Lusine

Lusine

 Կցանկանամ, որ մեր հասարակությունը միշտ ապրի բարեկեցիկ կյանքով և խաղաղ երկնքի տակ                                                  

Ախտաբանությունը (պաթոլոգիան) գիտություն է, որն ուսումնասիրում է հիվանդությունների, ախտաբանական գործընթացների առաջացման պատճառների, զարգացման մեխանիզմների, կառուցվածքային և կենսաքիմիական փոփոխությունների, ընթացքի և ելքի առավել ընդհանուր օրինաչափությունները, պարզաբանում հիվանդությունների հիմք հանդիսացող հիմնական մեխանիզմները: Այսինքն՝ ախտաբանությունը գիտություն է հիվանդության մասին: Ախտաբանությունն ամբողջ բժշկության գիտական հիմքն է, տեսական բժշկության հիմնաքարերից մեկը: Այսպես՝ եթե 19-րդ դարի առաջին կեսին ախտաբանությունն անքակտելիորեն կապված էր միայն երկու առարկաների՝ ախտաանատոմիայի և ախտաֆիզիոլոգիայի հետ, ապա հետագայում ներառեց բժշկագիտության տարբեր բաժինների՝ մանրէաբանության, կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի, գենետիկայի, իմունաբանության և այլնի հիմնական ձեռքբերումները:

Ժամանակին և ճիշտ ախտորոշումը արդյունավետ ու լավագույն ելքով բուժօգնության հիմքն է, ուստի անչափ կարևորվում է միջազգային չափորոշիչներով առաջնորդվող գիտագործնական կենտրոնների առկայությունը: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ախտաբան, իմունոհիստոքիմիայի և մոլեկուլյար մորֆոլոգիայի միջազգային ընկերության անդամ, ուրոլոգիական ախտաբանության միջազգային և ախտաբանության եվրոպական ասոցիացիաների անդամ, Հայաստանի ախտաբանության ասոցացիայի նախագահ, ախտաբանության միջազգային ակադեմիայի անդամ, բջջաբանների ասոցիացիայի անդամ, «Diagnostic Pathology» Եվրոպական ախտաբանության ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Հայաստանի Roche Pharma ընկերության խորհրդատու, սպիկեր: Շարունակելի է նրա ներկայանալի ներգրավվածությունը  այս ասպարեզի հեղինակավոր կազմակերպություններում. Անդրկովկասի ախտաբանության և մոլեկուլային ախտորոշման ասոցիացիայի անդամ (Վրաստանի ախտաբանների ասոցիացիայի և Բորսթելի գիտահետազոտական կենտրոն, միկոբակտերիալ վարակի և թոքային հիվանդությունների ռեֆերենս կենտրոնի հետ միասին):Երևանի գլխավոր ախտաբանն է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի լաբորատորիայի վարիչը, «Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնի համահիմնադիրը:Անցնելով մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ, դասընթացներ և բժշկագիտության մեջ մեծ փորձ կուտակելով՝ Արմեն Մխիթարյանը ախտաբանության ասպարեզում ներկայացել է իր ուրույն ձեռագրով, ու  նպատակը մարդասիրական է, ազնիվ: Բայց, որքան էլ լռի, հասարակությունը լավ գիտի մեծ հայի կերպարի, իր մարդ տեսակի մասին:

-Պարոն Մխիթարյան, ի՞ նչ է իրենից ներկայացնում ախտաբանությունը: 

-Ախտաբանությունն ուսումնասիրում է հիվանդությունը մանրադիտակի տակ, հյուսվածքների փոփոխությունները տարբեր հիվանդությունների ժամանակ, և արդեն իսկ ձևավորված 200-300 տարվա փորձով հյուսվածքների յուրահատուկ փոփոխությունների հիման վրա կատարում հիվանդության ախտորոշում: Նույնիսկ դեռ այսօր էլ Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից ուռուցքների՝ ամեն տարի առաջարկվող, նորացվող, նոր հրատարակվող դասակարգումները հիմնված են միայն ու միայն հյուսվածքային ախտորոշումների վրա, այսինքն` ախտաբանությունը հիվանդության ախտորոշումն է, տարբերակիչ ախտորոշումը՝ բարորակ-չարորակի, ուռուցքային-ոչ ուռուցքայինի, բորբոքայինի, ժառանգականության և այլն, հյուսվածքների մեջ տեղի ունեցած փոփոխությունների հիման վրա:

-Ի՞նչ է բիոպսիան, և Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հասարակության մեջ ձևավորվել թյուր կարծիք, թե բիոպսիան կարող է վատ հետևանքներ  ունենալ:

-Բիոպսիան ինքնին հետևանքներ չի կարող թողնել, այդ գործողությունը ախտորոշիչ նպատակ ունի: Կան տարբեր տեսակի բիոպսիաներ, նայած թե որ օրգանն է հետազոտվում: Բիոպսիան (կենսազննումը) իրականացվում է  ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը պարզելու նպատակով: Հյուսվածքի նմուշը ենթարկվում է մանրադիտակային և, անհրաժեշտության դեպքում նաև հյուսվածաքիմիական, իմունոհիստոքիմիական և մոլեկուլյար հետազոտության: Բիոպսիան ախտորոշիչ գործողություն է, որի ժամանակ «կասկածելի» տեղից, օրինակ` ուռուցքից, պոլիպից, երկարատև չլավացող խոցից վերցվում է շատ փոքրիկ հյուսվածքային մասնիկ (բիոպտատ):  Բիոպտատ վերցնելու տեղով պայմանավորված՝  կիրառվում են տարբեր գործիքներ: Բիոպսիայի հիմնական նպատակն է պարզել` կ՞ա արդյոք նորագոյացություն և պետք է պայքարել բարորա՞կ, թե՞ չարորակ նորագոյացության դեմ: Այս գործողությունն իրականացվում է նաև քաղցկեղի բուժման վերահսկման ժամանակ: Բիոպսիայի իրականացումը բժշկից փորձ և վարպետություն է պահանջում: Դրանով է պայմանավորված ախտորոշումը և, հետևաբար, բուժման եղանակի ընտրությունը: Բիոպսիայի օգնությամբ ստացված հյուսվածքային կտորներն ուղարկվում են հատուկ լաբորատորիա, որտեղ իրականացվում է վերջիններիս  հյուսվածաբանական հետազոտությունը: Օրգանիզմի բոլոր բջիջներն ունեն բնորոշ կառուցվածք, ինչով պայմանավորված է նաև, թե ինչ հյուսվածքի են դրանք պատկանում: Չարորակացման դեպքում պատկերը լիովին փոխվում է, բջիջների ներքին կառուցվածքը խանգարվում է, և նրանք դադարում են նմանվել հարևան բջիջներին: Որպես կանոն, այս շեղումներն այնքան զգալի են, որ կարելի է տեսնել անգամ սովորական մանրադիտակով:

Ախտաբանությունը բաժանենք երկու մասի՝ աուտոպսիա և բիոպսիա: Աուտոպսիան մահացած մարդու դիահերձումն է՝ հյուսվածքների հետազոտությամբ  պարզաբանելու, թե ինչից է մահը վրա հասել, դրա պատճառագիտությունը, և արդյո՞ք մահացածն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, թե ոչ: Բիոպսիան կենդանի մարդուց վերցված հյուսվածքների հետազոտությունն է: Կա նուրբ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի եղանակը՝ հասարակության մեջ տարածված պունկցիա ասվածը, որը կիրառվում է վահանաձև գեղձի, կրծքագեղձի, թքագեղձի և ավշային հանգույցների  հետազոտման ժամանակ,  երբ կան ախտաբանական գործընթացներ, որի ժամանակ կարելի է ախտորոշումը կատարել պակաս տրավմատիկ մեթոդով: Այսպես, վահանաձև գեղձի դեպքում մենք դիմում ենք նուրբ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի, որը ամենատարածվածն է պունկցիաների մեջ: Թոքի, կրծքագեղձի ուռուցքների, ոսկրածուծի  ներքին օրգանների տարբեր հիվանդությունների ժամանակ վերցվում է ավելի հաստ ասեղով, որի ժամանակ ոչ միայն բջիջները, այլ նաև հյուսվածքի մի մեծ հատված է վերցվում: Նշեմ, որ բավականին մեծ տարածում ունի նաև մաշկի դակիչային (punch) բիոպսիան, որի ժամանակ մաշկից վերցվում է շատ փոքրիկ կտոր՝ մաշկային տարբեր հիվանդությունների ախտորոշման համար: Այո, իրականում հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, որ բիոպսիան թողնում է վատ հետևանքներ,  ուռուցքների դեպքում անգամ նպաստում է դրանց է՛լ ավելի արագ տարածմանը:  Բիոպսիան որևէ առումով չի կարող  նպաստել արդեն իսկ առկա չարորակ ուռուցքի չարորակացմանը կամ տարածմանը: Իրականում այդպիսի բան չկա, քանի որ չարորակ ուռուցքները առաջանում են միայն ու միայն գենետիկական այս կամ այլ մուտացիաների հիման վրա, և որևէ ֆիզիկական ազդեցություն չի կարող առաջացնել բջիջների մուտացիա: Ասածս այն է, որ որևէ  բիոպսիոն հետազոտություն չի կարող դրդել բարորակ ուռուցքը չարորակի վերածվելու:

-Հետաքրքիր կլիներ ախտաբանից լսել դարիս՝ մեզ պատուհասած ախտի՝ կորոնավիրուսի և նրա անդառնալի հետևանքների մասին:         

-Կորոնավիրուսի մասին վերջին գիտական հրապարակումներին ծանոթանալով՝ կարող ենք ասել, որ այն օրգանիզմի վրա կարող է թողնել համակարգային ազդեցություն, այսինքն՝ ոչ միայն թիրախային օրգաններն են ախտահարվում, այս դեպքում՝ թոքերը, այլ կարող են ախտահարվել անգամ ոսկրածուծը, լյարդը, ստամոքսը, վերջերս էլ ավելի շատ ընդգրկված էր ստամոքսաաղիքային տրակտը: Մենք այսօր դեռևս չունենք հավաստի գիտական հետազոտություններ այդ վիրուսի վերաբերյալ, բայց փաստ է, որ վարակն ազդում է նաև նյարդային համակարգի վրա:

Դիահերձումներից հետո մասնագետները փորձել են գլխուղեղում վիրուս հայտնաբերել, սակայն դեռևս նման համապարփակ գիտական մոտեցում չկա, որի վրա կարող ենք հիմնվել; Մնում է միայն հիշել, որ  որքան արագ ախտորոշենք, ու ինչքան վաղ պայքար տարվի վիրուսի դեմ, այնքան լավ բուժման ելքեր կունենանք, այնքան քիչ ու պակաս կլինեն հնարավոր վատ հետևանքներն ու ազդեցությունները:

-Տեղյակ ենք, որ ասոցիացիայի նախագահ եք, Ձեր կարծիքով՝ ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:

-Պետք է անկեղծ լինեմ՝ ասելով, որ մինչ օրս, իմ կարծիքով, ասոցիացիաները ոչ լիարժեք իրավասություններ են տալիս բժիշկներին: Հուրախություն մեզ՝ մեր ասոցիացիայի և առողջապահության նախարարության միջև մեմորենդում կնքվեց, համաձայն որի՝ ասոցիացիաներին արդեն իսկ տրվում են բավականին լուրջ արտոնություններ, և իհարկե,  տրվելու են նաև ապագայում: Օրենսդրական դաշտը պիտի հստակ լինի, որպեսզի հասկանանք՝ ինչ գործառույթներով են ասոցիացիաները, այսպես ասած, պատասխանատվության տակ ընկնում: Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե որևէ մասնագետ չի հանձնել ասոցիացիայի քննությունը և չի ստացել ասոցիացիայի սերտիֆիկատը, անկախ նրանից, թե նա ինչ քննություններ է հանձնել դրանից առաջ, առողջապահության նախարարության կողմից ինչ դիպլոմ է ստացել, ինչ վերապատրաստումներ է անցել, դրանք բոլորը զրոյական են այդ պահին, և նա իրավունք չունի անցնել գործնական աշխատանքի: Այո, Հայաստանում այդ առումով մի քիչ այլ էր, քանի որ մինչ օրս մենք ավտոմատ կերպով դեռևս շարժվում ենք Խորհրդային Միության օրենքներով, և բացառություն չէր կարող կազմել նաև ախտաբանության ոլորտը: Ցավոք սրտի, կան մասնագետներ, որ չունեն բավականին գիտելիքներ ու փորձ, բայց դիագնոստիկ աշխատանք են կատարում, ինչը կարող է բերել անդառնալի և վատ հետևանքների, և մենք աշխատում ենք հասնել նրան, որ ասոցիացիաներին տրվեն լիարժեք, լիազորություններ, քննությունների կազմակերպման, լիցենզավորման, որակավորման իրավասություններ, որ նույնիսկ լաբորատորիաների որակավորման մակարդակը վերահսկվի՝ արդյո՞ք դրանք թե՛ տեխնիկապես, թե՛ աշխատակիցների մասնագիտական որակի առումով համապատասխան չափորոշիչներով են աշխատում: 

-Տեղյակ ենք, որ հիմնադրել եք «Հիստոջեն» պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնը, որն Հայաստանի առաջատար և առավել ճանաչված գիտագործնական կենտրոններից է:

-Այո, մեր կենտրոնը ստեղծվել է 2017 թվականին, և մեր աշխատակազմի փորձի, արհեստավարժության և առաջատար տեխնոլոգիաներով հագեցվածության շնորհիվ սահմանել է որակի բարձր նշաձող: Իրականացվում են  բազմազան ծառայություններ և բարձրակարգ սպասարկում, ձեռք է բերվել բազմաթիվ հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների անսասան վստահությունը: Կենտրոնում առաջարկվում է հետազոտությունների շատ լայն շրջանակ` ապահովելով ճշգրտության բարձր աստիճան, իսկ բուժհաստատության զարգացման ուղենիշները ծառայությունների որակն է, պատասխանատվությունը և հուսալիությունը: Մեր կարգախոսն է՝ լավագույն մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում ճշգրիտ, հստակ, ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան ձևաբանական ախտորոշումներ, գաղափարախոսությունը՝ ձևաբանական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում: Արդի տեխնոլոգիաների ձեռքբերում և ներդնում առօրյա գործունեության մեջ՝ ի նպաստ առողջապահության ոլորտում ախտորոշման և բուժման որակի բարձրացման, բուժման արդյունավետության լիարժեք գնահատման: Հայաստանի Հանրապետության և արտերկրի առաջատար  լաբորատորիաների հետ սերտ համագործակցություն, կարծիքների  և փորձի փոխանակում: Միջդիսցիպլինար կապերի խթանում, ախտաբանների և կլինիցիստների միջև շփման լեզվի հստակեցում՝ հօգուտ հիվանդի: Բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ պաթոլոգիայի բնագավառի առաջընթաց: Գիտության բնագավառում ձևաբանական հետազոտությունների որակյալ և ամբողջական իրականացում: Մեր թիմը աշխատում է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ժամանակակից սարքավորումներով և առաջատար կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով:

-Ձեր մաղթանքը և հորդորը մեր ընթերցողին, հասարակությանը:

- Պետք է ցավով նշեմ, որ մեր առողջապահական ոլորտը ունի բավականին լուրջ խնդիրներ. միգուցե և պայմանավորված մեր երկրի տնտեսական վիճակով: Սակայն մյուս կողմից՝ կյանքը ցույց է տալիս, որ մեր ժամանակներում մարդը կարող է հազարումի առիթներով  մեծ գումարներ ծախսել, բայց երբ հարցը իր առողջությանն է վերաբերվում, խնայում է, ձգձգում իր առողջությամբ զբաղվելը, և կարող է դիմել բժշկի միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն բարդացման փուլում է և սկսել է իրեն զգալիորեն անհանգստացնել: Սա, իհարկե, միայն մեր երկրում չէ խնդիր, սա ամբողջ աշխարհով մեկ տարածված մենթալիտետ է, խնդիր, որը միշտ գերակա եղել է, և, կարծում եմ, քանի դեռ  բուժօգնության ֆինանսավորումը ամբողջ ծավալով չի դրվում պետության ուսերին, մենք կմնանք նույն կոտրած տաշտակի առջև: Կցանկանայի խոսել մի թյուրըմբռնման մասին, որը, դժբախտաբար, տեղ է գտել մեր հասարակության գիտակցության մեջ: Այն է՝ անվճար բժշկություն: Իրականում ավճար բուժծառայություն գոյություն չունի, բնականաբար, պետք է մի տեղից լինի այդ ֆինանսավորումը՝ նախարարության կամ ապահովագրական ընկերության կողմից, բարեգործների, կամ պացիենտի շրջապատի մարդկանց կողմից, կամ ինքդ պիտի վճարես քո բուժման համար: Այսինքն՝ անվճար բժշկություն հասկացողություն չկա, մինչդեռ այն ամուր նստած է մեր հասարակության գիտակցության մեջ: Եվ երբ փորձում ես բացատրել իրավիճակը, իրենց թվում է, որ բուժաշխատողը փորձում է իրենցից գումար շորթել. և նման ընկալումը մեր բժշկության մեջ շատ լուրջ խնդիրներ է առաջացնում: Հուսանք, սակայն, ժամանակի ընթացքում այս թյուրըմբռնումը կհաղթահարվի: Կմաղթեի  մեր հասարակությանը՝ որքան հնարավոր է առողջ լինել և բժշկի դիմելու կարիք չունենալ, իսկ հարկ եղած դեպքում էլ ժամանակին դիմել բժշկի: Պիտի նաև գիտակցել, որ էժան բժշկությունը չի կարող որակ ապահովել, քանի որ որակյալ բժշկությունը պահանջում է ներդրումներ, և ոչ միայն ֆինանսական, այլ տարբեր առումներով: Կցանկանամ, որ մեր հասարակությունը միշտ ապրի բարեկեցիկ կյանքով և խաղաղ երկնքի տակ: Ամենաթանկը մարդկային կյանքն է, մարդու առողջությունը: Մեր հասարակությանը կրկին ու կրկին առողջություն եմ մաղթում։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման և հետագա բուժման արդյունավետ ընթացքի կարևորության գիտակցմամբ: Իսկ բուժաշխատողներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։

Թող խաղաղությունն ու համերաշխությունն իշխի  բոլորիս հոգիներում

Բժշկության մեջ ալերգիան դիտվում է որպես օրգանիզմի գերզգայուն ռեակցիան արտաքին աշխարհի ազդակների նկատմամբ: Ալերգիայի առաջացման ամենատարածված պատճառը ամենուր ալերգենների առկայությունն է: Պոտենցիալ ալերգեններ կարող են լինել ամենատարբեր նյութերը. սնունդ, դեղորայք, բույսեր, փոշի, մաշկի և մարմնի խնամքի միջոցներ և շրջակա միջավայրի շատ այլ տարրեր, որոնց հետ մարդը շփվում է իր առօրյա կյանքում: Մի խոսքով՝ այն ամենը, ինչը մեզ շրջապատում է: Այսօր ամբողջ աշխարհում շատ է օգտագործվում քիմիական նյութերով հագեցած սնունդ, ինչը նպաստում է բնակչության շրջանում նաև սննդային ալերգիայի տարածվածությանը: Ցավոք, ալերգենների  ցանկն այսօր միայն ընդլայնվում է, և այդ հենքի վրա է՛լ ավելի է կարևորվում ալերգիկ հիվանդությունների ոչ միայն  բուժումը, այլև կանխարգելումը: Բժշկության արդի անհերքելի առաջընթացը, նորագույն մեթոդների ու բուժամիջոցների ասպարեզ գալը թույլ են տալիս նորարարություններ ակնկալել նաև այս ճյուղում: Այս և խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը հանրապետության վաստակաշատ ալերգոլոգներից մեկի հետ:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ  ՄԱՐԳԱՐԻՏԱ  ՀՈՎՆԱՆՅԱՆԸ՝  իր բուժառուների շրջանում վստահություն ու հեղինակություն վայելող բժիշկ, իր գործի գիտակն  ու նվիրյալը,  և, որ պակաս կարևոր չէ, հետաքրքիր ու հաճելի զրուցակից:

Ծնվել է բժիշկների ընտանիքում և համոզված է՝ եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն  լինի, առանց րոպե իսկ վարանելու կընտրի ալերգոլոգի մասնագիտությունը: Արդեն 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց էր որոշել, որ իր առաքելությունն այս կյանքում բժիշկ դառնալն է, մարդկանց բուժելով՝ նրանց կյանք ու ժպիտ պարգևելը: Կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանց ցավին դեղ ու դարման անելը: Եվ այսօր տարիների փորձով ձեռք բերված նրա պրոֆեսիոնալիզմը իր հազարավոր պացիենտների ինչպես բարեհաջող ապաքինման, այնպես էլ խորը երախտագիտության գրավական է դարձել:

 -Տիկին Հովնանյան, խնդրեմ, խոսենք սեզոնային բնույթ կրող ալերգիաների մասին: Եվ առհասարակ, ինչի՞ հետ է կապված ալերգիկ հիվանդությունների ակտիվանալը մեր օրերում:

-Խոսելով ամառային ալերգիայի մասին՝ պետք է նշել, որ այն սեզոնային բնույթ ունի, և որի առաջացման հիմնական պատճառը ծաղկափոշին է: Շնչուղիների միջոցով ընկնելով մեր օրգանիզմ՝ այն ստեղծում է գերզգայուն վիճակ: Հարկ է իմանալ, որ ալերգիան օրգանիզմի ախտաբանորեն առաջացած և ձևափոխված ռեակցիան է որոշակի անտիգենային բնույթի սուբստանտների հանդեպ, որոնք առողջ մարդու օրգանիզմում հիվանդագին երևույթներ չեն առաջացնում: Տարեցտարի աճում է տարբեր ալերգիկ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, և այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ալերգիա է ախտորոշվում: Զանազան ալերգիկ երևույթների պատճառ կարող է դառնալ նաև թույլ իմունային համակարգը: Ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց մոտ հիվանդությունից պաշտպանվածության մեխանիզմը թույլ է, և այսպիսի դեպքերում ալերգիկ հիվանդությունները կարող են օրգանիզմի համար լուրջ խնդիր դառնալ: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից և խոչընդոտում է օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ հիվանդությունները արտահայտվում են տարբեր ձևերով՝ վերին շնչուղիների, մաշկային խնդիրներ, ստամոքսաաղիքային տրակտի հետ կապված ալերգիկ դրսևորումներ, ալերգիկ երևույթներ կարող են  ի հայտ գալ լյարդի հետ կապված հիվանդությունների առկայության ֆոնին.  լուծ, փորացավ, ընդհուպ մինչև այնպիսի  դրսևորումներ, որ պացիենտը զգացողություն ունենա,  թե   իր մոտ կույրաղիքի բորբոքում կամ խոցային սրված վիճակ է: Լինում են նաև տիպեր, երբ արտահայտման ձևը  միայն անհաղթահարելի-անբացատրելի քորն է, որը նույնիսկ ցանավորված չէ, և պացիենտը չի հասկանում, թե ի՞նչն է քորի պատճառը: Այդպիսի դեպքերն, ի դեպ, պահանջում են մի շարք հետազոտություններ՝ բացահայտելու համար բուն խնդիրը: Հանդիպում են  և այնպիսի դեպքեր, երբ ալերգիկ երևույթները կապված են նյարդային համակարգի խնդիրների հետ, ինչն էլ պահաջում է երկարատև համալիր բուժում, քանի որ առաջնահերթ պետք է կարգավորել նյարդային համակարգը և ահրաժեշտության դեպքում կազմակերպել համակցված բուժում նյարդաբանի հետ: Ալերգիան ինքնին օրգանիզմի գերզգայուն վիճակն է արտաքին և ներքին ազդակների նկատմամբ: Արտաքին ազդակներից են ծաղկափոշին, քիմիական նյութերը, դեղորայքը, տիզերը, սննդամթերքը: Կան բավականին շատ ազդակներ ևս, որոնք կոչվում են ալերգեններ: Սեզոնային ալերգիաները, օրինակ, կարող են առաջանալ ծաղկափոշուց և մեծ մասամբ առաջանում են այն պացիենտների մոտ, որոնք հիսուն տոկոսով վստահ են, որ ունեն ժառանգական նախատրամադրվածություն ալերգեն հիվանդությունների հանդեպ: Օրինակ՝ ալերգիկ ռինիտները արտահայտվում են փռշտոցներով, կարող է լինել ուժեղ  քոր քիթըմպանում, ականջների, նույնիսկ աչքերի շուրջը:  Հետևողական չլինելով՝ նման դեպքերում,  ցավոք, բանն ընդհուպ կարող է հասնել բրոնխիալ ասթմայի: Սեզոնային ալերգիկ ռինիտները մեծ մասամբ սկսվում են ապրիլ ամսից, շատ ժամանակ ունենում են երկարատև ընթացք, ընդհուպ մինչև հոկտեմբեր ամիսը: Դրանք կարող են տևել 1-2 ամիս, ունեն անհատական բնույթ և յուրաքանչյուրի մոտ յուրովի են դրսևորվում, քանի որ ալերգիկ  հիվանդությունները դիմադրողականության հետ սերտ կապ ունեն: Ալերգիկ հիվանդությունները ինքնին կրում են քրոնիկ բնույթ, և անհրաժեշտ հետազոտություններ անցնելով՝ պացիենտի մոտ հայտնաբերվում են ուղեկցող կողմնակի խնդիրներ, այլ  հիվանդություններ: Այսպիսի դեպքերում ևս պահանջվում է համալիր բուժում քրոնիկ պատկերով, որը,  ցավոք, արագ  ապաքինման ենթակա չէ, և ժամանակին չբուժվելու դեպքում կարող ենք բախվել բարդացած վիճակների:

-Եթե կա հակաալերգիկ դեղամիջոց, հարկ  կա՞, արդյոք,  դիմել բժշկի: Ի՞նչ կասեք մեզանում  տեղ գտած, լավագույն դեպքում՝ դեղատների <<խորհրդատվությամբ>>  ինքնաբուժության վերաբերյալ:  

-Ունենալով 22 և ավելի տարիների աշխատանքային փորձ՝  ականատես եմ եղել տարատեսակ դեպքերի, երբ մարդիկ մտածել են, որ կարող են դեղատան խորհրդով բուժմամբ հաղթահարել ալերգիկ բնույթի խնդիրները, մինչդեռ, ցավոք, ավելի են բարդացրել իրենց  վիճակը: Ինքաբուժությունը  շատ դեպքերում ավելի է խորացնում պացիենտի խնդիրը: Այնպես որ, ինքնաբուժումը չի խրախուսվում, ալերգիկ ֆոնի ի հայտ գալուն պես պետք է անպայման դիմել մասնագետի, այլապես որոշ դեպքերում ալերգիան կարող է վերաճել ընդհուպ բրոնխիալ ասթմայի և անաֆիլակտիկ շոկի: Նախկինում ալերգիկ երևույթներին վերաբերվում էին շատ թեթև ու դիմում էին բժշկի միայն ծայրահեղ վիճակում հայտնվելուց  հետո: Սակայն պիտի ասել, որ մարդիկ այսօր ավելի զգոն ու սթափ են, և սկսել են ավելի լուրջ վերաբերվել իրենց առողջությանը: Օգտվելով առիթից՝ հանրությանը հորդորում եմ և ոչ մի հիվանդության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ժամանակին դիմել համապատասխան  մասնագետի, ստանալ նրա խորհրդատվությունը ու, եթե կա կարիքը, նաև մասնագիտական օգնությունը: Դա լավագույն երաշխիքն է այն բանի, որ հիվանդությունն արագ կբուժվի և, այդպիսով, չի դառնա քրոնիկական: Իսկ ալերգոլոգի առաջնահերթ խնդիրն է ապահովել մարդու կյանքի որակը՝ թեթևացնելով հիվանդության ախտանշանները:

-Ի՞նչ է բրոնխիալ ասթման, բարդության ինչպիսի՞ աստիճանի հիվանդություն է այն:

- Բրոնխիալ ասթման լայնորեն տարածված հիվանդություն է: Հայաստանում տարեցտարի ավելանում է այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը: Հիվանդության թիրախում հայտնվում են հիմնականում զարգացած երկրները: Բրոնխիալ ասթման  շատ անկանխատեսելի երևույթ է, որի առաջացման պատճառը կարող է և հայտնի չլինել: Այն երկարատև բուժում պահանջող հիվանդություն է, և այսօր մենք ունենք այդ հիվանդության բուժման համար կիրառելի դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են շնչահեղձության նոպաների հաճախականությունը՝ հիվանդին   ազատելով անասանելի ցավերից և թույլ չտալով, որ հիվանդությունը նորից գլուխ բարձրացնի: Դրա կողքին կա և ամենավտանգավորը՝ առաջանում են ալերգիկ բնույթի երևույթներ, որ  կարող են հանգեցնել մահվան: 

Այն առաջանում է բազմաթիվ պատճառներով, որոնք նույնիսկ նույն հիվանդի մոտ տարբեր ժամանակահատվածներում կարող են տարբեր լինել: Այն երկարատև բուժում է պահաջում  և, ինչպես ասացի, կարող են ուղեկցվել ալերգիկ բնույթի երևույթներով, որոնք  կարող են մահվան պատճառ դառնալ:

-Նկարագրեք խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում կվինկեի այտուցը:   

-Կվինկեի այտուցը  սուր, որոշ դեպքերում կյանքի համար նույնիսկ վտանգավոր ալերգիկ ռեակցիա է, մաշկի ալերգիկ ռեակցիան տարբեր գործոնների նկատմամբ, որն արտահայտվում է  մաշկի, ենթամաշկային հյուսվածքի ու մկանների հանկարծակի այտուցմամբ: Այտուցի այս տեսակը  այդ անունն է ստացել  առաջին անգամ այն նկարագրած գիտնականի՝ Կվինկեի ազգանունով: Այս հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում:  Այն հաճախ ուղեկցվում է եղնջատենդով: Այտուցի այս տեսակը վտանգավոր է, երբ այն առաջանում է  կոկորդի շրջանում: Գրագետ բուժման բացակայության դեպքում հիվանդը կարող է շնչահեղձ լինել: Բուժումը ենթադրում է  ալերգենի  կամ մյուս գործոնների հայտնաբերում ու վերացում, իսկ բուժման մեթոդներից առաջնահերթը միանշանակ դեղորայքային բուժումն է:

 -Ո՞րն է Հայաստանում ամենատարածված ալերգենը:

- Հայաստանում ամենատարածված ալերգենը բարդու ծառն է, որի ազդեցությունը նկատվում է ապրիլ ամսվա վերջից մինչև հունիս, և հենց դրանով էլ կարող ենք տարբերակել ալերգիայի առաջացման պատճառը: Քանի որ մեր մայրաքաղաքը շատ փոշոտ է, ալերգեն կարող են համարվել քիմիական նյութերը, որոնք մեծ քանակով լինում են նաև օդում: Էկոլոգիայի փոփոխությունը Հայաստանի մեծ քաղաքներում և հատկապես Երևանում հանգեցրել է ալերգիկ երևույթների կտրուկ աճի: Իսկ դեղորայքային ալերգիայի  ամենացայտուն ձևերը դրսևորվում են մանր ցանի կամ մեծ եղնջատենդի տեսքով, բանը նույնիսկ հասնում է կվինկեի այտուցի, ինչը շատ վտանգավոր է: Հիշեցնեմ, որ բժշկության մեջ ընդունված նման արտահայտություն կա՝ կվինկեի այտուցից մեկ քայլ այն կողմ կարող է մահ լինել: Ընդ որում, դեղորայքային ալերգիան կարող է ի հայտ գալ դեղն ընդունելուց անմիջապես հետո՝ րոպեների ընթացքում:  

- Ալերգիայի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան, կարո՞ղ ենք ասել, որ այն արմատապես բուժվում է, և պացիենտը կարող է իսպառ հրաժեշտ տալ հիվանդությանը:

-Երբ ալերգիկ երևույթները խորանալով վերածվում են քրոնիկ հիվանդության, և մարդը նոր միայն  դիմում է բժշկի, հիվանդությունը շատ բարդ ընթացք է ստանում: Իսկ ժամանակին դիմելու և շուտափույթ համապատասխան բուժում ստանալու պարագայում կարող են հետագայում չբախվել հիվանդության բարդացման խնդրին: Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե հիվանդն ինչ տեսակի ալերգիայով  է տառապում: Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ  ալերգիկ հիվանդությունների պարագայում դրանք երբեմն լինում են քրոնիկական բնույթի, երբ արդեն պահանջվում է երկարատև բուժում, կանխարգելիչ աշխատանք, ալերգենների վերացում: Երբ իր խնդրի հետ հաշտված պացիենտը տեղյակ է նաև, թե ինչ պատճառով է այն ի հայտ գալիս, ու դիմում է մեզ, նախ՝ հեռացվում են ալերգենները՝ լինեն դրանք սննդի մեջ, թե օդում: Եթե օդային է, պացիենտին ցուցվում է մշտապես տունը մաքրել խոնավ շորով, օդափոխել, ինչը մոտ 50 տոկոսով նվազեցնում է պացիենտների շփումը ալերգենների հետ: Կարելի է ասել, որ դրա հետևանքով զգալիորեն նվազում է հիվանդության կրկնվելու  հնարավորությունը: Այն պացիենտները, ովքեր գոնե մեկ անգամ ունեցել են ալերգիկ բնույթի հիվանդություն, արդեն գիտեն՝ ինչից հրաժարվել, բայց լավ կլինի, որ որևէ նման երևույթի նշաններ ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմեն բժշկի: Դեղորայքային բուժումից բացի, կանխարգելիչ աշխատանքներ են տարվում՝ բարձրացնելու օրգանիզմի դիմադրողականությունը: Ինչպես արդեն նշվել է, ցածր դիմադրողականությունը ալերգիայի առաջացման ևս մի տարածված պատճառ է, որի կարգավորման առաջին պայմանը ճիշտ սննդակարգն է,  մարմինը ֆիզիկապես կոփելը:

-Ինչո՞վ ավարտենք մեր զրույցը: Եթե ամփոփենք այն, ի՞նչը կառանձնացնեիք կամ կընդհանրացնեիք՝ ալերգիկ երևույթներից պաշտպանվելու հարցում մեր ընթերցողներին կողմնորոշելու համար, և ո՞րը կլիներ Ձեր խորհուրդը նրանց:

- Նախ՝ կմաղթեմ, որ բոլորն առողջ լինեն, թեև հասկանալի է, որ այդպես չի լինում: Բայց երբ խոսքը մարդու համար ամենակարևոր ու ամենաթանկ արժեքի՝առողջության մասին է, ուրեմն մենք պարտավոր ենք ամեն ինչ անել նախ՝ այն պահպանելու համար: Դրա գրավականը հնարավորինս իրեն երջանիկ զգալ փորձելն է, ուրախ ապրելը:  Իսկ առողջական խնդիրներ  ծագելու դեպքում խորհուրդ կտամ ժամանակին դիմել բժշկի՝այդպիսով, հարկավ, կանխելով   հիվանդության բարդացած փուլերի, ավելին՝ բարձիթողի վիճակի հասնելը, երբ թե՛ հիվանդի, և թե՛ բժշկի համար անհամեմատ դժվարանում է հիվանդության դեմ պայքարելը: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե թող մարդիկ բժշկի կարիք չունենան, բայց կցանկանամ, որ հիվանդները բժշկի մոտից գոհ հեռանան: Բնակչությանը հորդորում եմ լինել ավելի իրազեկ, իսկ ամենից առաջ ջանալ լինել առողջ ՝ գիտակցաբար հոգ տանելով առողջությունը պահպանելու համար, առողջ ապրելակերպ վարել, իսկ որևէ խնդրի ի հայտ գալու դեպքում ապավինել միայն ու միայն բժշկի օգնությանը: Եվ մի մաղթանք՝ խաղաղություն մեր երկրին: Թող խաղաղությունն ու համերաշխությունն իշխի նաև մեր հոգիներում: Ամեն օր ականատես ենք լինում արհավիրքների,  զանազան խժդժությունների, և դրանց հոգեբանորեն ծանր ու քայքայիչ ներգործությանը ավելի հեշտ կլինի դիմադրել, եթե հարգանք տածենք միմյանց հանդեպ, ապրենք հաշտ ու համերաշխ, խնայենք իրար: Չմոռանանք՝ մեկ կյանք ենք ապրում,  փորձենք հային ու մարդուն վայել ապրել Աստծո կողմից ընդամենը մեկ անգամ ընծայվող կյանքը: Իսկ կյանքը, այ՛ո, ընծա է:

Ժամանակին հիվանդությունն հայտնաբերելը արդյունավետ բուժման գրավականն է։                      

Այսօր Հայաստանում վնասվածքաբանությունը`բժշկության այդ կարևոր ճյուղերից մեկը, գտնվում է բարձր մակարդակի վրա, այն նկատելիորեն արագ տեմպերով դինամիկ զարգացում է ապրում թե՛ նորագույն բուժսարքավորումներով հագեցվածության, թե՛ բժիշկների պատրաստվածության առումով: Ասվածը մեծապես վերաբերում է թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքին։  

Բաժանմունքում իրականացվում է վերջույթների կոտրվածքների, մկանաջլային ապարատի վնասվածքների, հոդերի քրոնիկ հիվանդությունների բուժում վիրահատական և ոչ վիրահատական եղանակներով, ինչպես նաև վերջույթների դեֆորմացիաների շտկում և արթրոսկոպիկ միջամտություններ։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է oրթոպեդ-վնասվածքաբան,թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանության ծառայության ղեկավար Բագրատ Բավեյանը մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող, բարձրակարգ մասնագետ է, «ոսկե ձեռքերով» բժիշկ, որի մոտ բուժվելու են գալիս նաև աշխարհի ամենատարբեր ծայրերից: Իր ու իր թիմի կատարած բարդ վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց մեր հայրենակիցների արհեստավարժության շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները: Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը ճանաչված վիրաբույժի  հետ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում օստեոպորոզ հիվանդությունը:

-Օստեոպորոզը ոսկրերի քրոնիկ պրոգրեսիվող  համակարգային մետաբոլիկ հիվանդություն է, որը բնորոշվում է ոսկրային խտության իջեցումով, ոսկրերի միկրոկառուցվածքի փոփոխությամբ, ոսկրերի փխրունության զարգացմամբ։ Հիվանդության պատճառը նյութափոխանակության խանգարումն է, որի ժամանակ ոսկրի քայքայման գործընթացը գերակշռում է ոսկրագոյացմանը: Օստեոպորոզի ժամանակ նվազում է ոսկրերի ամրությունը և մեծանում է կոտրվածքների հավանականությունը։ Առանձնացվում  են  օստեոպորոզի զարգացման մի շարք ռիսկի գործոններ` գենետիկ, էնդոկրին, ուղեկցող հիվանդություններով և որոշակի դեղորայքի ընդունմամբ   պայմանավորված, ինչպես նաև ապրելակերպի և սննդակարգի հետ կապված։ Պետք է  նշեմ, որ մարդիկ այսօր ավելի հիպոդինամիկ կենսակերպ ունեն, սպորտով չեն զբաղվում, բայց կարծես թե միտումը գնալով փոխվում է:

Մինչև 30 տարեկանը մարդու ոսկրային հյուսվածքի զանգվածն ավելանում է՝ մեծանում է ոսկրային խտությունը , սակայն 40 տարեկանից հետո դիտվում է վերջիններիս աստիճանաբար նվազում: Ի դեպ նշեմ, որ կանանց մոտ օստեոպորոզի զարգացումն ավելի հավանական է, քանի որ կանանց օրգանիզմը կյանքի ընթացքում ավելի շատ է ենթարկվում հորմոնալ փոփոխությունների,  մանավանդ՝ եթե կան նպաստող գործոններ՝ հիպոդինամիան, գերքաշը, կալցիումով աղքատ սնունդը, ինչպես նաև վնասակար սովորությունները՝ ալկոհոլի չարաշահումը և ծխելը: Ցավոք, հիվանդները շատ հաճախ անգամ տեղյակ չեն լինում իրենց հիվանդության մասին, և օստեոպորոզը  պատահական է հայտնաբերվում։Հիվանդությունը կարող է ընթանալ առանց կլինիկական նշանների, բայց որոշ դեպքերում կարող է դիտվել ողնաշարի կրծքագոտկային հատվածի ցավ: Երբեմն հիվանդները տեղյակ չեն լինում նաև, որ ունեն ողերի նախկինում ստացած կոմպրեսիոն կոտրվածքներ, հետո ինչ- ինչ առիթներով  հետազոտվում են, և դրանք պատահական   հայտնաբերվում են:  Հետազոտության մեթոդն է դենսիտոմետրիան: Օստեոպորոզ ախտորոշելուց հետո նշանակվում է դեղորայքային բուժում: Եթե չկա օստեոպորոզ կամ հետազոտության արդյունքում ստացված ցուցանիշը  գտնվում է սահմանային  գոտում, բայց առկա են հիվանդության զարգացման  ռիսկի գործոններ, ապա խորհուրդ է տրվում կանխարգելիչ նպատակով դեղորայք ընդունել: Բուժումն իր մեջ ներառում է նաև սննդակարգի փոփոխություն՝ կալցիումով հարուստ սնունդ, ֆիզիկական ակտիվություն: Սակայն  դա չի նշանակում գերծանրաբեռնված ֆիզիկական ակտիվություն կամ ծանրությունների բարձրացում, այլ որոշակի ֆիզիկական վարժություններ, որոնք ամրացնում են մկանները և ոսկրային համակարգը։
Դեղամիջոցների մի մասը ազդում է այն բջիջների վրա, որոնք քայքայում են ոսկորը, իսկ մի մասն էլ նպաստում է ոսկրագոյացնող բջիջների ակտիվացմանը՝ ավելացնելով ոսկրային խտությունը: Մենք՝ վնասվածքաբաններս, առնչվում ենք օստեոպորոզի հետ, երբ նույնիսկ ոչ մեծ տրավմայի դեպքում ունենում ենք շատ լուրջ և բարդ կոտրվածքներ: 

Ցանկանում եմ նշել, որ օստեոպորոզ հիվանդությունը դժվար է ենթարկվում բուժման։ Բուժումը պահանջում է դեղորայքի երկարատև ընդունում։ Նշեցի, որ հիվանդությունն ունի պրոգրեսիվող ընթացք, ուստի վերջինիս կանխումը կարելի է համարել քիչ թե շատ դրական արդյունք։

-Ի՞նչ է իրենց ներկայացնում արթրոզ հիվանդությունը:

-Արթրոզը նույնպես ամբողջ աշխարհով մեկ մեծ տարածում ունեցող հիվանդություն է, և մինչ օրս դրան նպաստող գործոնները լիովին պարզաբանված չեն: Այն հոդերի բորբոքային հիվանդություն է, որը նաև կապված է նյութափոխանակության խանգարման հետ: Դա էլ, ի վերջո, հանգեցնում է հոդամակերեսների դեֆորմացիայի, աճառային շերտի քայքայմանը, որի հետևանքով առաջանում են սուր ցավեր, շարժումների սահմանափակում ընդուպ մինչև անշարժացում տվյալ հոդում, որը կարող է հանգեցնել հաշմանդամության: Խոշոր հոդերում արթրոզի զարգացումը բերում է կայուն հաշմանդամության: Օստեոպորոզը նույնպես կարող է նպաստել արթրոզի զարգացմանը:

-Ո՞ր տարիքից  պետք է հետևել հենաշարժական համակարգի զարգացմանր:

-Հենաշարժական համակարգին պետք է ուշադրություն դարձնել ծնված օրվանից, քանի որ հիվանդության վաղ հայտնաբերումը բուժման ավելի արդյունավետ միջոց է։ Երեխայի աճի հետ զուգընթաց պետք է հետևել նրա կեցվածքին, ողնաշարի ճիշտ ձևավորմանն ու զարգացմանը։ Գաղտնիք չէ, որ արդի  զարգացած տեխնոլոգիայի դարաշրջանում, երբ երեխաները երկար ժամանակ են անցկացնում հեռախոսի կամ համակարգչի դիմաց՝ չհետևելով իրանի ճիշտ դիրքին, կարող է  առաջանալ  ողնաշարի թեքվածություն: Պետք է մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, վարժությունները կատարել չափավոր, կանոնավոր մարզվել և, իհարկե, զերծ մնալ տրավմաներից:

-Խոսենք պրոթեզավորումներից և դրանց ժամանակակից  մեթոդներից:

-Հոդերի էնդոպրոթեզավորումը բավականին երկար ճանապարհ է անցել։ Ներկայումս ձևավորվում է մի ընդհանուր մոտեցում. շատ կարևորվում է հիվանդությունների կանխարգելումը, տրավմատիզմի իջեցումը, հիվանդության վաղ հայտնաբերումը, վիրահատական միջամտության հնարավորինս հետաձգումը։ Սակայն եթե կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն պետք է կատարել իմպլանտի  ճիշտ ընտրություն՝ հաշվի առնելով հիվանդի տարիքը և մի շարք այլ գործոններ։ Հնարավորության դեպքում վիրահատությունն իրականացնել փոքր ինվազիվ տեխնիկայով՝ չհատելով մկանները։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ վիրահատություններ։ Այս ամենը թույլ  է տալիս նվազեցնել հնարավոր բարդությունները, կրճատել հետվիրահատական վերականգնողական շրջանը, հիվանդին վերադարձնել իր բնականոն կենսակերպին՝ առանց ցավերի և լիարժեք շարժունակության։  

-Ինչ է հալուքս վալգուսը;

Հալուքս վալգուսը ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիան է՝դրսային թեքվածությամբ։ Տեղի է ունենում առաջին մատի ֆալանգի դեֆորմացիա, հետագայում առաջանում է բթամատի ներսային մասով ոսկրային գերաճ, որն էլ իր հերթին բերում է կոշիկ կրելու դժվարացման՝ այդ հատվածում պատճառելով անընդմեջ ցավեր, կարմրություն, և չբուժվելու պարագայում   հանգեցնում է երկրորդ, երրորդ մատների դեֆորմացիայի: Պատճառագիտությունը տարբեր է՝ սկսած թաթի կառուցվածքից  մինչև կոշիկ կրելը, աշխատանքի բնույթից,  ինչպես նաև  կապանային ապարատի ձևավորումից:  Հիմնականում դա լինում է բոլոր խնդիրների համակցման արդյունքում. նեղ և բարձրակրունկ կոշիկները, երկար ժամանակ ոտքի վրա աշխատանքը հանգեցնում են այդ խնդրի զարգացմանը:

-Ի՞նչ գործառույթներ են իրականացվում Ձեր բաժանմունքում և ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:

-Մեր բաժանմունքում իրականացվում է կոտրվածքների, ոսկրամկանային համակարգի ցանկացած վնասվածքների բուժում ժամանակակից մեթոդներով։ Կատարվում են արթրոսկոպիկ միջամտություններ, խոշոր հոդերի  էնդոպրոտեզավորում, դեֆորմացիաների շտկում, այդ թվում վերը նշված ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիան, վերջույթների Օ-ձեւ դեֆորմացիաների շտկում, և արդեն ներդրման փուլում է վերջույթների էսթետիկ երկարացման մեթոդը: Կիրառվում են աշխարհում ընդունված ժամանակակից մեթոդներ, որի շնորհիվ կարողանում ենք ապահովել բուժման բարձր որակը և հիվանդների արագ վերականգնումը։

- Իսկ զրուցի ավարտին ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Թող մարդիկ առավելագույնս ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, հեշտ կլինի և դրա հետագա բուժումը: Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է:  Չգիտեմ, որպես վերջաբան ասեմ, թե որպես հորդոր, խնդրանք  մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Մեր բուժհաստատությունները արդեն իսկ  համալրված են և շարունակում են համալրվել ժամանակակից բուժսարքավորումներով, մեր բժիշկներին սկսել են հասու դառնալ համաշխարհային առողջապահական համակարգի նորագույն նվաճումները: Մեզ մնում է չմոռանալ, ավելին՝ լա՛վ գիտակցել,  որ հիվանդության վաղ շրջանում բժշկի դիմելը, ինչպես նաև ճիշտ կենսակերպ վարելը արդյունավետ բուժման գրավականն են, և ոչ միայն. դա հետագա հնարավոր բարդություններից, ավելին՝ անդառնալի հետևանքներից խուսափելու լավագույն միջոց է: Ցավոք,  հարկ եմ համարում նաև նշել, որ կովիդի դարաշրջանում, որն ի դեպ դեռեւս չի ավարտվել, ի թիվս բոլոր բարդությունների՝ մենք առնչվում ենք ոսկրային համակարգի  տարատեսակ խնդիրների հետ: 

Գանք վերջաբանին: Դա բժշկի իմ խորհուրդն է այն մարդկանց, ովքեր բժշկությունից հեռու լինելով, հետևաբար, թյուր պատկերացում ունենալով իրենց հիվանդության մասին՝ իրենք իրենց բուժում են <<նշանակում>>, այսինքն զբաղվում են ինքնաբուժությամբ՝ հաճախ խճճվելով  ինտերնետ պորտալի բավիղներում: Խնդրում և հորդորում՝ չխուսափել բժշկի դիմելուց, ապավինել միայն մասնագետներին, անսալ նրանց խորհուրդներին:

Սիրելի հայրենակիցնե՛ր, պահպանե՛ք որպես ընծա Աստծո ձեզ տված թանկագին պարգևը՝ կյանքը: Թեկուզ այնքանով, որքանով այն կախված է ձեզանից: Ի վերջո, կյանքը մեկ անգամ է տրվում, և այն պետք է առողջ ապրել:

 Ալերգոլոգ-իմունոլոգ
                                                                                 
                                                                                
 Կրթություն                               1992-1998        ԵՊԲՀ, Մանկաբուժական
                                                                                      ֆակուլտետ
                                                           1998-2000         ՀՀ ԱՆ
                                                                                      Առողջապահության 
                                                                                       Ազգային Ինստիտուտ
                                                                                       Կլինիկական
                                                                                       օրդինատուրա՝
                                                                                        Ալերգոլոգիա և
                                                                                        Իմունոլոգիա”
                                                                                        մասնագիտությամբ
Բժշկական պրակտիկա
1998-2007թ-ը                                      ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային
                                                             Կենսաբանության ինստիտուտ,

                                                              Էլեկտրոնային միկրոսկոպիայի
                                                              լաբորատորիայում ավագ

                                                             լաբորանտ     
 
2001-ից միչև այսօր                          Ալերգոլոգ-Իմունոլոգ
                                                          Վ.Ավագյանի անվան ԲԿ
2016-ից մինչև այսօր                           N19 պոլիկլինիկա

Վերապատրաստումներ 2005թ                                                  Ալերգիկ հիվանդությունների
                                                             ախտորոշման և բուժման
                                                             ժամանակակից  մեթոդներ

2011թ                                               <<Ալերգոլոգիա  և Իմունուլոգիա>>
                                                              թեմայով

2016թ                                                <<Իմունային համակարգի 

                                                               ախտահարումով պայմանավորված
                                                               հիվանդություններ>>թեմայով

Բազմաթիվ կոնֆերանսների մասնակցություն :      

 Գիտական հրատարակումներ

24 հոդվածներ, զեկուցումներ, թեզիսներ հանրապետությունում և արտասահմանում (ԱՄՆ, Շվեյցարիա,  Գերմանիա և այլ)                                                                       

Երբ մարդը լավատես է, կարծես թե Աստված էլ բարին է տալիս

Ամեն վայրկյան նյարդային համակարգը վերահսկում, համակարգում, կարգավորում եւ ղեկավարում է մարդու գործողությունները: Նյարդաբանության ախտորոշման բոլոր մեթոդները կարելի է բաժանել ձեռքի, գործիքային եւ լաբորատոր մեթոդների: Սկզբում բժիշկը պարզում է հիվանդության բոլոր մանրամասները, ընտանիքում նման դեպքերի պատմությունը, իրականացնում ֆիզիկական ու նյարդաբանական քննություն՝ գնահատելով հիվանդի նյարդաբանական կարգավիճակը նյարդաբանական մուրճիկի միջոցով (զգայունության, շարժողական ոլորտի, ռեֆլեքսների հետազոտություն եւ այլն): Լրացուցիչ դիմում են գործիքային ու լաբորատոր ախտորոշմանը: Գործիքային ախտորոշումը ներառում է էլեկտրալիքային, ճառագայթային եւ ուլտրաձայնային մեթոդներ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբան-էպիլեպտոլոգ, նյարդաբանների եվրոպական, Հայաստանի ազգային STROKE, էնդոսկոպիկ վիրաբուժության եւ եվրոպական ռեսպիրատոր ասոցիացիաների անդամ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Նա տիրապետում է ընդհանուր եւ անգիոնյարդաբանության բուժման առաջատար մեթոդների, ԷէԳ, Ստերեո-ԷԷԳ և ԷՆՄԳ արդի մեթոդների, դասախոսել է պրոֆիլային առարկաներ, տպագրված ու միջազգային գիտաժողովներում ներկայացված քսանից ավելի գիտական հոդվածի հեղինակ եւ համահեղինակ է:

-Բժշկուհի՛, խոսենք էպիլեպսիայի մասին:

-Էպիլեպսիան տարածված նյարդաբանական հիվանդություն է, այն բնորոշվում է որպես դարձելի, յուրատիպ, կարճատեւ նոպաներ, որոնց առաջացման պատճառը կարող են լինել ինչպես բնածին այնպես էլ ձեռքբերովի գործոնները: Նոպաների սկիզբը ավելի հաճախ են դիտվում է վաղ մանկական հասակից: Գիտակցության մակարդակը էպիլեպսիայի տեսակի բնորոշման համար ունի մեծ նշանակություն: Գիտակցությունը խանգարված է, եթե հիվանդը նոպայի ժամանակ հրահանգ չի կատարում, շրջապատի հետ կոնտակտի մեջ չի մտնում եւ չի հիշում իր հետ կատարվածը:

Ցնցումային օջախը ցանկացած գործոնով առաջացած (արյան շրջանառության անբավարարոթյուն, պերինատալ բարդություններ, գլխի տրավմա, սոմատիկ եւ ինֆեկցիոն հիվանդություններ, գլխուղեղի ուռուցքներ եւ անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ, ինսուլտ, տարբեր նյութերի տոքսիկ ազդեցություն) ուղեղի օրգանական կամ ֆունկցիոնալ ախտահարման արդյունք է:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ԷՆՄԳ  հետազոտման մեթոդը:

-ԷՆՄԳ-ն ծայրամասային նյարդերի ու մկանների ֆունկցիոնալ վիճակի ախտորոշումն է, որը թույլ է տալիս հայտնաբերել ողնուղեղի նյարդարմատների, ծայրամասային նյարդերի եւ նյարդային միահյուսումների, մկանների եւ նյարդամկանային փոխանցման խանգարումները: Մեթոդը թույլ է տալիս որոշել պերիֆերիկ նյարդերի ախտահարման տեղակայուն ընթացքը, նյարդային թելիկներով իմպուլսի անցման արագությունները, գնահատել մկանային կծկումները՝ ի պատասխան էլեկտրական իմպուլսով գրգռման, պերիֆերիկ նյարդերի, նյարդարմատների, մկանների, ողնուղեղի ախտահարմանը: ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն ծայրամասային նյարդերի վնասման դեպքում: Սարքավորումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում:

-Իսկ ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

-Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով։ Այն գրեթե անփոխարինելի հետազոտություն է էպիլեպսիաների դեպքում եւ հնարավորություն է տալիս ի հայտ բերել էպիլեպտոգեն օջախները, պարզել, թե որ բլթում է առաջանում էպիլեպտիկ ակտիվությունը, ինչ տեսակի է՝ մասնակի՞, թե՞ գեներալիզացված:

Սակայն պետք է հիշել, որ ԷԷԳ-ն արտացոլում է ոչ թե էպիլեպսիայի ախտորոշումը, այլ գլխուղեղի ֆունկցիոնալ վիճակը (ակտիվ արթուն վիճակը, պասիվ արթուն վիճակը, քունը եւ քնի փուլերը) ու կարող է նորմալ լինել նույնիսկ հաճախակի նոպաների դեպքում: Եվ, ընդհակառակը, ԷԷԳ-ում էպիլեպտոֆորմ փոփոխությունների առկայությունը ոչ միշտ է վկայում էպիլեպսիայի մասին, բայց որոշ դեպքերում հակակոնվուլսանտ թերապիայի նշանակման հիմք է հանդիսանում: Այս ամենը շատ կարեւոր է դեղորայքի ընտրության եւ կարգավորման հարցում: Չի կարելի բավարարվել ԷԷԳ-ով, եւ հիվանդի գանգատների դեպքում բժիշկը պետք է կողմնորոշվի, թե ի՞նչ ուղղությամբ, ո՞ր հիվանդության մասին պետք է մտածել, եւ ի՞նչ հետազոտություններ անել: Նման դեպքերում օգնության են գալիս ՄՌՏ-ն, ՀՏ-ն: Նյարդաբանության մեջ առաջնությունը տրվում է ՄՌՏ-ին:

-Որո՞նք են գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) պատճառները, կանխարգելման եղանակները:

-Կաթվածը երեւի ավելի շատ հանդիպող է մեր պրակտիկայում, որի ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ են տարվում, սակայն, ցավոք, մահացության թիվը կրճատելը դժվար է լինում: Ինչպես բոլոր սիրտ-անոթային հիվանդությունները, այնպես էլ կաթվածը քիչ շարժունակության, սխալ սննդակարգի, ծխելու արդյունքում անոթային պաթոլոգիայի հետեւանք է: Արդեն որերորդ տարին է՝ Հայաստանում կաթվածի ինստիտուտը ձեւավորված է այնպես, որ կաթվածից հետո հիվանդները ստանում են ավելի արդի համակցված բուժօգնություն, եւ նախկին տարիների համեմատ ավելի բարձր է արդյունավետության աստիճանը: Դասական տարբերակի արտահայտման ձեւը վերջույթների թուլությունն է, դեմքի ծռվածությունը, չնայած, կախված ուղեղի կոնկրետ հատվածի սնուցման խանգարումից, այն կարող է արտահայտվել անզուսպ փսխումների, գլխապտույտների ձեւով, կլման ակտի խանգարումով, ինչպես նաեւ կարող է մարմնի մի կեսի թմրածություն լինել և այլն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները. դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում, խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում, տեսողության կտրուկ վատացում, գլխապտույտ, անհավանական ուժեղ գլխացավ: Առաջացման պատճառներն են սթրեսը, ծխելը, ալկոհոլը, ճարպակալությունը, հիպոդինամիան, շաքարախտը, հիպերխոլեսթերինեմիան, նյութափոխանակության որոշ խանգարումներ:

Կաթված ստացած մարդու կողքին գտնվողները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել. յուրաքանչյուր րոպեն չափազանց կարեւոր է: Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում, խնդրեք բոլորին ետ կանգնել եւ չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքին պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել: Ոչ մի դեպքում մի՛ տեղաշարժեք մարդուն. դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա: Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը եւ գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները: Ապահովեք մաքուր օդի հոսքը: Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա եւ,  որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել: Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է էպիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք եւ մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարեւորն այն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթեւակի բռնել եւ վերջ: Արգելվում է անուշադիրի սպիրտ մոտ պահել: Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել եւ արհեստական շնչառություն տալ: Եվ հիշեք, որ մինչեւ շտապօգնության ժամանելը մարդու կյանքը կախված է ձեր գործողություններից:

-Ի՞նչ սթրեսային պատկեր մեզ տվեց 44-օրյա պատերազմը:

-Պատերազմը սթրեսային առումով համատարած ընկճեց բոլորիս՝ ե՛ւ բժիշկներին, ե՛ւ մեր հայությանը, ե՛ւ, իհարկե, պատերազմի մասնակիցների ընտանիքներին ու հարազատներին, որոնք, ցավոք, կորուստներ էլ ունեցան: Սթրեսային վիճակը ցանցային բնույթ է կրում եւ տեւական է, ու եթե մարդը սթրեսային վիճակում է, ինքն իր վիճակը լիարժեք գնահատել չի կարող: Եվ կան հոգեբանական վիճակներ, որոնք քրոնիկական բնույթ են կրում, ու բավականին ժամանակ է պետք բուժման համար: Պետք է վատ մտքերը հեռացնել, եւ այդ առումով մեր առաջին բժիշկը մենք ենք: Միայն բժիշկը, դեղորայքը չեն կարող օգնել, բժիշկը կարող է միայն նյարդային համակարգին օգնել, որ այն ավելի ռացիոնալ աշխատի:

-Ի՞նչ են տալիս վերապատրաստումները բժշկին:

-Վերապատրաստումները պետք է լինեն շարունակական եւ անվերջ, ու դա ոչ թե պահանջ է, օրենք, այլ անհրաժեշտություն: Կարող են պրակտիկայում հանդիպել դեպքեր, երբ չկարողանաս դրանց ելքերը գտնել, ուստի պետք է մշտապես հետեւել նորարարություններին, ուսումնասիրել հիվանդությունները, քանի որ ստանդարտներ գոյություն չունեն ո՛չ հիվանդների, ո՛չ էլ հիվանդությունների համար: Կարող են ի հայտ գալ երեւույթներ, որոնց հետ բժիշկը առաջին անգամ է առնչվում, բայց պետք է ճշգրիտ տիրապետի իրավիճակին ու ելքեր գտնի:

-Նյարդային հիվանդությունները «երիտասարդացել» են:

-Էպիլեպսիան հիմնականում ի հայտ է գալիս հենց երիտասադ տարիքում: Ինչ վերաբերում է նյարդամկանային հիվանդություններին, ապա դրանք կարող են ի լինել ե՛ւ բնածին, ե՛ւ  ձեռքբերովի: Կաթվածների առումով էլ «երիտասարդացում» չի նկատվում, պարզապես դրական տեղաշարժ է տեղի ունեցել դիմելիության կուլտուրայի առումով, եւ ավելացել է հիվանդությունների վաղ հայտնաբերման տոկոսը: Դա, իհարկե, նաեւ բժիշկների կազմակերպված, համակցված աշխատանքի արդյունքն է:

-Ասոցիացիաների դերը բժիշկների համար:

-Ասոցիացիաների շնորհիվ հանդես ենք գալիս զեկույցներով, տեղեկանում մեր ոլորտի հաջողությունների, նորարարությունների մասին: Դրանք համախմբում են մասնագետներին, ովքեր սկսում են ավելի լավ ճանաչել միմյանց, փորձի փոխանակություն է տեղի ունենում:

-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման եւ հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:  Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ եւ հաստատուն կամք։ Յուրաքանչյուրս պետք է ձգտենք հայտնվել այն տեղում, որտեղ ցանկանում ենք հայտնվել, եւ որտեղ իսկապես կարող ենք ինքնահաստատվել ու զբաղվել այն աշխատանքով, ինչով ուզում ենք զբաղվել: Ինչքան էլ որ բանալ հնչի, ես կարծում եմ՝ առողջությունը կարեւորագույն արժեք է, որն անպայման պետք է արժեւորել, պահպանել եւ ծաղկեցնել: Խոսքը չի վերաբերում միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեւոր առողջությանը. խուսափենք բոլոր վնասակար գործոններից, որոնք կարող են վատթարացնել վիճակը: Կցանկանամ իմ ավագ ընկերներից մեկի խոսքերը մեջբերել, նա ցանկացած առիթով երջանկություն է մաղթում բոլորին, իսկ երբ երջանիկ ես, ուրեմն արդեն իսկ առողջ ես, սիրում ես, սիրված ես, մտերիմներդ, հայրենիքդ առողջ ու ապահով են: Կցանկանամ, որ լինենք ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, ազգը լինի լավատես. երբ մարդը լավատես է, ամեն ինչի մեջ լավն է տեսնում, կարծես թե Աստված էլ բարին է տալիս: Իսկ եթե ամեն ինչի մեջ վատն է տեսնում, կյանքն էլ կդառնա գորշ, ինքն էլ շրջապատի եւ ընտանիքի համար կլինի տհաճ կերպար: Թող լինի խաղաղություն, Աստված բարի աչքով նայի բոլորիս:

Սրտի բաբախյունի պատճառը թող միայն ուրախության, երջանկության եւ մանկան ճիչը լինի

Սրտաբանությունը զբաղվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ, ինչպես նաև կանխարգելմամբ: Սրտային հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը յուրաքանչյուր պետության բուժծառայության գլխավոր խնդիրն է: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  Ավան կլինիկայի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբան ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է խորամուխ լինել ժամանակակից սրտաբանության նվաճումների մեջ՝ տիրապետելով բժշկության այս ոլորտի  նորագույն և արդյունավետ մեթոդների ու  դրանք հաջողությամբ  կիրառելով պրակտիկայում: Բազմաթիվ կյանքեր է փրկել Արամ Գրիգորյանը: Մասնագիտական բարձր որակներից զատ նա միաժամանակ մարդկային բարձր արժեքների կրող է: Բժիշկ, որի խոսքը իր նույնքան բուժիչ է, օգնող ու հիվանդին հուսադրող:  Եվ այստեղ է, որ բժշկի նրա գիտակությանն ու հմտությանն ավելանում է հիվանդի խնդրին համբերատար տեղեկանալու պատրաստակամությունը, որին հետևում է  ճիշտ ու կողմնորոշող խորհրդատվությունը՝ ամենայն մանրամասնությամբ Նա գիտե՝ ինչպես վերաբերվել հիվանդին, անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր պացիենտի, վստահեցնում, հավատ  ներշնչում, ու երբեմն, իսկապես,  հրաշք է տեղի ունենում՝ բուժվում է անբուժելի թվացող հիվանդը: Եվ ի՞նչ սա, եթե ոչ մասնագիտական պարտքի, կոչման ու պատասխանատվության բարձր զգացում, որ հարկ է, որ լինի բժշկի կերպարի

-Բժիշկ Գրիգորյան,  ինչպե՞ս եք գնահատում մեզանում սրտային հիվանդությունների ախտորոշումն ու բուժման մեթոդները: Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում մահացությունը  կիսով չափ պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով:

-Հայաստանում սրտային հիվանդությունների ախտորոշումն ու բուժման մեթոդները գնալով ավելանում են, այն բժշկության զարգացող ճյուղերից է, սակայն, ցավոք, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում սրտային հիվանդություններից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է: Պատճառն այն է, որ հիվանդները երկար ժամանակ ախտանշաններ են ունենում, սակայն, դժբախտաբար, բժշկի դիմելու հարցում մենք այնքան էլ  ուշադիր  ու հետևողական չենք:

-Սրտային հիվանդությունների շարքում ո՞ր խնդիրն  է ավելի հաճախ հանդիպում: Հատկապես ո՞ր սեռի և տարիքի մարդկանց շրջանում է  այն տարածված:

-Սիրտանոթային համակարգի առավել տարածված խնդիրներից է սրտի իշեմիկ հիվանդությունը: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քանի որ վերջիններս ավելի քիչ են պաշտպանված բնության կողմից: Քանի դեռ կանանց մոտ պահպանված է ռեպրոդուկտիվ ֆունկցիան, իգական ու սեռական հորմոնները պաշտպանիչ ազդեցություն են ունենում: Մինչեւ 50- 55 տարեկանը դա կանանց պաշտպանում է սրտի իշեմիկ հիվանդությունից:

-Մանրամասնե, խնդրեմ, ինչպե՞ս է ախտորոշվում սրտի իշեմիկ հիվանդությունը, որո՞նք են ռիսկի գործոնները:

-Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման առաջին փուլում կատարվում է էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, որոշակի լաբորատոր ցուցանիշների ստուգում: Հաջորդ փուլում կատարվում է կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն և կորոնարոգրաֆիա՝ գնահատելու համար սիրտը սնուցող անոթների ֆունկցիան: Կախված սրտի անոթների ախտահարվածության  աստիճանից ու տարածվածությունից,  որոշվում է բուժման մեթոդը՝ դեղորայքային, ստենտավորում կամ բաց վիրահատություն: Սակայն մինչ հիվանդությունը ձեռք բերելը շատ կարևոր է նախ՝ հոգ տանել դրանից խուսափելու, այսինքն՝ ռիսկի գործոնները նվազեցնելու համար: Իշեմիկ հիվանդություններից զերծ մնալու համար անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ, հնարավորինս բացառել վնասակար սովորությունները՝ չծխել, ալկոհոլը չչարաշահել,  հետևել սննդակարգին, զբաղվել սպորտով, զերծ մնալ սթրեսային գործոններից: Խորհուրդ է տրվում 45 տարեկանից հետո կատարել կանխարգելիչ զննումներ, որոշ հետազոտքւթյուններ անցնել, մի խոսքով՝ զգոն ու հետևողական լինել, քանի որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեցել են սրտի իշեմիկ հիվանդություն:

-Որոշ դեպքերում սահմանափակումներ չեն լինում: Ճիշտ և ժամանակին ախտորոշման, բուժման գլխավոր նպատակն այն է, որ հաշմանդամությունը նվազի, և սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտները հասկանան, որ, անկախ խնդրից, կարող են վարել առողջ ապրելակերպ ՝ զգալով իրենց հասարակության լիարժեք անդամ:

-Սրտամկանի սուր ինֆարկտի զարգացումը կանխելու համար ինչպիսի՞ միջամտություններ են կատարվում: Ի՞նչ է ստենտավորումը: Որո՞նք են ցուցումներն ու հակացուցումները:

-Սրտամկանի սուր ինֆարկտը կյանքի համար բավականին մեծ վտանգ ներկայացնող հիվանդություն է, որը վերջին տարիներին զգալիորեն  երիտասարդացում է ապրել: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Սիրտը սնուցող անոթների՝ պսակաձեւ զարկերակների կրիտիկական կամ ամբողջովին փակվելու հետևանքով ձևավորվում է ինֆարկտի օջախը: Դա կարող է լինել թրոմբը, կարող է լինել աթերոսկլերոտիկ վահանիկը, որն աստիճանաբար մեծանալով՝ փակում է լուսանցքի տրամագիծը, և այդ  պատճաով էլ արդեն խաթարվում է արյան հոսքը` առաջացնելով սրտամկանի սուր ինֆարկտ: Բուժումն իրենից ներկայացնում է շտապ համալիր բուժմիջոցառումներ: Ըստ հայաստանյան միջին վիճակագրական տվյալների՝  տղամարդկանց մոտ շեմը սկսվում  է 40, իսկ կանանց մոտ՝ 50 տարեկանից: Բացառությամբ  հատուկ դեպքերի,  որոնք ունեն ռիսկի գործոններ:  Առաջացման պատճառների շարքին են դասվում բարձր խոլեսթերինը,  շաքարային դիաբետը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրամիջոցների օգտագործումը, սթրեսը, նստակյաց կյանքը, ոչ ակտիվ ֆիզիկական շարժունակությունը: Ինֆարկտի նախանշաններն են՝ կրծքավանդակի շրջանում սեղմման, այրոցի զգացում,  որոնք կարող են լինել տեղային և   ճառագայթող բնույթի ցավեր դեպի վերին վերջույթներ` ձախ ձեռք, ստորին ծնոտ, թիկունք, թիակներ,  ինչպես նաև սրտխառնոց, ստամոքսի շրջանում  ցավեր,  հևոց, շնչարգելություն:

-Որո՞նք են առիթմիաների պատճառները:

-Այս խնդրի առաջացման պատճառները կարող են բազմաբնույթ լինել: Դրանք են՝ սրտի իշեմիկ հիվանդության հետևանքով կրած  սրտամկանի ինֆարկտը, հիպերտոնիկ հիվանդության, սրտի փականային հիվանդությունները, բնածին արատները, հորմոնալ շեղումները՝ ավելի հաճախ պայմանավորված վահանաձև գեղձի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններով, մի շարք էլեկտրոլիտների քանակի ավելացումը  կամ պակասը: Այս ամենից կախված՝ գոյություն ունեն սրտի ռիթմի խանգարումների տարբեր տեսակներ, որոնք էլ ունեն իրենց ախտորոշման մեթոդները և համապատասխան բուժումը:

-Ձեր պրակտիկայում առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում:

-Շողացող առիթմիան, էքստրասիստոլիկ առիթմիաները, շնչառական առիթմիաները: Որպես  սրտաբան  աշխատելով նաև Սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ   Ավան կլինիկայում,       որը  պրոֆիլավորված  կորոնովիրուսային  կենտրոն է համարվում,  բազմիցս առնչվել եմ ռիթմի և հաղորդչական խանգարում ունեցող պացիենտների  հետ: Եղել են նաև շատ հազվադեպ  հանդիպող դեպքեր. Դեպքեր, որոնք ոչ հաճախ կարող ես հանդիպել:

-Սրտային հիվանդությունները կարո՞ղ են հանկարծամահության պատճառ հանդիսանալ:

- Ցավոք սրտի,  աշխարհում այսօր սրտային հանկարծամահությունը  գտնվում է առաջին տեղում, և ներկայում ունենք մահացության ամենամեծ տոկոսը:

-Վերապատրաստումների մասնակցո՞ւմ եք:

-Վերապատրաստումները մեր ժամանակներում խիստ անհրաժեշտություն եմ յուրաքանչյուր բժշկի համար:  Մասնակցել եմ  եվրոպական ասոցիացիաների կազմակերպած մեծ կոնգրեսների Բարսելոնայում (2017թ.),  Սանկտ Պետերբուրգում (2018թ),  Փարիզում (2019թ.): Հեռահար մասնակցել եմ Իտալիայում անցկացված սրտային անբավարարության ժամանակակից բուժման և վարման նորարարական  մոտեցումներին նվիրված : Նոր  վերապատրաստումների մասնակցել նախատեսում եմ նաև մոտ ապագայում, քանզի բժշկի համար դրանք շատ կարևոր են նախ՝ փորձի փոխանակման առումով: Վերապատրաստումները միևնույն ժամանակ մեծապես նպաստում են մասնագիտական շահավետ առնչություններին ու շփումներին և,  ինչու՞ չէ,  նաև լավ առիթ են՝ համատեղելու հանգիստն ու ծանոթությունն  օտար մշակույթին: 

-Ու՞մ  եք համարում  Ձեր առաջին ուսուցիչը:

-Հարազատ  տատիկիս՝ Ռիմա Սուքիասյանին:  Նա   մինչ օրս էլ որպես սրտաբան  աշխատում է Մարտունի քաղաքի հիվանդանոցում և շատ հարցերում միշտ իմ կողքին է,  ես նրանից շատ բան եմ սովորում: Մենք հաճախ, թե՛ որպես գործընկերներ, թե՛ որպես տատ ու թոռ, միասին  քննարկում ենք այս կամ այն դեպքը, վերլուծում տվյալ հիվանդության պատկերը, կարծիքներ փոխանակում դրանց շուրջ: Եվ, պատկերացրեք, սա՛ էլ ինձ համար  մի յուրօրինակ <<վերապատրաստում >> է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սրտային հիվանդություններով տառապողներին, ի՞նչ կավելացնեք  որպես վերջաբան:

-Սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ կտամ սրտով մոտենալ իրենց սրտի խնդիրներին և դրանց հետ կապված՝ հետևողական լինել, հիվանդության առաջացման վաղ շրջանում պարտադիր դիմել բժշկի՝ նրա խորհրդատվությամբ  բուժման  ճիշտ ու արդյունավետ միջոց  ընտրելու համար: Բոլորին խորհուրդ կտամ թեկուզ տարին մեկ անգամ  կանխարգելիչ նպատակով հետազոտվել՝ պարզելու սեփական օրգանիզմի առողջական վիճակը,  իսկ ընդհանուր առմամբ՝ առողջ ապրելակերպ վարել. այն է՝  զբաղվել սպորտով, բացառել վնասակար  սովորությունները, սթրեսներից հնարավորինս զերծ մնալ:

Ամփոփեմ և,  որպես վերջաբան, մաղթեմ բոլորին քաջառողջություն, սահմանը պահող մեր հայ տղաներին՝ ուժ ու  եռանդ: Եվ ավելացնեմ՝ հաճախ ժպտացեք, սրտո՛վ ու սրտա՛նց ժպտացեք, ժպիտը կյանք է, սիրտը ժպիտ է սիրում: Իսկ սրտի բաբախյունի պատճառը թող միայն ուրախության, երջանկության եւ մանկան ճիչը լինի:

Առողջ հենաշարժիչ համակարգը ակտիվ կյանքի  գրավականն է ցանկացած տարիքում

 Վնասվածքաբանությունը եւ օրթոպեդիան բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է հենաշարժական համակարգի վնասվածքների ու հիվանդությունների պատճառները, կլինիկան, այսինքն՝ մարդու մարմնի տեղային ու ընդհանուր գործընթացները եւ վիճակները, մշակում է կանխարգելման ու բուժման մեթոդներ: Հիվանդության ի հայտ գալուց հետո որքան շուտ է պացիենտը դիմում մասնագիտացված օգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է դառնում: Վերջնական ախտորոշման նպատակով յուրաքանչյուր պացիենտ բազմակողմանի հետազոտվում է բժիշկ-մասնագետների բազմապրոֆիլ թիմի կողմից:

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը համալրված է ախտորոշման եւ բուժման համար անհրաժեշտ, ժամանակակից բժշկության պահանջները բավարարող սարքավորումներով, ինչը բարձր որակավորում ու փորձ ունեցող  մասնագետներին հնարավորություն է տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները: Կենտրոնում գործող ծառայություններից են կոտրվածքների եւ հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների կոնսերվատիվ ու վիրահատական բուժումը, հոդերի արթրոսկոպիան եւ էնդոպրոթեզավորումը, վերջույթների երկարացումն ու դեֆորմացիաների շտկումը եւ այլն: Կենտրոնն ունի ժամանակակից լաբորատորիա, վիրասրահ, ֆիզիոթերապիայի կաբինետներ…

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի աշխատակից, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան ԱՐՄԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ:

-Բժշկուհի՛, ի՞նչ գործառույթներ են իրականացվում կենտրոնում, եւ ո՞ր խնդիրների դեպքում կարող են դիմել ձեր օգնությանը:

-Մեզ կարող են դիմել ոսկրամկանային եւ հոդային համակարգի ցանկացած վնասվածքների ու հիվանդությունների ժամանակ, օրինակ, կոտրվածքների, հոդախախտերի, հետվնասվածքային բարդությունների, այդ թվում՝ օստեոմիելիտի դեպքում, օրթոպեդիկ տարբեր հիվանդությունների՝  կեցվածքի շեղումների, հոդերի հիվանդությունների, վերջույթների արատների, դեֆորմացիաների ու կարճությունների ժամանակ եւ այլն: Ի դեպ նշեմ, որ հաշմանդամություն ունեցող հիվանդները բուժում ստանում են պետության աջակցությամբ:

-Ո՞րն է կոտրվածքի եւ հոդախախտի տարբերությունը:

-Կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջականության խախտումն է ոսկրի ամրությունը գերազանցող ուժի ազդեցության հետեւանքով։ Կա նաեւ պաթոլոգիական կոտրվածք հասկացությունը, երբ կոտրվածքն առաջանում է աննշան ուժի ազդեցությամբ ոսկրի նախապես փոփոխված, պարոտիկ հատվածում (ոսկրերի մետաստատիկ ախտահարման, օստեոմիելիտի, օստեոպորոզի ժամանակ եւ այլն)։ Կարող է լինել բաց եւ փակ կոտրվածք: Եթե վնասվածքը բաց է, ոսկրաբեկորը՝ դուրս եկած, խորհուրդ չի տրվում հրել ոսկորը՝ մղել դեպի ներս, այլ պետք է ֆիքսել այն դիրքում, որում կա, տեղադրել ասեպտիկ վիրակապ եւ տեղափոխել հիվանդանոց: Հասարակության մեջ կարծիք կա, որ, եթե մարդը կարողանում է շարժել մատները, ապա կոտրվածք չկա, բայց դա շատ թյուր կարծիք է, կոտրվածքը բացառելու համար պարտադիր է կատարել ռենտգեն հետազոտություն: Վնասվածքների ժամանակ, որպես առաջին օգնություն, պետք է անշարժացնել վերջույթը, տեղադրել սառույց եւ տեղափոխել բժշկական կենտրոն հետազոտելու, որպեսզի հետագա բարդություններից խուսափելու համար ժամանակին կատարվի ճիշտ ախտորոշում ու բուժում:

Հոդախախտը հոդը կազմող ոսկրածայրերի միմյանց նկատմամբ տեղաշարժն է, որի ժամանակ տեղի են ունենում հոդաշապիկի եւ հոդը կայունացնող ջլակապանային ապարատի պատռվածքներ: Այս դեպքում եւս առաջին օգնությունը պետք է լինի վերջույթն անշարժացնելը, սառույց տեղադրելը, ապա մասնագիտական բուժկենտրոն տեղափոխելը: Չպետք է փորձել առանց ռենտգեն հետազոտության ուղղել հոդախախտը: Որոշ դեպքերում հոդախախտերը կարող են ուղեկցվել կոտրվածքով, եւ ուղղման փորձ կատարելիս ոսկրաբեկորները կարող են վնասել մոտակա անոթները, նյարդերը, մեծանում է ոսկրաբեկորների տեղաշարժը եւ այլն: Ամեն դեպքում, հոդախախտերի ուղղումը պետք է կատարվի մասնագիտական կենտրոններում՝ հիվանդին լիարժեք հետազոտելուց հետո:

 -Ի՞նչ կասեք սկոլիոզի մասին:

-Սկոլիոզը ողնաշարի կողմնային ծռվածություն է, որի պատճառները կարող են տարբեր լինել, եւ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել ժամանակին ախտորոշման ու բուժումը  սկսելու վրա: Սկոլիոզը լինում է բնածին (ողերի ոչ ճիշտ զարգացում, կողերի միաձուլում եւ այլն)  եւ ձեռքբերովի: Բնածին սկոլիոզի դեպքում, եթե վաղ տարիքում չի կատարվում վիրահատական միջամտություն, երեխայի զարգացման եւ աճի հետ դեֆորմացիան մեծանում է: Ձեռքբերովի սկոլիոզը կարող է լինել ռախիտի, ողերի կոտրվածքների, օստեոմիելիտի, նյարդամկանային հիվանդությունների, ուռուցքների հետեւանքով եւ այլն: Առանձին տեղ է գրավում իդիոպաթիկ սկոլիոզը, որի պատճառները վերջնական պարզված չեն, եւ կանխարգելել այն հնարավոր չէ: Վաղ ախտորոշելու համար ծնողները պետք է ուշադիր լինեն երեխայի ուսագոտիների անհամաչափությանը, կոնքի ծռվածությանը, կռացած վիճակում ողնաշարի ուղիղ գծով չլինելուն, նրա երկու կողմերում անհամաչափության առկայությանը: Կա նաեւ սկոլիոտիկ կեցվածք հասկացությունը, որի առաջացմանը նպաստում է դասերի ժամանակ ոչ ճիշտ դիրքով նստելը, ծանր պայուսակը միշտ նույն ուսին կրելը, որը հանգեցնում է ողնաշարի եւ մեջքի մկանների անհամաչափ բեռնվածության, հոգնեցնում եւ թուլացնում է դրանք։ Այսպես կոչված, կոմպենսատոր սկոլիոզը կարող է առաջանալ հիվանդի մեկ ոտքի կարճությունից։

Ամեն դեպքում կարեւորը վաղ ախտորոշելն է, որպեսզի բուժական միջոցների շնորհիվ թույլ չտան դեֆորմացիան ավելի խորանա, եւ առկա դեֆորմացիան շտկվի: Ձեռքբերովի սկոլիոզների դեպքում բուժումը կոնսերվատիվ է՝ հիմնական հիվանդության բուժում, որի պատճառով այն առաջացել է, սեղմիրանի (կորսետի) կրում, բուժական ֆիզկուլտուրա եւ մերսումներ, լող, ֆիզիոթերապիա: Կորսետները կրում են ամբողջ օրը, այդ թվում՝ գիշերը, եւ հանում են միայն բուժական ֆիզկուլտուրայի (օրական 3-4 անգամ) եւ այլ բուժական միջոցառումների ժամանակ, մինչեւ ոսկրային աճի կանգը՝ 16-18 տարեկան հասակը (որոշվում է ռենտգենաբանորեն): Իհարկե, աճը կանգնելուց հետո հիվանդության որոշ, բայց ոչ կտրուկ զարգացում կարող է լինել, ինչի պատճառով սեղմիրանը հանելուց հետո շարունակվում են բուժական ֆիզկուլտուրան, լողը եւ այլն, որպեսզի զարգացած մկանները կարողանան ճիշտ դիրքում պահել ողնաշարը: Երկարատեւ բարձիթողի սկոլիոզի դեպքում կարող է պահանջվել վիրահատական միջամտություն։ Քայլելու եւ նստելու ժամանակ ճիշտ կեցվածք ձեւավորելով՝ կարելի է կանխարգելել ողնաշարի դիրքային ծռումները:

-Ի՞նչ է կիֆոզը:
-Առաջին հերթին պետք է ասել, որ նորմայում ողնաշարը կրծքային հատվածում ունի դեպի հետ կորություն մինչեւ 35 աստիճան անկյամբ, որը կոչվում է ֆիզիոլոգիական կիֆոզ: Երբ կիֆոզի անկյունը գերազանցում է նորման, առաջանում է ախտաբանական վիճակ՝ կեցվածքի շեղում:  Ինչպես սկոլիոզը, այնպես էլ ախտաբանական կիֆոզը կարող է լինել բնածին՝ ողերի միաձուլման եւ կիսաողերի առկայության հետեւանքով եւ ձեռքբերովի՝ տարբեր հիվանդությունների ու կոտրվածքների պատճառով առաջացած: Բնածին կիֆոզների բուժումը վիրահատական է, կատարվում է մանկական տարիքում: Ձեռքբերովի կիֆոզների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում օստեոխոնդրոպաթիկ կիֆոզը, այսպես կոչված, Շոերման-Մաուի հիվանդությունը, որը սկսվում է 12-17 տարեկան հասակում: Օստեոխոնդրոպաթիկ կիֆոզի բուժումը ներառում է ողնաշարի բեռնաթափումը օրթոպեդիկ սարքավորումների՝ ռեկլինատորների միջոցով, բուժական ֆիզկուլտուրա եւ մերսում, ֆիզիոթերապիա, լող: Արդեն ձեւավորված ծանր դեֆորմացիաների ժամանակ բուժումը վիրահատական է: Կիֆոզ կարող է զարգանալ նաեւ տարիքի հետ տարբեր պատճառներով ողնաշարում զարգացած օստեոպորոզի հետեւանքով, երբ ողի մարմնում միկրոկոտրվածքների հետեւանքով առաջանում է սեպաձեւ դեֆորմացիա: Կեցվածքի խիստ արտահայտված դեֆորմացիաները ոչ միայն պատճառ են դառնում ողնաշարի ցավերի, այլեւ կարող են բերել նաեւ շնչառության ու սրտի աշխատանքի խանգարումների:

-Խոսենք Բեխտերեւի հիվանդության մասին:

-Բեխտերեւի հիվանդությունը կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը քրոնիկական, բորբոքային համակարգային հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են ողնաշարը եւ խոշոր հոդերը՝ զստասրբանային, կոնքազդրային եւ ծնկան։ Հիվանդության պատճառը հայտնի չէ, համարվում է ժառանգականորեն նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն։ Սկսվում է 18-40 տարեկան հասակում եւ դանդաղ պրոգրեսիվում: Առաջին ախտանիշները ողնաշարի ցավերն են, շարժումների դժվարացումը, զստասրբանային հոդերի նեղացումը կամ անկիլոզը՝ սակրոիլեիտը: Հետագայում զարգանում է ֆիքսված կիֆոզ ողերի միաձուլումով, խոշոր հոդերի, օրինակ, կոնքազդրային, անկիլոզացնող արթրոզ: Հիվանդն ընդունում է, այսպես կոչված, «մուրացկանի դիրք»: Կախված հիվանդության փուլից, բուժումը տարբեր է: Սկզբնական շրջանում ցավազրկող հակաբորբոքային դեղորայքի նշանակումն է եւ ողնաշարի, խոշոր հոդերի արատավոր դիրքում անկիլոզացման կանխարգելումը: Անկիլոզի դեպքում ցավեր սովորաբար չեն լինում, սակայն տուժում է ֆունկցիան, եւ բուժումը հոդերի էնդոպրոթեզավորումն է:

-Ո՞ր տարիքից պետք է ուշադրություն դարձնել հենաշարժական համակարգի ձեւավորմանը՝ կեցվածքին:

-Երեխայի ծնված օրվանից սկսած՝ պետք է ուշադրություն դարձնել նրա կեցվածքի ձեւավորմանը. ժամանակին նստեցնել, կանգնեցնել, որպեսզի երեխայի մոտ ողնաշարի ֆիզիոլոգիական կորությունները ճիշտ զարգանան: Հետեւել, որ դասապատրաստման ժամանակ երեխան նստի ճիշտ դիրքով, դպրոցական ուսապարկը լինի հարմար եւ ոչ ծանր: Եվ պետք է ուշադրություն դարձնել այն հիվանդություններին, որոնք կարող են հանգեցնել կեցվածքի շեղումների: Վաղաժամ սկսել բնածին հիվանդությունների բուժումը՝ ազդրի բնածին հոդախախտի, բնածին կիֆոզի ու սկոլիոզի, ծուռվզության եւ այլն: Ռախիտի եւ ռախիտանման հիվանդությունների վաղ ախտորոշումն ու բուժումը եւս կանխարգելում է հենաշարժիչ համակարգի դեֆորմացիաների զարգացումը: Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է շուտ դիմել բժշկի:

-Ի՞նչ է օստեոարթրոզը:

-Դեֆորմացնող օստեոարթրոզը հոդերի դեգեներատիվ, դիստրոֆիկ հիվանդություն է, որը սկսվում է հոդաճառից, ապա պրոցեսի մեջ ընդգրկվում են ենթաաճառային ոսկրը, հոդաշապիկը, հարհոդային կապաններ: Դանդաղ ընթացքով պրոգրեսիվող հիվանդություն է, որի ժամանակ փափկում եւ հյուծվում է աճառը, մաշվում ու դառնում խորդուբորդ, ապա առաջանում են ենթաաճառային ոսկրի կառուցվածքային փոփոխություններ, դեֆորմացիա, հոդի եզրերում՝ ոսկրային գերաճեր՝ օստեոֆիտներ, հաստանում եւ կնճռոտվում է հոդաշապիկը: Օստեոֆիտների պատճառով ժողովուրդն այս հիվանդությանն անվանում է հոդերի աղերի կուտակում, սակայն իրականում աղերի կուտակում տեղի չի ունենում, եւ այն սննդակարգի հետ կապ չունի: Ըստ պատճառների, տարբերում են առաջնային դեֆորմացնող օստեոարթրոզ, որի պատճառները վերջնական պարզված չեն, եւ այն կապվում է աճառի ֆունկցիոնալ հնարավորությունները գերազանցող ծանրաբեռնումների հետ: Եվ երկրորդային դեֆորմացնող օստեոարթրոզ, որն առաջանում է հոդերի տարբեր հիվանդությունների ու վնասվածքների հետեւանքով՝ ոեւմատոիդ արթրիտի, հոդերի ինֆեկցիոն բորբոքումների, հոդը կազմող ոսկրերի կոտրվածքների եւ այլն: Հիվանդների կլինիկան կախված է արթրոզի փուլից: Սկզբնական ախտանիշներից են հոդերի ոչ կայուն ցավերը, որոնք առաջանում են հոդը ծանրաբեռնելուց եւ անցնում հանգստից հետո, ինչպես նաեւ առավոտյան ժամերին հոդերի կաշկանդվածությունը, որը քայլելիս անհետանում է: Ավելի ուշ հոդերում ցավերը եւ շարժումների սահմանափակումը դառնում են կայուն բնույթի, հոդերում ի հայտ են գալիս խրթոցներ: Հիվանդության վերջին փուլում կարող է առաջանալ հոդի անկիլոզ: Արթրոզի սկզբնական շրջանում բուժումը կոնսերվատիվ է, նշանակվում են հակաբորբոքային-ցավազրկող դեղորայք, խոնդրոպրոտեկտորներ՝ աճառի դեգեներացիան կանխարգելելու եւ վերականգնելու համար, հիմնական հիվանդությունների բուժում, որոնք դեֆորմացնող օստեոարթրոզի առաջացման պատճառ են հանդիսացել: Իրականացնում են ֆիզիոթերապեւտիկ միջոցառումներ, բուժական ֆիզկուլտուրա: Ավելի ուշ շրջաններում ցուցված է վիրահատական բուժում՝  հոդերի արթրոսկոպիա, շտկող ոսկրահատումներ, հոդերի էնդոպրոթեզավորումներ:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Թող հասարակությունը տեղեկացված լինի, որ մեր երկրում բուժվելու շատ մեծ հնարավորություններ կան: Ուստի պետք է բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժությամբ, քանզի վաղ ախտորոշման եւ ճիշտ ժամանակին սկսած բուժման դեպքում ստանում ենք ավելի լավ արդյունքներ: Առողջ հենաշարժիչ համակարգը ակտիվ կյանքի գրավականն է ցանկացած տարիքում:

 Սիրե՛ք ինքներդ ձեզ եւ եղե՛ք առողջ:

Լյարդի փոխպատվաստումը վիրահատությունների գագաթնակետն է

 Լյարդն օրգանիզմի ամենակարեւոր օրգաններից մեկն է, որը կատարում է բազմաթիվ կենսական գործառույթներ: Այն համարվում է օրգանիզմի սանիտար, որը հավաքում եւ  չեզոքացնում է օրգանիզմում առկա բոլոր վնասակար նյութերն ու տարրերը: Սակայն, ցավոք, ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից են նաեւ լյարդի հիվանդությունները, եւ փոխպատվաստումը դրանցից շատերի բուժման ամենարդյունավետ բուժման մեթոդն է: Այն սկիզբ է առել 1967 թվականին, երբ Թոմաս Սթարզլը եւ նրա թիմը իրականացրեցին դիակային լյարդի առաջին բարեհաջող փոխպատվաստումը: Տարիների ընթացքում այս միջամտությունը զարգացել է օրգանների պահպանման, վիրաբուժական տեխնիկայի, նախավիրահատական խնամքի եւ իմունոսուպրեսիայի կատարելագործման շնորհիվ, առկա մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, քաղաքականությունը, օրենսդրությունը, հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, նույնիսկ կրոնական հայացքները հանգեցրել են փոխպատվաստման  բարեհաջող իրականացման տարբեր մեթոդների մշակմանը ամբողջ աշխարհում: Եվ Հայաստանում նույնպես այդ մեթոդի իրականացումը հաստատուն հիմքերի վրա դնելու նպատակով կատարվում են քայլեր, որպեսզի դրսից չհրավիրեն տվյալ ոլորտի նեղ մասնագետների, այլ փոխպատվաստումն իրականացնեն միայն մեր բժիշկները:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում լյարդի վիրաբուժությունն ունի բավականին երկար պատմություն, այն սկիզբ է առել դեռեւս 80-ական թվականներին:Ձեզ ենք ներկայացնում http://bestgroup.am/ կայքի  հարցազրույցը վիրաբուժության ինստիտուտի լյարդի վիրաբուժության եւ հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով բավականին ծավալուն աշխատանքներ է տանում Հայաստանում լյարդի հիվանդությունների բուժմանն առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ:

-Որո՞նք են լյարդի ուռուցքների առաջացման պատճառները:

-Ցավոք, դրանց աճի մեծ միտում կա: Հիմնականում վիրուսային հեպատիտների շատացման ֆոնի վրա են առաջանում ուռուցքները: Ընդ որում, կարող է ուռուցքներ առաջանալ առանց հեպատիտի ֆոնի, սակայն, դժբախտաբար, լինում են նաեւ մահվան ելքերով ուռուցքներ: Որքան վաղ դրանք հայտնաբերվեն, այնքան հնարավոր կլինի խուսափել բարդություններից, այսինքն՝ գործը չի հասնի ուռուցքային պրոցեսների: Արդեն բարդացած դեպքերում պահանջվում են ե՛ւ ֆինանսական, ե՛ւ հոգեբանական ու հոգեկան, ե՛ւ տեխնիկապես մեծ ջանքեր: Եվ մենք մշտապես մեծ տեղ ենք հատկացնում սքրինինգային ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս հետեւելու հիվանդների վիճակին, տարին մեկ-երկու անգամ էլ նրանք անցնում են հետազոտություններ:

-Որո՞նք են լյարդի ցիռոզի տեսակները:

-Ցավոք, այսօր լյարդի ցիռոզները լայն տարածում ունեն, իսկ դրանց առաջացման պատճառները տարատեսակ են: Առաջնային պատճառներից է վիրուսային հեպատիտների բավականին մեծ աճը, որը նկատվում է ամբողջ աշխարհում: Վիրուսային ֆոնի վրա սկզբնական շրջանում դրանք բավականին դժվար են իրենց արտահայտման ձեւը դրսեւորում, սակայն իրականում հեշտ են հայտնաբերվում, պարզապես պացիենտը պետք է բժշկին դիմի ժամանակին: Եվ մենք միշտ հորդորում ենք հասարակությանը, ցանկացած մարդու, որպեսզի նույնիսկ խնդիր չունենալու դեպքում գոնե տարին մեկ անգամ անցնի կանխարգելիչ հետազոտություններ: Իսկ, եթե խնդիր ունի, առավել եւս, պարտադիր հանձնի հեպատիտ Բ-ի եւ Ց-ի անալիզ: Ընդհանրապես բոլոր հիվանդութունների դեպքում, երբ ավելի վաղ է հայտնաբերվում խնդիրը, այնքան ավելի արդյունավետ բուժման պատկեր ենք  ունենում: Ուշ հայտնաբերվելու դեպքում առաջանում են բարդություններ, որոնք հանգեցնում են ընդհուպ ցիռոզի, որի առաջացման պատճառներից է ալկոհոլի չարաշահումը, ինչը, ցավոք, մեզ մոտ բավականին  տարածված է: Ցիռոզ կարող են առաջացնել նաեւ մետաբոլիկ հիվանդությունները, ժառանգականությունը, շաքարային դիաբետը, խոլեսթերինը եւ մի շարք այլ հիվանդություններ:

-Ինչի՞ հետեւանք է լյարդի ճարպակալումը:     

-Մեր բնակչության կեսից ավելին ունի ճարպակալում, որի պատճառը մեր պասիվ, նստակյաց ապրելակերպն է, սննդակարգը… Խնդիրը հիմնականում ի հայտ է գալիս քառասուն տարեկանից հետո, բնականաբար, տարիքի հետ փոխվում է հորմոնալ ֆոնը ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մոտ:

-Ի՞նչ կասեք կիստաների մասին:

-Հիմնականում հայտնաբերվում են հասարակ կիստաները, որոնք լինում են բնածին ինչպես նաեւ ձեռքբերովի, էխինակոկ: Հայաստանում կան այդ առումով էնդեմիկ շրջաններ, որտեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Տանը կենդանի պահելը նույնպես կարող է հանգեցնել էխինակոկի, կարող են լինել նաեւ դեպքեր, որ բացառվի կենդանու առկայությունը, եւ հիվանդության առաջացումը պայմանավորված լինի սննդամթերքի՝ մսի, բանջարեղենի ոչ ճիշտ մշակմամբ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում պորտալ հիպերտենզիան:

-Դա ներլյարդային ճնշման բարձրացումն է, կերակրափողի ստամոքսի վարիկոզ լայնացումը, որը բերում է արյունահոսության, եւ որովայնում սկսում է հեղուկ հավաքվել:  Պորտալ հիպերտենզիայի դեպքում շունտավորումը կատարվում ներլյարդային ճնշումը իջեցնելու համար, որպեսզի արյունահոսություն չլինի, սակայն շունտավորումը ցիռոզը չի վերացնում:

-Ո՞ր դեպքում է իրականացվում փոխպատվաստում:

-Շատ դեպքերում ուռուցքային հիվանդությունների, լյարդի ցիռոզների բուժման մեթոդները լիարժեք արդյունավետ չեն լինում, քանի որ դրանց մեջ շատ մեծ տոկոս են կազմում հետվիրահատական բարդությունները: Ընդ որում, դոնոր գտնելու խնդիրը ոչ միայն Հայաստանում է հրատապ, այլեւ ամբողջ աշխարհում, պարզապես մեզ մոտ դրան ավելանում է հասարակության վերաբերմունքը: Մենք ցանկանում ենք ամեն մի հնարավորություն օգտագործել, խնդրի լրջությունը լուսաբանել լրատվամիջոցներով, որ հասարակությունը հասկանա, թե դա ինչքան կարեւոր է: Այսօր բավականին զարգացած է  ինտերնետ պորտալը, եւ մարդիկ հեշտությամբ կարող են տեղեկացվել իրենց հիվանդության մասին: Բայց երբեմն այդ տեղեկատվությունը թերի է լինում, ավելին՝ սխալ, եւ մենք ստիպված ենք լինում հակադարձել դրան: Ընդհանրապես ամեն մի պացիենտի խնդրին պետք է յուրովի մոտենալ, պետք է բժիշկը գտնի ճիշտ բուժման ելքը` ունենալով համապատասխան բուժման մեթոդներ եւ փորձ: Եվ հենց դրանից է կախված բուժման հետագա արդյունավետությունը: Ընդհանրապես պացիենտը պետք է գոնե տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով դիմի բժշկի եւ հասկանա, թե ինչ է կատարվում իր օրգանիզմի հետ նույնիսկ այն դեպքում, երբ նրան ոչ մի խնդիր չի անհանգստացնում:

Հայաստանում մի քանի անգամ իրականացվել է լյարդի փոխպատվաստում, եւ պետք է ասեմ՝ բավականին հաջող: Մոսկվայից ժամանած վիրաբույժ լյարդաբան բժիշկների համատեղ աշխատանքի շնորհիվ կենդանի դոնորների՝ հիվանդների հարազատների լյարդի օգնությամբ իրականացվել է փոխպատվաստում: Հայաստանում դեռեւս չկա օրենք, որ փոխպատվաստման նպատակով կիրառվի մահացած մարդկանց լյարդը:  Ցավոք, ծագում են սոցիալական, իրավաբական, կրոնական խոչընդոտներ, որոնք, ինձ թվում է, հաղթահարելի են: Ամեն դեպքում պետք է դրա սկիզբը դրվի, եւ լավ կլինի, որ այդ փոխպատվաստումներն իրականցվեն միայն հայաստանյան բժիշկների թիմով: Եթե հարազատի լյարդից ենք մի հատված վերցրել, ապա պատասխատավությունն ավելի է մեծանում է. մենք պայքարում ենք երկու մարդու կյանքի համար: Իսկ մահացած մարդու լյարդը փոխպատվաստելու դեպքում պայքարում ենք միայն մեկ մարդու կյանքի համար: Լյարդի վիրաբուժության մեջ լյարդի փոխպատվաստումը վիրահատությունների գագաթնակետն է, այն լայն կիրառություն է գտել ամբողջ աշխարհում, իսկ մեզ մոտ, ցավոք, վերանշյալ պատճառներով լայն կիրառություն չունի, եւ օգտվում ենք հին մեթոդներից:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Դժվար ժամանակաշրջանում ենք ապրում, բայց ես հավատում եմ, որ այս ամեն ինչը կվերջանա: Մեր ոլորտում կան բավականին խոստումնալից, ձգտող, պրպտող երիտասարդներ, ովքեր, իհարկե, դեռ կունենան իրենց ուրույն ձեռագիրը: Լյարդային վիրաբուժությունը բարդ ճանապարհ է իրենից ներկայացնում, եւ ցանկալի, խոստումնալից արդյունքների հասնելու համար մեծ տեղ պետք է հատկացվի մասնագետ լյարդաբանների հետ համագործակցությանը: Կցանկանամ, որ մեր հասարակությունը առավելագույն ուշադիր լինի առողջության նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշես, հեշտ կլինի եւ դրա հետագա բուժումը: Առողջությունը, թերեւս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է:  Չգիտեմ՝ որպես վերջաբա՞ն, հորդո՞ր, խնդրա՞նք կամ, գուցե, պահա՞նջ դիմում եմ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Ցավալի են դեպքերը, երբ համեմատում են մեր եւ արտերկրի բժշկությունը՝ առավել բարձր գնահատելով օտարներին: Մենք`բժիշկներս, 24 ժամ աշխատում ենք, որ մեր հիվանդների համար անենք լավագույնը, առավելագույնը:  Հավատացե՛ք, միշտ չէ, որ արտերկրի բժիշկները մեր բժիշկներից որեւէ մասնագիտական հարցով առավել են: Կոնկրետ լյարդաբանության ճյուղի առումով վստահորեն կարող եմ հավաստել, որ մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ, ոլորտում բավականին լուրջ քայլեր ենք անում: ԱՊՀ կամ նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ բավականին բարձր դիրքերում ենք գտնվում: Որպես վերջաբան կոչ եմ անում մեր հայրենակիցներին. «Սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգեւը՝ կյանքը»:

Պետք է ոչ թե վախենալ հիվանդանալուց, այլ կամենալ առողջ լինել

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք եւ արդեն սպառնում են ամբողջ երկրագնդի բնակչությանը, անկախ երկրի զարգացվածության աստիճանից: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարն են, նկատվում է նաեւ դրանց «երիտասարդացում» հատկապես միջին եւ թերզարգացած երկրներում: Դրա հիմնական պատճառը մարդկանց մոտ առողջ ապրելակերպի մշակույթի բացակայությունն է, ծխելը, խմելը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը, շաքարային դիաբետը, ինչպես նաեւ գեները: Վերջին տարիներին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի բժշկությունը որակի նոր փուլ է թեւակոխել: Եթե նախկինում շեշտը դրվում էր  մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու վրա, ապա այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ժամանակակից սարքավորումների եւ բժշկական տեխնոլոգիաների ձեռքբերմանը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ՝ իր գործում պրոֆեսիոնալ, բարձր եւ վեհ արժեքներ կրող բժիշկ, ով բազմաթիվ կյանքեր է փրկել ու շարունակում է փրկել: Նա այս տարի «Որակի նշան» մրցանակի է արժանացել «Տարվա առաջատար սրտաբան» անվանակարգում: Բժշկի առաքելությունը շատ մեծ է, անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին սիրտն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ այն ճակատագրական եւ անդառնալի լինի հիվանդի համար:

-Խոսենք կարդիոմիոպաթիաներից:

-Կարդիոմիոպաթիաները հիվանդությունների խումբ է, որի մեջ դրանք դասակարգվում են տարբեր ձեւերով: Այն կոնկրետ սրտի մկանի հիվանդություն է, ունի մի քանի տեսակներ, տարբեր հետեւանքներից ելնելով՝ մի դեպքում արտահայտվում է սրտի լայնացմամբ, լինում են դեպքեր, երբ պատճառը հայտնաբերված չէ, եւ դրանք կոչվում են անպատճառ կարդիոմիոպաթիա, որը բժշկական եզրույթով անվանում են իդիոպատիկ: Եվ կան կարդիոմիոպաթիաներ, որոնք կրում են ժառանգական բնույթ, լինում է նաեւ դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն առաջանում է սրտամկանի բորբոքումներից, ինչպես նաեւ՝ ալկոհոլի չափից շատ չարաշահումից սրտամկանի լայնացման հանգեցրած ալկոհոլային կարդիոմիոպաթիա: Եթե առկա է ժառանգական նախատրամադրվածությունը, ցանկալի է զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից: Կարդիոմիպաթիան կարող է արտահայտվել սրտի պատերի հաստացմամբ, որն ամենահաճախն է հանդիպում եւ կոչվում է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա: Սրտի պատերը ենթարկվււմ են գերաճի, եւ մկանաթելիկները նորմայից շեղվում են, նրանց դասվորվածությունը սրտամկանում լինում է խաչաձեւ, ի տարբերություն նորմալի` զուգահեռի, ինչն իր հերթին բերում է ոչ արդյունավետ սրտամկանի կծկման, գերաճը իր հերթին հանգեցնում է խոռոչի փոքրացմանը: Դա հաճախ հանդիպում է սպորտսմենների մոտ՝ հանդիսանալով նրանց հանկարծամահության գլխավոր պատճառը: Այնպես որ, շատ կարեւոր է ժամանակին տարբերակել սպորտսմենի սրտի բնական գերաճը հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայից: Եթե մեկի մոտ դա հայտնաբերվում է, պետք է հետազոտվեն նաեւ ընտանիքի անդամները, որպեսզի կանխվեն հանկարծամահության դեպքերը: Կարող է արտահայտման ձեւ լինել ուշագնացությունը ծանր աշխատանքի ժամանակ, նույնիսկ աստիճաններով բարձրանալիս: Իմիջիայլոց, այն շատ է հանդիպում կատուների մոտ, եւ վաթսուն տոկոսից ավելի դեպքերում դառնում է կատուների մահվան պատճառ: Կա նաեւ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա, որի դեպքում սիրտը գրեթե շատ նորմալ կծկվում է եւ դժվարությամբ է թուլանում: Այս թվարկած բոլոր տեսակները կարող են բերել հանկարծամահության: Այդ հիվանդության պատճառագիտությունն էլ տարատեսակ է, կարող է լինել ամիլոիդոզը, որը հաճախ է լինում «երեւանյան հիվանդության» ժամանակ: Կարող է արտահայտվել տարատեսակ այլ  հիվանդությունների ժամանակ, բայց թույլ արտահայտվելու եւ խառը պատկերի պատճառով կարող է չախտորոշվել: Ավելացնեմ նաեւ ժառանգականության գործոնը:

-Ի՞նչ կասեք սրտի բնածին արատների մասին:

-Սրտի բնածին արատների առաջացման պատճառ կարող են լինել հղիության ժամանակ որոշ շեղումները, ինչպես նաեւ այն կարող է ժառանգական բնույթ կրել եւ էխոսրտագրությամբ ի հայտ գալ հղիության ընթացքում: Բնածին արատների խնդրով հատուկ զբաղվում են մանկական սրտաբանները, այն առանձին գիտություն է, իսկ վիրահատությունները կարող են փուլային լինել՝  մշտապես գտնվելով հսկողության տակ: Նախկինում արատներից վաղ մահանում էին եւ սերունդ չէին տալիս, իսկ այսօր բնածին արատով բուժում անցածները սերունդ են տալիս, եւ, ինքնըստինքյան, դրանով պայմանավորված հայտնաբերվող գենետիկ դեպքերը գնալով  շատանում են: Ինչ խոսք, բնածին արատները ներկայումս շատ ավելի վաղ են ախտորոշվում եւ ավելի էֆեկտիվ բուժվում:

-Ինչո՞վ է պայմանավորված սրտի աղմուկը:

-Սրտում աղմուկն առաջանում է սրտի կամ փականների վատ փակվելուց, կամ փականի կնճռոտումից անցքի նեղանալու պատճառով, մի խոսքով, վատ բացվելուց: Կամ լինում են տարբեր տեսակի հաղորդակցություններ սրտի խոռոչների միջեւ: Դրանց արդյունքում բժիշկներս լսում ենք այդ աղմուկը, որը նորմայում չի լինում: Այն մեզ զգոնացնում է, զգուշացնում, որ ավելի լայն ստուգումներ կատարենք: Լինում են դեպքեր, երբ կրծքավանդակը բարակ է լինում, եւ աղմուկ է լսվում նաեւ նորմալ դեպքերում: Բայց փորձառու լսողը կարող է տարբերակել նորմալ եւ հիվանդությամբ պայմանավորված աղմուկները:

-Ի՞նչ է անգիոգրաֆիան:

-Անգիոգրաֆիան հետազոտություն է, որի ժամանակ կոնտրաստային նյութը ներմուծվում է պացիենտի արյունատար անոթներ, որպեսզի ռենտգեն-պատկերում խնդիրները դառնան տեսանելի։ Անգիոգրաֆիան (անգիոգրամա) կամ անոթագիրը օգնում է բժիշկներին հետազոտելու զարկերակներն ու երակները եւ հայտնաբերելու անոթային ախտահարումներ ու շեղումներ, արյան մակարդուկներ (թրոմբ) կամ այլ խնդիրներ։ Օրինակ, սրտային անգիոգրաֆիան (կորոնարոգրաֆիա կամ կորոնար անգիոկարդիոգրաֆիա) թույլ է տալիս հետազոտել սրտի արյունատար անոթները՝ պսակային զարկերակները։

-Ի՞նչ պետք է արվի մինչեւ հետազոտվելը:

-Եթե պացիենտը պատրաստվում է անցնել որեւէ տեսակի անգիոգրաֆիա, մինչեւ բուն հետազոտությունը նրան պարտադիր կնշանակվեն մի շարք այլ ախտորոշիչ թեստեր, օրինակ, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), Էխոսրտագրություն, արյան անալիզ կամ մեկ այլ ռադիոլոգիական հետազոտություն, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ Էխոսրտագրություն։ Որոշ դեպքերում կարող է ցուցում տրվել հետազոտությանը ներկայանալ քաղցած, այլ դեպքերում գուցե բժիշկը խնդրի, որ շատ ջուր խմած վիճակում այցելեն իրեն: Բժիշկը պետք է զրուցի պացիենտի հետ եւ քննարկի հետազոտության նպատակը, դրա հետ կապված հնարավոր ռիսկերը։ Պացիենտը պետք է անպայման տեղեկացնի բժշկին, եթե՝ ընդունում է որեւէ դեղամիջոց, ունի կամ անցյալում ունեցել է ալերգիայի որեւէ տեսակ, ունի կամ անցյալում ունեցել է երիկամային խնդիրներ (հատկապես՝ երիկամային անբավարարություն եւ շաքարային դիաբետ) կամ այլ հիվանդություններ։

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Մեր առողջությունը իրոք մեր ձեռքերում է, ու պետք է ոչ թե վախենալ հիվանդանալուց, այլ կամենալ առողջ լինել: Վախերը բերում են մարդու կյանքի որակի վատացման, եւ մեր ամեն մի միտքը գնում է դեպի մարմին, որը մեր օրգանիզմը ծրագրավորում է հիվանդացության: Եթե մեկը տանում է առողջ ապրելակերպ՝ վախենալով հիվանդանալուց, իսկ մյուսը տանում է նույն առողջ ապրելակերպը հաճույք ստանալով եւ կամենալով առողջ լինել, ապա երկուսն էլ հավասար ճիշտ ապրելակերպ են տանում, սակայն մեկը՝ ելնելով մահանալու կամ հաշմանդամության վախից, իսկ մյուսը՝ ուղղակի կամենալով առողջ լինել: Առաջին անձը առողջ ապրելով, հավանական է, կհիվանդանա, իսկ երկրորդը առողջ կմնա: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա այդ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել ու վերադարձնել մեր առողջությունը: Կանխարգելիչ բուժման առումով ասեմ, որ պետք է հնարավորինս վաղ դիմել մասնագետին, որովհետեւ խնդրի ժամանակին հայտնաբերման դեպքում հիվանդություննրի բուժումն ավելի արդյունավետ է լինում: Սիրե՛ք ձեզ, առողջ ապրե՛ք:

Կեսարյան հատումն անպայման պետք է իրականացվի բժշկի խիստ ցուցումներով

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, իսկ վիճակը, ցավոք, տարեցտարի ավելի է բարդանում արտաքին միջավայրի բացասական ազդեցության, վնասակար սովորությունների, սթրեսային վիճակների եւ, իհարկե, ամենակարեւորը` ժամանակին մասնագետի չդիմելու պատճառով: Անպտուղ ամուսնությունը սոցիալական եւ բժշկական կարեւոր հիմնախնդիր է, քանի որ յուրաքանչյուր չորրորդ ընտանիք կանգնում է ամուսնալուծվելու փաստի առջեւ: Անպտուղ է համարվում ամուսնությունը, երբ կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում հակաբեղմնավորիչ միջոցների չօգտագործման պարագայում կինը չի հղիանում։

http://bestgroup.am/ կայքի զրուցակից Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, բազմաթիվ վերապատրաստումների մասնակցած, մոտ երկու տասնյակ գիտական հոդվածի հեղինակ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ ՎԱԴԻՄ ՖՐՈԼՈՎԻ մասնագիտական ճանապարհն արդեն տասնամյակների պատմություն ունի: Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բժշկի պրակտիկայում քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ծննդաբերել են կանայք, ովքեր տարիներ առաջ իր օգնությամբ են լույս աշխարհ եկել:

- Պարո՛ն Ֆրոլով, անպտուղությունն այսօր դատավճի՞ռ է:

-Անպտղության խնդիրը լուծելու առումով ե՛ւ  կանանց, ե՛ւ տղամարդկանց մոտ այսօր բավականին մեջ առաջնթաց կա, քանի որ օգնության է հասնում արհեստական բեղմնավորումը: Մեր կլինիկայում արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ. ավելի քան  երեք հարյուր երեխա լույս աշխարհ է եկել մեր կլինիկայի օգնությամբ։ Արհեստական բեղմնավորումից հետո ամեն մի ծնունդը մեզ համար, այսպես ասենք՝ մեր ընտանիքի համար տոն է։ Բայց, ցավոք, հաճախ բժշկին դիմում են արդեն այն ժամանակ, երբ ուշ է լինում: Պետք է աշխատանքներ տարվեն սեռավարակները կանխարգելելու ուղղությամբ, որոնք եւս բերում են անպտղության:

- Ո՞ր տարիքային շեմը կարող ենք համարել արդեն անպտղություն:

-Եթե զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների ու պաշտպանական այլ միջոցների մեկ տարի կանոնավոր սեռական կյանք վարելուց հետո հղիություն չի նկատվում, դա արդեն կարող ենք համարել անպտղություն: Ինչ վերաբերում է տարիքային շեմին, ապա, օրինակ, հիսունչորս տարեկան կինը արհեստական բեղմնավորմամբ երեխա է լույս աշխարհ բերել: Իսկ ֆիզիոլոգիայի առումով ամենաօպտիմալ տարիքը մինչեւ քառասուն տարեկանն է:

-Որո՞նք են կանանց անպտղության պատճառները: 

-Կանանց անպտղության պատճառները տարբեր են, լինում են առաջնային եւ երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը հղիանալուց չի պաշտպանվում, սակայն չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դառնում վիժումից կամ մի քանի հղիությունից հետո: Առաջնային անպտղության հիմնական պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան եւ հորմոնային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառները լինում են ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում`զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար արգանդափողերը բորբոքվում են, եւ ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ դժվարանում է: Ավելին, բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փողերի լուսանցքները փակվում են, եւ սպերմատոզոիդն անկարող է լինում հաղթահարել այդ արգելքը: Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ, եթե դրա հետեւանքով բորբոքումներ չկան, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տեւողությունը, խանգարվում՝ էնդոկրին գեղձերի գործունեությունը: 

Լինում են դեպքեր, երբ հղիությունն ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով` ինքնաբեր վիժումով: Սա եւս անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական ու հետեւողական բուժում:

Վտանգավոր է, երբ դեռահաս աղջիկները, հետեւելով նորաձեւությանը, նիհարելու սննդակարգ են պահում, որը նույնպես կարող է անպտղության պատճառ դառնալ: Պետք է հիշել, որ գեղեցկությունը գովազդող յուրաքանչյուր ստանդարտ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ անհատի հատկանիշները ձեւավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, եւ նա գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը» անիրական է ու հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է:

Այն, որ կանանց վերարտադրողական ֆունկցիան անհամատեղելի է հյուծված եւ թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է: Նիհարեցնող սննդակարգերը խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի` ճարպերի եւ վիտամինների մուտքն օրգանիզմ՝ առաջացնելով լուրջ խնդիրներ, քանի որ հիմնական եւ խիստ կարեւոր հորմոնների` էստրոգենների արտադրության համար անհրաժեշտ ճարպերի եւ վիտամինների անբավարարությունն առաջացնում է հորմոնների արտադրության բնական գործընթացի խախտում` ստեղծելով հիվանդագին երեւույթներ: Հղիության բարեհաջող ընթացքի, պտղի նորմալ ձեւավորման եւ  զարգացման համար անհրաժեշտ է ամուր օրգանիզմ: Հիշեք, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է իմանալ սեռական կյանքի այբուբենը, զերծ մնալ պատահական, թեթեւամիտ սեռական կենսակերպից, զանազան անհայտ սննդակարգերից: Որակյալ, «պտղատու» սերմ ունենալու համար չափազանց կարեւոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը, ինչպես նաեւ վնասակար սովորություններից, մասնավորապես, ծխելուց հրաժարվելը: Այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշները: Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ, կարեւորը չուշացնելն է: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը եւ երբեք չկորցնել առողջանալու հույսը:

-Ինչպիսի՞ վտանգ են ներկայացնում սեռավարակները:

-Սեռավարակները հարուցվում են վիրուսների, բակտերիաների եւ մանրէների մոտ 30 տարբեր տեսակներից, որոնք գերակշիռ դեպքերում փոխանցվում են սեռական կոնտակտի (շփման) ճանապարհով, ինչպես նաեւ արյան եւ կրծքի կաթի միջոցով: Դրանք կարող են անպտղության պատճառ դառնալ, քանի որ առաջացնում են բորբոքային պրոցեսներ ե՛ւ կանանց , ե՛ւ տղամարդկանց մոտ։ Տղամարդու մոտ կարող է նաեւ սերմի հետ կապված խնդիր առաջանալ: Իսկ կանանց մոտ, երբ փողերը ենթարկվում են պաթոլոգիկ փոփոխությունների, արդեն ստիպված ենք լինում դիմել կա՛մ վիրահատական միջամտության, կա՛մ արհեստական բեղմնավորման: Գիտակից եւ փոխադարձ համաձայնության դեպքում սեռական հարաբերությունները կարող են հաճույք պատճառել ու նպաստել Ձեր եւ Ձեր զուգընկերոջ միջեւ ինտիմ հարաբերությունների հաստատմանը: Բայց, միեւնույն ժամանակ, դրանք կարող են սեռավարակների փոխանցման, ինչպես նաեւ անցանկալի հղիության պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով սեռական հարաբերություն ունենալուց առաջ շատ կարեւոր է լինել տեղեկացված, պատրաստ լինել ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես: Անցանկալի հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ պաշտպանված սեռական հարաբերություն: Իրազեկման նպատակով պետք է դասընթացներ կազմակերպվեն, որպեսզի մարդիկ իրենց ապահով եւ պաշտպանված զգան, լինեն տեղեկացված, պատասխանատու իրենց կյանքի եւ սերունդների համար։

Կարեւոր է հավելել, որ սեռավարակների մեծ մասը բուժվում է, եւ վարակվելը չի նշանակում մահանալ։

-Ի՞նչ է պապիլոմավիրուսը:

-Շատերին է հետաքրքրում, թե ինչ է իրենից ներկայացնում մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) եւ այն կանխարգելող պատվաստումը։ Հարցերը շատ են, սակայն միշտ չէ, որ պատասխանները սպառիչ են։ Փորձենք պարզաբանել՝ պատասխանելով որոշ հաճախ հնչող հարցերին։ Գոյություն ունեն ՄՊՎ-ի 100-ից ավելի տեսակներ, որոնց մի մասը քաղցկեղածին չէ եւ առաջացնում է մաշկի գորտնուկներ: Սովորաբար վարակվելուց հետո անցնում են երկար տարիներ, անգամ տասնամյակներ մինչեւ ի հայտ է գալիս որեւէ ախտանշան։ Հենց այս պատճառով է, որ կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել ՊԱՊ թեստը, որը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի բջիջների նախաքաղցկեղային վաղ փոփոխությունները։ Այս փուլում բուժումը ավելի արդյունավետ է, քան երբ առաջանում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են արյունահոսությունը եւ ցավը։ Այսօր ունենք բավականին լավ լաբորատորիաներ, որոնք սքրինինգային ծրագիր են իրականացնում, պապիլոմավիրուսի թեստեր են անցկացնում: Պետք է ընտանիքի պլանավորումը մշտապես հսկողության տակ լինի, կրճատվի հղիությունների արհեստական ընդհատումների թիվը, որը կնոջ առողջությանը բավականին մեծ վնաս է հասցնում: Ընդ որում, նույնն է վիճակը ե՛ւ ամուսնացած, ե՛ւ չամուսնացած կանանց մոտ: Աբորտը մարդասպանություն է:

-Արտարգանդային հղիությունն ի՞նչ պայմաններում է զարգանում:

-Դա հիմնականում պայմանավորված է արգանդափողերի պաթոլոգիայով, առաջանում է ինֆեկցիոն պրոցեսների արդյունքում: Կան ինֆեկցիաներ, որոնք առաջացնում են կպումային պրոցեսներ, եւ առաջանում է արգանդափողերի մասնակի անանցանելիություն, բեղմնավորված ձվաբջիջը մնում է փողում:

-Ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում» ապրել։

-Բավականին «երիտասարդացում» են ապրել միոմաները։ Միոման բարորակ հարթ մկանային ուռուցք է, որի առաջացման իրական պատճառները առայսօր հայտնի չեն: Հավանական պատճառ են համարում կանանց հորմոնալ ֆոնի (էստրոգեն եւ պրոգեստերոն) խանգարումները: Ըստ տեղակայման միոմաները լինում են մի քանի տեսակի՝ ինտրամուրալ, սուբսերոզ, սուբմուկոզ եւ պեդունկուլյար: Ինտրամուրալ միոմաներն ամենահաճախ հանդիպողներից են, որոնց ժամանակ գոյացությունն աճում է արգանդի պատի մկանային շերտի մեջ: Միոմայի ախտանշանները տարբեր են: Առաջին հերթին  դրանք անոմալ արգանդային արյունահոսություններն են, որոնց հետեւանքով կարող է զարգանալ երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Հաջորդ ախտանշանը ցավն է, որի հիմնական պատճառը միոմայի արյան հոսքի խանգարումն է, նաեւ  ծանրության զգացումը՝ կապված միոմայի չափերի հետ: Միոմաները կարող են փոքրից մինչեւ մեծ չափերի հասնել, անգամ փակել արգանդի ամբողջ խոռոչը: Նման դեպքերում բուժումը, միանշանակ, վիրահատական է: Ժամանակակից բժշկության մեջ այն իրականացվում է հիստերոսկոպիկ եւ լապարոսկոպիկ եղանակներով։ Վիրահատական միջամտությամբ միոման ամբողջովին հեռացվում է:

Եթե միոման արգանդի խոռոչում մեծ չափերի է հասնում, վիրահատական մեթոդով բուժում նախընտրելիս առաջանում է տարածության խնդիր: Նման դեպքերում ժամանակակից բժշկությունն առաջարկում է դեղորայքով փոքրացնել միոմայի չափերը եւ դրանից հետո միայն վիրահատել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել օրգանապահպան վիրահատություն: Մնացած բոլոր դեպքերում կատարվում է միոմէկտոմիա՝ միոմայի հեռացում, ինչը գերադասելի է կատարել լապարոսկոպիկ եղանակով, թեեւ դա նույնպես կապված է միոմայի չափի, տեղակայման եւ այլ գործոնների հետ:

Վիրահատական մյուս տարբերակը բաց միոմէկտոմիան է՝ միոմայի հեռացումը որովայնահատմամբ: Դա կիրառվում է շատ մեծ ուռուցքների դեպքում: Եթե կինը միոմայի առկայության մասին տեղեկացել է հղիանալուց հետո, եւ հղիությունը ցանկալի է, այն չեն ընդհատում, ու վերահսկվում է առավել ուշադիր` որպես բարձր ռիսկային հղիություն: Հաճախ միոման հղիության ընթացքում մեծանում է, բայց ծննդաբերությունից հետո շատ դեպքերում վերադառնում է նախկին չափերին: Հիմնականում հորմոնալ ֆոնի վրա զարգացող հիվանդություն է, կախված է նրանից, թե որտեղ է տեղակայված միոմատոզ հանգույցը, եւ տարբեր են վիրահատական մոտեցման ձեւերը: Հաճախ է տրվում այն հարցը, թե վիրահատությունից հետո ե՞րբ կարող են հղիանալ: Եթե հանգույցը գտնվում է փոքրիկ ոտիկի վրա, ապա հեռացումից հետո կինը կարող է հղիանալ մեկ ամիս անց, իսկ, եթե հեռու է արգանդի պատից, չի վնասվում մկանային շերտը, չի բացվում արգանդի խոռոչը, կարող է հղիանալ երեք ամիս անց: Բայց, եթե արդեն գործ ենք ունեցել արգանդի խոռոչի հետ, ապա կհղիանա վեց ամիս անց։

-Խնդրում եմ խոսեք կեսարյան հատման մասին:

-Կցանկանայի մեր հայ կանանց ասել, որ կեսարյան հատումը կնոջ ցանկությամբ պետք չէ անել, քանի որ այն նույնպես համարվում է վիրահատական միջամտություն: Մինչդեռ  այսօր մեր հայ կանանց մոտ մի տեսակ մոդայիկ է դարձել կեսարյան հատումը, սակայն չպետք է մոռանալ, որ այն անպայման պետք է իրականացվի բժշկական խիստ ցուցումներով: Ինչքան էլ մենք բացատրում ենք դրա բացասական ազդեցությունը, միեւնույն է, շատերը ցանկանում են դիմել այդ միջամտությանը, որից հետո արգանդի վրա մնում է սպի, իսկ կինը հետագայում պետք է նորից հղիանա, եւ այդ հղիությունը կարող բավականին շատ բարդություններ ունենալ։

-Ի՞նչ են տալիս բժշկին մասնագիտական ասոցիացիաները:

-Բավականին մեծ է ասոցիացիաների դերը բժիշկների կյանքում, դրանց միջոցով ուսումնասիրվում են բարդ դեպքերը, փորձի փոխանակություն է տեղի ունենում, կարողանում ենք հետեւել նորարարություններին:

-Ի՞նչ կասեք Ձեր բնագավառի երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկությունը ապահո՞վ ձեռքերում է:

-Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ բավականին լավ, ձգտող, պրպտող երիտասարդներ ունենք, ովքեր նաեւ շատ կարդացած, տեղեկացված են, եւ կարծում եմ՝ ապագայում մեր նեղ մասնագիտացման մեջ կունենանք հրաշալի մասնագետներ։

 -Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը միշտ ապրի բարեկեցիկ, ավելի ուշադիր լինի սեփական առողջության նկատմամբ, դիմի մեզ, որպեսզի կարողանանք ժամանակին բուժօգնություն ցուցաբերել լիարժեք դրական արդյունքի հասնելու համար: Կցանկանամ, որ  գնանք ճիշտ ուղիով, ապրենք որպես հպարտ հայ, ու արդարացվեն մեր սպասելիքները: ԱՄՆ-ի բժիշկները միշտ ասում էին, որ ստեղծագործող ու արարող ամեն մի միջավայրում մեկ հայ հաստատ կա, հայերը միշտ կարողանում են շենացնել եւ ծաղկեցնել: Կցանկանամ, որ մենք գոհ լինենք մեր ընտրությամբ եւ մեր ապրած կյանքով: Թող ամեն ինչ ձեր կյանքում լինի կանոնավոր: Մեր կանանց մաղթում եմ, որ իրենք իրենց շատ հարգեն, իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին կան, գնահատված լինեն շրջապատողների եւ սիրված՝ տղամարդու կողմից, ունենան առողջ հիմքերի վրա ստեղծված ընտանիք։ Ու չխուսափեն գինեկոլոգի մոտ այցերից ոչ միայն բարդացված դեպքերում, այլեւ կանխարգելիչ ստուգումներ անցնելու համար:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր