Էդիտա Ղարիբյան

(0 votes)
There is no translation available.

Էդիտա Ղարիբյան. «Առողջ կինը ապագա առողջ մայրն է, երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողը»

21-րդ դարում բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն ինչպես  առողջապահական մյուս ոլորտներում, այնպես էլ մանկաբարձության ու գինեկոլոգիայի մեջ կարևորվում է  բանիմաց  մասնագետներին ժամանակին դիմելը: Ընդհանրապես բժիշկը պետք է  վստահություն նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու եթե բուժառուի և բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար լուծում են ստանում խնդիր­ները:

Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կենտրոնի հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության» ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջազգային փորձագետ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս Էդիտա Ղարիբյանը: Երկար տարիների վաստակ ունեցող և մեծ հեղինակություն վայելող բժշկուհու համար հաջողության գաղտնիքը ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում և վազք` ժամանակին համընթաց: Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն ապավինած յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Եվ ամենակարևորը` ամեն  վայրկյան բժշկուհին հոգածությամբ պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Բժշկուհին ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը, և երբեք չի զղջացել` մշտապես բարձր դիրքերում պահելով ամենօրյա տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Եվ իզուր չեն ասում՝ հիվանդի համար բժշկի հոգատար ու մարդկային վերաբերմունքը բուժման կեսն է։

-Բժշկուհի, կխնդրենք խոսել պոլիպներից, մասնավորապես` էնդոմետրիումի պոլիպը ի՞նչ պաթոլոգիա է։

-Էնդոմետրիումի պոլիպը լորձաթաղանթի տեղային գերաճն է, այն բարորակ գոյացություն է, որն առաջանում է էնդոմետրիումի բազալ շերտից: Պոլիպները լինում են մի քանի տեսակ՝ ֆիբրոզ, գեղձային, գեղձաֆիբրոզ և ադենոմատոզ:

 Դրանք կարող է լինել տարբեր չափերի, սիմպտոմատիկ և ասիմպտոմատիկ։ Սիմպտոմատիկ են այն պոլիպները, որոնք առաջացնում են արյունահոսություն, դաշտանային ցիկլի խանգարում։ Ասիմպտոմատիկները ոչ մի կլինիկայով ի հայտ չեն գալիս, ուղղակի հերթական ստուգման ժամանակ բացահայտվում են։ Պոլիպները պահանջում են բժշկի և պացիենտի կողմից մշտապես հսկողություն, կարող են լինել նաև ատիպիկ պոլիպներ, որոնք, ցավոք սրտի, կարող են հանգեցնել քաղցկեղի։ Պոլիպների բուժումը կախված է դրանց չափերից, տեսակից, էխոսկոպիկ անոթավորումից, հսկողության ընթացքում փոփոխություններից: Բուժումը վիրահատական է, կատարվում է հիստերոսկոպիա, պոլիպի հեռացում, իսկ հետագայում` պարտադիր հյուսվածքաբանական հետազոտություն: Իսկ, եթե ոչ մի խնդիր առկա չէ, և հետագայում  բուժում չի պահանջվում, ուղղակի պետք է լինեն բժշկի հսկողության տակ։

Պոլիպները կարող են ի հայտ գալ ինչպես ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ, այնպես էլ օրիորդների մոտ, քանի որ այն ի հայտ է գալիս հորմոնալ դիսբալանսի փոփոխությունների ֆոնի վրա: Հազվադեպ կարող են ի հայտ գալ  պրեմենոպաուզալ և պոստմենոպաուզալ  տարիքի կանանց մոտ։ Բուժմոտեցումները անհատական է` կախված տարիքային խմբից, պոլիպի չափից. եթե մինչև 1սմ փոքրիկ պոլիպներ են, ուղղակի հսկողություն ենք սահմանում, եթե չեն արյունահոսում, չի արձանագրվում հեմոգլոբինի իջեցում արյան մեջ, կամ ռեպրոդուկտիվ տարիքի կանայք չեն, որոնք ունեն վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, անպտղություն, չզարգացող հղիության կրելախախտ, այդ դեպքում կատարվում է դիագնոստիկ հիստերոսկոպիա և  պոլիպի պարտադիր հեռացում, իսկ հետագայում` պարտադիր հյուսվածքաբանական հետազոտություն:

- Ներարգանդային կպումներ (սինեխիաներ). կմանրամասնե՞ք։

-Այն պաթոլոգիա է, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, կոչվում է ներարգանգային սինեխիաներ կամ Աշերմանի համախտանիշ։ Դրանք արտահայտվում են դաշտանի բացակայությամբ, անպտղությամբ կամ սակավարյունությամբ` կախված ինչ չափի են սինեխիաները։ Հանդիպում է ցանկացած տարիքում, այն կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ ինչպիսիք են՝ դաշտանային ֆունկցիայի խանգարումը, անպտղությունը, հղիության կրելախախտը և այլն։

Հաճախակի սինեխիաներն առաջանում են ներարգանդային միջամտություններից հետո. դրանք հղիության արհեստական ընդհատումների, չզարգացող հղիությունների գործիքային ընդհատումների, և շատ հաճախ սինեխիաներն առաջանում են հետծննդյան շրջանում, երբ կատարվում է արգանդի խոռոչի գործիքային քերում: Հետծննդյան 2-6 շաբաթները ռիսկային շաբաթներն են, և երբ կատարվում է միջամտություն, այդ ժամանակ կարող են առաջանալ սինեխիաներ։ Բուժումը վիրահատական է՝ հիստերոսկոպիա, կատարվում է կպումների անջատում, բալոնի տեղադրում, հետագայում ուղեկցվող հորմոնալ բուժմամբ, որը նպաստում է լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի վերականգնմանը, քանի որ սինեխիաների ժամանակ մենք ունենք ֆունկցիոնալ և բազալ շերտի վնասում։

Նշեմ նաև, որ սինեխիաները կարող են լինել արգանդի մի մասում, որի դեպքում հնարավոր է չանհանգստացնեն, բայց կարող են լինել շատ կոպիտ սինեխիաներ, որոնք ամբողջությամբ տեղակայվում են արգանդի խոռոչում, և այդ դեպքում  ունենում ենք ծանր կլինիկական պատկեր՝ Աշերմանի համախտանիշ: Աշերմանն այն գիտնականն է, որն առաջին անգամ բացահայտեց այդ պաթոլոգիան: Երբեմն այս համախտանիշը պահանջում  մի քանի վիրահատական միջամտություն, անգամ` 4-5, քանի որ այն ունի կրկնվելու միտում` կախված օրգանիզմի առաձնահատկություններից:

-Վիժում։ Ինչի՞ արդյունքում է առաջանում:

- Վիժումը հղիության ընդհատումն է մինչև հղիության 21 շաբաթ 6 օր ժամկետը, տարբերակվում է վաղ վիժում` առաջին եռամսյակի, և ուշ վիժումներ, որոնք լինում են մինչև 22-րդ շաբաթը։ 22 շաբաթից հետո արդեն համարվում է ծննդաբերություն։ Վիժման պատճառները կարող են լինել ինֆեկցիաների կրումը, էնդոկրին համակարգի, արյան մակարդելիության, իմունային համակարգի և գենետիկ ֆոնի խանգարումները, քրոմոսոմային անոմալիաները, շատ հաճախ նաև արգանդի զարգացման արատները։

-Բժշկուհի, հղիության բացարձակ հակացուցումները որոնք են։

-Ուրախությամբ կարելի է ասել, որ արդի բժշկությունը հասել է զարգացվածության այն աստիճանի, որ պակասել է հղիության համար բացարձակ հակացուցումներ համարվող հիվանդություննի ցանկը: Իհարկե, խոսք չի կարող լինել շատ ծանր սոմատիկ դեպքերի մասին: Հակացուցում կարող է լինել երիկամային կամ սրտային ծանր անբավարարությունը: Շնորհիվ ժամանակակից բժշկության, անգամ այն կանայք, որոնք նախկինում կրել են լյարդի կամ երիկամի փոխպատվաստում, ինչպես նաև չարորակ ուռուցք, և որոնք հղիության ընթացքում անգամ անցնել են քիմիաթերապիա, զգացել են մայրության բերկրանքը:

-Արգանդի հեռացումը ո՞ր դեպքում է ցուցված:

-Արգանդի հեռացման ցուցումները կարող են լինել տարբեր պատճառներով. արգանդի միոմաներ, ադենոմատիոզներ, ատիպիաներ, քաղցկեղ, արյունահոսություններ, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժման: Սակայն այսօր բուժմոտեցումները փոփոխման են ենթարկվել, և այսօր բավականին մեծ տեղ է տրվում օրգան պահպանող վիրահատություններին, որը թույլ է տալիս հնարավորության դեպքում  արգանդը պահպանել։

-Բժշկուհի, վերը նշեցիք միոմաների մասին, հետաքրքիր է, երիտասարդ աղջիկների մոտ հնարավո՞ր է զարգանան միոմաներ։

-Այո, հնարավոր է, քանզի միոմաները հորմոնալ կախյալ գոյացությունները են, կարող է լինել ինչպես երիտասարդ աղջիկների, այնպես էլ ռեպրոդուտիվ տարիքի կանանց մոտ, ավելի քիչ հանդիպում են մենոպաուզայի ժամանակ: Միոմաները  բարորակ գոյացություններ են, որոնց կազմաբանությունը մկանային շերտից է։ Շատ ժամանակ ուղղակի պահանջում են հսկողություն, սակայն հնարավոր են գրանցվեն նաև դեպքեր, երբ պահանջվում  է  վիրահատական միջամտություն:

-Մանկաբարձագինեկոլոգիական ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Ցավոք սրտի, ես կասեմ` բոլոր։ Եվ ցավալի է, որ երիտասարդացում է ապրել քաղցկեղը, բայց ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է այն կանխարգելել։ Դա արգանդի պարանոցի քաղցկեղն է, որի համար պետության կողմից ներդրվեց սքրինինգային ծրագիր, և գնալով դա ավելի զարգացում է ապրում: Նաև պապիլոմավիրուսի սքրինինգն է արդեն մտնում կիրառության մեջ:

Քաղցկեղն այսօր  կանխարգելվող հիվանդություն է, և հուրախություն մեզ, նվազել է պարանոցի քաղցկեղի թիվը սքրինգային ծրագրերի և պատվաստումների շնորհիվ։ Նույնը վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, քանզի մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտություններն արդեն պարտադիր պայման են 40 և ավելի տարիքային շեմը հաղթահարած կանանց համար։

Ասեմ նաև, որ շատացել են վիժումները, չզարգացող հղիությունները, պտղի զարգացման անոմալիաները, այսինքն` բարձր ռիսկի խմբում գտնվող հղիների քանակը։ Կախված է նաև նրանից, որ մեծ տարիքային շեմում են հղիություն գրանցում` դիմելով օժանդակ ռեպրոդուտիվ տեխնոլոգիաների օգնությանը։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների ուղին։ Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։

-Ասեմ, որ ունեմ երեք երեխա: Երեխաներս ընտրել են բժշկագիտության ոլորտը. մեծ աղջիկս երկրորդ կուրսի օրդինատոր է քիթ-կոկորդ-ականջաբանության  մասնագիտացման մեջ։ Տղաս Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է և երևի թե ընտրի վնասվածքաբանության ոլորտը, որն, ի դեպ, հայրիկիս մասնագիտացումն էր: Հայրս եղել է բավականին հայտնի ակադեմիկոս,  վնասվածքաբան-օրթոպեդ։

Փոքր դուստրս դեռ սովորում է 5-րդ դասարանում, և ժամանակը ցույց կտա, թե ինչ մասնագիտություն կընտրի։

Իրականում բժշկությունը բարդ ոլորտ է, մանավանդ` մանկաբարձություն-գինեկոլոգիան,և որքան էլ բարդ է, միևնույնն է, ապրում եմ իմ աշխատանքով, և եթե կրկին հնարավորություն ընձեռվի մասնագիտություն ընտրել, միանշանակ կընտրեմ մանկաբարձություն-գինեկոլոգիան, որը չնայած իր բարդությանը, բավականին հետաքրքիր և գեղեցիկ ուղղվածություն է։

-Բժշկուհի, խոսեցիք Ձեր հայրիկից: Մի փոքր կպատմե՞ք նրա գործունության մասին:

-Հայրս շատ լուսավոր մարդ էր, ում խորհուրդները միշտ ուղեկցել են ինձ: Մինչ օրս բոլորը  հիշում են հորս` Էդուարդ Սարգիսի Ղարիբյանին, ով  ուներ մի նշանաբան` կրթեք ապագա սերնդին արժանվույնս, քանզի նրանց ձեռքերում է ապագա բժշկությունը:

Հայրս շատ մեծ դեր էր տալիս կրթությանը, մեր ընտանիքում կրթությունը եղել է առաջնահերթություն։  Հայրս մահացել է 2012 թվականին և մինչև կյանքի վերջին օրն աշխատել է, եղել է բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր։ Հիմնադրել է Հայաստանում առաջին հետտրավմատիկ ինֆեկցիոն բարդությունների բաժանմունքը, որը մի ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր, բայց 1994 թվականից տեղափոխվեց 6-րդ կլինիկական հիվանդանոց` այժմյան` «Երևան» բուժկենտրոն։ Նա Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի անդամ էր, եղել է Երևան քաղաքի գլխավոր վնասվածքաբանը, կրթել է բազմաթիվ սերունդներ,  ովքեր այսօր արդեն բավականին հայտնի բժիշկներ են:

-Բժշկուհի, ըստ Ձեզ, բժշկությունը առաքելությունն է, թե` կոչում։

- Կարծում եմ` առաքելություն, քանզի արդի բժշկության մեջ բժիշկների առաքելությունը բավականին մեծ է, բայց եթե չլինես կոչումով բժիշկ, չես կարող այդ առաքելությունը պատվով կրել։ Ինքս բժիշկների տոհմից եմ, հայրիկիցս բացի, հորաքույրս եղել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ և երկար տարիներ եղել թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ծննարանի վարիչը, և ինքն էլ ինձ ուղղորդել է մասնագիտության ընտրության հարցում։ Հորաքրոջս 3 երեխաները նույնպես բժիշկներ են, մենք երեք երեխաներով բժիշկներ ենք, քույրս սրտաբան է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Վաղամեռիկ եղբայրս ատամնաբույժ էր, եղբորս աղջիկը նույնպես բժիշկ է, իմ երկու երեխաները, ինչպես վերը նշեցի, կրկին  ընտրել են բժշկության ոլորտը. Եվ պետք է ուրախությամբ նշեմ,  որ Ղարիբյանների տոհմածառը կրում է բժիշկների բարդագույն, բայց միաժամանակ հետաքրքիր ոլորտը։ Ղարիբյանների գերդաստանի արյան մեջ է բժշկությունը, և  բոլորս` որպես Հիպոկրատի երդվյալներ, աշխատում ենք պատվով կրել մեր առջև դրված պատվաբեր առաքելությունը:

-Իսկ որպես վերջաբան` ձեր հորդորը և խորհուրդը մեր հանրությանը, մեր ընթերցողներին:

- Մեր հայ կանանց հորդորում եմ, որ սիրեն իրենք իրենց, հետևեն իրենց առողջությանը, քանզի կինն է ընտանիքի հենասյունը: Այսօր մենք ունենք բավականին լուրջ խնդիր, քանի որ ունեցանք մեծ կորուստներ` մեր գենոֆոնդի դեմոգրաֆիկ աճի բացասական սանդղակ, իսկ առողջ կինը ապագա առողջ մայրն է, երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողը: Ճիշտ է ասված` առողջ մարմնում առողջ հոգի։ Կինը պետք  թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես առողջ լինի, քանզի ոչ միայն ֆիզիկական, այև հոգեկան տկարությունը խանգարում է առողջ սերունդ ունենալուն։ Ցանկանում եմ, որ կանայք իրենք իրենց հետ ներդաշնակ լինեն, գեղեցիկ ժպիտը երբեք չբացակայի նրանց դեմքերից: Իսկ առողջ սերունդը առողջ կնոջ շնորհիվ է, և կինը պետք է ճիշտ նախապատրաստվի հղիությանը: Մեր հասարակության մեջ պիտի կարևորվի բժշկին դիմելության կուլտուրան:

Մեր երկրին էլ կցանկանամ խաղաղ և անպատերազմ երկինք: Բոլորս պետք է մեծ հավատքով, ուժով ու եռանդով,  նվիրվածությամբ և անշահախնդրությամբ աշխատենք մեր բնագավառում, փորձենք զարգացնել, շենացնել մեր երկիրը: Ինձ թվում է՝ միայն այդ պարագայում կկարողանանք այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալ: Բոլորին մաղթում եմ մարդասիրություն, սեր, ներողամտություն և համբերություն:

Last modified on Thursday, 26 December 2024 09:41

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր