Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
Միայն պացիենտից է կախված, թե ինչպես կզարգանա տվյալ հիվանդությունը
Ողնաշարային հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած են ողերի եւ աճառային սկավառակների (դիսկերի) դեգեներատիվ փոփոխություններ: Հնարավոր են նաեւ մկանա-կապանային համակարգի կոնստրուկտիվ եւ ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք էլ ներազդում են մեր նյարդային համակարգի վրա: Դեգեներացիաների պատճառը հիմնականում մարմնի դիրքն է: Հայտնի է, որ ողնաշարը ամենաքիչը ծանրաբեռնված է հորիզոնական դիրքում, կանգնած դիրքում ծանրաբեռնվածությունը մեծանում է, նստած դիրքում՝ առավել եւս: Մարդու ողնաշարի գոտկային հատվածի վրա ծանրությունը 4 անգամ ավելի մեծ է, երբ նա կանգնած է` համեմատած պառկած դիրքի հետ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավար, օրթոպեդ-վերտեբրոլոգ ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության եւ ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար արժանացել է «Տարվա բժիշկ» մրցանակի: Հենց նրա շնորհիվ է Հայաստանում առաջինը ներդրվել ողնաշարի տրանսպեդիկուլյար ֆիքսացիայի եղանակը, ողերի պեդիկուլյար սուպտրակցիոն ոսկրահատման (PSO) եղանակը, ողնաշարի առանձին ողերի հեռացման (VCR) եղանակը, ողերի կոտրվածքների կիֆոպլաստիկ բուժումը, ուռուցքների ամբողջական հեռացման մեթոդը, կոտրվածքների նվազագույն ինվազիվ բուժումը, պարանոցային ստենոզների բուժման լամինոպլաստիկ մեթոդը, սկոլիոզների տրանսպեդիկուլյար բուժման ամբողջական մեթոդը եւ այլն: Մենք նախ շնորհավորեցինք սիրված բժշկին մրցանակ ստանալու կապակցությամբ, ապա խնդրեցինք խոսել շատ ցավոտ թեմայի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իրենց ոլորտում ի հայտ եկած խնդիրների մասին:
-Պատերազմի ընթացքում ստացած վնասվածքները բավականին լուրջ էին, ծանր: Քանի որ նոր զինատեսակներ էին օգտագործվել, վնասվածքներն էլ նոր բնույթի էին, տարօրինակ, իսկ դա դժվարեցնում էր թե՛ ախտորոշումը, թե՛ բուժումը: Ընդամենը մեկ դրվագ ներկայացնեմ: Մեզ մոտ էր եկել հիվանդ, ու անզեն աչքով էլ զգացվում էր, որ նրա պարանոցի ողը վնասված է: Սակայն մենք չէինք կարողանում տեսնել՝ կոնկրետ ինչն է վնասված. արտաքուստ չէր երեւում: Ի վերջո պարզվեց, որ բեկորն այնքան փոքր էր եղել, որ, չնայած անցել էր ողնուղեղով եւ ողնաշարով, սակայն մաշկի ծալքերի մեջ անցքերը չէին երեւում:
-Սովորաբար ո՞ր դեպքերում են ձեզ դիմում:
-Մեզ դիմում են այն ժամանակ, երբ ողնաշարի հատվածում ունենում են ցավային համախտանիշներ: Դրանք կարող են ունենալ տարբեր պատճառներ, օրինակ, դեգեներատիվ ցավային, դիրքային կեցվածքի տարբեր շեղումներ, նորագոյացություններ եւ բորբոքային հիվանդություններ: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ ողնաշարի շեղումներին, երբ առանց ցավի ողնաշարը շեղված է դեպի կողք կամ դեպի հետ, այսինքն`առկա են սկոլիոտիկ, կիֆոտիկ ձեւախեղումներ (դեֆորմացիաներ): Բորբոքային հիվանդություններին ամենաբնորոշը մեզ համար Բեխտերեւի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածությունն է դեպի առաջ: Այդ պաթոլոգիայի ժամանակ կարողանում ենք ուղղել ողնաշարը` այն բերելով ճիշտ կեցվածքի: Եթե ուշադրություն դարձրել եք, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր 30-40 տարեկան հասակում բավականին զգալի ծռված են ման գալիս, եւ այդ շեղումը հնարավոր է ուղղել Հայաստանի պայմաններում: Սակայն, ցավոք, մարդիկ տեղեկացված չեն եւ այդ խնդրով շարունակում են ապրել: Կան հիվանդներ, որոնց թեքված դիրքը պայմանավորված է տարիքային փոփոխություններով, սակայն նրանք համեմատաբար քիչ են, երեւի, մոտավորապես 100 հոգի:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում օստեոխոնդրոզը:
-Օստեոխոնդրոզը ողնաշարի հիվանդություն է, որով հիվանդանում է հասուն բնակչության մեծ մասը: Այդ հիվանդության ժամանակ ախտահարվում են միջողային սկավառակները, հետեւաբար, առաջանում է լուրջ ձեւախախտում: Ընդ որում, տարբեր հիվանդների մոտ ախտահարվում են մարմնի տարբեր հատվածներ, օրինակ, գոյություն ունի պարանոցի օստեոխոնդրոզ, կրծքավանդակային հատվածի օստեոխոնդրոզ… Բոլոր տարիքի մարդկանց մոտ օստեոխոնդրոզի առաջացմանը նպաստող գործոններն են ռեւմատիզմը, ներզատիչ համակարգի խանգարումները, ողնաշարի պաթոլոգիան, ժառանգական նախատրամադրվածությունը: Օստեոխոնդրոզի բուժման մեթոդներից են մանուալ թերապիան (մերսում), հատուկ մարմնամարզությունը, որոշակի դեղորայքային թերապիան, ֆիզիոթերապիան:
-Իսկ ի՞նչ կասեք միջողային սկավառակի ճողվածքի մասին:
-Միջողային սկավառակների միջեւ կա ֆիբրոզային օղակով շրջապատված դոնդողանման միջուկ, իսկ Ճողվածքն այս օղակի տեղախախտումը կամ պատռվածքն է, որի դեպքում դոնդողանման միջուկը դուրս է գալիս արտաքին շերտ՝ հանգեցնելով նյարդային վերջավորությունների սեղմվելուն: Դա բավական ցավոտ հիվանդություն է, իսկ դրան նպաստող գործոններից են նստակյաց կյանքը, մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ գոտկատեղի հատվածում շարժունության պակասը: Միջողային ճողվածքի հիմնական ախտանշաններն են ուժեղ ցավը, վերջույթների թմրածությունը, գլխացավերն ու գլխապտույտները: Եվ ժամանակին բուժօգնություն չստանալու դեպքում հիվանդությունը կարող է հանգեցնել անշարժացման: Հիվանդությունը կարելի է բուժել մի քանի մեթոդով, պարզապես հարկավոր է ժամանակին որոշել հիվանդության տեսակն ու առանձնահատկությունները, իսկ դրա համար հարկավոր է անցնել համալիր հետազոտություն, որը պետք է պարունակի ՄՌՏ-ի արդյունքները: Միջողային ճողվածքի ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդներն են՝ դեղորայքային, ուլտրաձայնային թերապիա, ողնաշարի ձգում, բուժական մարմնամարզություն, գոտի ու սեղմիրան:
Ճողվածքի բուժման դեպքում վիրահատական միջամտությունը ոչ միշտ է համարվում լավագույն տարբերակը, այն պայմանավորված է ճողվածքի մեծությամբ եւ պացիենտի տարիքով:
-Որո՞նք են սկոլիոզի հիմնական ախտանիշները:
-Սկոլիոզն առավել հաճախ հանդիպող ողնաշարային հիվանդություններից է, որի ախտանիշներն արտահայտվում են ոսկրային, նյարդային, սրտանոթային, շնչառական համակարգերի ներգրավմամբ: Այն, ըստ ողնաշարի թեքման փուլի, բաժանվում է չորս աստիճանի՝ 0-10, 10-25, 25-40 եւ 40-ից բարձր: Սկոլիոզը նկատելի է դառնում հիմնականում երկրորդ աստիճանի դեպքում, երբ սկսում են այտուցվել ողնաշարի հարակից մկանները, ողնաշարը թեքվում է դեպի մկանային հատվածի կողմ։ Առաջին հերթին պետք է ուշադիր հետեւել երեխայի աճման ընթացքին։ Սկոլիոզը նկատելուն պես պետք է դիմել մասնագետին՝ հստակ հասկանալու համար՝ տվյալ հիվանդությո՞ւնն է, ինչ բուժում է հարկավոր, եւ ինչից է առաջացել։ Սկոլիոզը վիրահատում են բարդացած փուլում (3-րդ եւ 4-րդ աստիճանների դեպքում), իսկ ողնաշարի դեֆորմացումը թույլ չտալու նպատակով հիվանդին հագցնում են հատուկ սեղմիրան՝ պահպանելով ողնաշարային համակարգը:
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Մեզ մոտ, ցավոք, շատ են գալիս արդեն բավականին ծանր վիճակում գտնվող հիվանդներ, երբ դեֆորմացվածությունը բավականին մեծ է լինում, եւ դրա ուղղումը մեզանից պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր, ժամանակ: Բացի այդ, ռիսկի գործոնն է շատ բարձր լինում: Ուրախությամբ կարող եմ նշել, որ մենք աշխատում ենք ժամանակակից բոլոր մեթոդներով, այսինքն` վիրահատությունը կատարվում է մեկ այլ բժշկի հսկողությամբ, ով անընդհատ հետեւում է, որպեսզի նյարդը չվնասվի: Մեր կենտրոնում կա համարյա ամեն տեսակի նորագույն տեխնիկա, հնարավորությունները մեծ են: Միայն շատ ծախսատար տեխնիկան է բացակայում, որովհետեւ փոքր երկրին ձեռնտու չէ ձեռք բերել այդ տեխնիկան, որը տարվա կտրվածքով շատ քիչ է օգտագործվելու:
-Աշխատանքի բերումով շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ ապագա ունի բժշկի մասնագիտությունը:
-Քանի որ աշխատել եմ տարբեր կլինիկաներում, շփվել նաեւ երիտասարդ կադրերի հետ, կարող եմ վստահաբար հավաստել, որ մեր բնագավառում այսօր ավելի շատ են խելացի ու բանիմաց երիտասարդները, քան մեր երիտասարդության տարիներին էին: Դրա պատճառը նաեւ այն է, որ նրանք ավելի շատ են շփվում արտերկրների տարբեր մշակույթների, բարքերի հետ, իսկ հնարավորություններն ավելի լայն են, քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, եւ տեղի է ունենում փորձի փոխանակում:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Մեր երկրում հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան, ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաեւ կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել պացիենտին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձեւերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն պացիենտից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա տվյալ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Հետեւողական եղեք ողնաշարի նկատմամբ, քանի որ այն մեր հիմնական հենաշարժական համակարգն է, որով պայմանավորված է նաեւ մեր առողջ կենսակերպն ու կյանքի որակը:
Բժիշկը հիվանդի վստահված անձն է. Արթուր Շուքուրյան
Քիթ, կոկորդ, ականջ՝ երեք տարբեր, սակայն միևնույն ժամանակ՝ խիստ փոխկապացված օրգաններ, որոնցից մեկի ախտահարումը շատ դեպքերում ազդում է նաև մյուսի վրա, ընդ որում՝ այս երեք օրգաններից ցանկացածի հետ կապված խնդիր ունենալու դեպքում բժիշկը մեկն է՝ քիթ-կոկորդ-ականջաբան:
http://bestgroup.am/-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:
Արդեն քանի՜ տարի շարունակ հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ, ինչը փաստում են հենց իրենք՝ հիվանդները՝ շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:
Ի դեպ՝ Արթուր Շուքուրյանի տիկինը ԵՊԲՀ Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ. գ. թ. Աննա Վարդանյանն է, իսկ նրանց զավակները՝ Լորա և Միքայել Շուքուրյանները, նույնպես ընտրել են ծնողների բարդ ճանապարհը, և այսօր երկու երիտասարդ ու խոստումնալից բժիշկներն էլ աշխատում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
-Պարոն Շուքուրյան, ո՞վ է բուժող բժիշկը հիվանդի կյանքում:
-Դա այն մարդն է, որին հիվանդն այն ժամանակ, երբ դիմում է, վստահում է իր կյանքի մի հատվածը, որ կարողանա ճիշտ պատասխան ստանալ իր հիվանդության հետ կապված, չգիտեմ՝ ինչպես ձևակերպել, գուցե՝ մոտիկ մարդ, անձնավորություն, որն այդ ժամանակ դառնում է հիվանդի վստահված անձը: Նա իր հարազատը չէ, որովհետև հիվանդը չգիտի, թե ով է բժիշկը, բայց մյուս կողմից էլ քանի որ դիմել է, ուրեմն՝ գիտի բժշկի մասին, վստահում է նրան, կարելի է ասել, շատ դեպքերում՝ անգամ կյանքը:
-Երբ հիվանդը դիմում է բժշկին, հոգեբանական տեսանկյունից բժիշկն առաջինն ի՞նչ պիտի անի նրա համար:
-Քանի որ մարդը քեզ դիմում և վստահում է, ուրեմն՝ դու պիտի աշխատես այդ վստահությունը ոչ միայն արդարացնել, այլև կարողանալ ազնվորեն պատասխանել բոլոր հարցերին և լիարժեք բացատրել, թե ինչի՛ հետ է կապված հիվանդությունը, ո՛րն է պատճառը, ի՛նչ արդյունք կարող է տալ բուժումը, ի՛նչ հնարավորուոթուններ կան ժամանակակից բժշկության մեջ և այլն:
-Դուք, որպես բժիշկ, ի՞նչ առաքելություն ունեք:
-Պետք է արդարացնես այն վստահությունը, որ կա հիվանդների կողմից, կարողանաս իրենց ճիշտ ձևով բացատրել ամեն ինչ հիվանդության, քո հնարավորությունների, բժշկության հնարավորությունների մասին և իսկապես լինես ազնիվ հիվանդի նկատմամբ: Ամենակարևորը դա է, բժիշկը պետք է վերաբերվի հիվանդին այնպես, ինչպես իր հարազատին, մտերիմին, կամ ինչու չէ՝ ինքն իրեն, երբ ինքը լիներ հիվանդի տեղը, ինչպե՞ս կցանկանար, որ իրեն վերաբերվեին… Կարևորը ազնվությունը, ճշմարտությունն է:
-Մասնագիտական ասպարեզում բժիշկը վախենալու իրավունք ունի՞:
-Կարծում եմ, որ բժիշկը պիտի վախենա, վախի զգացումը պետք է լինի, բայց դա ոչ թե այն վախն է, որ չես կարող անել, բայց պիտի անես որևէ բան, այլ ինչ-որ չափով վախը կապված պիտի լինի այն բանի հետ, թե ինչ արդյունքի կհասնես վերջիվերջո, վախն այդ տեսակետից պիտի լինի, որովհետև շատ անգամ բժիշկը, իհարկե, համարյա հարյուր տոկոսով գիտի ելքը, թե ինչ արդյունք կլինի բուժումից, վիրահատությունից հետո, բայց, միևնույն է, նրա մեջ մնում է, կարելի է ասել, կասկած: Բժիշկը գործ ունի մարդկային օրգանիզմի հետ, որը մեխանիզմ չէ, մեքենա չէ, որ դու կարողանաս ինչ-որ սարք օգտագործել, մի մասը փոխել և իմանալ՝ ինչ կլինի, դրա համար սա է հիմնական վախի գաղափարը:
Ես էլի եմ կրկնում՝ բժիշկը, իհարկե, վախի զգացում կարող է ունենալ, ու թեև համարյա միշտ վստահաբար գիտի իր արդյունքը, սակայն դարձյալ ինչ-որ կասկած մնում է: Ցանկացած բժշկի մոտ դա կարող է լինել, և դա ճիշտ է, որովհետև հնարավորություն է տալիս բուժման ընթացքում, երբ տեսնում ես, որ արդյունքն այն չէ, փոխել բուժման տակտիկան, ռազմավարությունը, ուրիշ մեթոդ օգտագործել:
-Ի՞նչն է ամենադժվարը Ձեր մասնագիտության մեջ:
-Ամենադժվարը ճիշտ ախտորոշումն է, որովհետև տարբերակված ախտորոշումն ամենակարևորն է՝ ճիշտ հասկանաս ո՛ր հիվանդությունն է հիվանդի մոտ, ինչու՛ է այդպես ,և ճիշտ ուղղորդված ձևով կատարես բուժում:
-Որևէ արտառոց, տարօրինակ, հետաքրքիր դեպք կհիշե՞ք Ձեր մասնագիտական գործունեությունից:
-Այս վերջերս եղավ՝ մի ամիս առաջ, հայմորիտի՝ վերին ծնոտային խոռոչի բորբոքման վիրահատության ժամանակ խոռոչի մեջ գտանք կաթնատամ: Հիվանդն այդքան մեծ չէր տարիքով՝ 30-32 տարեկան, խոռոչի բորբոքում էր առաջացել, այնպիսի բորբոքում էր, որ հիվանդը երկարատև դեղորայքային բուժում էր ստացել, որն էֆեկտիվ չէր, և նշանակվեց վիրահատություն, որը կատարվեց էնդոսկոպիկ մեթոդով, այսինքն՝ քթի խոռոչի միջից մենք հատուկ գործիքներով մտանք հայմորյան խոռոչ, և այդ ժամանակ հայտնաբերվեց կաթնատամ, որը, ինչպես պարզվեց, երկար ժամանակ իր մոտ պահպանվել է մանկական հասակից, կաթնատամը թռել էր դեպի խոռոչ և առաջացրել բորբոքում:
-Երեք օրգաններից՝ քիթ, կոկորդ, ականջ, ամենաշատը որի՞ հետ կապված խնդրով են Ձեզ դիմում:
-Տոկոսային առումով՝ սովորաբար վերին շնչուղիների հետ կապված, ֆարինգիտներ, տոնզիլիտներ, այսինքն՝ քմային նշիկի բորբոքում, քթի խոռոչներ, միջնապատի ծռվածություն, շնչառության հետ կապված խանգարումներ, պոլիպներ, վերջերս նաև՝ կապված մեզ մոտ ախտորոշման զարգացման հետ, ականջի տարբեր պաթոլոգիաներով են շատ դիմում:
Ներկայումս ՀՀ-ում գործում են երկու պետական ծրագրեր: Մեկը խխունջային ներպատվաստման ծրագիրն է, երբ մանկական հասակում հայտնաբերվում են լսողության թերություններ նորածինների մոտ, և մինչև մեկ տարեկան փորձում ենք շտկել՝ կատարելով վիրահատություններ, և երկրորդ պետական ծրագիրը մանկական հասակում նորածինների աուդիոլոգիական սկրինինգն է, որն արվում է մինչև հինգ օրական երեխաներին. ախտորոշում ենք խանգարումները:
Բացի դրանից՝ գիտեք նաև, որ Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մենք փորձում ենք հաշվառել այն մարդկանց, որոնք ունեն լսողության այս կամ այն խանգարումը, և օգնել նրանց, մանավանդ մեծահասակներին՝ տրամադրելով լսողական ապարատներ, այսինքն՝ կատարվում է պրոթեզավորում:
Առաջին ծրագիրը 2008 թվականից է ներդրված, դա նորածինների աուդիոլոգիական սկրինինգն է: Այն ժամանակ առողջապահության նախարարը պրոֆեսոր Քուշկյանն էր, որը հաստատեց այս ծրագիրը, որը մինչ օրս գործում է: Դրան ավելացավ խխունջայիյն ներպատվաստման ծրագիրը, իսկ 1993 թվականից հենց մեր կլինիկայի բաժանմունքում կատարում ենք պրոթեզավորում:
-Պարոն Շուքուրյան, կյանքի նշանաբան ունե՞ք:
-Կարծում եմ՝ հիմնականը, որ լինես քո տեղում, միշտ կարողանաս որոշել՝ ո՛րն է քո տեղը, ինչպե՛ս կարող ես օգտակար լինել քո շրջապատին, քո ընտանիքին, հարազատներին, ընկերներին, հիվանդներին…
-Ինչպե՞ս կշարունակեք այն միտքը, որ բժշկի գործը որքան էլ բարդ է, նույնքան էլ…
-Այստեղ պիտի պատասխանեմ այսպես, որ երբ հիվանդը բժշկին շնորհակալություն է հայտնում, դա ամենաբարձր զգացումն է, որ բժիշկը վաստակում է:
-Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեր ոլորտում գործող երիտասարդների համար:
-Կարծում եմ, որ մեր երիտասարդները շատ բանիմաց են, ձգտող, նպատակային գաղափարներ ունեն… Շատ բան մեզնից է կախված՝ կկարողանա՞նք նրանց ճիշտ ուղու վրա դնել, տալ այն հնարավորույունները, որոնց կարիքն ունեն… Նրանք կարող են դառնալ շատ լավ մասնագետներ, ես ցանկանում եմ և համոզված եմ, որ նրանց սպասում է լավ ապագա:
-Հայաստանում Ձեր ոլորտում ի՞նչ բացեր կան:
-Ցավալի է, բայց եթե անկեղծ լինենք, դա կապված է սարքավորումների հետ: Ցավոք սրտի, ցանկացած ասպարեզում բժշկության մեջ երևի դա է հիմնականը, որովհետև մեր մասնագետները բավականին հմուտ են, փորձառու, ճիշտ ուղու վրա են, բանիմաց են, նրանց դժվարությունները կապված են այս կամ այն սարքավորման բացակայության հետ: Սա է հիմնական բացը, որը կապված է ֆինանսական դժվարությունների վրա:
-Քիթ-կոկորդ-ականջաբանը, բնականաբար, համագործակցում է այլ ոլորտի բժիշկների հետ, ամենաշատը ո՞ր մասնագետի հետ եք առնչվում:
-Հիմնականում նյարդաբանների հետ, դիմածնոտային բժիշկների, ատամնաբույժների հետ, նաև վիրաբույժների, նեյրովիրաբույժների…
-Ո՞րն է եղել ամենաբարդ վիրահատությունը Ձեր գործունեության ընթացքում:
-Ամենաբարդ վիրահատությունները կապված են ականջի հետ, և երբ կան ներգանգային բարդություններ, որոնց ժամանակ, ճիշտն ասած, և՛ բժիշկն է մի քիչ դաժվարություններ զգում, որովհետև չգիտի՝ ինչպիսի արդյունք կլինի, և հիվանդի, նրա հարազատների համար մի քիչ ավելի դժվար է, բայց երբ ճիշտ ձևով է ամեն ինչ կատարվում, և կարողանում ես օգնել այդ հիվանդներին… Ամենադժվարը ներգանգային բարդություններն են…
-Ի՞նչ եք կարծում, բժիշկը հիվանդին պիտի ասի՞ ողջ ճշմարտությունը հիվանդության հետ կապված, թե՞ ոչ:
-ԽՍՀՄ տարիներին մոտեցումն այնպիսին էր, որ եթե, օրինակ, հիվանդի մոտ կար ուռուցք, չգրված օրենք կար, որ մինչև վերջ ախտորոշումը չէր ասվում հիվանդին, ասվում էր բարեկամներին, և տառապողը դառնում էր բարեկամը, կամ այն անձը, որին ասում էինք: Եվ հիվանդի մեջ, չիմանալով, արդեն կասկածներ էին առաջանում:
Այսօրվա ժամանակակից մոտեցումն այն է, որ հիվանդին ամբողջությամբ ասում ես, բայց ախտորոշումն ասելով՝ նաև նշում ես, թե ինչպիսի՛ հնարավորություններ կան, այնպես չէ, որ հիվանդը դառնում է մի հուսահատ անձ, որովհետև իրեն ասում են՝ կներես, ոչ մի հնարավորություն չկա:
Կարծում եմ, որ հիվանդը պիտի ամբողջությամբ իմանա իր ախտորոշումը, իր հնարավորությունները, իմանա, թե դրանք նա կարո՞ղ է իրականացնել մեր երկրում, թե՞ պիտի փորձի այլ երկրների բժշկական կենտրոններում գտնել իր բուժման ձևը, հնարավորությունները… Դա էլ պիտի անկեղծ ասենք իրենց:
Մեզ մոտ ինչքան այդպիսի դեպք լինում է, մենք ինֆորմացիան տալիս ենք, եթե մենք անզոր ենք, չենք կարողանում բուժումն ապահովել ամբողջությամբ, այդ ժամանակ անկեղծորեն ասում ենք, թե որտեղ կարելի է այն ստանալ:
-Գաղտնիք չէ, որ ապրում ենք տեղեկատվական հեղեղի դարում, ամեն մեկը կարող է համացանցում որոնել և ցանցացած հիվանդության մասին տեղեկություն ստանալ: Դուք, որպես բժիշկ, խորհուրդ կտա՞ք որևէ հիիվանդության մասին տեղեկություն ստանալ ցանկացողին վերցնել այն համացանցից, թե՞ ավելի ճիշտ է միանգամից մասնագիտական գրականություն կարդալ կամ դիմել բժշկի…
-Համացանցի ընձեռած այդ հնարավորությունը պետք է հիվանդին էլ, ցանկացած մարդու էլ, որ նա ընդհանուր գաղափար ստանա, բայց, հավատացեք, ինտերնետում եղած ողջ ինֆորմացիան չի կարող փոխարինել բժշկին, որովհետև ցանկացած բժիշկ իր փորձն ունի իր ասպարեզում, և չի կարող պատահել՝ նա ինչ-որ ձևով ավել տեղեկություն չտա այլ հնարավորությունների մասին, դրա համար հիմնվել միայն այդ ինֆորմացիայի վրա՝ ճիշտ չէ, պետք է անպայման դիմել մասնագետի:
-Ի՞նչ կցանկանաք հավելել, պարոն Շուքուրյան:
-Ես կցանկանամ, որ մեր ազգը փոխի իր մոտեցումն առողջ ապրելակերպի հետ կապված, կուզեմ, որ լինենք ավելի սպորտային… ԽՍՀՄ ժամանակներում տարբեր համակարգեր կային, որոնք օգնում էին ավելի սպորտային լինել, ավելի ճիշտ ձևով սնվել, իսկապես՝ առողջությունն ամենաթանկ բանն է, դա չպետք է մոռանալ, և դրա մասին պետք է մտածել երիտասարդ տարիքից:
Առողջ երեխաներն ազգի գոյության հիմքն են
Ճանաչել աշխարհն ու մարդկանց, հիանալ շրջապատող երեւույթներով, գույներով ու պատկերներով: Թվում է, թե այդ ամենը տրված է բոլորին, մինչդեռ չնախատեսված հիվանդությունները, վնասվածքները, իսկ երբեմն էլ՝ բնածին արատները զրկում են մարդուն տեսողությունից: Սա սոցիալական, առողջապահական ու հոգեբանական լրջագույն խնդիր է, եւ բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ, հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի նաեւ փսիխոթերապիայի մեթոդներին: http://bestgroup.am/ զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման եւ բուժման» ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է: Նա պատկառելի աշխատանքային փորձ ունի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ շատ երեխաների է վերադարձրել լավ տեսնելու, լիարժեք կյանքով ապրելու երջանկությունը:
-Ի՞նչ ակնային խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմում:
-Հաճախ դիմում են օպտիկական շեղումների (կարճատեսություն, հեռատեսություն), ինչպես նաեւ աստիգմատիկ խնդիրների դեպքում: Այսօր, ցավոք, երեխաները չարաշահում են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, դպրոցում չեն հետեւում ճիշտ տեսողական, լուսային կանոններին, ճառագայթումը, արտանետումներն են շատացել: Բացի այդ, երեխաները ֆիզիկապես շատ քիչ են ծանրաբեռնվում, դեմքով թեքվում են դեպի գիրքը, տետրը, ինչը հանգեցնում է ոչ միայն ողնաշարի ձեւախեղումների, այլեւ երկրորդային օպտիկական արհեստական շեղումների, կեղծ կարճատեսության, աչքի լարվածության… Ծնողներին խորհուրդ ենք տալիս երեխաների ֆիզիկական ակտիվությունը զարգացնելու պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան շարժվել, իրենց բաժին ֆիզիկական էներգիան կորցնեն, նյութափոխանակությունը ճիշտ ընթանա, օրվա ընթացքում տեսահորիզոն ունենան: Երեխան պետք է ե՛ւ աշխույժ լինի, ե՛ւ ունենա տեսահորիզոն, որպեսզի աչքը՝ որպես օպտիկական համակարգ, կարողանա գործել: Չպետք է մոռանալ, որ աշխարհն է փոխվել, մարդկանց կենցաղը, եւ երեխայի հիվանդությունն էլ (սկսած նրա բեղմնավորումից մինչեւ ծնվելը, մեծանալը) ընտանիքի, ընտանեկան պայմանների, նյարդային, հոգեբանական վիճակի հայելային արտացոլումն է: Կան ծնողներ, որ երեխային պարտադրում են ինչ-որ ծավալի աշխատանք կատարելուց հետո միայն դուրս գալ տնից, ինչի պատճառով երեխան հայտնվում է սթրեսային վիճակում, դիմադրողականությունն ընկնում է, տարբեր նեւրոլոգիական դրսեւորումներ է սկսում ձեռք բերել: Ուստի ծնողներին խորհուրդ ենք տալիս պահանջկոտ լինել երեխաների նկատմամբ, սակայն նրանց չզրկել իրենց ամենամեծ թանկ բանից՝ մանկությունից:
Մեզ դիմում են նաեւ ոսպնյակի բնածին եւ ձեռքբերովի պղտորումների ու աչքի բորբոքային հիվանդությունների դեպքում, որոնք կարող են զուգորդվել համակարգային հիվանդությունների հետ (օրինակ, հոդերի բորբոքումներ, պարբերական հիվանդություններ եւ այլն): Դրանք կրկնվող են, եւ ամեն մի պացիենտի ցուցաբերվում է անհատական մոտեցում, այդ խնդիրների լուծման նպատակով համագործակցում ենք նաեւ համապատասխան մասնագետների հետ:
Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ վաղաժամ ծնված երեխաների ակնաբուժական խնդիրները, որոնք շատ վաղ ախտորոշվում են, եւ ձգտում ենք ժամանակին կանխարգելել հնարավոր վերահաս տեսողական շեղումները:
-Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը ի՞նչ է իրենից ներկայացնում:
-Դա մեր բաժանմունքներից մեկն է, որը Ալեքսանդր Սերգեեւիչ Մալայանի եւ Ռազմիկ Աբրահամյանի համատեղ աշխատանքի ու բարեգործական ծրագրի ֆինանսավորման շնորհիվ հաջողվել է կառուցել, այն գործում է վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի շենքում: Կենտրոնը սպասարկում է ամեն տեսակի մանիպուլյացիայի կամ վիրաբուժական միջամտության կարիք ունեցող երեխաների, ովքեր միջամտություն ստանալուց հետո մնում են մեր խնամքի տակ նաեւ հետվիրահատական շրջանից հետո:Գործում են վիրասրահ եւ ախտորոշիչ բաժանմունք, որոնք Ռոջեր Օհանեսյանի գերջանքերի շնորհիվ հագեցած են ժամանակակից միկրոսարքավորումներով: Երբ հանրապետությունում դեռեւս չկային այս հնարավորությունները, ծնողները ստիպված էին լինում երեխային հետազոտության նպատակով տանել Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, իսկ ժամանակ կորցնելը ճակատագրական կարող է լինել երեխայի համար: Բացի այդ, ոչ բոլոր ծնողներն ունեն նյութական հնարավորություն: Իսկ հիմա ամեն ինչ արվում է մեզ մոտ:
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Ծնողների դիմելիությունը, անկախ նրանց սոցիալական վիճակից, բավականին բարձր է: Եթե տեղամասային բժիշկը չի կողմնորոշվում ախտորոշման հարցում, պացիենտին ուղեգրում է կենտրոնացված խոշոր կլինիկաներ: Բայց ամենամեծ պատասխանատվությունը մեր՝ մանկական ակնաբուժական կենտրոնի ծառայությանն է, որտեղ բուժվում են ցանկացած փոքրիկ ռեֆրակցիոն շեղումներից մինչեւ տարբեր օրգանական ակնային շեղումներ, բնածին գլաուկոմա, ձեռքբերովի գլաուկոմա եւ այլ հիվանդություն ունեցողները: Ու շատ հազվադեպ է պատահում, որ ուշացած են դիմում, ընդ որում, երեխաներն էլ են աչալուրջ այդ հարցում: Մենք բարեգործական ծրագրերով հասնում ենք մինչեւ ծայրամասային գյուղեր, կամ այնտեղի մասնագետների, բնակչության համար կազմակերպվում են կոնսուլտացիաներ: Այնպես որ՝ մարդիկ հիմնականում իրազեկված են, ու բավականին քիչ են հիվանդության բարձիթողի վիճակում դիմողները:
-Ըստ Ձեզ, ո՞րն է առողջության բանաձեւը:
-Առողջության բանաձեւը ձգտելն է ճիշտ, առողջ կենսակերպի, նաեւ բարձր տրամադրությունն է, բնության տվածը գնահատելը, պահպանելը: Ինչպես Թումանյանն է ասում. «Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,- Զարմանում եմ, թե` ո՜վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից»։
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք մեր հասարակությանը:
-Ես միշտ դասախոսության ժամանակ հորդորում եմ իմ ուսանողներին, որ ընտանիք կազմելը պլանավորելիս սթափ մտածեն, քանի որ երրորդ մարդու ներկայի ու ապագայի նկատմամբ են պատասխանատվություն ստանձնելու: Ապագա մայրերին խորհուրդ կտամ պահպանել հղիությունը, ամեն կերպ փորձել կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունը, ենթարկվել կանխարգելիչ հետազոտության, գնահատել առողջական վիճակը, խստագույնս հետեւել բժշկի, գինեկոլոգի կողմից տրված խորհուրդներին: Ի վերջո, յուրաքանչյուր մարդու բժիշկն առաջին հերթին ինքն է, ու երբեմն կարելի է զրկել իրեն ամենօրյա հաճույքներից, որպեսզի ներսում կազմավորվող երեխան առողջ ու ժամանակին ծնվի: Առողջ երեխաներն ազգի գոյության հիմքն են, դա ռազմավարական հզոր նշանակություն ունի:
Կմաղթեմ, որ նորածինն աչք բացի լիարժեք ընտանիքում, առողջ մթնոլորտում, ի սկզբանե առողջ լինի թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, զարգանա առողջ, լուսավոր ապագայով, թերթի անակնկալներով, լույսով, գեղեցիկ ապագայով, իմաստալից հեռանկարով լեցուն կյանքի էջերը:
Պետք է պայքարել մայրանալու նվիրական երազանքի համար
Մայրանալը աշխարհի ամենամեծ հրաշքն է, սակայն, ցավոք, ոչ բոլոր կանանց է վիճակված վայելել այդ երջանկությունը: Մեր օրերում հաճախ հանդիպող սթրեսները, նյարդային ապրումները, բազմաթիվ այլ գործոններ իրենց բացասական ազդեցությունն են ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա եւ հաճախ անպտղության պատճառ են դառնում։ Ամուսնական զույգերի մեծ մասը, ունենալով պտղաբերության հետ կապված խնդիրներ, սեփական ուժերին վստահելով, երկար ժամանակ չի դիմում որակյալ մասնագետի, ավելին, օգտագործելով այլընտրանքային դեղամիջոցներ, ժողովրդական բժկության մեթոդներ, ավելի է խորացնում արդեն իսկ առկա խնդիրները։ Կանանց անպտղությունն արդյունավետորեն հաղթահարելու համար հարկավոր է դիմել որակյալ մասնագիտացված կլինիկա: «Աստղիկ» բժշկական կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծնարան, հմուտ մանկաբարձ-գինեկոլոգներ եւ նեոնատոլոգներ։ http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ է, ով աշխատել է պրոֆեսոր Օրվիետոյի ղեկավարության ներքո, վերապապատրաստվել Մոսկվայում՝ ակադեմիկոս Վ.Կուլակովի անվան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում, անցել վերապատրաստումներ Բարսելոնայում: Հաճելի կին ու հետաքրքիր զրուցակից է, ով իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ կանանց մայր դառնալու մեծագույն պարգեւը շնորհելու, կյանքը լիաթոք վայելելու շնորհակալ գործն է անում:
-Բժշկուհի, որքա՞ն ժամանակ հետո երեխա չունեցող ամուսնական զույգը պետք է դիմի բժշկի։ Ո՞րն է անպտղության տարիքային շեմը:
-Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), եթե կինը մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կանոնավոր (ոչ թե ամիսը կամ մի քանի ամիսը մեկ) սեռական կյանք վարելու արդյունքում չի հղիանում, պետք է անպայման դիմի գինեկոլոգին։ Կնոջ վերարտադրողականության համար երիտասարդ է համարվում մինչեւ 35 տարեկան տարիքը: Իսկ ռեպրոդուկտիվ շրջան համարվում է մինչեւ 45 տարեկանը, որից հետո կինը կարող է հղիությունը կրել դոնորական ձվաբջիջով: Աղջիկ երեխան, լույս աշխարհ գալով, ունենում է ձվաբջիջների պաշար, որը տարիների ընթացքում սպառվում է, եւ 45 տարեկանից հետո մնում է մի քանի բջիջ, իսկ մինչեւ դաշտանադադարը կարող է ընդամենը 1-2 հատ մնալ: Համաշխարհային վիճակագրության համաձայն, հղիանալու հավանականությունը 40-41 տարեկանում կազմում է 5-7, 42-43 տարեկանում՝ 1-5, 43-44 տարեկանում՝ 2-3, իսկ 45 տարեկանից հետո` ընդամենը 0.1 տոկոս: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս անցնել դոնորական ձվաբջիջներով հղիության մեթոդին: Կինն անցնում է հետազոտությունները, որոնք կարող են տեւել 1-2 ամիս, եւ բուն խնդիրը գտնելուց հետո անցնում ենք, այսպես ասած, հստակ գործողությունների:
Անպտղության հանգեցնող հորմոնալ խանգարումերից ամենատարածվածը վահանագեղձի խնդիրն է, քանի որ Հայաստանը գտնվում է յոդ-նեգատիվ գոտում: Այդ գեղձի բարձր ցուցանիշի հետեւանքով կարող է ձվազատում չլինել, կամ էլ ձվաբջիջը նորմալ չզարգանա։ Վահանագեղձի խնդրի հետեւանքով հաճախ կինը գիրանում է, ճարպային հյուսվածքն սկսում է շատանալ, ճարպային բջիջները կանանց հորմոնը արյան միջից վերցնում, պահեստավորում են: Ճարպակալումն ազդում է ողնաշարի համակարգի վրա, եւ գեր կանայք հղիության ու ծննդաբերության ժամանակ բախվում են բավականին մեծ խնդիրների. կարող է առաջանալ երակների լայնացում եւ այլն, եւ այլն: Ճարպակալումից խուսափելու համար կինը պիտի հետեւի սննդակարգին, շատ հացաբուլկեղեն չօգտագործի, պարբերաբար կատարի ֆիզիկական վարժություններ, շատ քայլի, մարմնի զանգվածը նվազեցնելու եղանակներ գտնի, խուսափի սթրեսներից: Վերոնշյալ խնդիրների դեպքում մեր աշխատանքը պետք է համակցված լինի բժիշկ էնդոկրինոլոգի հետ, պետք է ստուգել նաեւ կրծքագեղձերը, ու, եթե կա երակների, անոթների խնդիր, աշխատանքը պետք է համակցվի նաեւ անոթաբանի հետ: Այս համակցված խնդիրների լուծման դեպքում արդեն անցնում ենք հղիության պլանավորմանը: Հիշեցնեմ, որ կանանց կոնսուլտացիաների գործառույթի մեջ չի մտնում վահանագեղձի անալիզի պարտադիր հանձնումը, ուստի կանայք պետք է իրենց նախաձեռնությամբ դա անեն։ Եթե համապասխան բուժման դեպքում կրկին հղիություն չի գրանցվում, դիմում ենք արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) օգնությանը: Կնոջ մոտ պետք է լինի փողերի անցանելիություն, կատարվի ձվազատում, պետք է ստուգել տղամարդու սերմնահեղուկի որակը, տղամարդն էլ պետք է անցնի որոշ հետազոտություններ:
Եթե ԱՄԲ-ի դեպքում էլ կնոջ հետ կապված խնդիրներ լինեն, ամուսնու համաձայնության դեպքում անցնում ենք դոնորական բեղմնավորման: Այդ ժամանակ օգտագործում ենք մինչեւ 35 տարեկան կանանց ձվաբջիջները, եւ այդ դոնոր կանայք պետք է առնվազն մեկ երեխա ծննդաբերած, լիարժեք առողջ լինեն, վատ սովորույթներ չունենան, մի խոսքով՝ ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է կնոջը լիարժեք առողջ բալիկ լույս աշխարհ բերելու համար: Եվ նրանք նույնպես անցնում են համապատասխան հետազոտություններ:
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Բարեբախտաբար, կան երիտասարդ զույգեր, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում ընտանիք կազմելու իրենց մտադրությանը, արդեն նախօրոք այցելում են մասնագետի։ Լինում են դեպքեր, երբ քաղաքացիական ամուսնությամբ ապրող զույգեր են գալիս մեզ մոտ, ասում, որ պատրաստվում են ամուսնանալ, բայց մինչ այդ ցանկանում են անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Դրանք, իհարկե, ուրախացնող փաստեր են, սակայն, ընդհանուր առմամբ, մեզ ավելի շատ դիմում են բավականին ուշ: Ցավոք, շատ կան ամուսնական զույգեր, որ մեկ տարի, նույնիսկ ավելի երկար ժամանակ կանոնավոր սեռական կյանք վարելուց հետո երեխա չունենալու դեպքում էլ չեն դիմում մասնագետին։ Մինչդեռ, նույնիսկ վեց ամսվա ընթացքում չհղիանալու դեպքում անհրաժեշտ է գոնե նախնական հետազոտություն անցնել, եւ կարող է պարզվել, որ չհղիանալու լուրջ պատճառ չկա, ու բուժման միջոցով հնարավոր է հեշտությամբ խնդիրը լուծել:
-Կանայք գիտակցո՞ւմ են, որ ինքնուրույն չհղիանալու դեպքում կարելի է դիմել այլ եղանակի։
-Այո, նման գիտակցություն արդեն ձեւավորվել է, պարզապես արտամարմնային բեղմնավորումը բավականին թանկ հաճույք է, եւ շատ զույգեր տարիներ շարունակ երեխա չեն ունենում, սակայն ֆինանսական վիճակի պատճառով այդ քայլին չեն դիմում: ԱՄԲ-ն բեղմնավորման այն գործընթացն է, որի ժամանակ կատարվում է կնոջ ձվարաններում գտնվող ֆոլիկուլների խթանումը հատուկ դեղորայքներով, որից հետո կատարվում է ֆոլիկուլների պունկցիա եւ ձվաբջիջների հավաքում: Այնուհետեւ ստացված ձվաբջիջները ուղարկվում են սաղմնաբանական լաբորատորիա, որտեղ ձվաբջիջը մարմնից դուրս միացվում է սերմնաբջջին։ Սերմնաբջջին միացնելուց հետո ձեւավորվում է սաղմ, որը մի քանի օրվա ընթացքում շարունակում է զարգացումը, ապա պատրաստի սաղմը տեղադրվում է կնոջ արգանդում: Մնացածը կախված է կնոջ օրգանիզմից, ինչպես ասում են՝ կարեւորը Աստծո կամքն է. կա՛մ հղիանում, առողջ երեխա է լույս աշխարհ բերում, կա՛մ չի հղիանում, կա՛մ հետագայում վիժում է սկսվում։ Մեր ռեպրոդուկտոլոգիայի բաժնում հաջողությամբ իրականցված հղիությունները վարում ենք առաջին փուլից մինչեւ ծննդաբերության շրջան, իսկ կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծնարան, հմուտ մանկաբարձ գինեկոլոգներ եւ նեոնատոլոգներ։
-Իսկ գենետիկ հետազոտություններ արվո՞ւմ են, որպեսզի ի սկզբանե բացառվեն շեղումները։
- Եթե պարզվում է, որ ծնողները գեների հետ կապված խնդիրներ ունեն, զույգերին ուղարկում ենք գենետիկայի կենտրոն, որտեղից համապատասխան տեղեկանք են բերում։ Կան կանայք, ովքեր մի քանի անգամ վիժել են, եւ այդ դեպքում եւս պատճառը պարզելու նպատակով գենետիկ հետազոտություն ենք նշանակում: Բացի այդ, կատարվում է սաղմի գենետիկ նախիմպլանտացիոն հետազոտություն (PGD):
-Ի՞նչ է փոխնակ մայրությունը:
-Փոխնակ մայրությունը կնոջ կողմից երեխայի կրումը եւ ծննդաբերումն է մեկ ուրիշ անձի կամ անձանց համար, որոնք երեխայի ծննդից հետո դառնալու են նրա ծնողները: Ծրագրին դիմելու ցուցումներն են՝ արգանդի բացակայությունը, արգանդի խոռոչի կամ վզիկի այն դեֆորմացիաները, որոնց դեպքում կարգավորումը կա՛մ անհնարին է, կա՛մ արդյունավետ չէ: Ցուցումներից են նաեւ էնդոմետրիումի ախտաբանությունները (սինեխիաներ, արգանդի խոռոչի աբլիտերացիա, էնդոմետրիումի ատրոֆիա), երբ էմբրիոնների տեղափոխման կրկնվող փորձերից հետո կինը չի հղիանում, երբ տեղի են ունենում գենետիկ ախտաբանությունների հետ կապ չունեցող սովորութային վիժումներ: Փոխնակ մայր կարող է դառնալ 20-35 տարեկան, հոգեպես եւ ֆիզիկապես լիովին առողջ կինը: Պարտադիր պայման է առնվազն մեկ սեփական երեխայի առկայությունը: Կարեւոր է նաեւ անամնեզում արգանդի վիրահատոթյունների բացակայությունը: Մինչեւ ծրագրի մեջ ընդգրկվելը փոխնակ մոր թեկնածուն պետք է անցնի հետազոտությունների պարտադիր կոմպլեքս: Նոտարի միջոցով իրակակացվում եւ հաստատվում են իրավական պահերը: Իրավական կարգավորման ուղղությամբ Հայաստանում նոր նախագծեր կան: Նախկինում, եթե ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը չէին կարող ծնող դառնալ, նրանք չէին կարող մասնակցել նաեւ պետության կողմից աջակցվող ծրագերին, պետք է զույգից գոնե մեկը պարտադիր ի վիճակի լիներ ծնող դառնալ: Բայց այսօր, փառք Աստծո, կա այդ հնարավորությունը, վերջերս էլ այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից: Այսօր շատ կրթված, իրենց տեղը կյանքում գտած կանայք միայն կարիերայում հաջողություն հասնելուց, իրենց ապահովելուց հետո են ցանկանում մայրանալ, բայց նախկինում չէին կարող երեխա որդեգրել, քանի որ ընտանիք չունեին: Մենք մինչեւ 37 տարեկան չամուսնացող կանանց ձվաբջիջները կարող ենք սառեցնել, ու, եթե, ասենք, նա 43-44 տարեկանում ամուսնանա, կարող ենք հղիանալու համար օգտագործել այդ սառեցված ձվաբջիջը: Օժանդակող ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաները մեր օգնությամբ այդ կանանց մայր դառնալու բերկրանքը վայելելու հնարավորություն են տալիս: Հայաստանում ընդունված է, որ մինչեւ 53 տարեկան կինը կարող է նման մեթոդի շնորհիվ մայրանալ, սակայն վերջերս մեր պացինետը 53 տարեկանում դարձավ զույգ երեխաների մայր:
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ զույգերին։
-Պետք է պայքարել մայրանալու նվիրական երազանքի համար, հույսները չկտրել, լինել լավատես, իսկ մենք կօգնենք: Ամեն դեպքում Բարձրյալի դերը մեծ է մարդու ստեղծման գործում, ուստի հավատով լցվեք առ Աստված, վստահեք ձեր բժշկին, եւ կիրականանա հրաշքը:
Թունելի վերջում միշտ լույս կա
Հոգեկան առողջությունը լիարժեք ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական բարեկեցության վիճակ է, դա պարզապես հիվանդության կամ թուլության բացակայություն չէ, եւ, եթե խանգարվում է, անհրաժեշտ է բուժում հոգեբույժի կողմից: Հոգեկան առողջության վերաբերյալ ավելի լավ գնահատական ստանալու համար սովորությունը պահանջում է փորձագիտական օգնություն: Հոգեբուժությունը բժշկության այն ոլորտն է, որը ներառում է հոգեկան, վարքային եւ հուզական խանգարումների ախտորոշում, բուժում եւ կանխարգելում: Հոգեբուժության ժամանակակից ուղղությունների մասին http://bestgroup.am/ զրուցեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, Հայկական բժշկական ինստիտուտի հոգեբուժական ցիկլի ղեկավար, դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի, «Սթրես կենտրոն»-ի բժիշկ հոգեբույժ, «Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական կենտրոնի տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:
-Շատերը խուսափում են այցելել հոգեբույժի, ո՞րն է դրա պատճառը:
-Հետխորհրդային հանրապետություններում հոգեբույժի մասին ավելի շատ բացասական կարծիք կար, ըստ որի, նրա մոտ գնում էին միայն այն մարդիկ, ովքեր ունեին հոգեկան խանգարում: Բացի այդ, հոգեբուժությունը ընկալվում էր որպես այլախոհներին պատժելու, ոչ թե բուժելու միջոց: Այդ է պատճառը, որ դարեր շարունակ հոգեբուժությունը համարվում էր «ստիգմա», «դրոշմ»: Հիշում եմ, երբ ես մանկական հոգեբույժ էի աշխատում, նկատում էի, որ իմ այցելուները, կարծես թե պատահական, նստում-սպասում են նյարդաբանի աշխատասենյակի դիմաց:
Հետագայում սկսեցին հոգեբուժությունը կապել նյարդաբանության հետ՝ հիմնվելով այն տեսակետի վրա, որ մարդու ներքին աշխարհում բոլոր տեսակի փոփոխությունները կապված են նյարդային կամ հոգեկան համակարգերի խանգարման հետ: Նույնիսկ մանկական դիսպանսերը, որտեղ աշխատում էի, կոչվում էր նյարդահոգեբուժական դիսպանսեր:
Արդի դարաշրջանում հոգեբուժությունում լայն տարածում է գտել, այսպես կոչված, փսիխոսոմատիկ ուղղությունը, համաձայն որի, մարմնական խանգարումները կարող են ուղեկցվել հոգեկան խանգարումներով, իսկ հոգեկան խանգարումները, հակառակը, մարմնական խանգարումներով: Այլ կերպ ասած, դրանք հոգեծին ծագում ունեցող խանգարումներ են, որոնք արտահայտվում են հիմնականում մարմնական ախտանիշներով`ցավային զգացողություններով որովայնի, կրծքավանդակի շրջանում: Հիվանդները գանգատվում են շնչահեղձությունից, սրտի շրջանում` տհաճ զգացողություններից, միզասեռական, աղեստամոքսային տրակտին բնորոշ խնդիրներից: Նրանք բազում հետազոտությունների էին ենթարկվում, որոնք կա՛մ ոչինչ ցույց չէին տալիս, կա՛մ չէին համապատասխանում ներկայացված ախտանիշներին: Այս խանգարումներին բնորոշ են երկար ժամանակ գոյություն ունեցող մարմնական գանգատները, որոնց «իրական լինելը» ապացուցելու համար հիվանդները բազմիցս ենթարկվում են տարատեսակ հետազոտությունների, բազմիցս ապարդյուն այցելում տարբեր մասնագետների, նույնիսկ հաճախակի են ինքնաբուժության դեպքերը: Կարելի է ասել, որ այս խանգարումները բավականին տարածված են հատկապես առողջապահության առաջնային օղակում: Հանդիպում են, օրինակ, ատիպիկ կամ դիմակավորված դեպրեսիաներ, երբ որեւէ բան չի վկայում տրամադրության, հետաքրքրությունների կորստի, անգեդոնիայի, հյուծվածության, էներգիայի պակասի կամ թուլության մասին: Հիվանդը գանգատվում է ճնշման տատանումից, կայուն գլխացավից, որի իսկական պատճառը կարող է լինել դեպրեսիան:
Ներկայումս հոգեբուժությունը զբաղվում է այնպիսի վիճակներով, որոնք յուրաքանչյուրի կյանքում կարող են հանդիպել տարբեր ապրումների ձեւով: Դա կարող է դրսեւորվել վախի, տագնապի, ընդհանուր թուլության, գլխացավերի, դեպրեսիվության, տրամադրության անկման, ինչպես նաեւ քնի խանգարումների ձեւով եւ այլն:
-Ընտրել եք անչափ ռիսկային եւ պատասխանատու մասնագիտություն, այդ հարցում Ձեզ խորհուրդ տվողներ, ուղղորդողներ եղե՞լ են:
-Երբ ավարտում էինք բուհը, իմ ընկերուհիներից շատերը ցանկանում էին նեղ մասնագիտանալ ԼՕՌ ոլորտում, ու ես էլ որոշեցի միանալ նրանց: Բայց պարզվեց, որ մեր նախընտրած մասնագիտացում կարող են ընտրել միայն շրջաններից եկածները: Ինձ ասացին, որ միայն մեկ տեղ է մնացել՝ հոգեբույժի, համաձայնվեցի: Այդ ժամանակ հիշեցի, որ, երբ դեռ բավականին փոքր էի, մի դեպքից հետո ցանկություն էի հայտնել հոգեբույժ դառնալ: Կարող եմ ասել՝ ոչ մի րոպե չեմ զղջացել, որովհետեւ սիրում եմ իմ մասնագիտությունը:
-Բայց բավականին դժվար է մանավանդ ձեր ոլորտը:
-Հեշտ ոլորտ չկա… Ես, օրինակ, երբեք չէի դառնա վիրաբույժ. այնտեղ ձեռքի վայրկենական թրթիռը, աչք թարթելը, անտրամադիր լինելը կարող է ցավալի ավարտ ունենալ հիվանդի համար: Մեր մասնագիտության դեպքում էլ նրբություններ կան: Կարելի է ասել, որ մեր հետազոտման «գործիքները» մեծ մասամբ տեսողությունն ու լսողությունն են, ինչու չէ, նաեւ ինտուիցիան: Երբեմն թվում է, թե քայլում ես մութ, խճճված ճանապարհով, միայն փոքրիկ լապտեր ունես եւ պիտի ճիշտ ուղղությունը գտնես: Իհարկե, լավ գիտակցում ես՝ պացիենտն ինչ խնդիր ունի, բայց այնպես պիտի անես, որ իր «խնդրի պատճառով» ոչ թե ծանրություն, այլ, ընդհակառակը, հույս եւ թեթեւություն զգա: Այդ առումով ճիշտ, վստահելի փոխհարաբերություններ կառուցելը հաջողության գրավականներից մեկն է:
-Ձեր առաջին պացիենտին հիշո՞ւմ եք:
-Մի քիչ դժվար հարց է: Բայց կարող եմ հստակ ասել, որ առաջինի կամ վերջինի դեպքում ոչինչ չի փոխվել. միշտ եղել է կարեկցանք, ցավ, օգնելու ցանկություն: Լյարդի, լեղապարկի կամ այլ խնդրի ժամանակ առաջնայինը մարդու էմոցիոնալ ոլորտը չէ, իսկ մեր հիվանդների մոտ առաջնայինը հենց դա է: Մարդիկ գալիս են արդեն բարդույթավորված միայն այն բանից, որ այցելել են հոգեբույժի, ինչը նշանակում է՝ իրենց մոտ մի բան այն չէ: Նրանք նաեւ մտածում են, որ իրենց նման մեկը չկա աշխարհում, ոչ մեկն իրենց չի հասկանա, բոլորը «թարս կնայեն», իրենք այս կյանքում ապագա չունեն, ամուսնանալու, ընտանիք կազմելու, երեխա ունենալու հնարավորություն չունեն, որ... Այ, այսպիսի բեռով են գալիս, ու, եթե դու էլ իրենց փաթաթում ես քո կարծիքը, որ նրա հետ լավ բան չի լինելու, որ ապագա չունի, դա արդեն դառնում է դատավճիռ: Բժշկի ասածը կարեւորվում է, եւ նա պիտի մոտիվացնի հիվանդին, վարվի այնպես, որ վերջինս իր մոտից դուրս գա հույսի, ջերմության, ներգրավվածության փաթեթը ձեռքին… Նա պետք է համոզված լինի, որ թունելի վերջում լույս կա:
-2019 թվականին «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից պարգեւատրվել եք «Ազատամարտիկ» մեդալով: Համոզված եմ, որ վերջին պատերազմի ժամանակ էլ մեծ օգնություն եք ցուցաբերել մեր զինվորներին, սպաներին:
-Մեր բաժանմունքը պատերազմի հետեւանքով շուրջ 140 զինվորի ու բարձրաստիճան սպայի է ընդունել, ամբողջ անձնակազմն է անձնուրաց աշխատել: Դեպքերը շատ էին, ծանր, եւ ամեն մի զինվորի, սպայի հետ գնացել ենք պատերազմ, ետ եկել... Տեսել ենք առաջնագծից եկած սարսափելի գունատ զինվորի, նրա ծնողների, հարազատների արցունքոտ աչքեր, մեզ ուղղված, օգնություն փնտրող հուսահատ հայացքներ, եւ, որքան էլ դժվար լինի, «հավաքել ենք» մեզ ու արել ամեն ինչ զինվորին բուժելու համար: Եվ կարծես զինվորը նորից ծնվում է, վերականգնվում են դեմքի հանգստությունը, աչքերի պարզությունը, գեղեցկությունը, ժպիտը… Հիվանդ կար, որ ամիսներով չէր խոսել, սենյակից դուրս չէր եկել, ներս էիր մտնում, թաքնվում էր մահճակալի կամ վերմակի տակ, ոչ մեկին չէր ճանաչում, ոչ մեկի հետ չէր ուզում խոսել, միայն ժեստերով էր ուզում ինչ-որ բան բացատրել: Ու հանկարծ մի քանի ամիս անց մտնում է աշխատասենյակդ, եւ չես ճանաչում նրան, չես հասկանում, որ այն նույն տասնութ տարեկան տղան է: Դա անպատմելի նվեր է, աննկարագրելի զգացողություն, որը ոչ մի այլ զգացողության հետ չի համեմատվի:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են ծնողների ուղին, ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Իմ երեխաներն ընտրեցին ոչ թե իմ, այլ հոր ճանապարհը: Ընդհանրապես հակված չեմ այն մտքին, որ երեխաները պարտադիր կրկնեն ծնողների ուղին, թող ընտրեն այն, ինչը հոգեհարազատ է, բայց իրենց գործն անեն գերազանց: Ես ուսանողներիս էլ եմ ասում՝ կապ չունի, թե ինչ ես անում, եթե դու դա լավ ես անում, սկզբնական շրջանում գործերդ «վատ կգնան», եթե շատ լավ ես անում, գործերդ էլի «վատ են գնալու», բայց որոշ ժամանակ անց փորձառություն ձեռք կբերես, որից հետո էլ՝ հեղինակություն: Ամենակարեւորը համբերատար դեպի նպատակ շարժվելն է: Ինքնաթիռը, օրինակ, պտտվում է նույն տեղում, պտտվում եւ «չի շտապում», իսկ դու, նստած այդտեղ, անհամբեր ես, ուզում ես հասնել այլ երկիր, նյարդերդ քայքայվում են: Բայց ինքնաթիռը ռեզերվ է հավաքում, իսկ երբ թռավ, իջեցնող չկա: Մտածում եմ, որ յուրաքանչյուր մասնագետ պիտի իր գործը լավ անի ու շուտ չսպասի արդյունքին, պիտի սերմը գցի, ջրի, պարարտացնի, ու սերմը ժամանակին «պտուղ կտա»:
-Ի՞նչ կասեք երիտասարդների մասին:
-Երկու տեղ դասավանդում եմ ու կարող եմ ասել, որ շատ լավ, խելացի երիտասարդներ կան, նրանց մտածելակերպը, էրուդիցիան, իրազեկությունը, պատասխանատվությունը, վերաբերմունքը ուրիշ են: Շատ սիրում, հիանում եմ նրանցով ու, անկեղծ ասած, սովորում շատ բաներ: Եթե չես սովորում դիմացինից (դա երկու՝ իրար հետ փոխանցվող անոթների մասին ֆիզիկայի օրենքի նման է), չես վերցնում նրանից լավագույնը, կարող ես, մի քիչ կոպիտ կարող է հնչել, «ճահճանալ»: Եվ կապ չունի՝ դիմացինդ տարիքով փոքր է, թե մեծ: Իսկ այդ երիտասարդներն այս գիտատեխնիկական դարում մեզանից ավելի շատ բան գիտեն: Իհարկե, փորձառությունը շատ կարեւոր է: Այսպես ասած, «բանալին» քո ձեռքում է, բայց դուռ բացելու շատ լավ ձեւերն իրենք էլ կարող են հուշել: Մի խոսքով՝ պիտի պատրաստ լինես փոխփորձառության:
-Ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը:
-Իմ կյանքի տարբեր հատվածներում եղել են տարբեր ուսուցիչներ, ինձ հարազատ մարդիկ, ովքեր ինձ սովորեցրել են երբեք չհանձնվել, հաղթահարել ճանապահին հանդիպող խոչընդոտները, անընդհատ առաջ ընթանալ, չբավարարվել եղածով, ձգտել ավելիին: Եվ ես երախտապարտ եմ բոլորին:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:
-Սիրե՛ք ու եղե՛ք սիրված, դրականը տարածեք ձեր շուրջը. այն բացում է մթնոլորտը, պոզիտիվը, բարին արարեք: Մի անգամ մեկն ասաց՝ չարն ավելացել է աշխարհում, որովհետեւ բարի մարդիկ բարին չեն գործում: Ես չեմ խոսում փափկամարմնության, գերբարության մասին (այն հիմարության հավասար է), այլ ասում եմ՝ եթե ունես ընտրության երկու տարբերակ, ընտրիր դրականը, որովհետեւ այն դուռ է, եւ դու չգիտես՝ որտեղ է այն բացվելու: Բայց հաստատ բացվելու է: Ու դրանով իսկ քեզ է հետ գալու քո արածը: Մի շատ հետաքրքիր ու կարեւոր օրենք կա, որը գործում է աշխարհում ու տիեզերքում, դա «Ինչ ցանես, այն էլ կհնձես» օրենքն է, ու նաեւ՝ «Ամեն ինչը բումերանգ է»: Երբեմն մարդիկ ասում են. «Այսքան բան արեցի, ինձ ինչ եկա՞վ որ»: Բայց դու ի՞նչ գիտես, որ, եթե չանեիր, քեզ էդքանը կգա՞ր: Հենց զգացիր, որ թուլանում ես, քեզ հավաքիր ու ասա՝ մի րոպե, ուրեմն հնձելու ժամանակն է: Ու շարունակիր բարին գործել:
Ուշադրությու՛ն. ինչու և ինչպես է առաջանում հեստացիոն /հղիության/ դիաբետը
Շաքարային դիաբետի մասին այնքան է խոսվել, որ անգամ տպավորություն է, թե մենք բոլորս տեղեկացված ենք և գրեթե ամեն բան գիտենք դիաբետի մասին: Սակայն որքան էլ այս հիվանդությունը «ծանոթ» կամ «պարզ» թվա, այնուամենայնիվ, այն ունի այնպիսի շերտեր, որոնք ոչ բոլորին են հայտնի, մինչդեռ հավելյալ գիտելիքները դեռ ոչ ոքի չեն խանգարել:
Այս հիվանդության տեսակներից մեկի՝ հղիների /հեստացիոն/ դիաբետի մասին http://bestgroup.am/ զրուցեց էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ:
- Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, թե որոնք են շաքարային դիաբետի տեսակները, և ի՛նչ է հեստացիոն դիաբետը:
- Շաքարային դիաբետն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն է, որը իր հերթին առաջացնում է մի շարք բարդություններ: Այս հիվանդության հիմնական ձևերն են առաջին տիպը, երկրորդ տիպը և հեստացիոն դիաբետը:
Առաջին տիպն այն դիաբետի տեսակն է, որի ժամանակ առհասարակ ինսուլին չի արտադրվում ենթաստամոքսային գեղձի կողմից, այսինքն՝ առկա է բացարձակ անբավարարություն։ Հիմնականում այս տեսակը հանդիպում է երեխաների, դեռահասների մոտ։ Երկրորդ տիպը հարաբերական անբավարարությունն է, երբ ինսուլին արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, և կարող է նույնիսկ ավել արտադրվել, քան օրգանիզմը պահանջում է, սակայն պերիֆերիկ հյուսվածքները զգայուն չեն այդ ինսուլինի հանդեպ, այդ իսկ պատճառով կարող է առաջանալ ինսուլինի հարաբերական անբավարարություն և շաքարային դիաբետ:
Այս պահի դրությամբ աշխարհում կա շաքարային դիաբետով մոտ 425 մլն գրանցված հիվանդ։ Համարվում է, որ ամեն երկրորդը ախտորոշված չէ, այսինքն՝ իրական թիվը կարող է կրկնակի ավել լինել:
-Այս տվյալը ներառու՞մ է նշված երեք տեսակները:
-Այո: Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետի մոտ 90 տոկոսը կազմում է երկրորդ տիպը: Ըստ ԱՀԿ-ի՝ մեծահասակներից 10-ից մեկը ունի շաքարային դիաբետ, երկու մեծահասակներից մեկն էլ ոչ ախտորոշված դիաբետիկ է, այսինքն՝ 200 միլիոնից ավելին ոչ դիագնոզված, լատենտ, թաքնված դիաբետ ունեցողներ են:
-Ինչու՞ և ինչպե՞ս է առաջանում հեստացիոն դիաբետը:
-Հեստացիոն դիաբետն առաջանում է այն կնոջ մոտ, որը մինչև հղիությունը չի ունեցել դիաբետ, հղիության ընթացքում է հայտնաբերվում, և հղիության ավարտից հետո մեծամասնության մոտ վերանում է: Որոշակի քանակի մոտ դիաբետը կարող է «շարունակվել» որպես երկրորդ տիպի դիաբետ:
Հեստացիոն դիաբետը կարող է բարդություններ առաջացնել ոչ միայն մոր, այլև՝ պտղի համար։
Ըստ IDF-ի տվյալների՝ մոտ 21 միլիոն կանայք ունեն հիպերգլիկեմիա հղիության ընթացքում, այսինքն՝ գլյուկոզայի բարձր ցուցանիշ:
-Իսկ կա՞ն ռիսկի գործոններ, թե հատկապես ո՛ր կանայք կարող են ունենալ հեստացիոն դիաբետ:
-Այո։ Ռիսկի գործոններից են 30 տարեկանից մեծ ծննդկանը, ժառանգականությունը։ Ռիսկի գործոն են համարվում նաև բազմապտուղ հղիությունը, ճարպակալումը և հավելյալ քաշը, նախորդ հղիության ժամանակ մեծ պտուղ ունենալը՝ 4.5 կգ և ավելի, ձվարանների պոլիկիստոզը անամնեզում։ Հեստացիոն դիաբետի առաջացմանը կարող է նպաստել նաև որոշակի պրեպարատների օգտագործումը, որոնք կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ՝ փսիխոտրոպ, հորմոնալ դեղամիջոցներ և այլն։ Այսպիսով՝ ռիսկի գործոններից գոնե երկուսն ունենալու դեպքում մենք արդեն ուշադրության կենտրոնում ենք պահում հղիին ամբողջ հղիության ընթացքում, որը թույլ է տալիս եթե ոչ կանխել, ապա գոնե ժամանակին հայտնաբերել և հետագայում խուսափել բարդություններից և՛ երեխայի, և՛ ծննդկանի համար:
Եթե գլյուկոզայի նորման արյան մեջ 3.5-5.5 մմոլ/լ է, ապա հղիների համար ամենաբարձր ցուցանիշը, որը թույլատրելի է քաղցած ժամանակ, 5.1 մմոլ/լ է։ Գլյուկոզայի մակարդակի բարձր լինելու դեպքում կատարվում են հավելյալ հետազոտություններ:
-Ի՞նչ հետազոտություն է արվում:
-Ամենակարևոր հետազոտությունը քաղցած ժամանակ գլյուկոզայի ստուգումն է, և անգամ եթե այն նորմայի սահմաններում է, բայց առկա են ռիսկի գործոններ, ըստ միջազգային ուղեցույցի՝ հղիության 24-28 շաբաթականում կատարվում է գլյուկոզոտոլերանտ թեստ, որի արդյունքից կախված՝ կարող ենք հայտնաբերել կամ ժխտել հեստացիոն դիաբետի առկայությունը։
Իհարկե, եթե անհրաժեշտությունը կա, ապա այս դեպքերում նաև առաջին եռամսյակում ենք թեստն անցկացնում:
-Դիաբետ ունեցող կինը կարո՞ղ է առողջ երեխա ունենալ:
-Այո, անկասկած։ Ժամանակին հայտնաբերել և բուժելը առողջ երեխա ունենալու գրավականն է:
-Իսկ ինչպե՞ս է բուժվում հեստացիոն դիաբետը:
-Հեստացիոն դիաբետը բուժելու համար առաջին հերթին պետք է սննդակարգին հետևել, ֆիզիկական համապատասպան ակտիվություն ունենալ, եթե կարիք է լինում, ժամանակավոր կատարվում է ինսուլինոթերապիա, որը հղիության ավարտից հետո դադարեցվում է, քանի որ գլյուկոզան կարգավորվում է։ Բայց կա դեպքերի որոշ տոկոս, երբ դիաբետը չի նահանջում հղիության ավարտից հետո և վերափոխվում է երկրորդ տիպի դիաբետի։
Ի դեպ՝ երկրորդ հղիության ժամանակ նույնպես հեստացիոն դիաբետ ունենալու ռիսկը արդեն ավելանում է մոտ 40 տոկոսով, երրորդ հղիության ժամանակ՝ 60 տոկոսով։ Հղիության ավարտից 5-10 տարի հետո կանանց մոտավորապես 30 տոկոսի մոտ, ըստ միջազգային տվյալների, կարող է հայտնաբերվել երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Հիմնականում նրանք հավելյալ քաշ կամ ճարպակալում ունեցող կանայք են, որովհետև ճարպակալման հիմքում ինսուլինոռեզիստենտականությունն է, որը բերում է ինսուլինի ցածր որակի և հետագայում՝ դիաբետի առաջացման:
Հետևելով ոսկե կանոնին, այն է՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել՝ զրույցի ավարտին տիկին Աղաբաբյանը բոլորին խորհուրդ տվեց հետևել առողջությանը և ժամանակին դիմել բժշկի:
Արտամարմնային բեղմնավորման մի քանի անհաջող փորձը դատավճիռ չէ, պետք է պայքարել. ռեպրոդուկտոլոգ
Հայկական ընտանիքներում երեխաներին, կարելի է ասել, իսկապես պաշտում են, ու թեև մեր օրերում բազմաթիվ ընտանիքներ, ելնելով ֆինանսական դրությունից կամ այլևայլ խնդիրներից, բավարարվում են հիմնականում երկու զավակով, սակայն երեխան միշտ էլ սպասված ու սիրելի է:
Շատերն են ասում, որ երեխան Աստծո օրհնությունն է ծնողներին, սակայն այդ մեծագույն պարգևով ոչ բոլորն են օժտված: Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում մեզանում տարածված խնդիր է անպտղությունը, ընդ որում՝ եթե կնոջ դեպքում դրա պատճառները որոշակի են, ապա տղամարդու պարագայում դրանք շատ դեպքերում ցայսօր անհասկանալի են:
Ժամանակակից բժշկությունը, սակայն, կարողացել է ձեռնոց նետել անպտղությանը՝ ներկայացնելով այնպիսի՝ չվախենանք այդ բառից՝ հրաշագործ մեթոդ, ինչպիսին է արտամարմնային բեղմնավորումը: Հենց այս մասին http://bestgroup.am/ զրուցեց «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Անպտղությունը դատավճիռ չէ» գրքի հեղինակ Մարգարիտ Գրիգորյանի հետ, մարդու, որն ապրում է իր հիվանդների հոգսերով, որի համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը, և որը ջանք ու եռանդ չի խնայում՝ ընտանիքներին նվիրելու այն բերկրանքը, որը ծնողը զգում է զավակի լույս աշխարհ գալուց:
Մարգարիտ Գրիգորյանի բարեհամբույր ու հոգատար վերաբերմունքին ծանոթ են արդեն բազմաթիվ զույգեր, որոնք նրա շնորհիվ այսօր վայելում են մայրիկ ու հայրիկ լինելու երջանկությունը:
-Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, այն մեթոդները, որոնք առաջարկում եք՝ մինչ արտամարմնային բեղմնավորմանը (ԱՄԲ) հասնելը:
-Մեր կենտրոնում զբաղվում ենք անպտղության բուժման բոլոր ձևերով, այսինքն՝ օգտագործում ենք կոնսերվատիվ մեթոդը՝ դեղորայքային բուժումը, ներարգանդային սերմնավորումների մեթոդը և արտամարմնային բեղմնավորման մեթոդը:
-Այդ երկու մեթոդները պարտադիր պետք է անցնել, նոր հասնել ԱՄԲ-ի՞ն, թե՞ միանգամից ցուցվում է արտամարմնային բեղմնավորում:
-Երբեմն, երբ այդ մեթոդներն էֆեկտիվ չեն, ստիպված դիմում ենք ԱՄԲ-ի, բայց երբեմն, եթե կան ԱՄԲ-ի հստակ ցուցումներ, գնում ենք դրան:
-Իսկ որո՞նք են հստակ ցուցումները:
-Բացարձակ ցուցում է կնոջ փողերի փակ լինելը, նաև՝ երբ սերմի որակը վատն է, երբ հնարավոր չէ բնական ճանապարհով կամ ներարգանդային սերմնավորումով հղիանալը, բացարձակ ցուցում է փոխնակ մոր դեպքում, նաև ԱՄԲ ենք անում, եթե հարկավոր է ձվաբջջի դոնոր… Կան բազմաթիվ այլ ցուցումներ, որոնք բացարձակ չեն, սակայն, ի վերջո, դրան են հանգեցնում, օրինակ՝ այլ մեթոդների ոչ էֆեկտիվությունը, ձվազատման բացակայությունը՝ տարբեր դեղերի կիրառման պարագայում, օրինակ՝ արգանդային գործոնը, անհամատեղելիությունը, երբ չի հաջողվում այլ մեթոդներով օգնել և այլն:
-Իսկ պատահու՞մ է, որ զույգը միանգամից ԱՄԲ պահանջի:
-Այո, բայց մենք բոլորին բացատրում ենք, որ ոչ մի մեթոդ 100 տոկոսանոց չէ:
-Այս մեթոդի հաջողության հավանականությունը քանի՞ տոկոս է:
-ԱՄԲ-ի հավանականությունը երիտասարդ կանանց մոտ՝ մինչև 38 տարեկան, մոտ 50 տոկոս է, նախորդ երկու մեթոդներինը շատ անհատական է: 38 տարեկանից հետո հավանականությունը բոլոր մեթոդների պարագայում նվազում է, դրա համար մենք կարող ենք կանանց կոչ անել, որ վաղ դիմեն, կամ գոնե ձվաբջիջները սառեցնեն:
-Մեկ անգամ արտամարմնային բեղմնավորմամբ առողջ բալիկ ունենալուց հետո կինը հետագայում կարո՞ղ է բնական ճանապարհով բալիկ ունենալ:
-Այդպես լինում է. լինում են զույգեր, որոնց մոտ անպտղության բացարձակ պատճառներ չկան, բայց ստիպված, երբ կինը ոչ մի կերպ չի հղիանում, դիմում են ԱՄԲ-ի, մյուսն արդեն ինքնուրույն լինում է: Կան նաև զույգեր, որ արել են առաջին արտամարմնային բեղմնավորումը, ունեցել են բալիկ, մենք սաղմիկները սառեցրել ենք, երկրորդ բալիկին էլ սառեցրած սաղմիկներով են հետո ունենում:
-Լինու՞մ են դեպքեր, երբ ԱՄԲ է ցուցվում տղամարդու մոտ առկա խնդրի պատճառով:
-Այո, եթե դիտարկենք անպտղության ստրուկտուրան, ստացվում է՝ 40 տոկոսը կնոջից է, 40 տոկոսը՝ տղամարդուց, 20-ը՝ համակցված, երբ երկուսն էլ խնդիր ունեն, օրինակ՝ տղամարդու մոտ սերմն է վատ, կնոջ մոտ էլ հորմոններն են խախտված, կամ՝ տղամարդու մոտ սերմն է վատ, կնոջ մոտ էլ փողերն են փակ, այսինքն՝ զույգում երկուսն էլ խնդիր ունեն, և անպտղությունը երկուսից է գալիս, ամբողջ աշխարհում էլ, ՀՀ-ում տվյալները նույնն են:
-Իսկ Հայաստանում քանի՞ տարի է, ինչ կիրառվում է այս մեթոդը:
- Հայաստանում մոտ 15 տարի է, ինչ կիրառվում է, ես զբաղվում եմ արդեն 11 տարի:
-Այդ ընթացքում դիմելիությունը որևէ կերպ փոխվե՞լ է, դարձե՞լ է առավել հաճախակի:
-Վերջին տարիներին դիմելիությունը մեծացել է, ավելացել են պետական աջակցության ծրագրերը, հովանավորները, որոնք օգնում են, որովհետև ԱՄԲ-ն թանկարժեք պրոցեդուրա է, աջակցությունը շատ է օգնում: Բազմաթիվ զինծառայողների ընտանիքների ենք օգնել պետպատվերի շրջանակներում, սահմանամերձ գոտում գրանցված բազմաթիվ բնակիչների, նաև պետպատվերում ներգրավվել են զոհված զինծառայողների ծնողները, շատ դիմողներ ունենք այդ կատեգորիայից…
-Մեզանում քանի՞ տոկոս է կազմում անպտղությունը:
-Մոտավորապես 15 տոկոս: Դա մեր երկրի համար բարձր է՝ հատկապես մեր դեմոգրաֆիկ վիճակում. զույգերի 15 տոկոսն ունի անպտղություն, միջազգային տվյալներն էլ են մոտավորապես այդպիսին:
-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված, ինչի՞ց է լինում անպտղությունը:
-Հաճախ կանանց մոտ կարող են լինել որոշ ինֆեկցիաներ, օրինակ՝ խլամիդիոզային ինֆեկցիան կարող է բերել փողերի փակման, բայց տղամարդկային անպտղության պատճառները մեծամասամբ անհայտ են:
-Կարո՞ղ են տղամարդու ունեցած խնդիրները, նույն սեռավարակները, օրինակ, ազդել կնոջ վրա և հանգեցնել անպտղության:
-Այո, օրինակ՝ եթե տղամարդը խլամիդիոզային կամ գոնորեային ինֆեկցիայով վարակի կնոջը, կնոջ մոտ կարող է լինել փողերի փակվածություն, և առաջանալ բացարձակ անպտղություն:
-Դա բուժելի՞ է:
-ԱՄԲ-ի միջոցով. եթե փողերը վնասվում են, արդեն ԱՄԲ պետք է արվի:
-Անդրադառնանք կորոնավիրուսին և այդ համատեքստում՝ նաև արտամարմնային բեղմնավորմանը:
-Մենք անպտղություն ունեցող զույգերին չենք խրախուսում պատվաստվել, որովհետև դեռ նոր են այդ պատվաստումները, շատ բաներ հետազոտված չեն, ըստ ESHRE-ի կանոնակարգի՝ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո ամենաքիչը երկու ամիս պաշտպանվել:
Իսկ ովքեր հիվանդանում են, ապաքինվելուց հետո եթե բարդություններ չեն լինում, 1-2 ամիս անց կարող են հղիություւն պլանավորել:
-Երբ ԱՄԲ-ի փորձն անհաջող է լինում, հետագայում կարելի՞ է կրկնել:
-Այո, իհարկե, կարելի է, նույնիսկ հաջորդ ամիս կարելի է նորից փորձել, սահմանափակում չկա: Կարելի է փորձել 10-15 անգամ, մինչև բալիկ ունենան:
-Որևէ վտանգ չկա՞:
-Որոշ խոսակցություններ կան, որ արտամարմնային բեղմնավորումը բերում է քաղցկեղի և այլն, սակայն այդ ամենն ապացուցված չէ, բազմաթիվ հետոզոտություններ են արվել, որոնք ցույց են տվել, որ քաղցկեղի ոչ մի ռիսկ չկա:
-Արտամարմնային բեղմնավորման դիմող մարդկանց հետ աշխատելիս ի՞նչ բարդությունների եք բախվում:
Ամենադժվարը մեր հիվանդներին հավատացնելն է, որ մեկ անհաջող ԱՄԲ-ն դեռ դատավճիռ չէ, ուղղակի պետք է հավատալ և պայքարել:
-Ճի՞շտ է այն վարկածը, թե այս մեթոդով ծնված բալիկների հիվանդ լինելու հավանականությունն ավելի մեծ է, քան բնական ճանապարհով լույս աշխարհ եկածներինը:
-Հավանականությունը, ըստ հետազոտությունների, որ ԱՄԲ-ով կծնվեն հիվանդ բալիկներ, նույնն է, ինչ բնական ճանապարհով կարող են ծնվել հիվանդ բալիկներ, այսինքն՝ արտամարմնային բեղմնավորումը չի բարձրացնում հիվանդ երեխա ունենալու հավանականությունը:
-Բժշկուհի, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Ուզում եմ, որ հայ ազգը բազմանա, մարդիկ առողջ ու երջանիկ ապրեն, ժամանակին դիմեն բժշկի, և լիարժեք ընտանիքները շատ լինեն:
Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է
Հայաստանում այսօր վնասվածքաբանությունը, մասնագետների խոսքերով, բարձր դիրքերում է, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ վնասվածքաբանությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես աշխատել նորանոր բարձունքների հասնելու համար:
44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո բժիշկները, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անձնազոհ աշխատանք են կատարել իրենց ոլորտում՝ անգամ վտանգելով իրենց կյանքը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Որքան էլ գայթակղիչ լինի ճերմակ խալաթը, բժշկի աշխատանքը անչափ պարտավորեցնող եւ դժվարին է, ու, ըստ մեր զրուցակցի, բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն եւ բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: Լավ բժիշկ լինելու համար, նախ եւ առաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Առաջնային նշանակություն ունի բժշկի հետ շփումը։
-Պարո՛ն Գալստյան, կխնդրեի մի փոքր խոսեք պատերազմի ընթացքում իրականացրած Ձեր աշխատանքի մասին:
-Պատերազմի սկզբնական շրջանում, երբ Քելբաջարի ուղղությամբ ընթացան թեժ մարտեր, եւ հակառակորդը գրավեց մեր որոշ դիրքեր, ես գտնվում էի Վարդենիսի կայազորային հոսպիտալում՝ վիրաբուժական թիմի կազմում: Ինքնին պարզ է, որ այդ թեժ մարտերի հետեւանքով ունեցանք մեծաթիվ վիրավորներ, իսկ դա պահանջում էր բավականին ծանրաբեռնված, լարված աշխատանք: Ընդ որում, ոչ թե հրազենային, այլ ավելի շատ բեկորային վիրավորումներ էին, իսկ դրանք, ինչպես գիտեք, ծանր, բարդ դեպքեր են եւ հաճախ փուլային բուժօգնություն, այսինքն՝ մի քանի, երբեմն նաեւ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են պահանջում:
Երբ արդեն հակառակորդի հարձակման ուղղությունը փոխվեց դեպի ավելի հարավ, վիրավորների հոսքը մեզ մոտ նվազեց, եւ ես վերադարձա իմ հիմնական աշխատանքի վայր՝ «Արթմեդ» բժշկական կենտրոն: Սկզբում վիրավորներին տեղավորում էին զինվորական հոսպիտալում, պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող հաստատություններում, սակայն հետագայում քաղաքացիական հիվանդանոցների ներգրավման անհրաժեշտություն առաջացավ: Եվ մեր կենտրոնում նույնպես կատարեցինք բազմաթիվ վիրահատական միջամտություններ: Ի դեպ, ես ութ տարի աշխատել եմ կենտրոնական հոսպիտալում, պատերազմական իրավիճակում վիրաբուժական ծառայության կազմակերպման եւ մատուցման առումով ունեմ մեծ փորձ, բայց երբեւէ չէի մտածում, որ այդ փորձն ինձ պետք կգա:
Կարող եմ ասել, որ ե՛ւ Վարդենիսի հոսպիտալում, ե՛ւ մեզ մոտ՝ «Արթմեդ» բժշկական կենտրոնում, աշխատանքները բավականին լավ էին կազմակերպված, վիրաբուժական միջամտությունները շատ բարձր մակարդակով էին իրականացվում։ Իհարկե, հաշվի առնելով մեր հնարավորությունները եւ ռեսուրսները:
-Ընտրել եք շատ պատասխանատու, ռիսկային աշխատանք, ընտրության հարցում ուղղորդողներ եղե՞լ են, ձեր արմատներում կան արդյո՞ք բժիշկներ:
-Ամբողջ աշխարհում ընդունված է, որ բժշկի աշխատանքը բարդ է, դժվարին, բավականին մեծ է պատասխանատվությունը։ Չպետք է մոռանալ, որ, դիմելով բժշկին, հիվանդը դրանով իսկ վստահում է նրան, ուստի պարտավոր ես հնարավորինս արդարացնել այդ վստահությունը: Ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը, ապա մանկական, դպրոցական տարիներին երբեւէ չեմ մտածել բժիշկ դառնալու մասին, ավելին՝ շատ երեխաների նման խուսափում էի բժիշկներից: Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ընտրեցի հենց այդ մասնագիտությունը:
Այո, ծնողներս աշխատում են այդ ոլորտում, հայրս բավականին ճանաչված անձնավորություն է բժշկական աշխարհում, երկար տարիներ աշխատել է որպես պրակտիկ բժիշկ ու նաեւ բժշկական համալսարանում բավականին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Նա իմ կյանքում եղել է մեծ ուսուցիչներիցս մեկը, որոշակիորեն ազդել մասնագիտության ընտրության հարցում:
-Իսկ ինչո՞ւ հենց վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտացումն ընտրեցիք:
-Կոնկրետ նեղ մասնագիտացում ընտրելու ժամանակ ես միշտ մտածել եմ, որ չեմ կարող ընտրել թերապեւտիկ ուղղություն, քանի որ ինձ հրապուրում էր վիրաբուժությունը: Վնասվածքաբանի մասնագիտությունն էլ ընտրվեց նույնպես որոշակի հանգամանքներից ելնելով: Ես դեռ ուսանողական տարիներին մի քանի անգամ մասնակցեցի վնասվածքաբանական վիրահատական միջամտությունների, ու դա մասնագիտության ընտրության հարցում հանդիսացավ կանխորոշիչ հանգամանք: Արդեն այսօր, ելնելով տարիների իմ փորձից, կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Գուցե ոմանք ինձ սնահավատ կանվանեն, սակայն չեմ կարող չասել, որ, ընդհանուր առմամբ, ես իմ կյանքում մեծ դեր եմ տալիս դիպվածների, հանգամանքների առկայությանը, որովհետեւ իմ կյանքի, իմ անձնական փորձը ցույց է տվել, որ դրանք որոշիչ նշանակություն ունեն ոչ միայն իմ, այլեւ շատ-շատերի կյանքում:
-Դուք նաեւ դասավանդում եք բժշկական համալսարանում, ուստի ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկությունը հուսալի՞ ձեռքերում է:
-Ընդհանրապես բժշկագիտությունն այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ զարգացում, նոր տեղեկատվություն, նոր մոտեցումներ, ու, եթե բժիշկը նույնիսկ մեկ օր չի զբաղվում իր մասնագիտությամբ, ինքնակրթությամբ, ապա որեւէ լուրջ հաջողության չի կարող հասնել: Իմ կարծիքով, մեծ նշանակություն ունեն նաեւ շրջապատը, հոգատար մարդկանց առկայությունը, որոնք կարող են սկզբնական շրջանում նպաստել բժշկի, մասնագետի կայացմանը: Նրանք իմ ուսուցիչներն են, որոնք նաեւ ինձ հնարավորություն են տվել աշխատել ինքնուրույն, զարգանալ, ինչը առանցքային նշանակություն ունի բժշկի կայացման գործընթացում:
Դասավանդում եմ բժշկական համալսարանում, ու կարելի է ասել, որ ես էլ եմ արդեն այդ երիտասարդների ուսուցչի դերը ստանձնել եւ խնդիր լինելու դեպքում միջամտում եմ, խորհուրդ տալիս, բայց ամեն կերպ փորձում եմ նրանց ինքնուրույն աշխատելու, զարգանալու հնարավորություն տալ, քանի որ առանց ինքնուրույն աշխատանքի արդյունքից հաճույք չես ստանա, առաջընթաց չի արձանագրվի, ձգտում չի լինի: Ի վերջո, նրանք պետք է մոտիվացված լինեն:
Իսկ բժշկագիտությունն ընդհանուր առմամբ մեր երկրում վատ վիճակում չէ, զարգանում է: Իհարկե, ցանկալի է, որ ավելի մեծ ծավալի ռեսուրսներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդկանց կարողանանք օգտակար լինել, բուժել, բարելավել նրանց կյանքի որակը:
Ընդհանրապես վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է, եւ, համեմատած իմ ուսանողական տարիների հետ, կա բավականին լուրջ առաջընթաց: Եթե 30-40 տարի առաջ կարեւորվում էին մարդու գիտելիքներն ու ձեռքերի աշխատանքը, ունակությունները, ապա այսօր դինամիկ զարգացող աշխարհում միայն դրանք բավարար չեն լավ արդյունքներ, առաջընթաց արձանագրելու համար, անհրաժեշտ են նաեւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք, ի դեպ, բավականին թանկ արժեն, իսկ մեզ մոտ առկա է միջոցների սղություն: Բայց, իմ կարծիքով, մեր երկրի առողջապահության ոլորտում առկա են նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս քայլել աշխարհին համահունչ: