Lusine
Լիլի Պետրոսյան
«Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ»
Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախեւառաջ, պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, իսկ դա հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների գերճշգրիտ արդյունքներ:
Ժամանակակից ախտորոշման տեխնոլոգիաները ներդրվել ու կիրառվում են նաեւ Հայաստանում: Արտաշիսյան 50/8 հասցեում տեղակայված «Ռեզուս» ախտորոշիչ կենտրոնի լաբորատորիաների ցանցը վերազինվել է նորագույն սարքերով եւ առաջարկում է լաբորատոր, դիագնոստիկ հետազոտություններ՝ կլինիկական, արյան կենսաքիմիական, իմունոֆերմենտային, բակտերիոլոգիական, գենետիկ ախտորոշումներ, ԳՁՀ (սոնոգրաֆիկ) հետազոտություններ, էլաստոգրաֆիա, դուպլեքս հետազոտություններ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Լիլի Պետրոսյանը:
Չնայած երիտասարդ տարիքին, ժպտադեմ, բարեհամբույր, բանիմաց բժշկուհին ոչ մի պարագայում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա:
-Բժշկուհի, որո՞նք էին ռադիոլոգիան որպես նեղ մասնագիտություն ընտրելու շարժառիթները:
-Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ: Որոշումս ավելի հաստատակամ դարձավ երկարամյա վաստակաշատ մանկավարժ տատիկիս խորհրդի շնորհիվ. նա միշտ ասում էր. «Ուսուցիչները բուժում են մարդու հոգին, իսկ բժիշկները` մարմինը»: Մեր մասնագիտությունը, մարդասիրական լինելուց բացի, նախեւառաջ վեհ կոչում է, որին պետք է միշտ հավատարիմ մնալ: Բժշկության մեջ շատ բնագավառներ են ինձ հետաքրքրել եւ մինչ օրս շարունակում են հետաքրքրել, բայց ռադիոլոգիան ընտրելու շարժառիթն այն փաստն է, որ ցանկացած հիվանդություն դրական ելք է ունենում միայն ու միայն ճիշտ ու ժամանակին ախտորոշման դեպքում:
– Ի՞նչ նորարարություններ կան ախտորոշման մեթոդների մեջ:
-Բժշկությունը ամենօրյա, ես կասեի՝ ամենժամյա զարգացող գիտություն է, եւ պետք է քայլել ժամանակի զարկերակին համընթաց: Ընդհանրապես ժամանակակից բժշկությունն ունի մեծ հնարավորություններ, որոնց նպաստում են օրեցօր կատարալագործվող, ինչու ոչ, նոր ի հայտ եկող ախտորոշման մեթոդները, որոնք մի քանի տարի առաջ միգուցե անիրական էին թվում: Այսօր մենք հնարավորություն ունենք ոչ միայն հետազոտելու եւ ուսումնասիրելու սիրտը, վահանաձեւ գեղձը, կրծքագեղձերը, միզասեռական համակարգը, այլ նաեւ ստանալու այդ օրգան-համակարգերի 3Դ, ռե կոնստրուկցիաները: Իսկ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է անփոխարինելի ախտորոշիչ մեթոդ, որի շնորհիվ կարողանում ենք հայտնաբերել պտղի մոտ առկա պաթոլոգիկ պրոցեսները:
Այսօր լայն տարածում է ստանում էլաստոգրաֆիան, որը համարվում է երիտասարդ մեթոդ, եւ նրա միջոցով 95 տոկոսով բարձրանում է, օրինակ, վահանաձեւ գեղձի, կրծքագեղձերի հանգույցների, գոյացությունների ախտորոշման ճշգրտությունը: Չնայած մեթոդի երիտասարդ լինելուն, մեր կլինիկան արդեն բավականին փորձ ունի դրա կիրառման մեջ: Կցանկանայի առանձնացնել նաեւ անոթների դոպլերոգրաֆիան եւ դուպլեքս սկանավորումը, որոնց միջոցով որոշում ենք գլխի, պարանոցի, վերին եւ ստորին վերջույթների անոթներում արյան հոսքի արագությունը, հայտնաբերում առկա շեղումները, կարծիք կազմում արյան հոսքի առանձնահատկությունների մասին, եւ հենց այդ տեղեկությունը շատ դեպքերում բավական է լինում վերջնական ախտորոշման համար:
-Բժշկուհի, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռադիոլոգիան Հայաստանում:
-Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում ռադիոլոգիան բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում: Այսօր մենք ունենք ռադիոլոգների հայկական ասոցիացիա, որի նպատակն է մեկ տանիքի ներքո հավաքել թե սկսնակ, թե փորձառու բոլոր ռադիոլոգներին: Տեղի է ունենում փորձի փոխանակություն, ինչու ոչ, մշակվում են նոր մեթոդներ: Ասոցիացիայի ջանքերի շնորհիվ մենք հնարավորություն ունենք առանց արտերկիր մեկնելու վերապատրաստվել արտերկրից հրավիրված կոմպետենտ մասնագետների կողմից կազմակերպված կոնֆերանսների միջոցով:
–Ինչո՞վ է պայմանավորված բուժման արդյունավետությունը:
-Կարծում եմ՝ բուժման արդյունավետությունը պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ, ինչը դեպի առողջացում տանող ճանապարհի առաջին եւ ամենամեծ քայլն է: Հետեւաբար, կարեւորում եմ ախտորոշիչ հետազոտման բոլոր մեթոդները:Պարզապես պետք է ապահովել հետազոտությունների ճիշտ հաջորդականությունը:
– Լինո՞ւմ են գործընթացի ակտիվության և հետազոտությունների արդյունքների միջև անհամապատասխանություններ: Լաբորատորիաների մեծ ցանցը դրանց վերահսկողությունն անկասկած դարձնում է դժվար: Որքանո՞վ են վստահելի մարդկային կյանքի համար այդքան կարևոր այդ արդյունքները:
-Մասնագիտական էթիկայից ելնելով՝ չեմ ուզում այդ հարցին պատասխանել միանշանակ, բայց հնարավոր են գործընթացի ակտիվության եւ հետազոտությունների արդյունքների միջեւ անհամապատասխանություններ` մարդկային գործոնից ելնելով: Ուղղակի բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ այդ սխալը, ցավոք սրտի, կարող է մարդկային կյանք արժենալ:
-Կա՞ն հակացուցումներ, ո՞ր դեպքում կիրառելի չէ այս ախտորոշիչ մեթոդը:
-Ուլտրաձայնային հետազոտությունն այն եզակի հետազոտություններից է, որը չունի որեւէ հակացուցում, անցավ է, մատչելի եւ որոշ դեպքերում՝ նաեւ անփոխարինելի:
-Որքանո՞վ է ուշադիր մեր հայ հասարակությունն իր սեփական առողջության նկատմամբ:
-Դեռեւս ոչ վաղ անցյալում մենք նկատում էինք, որ մեր հասարակությունը անտարբեր է իր առողջության նկատմամբ, բայց վերջին տարիների պատկերը բավականին փոխվել է. այժմ մեր հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում առողջ ապրելակերպին, որին նպաստել է նաեւ պետության կողմից ներդրված բժշկական ապահովագրական ծառայությունների ընդլայնումը հասարակության լայն շերտերի համար: Որոշ դեպքերում դա նույնիսկ պարտադիր է, եւ մարդիկ, կամա թե ակամա, տարին գոնե մեկ անգամ անցնում են պարտադիր բուժզննում:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Թերեւս մեջբերեմ կարդացածս վերջին գրքից՝ «Ալքիմիկոսից» մի նախադասություն. «Բոլորն իրենց ուղեղում ստույգ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես պիտի ապրես, բայց պատկերացում չունեն, թե ինչպես պիտի սեփական կյանքով ապրեն»: Մաղթում եմ մեր հասարակությանը ապրել սեփական կյանքով եւ լինել բարի ու կամեցող: Կարծում եմ՝ բարի կամքն ու պոզիտիվ կենսակերպը նույնպես նպաստում են օրգանիզմի դրական, դինամիկ զարգացմանը:
ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ
«Հուսով եմ, որ մեր երիտասարդները կմնան, կարարեն իրենց երկրում»
Գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուր անհատ, կարծես թե, զգում է տեսողության վատթարացում, իսկ դրա պատճառ կարող են լինել ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունը, քնի պակասը, բարձր ճնշումը, ինչպես նաեւ համակարգչի, բջջային հեռախոսի օգտագործման չարաշահումը: Նման երեւույթները կարող են լինել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական:
Գլաուկոմա հիվանդության ամենատարածված տեսակը զարգանում է դանդաղ, հետեւողականորեն եւ անսպասելի վնաս է հասցնում նյարդային հյուսվածքներին, որոնք կապում են աչքը ուղեղի հետ։ Աչքի թաց կամ չոր լինելը, կարդալ-գրելիս տառերը պարզ տեսնելու կամ չտեսնելու կարողությունը որեւէ առնչություն չունեն գլաուկոմայի հետ։ Հնարավոր է, որ ձեր աչքերը ոչ մի ձեւով չանհանգստացնեն ձեզ, սակայն դուք լրջորեն հիվանդ լինեք այդ հիվանդությամբ։ Ինչպես նշում են բժիշկները, եթե ճիշտ ժամանակին սկսեք համապատասխան բուժումը, ապա կկանխեք այն վնասների մեծ մասը, որ կարող է հասցնել գլաուկոման։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ:Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ եւ հետաքրքիր: Եվ մեր զրուցակիցը նման երջանիկներից մեկն է:
-Տիկի՛ն Ոսկանյան, գլաուկոմա հիվանդության բուժման մեջ նորարարական ի՞նչ մոտեցումներ կան:
-Հուրախություն մեզ ասեմ, որ այսօր հակագլաուկոմատոզ վիրահատությունները համալրվել են եւս մեկ նորարական վիրահատական միջամտությամբ. նախկին ստենտավորմանը` շունտավորմանը, ավելացել մինիմալ ինվազիվ` մինիմալ միջամտությամբ վիրահատությունը: Դրա նպատակը նոր անցք բացելն ու բավականին արագ վիրահատությունն է, որը նոր ուղի է բացում հեղուկի արտահոսելու, ինչպես նաեւ ներակնային ճնշումը իջեցնելու եւ նորմայում պահպանելու համար: Այս վիրահատության առաջին դրական կետն այն է, որ հետվիրահատական բարդությունները շատ չնչին տոկոս են կազմում, իսկ ներվիրահատականը գրեթե հավասարեցված է զրո տոկոսի, այսինքն` վիրահատության ընթացքում մենք ոչ մի վտանգ չունենք, քանի որ կտրվածքը ասեղի չափով է լինում, եւ այն չի կարող շատ իջեցնել աչքի ճնշումը վիրահատության ընթացքում: Մայիս ամսից մինչ օրս կատարել ենք արդեն 100 վիրահատություն, եւ չկա մեկ պացիենտ, որի վրա այն բացասական ազդեցություն է թողել: Ստենտավորման համեմատ այս վիրահատության տարբերությունն այն է, որ կարող է կատարվել նաեւ գլաուկոմայի բարդացած դեպքերում, իսկ ստենտավորումը արդյունավետ է գլաուկոմայի վաղ փուլերում, քանի դեռ արտահոսող ճանապարհը չի վնասվել:
Ակնաբուժության մեջ նորարարություն է նաեւ վիրահատական միջամտության այն տարբերակը, երբ կատարակտա հիվանդության վիրահատության շնորհիվ հնարավորություն ունենք հիվանդին լիովին ազատել ակնոց կրելուց այն դեպքերում, երբ հիվանդը, բացի կատարակտայից, այլ հիվանդություններ չունի:
Ուզում եմ խոսել նաեւ աստիգմատիզմի (տարաբեկություն) մասին: Այն աչքերի օպտիկական թերացում է, որը բերում է ոչ պարզ տեսողության։ Այս վիճակը կարող է լինել ի ծնե, զարգանալ կյանքի ընթացքում կամ առաջանալ աչքի հիվանդության կամ վնասվածքից հետո։ Տեսողության ստուգմամբ աստիգմատիզմը հեշտությամբ հայտնաբերվում է եւ կարող է բուժվել ակնոց կամ կոնտակտային լինզա կրելով կամ աչքի լազերային վիրահատությամբ։ Այն առաջանում է, երբ, ավելի հաճախ, եղջերաթաղանթի անատոմիական համաչափ կորությունը խախտվում է, որի արդյունքում տեսողությունը դառնում է տարբեր աստիճանի, մշուշոտ, եւ ակնոց կրելը այս հիվանդության դեպքում դժվար, գրեթե անհնար է: Կատարակտայի վիրահատության ընթացքում հատուկ ներակնային ոսպնակների տեղադրման շնորհիվ հիվանդը կարող է լիարժեք ազատվել ակնոց կրելուց, այսինքն՝ կատարակտայի վիրահատությունից հետո միաժամանակ ազատվում է ե՛ւ կատարակտայից, ե՛ւ աստիգմատիզմից: Բավականին կիրառելի են նաեւ կոնտակտային լինզաները, որոնք կարող են առավոտյան կրել առանց վիրահատության, իսկ երեկոյան հանել՝ խստագույնս պահպանելով դրանց կրման հիգիենայի կանոնները: Այդպիսով կարգավորվում է թե՛ հեռատեսությունը, թե՛ կարճատեսությունը:
-Ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:
-Բժշկական ասոցիացիաները զարգանում եւ ավելի մեծ գործունեության են ծավալում, ու լավ է, որ առողջապահության նախարարությունն էլ է դրանց խրախուսում, ու գիտական աշխատանքները պետք է նայի ու գնահատի ասոցիացիան: Մասնագիտական ասոցիացիաներն անփոխարինելի են, եւ կարծում եմ՝ դրանց ակտիվ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր գիտության առաջընթացն ակնառու է:
-Ի՞նչ կասեք երիտասարդ բժիշկների մասին, ի՞նչ ապագա կունենա մեր բժշկությունը:
-Կարող եմ ասել, որ մենք ունենք բավականին լավ երիտասարդություն: Հույս ունեմ, որ մոտ ապագայում երիտասարդները կսկսեն զբաղվել մեր բնագավառում, այսպես ասած, «դատարկ եւ կիսադատարկ» ճյուղերով ու իրենց տեղը կգտնեն հարազատ ոլորտներում: Նրանք գիտակ են, պրպտող, ինտերնետ պորտալով գտնում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, նոր գիտելիքներ են քաղում: Իհարկե, գործնականում պետք է օգտագործեն իրենց գիտելիքները՝ նաեւ շփվելով պացիենտների հետ: Ես ճանաչում եմ բավականին լավ բժիշկների, որոնք, արտերկիր վերապատրաստումների գնալով եւ հնարավորություն ունենալով դրսում բնակություն հատատել, վերադառնում են հայրենիք: Ճիշտ է, չենք կարող հերքել, որ մեր երկրում, ինչու չէ, նաեւ մեր ոլորտում շատ դժվարություններ ունենք, բայց հուսով եմ, որ մեր երիտասարդները կմնան, կարարեն իրենց երկրում, կծաղկեցնեն հայրենիքը:
-Ի՞նչ կասեք ակնաբուժության մեջ բժշկական տուրիզմի մասին:
-Մենք գիտենք, որ բժշկական տուրիզմը բավականին զարգացում է ապրում ստոմատոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության ոլորտում, բայց մեր ոլորտում այն դեռեւս հեռու է բավարար լինելուց: Սակայն վստահ եմ, որ մոտ ապագայում այդ առումով կունենանք դրական տեղաշարժ:
-Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում մեզ մոտ դիմելիության կուլտուրան:
-Ուրախալի փաստ է, որ այսօր մեր հասարակությունն ավելի ուշադիր է իր առողջության նկատմամբ, ինչի շնորհիվ բավականին վաղ են հայտնաբերվում հիվանդությունները, իսկ դա մեզ օգնում է ավելի արդյունավետ բուժել դրանք: Այսօր գլաուկոմա եւ կատարակտա հիվանդությամբ հիվանդների մեծ բանակ ունենք, բայց ժամանակին դիմելու շնորհիվ կարողանում ենք հիվանդությունը վաղ փուլերում բուժել: Ինձ թվում է՝ մոտ ապագայում դա կլինի առաջնային օղակի`պոլիկլինիկաների բժիշկների գործը, պացիենտները մշտապես կլինեն ընտանեկան բժիշկների հսկողության տակ, որոնք, հարկ եղած դեպքում, նրանց կուղարկեն համապատասխան նեղ մասնագետների մոտ:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեծ է լրատվամիջոցների դերը բժշկության լուսաբանման հարցում, եւ դրանց շնորհիվ կապ է ստեղծվում պացինտների հետ, ու զգալիորեն ավելանում է վաղ փուլերում դիմողների թիվը: Եվ դրա արդյունքում ավելի արդյունավետ են լինում բուժման հետագա արդյունքները:
-Բայց հասարակության մոտ առաջնային օղակի նկատմամբ բացասական մոտեցում կա:
-Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում դա կշտկվի, քանի որ գնում ենք դեպի եվրոպական չափանիշները, եւ, ինչպես այնտեղ է, մեզ մոտ էլ արդեն պացիենտները պետք է նախապես հերթագրվեն բժշկի մոտ այցելության համար: Պետական մակարդակով էլ կան ծրագրեր, որոնք ավելի կակտիվացվեն առաջնային օղակի ծառայությունները:Ի վերջո, չարժե ամեն մի փոքր խնդրի համար դիմել նեղ մասնագետների, պետք է առաջնահերթ դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկա:Մասնագիտական գիտաժողովներում շփումները հնարավորություն են տալիս մարզային բժիշկներին մշտապես շոշափել նորարարությունների զարկերակը, տեղեկացված լինել իրենց ոլորտի նոր ասելիքներից: Իսկ մարզերում կան շատ լավ մասնագետներ:
-Օրվա գերլարված աշխատանքից հետո որտե՞ղ եք գտնում Ձեր անդորրը:
-Միանշանակ՝ ընկերներիս եւ ընտանիքիս հետ: Սիրում եմ ընտանիքս, ունեմ լավ ընկերներ, առանց որոնց ես ինձ չեմ պատկերացնում, մշտապես ասել եմ ու նորից կկրկնեմ, որ ե՛ւ ընտանիքս, ե՛ւ ընկերներս երբեք ինձ չեն դավաճանել: Ունեմ մտերիմ ու վստահելի ընկերներ, եւ ամենանեղ պահերին զգացել եմ նրանց աջակցությունը, հիմա էլ ավելի շատ եմ զգում: Ինձ համար երեք վստահելի, թանկ օղակ կա՝ ընտանիք, աշխատանք, ընկերներ: Իմ ձեռքբերումն իմ ընտանիքն է՝ աշխարհի ամենալավ ընտանիքը: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որը Աստծուց չի ցանկանում ավելին, բավարարաված է իր ունեցածով:
-Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Ես ինձ էլ համարում եմ երկրիս մի մասնիկը եւ ցանկանում, որ մեր ազգին շնորհվի խաղաղություն: Մենք արարող ազգ ենք, պրպտող, ամեն ինչ կկառուցենք, կարարենք, մենք շատ դժվարությունների միջով ենք անցել, բայց մշտապես փառքով ենք դուրս եկել: Հուսամ, որ այս նոր փոփոխությունները կտան իրենց լավ պտուղները, ու համախմբված եւս մեկ քայլ առաջ կշարժվենք: Իսահակյանն ասում էր, որ դրսից ոչ ոք չի կարող քանդել ո՛չ ընտանիքը, ո՛չ ազգը, եթե ներսից նա ինքն իրեն չքանդի: Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի, որ ինքն է իր երկիրը շենացնողը, դրա արդյունքում ապագայում կունենանք մեր երազած երկիրը:
Armine Sargsyan
Ophthalmologist
EDUCATION
- General Medicine September 2007 — June 2013
First Moscow Medical University after I.M.Sechenov
Moscow | Russia
- Postgraduate September 2013 — June 2016
Yerevan State Medical University after Mkhitar Heratsi
Yerevan | Armenia ,Clinical Residency in Ophthalmology
WORK –EXPERIENCE
Ophthalmological center after S.V.Malayan
Oculoplastic and neuroophthalmology department
October 2018- Present
PERSONAL ACHIEVEMENTS
Actively participated in clinical-research work - Certificate for successful completion of the topic "Essentials of Ophalmology" for ophtalmologists developed by Armenian EyeCare Project.
Made presentations on eye pathologies at university days and during the residency.
Presentations: 2013 Russia, Moscow « Macular degeneration Franceschetti",
2016 Armenia, Yerevan «Congenital fistula of lacrimal sac», 2017 Russia, Moscow «Retinopathy of prematurity. Diagnosis and treatment»
2018 Yerevan,Armenia 16-th International Conference : «Horner syndrome» and «Bilaterial perforation of cornea in pediatric ophthalmology»
2019 Yerevan,Armenia 17-th International Conference : « Basal cell carcinoma in Armenia»
2018 Antwerpen,Belgium -Observership in oculoplastic department( SOE)
2019 Moscow,Russia- Injection course in aesthetic medicine and neurology.
Languages:
Russian, Armenian, English, German
Արմեն Վարժապետյան
Պրակտիկ բժշկությունն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել
Վահանաձեւ գեղձի հիվանդությունները բազմազան են: Եվ, չնայած դեպքերի մեծ մասում այդ հիվանդությամբ կարելի է ապրել, սակայն խաթարված նյութափոխանակությունը, անկայուն հոգեվիճակն ու մշտական հոգնածության զգացումը նկատելիորեն նվազեցնում են կյանքի որակը: Ինչպես ժամանակին ախտորոշել եւ բուժել վահանաձեւ գեղձի հիվանդությունները, եւ որքանով են դրանք վտանգավոր:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բ.գ.թ., դոցենտ, էնդոկրին վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Վարժապետյանն է: Բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման նոր մեթոդներ ու եղանակներ:
-Բժիշկ, մի փոքր ներկայացրեք Ձեր անցած ճանապարհը:
-Իմ սերը բժշկության նկատմամբ ձեւավորվել է դպրոցական տարիներից, եւ դա պատահական չէր. հայրս բժիշկ է, եւ այդ հանգամանքը որոշիչ է դարձել իմ մասնագիտության ընտրության հարցում: Դրան նպաստել են նաեւ հիվանդների հետ «միջնորդավորված» շփումները: Ինչ վերաբերում է կոնկրետ վիրաբուժության ոլորտին, ապա նման որոշում կայացրել եմ արդեն Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանելու տարիներին: Մինչ օրս շարունակում եմ զբաղվել ընդհանուր եւ որովայնային վիրաբուժությամբ: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 4-5 տարվա ընթացքում վահանաձեւ գեղձի եւ ընդհանրապես էնդոկրին համակարգի ախտահարումներով հիվանդությունների աճ նկատվեց, ես որոշեցի նեղ մասնագիտանալ նաեւ էնդոկրին վիրաբուժության ոլորտում: 2015թ.-ին որակավորվել եմ ՌԴ Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արեւմտյան ֆեդերալ էնդոկրին կենտրոնում, որից հետո` Ստրասբուրգի «IRCAD» ուսումնական կենռրոնում, այնուհետեւ պարբերաբար մասնակցել եմ ֆորումների, հանդիպումների, վերապատրաստումներ եմ անցել ՌԴ եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում, իսկ դա ինձ օգնել է իմ մոտեցման ձեւերը, ռազմավարությունը մշակելու, այն միջազգային չափանիշներին մոտեցնելու, ոլորտի զարգացմանը մասնակցելու հարցերում:
-Հայկական ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:
-Եթե ասոցիացիան գործի միջազգային չափանիշներին համապատասխան, շատ ուրախալի կլինի: Այն, առաջին հերթին, տալիս է գիտելիքների մեծ բազա, դեպքերի քննարկումների արդյունքում հայտնաբերում ենք մեր թույլ տեղերը: Ասոցիացիան նաեւ մեզ օգնում է լինել պաշտպանված, վստահ, գործընկերների հետ փորձի փոխանակումն է ապահովում, մասնակցությունը գիտաժողովների, դասընթացների, ծանոթացնում է գիտության ձեռքբերումներին, նորարարություններին:Իսկ պրակտիկ բժշկությունն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել:
-Իսկ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Ես դասավանդում եմ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ ուրախ եմ, որ կան ուսանողներ, որոնց շնորհիվ մեր բժշկության ապագան հուսալի ձեռքերում կլինի: Նրանք նաեւ ակտիվորեն մասնակցում են տեղական եւ միջազգային հանդիպումների, պրպտող են, ձգտող:
- Ի՞նչ կասեք մեր հասարակության դիմելիության որակի մասին:
-Պացիենտները շատ տարբեր են, բայց բժիշկներս աշխատում ենք անհատական մոտեցում ցուցաբերել, նրանց խորհուրդներ ենք տալիս, որպեսզի վերջնական որոշումը ճիշտ կայացնեն: Սքրինինգային ծրագրերը բավականին օգնում են ժամանակին հիվանդության հայտնաբերման հարցում, ու, եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, ապա ակնհայտ է, որ հասարակությունն ավելի լուրջ է վերաբերվում իր առողջությանը:
Նախկինում շատ քչերն էին օգտվում ինտերնետից, իսկ այսօր իրավիճակը այլ է. ինտերնետը ողողված է, այդ թվում, նաեւ թերի կամ սխալ տեղեկատվությամբ, որը վերահսկելը գրեթե անհնար է: Իհարկե, վերջնական խոսքը կասի բժշիկը, սակայն հաճախ այդ սխալ տեղեկատվությունը հիվանդին գցում է երկընտրանքի, կասկածների մեջ:
-Էնդոկրին խնդիրների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը:
-Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքն իրականացնում է վահանաձեւ, հարվահանաձեւ գեղձերի ու մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ եւ վիրահատական բուժում, որը կատարվում է նորագույն եղանակների, սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցրել ենք վիրահատական տրավմայի աստիճանը եւ կրճատել ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները:
-Իսկ վահանաձեւ գեղձի հանգույցների ժամանակ ո՞ր դեպքերում է ցուցված վիրահատություն:
-Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան (FNA) համարվում է ախտորոշման առավել կարեւոր մեթոդներից մեկը, եթե ոչ` ամենակարեւորը: Վահանաձեւ գեղձի բիոպսիան պատասխանում է ամենակարեւոր հարցին, որի առաջ կանգնում է բժիշկը հիվանդության ախտորոշման փուլում. արդյոք հայտնաբերված հանգույցը չարորա՞կ բնույթ ունի, թե՞ոչ: (Ցավով պետք է նշեմ, որ վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է): Ախտորոշման փուլում առանց այս հարցի պատասխանի հիվանդության հետագա ճշգրիտ բուժման կազմակերպումը հնարավոր չէ:
Վահանաձեւ գեղձի բիոպսիայի արդյունքից հետո է միայն հնարավոր որոշել հետագա քայլերը` վիրահատություն, հսկողություն, նվազագույն ինվազիվ միջամտություն եւ այլն: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վահանաձեւ գեղձի սոնոգրաֆիան երբեք չի կարող փոխարինել բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիային: Այդ իսկ պատճառով համապատասխան չափի հանգույցի հայտնաբերման պարագայում միշտ հարկավոր է կատարել վահանաձեւ գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա: Բժիշկը, որը վահանաձեւ գեղձի հանգույցով հիվանդին բուժում է առանց բիոպսիայի արդյունքների, վտանգում է հիվանդի կյանքը, քանի որ բուժման մարտավարության սխալ ընտրությունը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների: Բազմաթիվ պացիենտներ համոզված են, որ վահանաձեւ գեղձի պունկցիայի նշանակման դեպքում դրան հաջորդելու է վիրահատական միջամտություն: Այդ համոզմունքը սխալ է:
Իսկ վահանաձեւ գեղձի բարորակ սիմպտոմատիկ հանգույցների բուժման նպատակով կիրառվում են նաեւ այլ (ալտերնատիվ) մեթոդներ` վահանաձեւ գեղձի հանգույցների էթանոլային սկլերոթերապիա եւ ռադիոհաճախական աբլացիա:
Բարորակ հանգույցների պարագայում վիրահատություններ ցուցված են հետեւյալ դեպքերում. նախ, երբ առկա է հարեւան օրգանի ճնշման երեւույթ, 2-րդը` պարանոցի էսթետիկ տեսքի վերականգման նպատակով (վիրահատությունը որոշվում է էնդոկրինոլոգ, վիրաբույժ-պացիենտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով են ուռուցքներն անհանգստացնում հիվանդին, որքանով է վատթարացել հիվանդի կյանքի որակը) եւ 3-րդը`երբ հանգույցը հորմոնակտիվ է:
Վահանաձեւ գեղձի խնդիրներից են նաեւ հորմոնալ ֆունկցիայի խանգարմամբ պայմանավորված հիվանդությունները: Դրանք են՝ հիպոթիրեոզը եւ հիպերթիրեոզը: Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձեւ գեղձի ֆունկցիան թերի է լինում, այսինքն՝ այն արտադրում է T4 եւ T3 հորմոններն ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի պահանջն է:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:
-Կցանկանամ առողջություն, համբերատարություն եւ լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, եւ մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում ու կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն:
Ցանկանում եմ, որ մեր երկրում մարդիկ ապրեն խաղաղ ու ստեղծագործ կյանքով, աշխատեն ու արարեն հանուն անձնական ու մարդկային բարեկեցության: Գաղտնիք չէ, որ առողջ, ազատ ու ստեղծարար միտքը մարմնի առողջության գրավականն է: Հորդորում եմ դրսեւորել խիզախություն եւ կամք ՝ լինելու լավատես, ունենալու բարի մտքեր…
Եվ ցանկացած դեպքում հիշել, որ ձեր կողքին են ձեր լավագույն բարեկամները՝ նվիրյալ, խելացի ու առաջադեմ բժիշկները:
Սուսաննա Մանուկյան
Ռեւմատոլոգիան շատ հետաքրքիր ոլորտ է, մի ամբողջ աշխարհ
Ընդհանրապես ցանկացած շփում ենթադրում է երկկողմանի պատասխանատվություն: Իսկ բժշկի պատասխանատվության չափաբաժինն ավելի մեծ է: Ինչու՞: Որովհետեւ նա ավելի կոմպետենտ է եւ պետք է այնպես տանի զրույցը, որ հիվանդն իրեն առավել պաշտպանված եւ ապահով զգա: Հիվանդը տագնապած է, մտահոգ իր առողջական վիճակով ու, հետեւաբար, ավելի խոցելի: Սա ոչ թե մեթոդ, այլ պարզապես սրտացավություն է: Եթե բժիշկն իրապես, զուտ մարդկայնորեն շահագրգռված չէ իր հիվանդների անձով, նրանց բուժմամբ, ապա ոչ մի մեթոդ չի փրկի: Իսկ եթե նա իսկապես կարեկից է, ուշադիր եւ զգայուն, ապա առանձնակի մեթոդների կիրառման կարիք չի լինի: Դա ենթադրում է, որ նա արժեւորում է իր հիվանդին`անկախ նրա սոցիալական կարգավիճակից, արժեհամակարգից, կրոնական պատկանելությունից: Բոլոր հիվանդները հավասար են եւ հավասարաչափ կարեւոր:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներքին հիվանդությունների բժիշկ-ռեւմատոլոգ Սուսաննա Մանուկյանը: Իսկական բժիշկը նա է, ով ոչ մի դեպքում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա: Հենց այդպիսին է ժպտադեմ, բարեհամբույր բժշկուհին, որը բավականին բանիմաց է, փորձառու իր մասնագիտության մեջ: Ինչ խոսք, նրա կերպարը հարուստ է տարբեր նրբերանգներով, որոնց մեջ ամենացայտունը անսահման բարությունն ու լավատեսությունն է, որը նա սփռում է իր շուրջը: Բժշկուհին տիրապետում է մարդկային իսկական որակներին` միեւնույն ժամանակ պահպանելով կնոջը բնորոշ նուրբ եւ փխրուն հատկությունները:
-Բժշկուհի, որո՞նք են ռեւմատոլոգիական գանգատները եւ ինչպե՞ս են արտահայտվում:
- Ռեւմատոլոգիական հիվանդների գանգատները շատ բազմազան են։ Հիվանդությունը կարող է սկսվել հոդացավով, հոդերի այտուցով, շարժումների սահմանափակմամբ ցանկացած հոդում, ընդհուպ՝ մինչեւ ողնաշարի անշարժացմամբ: Իսկ համակարգային հիվանդությունները կարող են սկսվել ջերմության բարձրացմամբ, տարբեր տեսակի մաշկային ցանավորումներով, մազաթափությամբ, կարճ ժամանակահատվածում քաշի զգալի կորստով: Եվ շատերի մոտ առկա է թյուր կարծիքը, որ ռեւմատոլոգիական հիվանդությունները սահմանափակվում են հոդացավերով, չնայած որ, որպես առաջին նշաններ կարող են դիտվել մազաթափություն, թոքերի բորբոքում, պլեւևրիտներ, որովայնային ցավեր, աչքերի բորբոքում, եւ այդ իսկ պատճառով մեծ զգոնություն են պահանջում ցանկացած նեղ մասնագետի կողմից:
-Ի՞նչ մակարդակի վրա է դիմելիության մշակույթն այսօր:
-Կցանկանայի, որ լիներ ավելի բարձր: Շատ պացիենտներ դիմում են բավականին ուշ՝ ունենալով արդեն իսկ ծանր օրգանական ախտահարումներ: Մեծ նշանակություն ունեն ախտորոշման նկատմամբ պացիենտի սեփական վերաբերմունքը, բուժվելու եւ բժշկի ցուցումները կատարելու մեծ պատրաստակամությունը: Եվ միայն այս դեպքում է հնարավոր լիարժեք համագործակցություն պացիենտի եւ բժշկի միջեւ հիվանդության դեմ պայքարում:
- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կողմից բժշկի մասնագիտության ընտրությունն ու նեղ մասնագիտացումը:
- Բժիշկ դառնալու ցանկությունս, մեծ սերն ու ձգտումը դեպի բժշկությունը գալիս է մանկությունիցս: Բոլոր ժամանակներում ինձ համար որպես իդեալ համարում եմ մորաքրոջս` Կիմա Խաչատրյանին: Նա կրում էր Խորհրդային Միության ժողովրդական բժշկի բարձր կոչումը, երկար տարիներ եղել է Գառնի գյուղի բուժկենտրոնի գլխավոր բժշկուհին, հրաշալի մարդ էր եւ թերապեւտ: Իսկ նեղ մասնագիտացումս ընտրեցի այն ժամանակ, երբ ինստիտուտում սկսեցինք ուսումնասիրել ներքին հիվանդությունները: Եվ թերապեւտիկ ուղղություններից ինձ ամենից շատը գրավեց ռեւմատոլոգիան, որն այն տարիներին առավել չբացահայտված ու քիչ ուսոււմնասիրված գիտություններից մեկն էր ու ամենահետաքրքիրն ինձ համար:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Արմինե Անդրեյի Հարոյանին, ում գլխավորությամբ անցել եմ կլինիկական օրդինատուրան եւ արել իմ առաջին քայլերը ռեւմատոլոգիայում: Ես նաեւ ուսանել եմ Մոսկվայի Ռեւմատոլոգիայի ինստիտուտում, որտեղ նույնպես ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ:
-Ըստ Ձեզ, բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:
Իհարկե՝ կոչում: Ու, եթե սիրեցիր, կմնաս քո բնագավառում, եթե չսիրեցիր, միանշանակ չի ստացվի քո ուղին:
-Ունե՞ք մասնագիտական ասոցիացիա:
-Առաջինը կնշեի Հայաստանի ռեւմատոլոգների ասոցիացիան, որի նախագահը Արմինե Հարոյանն է, եւ նրա կողմից հաճախակի կազմակերպվում են գիտաժողովներ, որոնց մասնակցում են նաեւ բժշկության մեջ համաշխարհային ճանաչման մասնագետներ: Ունենք նաեւ եվրոպական ու ամերիկյան ասոցիացիաներ եւ աշխատում ենք առավելագույնս ընդգրկվել դրանց շրջանակներում, քանի որ մեզ տալիս են գիտելիքների մեծ բազա, մասնակցում ենք ամենամյա կոնգրեսների եւ վերադառնում նոր գիտելիքների մեծ պաշարով: Ըստ իս, մեծ նշանակություն ունի հատկապես նորագույն բժշկական գրականության ուսումնասիրումը, քանի որ բժշկությունը զարգանում է մեծ տեմպերով, եւ, եթե բժիշկը չկարդա, չի կարող աշխատել իր մասնագիտական որակների բարձրացման վրա:
- Բժշկուհի, ի՞նչ կարծիքի եք երիտասարդ կադրերի մասին: Հուսալի ձեռքերո՞ւմ է մեր բժշկությունը:
-Մենք շատ խելացի եւ նորը սովորելու մեծ ձգտում ունեցող երիտասարդություն ունենք: Շատերը կրթությունը շարունակելու նպատակով մեկնում են արտերկիր եւ շատ հաճախ չեն վերադառնում հասկանալի պատճառներով: Հուսով եմ, որ մեր երկիրը կզորանա այնքան, որ մեր ուղեղները, ուսանելով արտերկրում, կվերադառնան Հայաստան եւ իրենց ձեռք բերած փորձն ու գիտելիքները կկիրառեն ի նպաստ հայրենի երկրի ու բժշկության զարգացման:
-Այսօր համացանցը ողողված է ամենաբազմազան բժշկական տեղեկատվությամբ, ցանկացած ոք կարող է օգտվել ու զբաղվել ինքնաբուժությամբ: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Սարսափելի բան է, երբ պացիենտը համացանցով է փորձում գտնել իր ախտորոշումը: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ապա ոչ ոք տասը տարի չէր չարչարվի ու բժիշկ չէր դառնա: Իրականում հիվանդությունը չի սահմանափակվում գրքային նկարագրությամբ, այն հասկանալու եւ բուժելու համար երբեմն տարիների մեծ փորձ է անհրաժեշտ: Կցանկանայի, որ մեր երկրում ներդրվեր բժշկական ապահովագրական համակարգը եւ հասանելի լիներ բոլորի համար, քանի որ նման պայմաններում շատ դժվար է թե՛ բժշկի, թե՛, հատկապես, սոցիալապես անապահով հիվանդի համար: Ինձ համար ամենասարսափելին այն է, որ հիվանդը չի կարողանում զբաղվել իր առողջական խնդրի լուծմամբ: Ռեւմատոլոգիական հիվանդությունները քրոնիկական բնույթ են կրում, շատ դեպքերում թիրախավորվում են երիտասարդները, որոնք հաշմանդամ են դառնում, քանի որ նյութական հնարավորություններն անչափ սուղ են: Մեծ ցանկություն ունեմ, որ այս հարցը հնարավորինս շուտ ստանա իր լուծումը, եւ հիվանդը ոչնչից չվախենալով ու հավատով մտնի հիվանդանոց` վստահ լինելով, որ այնտեղից բուժված դուրս կգա:
-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Որպես բժիշկ ցանկանում եմ մաղթել մեր ազգաբնակչությանը բարձր ինքնագիտակցություն սեփական առողջության հանդեպ, վստահություն բժիշկների նկատմամբ, հավատ, որ ցանկացած բժշկի համար իր պացիենտի առողջացումը բարձրագույն արժեք է, ձգտման բարձրագույն նպատակ:
Գնել Անանյան
Մեր բժիշկներն արտերկրների մասնագետներից ոչ պակաս ճանապարհ են անցել, մեծ փորձ ու բարձր գիտելիքներ ունեն
Հայաստանում իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերվող ախտորոշման եւ բուժման բոլոր միջոցառումները, հիմնական հիվանդությունները մեզ մոտ բուժելի են, եւ կարիք չկա մեկնել արտասահման: Իսկ տեղացի բժիշկների վերջին տարիների մասնագիտական ձեռքբերումները գնահատելի են ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ,քիթ-կոկորդ-ականջաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի եւ Դա Վինչի կլինիկայի ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար Գնել Անանյանն է:
-Բժշկի հանդեպ վստահությունը մի քանի օրում չի ստեղծվում: Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:
-1987 թվականին ավարտել եմ մեր մայր բուհի (այն ժամանակ կոչվում էր Երեւանի բժշկական ինստիտուտ) բուժական ֆակուլտետը, 1987-1988թթ. անցել եմ ինտերնատուրա ԼՕՌ-hիվանդությունների ամբիոնում: Այնուհետեւ աշխատել եմ «Մալաթիա» հիվանդանոցում: Վերապատրաստվել եմ Երեւանի Կոսմետոլոգիայի եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնում` ղեկավար` երջանկահիշատակ Հրաչյա Կոստանյանի, նաեւ Հայկ Բարսեղյանի հետ, որոնք Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունների հիմնադիրներից էին:
Երկրաշարժից հետո եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներին մենք դարձել էինք բազմապրոֆիլ բժիշկներ, լինում էինք աղետի գոտու եւ պատերազմական գործողությունների տարբեր բնակավայրերում: Այդ ժամանակ սփյուռքահայ շատ բժիշկներ եկան, որոնք մեզ մեծ օգնություն բերեցին, եւ բավականին սերտ համագործակցություն ստեղծվեց հատկապես «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, բացվեցին բազմաթիվ բաժանմունքներ: 1992թ.-ից սկսած՝ ԼՕՌ բաժանմունքը բացվելուց հետո`10 տարի անընդմեջ, մոտավորապես 2-3 ամիս անց էինք կացնում Փարիզի առաջատար Armand-Trousseau, այնուհետեւ Neker հիվանդանոցներում, որոնք ղեկավարում է համաշխարհային ճանաչում վայելող Եղիա Նոել Գարաբեդյանը:
2003 թ. նշանակվել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար: 1996թ. սկսած` նաեւ դասավանդում եմ պետական բժշկական համալսարանում, նախ, որպես ասիստենտ, ապա, մինչ օրս, ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու եմ, «Նաիրի» ուսումնական բազայի ղեկավարը:
-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:
-Այո, երջանկահիշատակ մայրս իր գործունեությունը սկսել է որպես մանկաբույժ, այնուհետեւ եղել է նյարդաբան, աշխատել 8-րդ հիվանդանոցում: Մինչեւ կյանքի վերջին օրերը աշխատում էր եւ ղեկավարում Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նեւրոլոգիական բաժանմունքը:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:
-Որդիս արդեն ավարտել է բուհը, անցել ռեզինդետուրան, ասպիրանտուրա, 2016 թվականին պաշտպանել թեկնածուական թեզը, եւ հաջողությամբ միասին աշխատում ենք «Նաիրի» բժշկական կենտրոնում ու Դա Վինչի նորաստեղծ կլինիկայում: Իսկ դուստրս 16 տարեկան է, սովորում է ավագ դպրոցում, ծրագրում է բժիշկ դառնալ:
-Տարիների ընթացքում փոփոխություն զգո՞ւմ եք պացիենտների մոտեցման մեջ, մասնավորապես, դիմելիության կուլտուրայի հարցում դրական տեղաշարժ կա՞:
-Ցավոք, ոչ դրական բաներ պիտի ասեմ այդ առումով: Իմ գործունեության սկզբում ինձ թվում էր, թե բժիշկներն ավելի մեծ հարգանք են վայելում բնակչության շրջանում, բայց վերջին երկու-երկուսուկես տասնամյակի ընթացքում բժշկական ոլորտի ղեկավարության, իմ կարծիքով, ոչ օպտիմալ մոտեցումների պատճառով մեր մասնագիտությունը, կարծես թե, հակադրվեց հասարակությանը: Բայց մենք էլ ժողովրդի, հասարակության մի մասն ենք, եւ ես կցանկանամ, որպեսզի հարգեն բժիշկներին, որոնք մարդկանց առողջություն, կյանք են պարգևում, եւ փոխհարաբերությունները լինեն ավելի բարձր մակարդակի վրա: Մեզ դիմողները պետք է գիտակցեն, որ, բացի մարդկային բարձր հատկանիշներ ունենալը, բժիշկները ձգտում են ընթանալ նորարարություններին, գիտության վերջին նվաճումներին համընթաց, իսկ դա հեշտ աշխատանք չէ: Եվ նրանք պետք է բժշկից խորհուրդ ստանան, հավատան ու վստահեն նրան, այլ ոչ թե հակադրվեն: Իսկ հակադրվելու դեպքում թանկ ժամանակ է կորչում, նյարդեր են քայքայվում: Երբ մեր պացիենտները մեկնում են Ռուսաստանի Դաշնություն կամ այլ երկիր, այնտեղի բժիշկների կարծիքներն անվերապահորեն ընդունում են:Մինչդեռ մեր բժիշկներն արտերկրի մասնագետներից ոչ պակաս ճանապարհ են անցել, մեծ փորձ ու բարձր գիտելիքներ ունեն:
Հատուկ ուսումնասիրություններ չեմ կատարել ու չեմ կարծում, թե որեւէ մեկն ուսումնասիրած լինի այս հարցը, բայց, հենվելով իմ անձնական փորձառության վրա, չեմ կարողանում մտաբերել նույնիսկ մեկ դեպք, երբ բժիշկը կոպիտ կամ փոքր-ինչ անքաղաքավարի է եղել պացիենտի նկատմամբ: Պարզապես ժամանակի հետ բոլոր տեսակի սպասարկման ոլորտներում մարդիկ դառնում են ավելի պահանջկոտ, ինչը միանգամայն բնական է: Չափանիշներն են փոխվել:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իմ նեղ մասնագիտացման ոլորտում, բարեբախտաբար, շփվել եմ երջանկահիշատակ Կիմ Հայկի Շուքուրյանի, պրոֆեսոր Դունայվիցերիի, պրոֆեսոր Խանամիրյանի, դոցենտ Գեորգի Արմենակովիչի հետ, պատիվ եմ ունեցել մեր մասնագիտության այդ հզոր հիմնադիրների հետ աշխատել, սովորել նրանցից: Իմ կյանքում, իհարկե, մեծ եւ կարեւոր դեր է ունեցել ու մինչ օրս ունի պրոֆեսոր Եղիա Նոյել Գարաբեդյանը` Փարիզի Trousseau և Neker հիվանդանոցների քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկաների ղեկավարը: Ուզում եմ նշել քիթ-կոկորդ-ականջաբան Ժորժ Տաշչյանին եւ, իհարկե, Գեւորգ Աբգարյանին, ով մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռենիմատոլոգ է, 1990-ականներին UMAF նախագահն էր եւ մեծ դեր ունի իմ ու ընդհանրապես «Էրեբունի» հիվանդանոցի կայացման գործում:
-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ կարծիք եք կազմել նրանց մասին:
- Ես լավատեսորեն եմ տրամադրված: Նրանք իրենց բնույթով եւ արտահայտման ձեւերով շատ տարբեր են, իսկ բժշկությունն այն ոլորտն է, որտեղ պետք է որոշ հատկանիշների տիրապետող մարդիկ լինեն: 2003 թվականից «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունը համալրվել է իմ սաներով, որոնք արդեն մեծ փորձ ունեն, կայացած բժիշկներ են: Սերնդափոխությունը շարունակական բնույթ ունի, այն երբեք կանգ չի առնում: Մեր բազա գալիս են թե ուսանողներ, թե կլինիկական օրդինատորներ, երեք տարի ուսումնասիրում քիթ-կոկորդ-ականջաբանությունը, անցնում լավ դպրոց, դառնում լավ մասնագետներ, լիարժեք բժիշկներ:
-Կվերհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին։
-Իմ առաջին պացիենտը եղել է 1988 թվականին, երբ կատարելագործվում էի պլաստիկ վիրաբուժության կենտրոնում: Նշեմ, որ 2-րդ կուրսից` 1982 թվականից, աշխատել եմ բազմաթիվ կլինիկաներում, մասնակցել վիրաբուժական միջամտությունների, արդեն պատկերացում կազմել վիրաբուժական հիմունքների, դրույթների մասին: Իմ այդ ջիղը ուսուցիչներս շուտ նկատեցին եւ 2-3 ամիս հետո ինձ վստահեցին ինքնուրույն վիրահատություն կատարել: Իմ հիշելով` պացիենտը Մոսկվա քաղաքից էր, ամեն ինչ հաջող անցավ, որին հետեւեցին շարունակական հաջողությունները:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Ես շատ կցանկանամ, որ հայերը մի օր արթնանան ու լուսաբացի հետ շտկեն իրենց փոխհարաբերությունները:Երբ ասում ենք` հեղափոխության հետ իրավիճակ է փոխվել, ես կցանկանամ, այդ իրավիճակը փոխվի մարդկանց փոխհարաբերություններում, եւ մարդը մարդուն որպես ընկեր, այլ ոչ թե որպես թշնամի ընդունի: Շատ ճիշտ է ասված` ինչ ցանես, այն էլ կհնձես, ուստի պետք է կողքինիդ բարություն անես, լավ բաներ ասես, ոգեւորես… Ամեն մարդ ունի իր իրավունքները, ցանկությունները, եւ մենք պետք է հարգենք դրանք, սիրենք դիմացինին:Ու, եթե մեր փոխհարաբերությունները դրականորեն զարգանան, մեր ազգը կցուցաբերի իր լավագույն որակները` աշխատասիրությունը, կրթված, բանիմաց, իմաստուն լինելը:
Ու սարեր շուռ կտա:
Պայծառ Քոչարյան
Հիվանդին պետք է բուժես ոչ միայն դեղորայքով, այլ նաեւ քո խոսքով ու վերաբերմունքով
Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը:Քիթ-կոկորդ-ականջաբանությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ:ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Դա Վինչի կլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Պայծառ Քոչարյանը: Բավականին հաճելի զրուցակից, մարդ, որն իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:
-Բժշկուհի, չնայած Ձեր երիտասարդ տարիքին, ստանձնել եք բավականին պատասխանատու աշխատանք: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին:
-Մասնագիտության ընտրության հարցում, երեւի թե, մեծ նշանակություն ունեցավ տատիկիս հիվանդությունը: Ես դեռ շատ փոքր էի եւ մեծերի հետ հաճախ էի նրան այցելության գնում: Եվ, տեսնելով բժիշկների կարեւորագույն ու հետաքրքիր աշխատանքը, որոշեցի կյանքս կապել բժշկության հետ: Ցավոք, տատիկիս չհասցրեցի բուժել: Այժմ վստահ կարող եմ ասել, որ, եթե ինձ կրկին մասնագիտության ընտրության հնարավորություն ընձեռվի, միանշանակ կընտրեմ բժշկի մասնագիտությունը:
- Ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա է այսօր մեր երկրում բժշկին դիմելու կուլտուրան:
-Դիմելիության կուլտուրայի մակարդակը բավականին բարձր է, իսկ դրան նպաստում է առաջնային օղակի` պոլիկլինիկաների աշխատելաոճը: Իրականում հասարակության մեջ կա բացասական կարծիք առաջնային օղակի մասին, սակայն այնտեղ կան լավ մասնագետներ: Ուրախալի է, որ ընտանեկան բժշկությունն ավելի զարգացած է մարզերում, եւ մարդիկ առաջին հերթին դիմում են իրենց ընտանեկան բժշկին, ու վերջինս խնդրի չլուծման դեպքում արդեն հիվանդին ուղարկում է նեղ մասնագետների մոտ: Իսկ Երեւանում, երեւի թե, կլինիկաների ընտրության հնարավորությունը մեծ է, եւ մարդիկ, առաջին հերթին, նախընտրում են անմիջապես դիմել նեղ մասնագետների:
Դիմելիության կուլտուրայի մակարդակի բարձրացմանը նպաստում է նաեւ ինտերնետ պորտալը, որտեղից մարդիկ տեղեկանում են իրենց հիվանության պատմության մասին: Իհարկե, հաճախ, օգտվելով ինտերնետի տեղեկատվությունից, նրանք սխալ ինքնաբուժմամբ են զբաղվում եւ միայն խնդիրը չլուծվելու դեպքում են դիմում բժշկի, երբ գուցե արդեն ուշ է լինում:
- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Նեղ մասնագիտացումս ստացել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում`բաժանմունքի ղեկավար Գնել Գեորգիի Անանյանի` հիանալի մարդու եւ գրագետ մասնագետի մոտ, որը մեզ տալիս է գիտելիքների մեծ բազա: Ես սովորել եմ, առաջին հերթին, նրանից, ինչպես նաեւ բաժանմունքի մնացած բժիշկներից:
-Ձեր կարծիքով, ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:
-Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայում հիմնականում հետաքրքիր կլինիկական դեպքեր են ներկայացվում, քննարկվում, ընդհանուր գիտելիքների եւ փորձի փոխանակություն է տեղի ունենում: Կազմակերպվում են գիտաժողովներ, որոնց ժամանակ արդեն նաեւ միջազգային փորձի փոխանակություն է տեղի ունենում:
-Հիմնականում ո՞վքեր կարող են Ձեզ դիմել:
-Մեզ մոտ իրականացվում է քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերվող խնդիրների եւ ախտորոշում, եւ բուժում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է լսողության ստուգում (աուդիոմետրիա), վիդեոֆիբրոսկոպիա (քթի, կոկորդի, ըմպանի, ձայնալարերի նկարահանում):
-Լինելով երիտասարդ կադր` ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին. մեր ապագա բժշկությունը վստահելի՞ ձեռքերում է:
-Ինձ թվում է` հուսալի ձեռքերում է լինելու մեր ապագա բժշկությունը: Բժշկի մասնագիտություն պետք է ընտրեն այն մարդիկ, որոնք սիրով եւ մեծ նվիրումով կկատարեն իրենց աշխատանքը, դրան չեն վերաբերվի որպես զուտ մասնագիտություն: Ինձ համար բժշկությունը թե մասնագիտություն է, թե կոչում. դրանք մեկը մյուսին փոխկապակցված են:
Ընդհանրապես հիվանդին պետք է բուժես ոչ միայն դեղորայքով, այլ նաեւ քո խոսքով ու վերաբերմունքով:
-Ո՞րտեղ եք փնտրում Ձեր հանգիստը օրվա գերլարված աշխատանքից հետո:
-Հիմնականում լինում եմ տանը, ինչպես նաեւ` ընկերներիս շրջապատում` փորձելով ցրվել առօրյա թոհուբոհից:
-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, համբերություն եւ լավատեսություն:
Թող երբեք աչքաթող չանեն առողջական խնդիրները եւ ժամանակին դիմեն մասնագետներին:
Լուսինե Բարսեղյան
Անհատական գեղեցկությունը ոչ թե փոխում, այլ ընդգծում ենք
Դեռեւս վաղնջական ժամանակներում ապացուցվել է, որ մաշկը օրգանիզմի ընհանուր առողջության ցուցիչն է: Հնագույն բուժակներն ու հեքիմները բազմաթիվ բնական միջոցներ ունեին, որոնք օգնում էին պահպանել մաշկի առողջությունը, թարմությունն ու գեղեցկությունը: Դեռեւս նրանք էին մաշկի հիվանդությունների պատճառները որոնում ու գտնում այլ օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարման կամ հիվանդության մեջ: Ժամանակակից բժշկագիտությունը եւս մաշկային խնդիրներին ուղղված տարբեր մոտեցումներ ունի, եւ գիտական, ապացուցողական բժշկությունը հաճախ է համադրվում ժողովրդական միջոցների հետ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանը: Չնայած բավականին երիտասարդ տարիքին, նա տիրապետում է բժշկի իսկական որակներին` միեւնույն ժամանակ պահպանելով կնոջը բնորոշ նուրբ եւ փխրուն հատկությունները:
-Բժշկուհի, խոսենք Ձեր անցած ուղու մասին:
-Ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրա անցել ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ դերմատովեներոլոգիա մասնագիտությամբ, ունեմ 10 տարվա աշխատանքային փորձ: Վերապատրաստվել եմ Մոսկվայի ՌԴ ԱՆ Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում, մասնագիտացումը` մաշկաբանություն:
-Ի՞նչ կասեք ակնե մաշկային հիվանդության մասին:
-Ակնեն ֆոլիկուլյար ցան է, որն արտահայտվում է կոմեդոնների առաջացմամբ, որոնց մի մասը հետագայում կարող է վերափոխվել պապուլաների, պուստուլների, հանգույցների եւ կիստաների: Մաշկի ճարպի բաղադրության քանակական փոփոխությունները (գերճարպարտադրություն) ակնեի առաջացման որոշիչ գործոն են, ընդ որում, որքան ճարպարտադրությունը ակտիվ է, այնքան մեծ է հիվանդության ծանրության աստիճանը: Ակնեն կարող է հանդիսանալ այնպիսի հիվանդությունների համախտանիշ, ինչպիսիք են ձվարանների պոլիկիստոզը, մակերիկամների բնածին հիպերպլազիան եւ այլն:
Երբեմն ակնեն բակտերիալ ծագում ունի: Պրոպիոնոբակտերի ակնե կոչվող բակտերիայի առկայությունը հիվանդության զարգացման նախապայմաններից մեկն է: Այս բակտերիաները բազմանում են անաէրոբ պայմանններում, իսկ մաշկի փակ կառուցվածքներում ստեղծված են այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են դրանց բազմացմանը: Մեծ նշանակություն ունի նաեւ օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը: Ապացուցված է, որ, եթե ծնողների մոտ առկա է ակնե, հավանականությունը մեծ է, որ երեխաների մոտ կարող են զարգանալ ակնեի ծանր ձեւերը: Սխալ սնունդը եւ հատկապես սննդակարգում ածխաջրերի շատ կիրառությունը, ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրը (չօդափոխվող սենյակներ, թունավոր նյութեր, արտադրական միջավայր), ինչպես նաեւ սթրեսներն ու դեպրեսիաները, կոսմետիկ միջոցների ոչ ճիշտ ընտրությունը, դեմքի մաշկի ոչ պատշաճ խնամքը ակնե հիվանդությունը խթանող գործոններից են:
Ակնեի բուժումը սահմանելուց առաջ անհրաժեշտ է հստակ իմանալ հիվանդության առաջացման պատճառը: Այս նպատակով կատարվում են մի շարք հետազոտություններ: Լաբորատոր պայմաներում որոշվում է բակտերիաների առկայությունը: Երբեմն գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն է լինում՝ պարզելու ենթամաշկային շերտում հիվանդության տարածվածությունը: Հատկանշական է, որ ակնեի բուժումը խիստ անհատական է, այն սահմանվում է՝ ելնելով անամնեզի տվյալներից, ինչպես նաեւ` հիվանդության պատճառի հիման վրա: Կիրառվում են թե տեղային, թե համակարգային ազդեցության դեղամիջոցներ: Ակնեն ի հայտ է գալիս հիմնականում դեմքի, պարանոցի, ուսերի եւ թեւերի շրջանում: Մարդկանց առավելապես նյարդայնացնում են դեմքի եւ մարմնի տեսանելի հատվածների վրա դուրս եկող բշտերը: Շատերը խոստովանում են, որ մարմնի քողարկված հատվածների ցանավորումը նույնքան ցավալի է, բայց դա այնքան տհաճությամբ չեն ընդունում, որքան դեմքինը:
-Իսկ ի՞նչ է սեբորեան:
-Բժշկության մեջ սեբորեա է կոչվում ճարպագեղձերի ինչպես քանակական, այնպես էլ որակական փոփոխությունը, որը լինում է չոր կամ յուղոտ: Վերջինի դեպքում մաշկը ծածկվում է հաստ ու հավասարաչափ ճարպային շերտով, իսկ չորի դեպքում ճարպազատումը կրկին ակտիվ է, սակայն մաշկը ճարպաշերտի փոխարեն մանր թեփուկներով է պատվում: Նորմայում ճարպագեղձերը շաբաթական 100 գ ճարպ են արտադրում, իսկ սեբորեայի դեպքում` մինչեւ 300 գ ճարպային զանգված, որը պարունակում է պալմետին, օլեին, աղ, ճարպային զանազան թթուներ, սպիտակուցներ, խոլեստերին:
-Ոմանք նախընտրում են սոլյարիի միջոցով արեւայրուքները: Ի՞նչ կասեք դրա մասին:
-Շատ բացասական եմ վերաբերվում սոլյարիի միջոցով կատարվող արեւայրուքներին, քանի որ դրանք յուրաքանչյուր մարդու հակացուցված են: Դա ոչ միայն մաշկի, այլ նաեւ շատ այլ օրգան-համակարգերի համար է վտանգավոր: Ամիսներ, տարիներ հետո կարող է մարդու մոտ քաղցկեղ առաջանալ: Քսուկներ օգտագործելիս էլ խորհուրդ եմ տալիս անպայման ուշադրություն դարձնել բաղադրությանը: Ցանկալի է այդպիսի միջոցները գնել դեղատներից եւ ուշադրություն դարձնել արտադրության ժամկետին ու բաղադրությանը:
-Արեւայրուքի հետեւանքով հիմնականում ի՞նչ խնդիրներով են պացիենտները դիմում:
-Եթե այրվածք են ստանում, դիմում են այրվածքաբանին: Իսկ հիմնականում արեւայրուքի հետեւանքով պեպեններ են առաջանում, բայց այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա:
-Իսկ մաշկավեներաբանության եւ էսթետիկ բժշկության բնագավառում Հայաստանի փորձը շա՞տ է:
-Մաշկավեներաբանության մեջ հայ բժիշկների փորձը շատ մեծ է, չնայած միջոցներն ու հնարավորություններն են սահմանափակ, որոնք էլ, հուսով եմ, կլրացվեն տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է էսթետիկ բժշկությանը, ապա կարող եմ ասել, որ այդ հարցում միջազգային մակարդակներին հասել ենք, դեռ մի բան էլ` ավելին:
-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հետզհետե ավելանում են այն բժշկական հաստատությունները, որտեղ իրականացվում է շուրթերի ձեւի եւ չափերի փոփոխություն: Գեղեցիկ եւ գայթակղիչ շուրթեր ուզում են ունենալ գրեթե բոլոր կանայք, սակայն լինում են դեպքեր, երբ տարբեր մեթոդներով իրականացվող շուրթերի ծավալի մեծացման արդյունքում առաջանում են բարդություններ, երբեմն շուրթերը տգեղ տեսք են ստանում: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Շուրթերի ծավալի մեծացման եւ ձեւի փոփոխության զանազան մեթոդներ կան, դրանք իրականացվում են տարբեր նյութերով, որոնք բացարձակապես անվնաս են: Ներարկումը տեւում է 15-20 րոպե՝ տեղային ցավազրկմամբ, իսկ արդյունքը պահպանվում է 6-18 ամիս:
-Իսկ շրթունքների ծավալի ավելացումն անհարմարության զգացողություն չի՞ առաջացնում:
-Բացառվում է անհարմարության զգացողության վարկածը, քանի որ ֆիլերներն իրենց փափկությամբ համապատասխանում են հյուսվածքների փափկությանը: Եվ գրագետ մասնագետի կողմից կատարված ներարկումներից հետո դիսկոմֆորտի առաջացման հավանականությունը նվազագույն է:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ կանանց:
-Բժիշկ լինելը ներքին հոգեկան լիարժեքությունն է: Երբ կարողանում ես մարդկանց օգնել, ինքդ քեզնից գոհ ես լինում, ներքին գոհունակությունն ու հպարտությունը երջանկացնում են քեզ: Խորհուրդ կտամ կանանց սիրել սեփական անձը եւ տեսնել անհատական գեղեցկությունը, որը մենք ոչ թե փոխում, այլ ընդգծում ենք:
Աննա Չոբանյան
«Շատ եմ ցանկանում, որ բժիշկներն այսօր ավելի գնահատված եւ պաշտպանված լինեն»
Ժամանակակից աշխարհն այսօր նորագույն մոտեցումների եւ ծրագրերի ներդրման ճանապարհով է ընթանում հատկապես բժշկագիտության ոլորտում` բուժծառայությունները դարձնելով առավել արդյունավետ: Թեեւ Հայաստանը փոքր երկիր է եւ տնտեսական հզորություններով չի կարող հավասարվել զարգացած երկրներին, սակայն ձգտում է համընթաց քայլել արդի զարգացումներին` ինչպես բուժծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ որակյալ կադրերի պատրաստման գործում:
Բժիշկ-ռեանիմատոլոգի գլխավոր խնդիրն է պահպանել պացիենտի կյանքը ամենակրիտիկական իրավիճակներում, իսկ, եթե ավելի կոնկրետ, կլինիկական մահվան, սրտի կանգի եւ նման դեպքերում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեանիմատոլոգ ղեկավարում է կենտրոնի ամենաբարդ` մանկական վերակենդանացման բաժանմունքը։
Բժշկուհու խոսքերով, Հայաստանում դեռեւս չհաղթահարվող երեւույթ կա։ Ամեն ամիս մեկ կամ մի քանի երեխա է շենքերի տարբեր հարկերից ընկնում։ Հիմնականում նրանք նոր քայլել սկսող կամ էլ ակտիվ երեխաներն են։ Բայց, ամեն դեպքում, կարծում է, որ դա ծնողի անփութության հետեւանքն է: Իսկ ամենացավալի ու անդառնալի ելքով դեպքերի մասին նախընտրում է լռել։
Տարիների ընթացքում այնպես է ձեւավորվել, որ, եթե գիտես` մահվան ելքն անխուսափելի է, փորձում ես քեզ հոգեբանորեն պաշտպանել։ «Դժբախտ դեպքերից, իհարկե, ազդվում ենք, բայց ինչ-որ տեղ դա մեզնից կախված չէ, երեխայի վիճակով է պայմանավորված, առողջական խնդիրներով: Ավելի շատ առողջացած երեխաներից ենք ստանում ուրախություն, երբ արդյունք ենք տեսնում, ու ծնողի ուրախությունից էլ ենք ուրախանում»,-նշում է բժշկուհին:
Աննա Չոբանյանի ղեկավարած բաժանմունքը զբաղվում է ինտենսիվ թերապիայով, բժշկուհին շատ է եղել եվրոպական երկրներում եւ նկատել, որ հագեցվածության տեսակետից տարբերությունը մեծ է: Օրինակ, Եվրոպայում սարքավորումներ կան, որ 3-4 տարին մեկ փոխվում են, մաշվածության աստիճան չկա, եւ միշտ գնում են նորագույնը:
Խոսելով անցած մասնագիտական ճանապարհի մասին` մեր զրուցակիցը նշեց, որ ծնողներն այլ մասնագիտություն ունեին, իսկ ահա հորաքույրն ու մորաքույրը բժիշկներ էին: Այսօր, արդեն լինելով բաժանմունքի վարիչ, գիտակցում է, որ շատ մեծ պատասխանատվություն է վերցրել իր ուսերին, բայց այնքան շատ է սիրում աշխատանքը, ապրում դրանով, որ, եթե կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվի, ապա միանշանակ կընտրի բժշկության բնագավառը:
-Բժշկուհի, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Այդ ուղղությամբ այսօր դանդաղ քայլերով առաջնթաց է նկատվում: Պարզապես միշտ չէ, որ դիմում են առաջնային օղակ` պոլիկլինիկա, մինչդեռ հիվանդանոցի ընդունարանում օրական մոտավորապես 40-50 պացիենտ են ընդունում, որոնցից հոսպիտալիզացվում է երեւի մեկ երրորդը: Ցավոք, հասարակության մեջ թյուր կարծիք է ձեւավորվել առաջնային օղակի մասին, ու մենք նաեւ այդ ուղղությամբ ենք աշխատանքեր տանում: Քանի որ ես Երեւան քաղաքի գլխավոր մանկաբույժն եմ, քաղաքապետարանի հետ մանկաբույժների համար դասախոսություն էինք կազմակերպել` կապված սեզոնային գրիպի հետ, որին շատերն էին մասնակցում, այդ թվում` առաջնային օղակի աշխատակիցները: Նրանք հետաքրքրվում են նորություններով, աշխատում են իրենց վրա, փորձում բարձրացնել գիտելիքների մակարդակը:
-Ըստ Ձեզ, բժիշկներն այսօր պաշտպանվա՞ծ են:
-Ես շատ եմ ցանկանում, որ բժիշկներն այսօր ավելի գնահատված եւ պաշտպանված լինեն, քանի որ շատ դեպքերում հիվանդներն իրենց մեղքը փորձում են բարդել բժշկի վրա: Ի դեպ, նույն խնդիրը կա նաեւ եվրոպական երկրներում: Բժշկի հեղինակության բարձրացման հարցում մեծ դերակատարում ունեն լրատվամիջոցները, սակայն այսօր լուսաբանվում են ոչ թե լավ, դրական դեպքերը, այլ, հիմնականում, վատ վախճան ունեցած դեպքերը, որն էլ ձեւավորում է բացասական վերաբերմունք բժշկի հանդեպ: Մինչդեռ հաճախ վատ վախճանի պատճառը օբյեկտիվ է լինում:
-Իսկ ասոցիացիաները ի՞նչ են տալիս բժշկին:
-Օրինակ, մանկաբուժական ասոցիացիան տարին 2-3 անգամ հավաքում է պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների մանկաբույժներին, եւ դա անվանում ենք մանկաբույժների դպրոց,: 2-3 օրվա ընթացքում ներկայացնում ենք հետաքրքիր թեմաներ, դեպքեր, եւ մեր գործընկերները մեծ ոգեւորությամբ են մասնակցում նմանատիպ դպրոցներին:
-Բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իմ կարծիքով, եւ կոչում է, եւ մասնագիտություն:
Շատ ուսուցիչներ եմ ունեցել, սակայն ուզում եմ առանձնացնել պրոֆեսոր, բժիշկ-գիտնական, շատ լավ մարդ Վիլեն Աստվածատրյանին, քանի որ մեծ է նրա դերը մանկաբուժության բնագավառում: Անվանի մանկաբույժը մի քանի տարի ղեկավարել է հանրապետության պուլմոնոլոգիական մանկական կենտրոնը՝ ամուր հիմքերի վրա դնելով այդ բուժական կենտրոնում կատարվող բուժկանխարգելիչ աշխատանքը, միաժամանակ պատրաստելով կադրեր եւ նրանց մասնակից դարձնելով ոչ միայն կլինիկական, այլեւ գիտական գործունեությանը: Կարող եմ նշել նաեւ Մարիանա Վասիլեւնայի անունը: Եվ էլի շատերը կան, որոնք մեծ դերակատարություն են ունեցել նոր սերնդի դաստիարակության գործում, եւ նրանց էլ ինչ-որ չափով կարող եմ համարել իմ ուսուցիչը:
-Իսկ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Մանկաբուժական ֆակուլտետը փակվելուց հետո զգացվեց նոր կադրերի պակաս, եւ անչափ ուրախալի փաստ է, որ արդեն երկու-երեք տարի Երեւանի Մխիթար Հերացու անվան համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ փորձում են երիտասարդ կադրերի հարցը լուծել, լրջորեն զբաղվում են նրանց հետ: Բավականին լավ երիտասարդներ կան, որոնք սրտացավորեն են մոտենում իրենց գործին, եւ կարծում եմ` նրանցից ոմանք կդառնան մեր հանրապետության լավագույն բժիշկները:
-Օրվա գերլարված աշխատանքից հետո ո՞րտեղ եք գտնում Ձեր անդորրը:
-Հանգստանում եմ ընկերական շրջապատում, արվեստի մեջ, սիրում եմ հաճախել թատրոն, համերգ:
-Կարո՞ղ եք նշել Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:
-Իմ բնավորության ուժեղ կողմ համարում եմ այն, որ երբեք ընկերներիս չեմ դավաճանում, շատ նվիրված եմ նրանց: Կավելացնեմ նաեւ աշխատասիրությունը, նորություններով հետաքրքվելը, մի քանի լեզուների` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ուսումնասիրությամբ զբաղվելը: Բացի բժշկությունը, հետաքրքված եմ գրականությամբ եւ երաժշտությամբ: Բնավորությանս թույլ կողմ կարող եմ համարել այն, որ, տեսնելով դիմացինի լկտիությունը, ինձ թույլ չեմ տալիս նրան հակահարված տալ:
-Վերջում ի՞նչ կմաղթոք մեր հասարակությանը:
-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն եւ լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, եւ մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում եւ կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:
Ռուզաննա Հարությունյան
Մարդու ամենամեծ դատավորը ինքն է
Այսօր ակնաբուժությունը առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւաբար, այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն եւ, բնականաբար, նվիրվածություն ու աշխատասիրություն: Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն անընդհատ մեծանում է, սակայն դրան զուգահեռ տարեցտարի կատարելագործվում են այդ խնդիրների բուժման մեթոդները:
http://bestgroup.am/ կայքի զրույցակիցն բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժական ամբիոնի դոցենտ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Հարությունյանի հետ: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժիշկուհին իր գործի գիտակն է, բազմաթիվ մանուկների աչքի լույսն է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Բժիշկը, կենտրոնին մշտապես թարմ շունչ հաղորդելով, պահպանում է նախորդների ստեղծած ավանդույթները` բարձր պահելով ակնաբուժական կենտրոնի վաստակած կոչումը:
-Բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:
-Բժիշկ լինելն ընդհանրապես կոչում է, հետո, բնականաբար, մասնագիտություն: Դրանք փոխկապակցված են, եւ մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ: Եթե չլինի կոչում, չի կարող լինել լիարժեք բժիշկ հասկացողությունը: Ինձ դիմողները հիմնականում երեխաները են, եւ նրանք այստեղից դուրս են գալիս ոչ միայն ակնոցը կամ դեղատոմսը ձեռքում, այլեւ տանում են հոգեւոր բավարարված վիճակ, գեղեցիկ խոսք, մի միտք, պարտավորություն, մի լուսավոր բան: Եվ հաջորդ այցի ժամանակ նրանք այդ ամենի համար պատասխան են տալիս իրենց հայացքով: Եթե այդ հոգեւոր կապը չլինի, բժշկել չի լինի, կլինի ստանդարտ մոտեցում, որը կարող է տալ համակարգիչը, ցանկացած էլեկտրոնային սարք: Պետք է հոգի ներդվի գործի մեջ, բայց դա չպետք է հասցվի կենցաղավարության մակարդակի:
-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ի՞նչ ապագա եք կանխատեսում ապագա ակնաբուժության համար:
-Խոստումնալից երիտասարդներ են, որովհետեւ նրանց մեջ, առաջին հերթին, ձգտում է նկատվում գիտելիքների նկատմամբ, նրանք պրպտող են, փորձում են քայլել նորարարություններին համընթաց: Ես նաեւ դասավանդում եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ամբիոնի դոցենտ եմ եւ կարող եմ վստահորեն ասել, որ յուրաքանչյուր խմբում 3-4 խոստումնալից ուսանող կա, եւ դա ինձ շատ է հուսադրում, որ ապագայում լավ մասնագետներ ենք ունենալու: Կան ուսանողներ, որոնք ցանկանում են զբաղվել մենեջմենթով: Կան նաեւ ուսանողներ, որոնք ցանկանում են շփվել պացիենտի հետ, գիտելիքների տիրապետեն: Արդեն 12-13 տարի դասավանդում եմ եւ համոզված եմ, որ բավականին խոստումանից ապագա ունի մեր ակնաբուժությունը, եւ դա ինձ շատ է ուրախացնում, քանի որ առանց սերնդափոխության առաջընթաց չի լինի:
-Բժշկուհի, Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:
-Միայն ես եմ, բայց իմ շրջապատում եղել են ու կան հոգեբաններ եւ մարդիկ, որոնք շատ են սիրում շփումը մարդկանց հետ: Մեր մեջ բնավորության գենետիկ գիծ կա, որ պետք է շփվես, հաղորդակցվես, մարդու հոգեւոր աշխարհը լցնես դրական զգացողություններով:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ուղին, Ձեր երեխայի դեպքում ինչպե՞ս է:
-Ես ունեմ տղա, որ մեծանում է` հետաքրքրված համակարգչային տեխնիկայով, ձգտում է այսօրվա գիտության նվաճումներին, բայց, կարծես թե, վերջերս ցանկանում է առողջապահությունը համակցել դրա հետ: Եթե նրա մոտ որեւէ հարց է ծագում, խորհուրդ տալիս եմ, բայց չեմ ուղղորդում, ցանկանում եմ, որ ինքը ճիշտ կողմնորոշվի: Եվ ամուսինս էլ է նույն կերպ վարվում:
-Վերջին շրջանում բժիշկների անունները շոշափվում, շահարկվում են միայն վատ դեպքերի ժամանակ: Ի՞նչ կասեք դրա մասին:
-Մարդու ամենամեծ դատավորը ինքն է: Ծնողիս խոսքն էր, որ ամբողջ կյանքում ես քննություն եմ տվել ձեր առաջ: Այսօր ամենացածր ինտելեկտով մարդն էլ կարող է հավաքել բառերի շարան հեռախոսի ստեղնաշարով եւ փոխանցել ցանկացած մեկին: Նախկինում խոսում էին հարեւանի կամ ընկերոջ հետ, իսկ հիմա հարեւանն էլ, ընկերն էլ իրենց համար հեռախոսն է դարձել, եւ ինչ մտքներով անցնում է, գրում են` երբեմն ծայրահեղ աստիճանի հասնող վատ բառապաշար օգտագործելով: Եթե հեռախոսը չլիներ, այդ մարդը կամաչեր արտաբերել այդ նույն մտքերը, արտահայտությունները: Դա մտածելու տեղիք է տալիս: Ինչքան կարող է բժիշկն ասել, որ ինքն անպաշտպան է: Կոնկրետ ես պաշտպանված եմ իմ ընտանիքով, իմ ընկերներով եւ այն փոքրիկ բալիկով, որը գալիս է ինձ մոտ որեւէ խնդրով:
-Բժշկուհի, ասոցիացիները ի՞նչ են տալիս բժիշկներին:
-Ասոցիացիները, առաջին հերթին, տալիս են միջանձնային, միջմասնագիտական հաղորդակցություն, տեղական, ինչպես նաեւ արտերկրների մասնագետների հետ փորձի փոխանակություն, տարբեր գիտաժողովների, դասընթացների մասնակցություն, առողջապահական գիտելիքներ: Բժիշկը հաշվետու է այդ փոքրիկ հասարակությանը, որը կոչվում է ասոցիացիա, ասոցիացիան էլ հաշվետու է անհատին:
-Օրվա գերլարված աշխատանքից հետո որտե՞ղ եք փորձում գտնել Ձեր անդորրը:
-Տանը: Հոգնած եմ լինում իրականում, բայց կարծես ոչինչ չի եղել, ժպիտով ներս եմ մտնում, քանի որ պետք է պիտանի լինեմ նաեւ իմ ընտանիքին: Եվ շատ շնորհակալ եմ, որ նրանք գիտակցում են իմ աշխատանքի բարդությունը: Ես ընդհանրապես ինձ համարում եմ երջանիկ կին, երջանիկ մայր եւ իմ հարազատների միջավայրում ստանում եմ այն ջերմությունը, որը պետք է ստանա մարդ արարածը:
Գուցե թեմայից դուրս է, բայց ուզում եմ խոսել դպրոցականների ուսումնական ծրագրերի մասին: Այդ առումով սարսափելի աղետալի վիճակ է տիրում մեզ մոտ: Այսօր 5-6-րդ դասարանի երեխան նստում է իմ դիմաց, կարելի է ասել, խենթացած, լարված վիճակում, արդեն ողնաշարային խնդրով: Երեխաների մեծ մասը հանձնարարություն է ստանում ինտերնետով, հեռախոսով, քանի որ նրանց հանձնարարել են ամեն առարկայից ինչ-որ կենսագրական տվյալներ քաղել ինտերնետից: Նույնիսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչն է հանձնարարում ֆուտբոլիստի ինքնակեսագրականն արտագրել եւ համապատասխան ծավալով ներկայացնել: Իսկ դա երեխային ոչինչ չի տալիս: Ստացվում է, որ դպրոցականը չպիտի գլուխը բարձրացնի գրքից ու տետրից, ընդ որում, ամեն ինչ անում է կուրորեն, իսկ ուղեղն այնքան է հոգնում, որ չի կարողանում նույնիսկ խաղալ, հաճախել պարի խմբակ կամ զբաղվել որեւէ մարզաձեւով: Սահմանափում են երեխայի շփումը իրականության հետ, նրան զրկում մանկությունից, դարձնում նյարդային հիվանդ, երեխան նաեւ ստանում է տեսողական օրգանի տարբեր ախտահարումներ, ողնաշարի կեցվածքի թերություններ:
Որպես մանկական ակնաբույժ իմ վրդովմունքն անսահման է. գրեթե բոլոր երեխաներն արդեն ակնոց են կրում: Կցանկանամ, որպեսզի կրթական համակարգի պատասխանատուները հետամուտ լինեն այս հարցին, որովհետեւ, բացի առողջական խնդիրներ ձեռք բերելը, խաթարվում է երեխայի մանկությունը: Ո՞վ պետք է զբաղվի սրանով, չէ՞ որ առողջապահության բնագավառի գլխավոր մասնագետներ կան: ԶԼՄ-ներով էլ պետք է համապատասխան աշխատանք տարվի:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Յուրաքանչյուր ծնողի եւ բժշկի գերնպատակն է առողջ հասարակությանը տալ ֆիզիկապես եւ հոգեպես առողջ անհատ: Եվ դրա հիմքը պետք է դրվի հենց մանկական տարիքից, եւ այդ առումով ես հպարտ եմ, որ իմ լուման ունեմ երեխաների տեսողական խնդիրները լուծելու հարցում: