առաքելությունը»
Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են, և ամեն մեկն աշխարհն ընկալում է յուրովի: Ավաղ, այն կախված է ոչ միայն նրանց անհատականությունից, այլ նաև` առողջական վիճակից:
Շրջապատող աշխարհի մասին տեղեկության 90%-ը մենք ստանում ենք տեսողական զգայարանի շնորհիվ:
Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար խիստ կարևոր է աշխատանքը սկսել հենց առաջնային օղակներից` պոլիկլինիկաներից:
Եվ բնական է, որ ցանկացած երկրում անչափ կարևորվում են տեսողության հետ կապված խնդիրները, և ակնաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը: Ոլորտ, որտեղ բարձրակարգ և սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Մեծատառով բժիշկ կարելի է համարել այն մասնագետին, ով մարդուն կարող է վերադարձնել աչքի լույսը, աշխարհն իր բոլոր երանգներով տեսնելու երջանկությունը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի Ակնաբուժական անոթային բաժանմունքի ակնաբույժ, ակնավիրաբույժ Մարիամ Նալբանդյանը: Հաճելի կին և հետաքրքիր զրուցակից, ով մարդկանց լիարժեք տեսողություն պարգևելու, կյանքը վայելելու շնորհակալ գործն է իրականացնում` իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ` կենտրոնում իրականացնելով ակնաբուժական մի շարք վիրահատություններ: Բժշկուհին անցել է մի շարք վերապատրաստումներ աշխարհի բազմաթիվ երկրներում և Երևանում կազմակերպված նշանակալից դասընթացներին, մասնակցել մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների և սեմինարների: Նա ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը:
-Բժշկուհի, ընտրել եք ռիսկային և շատ պատասխատու աշխատանք, ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցիք ակնաբուժության ոլորտը։
- Երբ ավարտում էի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այդ տարիներին՝ ինստիտուտը, դեռ կողմնորոշված չէի իմ նեղ մասնագիտության հարցում։ Մորաքրոջս ամուսինն է ինձ ուղղորդել ակնաբույժի մասնագիտության ընտրության մեջ, ու այդ իսկ պահից սկսած, կարծես թե, գիտակցեցի, որ ես մեծ սիրով կդառնամ ակնաբույժ: Բժշկությունն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է, և եթե ինձ կրկին հնարավորություն ընձեռվեր մասնագիտության ընտրության կատարել, ապա միանշանակ կընտրեի ակնաբուժության գեղեցիկ և հետաքրքիր ոլորտը։ Հավատացեք` անսահման սիրում եմ իմ մասնագիտությունը, ամեն օր ապրում իմ յուրաքանչյուր բուժառուի ապրումներով, և ուրախություն վերապրում` յուրաքանչյուր ապաքինվածով։
-Ակնաբուժական ի՞նչ խնդիրների դեպքում կարող են Ձեզ դիմել։
-Բնականաբար ամեն ակնաբույժ ունի իր նեղ մասնագիտացման պրոֆիլը. ես կատարում եմ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա վիրահատությունը և հիմնականում զբաղվում եմ աչքի հատակի հետ կապված պաթոլոգիաներով՝ շաքարային դիաբետի, հիպերտոնիայի ժամանակ, աչքի հատակի ցանցաթաղանթի տարիքային փոփոխությունների, և իրականում ամեն մի բուժմոտեցմամբ, ինչ կապված է աչքի հատակի հետ: Նաև ցանկացած այլ պաթոլոգիա` ակնոցների նշանակում աստիգմատիզմի, կարճատեսության, և հեռատեսության ժամանակ: Աշխատում եմ ամենայն պատասխանատվությամբ և սիրով, իրականացնում բուժօգնություն իմ ներուժի սահմաններում և սահմաններից դուրս:
-Իսկ մեր ժամանակներում աչքի ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։
- Կարելի է ասել` բոլոր հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել:
Երիտասարդացում են ապրել հիպերտոնիկ հիվանդության արդյունքում ակնահատակի վնասումը, շաքարային դիաբետի թողած լուրջ հետևանքը աչքերին: Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը առաջին հերթին վնասում է անոթները, որից հետո, ցավոք, շղթայաձև առաջանում են այլ օրգան համակարգերի պաթոլոգիաները։ Առավել շատ երիտասարդացել է կարճատեսությունը, որը մեծապես պայմանավորված է մեր առօրյա կենսակերպով` այս տեխնոլոգիական դարում համակարգիչ-հեռախոս համատարած կիրառումը բերում է այդ խնդրին: Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները, վիրուսային, բակտերիալ շաղկապենաբորբերը և այլն:
- Ի՞նչ է կատարակտը, և կա՞ն արդյոք կատարակտի վիրահատության նորագույն մեթոդներ։
- Կատարակտը հիվանդություն է, որի դեպքում ակնագնդի ներսում գտնվող թափանցիկ ոսպնյակը մասնակի կամ ամբողջությամբ պղտորվում է, իսկ այդ թափանցիկ բնական ոսպնյակը թույլ է տալիս, որ լույսի ճառագայթներն աչքում բեկվեն, անխափան մուտք գործեն դեպի ակնահատակ՝ ցանցենի: Տարիների ընթացքում, տարբեր պատճառներով այն կարող է պղտորվել, խափանել լույսի ճառագայթների ներթափանցումը, բերել տեսողության սրության վատացման, մինչև իսկ` լուսազգացողության: Կատարակտը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Հիվանդության միակ բուժումն ամբողջ աշխարհում վիրահատական միջամտությունն է, որի ժամանակ բնական պղտոր ոսպնյակը փոխարինվում է արհեստական թափանցիկ ոսպնյակով: Ամենաժամանակակից մեթոդը (նվազագույն ռիսկեր պարունակող, նվազագույն տրավմատիկ, վստահելի) կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա։ Այս վիրահատությունը կատարվում է առանց կտրվածքի, առանց կարի, փոքր անցքով, տեղադրվում են ժամանակակից փափուկ, ճկվող ոսպնյակներ` ցանկացած արտադրության և մոդելի:
-«Չոր աչքի համախտանիշ»։ Կմանրամասնե՞ք:
- Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ հանդիպում ենք «չոր աչքի համախտանիշ» ախտորոշումը, որը նկատելի է պրակտիկորեն ցանկացած մարդու մոտ: Այն տեսողության խնդրի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի կապված է աչքի հիգիենայի հետ: Խնդիր, որի նպաստող պայմաններն են համակարգիչները, հեռախոսը, կլիման, օդորակիչները, տաքացուցիչները, գործառույթներ, որոնք մեծապես պայմանավորված են մեր առօրյա կենսակերպով: Այդ դեպքում մենք ավելի հազվադեպ ենք թարթում աչքերը, և արցունքային շերտը ավելի արագ է գոլորշիանում, որոնք բերում են օդի չորացմանը: Ուղղակի խորհուրդ է տրվում օգտագործել խոնավացնող կաթիլներ։
-Լինզա՞, թե՞ ակնոց։ Ո՞րն է ավելի արդյունավետ:
-Դրանք ցուցված են` իրավիճակից ելնելով, ինչպես նաև բուժառուի ցանկությամբ: Լինում են դեպքեր, երբ բժիշկը ինքն է ցուցում տալիս կրել լինզա, թե՝ ակնոց։ Լինզա կրելուց վնաս չկա, ուղղակի պետք է գրագետ պահպանել լինզաների հիգիենան։ Օրինակ` եղջերաթաղանթի որոշ հիվանդությունների դեպքում լիզան հակացուցված է։ Իրականում այսօր լինզաների տեսակներն էլ բավականին բազմազան են, եթե աստիգմատիզմի ժամանակ նախկինում լինզաներ չկային, այսօր արդեն կան: Կան նաև կերատոկոնուսի դեպքում սկլերալ լինզաներ։
-Ի՞նչ խնդրի կարող է հագեցնել աչքերին շաքարային դիաբետը:
-Հիմնականում ակնահատակի պաթոլոգիաների մեջ մեծ տոկոս են կազմում շաքարային դիաբետի հետևանքով առաջացած բարդությունները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են կուրության առաջացման համար մեկ պատճառներից մեկը: Հիվանդությունը կոչվում է դիաբետիկ ռետինոպաթիա, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը: Այդ հիվանդության բուժման մեջ առաջնայինը էնդոկրինոլոգ- ակնաբույժ սերտ կապի անհրաժեշտությունն է, ու ցանկացած բուժառուի մոտ խնդրի հայտնաբերման դեպքում պետք է պարտադիր լինի ակնաբույժի մշտական հսկողություն, և կապ չունի` գանգատներ կան, թե` ոչ, տեսողությունը բավարար է, թե` ոչ։
-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է կուրությունը:
-Նախևառաջ կարևոր է, թե ինչ պատճառով է զարգացել կուրությունը։ Ակնաբուժության մեջ այն լայն հասկացություն է և պատճառահետևանք: Կուրությունն այն է, երբ բուժառուն լույս չի տեսնում: Օրինակ` հասուն և գերհասուն կատարակտները բերում են տեսողության իջեցման, ընդհուպ` լուսազգացողության, այսինքն` մարդը կարող է այդ աչքով զգալ միայն լույսի առկայությունը՝ դա կուրություն չի համարվում և վիրահատական միջամտությունից հետո տեսողության սրությունը կարող է բարձրանալ մինչ 100%: Ցանցենու շերտազատման ժամանակ տեսողությունը նույնատիպ կարող է նվազել, և եթե վիրահատությունը կատարվում է ժամանակին, տեսողությունը կարող է բավականին բարձրանալ:
- Ներակնային բարձր ճնշումը ի՞նչ խնդրի ահազանգ է:
-Շատ հաճախ այն աչքի կառուցվածքի խնդիր կարող է համարվել: Բավականին լուրջ պաթոլոգիա է: Այդ խնդրի առանձնահատուկ վտանգն այն է, որ ներակնային բարձր ճնշումը վնասում է ակնահատակի տեսողական նյարդը: Դա գլաուկոմա հիվանդությունն է, որն անհապաղ բուժում է պահանջում՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Ցավոք սրտի, եթե անտեսվի այս հիվանդությունը, աչքի հատակում տեսողական նյարդը կենթարկվի ատրոֆիայի։
-Հասցնո՞ւմ եք արդյոք մասնակցել վերապատրաստումների Ձեր գերլարված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ։
-Բավականին ծավալուն և մեծ ճանապարհ եմ անցել վերապատրաստման առումով, և մինչ օրս էլ մասնակցում եմ: Սեպտեմբերին պատրաստվում եմ մասնակցել ակնաբուժության եվրոպական ամենամեծ համաշխարհային կոնֆերանսին` կատարակտայի և ռեֆրակցիոն լազերային վիրահատությունների նորագույն, նորարական բուժմոտեցումներ թեմայով։
-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
- Ինքս աշխատում եմ կլինիկական օրդինատորների հետ ու շատ դրական կարծիք ունեմ, և լիահույս եմ, որ հետագայում շատ լավ մասնագետներ են լինելու։ Ունենք բավականին նպատակասլաց, պրպտող, ձգտող երիտասարդ կադրեր, խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։
-Ի՞նչ կասեք առաջնային օղակի գորճելաոճից:
-Բավականին աշխատանք է այսօր տարվում առաջնային օղակներում, պոլիկլինիկաները տեխնիկական հագեցվածություն ունեն, և այնտեղ աշխատում են գրագետ և բանիմաց բժիշկներ: Եվ այնտեղ հայտնաբերվում են պաթոլոգիաները և ուղղորդվում համապատասխան նեղ մասնագետների մոտ։
-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելություն է, թե՝ կոչում։
-Ըստ իս` միանշանակ առաքելություն, եթե սիրում ես մասնագիտությունդ, ապրում ես դրանով և դարձնում ես այն քո ապրելակերպը: Տարիների փորձն է ցույց տալիս` դու արդյո՞ք կարող ես Հիպոկրատի տրված քո երդմանը հավատարիմ մնալ, թե` ոչ։
-Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձևը:
- Իրականում տեղեկատվությունը մարդն առաջնահերթ ստանում է աչքերի միջոցով, որն ուղղակի կապ ունի ինքնադրսևորման հետ: Գիտնականներն էլ մշտապես պնդել են, որ մարդն արտաքին աշխարհից 90 տոկոս տեղեկատվությունը ստանում է աչքերի միջոցով: Ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, զննումներ անցնել, հարկ եղած դեպքում վիրահատվել, որպեսզի կանխարգելվի հիվանդությունների հետագա զարգացումը:
-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Պարզապես կհորդորեմ, որպեսզի բուժառուները ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, ժամանակին դիմեն բժշկի, մենք՝ բժիշկներս էլ սրտացավ և կարեկից կկատարենք մեր առաքելությունը։ Թող առավելագույնս ուշադիր լինեն աչքի լույսի նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, բնականաբար հեշտ կլինի և դրա հետագա բուժումը: Խորհուրդ կտայի առաջին իսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ԱՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա»
Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Յուրաքանչյուր կին ծնված օրից իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում և ուղեկցում է նրան ողջ կյանքում: Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից:
Հայաստանում անպտղության ցուցանիշը օր օրի ավելի մտահոգիչ է դառնում։ Այն գերակա հիմնախնդիր է` սոցիալական ու բժշկական առումներով: Բայց ուրախությամբ պետք է փաստել, որ ժամանակակից բժշկությունն արդեն վաղուց կարողացել է անպտղությանը ոչ ասել՝ շնորհիվ ինչպես բժշկագիտության առաջընթացի, այնպես էլ` այս ոլորտի իսկապես նվիրյալ ու անձնուրաց բժիշկների:
Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան նույնիսկ շատ հարազատ մարդիկ: Լուրջ խնդիրներով ցանկացած պացիենտ առաջին հերթին բողոքում է ոչ թե իր հիվանդությունից, այլ բուժման բազմաթիվ փուլերով ու բժշկական տարբեր կաբինետներով անցնելուց: Մինչդեռ այս ամենից կարելի էր ոչ միայն խուսափել, այլև առողջության պահպանման ավելի մեծ երաշխիքներ ունենալ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Բժշկուհին հիմնականում զբաղվում է ծննդօգնությամբ և հղիության վարումով, և երկար տարիների աշխատանքային փորձ ունենալով` նրա պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, երբ իր մոտ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ բերել իրենց փոքրիկին: ժամանակին ընտրելով բժշկի մասնագիտությունը` բժշկուհին մասնագիտական պատվով էլ շարունակում է կատարել իր աշխատանքը: Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն դիմած յուրաքանչյուր ամուսնական զույգի կողքին և ամեն վայրկյան հոգածությամբ պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Նա ապրում է իր բուժառուների հոգսերով, ում համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը: Արմինե Մխիթարյանը ջանք ու եռանդ չի խնայում՝ զույգերին նվիրելու ծնող դառնալու մեծագույն և այնքան բաղձալի բերկրանքը:
-Բժշկուհի, ի՞նչ է էնդոմետրիումի հիպերպլազիան։ Ի՞նչ պաթոլոգիա է այն։
-Էնդոմետրիումի հիպերպլազիան լինում է հորմոնալ փոփոխությունների դեպքում, կարող է հանդիպել թե՛ երիտասարդ տարիքում և թե՛ մեծ տարիքային շեմում, և հնարավոր է կրի նաև չարորակ բնույթ: Էնդոմետրիումի հիպերպլազիան (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթը) հյուսվածքի ախտաբանական տարածումն ու խտացումն է: Այս գործընթացն իր բնույթով բարորակ է և տեղի է ունենում էնդոմետրիումի բջիջների չափազանց ակտիվ բաժանման պատճառով: Արգանդում կա լորձաթաղանթ, ֆունկցիոն շերտ, որը դաշտանի արյան հետ դուրս է գալիս։ Տարբերակվում է պրոֆերացիա և սեկրեցիա, այսինքն՝ լորձաթաղանթը հաստանում է հորմոնալ ազդեցության տակ, երբ այդ հորմոնալ համակարգը խախտվում է, սկսում է լորձաթաղանթի գերաճ։ Երբ մենք գործողություն ենք կատարում բուժիչ կամ դիագնոզիչ քերուկ ենք վերցնում` լինի գա հիստերոսկոպայի միջոցով, թե` ուղղակի գործիքային, երբ հեռացվում է լորձաթաղանթը, որպեսզի արյունահոսությունը կանգ առնի, լորձաթաղանթը ուղարկվում է հետազոտման` հասկանալու համար գոյացությունը բարորակ է, թե` չարորակ: Եվ, հուրախություն մեզ, 80-90 տոկոս դեպքերում բարորակ է լինում հիպերպլազիան, որն էլ ենթակա է բուժման: Նախ պետք է գերաճած լորձաթաղանթը հեռացնել, և եթե հորմոնալ բնույթ է կրում, բուժում նշանակել, իսկ բացասական պատասխանի դեպքում որպես ցուցում կատարվում է վիրահատական միջամտություն։ Կախված կնոջ տարիքից` մեր կողմից մշակվում է բուժման ընթացակարգը։ Կարող է նույնիսկ արգանդի հեռացման կարիք լինել։ Կա նաև ուղղակի լորձաթաղանթի հեռացում: Իսկ եթե կինը երիտասարդ է, հետագա պլաններից կախված՝ նշանակվում է հորմոնալ բուժում։
-Արգանդի կպումները՝ սինեխիաները, ի՞նչ խնդրի հետևանք են:
-Այն պաթոլոգիա է, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, որը կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Հանդիպում է ցանկացած տարիքում և հիմնականում չի դրսևորվում ախտանշաններով, չի սպառնում կյանքին, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ դաշտանի խանգարման, անպտղության, հղիության կրելախախտի և այլն։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե մի քանի վիժում է եղել, հնարավոր չի լինում հղիանալ կամ ամիսներ շարունակ դաշտանը բացակայել է: Առաջանում է այն ժամանակ, երբ արգանդի խոռոչում բժշկական միջամտություններ են իրականցվում, երբ հնարավոր է լորձաթաղանթից շատ վերցվի, այդ տեղում առաջանում են կպումային պրոցեսներ։ Դա էլ վիրահատական միջամտությամբ կարողանում ենք վերացնել։ Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով, ինչը կատարվում է վիրահատարանում և հետագայում վերահսկվում ՈւՁՀ-ի միջոցով։ Վիրահատությունից հետո, ըստ ցուցման, էնդոմետրիումի վերականգնման նպատակով նշանակվում է հորմոնային թերապիա։
-Պոլիպներ: Կմանրամասնե՞ք:
-Պոլիպները` նույն հիպերպլազիան, պատճառագիտություն ունեն. դրանք էլ մեծ մասամբ բարորակ են լինում, բայց բնականաբար խանգարում են հղիության զարգացմանը` նայած իրենց տեղակայումից: Պոլիպների դեպքում միմիայն ցուցված է վիրահատական միջամտություն, այն լորձաթաղանթի գոյացություն է։ Հեռացվում է հիստալոգիայից հետո, և թելադրվում է մեր հետագա բուժմոտեցումը։
-Արհեստական ընդհատումներ։ Հաճա՞խ են այսօր դիմում:
-Ես կտրականապես հրաժարվում եմ արհեստական ընդհատումներ կատարել, միայն ընդհատում ենք խիստ բժշկական ցուցումների դեպքում։ Ես շատ հավատքով մարդ եմ, ինձ համար մեծ նշանակություն ունի, եթե Աստծո կամոք հղիություն է գրանցվել, և խանգարող խոչընդոտ չկա հղիության համար, ապա այդ երեխան պետք է լույս աշխարհ գա:
-Բժշկուհի, խոսենք արգանդի միոմայի մասին:
-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որն առաջանում է մկանային հյուսվածքից: Արգանդի միոման կարող է լինել մեծ չափերի, և հաճախ միայն այդ դեպքում է կինը դիմում մասնագետին։ Կլինիկական դրսևորումները հաճախ պայմանավորված են լինում միոմայի տեղակայմամբ, չափերով։ Դրանք, պարզ անհարմարավետությունից զատ, կարող են ցավային համախտանիշի, արյունահոսությունների և այլ բարդությունների պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ կանանց ժամանակ առ ժամանակ դիմել գինեկոլոգին, համապատասխան հետազոտությունների ենթարկվել, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն խնդիրները, կանխարգելվեն հնարավոր բարդությունները կամ բուժվեն։
Արգանդի հեռացումը բազմաթիվ պատճագիտություն ունի, կատարվում է խիստ ցուցումների դեպքում, երբ այլընտրանք չկա, պետք է հեռացնել արգանդը, որպեսզի փրկենք կնոջ կյանքը։ Կան պաթոլոգիաներ, որոնց դեպքում ցուցված է, օրինակ, առատ արյունահոսությունները, մեծ միոմաների դեպքում, երբ արդեն տարիքային այդ օրգանը իր գործառույթը չի կարող կատարել, այդ դեպքում ամբողջական հեռացվում է։ Կարող է լինել արգանդի պարանոցի պաթոլոգիա. ուղղակի բուժող բժիշկը հապճեպություն չպետք է դրսևորի, որոշակի հետազոտություններ կատարելուց հետո նոր տա ճշգրիտ և գրագետ բուժմոտեցում։
- Վիժում, ի՞նչը կարող է հանգեցնել վիժման։
-Վիժումները կարող է առաջանալ սեռավարակների, էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, օրինակ` վահանաձև գեղձի հիպոթիրեոզի պատճառով, ժառանգական նախատրամադրվածության, արյան մակարդելիության գերակա խնդրի առկայության դեպքում, ինչպես նաև պատճառ կարող են հանդիսանալ զույգերի գենետիկ անհամատեղելիությունը։
-Ըստ Ձեր աշխատանքային փորձի` գինեկոլոգիական ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Ըստ իս` արգանդի միոմաները, նախկինում այսքան մեծ տոկոս չէին կազմում։ Միոման մկանային շերտի գերաճ է, գոյացություն է, որը զարգանում է` հորմոնալ ֆոնի փոփոխություններով պայմանավորված: Նայած, թե այն ինչ տեղակայում ունի, ըստ այդմ ձեռք է բերում իր անվանումը։ Օրինակ, եթե ավելի արտաքին շերտին մոտ է տեղակայված, ստացել է սուպսերոզ անվանումը, եթե անմիջապես արգանդի մեջ է տեղակայում գտել, նիտրամուռալ է, եթե լորձաթաղանթին մոտ է, ապա այն սուպմուկոզ է: Շատ վտանգավոր են լորձաթաղանթի մոտ գերաճած միոմաները, որոնք ավելի շատ են արյունահոսության պատճառ հանդիսանում և իրենցից մեծ վտանգ են ներկայացնում:
-Արտարգանդային հղիությունը ի՞նչ պայմաններում է զարգանում։
-Մեծ մասամբ կպումային պրոցեսից է զարգանում, երբ պտղաձուն ձևավորվում է և, այսպես ասած, ճանապարհի անանցանելիության պատճառով չի հասնում արգանդ։ Կարող է նաև զարգանալ ինֆեկցիաների, նախկինում տարած վիրահատությունների, էնդոմետրիոզի դեպքում, իրականում պատճառագիտությունը բավականին բազմազան է։
-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՝ կոչում։
-Կարծում եմ, որ երկուստեք պետք է լինի, տարանջատել չեմ կարող։ Ես դեռ 12-13 տարեկան էի, որ որոշումս արդեն կայացրել էի, որ պետք է զբաղվեմ բժշկությամբ: Ըստ իս` ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է բժշկի աշխատանքը, և ի վերուստ ինձ տրված է եղել միանշանակ այդ առաքելությունը, իսկ կոչումը ձեռք ես բերում աշխատանքային տարիների թողած եզրագծով։ Իմ արմատներում չեն եղել բժիշկներ: Իսկ իմ երեխաների դեպքում` աղջիկս է ընտրել բժշկությունը, իրականում ես իրեն ուղղորդել եմ մասնագիտացման մեջ, բայց ոչ գինեկոլոգիա: Այսօր արդեն ուսանում է 6-րդ կուրսում: Իմ նեղ մասնագիտացման տարիներին ունեցել եմ բավականին շատ ուսուցիչներ, կնշեմ Վարդան Վլադիմիրի Ռափյանի, Արմեն Հրաչի Գրիգորյանի, Դավիթ Պողոսի Իգնոյանի անունները, որոնց ներուժը իմ նեղ մասնագիտացման մեջ անուրանալի է: Ես միշտ սիրում եմ շարունակական կրթությունը. մասնակցում եմ կոնֆերանսների, առցանց վերապատրաստման դասընթացների, մեկնում եմ նաև արտերկիր, մասնակցում վերապատրաստման դասընթացների, աշխատում եմ զերծ չմնալ նորությունների զարկերակից։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում առողջապահությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Բավականին բանիմաց երիտասարդ կադրեր ունենք: Իրականում եթե ընտրած մասնագիտությունը չսիրես, հավատացեք, լավ մասնագետ չես դառնա։ Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էին, հիմա` ինտերնետային դարում, ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
-Որքանո՞վ է հայ կինը ուշադիր իր առողջության նկատմամբ։
-Նախկիում պատկերն այլ է, ըստ հայկական մտածելակերպի` մինչև դանակը ոսկորին չէր հասնում, չէին դիմում բժշկի: Բայց այսօր հակառակ պատկերն է, սկսել են հետևել իրենց առողջությանը, որն ինձ համար ուրախալի փաստ է:
-Ո՞վ կամ ի՞նչն է ձեր ոգեչնչման աղբյուրը։
-Ես սիրում եմ բարին արարել, բարեգործ լինել, օգտակար լինել ինձ շրջապատող մարդկանց, իմ ուժերի շրջանակներում աջակցել, իսկ եթե իմ ուժերից վեր է, խորհրդով օգնել։ Աստված ինձ շնորհել է բնավորության այս գծով` հնարավորինս լավը արարել, գրեթե ոչ ոքից չեմ նեղանում, քանի որ մտածում եմ, որ հաստատ դիմացինը այդ պահին հոգեկան գերլարված վիճակում է եղել, որ այդպես է արտահայտվել, պետք է իր կողքին լինել, և ոչ թե նեղսրտել։ Իրոք հարգենք միմյանց, չվիրավորենք, սիրենք, ոչ թե ձևական խոսքեր շռայլենք։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Կցանկանամ, որ բոլոր կանայք զգան մայրանալու բերկրանքը, ունենան շատ բալիկներ, չէ՞ որ մեր ազգաբնակչության գենոֆոնդն այս պահին բավականին ցածր մակարդակի վրա է։ Մեր ազգը պետք է շատանա, մենք` բժիշկներս էլ, պատրաստակամ ենք աջակցել և ցանկացած առողջական խնդրի դեպքում լինել ամուսնական զույգերի կողքին։ Առողջ, արժանի ապագա սերունդ է մեզ պետք։
Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ՆՈՒՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆ
«Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է»
Այսօր անհերքելի իրողություն են բժշկության ոլորտում իրականացված և իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ հնարավոր է ոչ միայն բուժել, այլև կանխարգելել: Սակայն բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Իսկ եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող ամեն մի չարիքի դեմ` պարգևելով մարդուն առողջություն և կյանքով լեցուն առողջ հոգի:
Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտի տարածված հիվանդությունների և բուժական մեթոդների, ընդհանրապես մասնագիտական գործունեության վերաբերյալ http://bestgroup.am/ կայքին մանրամասներ է ներկայացնում «Արաբկիր» բժշկական համալիրի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբան, իր գործի լավ գիտակ ՆՈՒՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված և վստահելի: Բավականին երկար աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է կիրառել նոր մոտեցումներ: Ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը, և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Երկար տարիների վաստակ ունեցող և մեծ հեղինակություն վայելող բժշկուհու համար հաջողության գաղտնիքը ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում և վազք` ժամանակին համընթաց:
-Բժշկուհի, քիթ-կոկորդ-ականջաբանության ո՞ր հիվանդությունների են այսօր երիտասարդացում ապրել։
-Գրեթե բոլոր ԼՕՌ հիվանդություններն երիտասարդացում են ապրել: Ես զբաղվում են վերին շնչուղիների ԼՕՌ օրգաններին վերաբերող բոլոր կոնսերվատիվ բուժումներով. վիրահատական տոնզիլոկտամիա, ադենոտամիա, քթի միջնապատի թեքվածության ուղղում, հիպերտրոֆիկ ռինիտ` թե՛ մեծահասակների, թե՛ փոքրիկների համար։ Մեր կլինիկայում միշտ նորարությունների զարկերակի վրա ենք` փորձելով դրանք ներդնել մեր բուժմոտեցումներում։ Հասցնում եմ նաև մշտապես մասնակցել վերապատրաստման դասընթացներին։
-Նշիկների հեռացման ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան։
- Ժամանակակից մեթոդների մեջ կիրառելի են մի շարք նոր գործիքներ, որոնք բացի այն, որ շերտազատում են նշիկները հյուսվածքից, նաև առաջացնում են այրվածքային շերտ և արյունատար անոթների կոագուլացիա: Օրինակ, հարմոնիկը հատուկ գործիք է, որի օգնությամբ կոագուլացիայով, առանց արյունահոսության, հեռացվում են նշիկները, ինչպես նաև կիրառելի են լազերով վիրահատությունները: Կոնկրետ մեր բժշկական կենտրոնում վիրահատական միջամտություն կատարում ենք հարմոնիկ գործիքի օգնությամբ, որի դեպքում վիրահատության ընթացքը ավելի կարճատև է, առանց արյունահոսության։ Մենք հեռացնում ենք և՛ մասնակի, և՛ ամբողջական` ըստ տվյալ պահի, տվյալ պաթոլոգիայի ցուցումից։ Մասնակի հեռացվում է այն դեպքում, երբ որ նշիկները չափերով մեծ են, և խանգարում են քթային շնչառությունը։ Ամբողջովին հեռացվում է, երբ օրգանը հիվանդ է, պաթոլոգիկ արտադրությամբ, թարախային խցաններով պատված, արդյունքում այն կարող է վտանգ հանդիսանալ թե՛ երիկամների, թե՛ սրտի, և թե՛ հոդերի համար։ Այդ դեպքում ցուցված է ամբողջությամբ հեռացնելը։
-Քնի ապնոե։ Կմանրամասնե՞ք:
-Քնի ապնոեն զարգանում է քթային շնչառության խանգարման դեպքում: Շատ հաճախ այն հանդիպում է նույնիսկ 1-2 տարեկան երեխաների մոտ: Այդ ժամանակ քթըմպանում լինում են շատ մեծ՝ 3-րդ աստիճանի ադենոիդներ, ինչպես նաև քմային նշիկներն են մեծացած լինում, և երկուսը միասին զարգացնում են քնի ապնոե, այսինքն` մի քանի վայրկյան քնած ժամանակ երեխան շունչը պահում է, և զարգանում է թթվածնային քաղց։ Այդ դեպքում 4 տարեկանից ցածր երեխաներն ուղղորդվում են քնի կենտրոն, որտեղ էլ կատարվում են հետազոտություններ` պարզելու թթվածնային քաղցի չափը, թե այն որքանով է այն կյանքի համար վտանգ ներկայացնում: Հիվանդության առկայության դեպքում արդեն ցուցված է մինչև 4 տարեկան կատարել վիրահատությունը։
-Իսկ ի՞նչ է խռմփոցը, ինչի՞ հետևանք է այն։
-Խռմփոցը կրկին կարող է լինել ադենոիդների, նշիկների խնդրից, քթի միջնապատի թեքությունից, քթային դժվարաշնչությունից, բայց կարող է նաև կապված լինել այլ պաթոլագիաներից՝ փափուկ քիմքի, լեզվակի հետ կապված պաթոլագիաներ, կարող է լինել նաև կետրոնական ծագման։ Այդ խնդրի վիրահատական միջամտությունը փափուկ քիմքի և լեզվակի պլաստիկան է, ինչպես նաև քթային շնչառության վերականգնումը։
-Բերանով շնչառությունը ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։
-Եթե քթային շնչառությունը բավարար չէ, սկսում են բերանով շնչել, այդ դեպքում ստանում է իրեն հասանելի թթվածնի 50 տոկոսը կամ ավելի քիչ։ Բերանային շնչառության ժամանակ շատ հաճախ զարգանում են տոնզիլիտներ, ֆարինգիտներ, ինֆեկցիան ավելի արագ է ներթափանցում օրգանիզմ, և արդյունքում վիրուսները կարող են ավելի արագ տարածվել օրգանիզմում։
-Ի՞նչ է ֆարինգիտը: Կմանրամասնե՞ք:
-Ֆարինգիտը ըմպանի հետին պատի բորբոքային հիվանդություն է, որը կարող է լինել սուր և քրոնիկ։ Սուր բորբոքման, վիրուսային ցանկացած հիվանդության դեպքում լինում է սուր տոնզիլիտ, որի հետ միաժամանակ կարող է զարգանալ սուր ֆարինգիտ, իսկ քրոնիկ ֆարինգիտները կարող են լինել ատրոֆիկ, հիպերտրոֆիկ, և կարող են զարգանալ ալերգիկ ֆոնի վրա։ Ատրոֆիկի ժամանակ բերանում լինում է չորության զգացում, սպազմ ունեցող անզուսպ խեղդող բնույթի հազ, իսկ հիպերտրոֆիկի ժամանակ լինում են լիֆոիդ կուտակումներ ըմպանի հետին պատին, այդ ժամանակ կպչուն լորձային արտադրությունն է շատ լինում ըմպանի հետին պատին, տհաճ զգացողություն, կրկին հազ փոշուց, հոտերից։ Քրոնիկ ֆարինգիտի դեպքում ուղղակի կարող ենք այդ սուր վիճակից հանել, բայց լիարժեք բուժում այն չունի։ Կիրառվում են ավելի շատ յուղային սպրեյներ, այրոզոլներ են նշանակվում, հիպերտրոֆիկի դեպքում արծաթի պրեպարատներն են արդյունավետ և ըմպանի հետին պատի արծաթով մշակումը։ Կան սպազմը հանգստացնող հաբեր, ավելի շատ կիրառելի են անանուխի տարբերակներով դեղամիջոցները։
-Ի՞նչ է օտիտը։
-Օտիտը դա միջին ականջի բորբոքումն է: Վերջին շրջանում բավականին մեծ տարածում ունեն օտիտներն իրենց բարդություններով: Օտիտները հիմնականում երեխաների մոտ ի հայտ է գալիս սուր վարակների ժամանակ, քանզի երեխաների մոտ եվստախյան փողը կարճ է և լայն, և քթից անմիջապես ականջ արագ են հասնում լորձային արտադրությունը և ինֆեկցիան։ Չնայած լինում են նաև դեպքեր, երբ առաջնահերթ ականջն է ինֆեկցվում` որպես օրգանիզմում թույլ օղակ։ Հիմնականում լինում են սուր, միջին օտիտներ` երբեմն բարդացած մաստոիտիդով, և որպես բարդություն կա՛մ վիրահատական, կա՛մ կոնսերվատիվ բուժում է իրականացվում։
-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
- Մեզ մոտ օրդինատուրա են անցնում բավականին լավ երիտասարդ կադրեր, որոնք պրպտող են, ձգտող, նպատակասլաց, ըստ իս` բոլորն էլ ավարտելուց հետո արդեն պատրաստի մասնագետներ են դառնում։ Խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։ Ես ցանկանում եմ և համոզված եմ, որ նրանց սպասվում է լավ ապագա:
-Դուք` որպես բժիշկ, ի՞նչ առաքելություն ունեք:
-Պետք է արդարացնես այն վստահությունը, որ կա բուժառուների կողմից, կարողանաս իրենց ճիշտ ձևով բացատրել ամեն ինչ հիվանդության, քո և բժշկության հնարավորությունների մասին, և իսկապես լինես ազնիվ հիվանդի նկատմամբ: Ամենակարևորը այն է, որ բժիշկը պետք է վերաբերվի հիվանդին այնպես, ինչպես իր հարազատին, մտերիմին, կամ ինչու չէ՝ ինքն իրեն: Իրականում կարևորը ազնվություն ու ճշմարտությունն է:
- Որպես մեր զրույցի վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
-Իրականում համացանցի ընձեռած հնարավորությունները պետք են բուժառուին, նաև ցանկացած մարդու, որպեսզի նա ընդհանուր պատկերացում ստանա հիվանդության և բժշկության մասին, բայց հավատացեք, համացանցում եղած ողջ ինֆորմացիան չի կարող փոխարինել բժշկին, որովհետև ցանկացած բժիշկ իր փորձն ունի իր ասպարեզում, և չի կարող պատահել՝ նա ինչ-որ ձևով ավել տեղեկություն չտա այլ հնարավորությունների մասին: Եվ հիմնվել միայն այդ ինֆորմացիայի վրա՝ ճիշտ չէ, պետք է անպայման դիմել մասնագետի: Մաղթում եմ, որ առողջ լինեն, քիչ դիմեն բժշկի, բայց դիմելու դեպքում էլ ստանան նորմալ խորհրդատվություն ու բուժօգնություն և առողջացած հեռանան բժշկի մոտից։ Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական հետազոտություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը: Եղե՛ք առողջ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Մերի Քալոյան
«Առողջությունից զատ, չկա ավելի կարևորագույն բան, այն մեր գլխավոր արժեքն է»
Բժշկի մասնագիտությունը սահմաններ չի ճանաչում, և այս մասնագիտությունն ընտրած մարդը համամարդկային սիրո որդեգիրն է:
Մեր զրուցակիցն իր մասնագիտական ուղու լավագույն տարիները նվիրել է բժշկագիտությանը և, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն է կրում: Բազմիցս անցել է վերապատրաստումներ` իր գիտելիքներն ու ունակությունները ներդնելով մանրէաբանության զարգացման գործում:
Ինչպես բժշկուհուն ճանաչողներն են վկայում, նա անսահման բարություն ու լավատեսությունն է սփռում իր շուրջը: Լինելով համարձակ և գիտակ մասնագետ` միևնույն ժամանակ բժշկուհին պահպանում է հայ կնոջը բնորոշ նուրբ ու փխրուն հատկությունները: Հայաստանում մանրէաբանության մեջ ներդրած զգալի ավանդի համար բժշկուհին բարձր է գնահատվում և դեռ ավելին է գնահատվելու ոչ միայն բժշկական հանրության, այլև իր բուժառուների կողմից:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Նաիրի>> բժշկական կենտրոնի մանրէաբանական լաբորատորիայի վարիչ, պատասխանատու բժիշկ-մանրէաբան Մերի Քալոյանը, ով նվիրյալ բժշկի վարկանիշ է ձեռք բերել իր ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որով նա արդարացնում է իրեն դիմողների սպասումները։ Լինելով նորագույն բժշկության ու առաջադեմ լուծումների ջատագով` մշտապես աչքի է ընկել իր գործին նվիրումով և արդեն իր անջնջելի հետքն է թողել կենտրոնի գործունեության մեջ: Բժիշկ, որի համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և այդ փորձառությունն է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի։
-Բժշկուհի, խոսեք Ձեր մասնագիտական ուղուց. ինչո՞ւ ընտրեցինք լաբորանտ-մանրէաբանի նեղ մասնագիտացումը, արդո՞ք ուղղորդողներ եղել են մասնագիտական ընտրության մեջ, կա՞ն արդոք ձեր արմատներում բժիշկներ։
-Իրականում իմ արմատներում չկան բժիշկներ, փոքր տարիքից երկմտում էի` բժիշկ, թե իրավաբան դառնամ: Բայց արդեն հասուն տարիքում որոշեցի, որ պետք է բժիշկ դառնամ։ Ուսանելով և ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանում անվճար հիմունքներով` բուժող բժշկի մասնագիտացմամբ, հետո կարող էի փոխել նեղ մասնագիտացման ուղղությունը, բայց արդեն ամուսնացած էի, ունեի երկու բալիկ, և որպեսզի կարողանամ իմ սիրած բնագավառում աշխատել, հասցնել համատեղել ամեն ինչ, և դառնալ արժանի մասնագետ, ինչու չէ նաև ընտանիքի լավ կին ու լավ մայր, ընտրեցի ինձ համար բավականին հետաքրքիր, իմ սրտին մոտ նեղ մասնագիտացում՝ մանրէաբանի մասնագիտությունը։ Հավատացեք, ինձ համար ուրիշ աշխարհ է սա, ես ապրում եմ իմ մասնագիտությամբ, ամեն մի միկրոբ հայտնաբերելիս բավականին խորը ուսումնասիրություններ եմ կատարում: Ի սկզբանե և մինչ օրս իմ մեջ մեծ պատրաստակամության զգացում կա` աշխատանքս գրագետ կազմակերպել և տալ ճշգրիտ եզրակացություններ և գրագետ պատասխաններ: Չէ՞ որ շատ դեպքերում մեր ախտորոշումից են կախված բուժող բժշկի հետագա բուժմոտեցումները: Ինձ համար այդ տարիներին բավականին դժվար էր փոքրիկներիս խնամքի հետ միաժամանակ աշխատել իմ սիրելի մասնագիտությամբ, բայց եթե կրկին ինձ հնարավորություն ընձեռվեր մասնագիտության ընտրություն կատարել, միանշանակ ես կրկին կընտրեի բժշկության ոլորտը: Եթե ձգտող, պրպտող տեսակ ես, միշտ պետք է ինքնակրթվես: Եթե չաշխատես ինքդ քեզ վրա, կդոփես տեղում, և մի օր ամեն ինչ կավարտվի քեզ համար։ Պետք է սիրես մասնագիտությունդ լիարժեք և կրես մեծ պատասխանատվության ընտրածդ աշխատանքի հանդեպ։
-Ի՞նչ է կլինիկական մանրէաբանությունը:
-Կլինիկական մանրէաբանությունը կենսաբանական հեղուկներում մանրէների հայտնաբերումն է: Մանրէները կարող են լինել պաթոգեն և ոչ պաթոգեն։ Մանրէաբանի աշխատանքի կարևորությունն այն է, որ կարողանա հայտնաբերել ախտածին մանրէները: Կան մանրէներ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար, պետք է կարողանալ ճիշտ գնահատել ախտածին մանրէների առկայությունը, նույնականացումը և հակամանրէային անտիբիոտիկների նկատմամբ զգայունության որոշել, որն այսօր անչափ կարևոր է բուժող բժիշկների համար: Երբեմն բժիշկները նշանակում են ուղեցույցներով հակաբակտերիալ զգայունություն, բայց իրականում պարզվում է, որ այդ հակաբիոտիկն ընդհանրապես չի ազդում այդ մանրէի վրա, և ընդհակառակը` կարող է ոչնչացել օգտակար մանրէն, ոչ թե` ախտածին մանրէն։ Նաև կան մանրէներ, որոնք օրգանիզմում առկա վարակի դեպքում, կարողանում են այդ պատնեշը հաղթահարել, օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, և առաջանում են վարակիչ հիվանդություններ։ Որոշակի պայմանական պաթոգեն միկրոբներ էլ, որոշակի արտաքին ազդակի ազդեցության տակ նույնպես կարող են առաջացնել վարակիչ հիվանդություններ։ Եվ շատ կարևոր նախապայման է, որպեսզի մանրէաբանը իմանա, թե որ մանրէն ինչ արտաթույն է արտադրում: Եվ կան բակտերիաներ, օրինակ` դիֆտերիայի ժամանակ վերին շնչուղիներով վարակվում են, բայց ընդհանրապես այս հիվանդությունը առաջանում է իր արտադրած արտաթույնով, նյարդերն են վնասվում, սրտամկանը, մակերիկամները, այսինքն` մանրէաբանն անընդմեջ պետք է թիմային աշխատանք տանի բուժող բժիշկների հետ: Մենք մեր բժշկական կենտրոնում տանում ենք թիմային աշխատանք, որպեսզի հասկանանք` բուն խնդիրը որտեղ է թաքնված, պարզենք կենսաբանական նմուշի ճշգրիտ նմանությունը առկա հիվանդության դեպքում, և ճշտենք անտիբիոտիկների զգայունությունը։ Անտիբիոտիկների հետ կապված հիմնական խնդիրները 50 տոկոս դեպքերում առաջանում են անտիբիոտիկներով անիմաստ թերապիա սկսելու հետևանքով: Դրա համար անչափ կարևոր է մանրէաբանական հետազոտությունը մինչև անտիբիոտիկներով բուժում սկսելը, որպեսզի ճշգրիտ կարողանանք ախտածին էթալոգիական նշանակություն ունեցող հարուցիչ հայտնաբերել, պարզել դրա ճիշտ նույնականացումը: Կարևոր է նաև տեսակի որոշումը, քանի որ կան հարուցիչներ, որոնք արդեն գենետիկորեն կայուն են որոշակի անտիբիոտիկների նկատմամբ։ Եվ դրանց ոչ պատշաճ չարաշահումը արդեն կարող է բերել օրգանիզմում կայունության առաջացում:
-Տեղյակ ենք, որ մանրէաբանության ասոցիացիայի համահիմնադիր եք: Ըստ ձեզ` ի՞նչ են ասոցացիաները տալիս բժիշկներին։
-Այո, մենք ունենք մանրէաբանական ասոցիացիա, այն վերջերս է ստեղծվել, և այո, համահիմնադիրը ես եմ: Ասոցիացիան դեռ նոր է, և ես լիահույս եմ, որ այն լիովին կկատարի իր գործառույթը, որն էլ կօգնի մեզ` մանրէաբաներիս, ետ չմնալ ոլորտի նորարարություններից, ասոցիացիայի բժիշկներին կտա լիարժեք փորձի փոխանակություն, առավել գրագետ աշխատելու և միջազգային նոր ուղեցույցներով բուժմոտեցում ցուցաբերելու հնարավորություն։
- Ընդունված ավանդույթ է, երբ երեխաները ընտրում են ծնողների ուղին: Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։
-Անկեղծ կլինեմ, իրականում ես իմ երեխաներին երբեք մասնագիտության ընտրության հարցում չեմ ուղղորդել: Մեծ տղաս ինքն է ընտրել բժշկությունը, ինքն էլ ի սկզբանե ինձ պես տարակուսում էր` ընտրել իրավաբանության ոլորտը, թե՝ բժշկության, որն ըստ իս ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է: Ամուսինս մասնագիտությամբ իրավաբան է, բայց մեծ տղաս ընտրեց բժշկության ոլորտը, իսկ փոքր տղաս որոշել է իրավաբան դառնալ: Հավատացեք, ես աշխատում եմ իրենց յուրաքանչյուր քայլերի մեջ իրենց կողքին լինել, հնարավորինս աջակցել:
-Արդյո՞ք հասցնում ենք Ձեր գերլարված աշխատանքի հետ վերապատրաստման դասընթացների մասնակցել։
-Անխտիր մասնակցում եմ բոլոր մասնագիտական դասընթացներին, քանզի բժշկությունն այն ոլորտն է, որի նորարարությունների զարկերակի վրա պետք է միշտ լինես, այն օր օրի զարգացում է ապրում: Եթե մեկ օր հետ մնաս այդ զարկերակից, կդոփես տեղում։ Հատկապես մանրէաբանությունը մշտապես զարգացող գիտություն է:
- Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելությո՞ւն է, թե` կոչում։
-Իրականում պետք է սիրես աշխատանքդ, քանզի այն դառնում է քեզ համար կենսակերպ: Բժշկությունը ինձ համար և՛ կոչում է, ինչու ոչ, նաև` առաքելություն։
-Ձեր ոգեշնչման աղբյուրը ով կամ ինչն է։
-Իմ ոգեշնչման աղբյուրը իմ աշխատանքն է, ամեն անգամ նոր և հազվադեպ մանրէ հայտնաբերելով` մեծ ոգեշնչում եմ ապրում, ճշգրիտ ախտորոշում տալով` կարողանում եմ ճիշտ ուղղորդել բուժող բժշկին, և իսկապես տեսնելով մեր թիմային աշխատանքի մեջ գրագետ և գոհացուցիչ արդյունք` ինձ լիրաժեք եմ զգում իմ մասնագիտության մեջ, դա էլ արդեն դառնում է իմ ոգեշնչման աղբյուրը։
-Մանրէաբանական հետազոտություն անցնելիս առաջ ի՞նչ կանոններ պետք է պահպանել։
-Մանրէաբանական հետազոտություններ անցնելիս, կենսաբանական նյութի վերցման համար շատ կարևոր է անտիբոտիկներ չընդունելը մինչ հետազոտությունը, իսկ յուրաքանչյուր կենսաբանական նյութի հետազություններն ունեն իրենց ուղեցույցները:
- Որպես մեր զրույցի վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։
-Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության, ամեն ինչ ոչինչ է: Չգիտեմ՝ որպես վերջաբա՞ն, հորդո՞ր կամ խնդրա՞նք գուցե, դիմում եմ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Մեր հասարակությանը կհորդորեմ պահպանել առողջությունը, քանզի առողջությունից զատ, չկա ավելի կարևոր բան, այն մեր գլխավոր արժեքն է։ Ես լիահույս եմ, որ ամենամեծ սերը, որը մենք կարող ենք պարգևել մեր ընտանիքին և աշխարհին, դա մենք ենք առողջ վիճակում։ Միայն առողջ հասարակությունը, առողջ ազգն է ընդունակ բարձր նվաճումների։ Առողջ եղեք:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ
Բժշկի ճանապարհը կյանքի և առողջության համար ամենօրյա դժվարին պայքար է
Առողջապահական համակարգը ամբողջ աշխարհում զարգանալով` պարբերաբար նոր նշաձողեր է սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում բժշկության մեջ բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան առաջատար կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների գործառույթի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԸ:
- Բժիշկ, որո՞նք են միզածորանի և երիկամների ամենահաճախ հանդիպող բնածին արատները:
-Ամենահաճախ հանդիպողը բնածին արատներից հիդրոնեֆրոզն է, որը ենթակա է վիրահատական միջամտության: Հիդրոնեֆրոզը երիկամի բաժակաավազանային համակարգի պրոգրեսիվ լայնացումն է և պարենխիմայի բարակումը, որի պատճառը ավազան-միզածորանային սեգմենտից մեզի արտահոսքի խանգարումն է: Դա ժամանակի ընթացքում բերում է երիկամի անվերադարձ ախտահարման, ֆունկցիայի պրոգրեսիվ իջեցման: Առանց բուժման, երիկամն ի վերջո կորցնում է իր ֆունկցիան: Այսինքն` մեզի բնական ճանապարհով ներքև իջնելու ճանապարհին լինում է ինչ-որ խոչընդոտ, խանգարում, որի պատճառով մեզը դժվարությամբ է անցնում դեպի ներքև, որից վեր միզուղիները լայնանում են։
-Ջրգողություն: Կմանրամասնե՞ք:
-Լինում է ամորձու և սերմնալարային ջրգողություն։ Բնածին ջրգողության պատճառը որովայնամզի բունոցային ելունի Օբլիտերացիայի խանգարումն է: Բունոցային ելունը որովայնամզի արտափքումն է, որը լինում է աճուկային խողովակով հղիության 5-րդ ամսում իջնում է դեպի փոշտ, այնուհետև, երբ ամորձին իջնում է իր տեղը՝ 7-8-րդ ամիսներին, ուղին պետք է փակվի։ Երբ չի փակվում, մնում է լայն, դառնում է բնածին աճուկային ճողվածք։ Կարող է մնալ նաև նեղ, և հեղուկը որովայնից կարող է իջնել, բարձրանալ և զարգանում է ջրգողություն։ Եթե շարունակվում է մինչև ամորձու թաղանթները, և հեղուկը շրջապատում է ամորձուն, դա ամորձու ջրգողություն է, իսկ երբ վերջանում է սերմնալարի վրա, դա սերմնալարային ջրգողություն է: Ի տարբերություն աճուկային ճողվածքների` ջրգողությունները շտապ վիրահատության ցուցում չեն պահանջում, մանավանդ` փոքր տարիքում, քանի որ նախ` մոտ 80 տոկոս հավանականություն կա, որ մինչև 2 տարեկանը այդ ելունը կփակվի, ջրգողությունը կվերանա, և երկրորդ` այդ տարիքում բացասական ազդեցություն գրեթե չի ունենում, և ձվիկը չի տուժում։ Այդ իսկ պատճառով մինչև 2 տարեկանը չենք վիրահատում, 2 տարեկանից հետո, եթե չանցավ, անցնելու հավանականությունը գրեթե զրո է, պետք է մինչև 3 տարեկանը այդ վիրահատությունն իրականացվի, քանզի 3 տարեկանից հետո սկսում է խանգարել այդ հեղուկը ձվիկի նորմալ աճին և զարգացմանը։ Եվ երկրորդ տեսակը ձեռքբերովի ջրգողությունն է, որը կարող է զարգանալ տրավմաներից, բորբոքային և ինֆեկցիոն հիվանդություններից հետո։ Եթե պատճառը տրավման է, հետտրավմատիկ ջրգողություն է, գրեթե երբեք չի անցնում: Եթե ցուցվում է վիրահատական միջամտություն, ապա այն տարբերվում է բնածին ջրգողության վիրահատական միջամտության մոտեցումից. այս դեպքում ամորձու թաղանթները, որոնք ինչ-որ պատճառով գրգռված են և սկսում են հեղուկ արտադրել, մասամբ հեռացվում են, մասամբ շուռ են տրվում հակառակ ուղղությամբ, որպեսզի արտադրված հեղուկը դուրս գա ենթամաշկ և այնտեղից ներծծվի։ Եթե ինֆեկցիոն հիվանդություններից, տուբերկուլյոզից կամ բրոցիլիոզից առաջացած ջրգողություն է, ապա առաջնահերթ պետք է հիվանդությունը բուժել, եթե բուժումից հետո մնացորդ մնա, ապա այդ դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն։ Եվ եթե սիստեմային հիվանդություններից առաջացած ջրգողություն է՝ ռեմանտիզմ, պարբերական հիվանդություն և այլ հիվանդությունների պատճառահետևանք, ապա այդ դեպքում կրկին մեծ հավանականություն կա, որ դեղորայքային բուժման դոզավորումը քիչ է լինում: Դեղորայքային դոզան նորմայի բերելու շատ դեպքերում հնարավոր է ջրգողությունը վերանա, և վիրահական միջամտության կարիք չի լինի։
-Պոչուկի բա՞ց, թե՞ փակ վիրահատություններն են նախընտրելի։
-Իրականում բոլոր այն երկրներում, որտեղ բժշկությունը պետական աջակցությամբ է, բժիշկները նախընտրում են փակ վիրահատությունները, քանի որ վիրահատական միջամտության հաջորդ օրը բուժառուները կարող են արդեն դուրս գրվել։ Բնականաբար փակ վիրահատական միջամտությամբ իրակացված վիրահատությունների կրկնվելու հավանականությունը մեծ է, քան բաց վիրահատությունների ժամանակ։ Իսկ բոլոր այն երկրներում, որտեղ ապահովագրական բժշկություն է, նախընտրում են բաց վիրահատություն, քանզի բուժառուն երկար է մնում բուժանձնակազմի հսկողության տակ, հետվիրահատական շրջանը բարդ է, բայց կրկնվելու հավանականությունը՝ քիչ։ Իրականում երկուսն էլ կիրառելի են, բայց սովորաբար որոշումը` բաց, թե փակ, ընտրում ենք վիրահատության ժամանակ: Եթե մեծ խոռոչ է, արտահայտված բորբոքային պրոցես է, թարախալակում կա, դիմում ենք բաց վիրահատություն։ Իսկ եթե շատ փոքր է, բորբոքային պրոցես չկա, բուժառուն շատ նիհար է, ենթամաշկի ճարպը` քիչ, դիմում ենք փակ վիրահատական միջամտությանը:
-Ի՞նչ է դոլիխոսիգման:
-Դոլիխոսիգման հաստաղիքի ավելորդ, երկարացված գալարն է, որը լինում է բնածին կամ ձեռքբերովի։ Բնածին արատի ժամանակ հաստաղու վերջնամասի, սիգմայաձև աղիքն ունի ավելի երկար հատված, որը, հավելյալ գալար առաջացնելով, բերում է փորկապության։
Քանի որ այդ մասում կարող է կղանքի կուտակում առաջանալ, այն սեղմում է նաև միզապարկին` պարբերաբար առաջացնելով միզապարկի աշխատանքի խանգարում: Խնդիրները տարանջատելու համար անհրաժեշտ է կատարել սոնոգրաֆիկ և այլ հետազոտություն, որպեսզի տեսանելի լինի աղիքի վերջնական կառուցվածքը։
-Ի՞նչ ասել է նեյրոգեն միզապարկ:
-Նեյրոգեն միզապարկը շատ բարդ, շատ ծանր վիճակ է, որի պատճառը միզապարկի աշխատանքի կարգավորման նյարդային խանգարումն է։ Ամենածանր ուրոլոգիական խնդիրներից մեկն է` ուռուցքների և միզապարկի էքստրոֆիայի հետ։ Եթե մենք ոչինչ չանենք, գրեթե 100 տոկոս հավանականությամբ բերում է երիկամների շարքից դուրս գալուն, և երեխան միշտ անմիզապահությամբ է տառապում։ Իսկ երբ երիկամներն էլ շարքից դուրս եկան, այդ նույն միզապարկի վրա նոր երիկամի փոխպատվաստում ոչ ոք չի համաձայնի անել, քանզի այդ երիկամն է շարքից դուրս գալու։ Բուժումը պետք է շատ արագ համակարգել։ Արտերկրում` նորմալ առողջապահական համակարգ ունեցող երկրներում, երբ երեխան ծնվում է մենինգոմիելոցելեով, մինչև նեյրովիրաբույժի մոտ ուղղորդվելը, նա անցնում է ուրոլոգիական հետազոտություն, քանզի շատ հաճախ, վաղ սկսելով կատետրներով միզապարկի դատարկումը, փրկվում են երիկամները` առանց որևէ դեղերի, բուժումների կամ վիրահատությունների, մինչ այն տարիքային շեմին հասնելը, երբ կարող են վիրահատական միջամտություն կատարել։ Հետազոտությունները շարունակական բնույթ են կրում, անընդմեջ հսկողություն, պարբերաբար հետազոտություններ, բուժման փոփոխում, անհրաժեշտության դեպքում` վիրահատություն, քանի որ խնդիրը բավականին լուրջ է: Բայց եթե վերը նշված քայլերը կատարվեն գրագետ և համակարգված, կունենանք լավ արդյունք։ Իհարկե, ամեն դեպքում չի կարող դառնալ առողջ միզապարկ, բայց արդեն միզապարկը չի ազդում երիկամների վրա, երիկամները շարքից դուրս չեն գալիս կամ եթե շարքից դուրս են գալիս, ապա միայն 50-60 տարիքային շեմում, ոչ թե, ասենք, 15 տարեկանում: Բուժառուն անմիզապահություն չի ունենում, նա կախյալ չի լինում բուժաշխատողից կամ ծնողից: Բայց դրան հասնելու համար պետք է ամեն ինչ անել, ոչ թե խուսափել բարձրաձայնելուց։
-Բժիշկ, ի՞նչ է կրիպտորխիզմը:
-Կրիպտորխիզմը կամ ամորձու էկտրոպիան ընդհանրացված են մեկտեղ, բայց իրարից տարբերվում են պաթոգենեզով` ծագումով։ Դա ձվիկի բնական իջեցման ճանապարհին ինչ-որ մի տեղ կանգ առնելն է։ Գիտենք, որ ամորձիները սաղմադրվում են գոտկային շրջանում, այնուհետև զարգացման ընթացքում գալիս է դեպի փոշտ, որտեղ էլ ավարտվում է իջեցումը ներարգանդային կյանքի 8-րդ ամսին։ Եթե երեխան ծնվում է 7-րդ ամսին, և ձվիկները տեղում չեն, դա նորմայի սահմաններում է, հիվանդություն չէ, պետք է ուղղակի սպասել, որ պտուղը զարգացում ապրի։ Իսկ եթե այդ իջնելու ճանապարհին ձվիկը կանգ է առնում, դա կոչվում է կրիպտորխիզմ։ Նայած, թե որտեղ է այն կանգ առնում. եթե աճուկային հատվածում է, կոչվում է աճուկային ռետենցիա: Լինում է որովայնային, գոտկային ռետենցիա: Ի տարբերության դրա՝ էկտոպիայի ժամանակ ձվիկը բնական իջեցման ճանապարհից շեղվում է, դուրս է գալիս, գնում ուրիշ ուղղությամբ։ Ըստ նրա, թե որտեղ է տեղակայվում, այդպես էլ կրում է իր անունը։ Կարող է լինել աճուկային, կարող է գնալ դեպի հետանցք, և այլ ուղղվածություն ունենալ։ Կարող է լինել ազդրի վրա` կոչվել ազդրային էկտոպիա: Էկտոպիայի դեպքում ձվիկները սովորաբար լինում են նորմալ ձևավորված, իսկ կրիպտորխիզմի ժամանակ՝ ձվիկները միշտ թերզարգացած են լինում, և ինչքան ավելի վերև են տեղակայված, այնքան ավելի թերզարգացած են լինում։
Իրականում օրգանիզմի բոլոր օրգան համակարգերը տեղակայված են մարմնի ներսում, իսկ ամորձիները՝ մարմնից դուրս, քանզի բարձր ջերմաստիճանի պայմաններում սպերմատոգեն` սերմ արտադրող բջիջները կամաց-կամաց կարող են ատրոֆիայի ենթարկվել, իսկ մարմնի ներսում և դրսում, բնականաբար, ջերմաստիճանը տարբեր է։ Եվ այս օրգանը, որը չի սիրում տաք պայմաններ, և, բնականաբար, այս դեպքում բնությունը հոգացել է այս օրգանի համար հարմար պայմաններ ստեղծելը։
Իմ ուսանելու տարիներին գտնում էին, որ այս վիրահատական միջամտությունը ճիշտ է կատարել 7 տարեկանից հետո, քանզի կարծում էին, որ հնարավոր է մինչ այդ տարիքը ձվիկն իջնի։ Իրականում, եթե երեխան ծնվել է ժամանակին, այն կարող է իջնել առաջին երեք ամիսների ընթացքում, որից հետո՝ ոչ։ Հետո աստիճանաբար այդ ժամկետները փոփոխման ենթարկվեցին, և այսօր զարգացած բժշկություն ունեցող երկրների գերակշռող մասը գտնում է, որ ցանկալի է այդ վիրահատությունը կատարել վեց ամսականում, ոչ ուշ մինչև մեկ տարեկանը։ ԱՄՆ-ի առաջատար բժշկական կենտրոններում գտնում են, որ երեք ամսականում, եթե ձվիկը տեղում չէ, պետք է կատարել վիրահատությունը։ Սպասելու կարիք չկա, ցանկալի է մինչև վեց ամսականը։ Մենք հիմա կատարում ենք վեց ամսեկանից սկսած, բայց դա չի նշանակում, որ մեզ դիմում են հենց այդ տարիքից, մենք ունենում ենք այդ հիվանդությամբ տառապող 17-18 տարեկան տղաներ, որոնց մոտ զինվորական ծառայության անցնելու կապակցությամբ կատարվող հետազոտության ժամանակ հայտնաբերվել է խնդիրը։ Իսկ մեր խնդիրն է այդ պահին փորձել պահպանել գոնե այն, ինչ ունենք, որպեսզի ավելի բարդացումներ չլինեն, անգամ մնացած քսան տոկոսն էլ կարող է որոշիչ լինել ապագա սերունդ թողելու հավանականության մեջ։
Բայց, հուրախություն մեզ, այդ ուշացած դեպքերը գնալով պակասում են։ Կարծում եմ, առաջնային օղակներում այսօր ավելի գրագետ են աշխատում, տեղամասային բժիշկներն ավելի տեղեկացված են, և այսօր բարձիթողի և ուշացած դեպքերի հազվադեպ ենք բախվում։
-Որպես մեր զրույցի վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։
-Մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն: Պահպանեք առողջությունը, վարեք առողջ ապրելակերպ, որպեսզի ապրեք լիարժեք կյանքով: Կցանկանամ` ամեն ոք լինի իր տեղում, լինելուց էլ` գրագետ կատարի իր աշխատանքը: Ուզում եմ մաղթել մեր բնակչությանը լուրջ մոտեցում սեփական առողջությանը, վստահություն բժիշկների նկատմամբ, հավատ, որ ցանկացած բժշկի համար իր հիվանդի առողջացումը բարձրագույն արժեք է, ձգտման բարձրագույն նպատակ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Հայկ Բալայան
«Բժշկի համար ամենամեծ գնահատանքը առողջ և գոհունակ բուժառուն է»
Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ դրանք լրացվում են հերոսության քողով: Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է: Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, այլ նաև պայքարող ճակատային զինվոր` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործական կյանքի, հանուն խաղաղության:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության լապարոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ, «Երևան» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Զորիի Բալայանը: Լինելով ճանաչված և հարգված բժիշկ ու իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա արդեն երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը: Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:
Ի դեպ, վերջերս Հայկ Բալայանը «Որակի նշան» ընկերության կողմից «Նվիրյալ վիրաբույժ» անվանակարգում արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկին և մաղթում նորանոր նվաճումներ իր ընտրած բարդ և ամենամարդասիրական մասնագիտության մեջ:
-Պարո՛ն Բալայան, ըստ Ձեզ, ամեն դեպքում բաց վիրահատություն, թե՞ լապարոսկոպիկ, ո՞րն է մրցակցային տեխնոլոգիական նորարարությունների այս դարաշրջանում։
-Իրականում չկա մի դոգմատիզմ, որ ես առանձնացնեմ բաց, թե՞ լապարոսկոպիկ վիրաբուժության որ տեսակն եմ նախընտրում։ Ես, լինելով ընդհանուր վիրաբույժ, անցել եմ ընդհանուր վիրաբուժության Խորհրդային դպրոցի ամենաակտիվ սկզբունքներից մինչև ժամանակակից ընդհանուր վիրաբուժության հիմունքները, ինչպես նաև շատ լավ տիրապետում եմ լապարոսկոպիկ վիրաբուժության նրբություններին: Եվ ըստ տվյալ վիրահատության ցուցումի է թելադրվում բացառապես լապարոսկոպիկ վիրաբուժություն, թե համակցված բաց վիրահատություն: Պետք չէ տարանջատել դրանք, միայն կարող եմ ասել` ըստ ընթացքի և ըստ տվյալ պահին մեզ թելադրվող ցուցումների` իրականացնում ենք վիրահատական ընթացքը։ Այն վիրաբույժը, որը կնախընտրի բացառապես միայն լապարոսկոպիկ վիրաբուժությունը, ուրեմն, թերևս, ինչ-որ տեղ թերանում է ընդհանուր վիրաբուժության մեջ և հակառակը: Այդ իսկ պատճառով կարող են լինել դեպքեր, երբ անհրաժեշտ է, որ վիրահատությունն իրականացվի երկուստեք համակցված։ Իրականում, այո, լապարոսկոպիկ վիրաբուժության եղանակը շատ հեշտացնում է վիրահատական միջամտության ընթացքը, և եթե նախկինում լապարոսկոպիա կատարվում էր միայն պլանային դեպքերում, այսօր պատկերը բավականին փոխվել է. ընդհակառակը` շատ ծանր դեպքերը կարող ենք ավելի քիչ տրավմայի ենթարկելով` գոհացուցիչ արդյունք ստանալ, քան ամբողջ որովայնահատումով վիրահատության դեպքում: Կան նաև դեպքեր, երբ ցուցվում են կրկնակի վիրահատություններ, և այդ դեպքում, եթե նախկինում լապարոսկոպիկ վիրահատության են ենթարկվել, ապա հաջորդ բաց վիրահատության դեպքում, պարզ է, որ կրկնակի տրավմայի ավելի քիչ կենթարկվի բուժառուն, իսկ հետվիրահատական շրջանում հնարավորինս կխուսափենք բարդություններից։
-Վահանաձև գեղձի վիրահատման մեջ կան այսօր արդյո՞ք նորարական բուժմոտեցումներ։
-Ոչ միայն վիրահատությունները, այլև վահանաձև գեղձի թե՛ նախավիրահատական ախտորոշումը, թե՛ բուժումը, թե՛ վիրահատությունը և հետվիրահատական ընթացքին համապատասխան մոտեցումները շատ են զարգացել: Իսկ Հայաստանն էլ միջազգային ասոցիացիաների նորարարությունների զարկերակին է պահում իր ձեռքը: Եվ ոչ միայն վիրահատությունը, այլև ամբողջ ընթացքը` նախավիրահատական բիոպսիայից, գրագետ ախտորոշումից մինչև ամբողջական ծավալը, այո, բավականին զարգացել է։
-Կուզենայի անդրադառնաք պունկցիոն բիոպսիայի նշանակությունը. ի՞նչ կասեք հասարակության մեջ տարածում գտած այն մտայնության մասին, թե բիոպսիան նպաստում է քաղցկեղի տարածմանը, ավելին՝ նաև արագացնում է այն:
-Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը: Բիոպսիան միակ մեթոդն է` պարզելու համար հանգույցների բարորակ կամ չարորակ լինելը, թե տվյալ հանգույցը իրենից վտանգ ներկայացնո՞ւմ է, թե` ոչ, թողնե՞լ այն, թե՞ հեռացնել: Չէ՞ որ մենք սոնոգրաֆիկ հետազոտությամբ տեսնում ենք միայն նախնական պատկերը, որի ժամանակ հայտնաբերվում է չափերի, տեղակայման, ձևի, եզրագծերի փոփոխությունների առկայությունը, գեղձի հյուսվածքային փոփոխությունները՝ դիֆուզ (խառը) փոփոխությունները, հանգույցների առկայությունը, դրանց նկարագիրը, անոթավորումը, բնույթը, միկրոմակրոկալցինատների առկայությունը։ Իրականում, այո, դա թյուր կարծիք է, այդ վախը բուժառուների այն կարծիքից է, երբ ուռուցքային գոյացությանը կպնում ես, ուռուցքը ավելի ագրեսիվանում է: Ամեն մի վիրահատական միջամտություն հիվանդի իմունիտետի վրա ազդում է, նույնիսկ ոչ ուռուցքով հիվանդը երբ վիրահատվում է, իր ուժերը որոշ ժամանակ թուլանում են, այդ իսկ պատճառով այն քաղցկեղով հիվանդները, որոնք վիրահատական միջամտություն են ունենում, բնականաբար իրենց հետվիրահատական շրջանում էներգիա և ռեսուրսներ են պետք, որպեսզի վերականգնվեն: Շատ հաճախ հնարավոր է համընկել է` հիվանդությունը խորացել է, ավելի ագրեսիվացել, բայց բացարձակ դա չէ պատճառը։ Եթե ժամանակին քաղցկեղի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն, շատ դրական արդյունքներ կգրանցվեն, իսկ բիոպսիան` առավել ևս։ Եթե հանգույցը կիստոզ չէ, հեղուկ չէ, և բիոպսիան ճշգրիտ կետային կատարվի, վերցվի հենց հանգույցից այդ հատվածը, հնարավոր է, որ միայն շրջակա հյուսվածքները մի քանի օր բորբոքվեն: Իսկ ինչ վերաբերում է, որ ուռուցքը բիոպսիայից կագրեսիվանա, բացառվում է:
Բիոպսիան կատարվում է հատուկ սարքով, բարակ ասեղի օգնությամբ, ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո: Նմուշը վերցնում են կասկածելի գոյացություններից և ուղարկում բջջաբանական հետազոտության, որով պարզվում է գոյացության բնույթը և մշակվում բուժման ռազմավարությունը: Այո, հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, թե բիոպսիայի կիրառումը բացասաբար է անդրադառնում հանգույցի վրա՝ դարձնելով այն չարորակ գոյացություն: Նման բան չկա, դա ապացուցված է ամբողջ աշխարհում: Կան բազմաթիվ վիճակագրական տվյալներ, մենք ամեն անգամ նշում ենք դա, փաստարկում, որ դա միայն հայաստանյան փորձի վրա չէ հիմնված, այլ եվրոպական և ամերիկյան էնդոկրինոլոգիայի ասոցացիաներում կան ապացուցողական վիճակագրական տվյալներ, որոնք հաստատում են, որ պունկցիոն բիոպսիայից հետո հանգույցի ո՛չ բնույթը, ո՛չ էլ չափսերը երբեք փոփոխության չեն ենթարկվում, և բիոպսիան հնարավորություն է տալիս` հետագա պլանավորված վիրահատության տակտիկան և ծավալը որոշելու, արդյոք պետք է վիրահատել, թե` ոչ:
-Վահանաձև գեղձի քաղցկեղը արդյո՞ք ունի արտահայտման ձև։
- Վահանաձև գեղձի քաղցկեղ ասվածը լինում է 4 տեսակի՝ պապիլյար, ֆոլիկուլյար, մեդուլյար և անապլաստիկ քաղցկեղներ. առաջին և երկրորդ տեսակները բարվոք ընթացքով են լինում, ուղղակի անունն է միայն քաղցկեղ, դա այն քաղցկեղը չէ, որ այլ օրգան համակարգերում ճյուղավորվում է, որը հետագայում կարող է շատ արագ մետաստազներ տալ: Եթե նույնիսկ բիոպսիայով ախտորոշվել է, հիվանդը վիրահատվել է, հետվիրահատական շրջանում պատասխանը եկել է քաղցկեղ, ապա 1 և 2 տեսակների ժամանակ վիրահատությունից հետո գրեթե երբեք մետաստազներ չեն կարող լինել, և կյանքի տևողության վրա, կարելի է ասել, չի ազդում։ Եվ եթե վիրահատական միջամտությունից հետո բարդություններ չեն գրանցվում, ոչ մի քիմիաթերապիա չի պահանջվում, ուղղակի ախտորոշումն է քաղցկեղ, որը հանրության համար սահմռկեցնող է։
-Կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ հայաստանյան վիրաբուժությունը համաչափ քայլում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան, և կա արդյո՞ք նոր ասելիք այս ոլորտում։
-Վստահորեն կարող եմ ասել` այո, իսկ նորարական բուժմոտեցումների համար ասեմ, որ հստակ պահվող կանոնները, հնի համադրությունը նորի հետ, դա էլ եմ ես համարում նորարական։
Այդ իսկ պատճառով նորարականը պետք է համադրել դասական բժշկությանը. դա արդեն նորարական բուժմոտեցում է։
-Իսկ ի՞նչ կասեք բժիշկների հավաստագրման մասին։
-Այն հանգամանքը, որ բժշկությունը պետք է վերահսկվի պետության և պատկան մարմինների կողմից, որ ամեն մի բուժկենտրոն ամեն մի բժիշկ իրոք պետք է վերահսկվի, շատ կարևոր է: Բայց արդյո՞ք այդ վերահսկողությունը կկատարվի պատշաճ մակարդակով: Վատ չեմ զգա, եթե ասեմ, որ դեռ կան փտած ուղեցույցներ, այսինքն` այդ վերահսկողները բժշկության հետ ոչ մի առնչություն չունեն. ինչ-որ հին խորհրդային տարիներին ձևավորված ուղեցույցները, համադրված եվրոպական ուղեցույցներով, ներկայացնում են իբրև չափորոշիչ: Սահմանվում է օրենք` վերահսկողության համար, և դրանով փորձում են բժիշկներին տուգանել և այլն: Բայց երբ որ սկսում ես պայքարել իրենց սահմանած որոշումների դեմ, հասկանում ես, որ իրենք անգամ իրավական դաշտով ոչ մի հիմնավորում չունեն: Այդ իսկ պատճառով ասեմ, որ դեմ չեմ վերահսկողությանը. հավաստագրված պետք է լինեն բոլոր բուժկետրոնները, բայց պայմանները չպետք է թղթաբանորեն միայն լինեն, հսկողություն պետք է լինի պրակտիկ բժշկության մեջ: Ամեն ոք պետք է լինի իր տեղում: Կարևորելով հավաստագրումը` այդուհանդերձ, կարծում եմ, որ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն իրապես հավաստագրված մասնագետներ, այլապես այն կարող է ձեւական բնույթ կրել։ Այսինքն` հավաստագրում տրամադրող հանձնաժողովի անդամները իրենք պետք է նախապես հավաստագրում ստացած լինեն։
-Խոսենք բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների մասին, ի՞նչ մակարդակի վրա է դիմելիության կուլտուրան: -Հուրախություն ինձ՝ վերջին ժամանակները դիմելիության մշակույթը մեզանում զգալիորեն դրական միտում է ձեռք բերել՝ կամաց-կամաց արմատավորվելով բնակչության գիտակցության մեջ: Իհարկե, նախկինում մեր երկրում դիմելիության կուլտուրան բավականին ցածր մակարդակի վրա էր, և վստահորեն կարող եմ ասել, որ նախկինում այդ խնդիրը բավականին բարդ էր ու դժվար լուծելի, հատկապես, եթե ներքին օրգանների պաթոլոգիայի հետ էինք առնչվում։ Կանայք նախկինում կաշկանդվում էին դիմել բժշկի, սակայն, գնալով մարդկանց վերաբերմունքն այս խնդրին դրականորեն փոփոխվել է՝ ելնելով երկրի զարգացումից, տեխնոլոգիաներից: Ապահովագրական ընկերությունների ներգրավման արդյունքում, սոցփաթեթի, պետպատվերի գրագետ ձևակերպումները փոփոխման են ենթարկել դիմելիության կուլտուրան: Իհարկե, դեռ կան դեպքեր, երբ բժշկի են դիմում դանակը ոսկորին հասնելուց հետո, և շատ հաճախ մենք տարբերվում են եվրոպական երկրների մակարդակից: Երբ արդեն դիմում են բժշկի և կարճ ժամանակ անց ապաքինվում, արդյունքում իրենք իրենց սկսում են մեղադրել, թե ինչու ժամանակին չէին դիմում բժշկի օգնությանը։ Ընդհանրապես, հիվանդին պետք է բուժես ոչ միայն բժշկությամբ, դեղորայքով, այլ նաև քո խոսքով ու վերաբերմունքով: Բավականին դրական տեղաշարժ կա, որին նպաստել է պետպատվերի շրջանակներում բժշկությունից օգտվելու հնարավորությունը. թե՛ սոցփաթեթները, թե՛ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությունը բերել է նրան, որ բուժառուների դիմելիությունը բավականին շատացել է, նույնիսկ գյուղական համայնքներում շատացել են բժշկին վաղ դիմելու կուլտուրան, որը բերում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Իսկ որպես բացասական կողմ կասեմ` հերթագոյացություններն են, շատ անգամ որոշ անիմաստ կրկնվող պրոֆիլակտիկ հետազոտություններ, որոնք իրականում այդքան չպետք է լինեն: Այս ոլորտում կան որոշ հարցեր` ոչ լիարժեք համակարգված, որոնք պետք է լուծվեն պետական մակարդակով։
-Ըստ Ձեր երկարատև աշխատանքային փորձի՝ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Այսօր բավականին երիտասարդացում են ապրել վահանաձև գեղձի խնդիրները, բավականին շատացել են հանգույցները, և պունկցիոն բիոպսիայի հետազոտությունների արդյունքում ուռուցքային գոյացությունների թիվը մեծացել է, ինչպես նաև շատացել են լեղաքարային հիվանդությունները, չնայած նրան, որ այն միշտ էլ բարձր տոկոսներ է գրանցել` կախված սխալ սննդակարգից, հիմնականում՝ արագ սննդից: Շատացել են նաև գինեկոլոգիական հիվանդությունները։ Աղեստամոքսային տրակտով հիվանդներ շատ կան։
Դա, իհարկե, մի քանի գործոնով է պայմանավորված, երիտասարդացել են ի հաշիվ թե՛ գործիքա-լաբորատոր հետազոտման մեթոդների, որոնք զարգացում են ապրել, թե՛ արյան քննության, թե՛ ուլտրաձայնային հետազոտության՝ սոնոգրաֆիայի, ԿՏ՝ համակարգչային տոմոգրաֆիայի, ՄՌՏ-ի՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի։ Չմոռանանք նաև օնկոմարկերների կիրառումը։ Լաբորատոր և գործիքային փորձաքննության արդյունքները բերել են հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և երիտասարդացմանը: Նաև վերջին սթրեսառատ տարիների իրավիճակները նպաստում են շատ ու շատ հիվանդությունների երիտասարդացմանը։
-Ըստ Ձեզ` բժիշկները արդյո՞ք պաշտպանված են մեր երկրում։
-Իրականում իրավական տեսանկյունից ոչինչ չեմ կարող ասել` հօգուտ բժշկի, թե հօգուտ պացինետի է հարցը լուծում ստանում, բայց պաշտպանվածությունը, կարող եմ ասել` կախված է տվյալ բժշկի պրոֆեսիոնալիզմից, շատ կարևոր է, որ ինքն էլ կարողանա հիմնավորել իր արածները: Հաճախ էլ բուժառուներ կան, որ պնդում են, թե բժիշկները մեր երկրում գերպաշտպանված են և շատ հաճախ պատասխանատվություն չեն կրում վատ ելքով դեպքերի ժամանակ: Իրավաբանական առումով չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ եթե յուրաքանչյուրն իր աշխատանքին վերաբերվի պրոֆեսիոնալիզմով, գթասրտորեն, մարդասիրական մոտեցումով մահվան ելքով դեպքերը նվազագույնի կհասնեն։
- Այս տարի «Նվիրյալ վիրաբույժ» անվանակարգում արժանացաք մրցանակի, ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս այդպիսի մրցանակները բժիշկներին։
-Կարծում եմ, որ նման մրցանակները ավելի պարտավորեցնում են բժիշկներին և խոսում նրա մասին, որ բժիշկը գնահատված է իր բուժառուների և հասարակայնության կողմից, և որ իզուր չի երկար տարիներ համառորեն տքնաջան աշխատել: Իրականում չես էլ մտածում այդ մրցանակները ստանալու մասին, քանզի ամենամեծ գնահատանքը առողջ և գոհունակ բուժառուն է։ Իրականում նման մրցանակներն ուղղակի մոտիվացնում և պարտավորեցնում են էլ ավելի առաջ գնալ։
- Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
- Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման և հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։ Մեր հասարակությանը կմաղթեմ, որ միշտ մեր ավանդական սեղանների շուրջ հնչող առողջության մաղթանքները իրականանան: Բայց այդ մաղթանքի տակ ամեն ոք իր լուման պետք է ունենա իր առողջության պահպանման համար, առողջ ապրելակերպ սահմանի իր համար: Մաղթում եմ մեր հայ ազգին, որ ոչ ոք հիվանդ չունենա իր ընտանիքում, իսկ եթե արդեն առկա է խնդիրը, հաղթահարեն առողջ ապաքինման ելքով։
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
«Եթե սիրում ես աշխատանքդ, այն դադարում է լինել աշխատանք»
Սրտաբանության ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է լուրջ հաջողություններ: Մեր երկրում իրականացվում են սրտի` բժշկության ամենավերջին միտումներին համապատասխանող լրջագույն բուժօգնություններ:
Սիրտանոթային հիվանդությունները ժամանակակից բժշկագիտության հիմնախնդիրներից են, և չնայած նոր մեթոդների և ախտորոշման ձևերի ներդրմանը` սիրտանոթային հիվանդությունները մահացություն առաջացնող առաջատար հիվանդություններից են, և դրանց բաժին է ընկնում տարեկան մահերի մեկ երրորդը:
Սա ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիր է, և բուժկենտրոններում վերջին տարիներին ավելացել է նաև հիվանդների դիմելիությունը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին 8-րդ հիվանդանոցի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության ղեկավար, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ: Արդեն պատկառելի աշխատանքային փորձ ունեցող բժիշկը դեռ վաղուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված և վստահելի:
- Պարոն Չիլինգարյան, սրտաբանության մեջ ի՞նչ են կարդիոմիոպաթիաները:
- Կարդիոմիոպաթիաները հաճախ անհայտ պատճառի կամ գենետիկորեն պայմանավորված սրտի հիվանդությունների մի խումբ է, որը բնորոշվում է սրտամկանի առաջնային ախտահարմամբ, կծկողական ապարատի վնասմամբ, սրտի խոռոչների լայնացմամբ կամ պատերի հաստացմամբ, որոնք բերում են սրտային անբավարարության: Կարդիոմիոպաթիաների ընթացքը տարբեր է, սակայն հաճախ նրանք ունենում են ծանր, խրոնիկ ընթացք և ի վերջո բերում են սրտամկանի թուլության:
Կարդիոմիոպաթիաներ անվանում են նաև սրտի լայնացումը, ըստ սրտի տարբեր հիվանդությունների պատճառահետևանքների։ Օրինակ` ինֆարկտից հետո, եթե սիրտը լայնանում է, կոչվում է իշեմիկ կարդիոմիոպաթիա, երկարատև ճնշումից հետո` հիպերտոնիկ կարդիոմիոպաթիա, մի խոսքով` ամեն տեղ, որտեղ սրտամկանը հիվանդ է, մենք կարող ենք ասել դրան որոշ չափով կարդիոմիոպաթիա։
Տարբերում են իդիոպաթիկ (երբ պատճառը հայտնի չէ), և երկրորդային, պատճառ ունեցող կարդիոմիոպաթիաներ:
Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան սրտամկանի ախտահարում է, բնութագրվում է հիմնականում սրտամկանի ձախ փորոքի (հնարավոր է նաև աջ) օջախային կամ ընդհանուր գերաճով, որն ընդգրկում է նաև միջփորոքային միջնապատը, հետևաբար փոքրանում է ձախ փորոքի ծավալը, մեծանում է միոկարդի կծկողական ֆունկցիան, նշանակալից ձևով ընկճվում է նրա թուլացման ֆունկցիան: Այն կարող է բերել սրտի ռիթմի խանգարումների, ուշագնածության, փականային անբավարարության:
Դիլատացիոն կարդիոմիապաթիան միոկարդի ախտահարում է, որը բնորոշվում է սրտի խոռոչների նկատելի լայնացմամբ, սիստոլիկ և դիաստոլիկ ծավալների մեծացմամբ, միոկարդի կծկողական ֆունկցիայի իջեցմամբ, սրտային անբավարարության զարգացմամբ, երբեմն բուժմանը անպատասխան ընթացքով և հիվանդության վատ ելքով: Տարբեր գործոնների ազդեցության հետևանքով (տոքսիկ նյութեր, վիրուսներ, աուտոհակամարմիններ) կարող է առաջանալ է սրտի բջիջների վնասում, իսկ հետագայում` շարակցական հյուսվածքի առաջացում, որը խանգարվում է միոկարդի սիստոլիկ ու դիաստոլիկ ֆունկցիան, և բերում սրտի խոռոչների լայնացման:
Ռեստրիկիտիվ կարդիոմիոպաթիան հազվադեպ ընթացող հիվանդություն է, բնութագրվում է սրտի թուլացման ֆունկցիայի խանգարմամբ, սիստոլիկ ֆունկցիան երկար ժամանակ քիչ է տուժում: Արյան շրջանառության խանգարումները նման հիվանդների մոտ չեն ուղեկցվում ձախ փորոքի ծավալի մեծացմամբ: Այստեղ ընդգրկվում են այնպիսի նոզոլոգիաներ, ինչպիսիք են էնդոմիոկարդիալ ֆիբրոզը, ամիլոիդոզը, էոզինոֆիլային էնդոկարդիտը և այլն: Համաձայն դասակարգման` տարբերում են 2 ձևեր` միոկարդիալ, որն ընթանում է միոկարդի իզոլացված ախտահարմամբ, էնդոմիոկարդիալ, որը բնութագրվում է էնդոկարդի հաստացմամբ և սրտամկանի ինֆիլտրատիվ, նեկրոտիկ, ֆիբրոզ փոփոխություններով:
Օբլիտերատիվ կարդիոմիոպաթիան մեծ մասամբ համարվում է ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի ձևերից մեկը, և որոշ բժշկական գրականության մեջ այն գրվում է որպես ռեստրիկտիվ-օբլիտերացնող կարդիոմիոպաթիա: Այն առավելապես տարածված է տրոպիկական կլիմա ունեցող երկրներում:
-Ո՞ր դեպքում են կատարում սթրես էխոգրաֆիան:
-Սթրես էխոգրաֆիան սովորաբար կատարում ենք այն դեպքերում, երբ ցանկանում ենք ստանալ պատասխան` սրտի անոթները նեղացած են, թե` ոչ։ Այն հետազոտման մեթոդ է, որը ցույց է տալիս սրտի սնող երակները, անոթները նեղացած են, թե` ոչ։ Ամբողջ աշխարհում այս հետազոտության մեթոդը լայն տարածում ունի, բավականին մատչելի հետազոտություն է, և հետազոտության ընթացքում ոչ մի ճառագայթային ներգործություն չկա ի տարբերություն կորոնալ անգիոգրաֆիայի (զոնդավորման): Հետազոտության տևողությունը շատ երկար չէ, և կիրառելի է, եթե ծրագիրը տեղադրված է էխոգրաֆիայի սարքի վրա, իսկ առկա ծրագրերը գերակա դերակատարություն ունեն սթրեոէխոգրաֆիայով սրտի անոթների նեղացումը պարզաբանելու համար։
Կան նաև 2-3 ոչ միջամտական հետազոտություններ անոթների նեղացումը պարզաբանելու համար, որը մեր երկրում քիչ տարածված է։ Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն այս հետազոտությունները, որոնք իրականացվում են մինչև միջամտական գործողություններ կատարելը։ Այկ երկրներում կորոնոգրաֆիա չեն կարող կատարել, մինչև այս տեստերը չանցնեն։ Կորոնոգրաֆիան որպես անոթների նեղացման առաջին ախտորոշման մեթոդ ճնշող մեծամասնության հիվանդերի մոտ աշխարհում չի կատարվում, քանի որ միջամտական մեթոդ է և կոնտրաստ նյութով է կիրառվում, որը բացասական ազդեցություն կարող է թողել երիկամների վրա: Դրա համար սկզբից կատարվում են այդ ոչ միջամտական մեթոդները, և եթե տեսնում են առկա է անոթների նեղացում, նոր կատարվում է կորոնոգրաֆիա, որպեսզի ստենտավորում կատարվի։
-Չնայացած այսօրվա տեխնիկական զարգացվածությանը, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կադրերին դասական բժշկության կիրառելիության առումով:
-Դասական բժշկությունը բժշկության հիմքն է, եթե չտիրապետես դասական բժշկության հիմունքներին, և միանգամից անցնես նորարական տեխնոլոգիաների հետազոտական մեթոդների օգնությանը, կարող ես այնպիսի եզրակացություններ կատարել, որոնք հետագայում, հնարավոր է, բացարձակ անհիմն լինեն: Ախտորոշման հիմքը բուժառուների հետ խորհրդատվությունն է լսելով իրենց գանգատները հիմնական առաջնահերթ պարզ հետազոտությունների հետ միասին, որից հետո կարող ես հասկանալ քո հետագա քայլերը հետազոտությունների համար։ Դասական բժշկությունը ընդունված է ամբողջ աշխարհում, և բուժառուներն առանց բժշկի ցուցումի չեն կարող ուղղակի հետազոտություններ անցնել։ Այնտեղ ընտանեկան բժիշկը, որը տիրապետում է դասական բժշկության հիմունքներին քեզ հետազոտելուց հետո միայն կարող է ուղղորդել հետազոտությունների։ Բժշկության հիմունքները պարզագույնից գնում են դեպի բարդագույնը, և շատ հետազոտությունների օգնությանը դիմող բժիշկները արտերկրում պետք է հաշվետու լինեն, թե ինչու են այդքան շատ դիմել հետազոտությունների օգնությանը, քանի որ արտերկրում բժշկությունը ապահովագրությունով, կամ պետպատվերով է ամբողջությամբ և ապահովագրական ընկերությունների միջոցները դու ուղղակի անհիմն չես կարող վատնել` պետական բյուջեի հաշվին ուղարկելով թանկարժեք հետազոտությունների, կորոնոգրաֆիայի, էխոսրտագրության, որոնք արտերկրում բավականին թանկարժեք են: Մեզ մոտ է մատչելի բժշկությունը, ուղղակի պետք է լավ տիրապետել դասական բժշկությանը. փոխաբերական իմաստով ասեմ` եթե դու սարերում չես կարող առաջին բուժօգնություն ցուցաբերել, այդ դեպքում դու կլինիկաներում անելիք չունես։
- Սրտաբանության մեջ ի՞նչ է նշանակում «սփեքլ թրաքինգլը»:
- «Սփեքլ թրաքինգլը» էխոսրտագրության մեթոդ է, հատուկ ծրագրով իրականացվող, որը նորագույն մեթոդներից է և մեզ տալիս է բավականին մեծ ինֆորմացիա, շատ օգնում սրտի ֆիզիոլոգիական վիճակը գնահատելու համար։ Այն բավականին արագ իրականացվող, արդյունավետ մեթոդ է, որի օգնությամբ սկսնակ կադրերն էլ կարող են այս հետազոտությունից հետո բավականին ինֆորմացիա ստանալ սրտի վիճակից։ Իրականում ամեն սարք չունի այդ հնարավորությունը, այն ցույց է տալիս սրտի կծկողականությունը, սրտի աշխատանքի համաչափության աստիճանը, թե որ ուղղությամբ է սիրտը լավ կծկվում` ցույց տալով սրտի բոլոր խոռոչների կծկողականությունը: Այն բավականին կանխատեսիչ ինֆորմացիա է տալիս սրտի մասին: Նախկինում այդ ծրագիրը բարձրակարգ սարքերի վրա էր տեղադրված, բայց այսօր անգամ չինական տեխնոլոգիաների վրա այդ ծրագրերը հավելավճարով տեղադրվում են։
-Սրտաբանության մեջ միջազգային ուղեցույցներով արդո՞ք կա նոր ասելիք։
-Սովորաբար սրտաբանության մեջ ուղեցույցները 5 տարին մեկ փոխոխվում են, և ամեն տարի կուտակվում են նոր ապացուցողականություն, նոր գիտություն, և որոշ ասելիք փոխվում է նոր մոտեցումների մեջ։ Ոչ թե արմատապես, սակայն հնարավոր է հանկարծակի որակական նորարական անգամ հեղափոխական բուժմոտեցումներ լինեն։ Իրականում, այո, լինում է նոր ասելիք ապացուցողական բժշկության մեջ, և այդ մոտեցումները իհարկե խորհուրդ է տրվում կիրառել։ Իրականում չպետք է ուղեցույցներով միայն առաջնորդվել, ամեն մի բուժառու յուօրինակ է, յուրաքանչյուրին պետք է յուրովի մոտենալ։ Արհեստական և միանման բուժմոտեցում պետք չէ, բժշկի կարեկցանքը բուժառուի համար կարևորագույնն է։
-Սրտային հիվանդությունները կրո՞ւմ են քրոնիկ բնույթ։
-Այո, ցավոք սրտի, սրտային հիվանդությունները կրում են քրոնիկ բնույթ, եթե հիվանդությունը օրեցօր քո մեջ զարգանում է, լիարժեք բուժում չկա, ուղղակի բուժմոտեցման տեսակներն ընտրում ենք հետագա բարդություններից խուսափելու համար: Պետք է այդ դեղորայքը ամբողջ կյանքում կիրառեն. իրականում ճիշտը չհիվանդանալն է:
-Արդյո՞ք հասցնում եք գերլարված աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների։
-Այո, իհարկե, պարբերաբար մասնակցում ենք կազմակերպվելիք կոնֆերանսների, սովորաբար ընտրությունը մերն է, թե որ հեղինակավոր կոնֆերանսին մասնակցենք, և սովորաբար եվրոպական տարբեր երկրներում իրականցվում են կոնֆերանսներ սրտաբանությանը առնչվող հարցերի շուրջ, որտեղ տալիս են ահռելի ինֆորմացիա, և այնտեղ փորձի փոխանակությունը հետագայում մեզ համար դառնում է անգնահատելի փորձ։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագա բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։
- Ըստ իս, մեր բժշկության ապագան հուսալի ձեռքերում է, քանզի կան բավականին ձգտող, պրպտող երիտասարդներ, որոնք ավելի համարձակ են, ավելի առաջադեմ մտածելակերպ ունեն, պատրաստ են միշտ առաջ ընթանալ՝ չնայելով խոչընդոտներին: Չեմ ցանկանա, որ մեկնեն արտերկիր վերապատրաստվելու ու հայրենիք չվերադառնան: Դա շատ մտահոգիչ է, քանի որ ցավոք, կորցնում ենք այն լավագույն կորիզը, այն հեռանկարային երիտասարդներին, ովքեր պետք է կառուցեն մեր ապագան: Այդ պատճառով մենք պետք է մեր երկրում նրանց համար կանաչ ճանապարհ ստեղծենք:
- Իսկ ի՞նչ կասեք բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների մասին։
-Բժիշկը պետք է սիրի իր աշխատանքը և իրեն դիմաց յուրաքանչյուր բուժառուին վերաբերվի յուրովի։ Առաջնահերթ իրենք անհատ են, եկել են իրենց խնդրով, որին դու պետք է բնականաբար լուծում տաս: Եթե սիրում ես աշխատանքդ, այն դադարում է լինել աշխատանք, եթե սիրում ես աշխատանքդ, բժիշկ-բուժառու փոխհարաբերությունները դառնում են հաճելի։ Քանզի դու բուժում ես հիվանդին, ոչ թե հիվանդությունը, առաջին հերթին պետք է որպես հոգեբան ներգրավվես բուժմոտեցման մեջ, որպեսզի հետագա ցանկացած բուժմոտեցում ցանկալի լինի և արդյունավետ։
-Եվ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հայ հասարակությանը, մեր ընթերցողներին:
-Նախ կցանկանամ, որ նրանք ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանն ու ժամանակին դիմեն բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է հիվանդությունը բուժել վաղ փուլում և կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը, քան դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների, որոնց արդյունավետությունը շատ ավելի քիչ է քան ավելի պարզ միջամտությունները հիվանդության ավելի վաղ շրջանում: Մինչդեռ, ցավոք, մեզ մոտ բժշկին ժամանակին դիմելու սովորույթը դեռ զարգացած չէ:
Բոլորին մաղթում եմ քաջառողջություն, հետևողական լինեն իրենց առողջությանը, քանի որ ցավոք, հասարակության գերակշռող մասը չի հետևում իր առողջությունը` մտածելով Աստծո տված առողջությունն անվերջ է: Չեն գնահատում ու պահպանում այն, ինչ ունեն: Սիրեք ձեր մարմինը, այն միակն է, որ ունեք, երկրորդը էլ չի լինելու, այն փոփոխման ենթակա չէ։ Նրա առողջ լինելը ապահովում է նաև հոգեկան բարեկեցությունը։ Պետք չէ առողջությունը հիշել միայն կենաց բարձրացնելիս, առողջ լինելը ապրելակերպ է, դուք այն ձեռք չեք բերի բժիշկներին այցելելով, բժիշկները կարող են բուժել ձեզ, թեթևացնել ձեր վիճակը, հաճախ նաև փրկել ձեր կյանքը, այլ ոչ թե՝ առողջացնել։ Առողջ լինելը ձե՛ր պատասխանատվությունն է։ Բոլորին մաղթում եմ խաղաղ երկինք, ամուր առողջություն և երկարակեցություն: Բարին ընդ ձեզ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Հեղինե Թորոսյան
«Ճիշտ սնվելու արվեստը պետք է մտնի մեր կենսակերպ»
Ժամանակակից աշխարհն այսօր նորագույն մոտեցումների և ծրագրերի ներդրման ճանապարհով է ընթանում` հատկապես բժշկագիտության ոլորտում բուժծառայությունները դարձնելով առավել արդյունավետ: Թեև Հայաստանը փոքր երկիր է և տնտեսական հզորություններով չի կարող հավասարվել զարգացած երկրներին, սակայն ձգտում է համընթաց քայլել արդի զարգացումներին` ինչպես բուժծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ որակյալ կադրերի պատրաստման գործում:
Ընդհանրապես, ցանկացած շփում ենթադրում է երկկողմանի պատասխանատվություն: Իսկ բժշկի պատասխանատվության չափաբաժինն ավելի մեծ է: Ինչու՞: Որովհետև նա ավելի կոմպետենտ է և պետք է այնպես տանի զրույցը, որ հիվանդն իրեն առավել պաշտպանված և ապահով զգա: Հիվանդը տագնապած է, մտահոգ իր առողջական վիճակով ու հետևաբար` ավելի խոցելի: Սա ոչ թե մեթոդ է, այլ` պարզապես սրտացավություն: Եթե բժիշկն իրապես, զուտ մարդկայնորեն շահագրգռված չէ իր հիվանդների անձով, նրանց բուժմամբ, ապա ոչ մի մեթոդ չի փրկի: Իսկ եթե նա իսկապես կարեկից է, ուշադիր և զգայուն, ապա առանձնակի մեթոդների կիրառման կարիք չի լինի: Դա ենթադրում է, որ նա արժևորում է իր բուժառուին`անկախ նրա սոցիալական կարգավիճակից, արժեհամակարգից, կրոնական պատկանելությունից: Բոլոր բուժառուները հավասար են և հավասարաչափ կարևոր:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Թերապիայի կլինիկայի, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի և INVITRO բժշկական ցանցի գաստրոէնտերոլոգ Հեղինե Թորոսյանը: Իսկական բժիշկը նա է, ով ոչ մի դեպքում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա: Հենց այդպիսին է ժպտադեմ, բարեհամբույր բժշկուհին, որը բավականին բանիմաց է, փորձառու իր մասնագիտության մեջ: Ինչ խոսք, նրա կերպարը հարուստ է տարբեր նրբերանգներով, որոնց մեջ ամենացայտունը անսահման բարությունն ու լավատեսությունն է, որը նա սփռում է իր շուրջը: Բժշկուհին մարդկային լավագույն որակների կրողն է` օժտված կնոջը բնորոշ նուրբ և փխրուն հատկություններով:
Ի դեպ, վերջերս Հեղինե Թորոսյանը «Որակի նշան» ընկերության կողմից «Տարվա գաստրոէնտերոլոգ» անվանակարգում արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկուհուն և մաղթում նորանոր նվաճումներ իր ընտրած բարդ և կարևորագույն մասնագիտության մեջ:
-Բժշկուհի, ի՞նչ վարակ է Helicobacter pylori-ն՝ հելիկոբակտեր պիլորին:
-Ցանկացած օրգանիզմում առկա է հելիկոբակտր, բայց քիչ քանակությամբ, որը վերահսկելի է, բայց գալիս է մի պահ, որ այն, այսպես ասած, գլուխ է բարձրացնում և սկսվում է իր ախտաբանությունն ի ցույց դնել։ Բուժառուները նշում են բերանի խոռոչում թթվայնության առկայություն, այրոցի զգացում, դիսկոնֆորտ, ընդհանուր ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ, բայց ամենասարսափելին ի հայտ է գալիս հետո, երբ հելիկոբակտերը առաջացնում է խոց, իսկ խոցից հետո արդեն օնկոլոգիա՝ քաղցկեղ։ Այն քաղցկեղածին է, դրա համար հայտնաբերման դեպքում անմիջապես անցնում ենք բուժման։ Հայաստանում այն բավականին արդիական խնդիր է, շատ տարածված է, որի բուժման համար կան հատուկ ստանդարտներ, դրա համար շատ բուժառուների հորդորում ենք ուղղակի անտիբիոտիկներ և ջերմիջեցնող դեղորայքային միջոցներ չընդունել:
Արտաքին (էկզոգեն) գործոններից ամենահաճախակի հանդիպողը հակաբակտերիալ գործոնն է: Շատ հաճախ հակաբիոտիկների անհիմն կամ անգամ հիմնավորված օգտագործումը բերում է աղիների ներքին նորմալ կազմության խախտման, առաջանում են միկրոֆլորայի քանակական փոփոխություններ՝ բիֆիդո և լակտոբակտերիաների պակասում, իսկ ախտածինների՝ ավելացում:
Միկրոֆլորայի խախտումը կարող է առաջանալ նաև սննդային գործոնի հետևանքով, սակայն այս դեպքում հեշտորեն է վերականգնվում:
Ներքին (էնդոգեն) գործոններից են Կրոնի հիվանդությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, ուռուցքային հիվանդությունները, ճառագայթային թերապիան, որոնք ևս կարող են առաջացնել աղիների նորմալ միջավայրի խաթարում:
Հորդորում ենք անիմաստ չընդունել հակաբիոտիկներ, խնդրում եմ նաև ատամնաբույժներին չնշանակել հակաբորբոքային դեղամիջոցներ և նշանակել այլ դեղամիջոցներ: Կլավիտրոմիցինի հետ այսօր կա օրգանիզմի բավականին ընտելացում, այսինքն` շատ կիրառումից արդեն իր ազդեցությունը կորցնում է։
-Ի՞նչ է պոլիպը:
- Պոլիպը աղիի պատում, ստամոքսում, լեղապարկում և այլ օրգան համակարգերում տարբեր տեղակայմամբ ի հայտ եկող բարորակ գոյացություն է։ Բայց երբ պոլիպն անընդմեջ բորբոքվում է, գրգռվում է, այն կարող է դառնալ չարորակ։ Իրականում ստամոքս-աղիքային համակարգը տարբերվում է նրանով, որ օնկոլոգիան բավականին ուշ փուլերում է արտահայտվում, երբ ցավոք, արդեն տարածվածություն ունի։ Պոլիպի ժամանակ հնարավոր է կղանքում լինի լորձ, արյուն։ Պետք է հետևողական լինել` նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկի։
-Լյարդի և լեղապարկի խնդիրների առկայության դեպքում ինչպե՞ս են ցավային սինդրոմներն ի հայտ գալիս։
-Իրականում լյարդը նյարդավորում չունի, և 60- 70 տոկոս ախտահարման դեպքում նոր այն ունենում է կլինիկական դրսևորումներ։ Երբ առաջացած խնդիրները երկարատև են լինում, ապա հաջորդում են քրոնիկ հիվանդությունները: Ցավային սինդրոմը ի հայտ է գալիս լյարդի կապսուլայի ձգման դեպքում, այսինքն` չափերով մեծանում է, սեղմման զգացում է լինում։
Լեղապարկը հայ հասարակության թույլ օղակն է` մեր սխալ սննդակարգի արդյունքում բախվում ենք խնդրի։ Լեղապարկը կարող է ուղղակի լինել անատոմիորեն ձևափոխված, կարող է լինել քարերի առկայություն, բորբոքային պրոցես` նորմալ չկատարելով իր ֆունկցիան, իրականում տարբեր ախտանիշներ կարող են գլուխ բարձրացնել. հիմնականում կանանց մոտ ծննդաբերությունից հետո էստրոգենների բարձր մակարդակի ֆոնի վրա առաջանում են քարեր, բայց եթե քարերը լինում են մինչև 5մմ, դա մենք կարողանում ենք դեղորայքային բուժմամբ վերացնել։ Իսկ արդեն եթե չափերով մեծ է քարը կամ փոքր է, բայց խցանում է լեղուղին, դա ավելի լուրջ խնդիր է։ Ամենակարևորը պետք է վարեն ճիշտ սննդակարգ. ճիշտ սնվելու արվեստը պետք է մտնի մեր կենսակերպ, մանկապարտեզից և դպրոցից պետք է երեխային սովորեցնել ճիշտ սնվելու արվեստը:: Միրգը, քաղցրը չի կարելի խառնել հիմնական սննդի հետ, հեղուկը պետք է ընդունել հիմնական սննդընդունումից 15 րոպե առաջ և 1 ժամ հետո։ Միրգը, օրինակ, պետք է օգտագործել որպես առանձին սնունդ և ընդունել մինչև ժամը 4-ը, քանզի պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, որի մարսումը դժվարությամբ է կատարվում, այսինքն` ընդունել մինչ ճաշիկ, ոչ թե` դեսերտ, բացառել գազավորված ըմպելիքները. եթե շատ եք ցանկանում, ուղղակի ընդունեք մեր հանքային ջուրը, բայց ոչ ուժեղ գազով:
-Ի՞նչ է աղիների միկրոբիոմը:
-Աղիների միկրոֆլորան բազմաբաղադրիչ էկոհամակարգ է: Աղիներում ապրում են բավականին միկրոօրգանիզմներ, որոնցից յուրաքանչյուրն իր կարևոր և ուրույն դերակատարումն ունի և՛ աղիներում, և՛ ընդհանրապես օրգանիզմում: Նորմալ աղիքային միկրոֆլորայի ձևավորումն սկսվում է մարդու ծննդյան պահից: Դա վերաբերում է բիֆիդոլակտոբակտերիաներին և այլ միկրոօրգանիզմներին: Բայց միկրոֆլորան վերջնականապես ձևավորվում է տարիների ընթացքում:
Նախկինում այն նաև ընդունված է դիսբակտերիոզ անվանումով։ Աղիները իրականում բաղկացած են լավ և վատ միկրոֆլորայից. այդ լավ միկրոֆլորան երբ որ ընկճվում է, գլուխ է բարձրացնում վատ միկրոֆլորան, որի ժամանակ կատարվում է կղանքի հետազոտություն: Մեզ համար այլընտրանքային հետազոտության տարբերակը այս դեպքում բիոպսիան է. հենց աղու պատից կատարվում է բիոպսիան, որի եզրակացությունից կախված` պլանավորվում են բուժմոտեցման տարբերակները։
Ցավոք, պետք է նշեմ, որ կովիդից հետո բավականին խնդիրներ գլուխ են բարձրացրել` լակտազայի անբավարարությունը, կաթնամթերքի նկատմամբ անտանելիությունը, և հետազոտությունների արդյունքում բավականին առկա է այդ գենը։ Ամենատարածված ախտանշաններն են որովայնի վքնածությունը, որովայնում կծկումները և դիարեան: Երբ օրգանիզմը չի կարողանում մարսել կաթնաշաքարը, ի հայտ են գալիս վերը նշված ախտանշանները:
Եթե խնդիրը երկրորդային է, այն հնարավոր է վերացնել՝ բուժելով դրա հիմնական պատճառ հիվանդությունը:
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը: Դրա պատճառը ֆերմենտային անբավարարությունն է:
Նորմալ աղիքային միկրոֆլորայի շնորհիվ տեղի է ունենում սննդի մարսումը, վիտամինների, միկրոտարրերի յուրացումը, նպաստում են վիտամինների սինթեզին, թունազերծմանը, որի շնորհիվ կանխվում է տոքսինների ներմուծումն օրգանիզմ, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը:
Սակայն հաճախ էկզոգեն և էնդոգեն որոշ գործոնների հետևանքով օրգանիզմում տեղի են ունենում գործընթացներ, որոնց արդյունքում խաթարվում է աղիների նորմալ միկրոֆլորայի գործունեությունը: Նման դեպքերում գլուխ է բարձրացնում ախտածին միկրոֆլորան, զարգանում է դիսբիոզ կամ դիսբակտերիոզ: Դիսբակտերիոզը հիվանդություն չէ, այն համարվում է համախտանիշ՝ օրգանիզմի մի վիճակ, որն առաջանում է արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ, երբ խանգարվում են սննդի նեխման, խմորման, թունազերծման, դետոքսիկացիոն գործընթացները:
Երբ աղիներում նորմալ վիճակում սննդի քայքայում է ընթանում, արդյունքում արտադրվում են որոշ քանակի թունավոր նյութեր, և այդ թունավոր նյութերն առաջանում են մեծ քանակությամբ, որը բերում է կլինիկական ախտանշանների արտահայտման՝ մաշկային ցանավորումներ (եղնջացան, ակնե և այլն): Դիսբակտերիոզի դեպքում կլինիկորեն կարող են արտահայտվել տհաճ զգացողություն աղիներում, վքնածություն, գազերի կուտակում, աղիների անկանոն գործունեություն՝ լուծ, փորկապություն:
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է: Պետք է մեր սննդակարգը համակարգել մանկապարտեզից սկսած. չի կարելի երեխաներին կերակրել և անմիջապես քնեցնել, պետք է նվազագույնը 30 րոպե քայլել, նոր պառկել քնելու։ Քիչ չափաբաժիններով շուտ-շուտ ուտելը ամենալավ սննդակարգն է մեր օրգանիզմի համար։ Ստամոքս-աղիքային տրակտի շատ հիվանդություններ ունեն նեյրոգեն ծագում։ Մենք թիմային աշխատանք ենք տանում նաև հոգեթերապևտների հետ։
-Ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Ցավոք, իշեմիկ հիվանդությունը, տարբեր օրգան համակարգերի քաղցկեղը, Քովիդի համավարակից հետո բավականին հաճախ են հանդիպում լակտազային անբավարարությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը: Ես ուղղակի մեր հասարակությանը խորհուրդ կտամ միայն ժամանակին դիմեն բժշկի։ Դիմեք նախ առաջնային օղակին` պոլիկլինիկաներին, ստացեք առաջնային բուժօգնություն, որից հետո ձեզ կուղղորդեն համապատասխան նեղ մասնագետի մոտ։
-Ձեր արմատներում արդյոք կա՞ն բժիշկներ։
-Հորաքույրս ակնաբույժ է, բայց ուղղորդող չի եղել ինձ, ես ուղղակի շատ էի սիրում քիմիա առարկան և դիմեցի բժշկական համալսարան. դժվար ճանապարհ եմ անցել, բայց կարողացել եմ ինքս ինձ վրա աշխատել: Ես նախապես ընտրել էի վիրաբուժությունը, լինելով ուսանող, աշխատելով այդ ոլորտում 3 տարի, ունեցել եմ հրաշք ղեկավար` Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար վաղամեռիկ Ստեփան Սուրենի Հովհաննիսյանը, ով մտահոգված էր, որ ես, ընտրելով վիրաբուժության ոլորտը, ինքնամոռաց կնվիրվեմ իմ աշխատանքին և ինձ կմոռանամ, հորդորեց ընտրել այլ նեղ մասնագիտացում, որը նման է վիրաբուժությանը: Որոշեցի ապագայում գաստրոսկոպիայով զբաղվել, որը վիրաբուժությանը մոտ էր: Որոշ ժամանակ անց ինձ համար բացահայտեցի գաստրոէնտերոլոգիան, որը նաև ինձ համար ավելի հետաքրքիր դարձրեց իմ ավագ ընկեր, իմ ղեկավար պրոֆեսոր Ալեքսանդր Արտեմի Այվազյանը, ում շատ շնորհակալ եմ: Իսկ դուստրերիս դեպքում փոքր տարիքից որոշում էին կայացրել ընտրել բժշկության ոլորտը, սակայն արդեն 5 տարեկանում փոքր դուստրս գիտակցեց բժշկի մասնագիտության դժվարությունները, և հետ կանգնեցին բժիշկ դառնալու որոշումից։ Նա նախընտրեց IT ոլորտը, իսկ մեծ աղջիկս, որ դեռ 12 տարեկան է, շատ հեշտ ընդունում է ցանկացած լեզու, սակայն դեռ ուղղվածությունը դեռ չի ընտրել։
-Այս տարի «Տարվա գաստրոէնտերոլոգ» անվանակարգում արժանացաք մրցանակի, ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս այդպիսի մրցանակները բժիշկներին։
- Իրականում նման մրցանակները ոգեշնչող են, պարտավորեցնող, և շատերի համար բժշկի աշխատանքը բացահայտված չէ, ինչու չէ, նման մրցանակաբաշխությունները բերում են նաև ճանաչելիություն։
- Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կցանկանաք հասարակությանը:
- Եթե անկեղծ լինեմ, ապա հասկանալի է, որ տարբեր, նույնիսկ սոցիալական պատճառներից ելնելով`շատերը մեզ դիմում են արդեն շատ ուշ, բարձիթողի վիճակներում, երբ արդեն մեր օգնությունը բավականին բարդանում, դժվարանում է: Բնական է, շատ ավելի հեշտ և քիչ ծախսատար է, երբ դիմում են ժամանակին`առաջին իսկ խնդիրների առկայության դեպքում: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, դա արդեն դառնում է ամենահզոր շարժիչ ուժը: Կցանկանամ, որ ամեն ոք լինի իր տեղում, բուժառուներն էլ ժամանակին դիմեն բժշկի, որպեսզի կարողանանք ժամանակին և ճշգրիտ բուժօգնություն ցուցաբերել, չդիմեն արդեն քրոնիկ դեպքերով։ Եվ ես կցանկանամ, որ մեր հասարակությունը հավատա բժիշկներիս, անկեղծ լինի մեզ հետ: Իսկ բժիշկներս էլ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի փոխադարձ վստահություն, հավատարմություն լինի, որի դեպքում միայն կհասնենք լավագույն արդյունքների: Կարծում եմ՝ ամենակարևորը մարդու գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով: Եղեք առողջ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Կարեն Համբարձումյան
«Մարդ արարածն իր արժանի գնահատականը պետք է սպասի և ստանա Աստծուց»
Այսօր ինվազիվ սրտաբանությունը ոլորտի առաջատար, պահանջված և արագ զարգացող ուղղություններից է:
«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում այս ոլորտի զարգացման մեջ։ Տարիների ընթացքում կենտրոնն անընդհատ զարգացել է և հասել նոր բարձունքների` տարեցտարի սահմանելով զարգացման ավելի ու ավելի բարձր նշաձող: Կենտրոնի թիմն իր աշխատանքը կատարում է սիրով՝ երբեք չզլանալով անել հնարավորն ու անհնարինը՝ պատշաճորեն սպասարկելու իր բուժառուներին և ապահովելու բարձրակարգ բուժօգնություն: Բուժկենտրոնում կան բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմը, և գրագետ կառավարման շնորհիվ, անգամ բարդացած դեպքերում, բազմաթիվ կյանքեր են փրկվել։
Մեր զրուցակիցն է ինտերվենցիոն սրտաբան, «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը:
Ոչ միայն բժշկության մեջ, այլև մեր կյանքի բոլոր ոլորտներում մարդը երբևէ հասնում է մի հանգրվանի, որից հետո մասնագիտական առաջընթացը նոր մոտեցում է պահանջում, նոր թիմային զարգացում, նոր խնդիրներ առաջադրում: Երբ կոչումն ու նվիրումը միաձույլ են դառնում, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Այդպիսին է Կարեն Համբարձումյանի գործն ու կենսագրությունը: Նրա շնորհիվ տեղայնացվում է միջազգային փորձը, և հարյուրավոր հիվանդներ գտնում են առողջացման ճանապարհը: Իրականում, երբ կա նպատակ, որում ներդրված է անսահման մարդասիրություն, նվիրվածություն, բարություն, ազնվություն, ցանկացած խոչընդոտ հաղթահարելու կամք և աջակցող մարդիկ, ամեն բան հնարավոր է:
Վերջերս պարոն Համբարձումյանը «Տարվա ինվազիվ սրտաբան» անվանակարգում «Որակի նշան» ընկերության կողմից արժանացավ մրցանակի: Շնորհավորում ենք բժշկին և մաղթում նորանոր ձեռքբերումներ իր ընտրած բարդ և մարդասիրական մասնագիտության մեջ:
-Պարոն Համբարձումյան, ի՞նչ է խաչմերուկային ստենտավորումը, և ո՞ր դեպքերում է այն ցուցված։
-Խաչմերուկային կամ բժշկական տերմինաբանությամբ բիֆուրկացիոն ստենտավորմանը նախկինում` մոտավորապես 15 տարի առաջ, փոխարինում էին և հիմնականում ցուցված էին սրտի բաց վիրահատությունները, քանզի նախկինում տեխնիկական հագեցվածության աստիճանը այնպիսին չէր, ինչպիսին այսօր է: Տեխնիկական զարգացվածության առաջընթացին զուգահեռ, այսօր կարելի է ասել, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում խաչմերուկային ախտահարման բոլոր տեսակները ստենտավորվում են։ Այսօր մեր կենտրոնն ունի գերհագեցած տեխնիկական բազա, մշակված տարբեր տեխնիկական մեխանիզմներ, որոնց արձանագրած արդյունքներն արդեն ապացուցված են: Մեր գիտահետազոտական մեծ բազան հաստատել է, որ հենց խաչմերուկային ստենտավորումը երկարատև և արդարացված դրական արդյունք է տալիս։ Խնդիրն այն էր, որ ստենտավորումներ կային, որոնցից հետո հնարավոր էր` հիվանդությունները նորից գլուխ բարձրացնեին, բարդություններ առաջանային, սակայն տեխնիկական հնարավորությունների շնորհիվ մեր կենտրոնում, թող չափազանցություն չթվա, ամսական մոտավորապես 50-60 նման բարեհաջող ելքով միջամտություններ են իրականացվում:
-Այսօր այլևս հնարավո՞ր է զերծ մնալ բաց վիրահատական միջամտություններից և մեկ ստենտավորմամբ կյանքեր փրկել։
-Իրականում ինտերվենցիոն սրտաբանությունը երիտասարդ բժշկական ճյուղ է։ Հայաստանում այն ունի մոտավորապես 25 տարվա, իսկ ամբողջ աշխարհում` 30 տարվա պատմություն։ Եթե կորոնար ախտահարումների դեպքերի 80 տոկոսը նախկինում բաց վիրահատական միջամտությամբ էին իրականացվում, և միայն 20 տոկոսը ստենտավորվում, ապա այս տարիների ընթացքում,գիտության զարգացմանը զուգընթաց, այդ թվերն իրար տեղերով փոխարինել են, կարելի է ասել` լրիվ հակառակ պատկերն է՝ 80 տոկոսը ստենտավորվում են, և 20 տոկոս դեպքերում ենք դիմում բաց վիրահատությունների։ Կուզեմ ավելացնել, որ կենտրոնը չի խուսափում նաև սրտի բաց վիրահատություններից, և կորոնար զարկերակների ծանր ախտահարումների ժամանակ մենք խորհրդակցում ենք նաև մեր բանիմաց սրտային վիրաբույժների հետ, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում մեր կենտրոնի ժամանակակից և հագեցված սրտային վիրաբուժության սրահում։
-Այսօր «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը նոր ասելիք ունի՞ ինվազիվ սրտաբանության ոլորտում։
-Չափազանցություն թող չլինի իմ կողմից ասվածը, բայց կարող եմ վստահորեն ասել, որ մեր բուժկենտրոնն իր ուսերին վերցրել է մեծ պատասխանատվություն` լինել առաջատարը ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում նորարարությունները Հայաստան ներմուծելու հարցում։ Մենք ամեն տարի փորձում ենք ինտերվենցիոն սրտաբանության միջազգային նորամուծությունները զարգացնել մեր երկրում, այս դեպքում՝ մեր կենտրոնում։ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում արդեն երկար տարիներ է, ինչ կիրառության մեջ են մտել նորագույն մեթոդները։ Նախկինում սիրտը սնուցող անոթը նկարվում էր, վիզուալ գնահատում էինք նեղացման աստիճանը, ենթադրենք` 70-80 տոկոս, և եզրակացության էինք գալիս, որ բուժառուին անհրաժեշտ է ստենտավորվում, իսկ եթե արձանագրվում էր 40-50 տոկոս, այդ դեպքում կարիք չկար ստենտավորման։ Բայց այսօր գիտությունը մեծ զարգացում է ապրում, կան հատուկ մեթոդներ, օրինակ` արյան հոսքի ֆրակցիոնալ ռեզերվի որոշումը՝ նույն ինքը FFR հետազոտությունը, որի միջոցով կարողանում ենք գնահատել` արդյոք նշված նեղացումը առաջացնում է սրտամկանի սնուցման խանգարում: Քանի որ կարող են լինել դեպքեր, երբ տեսանելի նեղացումը չի առաջացնում սրտամկանի սնուցման խանգարում, այդ դեպքում կորոնար ստենտավորումը կլինի առանց ցուցումի և հակառակը: Կիրառում ենք նաև ներանոթային տոմոգրաֆիա` նույն ինքը OCT հետազոտություն։ Վերջինս հատուկ հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորացված գնահատել անոթի նեղացման պատճառը, օրինակ` աթերոսկլերոտիկ վահանի՞կն է, ծանր կալցիֆիկացիա՞ն, թե կորոնար զարկերակի շերտազատումը՝ նույն ինքը դիսսեկցիան, կամ թրոմբը։ Այս 2 հետազոտությունները Հայաստանում ակտիվորեն կիրառվում են միայն մեր կենտրոնում, նրանք մեզ հնարավորություն են տալիս ավելի վստահ կատարել սիրտը սնուցող զարկերակների ստենտավորումները` խուսափելով անցանկալի բարդություններից և ամենակարևորը՝ աշխատել միջազգային ուղեցույցներին համապատասխան։ Նրանք մեծ դեր ունեն մեր կենտրոնում միջամտության մարտավարությունը ընտրելու հարցում, քանի որ տարբեր ախտահարումների ժամանակ մեր մարտավարությունը տարբեր է։
Օրինակ, եթե անոթը քրոնիկ փակ է՝ կալցիֆիկացված, ապա հնարավոր է` չկարողանանք սովորական բալոնային անգիոպլաստիկայով խնդիրը լուծել։ Պետք է կատարվի հատուկ ներանոթային լիտոտրիպսիա՝ հատուկ բալոնների միջոցով (Shockwave) ճեղքել տարիների ընթացքում կուտակված կալցիֆիկատը՝ վերականգնելով անոթի հոսքը: Նմանատիպ դեպքերում կիրառվում է նաև Ռոտաբլատոր, ինչը տաշում է տարիների ընթացքում կուտակված կալցիումը` բացելով անոթի հոսքը, որը հնարավորություն է տալիս մեզ անհրաժեշտ գործիքները անցկացնել սիրտը սնուցող անոթի մեջ և կատարել կորոնար ստենտավորում՝ ներանոթային փակ եղանակով՝ շրջանցելով սրտի բաց վիրահատությունը: Միջամտության հաջորդ օրը հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից: Ընդ որում, կցանկանամ ավելացնել, որ վերը նշված լիտոտրիպսիայի բալոնները կիրառվում են միայն մեր կենտրոնում: Դրանց միջոցով քրոնիկ փակ, կալցիֆիկացված անոթների հարցը լուծելի է դառնում:
Վերը նշված նոր մեթոդները կիրառվում են նաև նախկինում ստենտավորված անոթի վերանեղացման ժամանակ, երբ անհրաժեշտ է տեղադրել դեղապատ բալոն, կամ նախկինում տեղադրված ստենտը ճշգրիտ տեղում չէ և բազմաթիվ այլ դեպքերում:
Ամբողջ աշխարհում արդեն մեծ տարածում ունի վիզուալիզացիոն ստենտավորվումը, այսինքն` տեսնես, թե ո՞րն է խնդիրը, ինչն է անոթի նեղացման պատճառը, մորֆոլոգիան, ապա նոր իրականացնես ստենտավորում, քանզի առանց այդ հետազոտությունների, 40 տոկոսով քչանում է ստենտավորման արդյունավետությունը։ Եվ մեր բժշկական կենտրոնը ներդրել է այդ բոլոր նորագույն մեթոդները։
-Անցյալ տարի դեկտեմբերին ձեր կենտրոնում վիրահատական միջամտություն իրականացրեցիք աշխարհահռչակ պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիի հետ, մի փոքր կմանրամասնե՞ք համագործակցության արդյունքների մասին։
-Մենք զարգացնում ենք քրոնիկ փակ անոթների բացման ուղղությամբ մեխանիզմները։ Այսինքն՝ եթե բուժառուն տարիներ առաջ ինֆարկտ է տարել, անոթը փակվել է, կարծրացել է այդ հատվածը։ Եթե նախկինում նման հիվանդներին միայն բաց վիրահատություն էր ցուցված, ապա այսօր արդի գիտությունը զարգացել է, և կատարվում է քրոնիկ փակ անոթի բացում (կենսունակ մկանի պարագայում) ներանոթային փակ եղանակով, որի հիմնադիրներից մեկը հենց իտալացի պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսին է: Երկար տարիներ է, ինչ համագործակցում ենք նրա հետ` հատուկ տեխնիկայով և հատուկ մեթոդներով: Մենք կատարում ենք փակ անոթների վերաբացում, որը նախկին՝ ստանդարտ եղանակով հնարավոր չէ: Մասնավորապես, եթե աջ համակարգում զարկերակը խցանվել է՝ ձախ համակարգից մանր մազանոթները սկսում են արյուն մատակարարել փակված սեգմենտում՝ պաշպանելով այն վերջնական մեռուկացումից, և սրտամկանն ամբողջությամբ չի մահանում։ Իհարկե, բնական հոսքը մեծ տրամագծով անոթով ավելի նախընտրելի է, քան մանր մազանոթների կոլատերալ ցանցով, հետևաբար այդ դեպքերում առաջանում է հին փակված անոթը բացելու անհրաժեշտություն։ Ռետրոգրադ և անտերոգրադ տեխնիկայով քրոնիկ օկլյուզիաների բացման վիրահատությունները ստանդարտ վիրահատություններ չեն, որովհետև երբեմն հնարավորություն չի լինում բնական ուղիով բացել փակ անոթը։ Այն հակադարձ ճանապարհով գործողություն է, որը, իմ կարծիքով, ստենտավորումների շղթայում բարդագույն վիրահատություններից է։ Այն այսօր կատարվում է ամբողջ աշխարհում, և փառք Աստծո, մենք այն նույնպես իրականացրել ենք: Արդեն, կարելի է ասել, տարեկան կտրվածքով մոտավորապես կատարում ենք շուրջ 100-150 բարեհաջող նման վիրահատություն։ Եվ նման խնդրով բուժառուների հետ աշխատելը մեր ամենօրյա գրաֆիկում ներառված է։
Մեր կենտրոնում աշխարհի մակարդակով ստենտավորման բոլոր տեսակները բարձր արդյունավետությամբ իրականցվում են ամենօրյա ռեժիմով։ Անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ վերջերս չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ցուցված լինի ստենտավորվում, և մենք թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական պատճառներով հրաժարվենք կորոնար ստենտավորումից:
-Հասարակության մեջ կա տարածված կարծիք, որ ստենտը կարող է «պոկվել». դա մի՞ֆ է, թե՝ իրականություն։
-Միանշանակ դա թյուր կարծիք է, նման բան գոյություն չունի: Երբ ստենտը տեղադրվում է կորոնար զարկերակի մեջ, այն ֆիքսվում է անոթի պատին, և անհնար է ու բացառվում է, որ տեղաշարժվի։
Եթե արդեն գրանցվել է իշեմիկ հիվանդություն, առկա է 3 բուժմոտեցում` դեղորայքային, ստենտավորում և բաց վիրահատություն՝ շունտավորման եղանակով։ Ոչ մի բժիշկ չի կարող երաշխավորել, որ սրտի անոթների ստենտավորումից հետո պացիենտը զերծ կմնա հիվանդության հետագա զարգացումից և դրանից առաջացող բարդություններից, քանի որ կորոնար ստենտավորումը բացում է միայն խցանված անոթը՝ վերականգնելով սրտամկանի սնուցումը, իսկ բուն սրտի իշեմիկ հիվանդության պատճառը աթերոսկրելոզն է՝ խոլեստերինի մակարդակի խանգարումը։ Հետևաբար ցուցված է, որ հիվանդը պետք է իրեն հետևի, չծխի, հրաժարվի ալկոհոլից, մեր կողմից նշանակված դեղորայքային բուժումը կիրառի, վարի առողջ ապրելակերպ: Եթե շաքարային դիաբետ, խոլեստերին և բարձր ճնշման խնդիր ունի, հետևի իրեն, որպեսզի ստենտավորումից հետո կայուն վիճակը երկարատև լինի. չեմ բացառում, որ շատ բան կախված է նաև մասնագիտական թիմի պատրաստվածությունից: Մենք բուժառուներին նախազգուշացում ենք, որ ստենտավորմամբ իրենք չեն ձերբազատվելու հիվանդությունից, աթերոսկլերոզից, այլ հետագա վտանգն ենք հեռացնում՝ «վտանգավոր» հիվանդից դարձնում «անվտանգ» հիվանդ։ Իհարկե, հավանականությունը բարձր է, որ չի կրկնվի, եթե հետևի մեր կողմից տրված ցուցումներին և լինի սրտաբանների դինամիկ հսկողության ներքո: Այս դեպքում ոչ թե ստենտը իր գործառույթը կորցնում է, այլ հիվանդությունն է նորից գլուխ բարձրացնում, և այդ հատվածը նորից նեղանում է։ Ես ասեմ, որ մենք հանրապետությունում նաև եզակի եք այն առումով, որ հանդիսանում ենք «Biotronik» աշխարհահռչակ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այս ընկերության «Magmaris» նաև «Freesolve» լուծվող ստենտները լավագույն արդյունքներն են տալիս ամբողջ աշխարհում։
Ի՞նչն է այս ստենտի առավելությունը։ Այն նման չէ մեր իմացած լուծվող ստենտներին, լրիվ ուրիշ տեխնոլոգիա է, ուրիշ արդյունքներ։ Նախ՝ այն պահում է անոթի վազոմոտոր ֆունկցիան։ Անոթն օրգան է, որը լայնանում, թուլանում է։ Երբ մետաղական ստենտ է տեղադրվում, այն քարացած մնում է, իսկ այս ստենտի դեպքում մեկ տարվա ընթացքում լուծվում է, դուրս է գալիս, և անոթն իր էլաստիկությունը, կծկողականությունը պահպանում է, ինչը բժշկության մեջ կոչվում է վազոմոտոր ֆունկցիա: Այս ստենտները ևս մեկ առավելություն ունեն։ Ստենտավորման ժամանակ հնարավոր բարդություններից է ստենտ թրոմբոզը, երբ մետաղական ստենտը խցանվում է թրոմբով։ Այս բարդության հավանականությունը 5-8 տոկոս է: Ստենտ թրոմբոզը շատ ծանր և կյանքին վտանգ սպառնացող բարդություն է։ Այն կարող է առաջանալ օրինակ ստենտի սխալ տեղադրումից, սակայն ներանոթային վիզուալիզացիայի մեր գործիքները հնարավորություն են տալիս գնահատել՝ արդյոք ստենտը ճիշտ է տեղադրված, թե՝ ոչ՝ խուսափելով նման ծանր բարդություններից: Վերը նկարագրված ստենտների դեպքում թրոմբոզի առաջացման հավանականությունը զրո է։ Այն ունի ևս մեկ առավելություն, եթե մետաղական ստենտի պարագայում կորոնար շունտավորումը տվյալ հատվածում անհնար է լինում, լուծվող ստենտների դեպքում այս խնդիրը բացակայում է: Այլ հարց է, որ տարիների ընթացքում կարող է ստենտը վերանեղանալ, խցանվել, և կրկին դրա մեջ երկրորդ ստենտի տեղադրման կարիք լինի։ Ասեմ, որ նման դեպքերում հին ստենտը չի հեռացվում, այլ տեղադրվում է նորը, որը 9 ամիս հետո դառնում է մարմնի, օրգանիզմի ամբողջություն։
Նշեմ, որ «Biotronik» ընկերության արտադրության մեջ կան նաև «Orsito Mission» կոչվող դեղապատ հատուկ ստենտներ, որոնք իրենց տեսակով առանձնանում են նրանով, որ ամենաբարակն են, ինչը մեզ հնարավորություն է տալիս միջամտություններ իրականացնել նաև փոքր տրամաչափի անոթների վրա: Այս դեղապատ ստենտները բազմաթիվ առավելություններ ունեն։ Երկու մեխանիզմով են աշխատում, որոնցից մեկն էլ այն է, որ ստենտը երկու կոմպոնենտ ունի՝ ակտիվ և պասիվ, ի տարբերություն մնացած ընկերությունների ստենտների։ Հատվածներ կան, որտեղ մյուս ստենտները չես կարող անցկացնել, անոթները նեղացած են, իսկ այս ստենտի ճկունությունը մեզ առավելություն է տալիս ստենտը տեղադրել անոթի դժվար անցանելի հատվածներում (ծռմռվածություն, ծանր կալցիֆիկացված անոթներ, խաչմերուկային հատվածներ և այլն): Իրականում ստենտի հաստությունը մեծ կապ ունի հիվանդության կրկնության հետ։ Ինչքան բարակ է այն, այնքան քիչ է ստենտի վերանեղացման հավանականությունը:
-Որոն՞ք են ինֆարկտի նախանշանները։
-Սրտամկանի ինֆարկտը կամ մեռուկացումը սրտի իշեմիկ հիվանդության կամ սրտի քաղցի հիվանդության վերջնական էտապն է, երբ անոթը լրիվ փակվում է, առաջանում է սրտամկանի սնուցման խանգարում, և եթե ժամանակին չիրականացվի կորոնար անոթի վերաբացում, ապա այդ հատվածում առաջանում է մեռուկ։ Սրտամկանը նշված հատվածում կորցնում է իր կծկողական ֆունկցիան ինչը հետագայում կարող է բերել ծանր սրտային անբավարարության, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների և այլն: Նախանշաններն են՝ կրծքավանդակում սեղմող, ճնշող բնույթի ցավեր, շնչարգելություն, ուսերի, թիկունքի, ստորին ծնոտի ցավեր: Կրծքավանդակի ցանկացած գանգատի դեպքում, հատկապես տղամարդկանց մոտ, եթե հիվանդը ռիսկային գոտում է, ունի բացասական գենետիկա, տարիքային շեմը 30 և բարձր է, անամնեզում գրանցված է շաքարային դիաբետ, զարկերակային բարձր ճնշում, ավելորդ քաշ, պետք է առաջնահերթ դիմել սրտաբանի։ Միայն սրտային պատճառները բացառելուց հետո կարելի է կասկածել մկանային, նյարդային կամ ստամոքսի խնդիր և դիմել համապատասխան մասնագետների: Սխալ է, երբ արդեն ձևավորված ինֆարկտով են դիմում սրտաբանի օգնությանը։ Հորդորում եմ հասարակությանը` կրծքավանդակի վերը նշված ցավերի դեպքում անհապաղ դիմել սրտաբանի օգնությանը։
- Հետազոտությունների նորագույն մեթոդներ կա՞ն սրտաբանության մեջ։
- Այո՛, իհարկե, վերջին շրջանում լայն տարածում են գտել սիրտը սնող անոթների կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիան: Այսինքն, եթե մենք չունենք հստակ փոփոխություններ գործիքային և լաբորատոր հետազոտություններով, որոնք կմատնանշեն սրտի իշեմիկ հիվանդության մասին, միանգամից չենք գնում ավանդական կորոնոգրաֆիայի։ Դիմում ենք կորոնար համակարգչային տոմոգրաֆիայի և կոնտրաստ նյութի կիրառմամբ բավականին ինֆորմատիվ պատկեր ենք ստանում: Կենտրոնում առկա էլեկտրասրտագրության, ԷԽՈ-սրտագրության, Տրեդմիլ-Սթրես թեստի, Տրանսէզոֆագեալ էխոսրտագրության, համակարգչային տոմոգրաֆիայի, հոլտեր մոնիտորինգի, կլինիկո-լաբորատոր և այլ գործիքային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է լինում ցանկացած հիվանդի ցուցաբերել անհատական մոտեցում: Նշեմ նաև, որ կենտրոնում հասանելի են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ նյարդաբաններ, նեֆրոլոգներ, էնդոկրինոլոգներ,գաստրոէնտերոլոգներ,անեսթեիզիոլոգ-ռեանիմատոլոգներ, անոթաբաններ, սրտային վիրաբույժներ և այլն: Վերջիններիս հետ համատեղ աշխատանքի արդյունքում բուժառուները ստանում են լիարժեք խորհրդատվություն և բուժում:
- Հասցնո՞ւմ են ձեր կենտրոնի բժիշկներն անցնել վերապատրաստման դասընթացներ։
- Միանշանակ, բժշկությունն այն ոլորտն է, որտեղ միշտ պետք է ձեռքդ պահես նորարարությունների զարկերակին և երբեք չպետք է մնաս նույն մակարդակին: Ե՛վ մեր երկրում, և՛ երկրի սահմաններից դուրս մեր բժիշկները մասնակցում են մի շարք կոնֆերանսների և անցնում են վերապատրաստման դասընթացներ։
-Ըստ Ձեզ՝ բժշկությունը առաքելությո՞ւն է, թե` կոչում:
-Երևի կդժվարանամ դրանք միմյանցից տարանջատել: Բժշկությունն ինձ համար միանշանակ մասնագիտություն չէ, այլ և՛ առաքելություն է, և՛ կոչում, Աստծո կողմից շնորհված առաքելություն, որը պետք է պատվով իրականացնել։ Եթե մասնագիտություն է, ապա պետք է գրաֆիկով աշխատել, իսկ մեր՝ բժիշկների դեպքում, օրը սկսվում է և չի ավարտվում։ Քանզի, եթե միայն այն ընդունես որպես կոչում, չդարձնելով առաքելություն, մի օր հաստատ կձախողես։
-Պարոն Համբարձումյան, վերջերս «Տարվա ինվազիվ սրտաբան» անվանակարգում արժանացաք մրցանակի: Ըստ Ձեզ` նման մրցանակները ի՞նչ են տալիս բժիշկներին։
-Շատ հաճելի է, երբ աշխատանքը գնահատվում է։ Այն ավելի է ոգեշնչում և պարտավորեցնում, որպեսզի ավելի խանդավառ շարունակես իրականացնել աշխատանքդ։ Ի դեպ, շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին նման միջոցառումների և գնահատականի համար, բայց ասեմ` մարդ արարածը իր արժանի գնահատականը պետք է սպասի և ստանա Աստծուց` իր խղճի չափաբաժնին համապատասխան: Միայն Աստված գիտի քո ներաշխարհի փոթորիկն ու արևածագը: Իրականում միշտ չէ, որ գնահատվում ենք ըստ արժանվույն: Պետք է առաջնորդվել ոսկե կանոնով` ինչ կցանկանաս, որ քեզ անեն, նույնը դու արա դիմացինիդ։ Ինչ տաս, այն էլ կստանաս։
Ես հաստատուն մի համոզմունք ունեմ՝ ապրելու բանաձև, որով էլ առաջնորդվել և առաջնորդվում եմ կյանքում՝ վերևում Աստված կա, և Նա էլ կգնահատի յուրաքանչյուրիս արածը, ու Աստծո առաջ մի օր պատասխան կտա մեզնից յուրաքանչյուրը…
- Որպես մեր զրույցի վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
- Հայաստանում և ողջ աշխարհում սիրտանոթային հիվանդությունների արդյունքում մահացության թիվը բավական բարձր է։ Պատճառները բազմաթիվ են՝ ոչ առողջ ապրելակերպը, հիպոդինամիան՝ նստակյաց կյանքը, ծխախոտի չարաշահումը, գենետիկ նախատրամադրվածությունը և այլն։ 30 տարեկանից բարձր անձինք, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն, գերքաշ, շաքարային դիաբետ, բարձր խոլեստերին, զարկերակային հիպերտենզիա, պետք է գտնվեն սրտաբանի հսկողության տակ, անկախ նրանից՝ գանգատներ ունեն, թե՝ ոչ: Նշեմ նաև, որ ցավոք, երիտասարդներին նույնպես չեն շրջանցում սիրտանոթային խնդիրները. լինում են բնածին արատներ, սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումներ, և գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել սրտաբանի: Իրականում մեր նպատակն է ոչ միայն մեր բուժառուներին բուժելը, այլև` հիվանդությունները կանխարգելելը։ Սա բժշկության մեջ շատ կարևոր ճյուղ է։ Հաճախ հիվանդությունը կարող է այնպես սրընթաց զարգանալ, որ այլևս չկարողանանք բուժառուին ոչնչով օգնել: Այս նորարարությունների դարաշրջանում հորդորս և խորհուրդս մեկն է` պահպանեք և հետևեք ձեր առողջությունը, քանզի ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել. քանզի Աստծո արարածի պես իդեալական և կատարյալ ոչ մի բժիշկ չի կարող առողջություն պարգևել։ Կցանկանամ, որ բժշկի աստվածատուր առաքելությունը մեզնից յուրաքանչյուրը շարունակի կատարել մեծ պատասխանատվությամբ, նույն ջանասիրությամբ ու նույն նվիրումով:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը