Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
ԼՕՌ շրջանի շատ հիվանդություններ ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների
Առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցիկ վիճակ է, որին հասնելու համար չափազանց կարևոր են բուժառուի դրական տրամադրվածությունն ու հիվանդությանը հաղթելու հաստատակամ որոշումը:
Ցավոք սրտի, այսօր ԼՕՌ հիվանդությունները մեզանում բավականին մեծ տարածում են գտել:
Արդի բժշկության մեջ անհատական և համալիր մոտեցման շնորհիվ մեր ԼՕՌ մասնագետները օգնում են լիարժեք հաղթահարել քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրները: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հիվանդությունը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժելը:
«Նյու Մեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական տեխնիկայով՝ այն, ինչ անհրաժեշտ է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների հետազոտության, ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար: ՔԿԱ բոլոր տեսակի հիվանդությունները հետազոտվում և բուժվում են «Նյու Մեդ» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից. լավագույն, իրենց գործին քաջ տիրապետող մասնագետներ, որոնք կօգնեն ազատվել ձեր առողջական խնդիրներից՝ կենտրոնին իր առողջությանը վստահած յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ ցուցաբերելով անհատական վերաբերմունք, հոգատարություն և խնամք:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» և «Նյու Մեդ» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ Տիգրան Տոնականյանը։ Բժիշկ, որի համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և դա է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, ինչպիսի բարդություններով կարող է այն ուղեկցվել, և որ դեպքում է անհրաժեշտ կիրառել նորագույն մոտեցումներ: Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ: Աշխատանքային գործունեության ժամանակ լինում են դժվարություններ, որոշ արգելքների հաղթահարում, հետվիրահատական բարդություններ, բարդ իրավիճակներ, որոնց հաղթահարումը ինքնըստինքյան բերում է կամային հատկանիշների և մասնագիտական պրոֆեսիոնալիզմի: Բժշկի հաջողության գրավականն են մասնագիտական ունակությունները, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, ազնվությունը, գործին նվիրվածությունը:
Մեր զրույցն, ահա, այս հարցերի շուրջ է:
-Պարոն Տոնականյան, ի՞նչ գործառույթներ են իրականցվում ձեր բաժանմունքում:
-Հիմնականում զբաղվում ենք ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր, վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, բացառությամբ կոխլեար իմպլանտացիաների և ականջի թմբկաթաղանթի վիրահատությունների: Մեր գործունեության առանցքային ուղղություններից է նաև քթի և ականջների պլաստիկ վիրահատությունները, որոնք ես հիմնականում համակցում եմ քթի միջնապատի ուղղման հետ, այսինքն՝ կամ կատարում ենք քթի միջնապատի ուղղում՝ համակցված քթի արտաքին դեֆորմացիաների հետ, կամ հակառակը՝ քթի արտաքին դեֆորմացիայի շտկում՝ համակցված միջնապատի ծռվածության հետ: Բաժանմունքում կիրառվող ժամանակակից սարքավորումներն ու բարձրակարգ նյութերը ապահովում են նաև այլ բուժման բարեհաջող ընթացքն ու կրճատում հետվիրահատական շրջանը: Քիթ-կոկորդ-ականջ օրգանները փոխհամակցված են, համարվում են մարդու ամենակարևորագույն օրգաններից, և հաճախ նրանցից մեկի հիվանդությունը կարող է ժամանակի ընթացքում բերել մյուս օրգանի ախտահարմանը։
-Որո՞նք են քիթ-կոկորդ-ականջի ամենատարածված հիվանդությունները:
-Քթի հիվանդություններից հիմնականում դիմում են քթի սուր և քրոնիկ հարբուխների, քթի հարակից խոռոչների բորբոքումների, քթային արյունահոսությունների, շնչառության դժվարացման, վիրուսային կամ ալերգիկ հիվանդությունների, որոշ բարորակ գոյացությունների կապակցությամբ:
Ականջի հիվանդություններից դիմում են սուր և քրոնիկ բորբոքումների, լսողության իջեցման, ականջներում աղմուկի առկայության, արտաքին լսողական անցուղու բորբոքումների կապակցությամբ: Բուժումն արդյունավետ չի կարող լինել, եթե այն տարվի միակողմանի: Պետք է վերացնել քրոնիկ վարակային օջախները, ապահովել ազատ շնչառությունը, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
-Քթի պլաստիկ վիրահատությունն այսօր լայն տարածում ունի: Հատկապես ո՞ր դեպքերում են մարդիկ դիմում այս միջամտությանը։
-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ տարածում ունի քթի պլաստիկ վիրահատությունը, իսկ վերջին տարիներին այս ոլորտը մասնագետների պակաս գրեթե չունի։ Հայաստանում քթի վիրահատության ծավալները միշտ մեծ կլինեն թեկուզ և այն պատճառով, որովհետև ունենք գենետիկորեն մեծ՝ «հայկական» քիթ։
Ռինոպլաստիկայի՝ քթի պլաստիկ վիրահատության մեջ կան փակ և բաց տեսակներ: Կախված մեզ սպասվող արդյունքից և բուժառուի քթի ձևից՝ վիրաբուժական մոտեցման եղանակները տարբեր են լինում։
Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման կատարվի քթային շնչառությունը բարելավող այդ միջամտությունը, քանզի պլաստիկ վիրահատություն կատարելով՝ փաստացիորեն քթի ծավալների փոքրացում ենք կատարում: Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկ վիրահատություններից հետո օդի ներհոսքի ծավալի կրճատում է լինում, ու եթե պլաստիկայի ժամանակ միջնապատը չի ուղղվում, պլաստիկ վիրահատություններից հետո բուժառուն կարող է գանգատվել դժվարացած քթային շնչառությունից: Շնչառական խնդիրները կանխարգելելու համար, անկախ նրանից նախքան պլաստիկ վիրահատության դիմելը բուժառուն գանգատվել է քթային շնչառությունից, թե ոչ, եթե կա քթի միջնապատի անգամ թեթևակի ծռվածություն, որը մինչ այդ չի խանգարել մարդուն, այն պետք է անպայման ուղղել:
-Իսկ ո՞ր դեպքերում են դիմում կրկնակի ռինոպլաստիկայի օգնությանը։
-Կրկնակի ռինոպլաստիկայի դիմում են այն դեպքերում, երբ բուժառուն դժգոհ է սպասված արդյունքից՝ արտաքին տեսքից, շնչառությունից։ Հաճախ մեծ դեր է խաղում հոգեբանական տրամադրվածությունը: Հանդիպում են բուժառուներ, որոնք միշտ դժգոհ են լինում ստացված արդյունքից, մինչդեռ օբեկտիվորեն ակնհայտ խնդիր չկա:
Չենք վիրահատում նաև այն դեպքում, երբ տեսնում ենք, որ վիրահատության դիմում են հասարակության պահանջով կամ ուրիշի դրդմամբ: Իսկ եթե մարդն խելամտորեն է մոտենում խնդրին, պարզապես պլաստիկ կորեկցիա է անում, որովհետև բարդույթավորվում է, օրինակ, քթի ձևից ու վիրահատությունից հետո կհաղթահարի այդ բարդույթն ու ավելի անկաշկանդ կլինի, այդ դեպքում, իհարկե, օգնում ենք: Այդ առումով մեր գործում շատ կարևոր է խորհրդատվությունը, որի ժամանակ անպայման նաև հանգամանորեն քննարկվում են դրական ու բացասական հավանական հետևանքները:
Շատ հաճախ համացանցային պորտալը լրջորեն շեղում է նրանց, հայտնի է, որ այս հարթակը ողողված է հակասական տեղեկատվությամբ։
Մենք աշխատում ենք բուժառուին տալ լիարժեք տեղեկություն, և բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն նա ինքնուրույն հանգում է իր սեփական վերջնական որոշմանը:
-Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են հանգեցնել միջնապատի ծռվածությունը:
-Դժվարաշնչության արդյունքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, սկսում են հաճախակի գլխացավեր, սրտխփոցներ, շուտ հոգնածություն, որի հետանքով նաև՝ հոդացավեր, ընդհանուր թուլություն, չբավարարված քնի զգացողություն, և վերջապես ուղեղի քրոնիկ թթվածնային քաղց, որի հետևանքով նաև հաճախ կյանքի հանդեպ անտարբեր ու դեպրեսիվ տրամադրվածություն: Ու հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ պետք է այս դեպքում դիմել ԼՕՌ բժշկի: Դիմում են սրտաբանների, նյարդաբանների, ովքեր և հետազոտությունների արդյունքում չհայտնաբերելով որևէ այլ խնդիր՝ բացի դժվարաշնչությունից, նրանց ուղղորդում են ԼՕՌ մասնագետի մոտ:
Որպես կանոն, 80-90% դեպքերում քթի միջնապատի դեֆորմացիան համակցվում է ստորին քթային խեցիների հիպերտրոֆիայի՝ մեծացման հետ: Խեցիները շարակցական սպունգանման հյուսվածքներն են, որոնք այտուցվելու, ծավալի փոփոխման հատկություն ունեն: Դեֆորմացված միջնապատի դեպքում դրանք, որպես պաշտպանական մեխանիզմ, մեծանում են: Սովորաբար միջնապատի վիրահատությունները զուգորդվում են խեցիների պահպանողական վիրահատությամբ՝ ենթալորձային մասնահատումով, փոքրացումով: Դրանք լրիվ հեռացնել չի կարելի, ինչպես ընդունված է եղել տարիներ առաջ: Խեցիները կարևոր գործառույթ ունեն. ապահովում են ներշնչող օդի խոնավությունը և ունեն նաև տաքությունը ապահովող և փոշիներից մաքրող գործառույթ: Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ խեցիների հեռացումը հանգեցնում է մի քանի լուրջ խնդիրների՝ ինչպես, օրինակ, քթի խոռոչի քրոնիկական չորացում, կեղևների առաջացում: Այդ պատճառով էլ վիրահատական միջամտությամբ պետք է միայն փոքրացնել խեցիները՝ օդի ազատ հոսքը ապահովելու համար:
-Բժիշկ, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում օտիտը։
-Օտիտը միջին ականջի բորբոքումն է: Առավել հաճախ հիվանդությունն սկսվում է վիրուսային վարակից, որի դեպքում ախտահարվում են վերին շնչուղիները: Վիրուսը վնասում է բերանի խոռոչի, կոկորդի ու քթի լորձաթաղանթներն ու «ուղի է հարթում» բակտերիաների համար, որոնք էլ և առաջացնում են ականջաբորբ: Որպես հետևանք՝ կարող է փոխվել միջին ականջի բարոֆունկցիան և հանգեցնել միջին ականջի բորբոքման:
Արտաքին օտիտները կարող են առաջանալ արտաքին լսողական անցուղու մաքրման, լսողական անցուղու կամ ականջի մաշկի վնասման պատճառով տարած ինֆեկցիայից, ինչպես նաև լողանալուց հետո կամ լողանալիս դեպի արտաքին լսողական անցուղի ջրի ներթափանցումից։ Միջին ականջի սուր բորբոքման հիմնական պատճառներ կարող են դառնալ քթըմպանի բորբոքային գործընթացները, քմային նշիկների հիպերտրոֆիան և քրոնիկ ադենոիդիտը, քթի և հարակից խոռոչների քրոնիկ պաթոլոգիան (սինուսիտ, ռինիտ),տեղային իմունիտետի թուլացումը զանազան հիվանդությունների ժամանակ (ռախիտ, քաշի դեֆիցիտ, անեմիա, էքսուդատիվ դիաթեզ, լեյկոզ, և այլն), հաճախակի կրկնվող ալերգիան, տրավմայի պատճառով դեպի ականջի խոռոչ վարակի ներթափանցումը: Ներքին օտիտը զարգանում է որպես բարդություն միջին ականջի սուր կամ քրոնիկ բորբոքման, որն արդյունք է վնասվածքների կամ ընդհանուր վարակիչ հիվանդության. վերջինի դեպքում հարուցիչը ներթափանցում է ներքին ականջ արյան կամ ուղեղի թաղանթների միջոցով (օրինակ՝ մենինգիտի ժամանակ): Հիվանդության ամենատարածված հետևանքներից մեկը լսողության վատացումն է ։ Հետևաբար գանգատների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել համապատասխան մասնագետի։
-Ո՞ր դեպքերում է հանդիպում ծանրալսությունը։
-Ծանրալսության պատճառագիտությունը բավականին տարատեսակ է լինում։ Լսողությունը, ինչպես գիտենք, սկսվում է արտաքին ականջից։ Ծանրալսությունն առաջանում է ինչպես արտաքին եւ միջին, այնպես էլ ներքին ականջի հիվանդությունների դեպքում: Առաջին երկու դեպքում ծանրալսությունն ունի հաղորդչական բնույթ, այսինքն՝ խանգարվում է ձայնի հաղորդումը: Ներքին ականջի ախտահարումների դեպքում ախտահարվում է ձայնի ընկալումը (սենսոնևրալ ծանրալսություն): Այսպիսի ծանրալսությունը, եթե ունի սուր բնույթ, պահանջում է անհապաղ բուժական միջամտություն: Քրոնիկ սենսոնեևրալ ծանրալսության դեպքում հաճախ պահանջվում են լսողական սարքեր, իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ՝ կոխլեար իմպլանտացիա:
Արտաքին ականջի մի շարք ախտահարումների (անցուղու ստենոզ, օստեոմա, էկզոստոզ) և միջին ականջի ախտահարումների (քրոնիկ միջին օտիտների) դեպքում լսողության վերականգնումը հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։
Այդ ամենը հնարավորություն է տալիս հետազոտել և ախտորոշել ԼՕՌ հիվանդությունների լայն սպեկտր, իսկ վիրահատությունները կատարել՝ չդիմելով արմատական վիրաբուժական մեթոդներին։
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է մնալ ժամանակակից օտորինոլարինգոլոգիայի առավել ակտուալ խնդիրներից մեկը, ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական պլանում: Չնայած օտովիրաբուժության զգալի հաջողություններին և գիտատեխնիկական առաջընթացի նորագույն ձեռքբերումներին (ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ, լսողական սարքերի նոր մոդելներ) լսողական խանգարումներով մարդկանց թիվը, հատկապես երեխաների և դեռահասների շրջանում, մնում է բավականին բարձր:
Լսողության խախտումների ախտորոշումը երեխաների մոտ անհրաժեշտ է սկսել ծնված օրվանից, ինչն էլ տալիս է հնարավորություն ժամանակին բացահայտել խանգարումները, սկսել վերականգնողական աշխատանքները և ներգրավել երեխային խոսակցական միջավայր:
Վաղ ախտորոշման առավել արդյունավետ մեթոդ է նորածնի սքրինինգը, որից հետո հնարավոր է դառնում ժամանակին և լիարժեք բուժման կազմակերպումը:
Լսողության խախտումներ ունեցող երեխաների վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերականգնողական աշխատանքները, որպեսզի երեխան լիարժեք ադապտացվի հասարակության մեջ, և կան հարյուրից ավել տարբեր տարիքային խմբի հիվանդներ, որոնցից առավել բարձր տոկոս են կազմում տարբեր տարիքի երեխաները: Հետվիրահատական շրջանն անցնում է բավարար, անցկացվում են վերականգնողական պարապմունքներ:
Հայաստանում ծնված 1000-2000 երեխաներից ընդամենը մեկն է ունենում բնածին խլություն: Կոխլեար իմպլանտացիան հիմնականում նախատեսված է այն երեխաների համար, ում մոտ դեռ չի ձևավորվել խոսքի կենտրոնը: Այս վիրահատությունը հնարավոր է անցկացնել կյանքի առաջին տարում, որն իր հերթին հանդիսանում է ունիվերսալ աուդիոսքրինինգի հիմնական պատճառ:
-Ձեր բնագավառում շփվելով երիտասարդ կադրերի հետ՝ ի՞նչ կասեք նրանց մասին:
-Մեր ապագա բժշկությունը տեսնում եմ բավականին խոստումնալից ու հեռանկարային դիրքերում և հուսալի ձեռքերում: Ակնհայտ է, որ ունենք հիանալի երիտասարդ մասնագետներ, որոնք աչքի են ընկնում ժամանակակից մտածելակերպով, գիտելիքների մեշ պաշարով, նվիրված են գործին, ավելիին են ձգտում, շատ մեծ ներուժ ունեն և սիրում են իրենց մասնագիտությունը: Երիտասարդներ, որոնք մասնագիտացել են իրենց ոլորտում՝ հաճախ առաջատար երկրներում անցնելով վերապատրաստման մի շարք դասընթացներ։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է առողջապահական բարձրակարգ սպասարկում իրականացնելու և բուժառուին իրապես գոհացնելու համար:
-Ինչպե՞ս կուզեիք ավարտել մեր զրույցը, որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Որպես այս երկրի քաղաքացի՝ մեր պետությանը մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում։
Որպես բժիշկ, մեր հասարակությանը առաջնահերթ մաղթում եմ առողջություն: Հարկ եմ համարում վերստին հնչեցնել, որ ինչպես մյուս, այնպես էլ ԼՕՌ շրջանի շատ հիվանդություններ ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների: Խորհուրդ եմ տալիս աչալուրջ ու հետևողական լինել ու խնամոսվ պահպանել ի վերուստ մարդուն տրված ամենամեծ պարգևը՝ առողջությունը: Չափազանց կարևոր է նաև գտնել այնպիսի մասնագետ, որին կվստահես անվերապահորեն: Բուժառու - բժիշկ փոխադարձ վստահությունը շատ մեծ նշանակություն ու կարևոր դեր ունի և չափազանց նպաստավոր է բուժման ամբողջ գործընթացի համար:
Առողջ եղեք, սիրեք Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց։
Գլաուկոմա. վաղ եւ ճշգրիտ ախտորոշումը կուրությունից խուսափելու երաշխիք
Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ժամանակակից սարքավորումներով հագեցած ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունն է: Կենտրոնը իրականացնում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:
Այն կազմավորվել է 1978թ.-ին` կլինիկայի ղեկավար Սերգեյ Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:
Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում:
Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
Այսօր Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նոր շունչ ստացած գլաուկոմայի բաժանմունքում, որը համալրված է նորագույն տեխհագեցվածությամբ և հարմարավետ բուզննման սենյակներով, մեծ հաջողությամբ կիրառվում են գլաուկոմայի առաջխաղացումը կանխարգելող հեղափոխական մեթոդներ։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ։
Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է։ Նա բժիշկ դառնալու թիվ մեկ պայմանը համարում է ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելը: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք` ժամանակին համընթաց: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես: Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար:
Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:
Վերջերս գլակոմայի բաժանմունքը վերազինվեց, կատարվեց հիմնային բարելավումներ։ Վերանորոգվեցին բոլոր բուժզննման սենյակներն և հիվանդասենյակները, փոփոխվեց թե հետազոտման սենյակների կարգավիճակը, թե դիրքը եւ թե հիվանդասենյակները։ Այժմ կա հետազոտման 9 սենյակ, նախկին՝ երկուսի փոխարեն։
Բժիշկները հետազոտությունները իրականացնում են վերջին սերնդի վերազինված սարքավորումներով։
Ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժինը համալրվել է YAG Laser ARCLASER Q գերմանական արտադրության գերժամանակակից նոր սարքավորմամբ։
Q-Laser-ը հնարավորություն է տալիս բուժել երկրորդային կատարակտը, նեղ և փակ անկյան գլաուկոման: Դինամիկ ֆոկուսի համակարգը հնարավորություն է տալիս ապահովել գերազանց ֆոկուսացում լազերի երեք կետիկների միջոցով։ Սարքը ունի կոաքսիալ լուսավորում, և հնարավոր է կոմբինացնել կլասիկ YAG Laser-ի հետ։
Լազերի ալիքի երկարությունը-1064nm է:
Հետազոտությունների համար ձեռք է բերվել ամենավերջին սերնդի նոր ճեղքային լամպեր, ներակնային ճնշման չափման ամենահարմարավետ ստուգման մեթոդներն են ներգավվել հետազոտությունների մեջ, և հետազոտման մեթոդներից հանվել են նախկինում կիրառվող այն մեթոդները, որոնք անհարմարություն էին ստեղծում պացինտների համար։
Ներակնային տարբեր ներարկումների համար ստեղծվել է ախտահարված սենյակ։ Լազերային սենյակը համալրվել է ամբողջությամբ նոր սարքավորումներով։ Կա գլակոմայի հետազոտման սպեցիֆիկ ստուգումների սենյակ, որի սարքավորումները միակն են տարածաշրջանում:
-Բժշկուհի, գլաուկոման, ըստ ծագման, քանի՞ տեսակի է լինում:
-Գլաուկոման, ըստ ծագման, լինում է առաջնային, երկրորդային եւ բնածին:
Բնածին գլաուկոման երեխաների մոտ զարգանում է ծնված օրվանից մինչեւ 35 տարեկանի շեմը, ինֆանտիլ գլաուկոմա, երբ 3-4 տարեկանից հետո երեխայի մոտ զարգանում է հիվանդությունը, եւ յուվենիլ` երիտասարդական, որը զարգանում է մինչեւ 35 տարեկանը:
Պացիենտներին հավանաբար ավելի շատ կհետաքրքրի առաջնային եւ երկրորդային գլաուկոման, մեկ բառով` սովորական գլաուկոման, որը զարգանում է 50 տարեկանից հետո եւ համարվում է առաջնային:
Կհետաքրքրի նաեւ առաջնային գլաուկոման, որը զարգանում է աչքում առանց որեւէ այլ ներակնային հիվանդության առկայության: Այսինքն՝ զարգանում է ինքն իրեն, քանի որ մարդն ունի այդ գենը, որը պատասխանատու է հիվանդության զարգացման համար։ Այս դեպքում տեսողական նյարդը սկսում է սպեցիֆիկ փոխվել, վնասվել:
Երկրորդային համարվում է այն գլաուկոման, որը զարգանում է աչքում` որպես այլ ներակնային հիվանդության, օրինակ, չբուժված կատարակտի, շաքարային դիաբետի հետեւանք: Երբ ոչ թե ընդհանուր, այլ շաքարային դիաբետը թերի է բուժված, բուժումը լիարժեք չէ, ապա աչքում զարգանում են տարբեր խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել գլաուկոմայի, օրինակ` ներակնային ուռուցքները, բորբոքումները: Եթե առաջնային գլաուկոման բուժելու համար արդի բժշկության մեջ բազմաթիվ մոտեցումներ ունենք, ապա երկրորդային գլաուկոմայի բարդությունն այն է, որ պետք է բուժվի նաեւ բուն հիվանդությունը, որպեսզի հիմնական պատճառը չզարգանա:
Գոյություն ունի գլաուկոմայի բուժման 3 եղանակ, որոնք ուղղված են ներակնային ճնշման իջեցմանը մինչեւ նպատակային ճնշման մակարդակ և եղած տեսողության հնարավորինս պահպանմանը:
Դրանք են՝ դեղորայքային, լազերային եւ վիրահատական: Լազերային բուժման տեսակներից լազերային իրիդէկտոմիայի դեպքում ներակնային հեղուկի արտահոսքը հետին խցիկից դեպի առաջային խցիկ հեշտացնելու նպատակով ծիածանաթաղանթի ծայրամասային հատվածում ձեւավորվում է փոքր անցք: Կատարվում է բբի ֆունկցիոնալ կամ օրգանական բլոկի ժամանակ, կանխարգելիչ նպատակով փականկյուն եւ նեղանկյուն գլաուկոմաների դեպքում։
Իսկ լազերային տրաբեկուլոպլաստիկայի ժամանակ տրաբեկուլյար ցանցի ներքին մակերեսին բազմաթիվ լազերային ազդակներով ազդելով՝ լավանում է ցանցի թափանցելիությունը ներակնային հեղուկի արտահոսքի համար: Կատարվում է բացանկյուն գլաուկոմայի դեպքում:
Եվ վերջապես, դիոդլազերային ցիկլոկոագուլյացիայի ժամանակ լազերով ազդելով թարթչային մարմնի ելունների վրա եւ առաջացնելով դրանց ատրոֆիա՝ նվազեցվում է հեղուկի արտադրությունը: Կիրառվում է ցավացող նեովասկուլյար գլաուկոմայի վերջին փուլում կամ գլաուկոմայի ուշ փուլերում:
Վիրահատությունները բազմազան են և ուղղված են արտահոսքի նոր ճանապարհ ստեղծելու եղանակով` հիմնականում ներակնային հեղուկի արտահոսքը լավացնելուն:
-Եթե աչքերից մեկը բնածին գլաուկոմայով է տառապում, հավանականությունը մե՞ծ է, որ մյուս աչքն էլ կկրի այդ հիվանդությունը:
-Բնածին գլաուկոմայի տեսակները տարբեր են: Կան դեպքեր, երբ ախտահարվում է միայն մեկ աչքը, եւ եթե բժիշկը հետազոտելիս հայտնաբերում է հենց այդ տեսակը, պացիենտին զգուշացնում է, որ երկրորդ աչքը վտանգված չէ: Բայց կա բնածին գլաուկոմայի տեսակ, երբ երկու աչքը միաժամանակ են ախտահարվում, ու նման դեպքերում մի աչքում հիվանդությունը հայտնաբերելուց հետո պացիենտին զգուշացնում ենք, որ մյուս աչքում էլ շուտով գլաուկոմա կլինի, քանի որ կան նախանշաններ, (օրինակ, տարբեր փոփոխություններ) աչքի կառուցվածքում:
Երբեմն հանդիպում են դեպքեր, երբ 14 տարեկանի մոտ է հայտնաբերվում զարգացած գլաուկոմա, քանի որ կարող է տեսողությունը նորմայում լինել, եւ չնկատվի, որ աչքում կան փոփոխություններ, որոնք կբերեն գլաուկոմայի զարգացման։
Այսօր բնածին գլակոման բավականին նահանջել և հետզարգացում է ապրել։ Պետության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրի շնորհիվ մեր մանկական բաժանմունքի և բոլոր բուժկենտրոնների հետ համատեղ անցկացվում է սկրինինգային ծրագրեր։
Մանկաբույժները, նինատոլոգները արդեն տեղեկացված են բնածին գլակոմայի նշաններից եւ առաջին իսկ կասկածելի նշանների դեպքում ուղղորդում են մեր կենտրոնի մանկական բաժանմունք, որտեղ էլ ցուցաբերում ենք անհրաժեշտ բուժօգնությունը։
Բնածին գլակոման դատավճիռ չէ, եւ վաղ կատարվող ցանկացած միջամտություն լավագույն գրավականն է երեխայի տեսողությունը բարձր սանդղակում պահպանելու համար:
-Գլաուկոմայի բուժման ոսկե միջինը Դուք ո՞րն եք համարում:
-Կատարյալ, լիարժեք եւ վերջնական բուժում հնարավոր է իրականացնել վիրաբուժական միջամտության միջոցով: Այն դեպքերում, երբ տեսողական նյարդը մեծ վնասվածք է ստացել, ինձ համար ոսկե միջինը միմիայն վիրահատական միջամտությունն է, իսկ եթե նյարդը դեռ պահպանված է, ապա կարող ենք դիմել դեղորայքային բուժման: Ավելի վաղ փուլում առավել արդյունավետ է շունտավորումը:
-Գլաուկոմայի դեպքում մե՞ծ է կրկնակի վիրահատության հավանականությունը:
-Մեծ չէ, բայց լինում են դեպքեր, որ պետք է կատարվի երկրորդ, երրորդ վիրահատական միջամտությունը: Առաջնային գլաուկոմայի դեպքում մեկ վիրահատությունը բավականին արդյունավետ է: Ընդհանրապես, վիրահատությունը պետք է կատարվի այն դեպքում, երբ մարդը տարիներ շարունակ դեղորայքային բուժում է ստանում, երբ վնասվում է լորձաթաղանթը, որի վրա հետագայում պետք է աշխատես: Կրկնակի վիրահատման կարիք լինում է գլակոմայի այն դեպքերում, երբ գլակոման ինքն իրենից ներկայացնում է խրոնիկ հիվանդություն, երբ ոչ մի ցավային սինդրոմ չեն ունենում, խրոնիկ է ընթացքը, բայց սուր տեսակների դեպքերում էլ ընթանում է սուր ցավերով։ Դրանց հանդիպման հավականությունը շատ նվազել է` կազմելով փոքր տոկոս, արդի լազերային միջամտությունների շնորհիվ։
Մարդիկ հիմնականում ցավային նոպաներ չեն ունենում։ Լինում են դեպքեր, երբ վիրահատված աչքը սպիանում է և պացիենտի` շաքարային դիաբետ, բորբոքային հիվանդություններ, ներակնային այլ բնույթի հիվանդություններ ունենալու դեպքում, դրանց բորբոքային պատճառագիտությունը այնպիսի պատկեր է ունենում, որը վիրահատված հատվածը խցանվում է, փակվում։ Այս դեպքում պահանջվում է կրկնակի վիրահատական միջամտության կարիք։
Բայց այսօր մենք գլակոմայի դեպքում ունենք մեծ ծավալով վիրահատությունների հնարավորություն։
Այսօր կիրառվում է զարգացած շունտավորումը, որը 15 տարի առաջ առաջին անգամ ներդրվեց մեր կենտրոնում։ Եվ այժմ ի ուրախություն մեզ ամբողջ աշխարհը կիրառում է մեր փորձը։ Կիրառվում է խողովակների տեղադրումը, կան լազերային այլ վիրահատություններ, ինչպես նաեւ ներարկումներ` բացարձակ չտեսնող աչքերի համար։
Սարքավորումի կիրառումը ինքնին շատ ավելի թանկարժեք է, ծախսաշատ։ Այն կիրառվում է այն դեպքերում, երբ պարզ վիրահատությունը չի տվել իր արդյունքը։ Այսինքն` սարքավորումը միանգամից տեղադրելն անիմաստ է, այդ իսկ պատճառով սկզբական փուլում կիրառում ենք ավելի օպտիմալ մեթոդները, հետո, եթե նախկինում կիրառվող մեթոդը չի տվել իր ցանկալի արդյունքը, նոր անցնում ենք սարքի տեղադրմանը:
-Ակնային վիրահատությունների համար պետության կողմից աջակցություն կա՞:
-Այո՛, սոցիալապես անապահով խավի, զինվորականների, ուժային կառույցների ներկայացուցիչների գլաուկոմայի վիրահատությունները Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքներով: Բացառություն են կազմում ամենաժամանակակից մեթոդներով արվող վիրահատությունները:
Այսօր պետությունը լիարժեք փոխհատուցում է գլակոմայի վիրահություններր(բացի իմպլանտներից), սոցփաթեթի շահառումերի համար:
Կարծում եմ` մոտ ապագայում իմպլանտերի ձեռքբերումն էլ կընդգրկվի պետպատվերի շրջանակներում։ Մեր կողմից կառավարությանն արդեն ներկայացվել է ծրագիր, որի շրջանակներում պետք է աջակցություն լինի նաև գլակոմայի փոխպատվաստման դեպքում: Հուսամ, որ այդ շրջանակներում էլ կհասնենք մեր նպատակների ի կատար ածմանը:
-Գլաուկոմայի բուժման համար կա՞ն գիտական արդի մոտեցումներ:
-Իհարկե, կան վիրահատական միջամտությունների ավելի արագ եւ արդյունավետ նորարարական մոտեցումներ:
Սովորական շունտավորմամբ բացվում է արտահոսքը։ Կան տարբեր շունտավորման ձեւեր, որոնք ուղղում են դեպի վնասված հատվածները։ Կան նաեւ դեղապատ շունտեր, որոնց օգնությամբ դեղն է ազդեցություն գործում: Բոլորն էլ գիտեն, որ գլաուկոման արդեն վաղուց չի համարվում անբուժելի հիվանդություն, գլաուկոման կատարակտայի հետ զուգորդվելու դեպքում էլ ավելի լավ արդյունքներ է տալիս միջամտությունից հետո:
Մարդիկ հարյուր տոկոսանոց տեսողությամբ ցանկանում են լազերային կորեկցիայի դիմել, բայց լավ կլինի, որ այդպես հանգիստ դիմեն նաեւ մինիմալ ինվազիվ ակնային վիրահատության:
Անընդմեջ կատարելագործվում են գիտական մոտեցումները եւ այն վերելքը, որ եղավ վերջին 10-15 տարվա ընթացքում, գլակոման չէր ապրել մեկ դարվա ընթացքում` թե դեղամիջոցների, թե վիրահատությունների տեսանկյունից։
Նորագույն մեթոդները ներկայացնում ենք կոնֆերանսների ԱՄՆ-ում, Միլանում, Եվրոպական կոնգրեսին։ Մեր ամենանորագույն միջամտությունների արդյունքները, որոնք կիրառում ենք մեր արտերկրի կոլեգաների հետ համատեղ, նորամուծություններ են, որոնց կիրառելիության եւ մոտեցումների մեջ մենք ևս ներգրավված ենք։
Այսօր ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, որոնց սկիզբը դրվել է դեռեւս 90-ականներից։
Այսօր մեր նորանշանակ ղեկավար Հովսեփ Միրոյանը կենտրոնն ավելի վերազինեց նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ էլ բարեգործական ծրագրերն ունեցան շարունակաան բնույթ։
-Բժշկուհի, այսօր գլակոման ապրու՞մ է երիտասարդացում։
-Այո, ցավոք սրտի, կտրուկ աճ է նկատվում։ Այն նույն տոկոսային հարաբերությամբ բավականին հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ եւ նույն էֆեկտիվությամբ էլ բուժվում։
Այսօր մեծ է ԶԼՄ-ների դերը, որոնց օգնությամբ առաջին իսկ նկատելի գանգատների դեպքում դիմում են բժշկի։ Բժիշկներն էլ բավականին գրագետ մոտեցում ցուցաբերելով`կիրառում են համապատասխան դեղամիջոցները և բարեհաջող ընթացք տալիս բուժմանը։
Մեզ բավականին հաճելի է, երբ հիվանդը հավատում է իր բժշկին եւ հետեւողական է բժշկի տված ցուցումներին`
եղած վիճակը նույն սանդղակի վրա պահելու կամ որոշ չափով բարելավելու համար։
-Բժշկուհի, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը հուսալի ձեռքերում է:
-Նշեմ, որ սույն թվականի հունիս ամիս ես ստանձնում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնը, որի արդյունքում էլ ուսանողները էլ ավելի ներգրավվեցին Մալայան կենտրոնում։
Բոլորս էլ քաջ գիտենք, որ մեր կենտրոնը մշտապես եղել է կադրերի պատրաստման դարբնոց։ Այն միշտ ձգտել է պատրաստել որակյալ կադրեր։ Ի ուրախություն մեզ` այսօր ակնաբուժական հիվանդանոցների ղեկավարների գրեթե 99 տոկոսը վերապատրաստում անցել է հենց մեր կենտրոնում։ Այս ավանդույթը կրում է շարունակական բնույթ եւ ավելի մեծ թափ է ստացել մեր նորանշանակ տնօրենի շնորհիվ։
Մեր ուսանողները ականատես են լինում վիրահատարանում անցկացվող վիրահատություններին, ուղիղ միացմամբ տեսնում են վիրահատության ընթացքը։
Տեսական պարապմունքների եւ հարցուպատասխանի շնորհիվ մենք ունենք մոտ 53 կլինիկական օրդիանատոր, 53 պատրատվող ակնաբույժ, ովքեր պետք է իրենց ուրույն ձեռագիրն ունենան ակնաբուժության մեջ:
-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք դառը պարտություն ենք կրել, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա։
Ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Մենք դեռ պիտի հասնենք մեր երազանքների երկրին: Մենք այսօր բավականին լուրջ զարգացումներ ենք ապրում տարբեր ոլորտներում, բայց ունենք ցավոտ տեղ. դա պատերազմն է, որը կարծես թույլ չի տալիս լիարժեք ապրել։
Հույս ունեմ, որ այս կորուստները մեզ կմիավորեն, և մենք միահամուռ ուժերով կծաղկեցնենք մեր երկիրը, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին:
Հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է
Այսօր ակնաբուժության մեջ արդի նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերելու կանխարգելելու և բուժելու աչքի հիվանդությունները:
Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց գնալով ավելանում է տեսողական ծանրաբեռնվածությունը: Մեր օրերում աչքի հիվանդությունները մեծ տարածում են ձեռք բերում:
Համակարգիչը, բջջային հեռախոսը բնության կողմից չնախատեսված լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Արդյունքում` տեսողական խնդիրներն ավելացել են և սկսել են դրսևորվել ավելի վաղ տարիքից:
Արդի ակնաբուժության մեջ աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, և դրանց ախտանշանները կարող են շատ նման լինել միմյանց, ուստի ոչ բոլորն են ի վիճակի լինում տարանջատել դրանք: Այս և այլ հարցերի շուրջ ծավալվեց http://bestgroup.am/ կայքի զրույցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Աչքի հյուսվածքների բանկի տնօրեն ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ, ով իր գործում պրոֆեսիոնալ, բարձր արժեքների կրող բժիշկ է:
Մեծ է նրա առաքելությունը և անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին աչքն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ այն ճակատագրական եւ անդառնալի լինի հիվանդի համար:
Ս․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Աչքի հյուսվածքների բանկը» զբաղվում է փոխպատվաստման համար բարձրորակ աչքի հյուսվածքի որոնմամբ, հավաքագրմամբ, պահածոյացմամբ և առաքմամբ: «Բանկ» սահմանումը ի հայտ է եկել կուտակման և պահեստավորման հետ կապված գործառնությունների անալոգիայով:
Աչքի հյուսվածքների պահպանման տեխնիկայի հիմնադիրը եղել է ուկրաինացի ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը, իսկ գաղափարն ինքնին մշակվել է դոկտոր Թոնվի Պատոնի կողմից, ով 1944 թվականին բացել է առաջին Աչքի հյուսվածքների բանկը ԱՄՆ-ում: Դա բանկ էր, որը բաղկացած էր մի սենյակից՝ սառնարանով, հեռախոսով և պարզ բժշկական սարքավորումներով։ Կարելի է ասել, որ Ֆիլատովը սկսել է եղջերաթաղանթի փոխպատվաստման նոր դարաշրջան՝ սահմանելով եղջերաթաղանթի պահպանման համար հստակ ջերմաստիճան:
Հայաստանում առաջի «Աչքի հյուսվածքների բանկը» ստեղծվել է 1979թ․( Հայաստանի ՍՍՀ-ի ԱՆ հրաման N 991 06.06 1979) Ս․Վ․ Մալայանի Ա․Կ-ում ( այդ պահին կոչվում էր «Աչքի Ռեսպուբլիկական Դիսպանսեռ» ), որը զբաղվել է էմբրիոնալ և մեծահակների եղջերեթաղանթի երկարատև պահածոյացմամբ։ Իսկ եզջերաթաղանթի առաջին փոխպատավաստումը (թափացող կերատոպլաստիկա) Հայաստանում կատարվել է նույն Ակնաբուժական Կենտրոնում 1986 թ․ մեծահասակ հիվանդի մոտ` Ալեքսանդր Մալայանի կողմից։
Այժմ՝ Ս․Վ․ Մալայանի ակնաբուժական կենտրոնում տարեկան կատարվում է մոտ 150-ից ավելի տարբեր տեսակի կերատոպլաստիկա վիրահատություն (թափանցող, շերտավոր)։ Սակայն, եթե լինի դոնորական եղջերաթազանթի տրանսպլանտատի հիմնական աղբյուր և չլինի դրա դեֆիցիտ, կերատոպլաստիկա վիրահատության թիվը կաճի, քանի որ ունենք փոխպատավաստմանը սպասող մեծ թվով հիվանդներ։
Աչքի հյուսվածքների բանկը զբաղվել է նաև գիտական աշխատանքներով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվել է երկու թեզ։
«Долгосрочная консервация эмбриональной роговицы» թեզում նկարագրված է եղջերենու երեք տեսակի երկարատև պահածոյացման եղանակ՝ խորը սառեցում, պահածոյացում գամմա գլոբուլինով և լիոֆիլիզացիա։
Բժշկուհի՝ Անի Համբարձումյանի պաշտպանած թեզում /«Применение силиковысушенной амниотической мембран при лечебно-пластических операциях на глазном яблоке и веках». (2010г)/ նկարագրված է ամնիոտիկ (սաղմնապարկի) թաղանթի ներդրման սկբունքները, մշակման և պահածոյացման հիմունքները և նրա կիրառումը ակնաբուժական պրակտիկայում։
2004թ Աչքի հյուսվածքների բանկը նաև մշակել է Ռացիոնալիզատորական առաջարկ «Եղջերեթաղանթի տրանսպլանտատի վերցման եղանակ», որտեղ նկարագրված է դոնորական եղջերենու ճիշտ անջատելու ձևը, պահպանելով վերջինիս շերտերի ստրուկտուրան, որը պիտանի կլինի պոխպատվաստման համար։
2007թ․ առաջին անգամ Հայաստանում ներդնելով ամնիոտիկ մեմբրանի մշակումը և կիռարումը՝ ձեռք է բերել
«Սաղմնապակի պահածոյացման գյուտի» ԱՐՏՈՆԱԳԻՐ,
որտեղ նկարագրված է ամնիոտիկ թաղանթի մշակման և պահպանման ձևը։
Նկ. 2. Եղջերենու բացակայություն հալեցման հետևանքով,
ոսպյակի մերկացում արտակման վտանգով
3. Արտանկված ոսպնյակ, աչքի մերկ մակերես, ապակենման մարմնի թելի
նկ. 4. Աչքի մակերեսի ծածկում կոնյունկտիվալ լաթով` աչքը որպես օրգան փրկելու նպատակով
նկ. 5. Վիճակ կերատոպլաստիկա վիրահատությունից հետո, երբ ձեռք բերվեց
դոնորական եղջերաթաղանթ
Նկ. 6․ 3 շաբաթ անց կերատոպլաստիկայից հետո, տեսողությունը 0.1 կորեկցիայով
(հիվանդը, բացի աչքի փրկվելուց, ունեցավ նաև տեսողություն)
Հիվանդ 2
Եղջերաթաղանթի աշխարհագրական հերպետիկ խոց, էկտազիա
( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)
Հիվանդ 3. Եղջերենու խիստ բարակեցում՝ դեսցեմետոցելե, թափածակման վտանգ
( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)
Հիվանդ 4. Եղջերենու ալկալային այրվածք (щелочной ожог роговицы)
( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)
Հիվանդ 5. Եղջերենու թափածակում, ծիածանաթաղանթի արնկումով ( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)
-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում կերատոպլաստիկան։
-Կերատոպլաստիկան՝ /փոխպատվաստում/ վիրահատություն է, որն իրենից ներկայացնում է հիվանդ եղջերաթաղանթի փոխարինումը դոնորից վերցված առողջ եղջերաթաղանթով: Գործողությունը հիմնականում ուղղված է տեսողության սրության վերականգնմանը, եւ երբեմն որպես տեսողական օրգան, ակնագնդի պահպանմանը:
Արդեն տասնյակ տարիներ է, ինչ Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում, մասնավորապես մեր՝ բորբոքային հիվանդությունների բաժանմունքում, կատարվում է եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ-կերատոպլաստիկա: Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնը սերտորեն համագործակցում է Ֆլորիդա նահանգի, Տամպա քաղաքի “LIONS EYE BANK” աչքի բանկի հետ, որտեղից էլ ձեռք է բերվում դոնորական եղջերաթաղանթը:
Կերատոպլաստիկան իրականացվում է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են կերատոկոնուսը, եղջերաթաղանթի պելլյուսիդ մարգինալ դեգեներացիան, եղջերաթաղանթի սպիական փոփոխությունները, տարբեր տեսակի կերատոպաթիաները՝ բուլյլոզ և ժապավենաձև, եղջերաթաղանթի հետայրվածքային սպիերը, ինչպես նաև եղջերաթաղանթի խոցեր, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժման և պահանջում են հրատապ վիրաբուժական միջամտություն:
Տարբեր տեսակի փոխապատվատումներից հետո հետվիրահատական շրջանը գրեթե չի տարբերվում, բոլոր դեպքերում էլ պետք է հետևողական լինել: Պացիենտները հսկողության տակ են լինում ընդուպ մինչև մեկ տարուց ավել: Իսկ վերին շերտերի փոխպատվաստման դեպքում շատ ավեի քչանում է օտարման հավանականությունը: Ամբողջ շերտերը փոխելու դեպքում օտարման հավանականությունը ավեի մեծանում է, քանզի այս դեպքում ավելի շատ հյուսվածք է տալիս դեցիպիենտդին:
Աչքի եղջերաթաղանթի վիրահատությունների դեպքում հետվիրահատական, վերականգնման շրջանը, որպես կանոն, տևում է երկար : Սակայն, այս շրջանում պացիենտը պարտադիր պետք է լինի բժշկի վերահսկողության ներքո, այցելի պլանային հետազոտությունների՝ աչքի հատակը և տեսողության սրությունը ստուգելու համար:
-Կարո՞ղ ենք ասել, որ երիտասարդացել են աչքի հիվանդությունները:
-Բոլոր հիվանդություններն են երիտասարդանում, այդ թվում` աչքի հիվանդությունները` տեխնիկայի այս գլոբալ զարգացմանը զուգընթաց:
Այո, այսօր բավականին շատ են նկատվում աչքի բոլոր հիվանդությունների երիտասարդացման միտում:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։
-Ընդհանրապես բժշկագիտությունն այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ զարգացում, նոր տեղեկատվություն, նոր մոտեցումներ, ու, եթե բժիշկը նույնիսկ մեկ օր չի զբաղվում իր մասնագիտությամբ, ինքնակրթությամբ, ապա որեւէ լուրջ հաջողության չի կարող հասնել: Իմ կարծիքով, մեծ նշանակություն ունեն նաեւ շրջապատը, հոգատար մարդկանց առկայությունը, որոնք կարող են սկզբնական շրջանում նպաստել բժշկի, մասնագետի կայացմանը:Ունենք բավականին խելացի, պրպտող, գտնող երիտասարդ կադրեր: Ինձ թվում է միակ դժվարությունը այն կլինի, որ իրենք իրենց պացինետը <<դյուրին գտնեն>>, վիրաբուժության մեջ մեծ փորձ ձեռք բերեն և ունենան իրենց ուրույն ձեռագիրը։
-Աչքի հիվանդություններն իրենց հերթին ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:
-Տեսողության միջոցով մարդը ստանում է արտաքին միջավայրի մասին ինֆորմացիայի 80 տոկոսից ավելին: Կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է: Տեսողական խնդիրներն ազդում են նյարդային համակարգի, տրամադրության, հոգեբանության, տարածության մեջ կողմնորոշվելու, սոցիալական ադապտացիայի և շատ օղակների վրա` մեծապես իջեցնելով մարդու կյանքի որակը:
-Եվ որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ հասարակությունը լինի միշտ առողջ եւ ինքնաբավ, հասկանա, որ իր կյանքն իր ձեռքում է, սիրի իր եսը, լինի կամեցող: Իրականում շահում է նա, ով ավելի դիմացուն է ու կամեցող: Կցանկանամ լինեն ավելի համբերատար, սիրեն իրենց եւ իրենց շրջապատող աշխարհը: Կցանկանամ, որ միշտ երջանիկ և առողջ լինեն, կանխարգելիչ նպատակով պարբերաբար այցելեն բժշկի: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:
Իմ առաքելությունը այս աշխարհում բուժօգնության բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելն ու մարդուն օգնելն է
Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ճարպակալումը դարձել է մեծ տարածում ունեցող խնդիր` լուրջ սպառնալիք հանդիսացող դարի հիվանդություն, որի դեմ անհրաժեշտ է պայքարել:
Ճարպակալումն ինքնին զուտ էսթետիկ խնդիր չէ, այն խրոնիկ հիվանդություն է, որը պատճառ է հանդիսանում բազում այլ հիվանդությունների առաջացման համար: Այն սովորաբար հանգեցնում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոգեբանական բարդությունների և այլ հիվանդությունների առաջացմանը:
Ըստ մասնագետների` ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի կալորիաները գերազանցում են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ կալորիաների քանակությանը: Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները` բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ, ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպով, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ:
Մեծ հաշվով, ճարպակալման դեմ պայքարի ժամանակակից մոդելը մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք է, որի ընթացքում պետք է կիրառել բոլոր հասանելի մեթոդները՝ սկսած սովորությունների փոփոխումից մինչև վիրաբուժական միջամտություններ:
Այս և այլ խնդիրների շուրջ http://bestgroup.am/ կայքը զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ ՆԱՐԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, լավ կազմակերպված աշխատանքի շնորհիվ կատարում է հիվանդների ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում` նրանց վերադարձնելով կյանքի մեծագույն պարգեւներից մեկը` առողջությունը:
-Բժշկուհի, ճարպակալման խնդիրների հետ Հայաստանում բախվում է ամեն երրորդ մարդ: Ո՞րն է խնդրի նման լայն տարածվածության պատճառը և ի՞նչ լուծումներ եք առաջարկում պացիենտներին:
-Ճարպալակումը, այսօր, իսկապես, բավականին լուրջ մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Այո, մենք առնչվում ենք նաև գենետիկական գործոնով պայմանավորված ճարպակալման դեպքերի հետ, բայց իրականում ճարպակալման տեսակարար կշռի մեջ դրանք մեծ տոկոս չեմ կազմում՝ 5-10 տոկոս: Տարիների ընթացքում ճարպակալման պատճառները մնացել են անփոփոխ՝ ֆիզիկապես ոչ ակտիվ, նստակյաց կյանք, սննդի չարաշահում՝ քաղցրավենիք, ճարպոտ սնունդ և մրգեր:
Ճարպակալմանը նպաստող գործոններից է նաև ոչ վաղ քնելը, քանի որ գիշերն արտադրվող մելատոնին հորմոնը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նորմալ քաշի պահպանմանը: Այսօր բավականին քիչ է ֆիզիկական ակտիվությունը, բոլորը ձգտում են ոտքով չքայլել, վարել մեքենա:
Որոշ հիվանդություններ կարող են նպաստել ճարպակալմանը, օրինակ վահանաձև գեղձի թերֆունկցիան, քանի դրա ժամանակ դանդաղում է նյութափոխանակությունը։ Սակայն մեր փորձը ցույց է տվել, որ վահանաձև գեղձի թերֆունկցիայի ժամանակ ճարպակալում հազվադեպ է դիտվում:
Կան որոշ հիվանդություններ, օրինակ Կուշինգի հիվանդությունը (նաև Կուշինգի համախտանիշ), որը բերում է մակերիկամներում գլյուկոկորտիկոիդների գերարտադրությանը, ինչը բերում է հիվանդագին ճարպալակման և տարբերվում է սովորական ճարպակալումից: Պացինտներն ունենում են կիսալուսնաձև դեմք, մարմնի ճարպակալում և ավելի բարակ վերջույթներ: Ի դեպ, նման ճարպակալում կարող է առաջանալ նաև գլյուկոկորտիկոիդ հորմոնների (օր․ պրեդնիզոլոն) ավելցուկի ընդունման արդյունքում։
Բայց հիմնականում ճարպակալաման ժամանակ դիտվող հորմոնալ շեղումները հետևյալն են՝ հիպերինսուլինեմիա, հիպերպրոլակտինեմիա, ձվարանների ֆունկցիայի մարում։
Հիպերինսուլինեմիայի ժամանակ դեռևս չկա շաքարային դիաբետ, սակայն ճարպակալման հետևանքով բջիջները դառնում են ոչ զգայուն նորմալ քանակի ինսուլինի նկատմամբ և, որպեսզի գլյուկոզայի մակարդակը նորմայի սահմաններում պահպանվի, ենթաստամոքսային գեղձը սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել գլյուկոզայի մակարդակը կանոնակարգելու համար, և արդյունքում այդ բարձր ինսուլինի մակարդակը հյուսվածքներում բերում է ճարպի կուտակման, և հետագայում, եթե այդ խնդիրը չի շտկվում, պացիենտի մոտ կարող է զարգանալ շաքարային դիաբետ: Այսինքն՝ դառնում է արատավոր շղթա՝ ճարպակալումը բերում է հիպերինսուլինեմիայի, հիպերինսուլինեմիան խորացնում է ճարպակալումը։
Ճարպակալումը բերում է մետաբոլիկ սինդրոմի զարգացմանը: Այն սիմպտոմոկոմպլեքս է, որի ժամանակ դիտվում է բարձր խոլեստերինի մակարդակ, բարձր գլյուկոզա, զարկերակային գերճնշում, քաշի ավելցուկ: Այս սինդրոմը կարող է բերել նաև անոթներում աթերոսկլերոզի առաաջացմանը, այդ թվում կորոնար անոթների, հանգեցնելով սրտամկանի ինֆարկտին, նաև շաքարային դիաբետի։ Ճարպակալման ժամանակ երբեմն դիտվում է նաև երկաթի դիֆիցիտ: Այս դեպքում քաշի իջեցմանը նպաստում են նաև երկաթի պրեպարատների ընդունումը։
Նշենք նաև, որ կանանց մոտ 40 տարեկանից հետո աստիճանաբար սկսում է մարել ձվարանների ֆունկցիան, իսկ էստրոգենները նաև մետաբոլիկ հորմոններ են, որոնք խթանում են նյութափոխանակության գործընթացը , և, բնականաբար, մարելու հետ զուգընթաց ճարպակալման հավանականությունը մեծանում է:
Երբ դաշտանադադարի շրջանում կինը բավականին գիրանում է, և իրեն դիետոթերապիան չի օգնում, այդ դեպքում իրականացվում է գինեկոլոգի հետ համակցված աշխատանք և քննարկվում հակաբեղմնավորիչների նշանակման հավանականությունը:
Ճարպակալմանը նպաստող մյուս հաճախ հանդիպող հորմոնալ խնդիրների շարքին է դասվում նաև պրոկլատինի բարձրացումը կամ հիպերպրոկլատինեմիան:
Եթե ճարպակալման պատճառը լինում է հիպերինսուլինեմիան, նշանակվում է ինսուլին իջեցնող պրեպարատ, եթե հիպերպրոլակտինեմիան՝ պրոլակտինը իջեցնող դեղորայք։ Սակայն անկախ պատճառից ճարպակալման բուժման մեջ ամենակարևորը մնում է դիետոթերապիան, ֆիզիկական ակտիվությունը:
Այսօր իմ պրակտիկայում կան շատ պացինտներ, ովքեր ունեն քաշի ավելցուկ, և մենք փորձում ենք ճիշտ սննադակարգով, մեր մասնագիտական խորհուրդներով արձանագրել քաշի իջեցում, որպեսզի հետագայում հիվանդը չբախվի շաքարային դիաբետի կամ սիրտ-անոթային հիվանդությունների հետ:
Պետք է լրջորեն վերաբերվել խնդրին և ակտիվ պայքարել ճարպակալման դեմ:
Այսօր աշխարհում մեծ տարածում են գտնում ճարպակալման դեմ պայքարի վիրահատական մեթոդները: Հայաստանում՝ նույնպես: Լինում են դեպքեր, երբ պացիենտը ի զորու չէ սննդակարգ պահպանել, զբաղվել ֆիզիկական ատիվությամբ: Երբ դեղորայքային բուժումն էլ իր ազդեցությունը չի տալիս, այդ դեպքում դիմում են արդեն բարիատրիկ վիրահատությանը, որը շատ դեպքերում իրոք բավականին էֆեկտիվ է և կիրառվում է ամբողջ աշխարհում: Պետք է ուղղակի հետվիրահական շրջանում լինել բժշկի հսկողության տակ, ընդունել վիտամինային կոպլեքսներ:
Վիրահատությունները բաժանվում են երկու խմբի. վիրահատություններ, որոնք բերում են ընդունվող սննդի ծավալի նվազման և վիրահատություններ, որոնք բացի այդ` նվազեցնում են նաև աղեստամոքսային տրակտից ներծծման հնարավորությունները: Ստամոքսի օղակավորումը, ծալքավորումը և երկայնակի մասնահատումը ՝ sleeve gastrectomy-ն, ճարպակալման դեմ պայքարի առաջին տիպի վիրահատություններից են:
-Բժշկուհի, խոսենք մազակալումից և դրա պատճառագիտությունից:
- Հիրսուտիզմը՝ մազակալումն ունի տարատեսակ պատճառագիտություն: Ըստ մեր ամենօրյա պրակտիկայի, առաջնային հանդիպող պատճառներից է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որն էլ իր հերթին դրսևորվում է մի քանի սիմպտոմներով: Առաջինը դաշտանային ցիկլի և օվուլացիայի բացակայությունն է, միջինում՝ տարին 3-4 անգամ: 2-րդը՝ սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ ձվարաններում պոլիկիստոզի պատկերն է, 3-րդը՝ մազակալումը։ Եթե վերը նշված սիմպտոմներից 2-3-ը դրական են, բժիշկը արդեն կարող է դնել դիագնոզ: Հաճախ պոլիկիստոզի ժամանակ հիվանդներն ունենում են ավելցուկ քաշ, բայց ոչ միշտ։
Պոլիկիստոզը համարվում է գենետիկ սինդրոմ, որի բուժումը իրականացվում է գինեկոլոգի և էնդոկրինոլոգի համատեղ աշխատանքի արդյունքում:
Մազակալման կարող են հանգեցնել նաև այլ հիվանդություններ, օրինակ պրոլակտինի գերարտադրոթյունը, վահանաձև գեղձի դիսֆունկցիաները: Սակայն ամենաշատ հանդիպողը մակերիկամների ոչ օրգանական՝ ֆունկցիոնալ բնույթի խանգարումներն են, հիմնականում պայմանավորված սթրեսի հետևանքով առաջացած մակերիկամի ֆունկցիոնալ գերակտիվությոամբ (սթրեսի ժամանակ սթրեսի հորմոն կորտիզոլի գերարտադրությանը զուգահեռ զարգանում է նաև մակերիկամային արական հորմոնների գերարտադրություն, ինչն էլ կարող է բերել մազակալմանը): Իհարկե մակերիկամի օրգանական խանգարումները, օրինակ Կուշինգի սինդրոմը, մակերիկամի ուռուցքները, ֆերմենտոպաթիաները, նաև ձվարանների ուռուցքները ևս բերում են ավելորդ մազակալման, սակայն սրանք հազվադեպ են հանդիպում։
Իհարկե, լինում են նաև գենետիկ պատճառներով պայմանավորված մազակալման դեպքեր, նաև մազակալում, որի պատճառագիտությունը հայտնի չէ: Բնականաբար, եթե բուժող էնդոկրինոլոգը գտնում է պատճառը, նշանակում է համապատասխան դեղորայքային բուժում:
Իսկ արդյոք բուժումից հետո մազերը թափվում են, թե ո՞չ: Դա բավականին ինդիվիդուալ է, լինում են դեպքեր, երբ թափվում են, լինում են դեպքեր, որ պետք է կոսմետոլոգի հետ զուգահեռ աշխատանք տանել և դիմել տարբեր մազահեռացման միջոցների: Իսկ եթե ունենք վահանաձև գեղձի խնդիր, պետք է խուսափել լազերային էլեմետներ պարունակող միջոցներից:
Լինում է նաև դեղորայքային հիրսուտիզմ, որն առաջանում է կորտիկոստերոիդների և այլ դեղամիջոցների (հիմնականում հորմոնային) ընդունման հետևանքով: Այդ ժամանակ՝ բուժման ընթացքում, առաջին իսկ հնարավորության լինելու դեպքում պետք է դադարել ընդունել այդ դեղամիջեցները, կամ փոխարինել դրանք մեկ ուրիշով:
Սակայն խիտ մազածածկույթը ոչ միշտ է որևէ ախտաբանության նշան: Երբեմն դա կարող է պայմանավորված լինել նաև գենետիկ հակվածությամբ: Այս դեպքում լինում է ընտանեկան կամ գենետիկ հիրսուտիզմ:
-Եվ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը և հորդորը մեր հասարակությանը:
-Ըստ իս, բժշկի մասնագիտությունը տարիների ընթացքում վերածվում է առաքելության: Տարիների ընթացքում ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնց վրա է պետք կենտրոնանալ և հաղթահարել: Չեն մոռացվում միայն չլուծված խնդիրները: Դրանք չեն էլ կարող մոռացվել, որովհետև ես դրանց լուծումը դեռ փնտրում եմ: Միգուցե նաև սա է այն շարժիչ ուժը, որը ինձ տարբեր ափեր է գցում լուծումներ փնտրելու և չլուծված խնդիրները չմոռանալու համար: Ես ինքս ինձ համար ամրագրել եմ, որ իմ առաքելությունը այս աշխարհում բուժօգնության բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելն ու մարդուն օգնելն է:
Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ ես կարծում եմ, որ բժշկությունը վերջ չունի, իսկ բժիշկը տեղում դոփելու իրավունք չունի: Ներկայումս ինձ համար ես գերխնդիր եմ համարում հնարավորություններիս սահմաններում միջազգային վերջին ձեռքբերումները «ծաղկաքաղի» տեսքով Հայաստանում ներդնելը, դրանց մեր իրականությանը ադապտացնելը և կիրառելը:
Նորագույն տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում ինչպես ուսման, այնպես էլ գործնական աշխատանքի համար: Կարծում եմ, որ ցանկության դեպքում սովորելու հնարավորություն միշտ կա:
Կհորդորեմ մեր հայրենակիցներին վարել ակտիվ կենսակերպ, ֆիզիկական ատիվություն ձեռք բերել, ունենալ ճիշտ սննակարգ, աշխատել քիչ առնչվել սթրեսային իրավիճակների հետ և լինել ուրախ ու երջանիկ:
Առողջ եղեք, սիրեք Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց:
Մարդը դիմում է տարբեր բժիշկների, որոնք կա՛մ առանձնապես ոչինչ չեն հայտնաբերում, կա՛մ հայտնաբերածը չի համապատասխանում հիվանդի գանգատներին, ուստի շատ դեպքերում առաջնային օղակի մասնագետները խորհուրդ են տալիս այցելել հոգեբանի կամ հոգեբույժի:
Եթե Ձեզ անհանգստացնում են վերոնշյալ խնդիրները, կարող եք դիմել «Magnus» կենտրոն:
Այն հիմնադրվել է 2019 թվականին, մի խումբ մասնագետների կողմից՝ բ.գ.թ., դոցենտ Մ. Յ. Թադևոսյանի գլխավորությամբ:
«Magnus» կենտրոնի ստեղծման նպատակն է` մոդելավորել բժշկահոգեբանական համալիր մոտեցում այն մարդկանց նկատմամբ, որոնք օգնության կարիք ունեն, այսինքն` ունեն բուժման և վերականգնման կարիք:
«Magnus»-ը հնարավորություն է ընձեռում բուժական և վերականգնողական ծրագրերն իրականացնելու արտահիվանդանոցային պայմաններում, ինչի շնորհիվ բուժման ընթացքում հիվանդներն ապրում են բնականոն կյանքով:
Ի դեպ՝ «Magnus» կենտրոնում պացիենտները հնարավորություն ունեն ընտրելու բուժման տարբեր մեթոդներ:
Բուժման պրոցեսի արդյունավետությունն ապահովելու նպատակով հաճախ ներգրավվում են նաև պացիենտի ընտանիքի անդամները, քանի որ բուժման ընթացքը և ելքն ուղղակիորեն կախված են ընտանիքում ճիշտ փոխըմբռնումից և հաղորդակցությունից:
Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կենտրոնում հնարավորություն կա դիմելու նաև ընտանեկան բժշկի, մանկական հոգեբույժի և դեռահասների հոգեբանի օգնությանը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդի անձնական տվյալների գաղտնիությանը:
Գրանցման և մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
Այսօր մեր հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանությունը բարձր մակարդակի վրա է գտնվում
Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանությանը վերաբերող բոլոր միջոցառումները: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Հիվանդության բուժման գործում, իհարկե, կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Մեր տարածաշրջանում քիթ-կոկորդ-ականջաբանության բժշկության այս ճյուղի ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը (ծավալը): Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հետվիրահատական բարդություններից, չհիմնավորված վիրահատական միջամտություններից։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը ստեղծվել է դեռևս Հայաստանի համար դժվարին տարիներին, ունի հաստատուն և լայն միջազգային կապեր արտերկրի առաջատար բժշկական կենտրոնների հետ: Բաժանմունքի գլխավոր ձեռքբերումներից է նաև խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սքրինինգի երկու պետական ծրագրերի ներդրումը, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կլինիկաներում և այդ երկրների մասնագետների հետ համատեղ իրականացնում մի շարք գիտահետազոտական նախագծեր:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկաներով, որն էլ հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների գրեթե ամբողջ ծավալը՝ նորագույն մեթոդների կիրառմամբ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում քիթ-կոկորդ-ականջաբանության ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցը քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար ԳԵՂԱՄ ԽԱՆԴԱՆՅԱՆՆ է, բժիշկ, ում ուսերին դրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդասիրական շատ մեծ ծանրաբեռնվածություն:
Պարոն Խանդանյանի պես բժիշկների կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն օգնել եւ օգնում է մեր ժողովրդին համավարակի ծանր ու լարված օրերին:
Բժիշկների անմնացորդ նվիրումը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը նպաստեցին հազարավոր հայորդիների ապաքինմանը դաժան պատերազմական օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում: Բարեխղճորեն կատարելով իրենց ամենօրյա աշխատանքը՝ նրանք մարդկանց վերադարձնում են հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի որակի բարձրացմանն ու վերաիմաստավորմանը:
Ցանկացած իրավիճակում արժևորվել և բարձր են գնահատվել բուժաշխատողների աշխատանքն ու դերը, բազում անքուն գիշերների, ծանր հերթապահությունների, գերլարված աշխատանքային օրերի լավագույն արդյունքն ապաքինված քաղաքացիներն են, փրկված մարդկային կյանքերը:
- Պարո՛ն Խանդանյան, Ձեր մասնագիտությունը, իհարկե, ունի որոշակի յուրահատկություններ, Դուք գործ եք ունենում անատոմիապես երեք փոխկապակցված օրգանների հետ, դժվար չէ՞ տարբերակալել, թե հատկապես որտեղ է գտնվում բորբոբոքային կամ խնդրահարույց օջախը:
- Դուք ճիշտ նկատեցիք, որ դրանք իրապես միմյանց հետ կապված օրգաններ են, որոնք համակցված են մի մասնագիտության մեջ: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաև բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձևով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու երբ հիվանդը դիմում է մեզ որևէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաև համակցված բուժում: Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում գերակա խնդիրներ միշտ էլ եղել են եւ կան, քանի որ այն հանդիսանում է երեք օրգան համակարգերի փոխհամակցվածություն եւ եթե տարանջատենք դրանք, կարծում եմ սխալ կլինի, քանզի նրանցից յուրաքանչյուրի ֆունկցիայի խանգարումը բերում է մյուս օրգան համաակարգերի խանգարման:
Այսօր, արդի գերակա խնդիր կարող ենք համարել վիրուսային ինֆեկցիաները, որոնք սկսվում են վերին շնչառական ուղիների ախտահարմամբ, քանզի, վերջին տարիներին, մեր ազգաբնակչության 90 տոկոսից ավելին առնչվեց կովիդ 19 համավարակի հետ։ Վերջերս նաեւ օմիկրոն վիրուսը՝ ի հայտ եկավ իր դրսեւորումներով, որի զարգացման տենդենցը նույնն է, ինչպես կովիդինն է։ Հիվանդությունը ընթանում է նույն ախտանիշներով՝ վերին շնչուղիների ախտահարմամբ։ Վիրուսային խնդրով դիմողների քանակը շատացել է, բայց, բարեբախտաբար, այն ավելի թեթեւ է ընթանում, քան՝ նախկինում էր, եւ մահացության դեպքերի հետ էլ, Փառք Աստծո չենք առնչվում:
Վերը նշված վիրուսների դեպքում, բացի վերին շնչուղիների ախտահարումից, կարող են ի հայտ գալ նաեւ այլ օրգան-համակարգերի ախտահարումներ։ Ասեմ, որ շատացել են ռինոսինուսիտների դեպքերը, որն էլ իր հերթին ունի իր սյուբեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները, որն էլ կրկին պայմանավորված է վիրուսային հիվանդությունների տարածվածությամբ․ թե շրջակա միջավայրի ախտոտվածության, թե այլ վիրուսային հիվանդությունների շատացման հետ։ Իհարկե, բնականաբար, դրանց շատացումը սեզոնային բնույթ է կրում, եւ հանդիպում են աշնան, ձմռան եւ գարնան ամիսներին, բայց առավել խնդրահարույց է դրանց բուժումը, քանզի բժշկին դիմում են արդեն բարդացած դեպքերում։ Իհարկե, բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ վաղ դիմելու դեպքում կխուսախենք բարդություներից, եւ բուժման ընթացքը կանցնի ավելի դյուրին եւ խոստումնալից։
- Բժի՛շկ, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ բժշկության քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը Հայաստանում բարձր դիրքերում է, և կարող է համաչափ քայլել եվրոպական ստանդարտներով։
- Մեր հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ կատարվում է խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան), որը 2004 թվականից ներդրվեց «Էրեբունի» կենտրոնում։ Ծրագիրը կյանքի կոչվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, Հայկական Միջազգային Բժշկական Հիմնադրամի նախագահ Սալբի Ագարակյանի, Կալիֆորնիայի UCLA համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման եւ բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի համագործակցության արդյունքում:
Անցկացվող սկրինինգայինի ծրագրի արդյունքում նորածիների մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց կրկին հետազոտվում են: Եթե պարզվում է, որ նորածնի մոտ լսողական խնդիրները շարունակվում են, ըստ խնդրի աստիճանի որոշվում է. կամ իրականացնել խխունջային ներպատվաստում, կամ սարքերի միջոցով շտկել խնդիրը: Նորածնի մոտ որքան արագ իրականացվի ախտորոշումը, այնքան արդյունավետ կլինի բժշկական միջամտությունը և ճիշտ ժամանակին կընդգրկվի հասարակության մեջ (մանկապարտեզ, դպրոց և այլն): Արդյունքում նրանք դառնում են հասարակության լիիրավ անդամ:
Լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար: Խխունջային սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում: Վերջինս իր տեսակով համակարգչային սարք է և, կարգավորելով այն ըստ լսողության աստիճանի, հիվանդի համար ապահովում է լիարժեք լսողություն: Երեխայի տարիքին զուգահեռ՝ լսողության շեմը բարելավվում է, և անհրաժեշտություն է առաջանում համակարգչի օգնությամբ կարգավորել լսողության մակարդակը: Ականջի դրսի հատվածում տեղադրված էլեկտրոնային սարքը պարբերաբար լիցքավորվելու անհրաժեշտություն ունի:
Խխունջային ներպատվաստումից հետո հիվանդը բավարար չափով չի կարող հասկանալ և ընկալել շրջապատի խոսքը: Վիրահատությունը հանդիսանում է այդ ամբողջ գործընթացի միայն առաջին փուլը: Խոսքի լիարժեք ձևավորման համար, հետագայում, շատ մեծ աշխատանք ունեն կատարելու սուրդոմանկավարժները: Նրանք սովորեցնում են երեխաներին ճիշտ ընկալել խոսակցական և ձայնային ազդանշանները: Հետվիրահատական շրջանում մեծ է նաեւ ծնողների դերը: Նրանք պետք է սերտ համագործակցեն սուրդոմանկավարժների հետ:
- Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ` կարո՞ղ եք ասել, այսօր ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
- Պետք է նշեմ, որ ականջի քրոնիկ հիվանդությունները`օտիտները, բավականին շատացել են եւ դրանք սեզոնային բնույթ են կրում, ինչպես նաեւ ծանրալսության դեպքերը, մանավանդ` հանկարծակի ծանրալսությունները, որոնք, ցավոք սրտի, վերջին շրջանում ի հայտ են գալիս հատկապես երիտասարդների մոտ: Լինում են նաեւ ծանրալսության դեպքեր, որոնց առաջացման պատճառները դեռեւս լիովին բացահայտված չեն: Պատճառներից կարող ենք նշել սթրեսային իրավիճակները, անոթային խնդիրները, միգուցե նրանց թիվը բավականին շատացել է, ի հաշիվ վաղ դիմելիության, որը հնարավորություն է տալիս ավելի շատ հիվանդներ հայտնաբերել և պետք է նշել, որ մեր հասարակությունը սկսել է ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ: Ցավոք սրտի, նաեւ լինում են դեպքեր, որ հիվանդները մեզ այցելում են արդեն բարձիթողի վիճակում: Որքան վաղ դիմեն, այնքան ավելի շուտ եւ արդյունավետ կլինի վերականգնողական բուժումը: Ախտորոշիչ հնարավորությունների մեծացումը, տեխնիկապես գերհագեցվածությունը մեր բժշկական կենտրոնում մեծ հնարավորություններ են ընձեռում արդիական եւ ժամանակակից մոտեցումներով իրականացնել բոլոր անհրաժեշտ հետազոտման եւ բուժման մեթոդները:
Ծանրալսության ախտորոշումը եւ բուժումը շարունակում է մնալ ժամանակակից օտոռինոլարինգոլոգիայի առավել ակտուալ խնդիրներից մեկը, ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական առումով: Չնայած օտովիրաբուժության զգալի հաջողություններին եւ գիտատեխնիկական առաջընթացի նորագույն ձեռքբերումներին (ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ, լսողական սարքերի նոր մոդելներ) լսողական խանգարումներով մարդկանց թիվը մնում է բավականին բարձր, հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում: Շատ հաճախ հիվանդները լսողության իջեցում կամ ականջի փակվածության զգացողություն ունենալիս մտածում են, որ դա պարզապես մրսածության հետեւանք է եւ շուտով կանցնի: Եվ այսպիսով կորցնում են այն թանկ ժամանակաշրջանը, որն անհրաժեշտ է լսողական նյարդի արդյունավետ բուժման և նրա ֆունկցիայի վերականգնման համար: Մինչդեռ, մեկ ամիս հետո, հիվանդությունը վերածվում է քրոնիկականի եւ գործնականում դառնում արդեն դժվար բուժվող: Այս դեպքում օգնում են միայն լսողական սարքերը, իսկ երկկողմանի 4-րդ աստիճանի սենսոնեվրալ ծանրալսության կամ պրակտիկ խլության դեպքում՝ միայն հակացուցումների բացակայության դեպքում, իրականացվում է կոխլեար իմպլանտացիա (խխունջային ներպատվաստում): Ցավով պետք է նշեմ նաեւ, որ բուժառուների զգալի մասն ականջի բորբոքումների դեպքում զբաղվում են ինքնաբուժությամբ, ժամանակին չդիմելով, սուր խնդիրները վերածվում են քրոնիկականի եւ երբեմն ունենում են բավականին լուրջ խնդիրներ, այդ թվում նաեւ ներգանգային բարդություններ, որի արդյունքում բուժման ընթացքը ավելի է բարդանում:
- Քթային դժվարաշնչությունը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Արդյոք դա այդպե՞ս է, և որո՞նք են քթային դժվարաշնչության հիմնական պատճառները:
- Իրականում այո, քթային դժվարաշնչությունն իսկապես կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման պատճառ կարող են լինել արտաքին քթի և քթի միջնապատի դեֆորմացիաները, քթի խեցիների հիպերտրոֆիան, քթի հարակից խոռոչների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, հատկապես՝ պոլիպոզ ռինոսինուսիտները, երեխաների մոտ ադենոիդ հյուսվածքի հիպերտրոֆիան, ինչպես նաև քմային նշիկների մեծացումը, որը հանդիպում է նաև մեծահասակների մոտ, և այլ ախտաբանություններ։ Քթային դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է թթվածնի պակաս, որը կոչվում է հիպօքսիա: Վերջինս էլ կարող է տարբեր օրգան համակարգերի ֆունկցիայի խանգարման, հատկապես ստորին շնչառական ուղիների և սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Քթային դժվարաշնչության հետևանքով հիվանդները հաճախակի նշում են գլխացավեր, հոգնածություն, խանգարվում է նաև գիշերային քունը, որի արդյունքում խաթարվում է մարդկանց առօրյա գործունեությունը: Տվյալ անձինք կարող են ունենալ ցերեկային քնկոտություն, աշխատունակության անկում, լինում են ավելի հոգնած, վատանում է նրանց կյանքի որակը։ Դա հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քթային դժվարաշնչությունը զուգորդվում է գիշերային քնի ընթացքում առաջացող շնչառական կանգերով, որը հայտնի է որպես քնի օբստրուկտիվ ապնեա համախտանիշ։ Վերջինս առողջության լուրջ խնդիր է և կարող է սրտամկանի կաթվածի, ինչպես նաև հանկարծամահության առաջացման պատճառ դառնալ: Երեխաների մոտ քթային դժվարաշնչությունն ու շնչառական կանգերը կարող են նպաստել դիմային ոսկրերի ձևախախտմանը, աճի ու մտավոր զարգացման խանգարմանը, ուսումնական գործընթացի դժվարացմանը: ժամանակին չդիմելու դեպքում դուրս են մնում հետազոտություններից, չստանալով համապատասխան բուժում, որի արդյունքում էլ կանգնում ենք մի շարք խնդիրների առջեւ։
-Պարո՛ն Խանդանյան, ըստ Ձեզ` որքանո՞վ է այսօր հանրությունը տեղեկացված ԼՕՌ հիվանդությունների մասին և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն:
-Շատ կարևոր հարց բարձրաձայնեցիք: Իմ կարծիքով այսօր հասարակության մեջ պետք է բարձրացնել տեղեկատվության մակարդակը: Մենք փորձում ենք տարբեր ինֆորմացիոն աղբյուրների միջոցով տեղեկացնել հասարակությանը ԼՕՌ հիվանդությունների ախտանիշերի, նրանց բարդությունների մասին և ծանոթացնել բուժման ընթացքին: Իմ կարծիքով շատ կարևոր է նաև առաջնային օղակի` պոլիկլինիկայի բժիշկների աշխատանքը, քանի որ առաջինը հենց իրենցից են մարդիկ ստանում տեղեկատվություն: Մենք ցանկացած քայլ կատարում ենք, որպեսզի մարդիկ լինեն էլ ավելի տեղեկացված, սակայն իրենք էլ իրենց հերթին պետք է ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ և չպետք է խորհուրդ հարցնեն հարևանից, բարեկամից այլ դիմեն բժշկի:
-«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունում վերջին տարիներին ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել` բժիշկների մասնագիտական և բժշկական նորամուծությունների հնարավորությունների զարգացման համար:
-«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայությունը հիմնադրվել է 1992 թ.՝ պրոֆեսոր Հարություն Քուշկյանի և ֆրանսիական UMAF բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով:
Պետք է նշեմ, որ որպես բաժանմունքի ղեկավար, այս պաշտոնը ինձ համար պարտավորեցնող է, քանզի բաժանմունքում ծառացած յուրաքանչյուր խնդրին, իմ լիազորությունների սահմաններում, պետք է տալ դրական լուծում։ Թիմային աշխատանքի շնորհիվ փորձում ենք խնդիրներին տալ լիրաժեք լուծումներ, միասին քննարկում ենք ամբողջ ընթացակարգը, բաժանմունքի աշխատանքների բարելավման հետ կապված կազմում ենք ծրագրեր, որպեսզի հետագայում նպաստենք բուժման ավելի արդյունավետ մեթոդների եւ վիրահատական նորագույն եղանակների ներդրմանը ։
Շնորհիվ պրոֆեսոր Քուշկյանի վարած ճկուն քաղաքականության եւ գրագետ մոտեցման, ձեռք են բերվում նոր սարքավորումներ, որոնք բարձրացնում են ախտորոշման եւ հետագա բուժման արդյունավետությունը։
Նշեմ նաեւ, որ <<էրեբունի>> բժշկական կենտոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հանդիսանում է Երեւանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի բազա եւ ունենք խելացի, երիտասարդ կադրեր, որոնք բավականին խոստումնալից են, առաջադեմ, նպատակասլաց, ձգտող եւ պրպտող։ Տիրապետում են օտար լեզուների, ինչը ինձ համար շատ ողջունելի է։ Մեր բուժանձնակազմն աշխատում է քայլել միջազգային չափանիշներին համընթաց, ժամանակ առ ժամանակ մեկնում են վերապատրաստումների Եվրոպայի եւ ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներ, եւ վերադառնալով իրանց գիտելիքներն ու փորձը ներդնում են մեր բուժկենտրոնում։
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։
-Ոչ, երեխաներս չընտրեցինք բժշկությունը, քանի որ, ըստ իրենց, առողջապահության ոլորտը իրենցը չէր։ Ի դեպ, կինս էլ՝ Իրինա Կիրակոսյանը նույնպես բժիշկ է, եւ, որպես ճառագայթաբան-ռադիոլոգ աշխատում է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում։ Մենք երբեք չենք պարտադրել մեր երեխաներին, քանզի բժիշկ լինելը առաջին հերթին կոչում է, հետո նոր՝ մասնագիտություն, պետք է սիրես քո մասնագիտությունը, պետք է տիրապետես էմոցիոնալ դաշտը, գիտակցելով, որ ամեն օր ինչ-ինչ դեպքերի հետ հնարավոր է առնչվել։
-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք եւ հորդոր ունեք մեր ընթերցողներին:
- Կցանկանայի մեր հայրենակիցներին, հորդորել, ինչու է նաեւ խնդրել, որ ժամանակին դիմեն բժշկի: Ցավալին այն է, որ մարդիկ ամեն ինչի համար գումար կարողանում են հայթայթել, իսկ առողջության դեպքում՝ խնայում, մինչդեռ առողջությունը ամենաթանկ պարգեւն է։ Այո, իրականում լինում են դեպքեր, երբ բժշկությունը արդեն անզոր է դառնում անդառնալի իրավիճակներում: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, բայց, պետք է ավելի լրջագույնս վերաբերվել առողջությանը։
Չեմ կարող չնշել եւս մեկ փաստ. Հայաստանում, ցավոք, շատ տարածված է «դեղատնային» բուժումը, այսինքն՝ հիվանդը բժշկին դիմելու փոխարեն դիմում է դեղատան աշխատողներին, իսկ վերջիններս սեփական հայեցողությամբ վաճառում են այս կամ այն դեղամիջոցը։ Մինչդեռ նրանք դեղագետ են եւ դեղամիջոցների նշանակման իրավունք չունեն։ Մյուս բացասական երեւույթը, այսպես կոչված, «հարեւանային» բուժումն է. հիվանդը համարում է, որ, եթե իր հարեւանը տվյալ դեղամիջոցից լավացել է, ուրեմն իրեն էլ այն պետք է օգնի:
Կցանկանամ տեսնել ազատ երկիր, որպեսզի մեր հայությունը երբեք չմտածի արտագաղթելու մասին, լինի երջանիկ, հոգեպես խաղաղ: Կմաղթեմ, առաջին հերթին որպես բժիշկ, առողջություն, համբերություն այսօրվա մեր իրականության մեջ: Թող չհիասթափվեն հայրենիքից, մարդկանցից: Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ ունենալու ենք հարուստ, չկոռումպացված երկիր, չենք ունենալու սոցիալապես ցածր խավ: Հիշե՛ք, ոչ մի բժիշկ, երբեք չի ցանկանա վնասել իր հիվանդին:
Առողջ եղեք, սիրեք ձեզ:
Կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը՝ ամենամեծ արժեքը
Դիմածնոտային վիրաբուժությունն իր մեջ ընդգրկում է վիրահատությունների բավականին մեծ խումբ` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ու դեֆեկտների վերականգնում, դիմային ոսկրերի վնասվածքների բուժում, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ու ոսկրերի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում, ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում։ Կատարվում են նաև դեմքի էսթետիկ վիրահատություններ` ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի լրիվ կամ մասնակի ձգում, դեմքի ուրվագծերի շտկում դիմային իմպլանտների կիրառմամբ և այլն: Դիմածնոտային վիրաբուժությունը բժշկության ամենաբարդ, միևնույն ժամանակ՝ պահանջված ուղղություններից է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է դիմածնոտային վիրաբույժ, օրթոդոնտ, «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրեն, Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի (CMS), Artcosmed էսթետիկ բժշկության եւ Մասիսի բժշկական կենտրոնների դիմածնոտային վիրաբույժ, Դիմածնոտային վիրաբույժների և օրթոդոնտների ասոցիացիաների անդամ ՄԵՍՐՈՊ ՄԱՆԱՍՅԱՆԸ, չնայած երիտասարդ տարիքին, իր ընտրած ասպարեզում առաջ է գնում հաստատուն քայլերով, ամենայն պատասխանատվությամբ՝ իր կատարած բարձրորակ վիրահատություններով հարստացնելով պլաստիկ վիրաբույժի իր կենսագրությունը, հանրության շրջանում իր պրոֆեսիոնալիզմով ավելացնելով իր հեղինակությունը և բարի համբավը առ իր մարդկային կերպարը: Բժիշկ, որ իր գործն անում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի խնդրի նկատմամբ` ցուցաբերելով իսկական բժշկին վայել մարդկայնություն ու հոգատարություն:
- Պարոն Մանասյան, ներկայումս կա՞ն այլ նորամուծություններ քթի պլաստիկայի ոլորտում:
-Այսօր քթի պլաստիկան՝ ռինոպլաստիկան, կատարում ենք պահպանողական մեթոդով հիմնականում՝ փակ եղանակով, արտաքին կտրվածք չի կատարվում, արտաքին սպի չի առաջանում, զարկերակները չեն վնասվում, որի հաշվին հետվիրահատական շրջանում սնուցումն ավելի լավ է կատարվում, ապաքինման ընթացքն ավելի կարճ է տևում, դեմքն՝ ավելի քիչ է այտուցվում: Իհարկե, բնականաբար, բժշկի համար հեշտ է բաց եղանակով վիրահատություն կատարելը, քանի որ տեսադաշտը ավելի ապահովված է, իսկ փակ վիրահատությունների դեպքում, անշուշտ, պացիենտի համար շահավետ է, պակաս՝ տրավմատիկ: Ի դեպ, փակ վիրահատությունների առավել արդյունավետությունն ապահովելու համար բժիշկները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցնում: Ընդ որում, բժիշկներին ցուցվում է 80-100 բաց վիրահատություններ անելուց հետո, նոր միայն անցնել փակ վիրահատությունների:
-Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
-Ասեմ, որ ես նաև օրթոդոնտ եմ, անցել եմ Օրթոդոնտիա մասնագիտական կլինիկական օրդինատուրա՝ ակտիվորեն զբաղվել օրթոգնատիկ միջամտություններով և նման վիրահատությունների մեծ փորձ ունեմ: Իրականում նմանատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրները, վերացնել կծվածքի և դեմքի անհամաչափությունը (դիսպրոպորցիոնալ խանգարումները): Oրթոգնատիկ վիրահատությունների միջոցով հնարավոր է վերացնել ինչպես կլման ակտի, այնպես էլ ծամիչ համակարգի խնդիրները, խոսքի հետ կապված խնդիրները, վերականգնել կծվածքը, դեմքի համաչափությունը և էսթետիկան: Կատարված միջամտությունների շնորհիվ հնարավոր է լուծել նաև որոշ հոգեբանական և գործառութային խնդիրներ` կապված կծվածքի անոմալիայի հետ:
-Որո՞նք են կծվածքի խնդիրների պատճառները:
-Կծվածքի խնդիրները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների հիմքում գենետիկ գործոններն են, իսկ ձեռքբերովի` երեխաների վատ սովորությունները. մատը ծծել, երկարատև ծծակ օգտագործել, լեզուն ծամել եւ մի շարք այլ վատ սովորություններ, որոնք հանդիպում են հիմնականում մանկահասակ երեխաների շրջանում:
-Թքաքարային հիվանդություններից խոսենք:
- Թքաքարային հիվանդությունները հանդիպում է բավականին հաճախ: Հիվանդությունը բնութագրվում է քարի առաջացումով թքագեղձի հաստության(պարենխիմայի)կամ նրա ծորանի մեջ։ Թքաքարային հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ արյան պլազմայում հայտնաբերվում են կալցիումի քանակության բարձրացում, ինչը վկայում է նրանց օրգանիզմում հանքային փոխանակության խանգարման մասին: Առավել հաճախ թքաքարային հիվանդությամբ ախտահարվում են ենթածնոտային թքագեղձը, հազվադեպ՝ հարականջայինը: Թքագեղձի քարի չափերը լինում են տարբեր՝ կախված նրանց տեղակայությունից: Առաջանում են սուր ծակող ցավեր, որոնք սաստկանում են սնունդ ընդունելիս, դրան զուգահեռ նկատվում է նաև գեղձի մեծացում: Թքարտադրության խանգարումը բերում է ծորանում թքի խցանման, բերանում չորության և բորբոքային գործընթացի զարգացման:
-Նշեք, խնդրեմ, ատամների իմպլանտացիայի առավելությունները:
- Իմպլանտացիան ատամների վերականգման ամենաժամանակից եւ լավագույն եղանակն է։ Ատամների իմպլանտացիայի դրական կողմերը հետևյալն են՝ վերացնում է ատամնաշարի թերությունները՝ առանց հարևան ատամները հղկելու, չեն նյարդազրկվում, կարելի է ցանկացած քանակությամբ իմպլանտատ տեղադրել ատամնաշարի ցանկացած թերությունը վերացնելու համար, անկախ տեղակայումից, այն ուղղակի լրացնում է բացակա ատամները: Իմպլանտների վրա տեղադրված պրոթեզները նման են իսկական ատամին, նույն խնամքն են պահանջում և զգալի չեն բերանի խոռոչում: Իսկ ամբողջական ատամնաշարի իմպլանտացիան ուղղակի փրկություն է, քանի որ պրոթեզներ կրելը շատ ժամանակ բարդությունների առաջ է կանգնեցնում, մարդիկ դժվար են հարմարվում շարժականին, իսկ իմպլանտացիայի դեպքում՝ հավաքվում է անշարժ կոնստրուկցիա:
-Տեղյակ ենք, որ «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրենն եք, ի՞նչ նպատակ էիք հետապնդում՝ ստեղծելով այս կլինիկան:
-«Մանասյան» դենտալ կլինիկայի ստեղծման հիմքում մեր հասարակությանը գրագետ և հասանելի բուժօգնություն մատուցելն է: Մեր կլինիկան համալրված է իր նեղ մասնագիտացման մեջ առաջատար և փորձառու աշխատանքային թիմով և առանձնանում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Մեզ մոտ կա պորտատիվ ռենտգեն սարք, որի տուբուսը կապարապատ է, այն ճառագայթում չի տալիս պացիենտին և առանց պացիենտի տեղաշարժման, տեղում կատարվում է ռենտգեն հետազոտություն: Այս սարքի օգնությամբ հետազոտությունը ցուցված է նաև երեխաներին և հղիներին: Ունենք նաև ռադիովիզիոգրաֆ սարք, որը եկել է փոխարինելու նախկին ժապավեններին, որի շնորհիվ համակարգչի էկրանին երևում է պատկերը, և դա էլ իր հերթին բավականին հեշտացնում է ախտորոշման ընթացքը: Ունենք նաև ատամնաշարի սպիտակեցման նորագույն սարք, ինչպես նաև իմպլանտացիայում կիրառելի սարքավորումներ, արմատախողովակների մշակման հատուկ սարքավորումներ, ապեքսլոկատոր, որի միջոցով որոշվում է ատամի արմատի չափը, որպեսզի հետագայում չկանգնեն շատ ու քիչ լիցք անելու խնդրի առջև. խնդիր, որ բերում է բորբոքման և թարախակալման:
Մեր կլինիկան համալրված է նեղ մասնագետներով. ունենք մանկական ստոմատոլոգ, թերապևտ, օրթոպեդ, իսկ օրթոդոնտայով և վիրաբուժությամբ զբաղվում եմ ինքս: Իհարկե, կլինիկայում կան նաեւ վիրաբույժներ, ովքեր նույնպես ակտիվորեն զբաղվում են վիրաբուժությամբ: Այո, վստահորեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում ստոմատոլոգիայի հետ կապված ամբուլատոր ցանկացած բուժում իրականացվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան:
-Ի՞նչ է քունք-ստործնոտային հոդի դիսֆունկցիան:
- Հոդի դիսֆունկցիան առաջանում է ծամիչ մկանների հավասարակշռված աշխատանքի և երկու հոդերի համաձայնեցված շարժման խանգարման դեպքում:
Հոդը ունի բարդ կառուցվածք, նրա մեջ կա սկավառակ: Կապանային համակարգի թուլանալու հետևանքով հոդագլխիկը փոսիկից դուրս է գալիս, որի արդյունքում կտկտոցներ են լսվում: «Շրխկոցների» առկայությունը հետագայում առաջացնում է այլ խնդիրներ, նույնիսկ եղել է դեպք, երբ հոդափոսիկի ոսկորի մաշվածությունից հոդագլխիկը մտել է գանգի մեջ: Պատճառագիտությունը` մկանային համակարգի ախտաբանական պրոցեսներ (բորբոքային, դեգեներատիվ, հետտրավմատիկ), ատամնածնոտային համակարգի փոփոխություններ (ծամիչ ատամների կորուստ, իմաստության ատամների ծկթում և այլն):
Գանգատները` մշտական բութ գլխացավեր, ցավերի ճառագայթումը դեպի ականջ, քունքային, գագաթային և ծոծրակային շրջաններ, լեզու, ըմպան, պարանոցի կողմնային հատված և ձեռք, լսողության նվազեցում, ականջների փակվածության զգացում և աղմուկ, արցունքահոսություն և լուսավախություն, ծնոտների միաբերման զգացում քնից հետո, այրոցի զգացում բերանի խոռոչում:
Օբյեկտիվ տվյալներն են`շրխկոց, բերանը բացելու սահմանափակում, բերանը բացելիս ստորին ծնոտը թեքվում է կողմ: Ակնաճեղքը նեղացած է, իսկ բերանի անկյունը բարձրացած է ախտահարման կողմում: Առկա է ցավոտ և ձգված մասեր մկանների առանձին հատվածներում (ծամիչ, բերանի հատակի, պարանոցի հետին մկաններ և կրծոսկրաանրակապտկաձեւ մկան): Ռենտգենաբանորեն ոսկրային կառուցվածքը փոփոխված չէ, նկատվում է հոդագլխիկների և հոդաճեղքերի անհամաչափություն:
Պետք է խիստ հետևողական լինել: Սկզբնական շրջանում կատարվում է կոնսերվատիվ բուժում. սպրինտ թերապիա և միոռելակսիացիոն թերապիա, նյարդամկանային ստոմատոլոգիայի ճյուղին պատկանող հիվանդություն է, ծնոտի դիրքը բերելով պացիենտի համար հարմար դիրքի՝ հոդը կսկսի ճիշտ աշխատել, մկանային լարվածությունը կվերանա: Մինչ բուժումը պացիենտը անցնում է մի շարք հատուկ հետազոտություններ, որին հաջորդում է բուժումը: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ՝ ռենտգենաբանական (զույգ հոդերի շերտագրում` ստորին ծնոտի ֆունկցիոնալ հանգստի և առավելագույն իջեցված դիրքերում), ՄՌՏ, ֆունկցիոնալ էլեկտրամիոգրաֆիա, ֆոնոգրաֆիա, աքսիոնոգրաֆիա:
-Իսկ ի՞նչ կասեիք մեր հասարակությանը, ի՞նչ կցանկանայիք ավելացնեիք մեր զրույցին:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, սովորի գնահատել իր թանկագին առողջությունը, ավելի հաճախ անցնի կանխարգելիչ զննումներ: Կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը՝ ամենամեծ արժեքը: Հարգենք մեզ, մեր կյանքը և պահպանենք մեր առողջությունը: Բժիշկներս էլ մեր հերթին անում ենք հնարավոր ամեն ինչ. ջանում ենք ընթանալ առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց, փորձում ետ չմնալ եվրոպական առաջադեմ երկրներից
ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն մի շարք հիվանդությունների ախտորոշման համար
Հայաստանի առողջապահական համակարգում վերջին տարիներին զգալի առաջընթաց է նկատվում թե՛ նորագույն սարքավորումների ձեռքբերման, թե՛ մասնագետների պատրաստման առումով: Ապացուցված է, որ տեխնիկայի ներգրավումը նկատելիորեն նվազեցրել է մարդկային մահացության տոկոսը, քանի որ հիվանդությունը հնարավոր է լինում ախտորոշել վաղ փուլերում: Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախ եւ առաջ պայմանավորված է ճշտգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, ինչն էլ հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների գրագետ պատկեր։
Արդի ախտորոշիչ մեթոդների մեջ նեյրոֆիզիոլոգիան ուսումնասիրում է կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը:
Նեյրոֆիզիոլոգիայում էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) նյարդամկանային համակարգի հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է պերիֆերիկ նյարդերի, նյարդարմատների, նյարդամկանային հաղորդականության մկանների, ողնուղեղի ախտահարման ախտորոշման համար: Որոշվում է ախտահարման տեսակը, մակարդակը, աստիճանը: Այն բավականին տեղեկատվական մեթոդ է, որն իրականացնում է նյարդերի էլեկտրական հաղորդականության ստուգումն ու գրառումը, գնահատում մկանների ֆունկցիոնալ վիճակը հատուկ սարքի միջոցով։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էկոսենս» լաբորատոր ախտորոշիչ եւ <<Նաիրի>> բժշկական կենտրոնների նյարդաբան-նեյրոֆիզիոլոգ Անուշ Գասպարյանը, ում հետ կզրուցենք էլեկտրոնեյրոմիոգրաֆիա հետազոտության առանձնահատկությունների և նյարդաբանական խնդիրների ախտորոշման մասին:
Հոգատար, գրագետ եւ մարդկային բարձր հատկանիշներով օժտված բժշկուհի, ով չնայած իր երիտասարդ տարիքին, հաստատուն քայլերով իր տեղն է զբաղեցնում նյարդաբանության ոլորտում: Բժշկուհին իր գործի գիտակն է. հմտորեն տիրապետում է իր աշխատանքին՝ անմնացորդ նվիրումով ու սիրով կատարելով իր գործը։
Բարեհամբույր եւ բանիմաց բժշկուհին ոչ մի պարագայում չի կորցնում զսպվածությունը եւ համբերատար կերպով փորձում է օգտակար լինել հիվանդին` այդպիսով կարողանալով դրականորեն ազդել հիվանդի եւ նրան շրջապատող մարդկանց վրա:
-Բժշկուհի, ի՞նչ է էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ), և ե՞րբ է անհրաժեշտ այն իրականցնել։
-Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան դիագնոստիկ հետազոտման մեթոդ է, որի օգնությամբ հնարավոր է որոշել նյարդերի ամբողջականությունը, նյարդամկանային հաղորդականությունը եւ մկանի ֆունկցիոնալ վիճակը` ինչպես առաջացած սուր խնդիրների և հիվանդությունների ժամանակ, այնպես էլ քրոնիկ հիվանդությունների ախտորոշման և դինամիկ հսկողության դեպքում ։ Կան նաեւ մեթոդներ, որոնք թույլ են տալիս հետազոտել լեզվի եւ ստոծանու մկանները, կոկորդի որոշակի մկաններ։ Դրանք համարվում են ավելի ինվազիվ մեթոդներ, որոնք իրականացվում են վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտների հետազոտման ժամանակ կամ ինտրաօպերացիոն եղանակով։
ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն` ծայրանդամային նյարդերի վնասման և մի շարք հիվանդությունների ախտորոշման համար:
Այն իրականացվում է այնպիսի գանգատների դեպքում, ինչպիսիք են՝ վերջույթներում թմրածություն, թուլություն, ցավեր:
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքը վերջին սերնդի եզակի սարքավորում է, որը հնարավորություն տվեց առավել արդյունավետ դարձնել պատերազմից տուժած վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում: Հետազոտման այս մեթոդը կիրառվում է տրավմաների ժամանակ` հասկանալու համար կա՞ արդյոք նյարդերի վնասում թե ոչ, եւ թե հետագայում վերականգնումը ինչպես պետք է իրականացվի։
Հիմնականում, երբ վերջույթներում լինում են վնասվածքներ, շարժումների սահմանափակում կամ ուժեղ ցավային սինդրոմ, ապա վնասվածքաբանները, միկրովիրաբույժները հիվանդներին պարտադիր ուղղորդում են անցնել ԷՆՄԳ հետազոտություն` պարզելու համար` կա՞ արդյոք նյարդի, նյարդաթելիկների վնասում, թե ոչ, եւ ըստ այդմ էլ` կարիք կա՞ վիրահատական միջամտության թե ոչ։
Հետազոտության ընթացքում գրգռվում է մեկ նյարդ, և գրանցվում է համապատասխան մկանի արձագանքը, որը նյարդայնանում է տվյալ նյարդից։ Ոչ մի հետազոտական մեթոդ չի կարող այդքան ամբողջական տեղեկատվություն տրամադրել առկա վիճակի վերաբերյալ: Այս մեթոդն օգնում է որոշել, թե նյարդի որ հատվածում է գտնվում խնդիրը : Այն թույլ է տալիս հետևել բուժման ընթացքում հիվանդի վիճակի փոփոխություններին և համապատասխան թերապիայի արդյունավետությանը:
-Որո՞նք են հետազոտության տեսակները։
-Վերին և ստորին վերջույթների էլեկտրոնևրոմիոգրաֆիան կարող է իրականացվել երեք եղանակով։
Ստիմուլյացիոն. Իմպուլսները փոխանցվում են վերին և ստորին վերջույթներին ամրացված մաշկային էլեկտրոդների միջոցով։ Սա ոչ ինվազիվ մեթոդ է։ Մեթոդը բավականին պարզ է և լայնորեն կիրառվում է բժշկական հետազոտություններում։
Ասեղային. Ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ ասեղային էլեկտրոդները ներդրվում են անմիջապես մկանների մեջ: Մեթոդը որոշում է մկանաթելիկների աշխատանքը, գնահատում մկանաթելիկի շարժողական միավորի վիճակը։
Ռիթմիկ ստիմուլյացիա. Ռիթմիկ կրկնվող իմպուլսների շնորհիվ գնահատվում է նյարդամկանային հաղորդականությունը, տվյալ նյարդով նյարդավորվող մկանի հոգնելիությունը։
- ԷՆՄԳ հետազոտություն պահանջող ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Առհասարակ տարիքային շեմ չկա, քանի որ խնդիրները, որոնք ախտորոշվում են ԷՆՄԳ-ով, հանդիպում են նորածնային տարիքից մինչև խոր ծերություն։
Վիրուսներով և, մասնավորապես, հետքովիդային բարդություններով պայմանավորված ` վերջին տարիներին շատացել է պոլինեյրոպաթիան։ Շատ հաճախ հանդիպում են սուր դեմիելինիզացնող պրոցեսներ, ընդուպ մինչեւ Գիյեն Բարրեյի հիվանդություն, որը նյարդային վերջավորությունների, միյելինային թաղանթի սուր բորբոքային ախտահարում է, որը կարող է բերել ինվալիդիզացիայի։ Եթե ժամանակին պացիենտը ախտորոշում եւ բուժում չստանա, ապա կարող է առաջանալ շնչառական կանգ, մահ:
Կան նաեւ շատ ժառանգական հիվանդություններ` կապված նյարդամկանային հաղորդականության եւ մկանի դեգեներացիայի հետ, որոնք հանդիպում են մանկական տարիքային խմբերի մոտ։
Հանդիպում են հիվանդություններ, որոնք առաջանում են գլխուղեղում շարժողական բջիջների քայքայման հետևանքով` առաջացնելով շարժողական ուղինեով նյարդավորվող մկանների դեներվացիա, մկանաթելիկների մահ, որը նույնպես, որպես ոսկե ստանդարտ, ախտորոշվում է ԷՆՄԳ-ով։
Կան նաեւ բազմաթիվ թունելային համախտանիշներ, որոնք առավել տարածված են վերին և ստորին վերջույթներում։ Դիմային նյարդի վնասումների ժամանակ մեծ կիրառություն ունի ԷՆՄԳ-ն, հատկապես ոչ լիարժեք վերականգնվող դեպքերում, և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։
-Հետազոտությունից առաջ նախապատրաստական աշխատանք պահանջվո՞ւմ է, թե ոչ։
-Եթե ամբուլատոր հետազոտման մասին է խոսքը, ապա հետազոտմանը պետք է գալ հիգիենիկ եւ առանց որեւէ քսուկի կիրառման: Ստիմուլացիոն հետազոտման դեպքում ոչ բացարձակ, հարաբերական հակացուցում է համարվում գեներալիզացված էպինոպաների դրսեւորումը, այսինքն՝ կարող է լինել, բայց ոչ միանշանակ: Մյուս բոլոր դեպքերում հետազոտությունը հակացուցումներ չունի, հակառակը՝ այն կիրառելի եւ օգտակար է նույնիսկ բուժական նպատակներով: Իսկ ինչ վերաբերում է ասեղային մեթոդին, ապա այն չունի հակացուցումներ, ուղղակի այդ պահին պետք է ապահովել տվյալ հատվածի ստերիլությունը։
Հետազոտության ընթացքը կախված է հետազոտության ծավալից` թե քանի նյարդ եւ մկան է այդ պահին հետազոտվում, եւ թե ո՛ր հիվանդությունների դեպքում է իրականացվում։ Հետազոտման տեւողությունը կարող է տևել 15 րոպեից մինչեւ 1,5 ժամ:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում դաստակային թունելի համախտանիշը կամ կարպալ թունելի սինդրոմը։
-Այն ամենահաճախ հանդիպող մոնոնևրոպաթիաներից է։ Դասվում է վերին վերջույթի կոմպրեսիոն մոնոնևրոպաթիաների շարքին։ Մարդիկ հաճախ են ունենում ծայրանդամային նյարդերի տեղային ճնշմամբ պայմանավորված զգացողություններ։ Օրինակ՝ ձեռքի վրա քնելիս, ոտքը ոտքին գցելիս, կողքի պառկելիս, երբ գլուխն արմնկահոդում ծալված ձեռքի վրա է։ Բոլոր այս դեպքերում նյարդի ճզմումն ուղեկցվում է թմրածության, ծակծկոցի, մատներում պարէսթեզիայի զգացումով։ Երկարատև, մշտապես կամ պարբերաբար ճզմվելու հետևանքով նյարդաթելիկները վնասվում են, և զարգանում է, այսպես կոչված, կոմպրեսիոն մոնոնևրոպաթիա։
Դաստակային թունելի համախտանիշն իրենից ներկայացնում է ախտանիշների համախումբ, որոնք առաջանում են դաստակային խողովակում (թունելում) վերին վերջույթի նյարդերից մեկի՝ միջնակ նյարդի կոմպրեսիայի հետևանքով։ Կարող է լինել միակողմանի՝ հիմնականում ախտահարելով գերակշռող (դոմինանտ) կողմի ձեռքը։ Սակայն հանդիպում է նաև երկկողմանի դաստակային թունելի համախտանիշ, հատկապես էնդոկրին և ռևմատիկ հիվանդությունների ֆոնին։
- Եւ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
- Իհարկե, հասկանալի է, որ տարբեր, այդ թվում սոցիալական պատճառներից ելնելով` շատերը մեզ դիմում են հիվանդության ուշ փուլերում, երբ արդեն մեր օգնությունը բավականին բարդանում և դժվարանում է: Պարզ է` եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, ավելի արդյունավետ եւ հեշտ կլինի նաեւ դրա հետագա բուժումը: Ուստի խնդրում եմ, առաջին իսկ գանգատների դեպքում դիմեք բժիշկի` կանխելու համար հետագա բարդությունները եւ ապահովելու լիարժեք առողջացում, իսկ խրոնիկ հիվանդությունների դեպքում էլ իրականացնելու վաղ բուժում և կյանքի որակի ապահովում։
Կարծում եմ՝ բժշկի համար ամենակարևորը իր պացիենտի գնահատականն է, որը պայմանավորված է բժշկի ձեռքբերումներով: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, դա հենց ինքնին դառնում է ամենահզոր շարժիչ ուժը:
Առո՛ղջ եղեք, սիրե՛ք ձեզ և գնահատե՛ք առողջ լինելու գաղափարը։