Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...
10 Նյմ

Աշոտ Դրամփյան

Written by

Հիմա երիտասարդներն առավել ուշադիր են իրենց առողջությանը, հաճախակի են դիմում բժիշկի եւ դա շատ ողջունելի է

Կանանց վերարտադրողական համակարգի  որոշ խնդիրներ, ցավոք, պահանջում են միայն վիրահատական միջամտություն: Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգիայի բաժանմունքում վաղուց արդեն իրականացվում է լապարոսկոպիկ վիրահատական ձեւը, որը համարվում է ոսկե ստանդարտ: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է եւ մահճակալային օրերի քանակն էլ ավելի քիչ։ Կոսմետիկ տեսանկյունից նույնպես վիրահատության այս եղանակը հարմար է, քանի որ վիրահատությունից հետո մարդու մարմնի վրա ընդամենը մնում է կոսմետիկ սպիներ, որոնք գրեթե չեն երեւում: 

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բժիշկ մանկաբարձ-գենեկոլոգ Աշոտ Դրամփյանն իր գործընկերների հետ միասին կատարում է  լապարասկոպիկ վիրահատություններ, նաեւ հսկում է ապագա մայրերի հղիության ընթացքն, ընդունում ծնունդներ:

Լապարասկոպիկ վիրահատությունների, այլ   գինեկոլոգիական խնդիրների ու դրանց  տարածվածության մասին զրուցեցինք  հաճելի ու անկեղծ զրուցակցի՝ Աշոտ Դրամփյանի հետ։

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։

Ճիշտն ասած, 10 տարի թենիս եմ պարապել: Փոքր ժամանակ շատ էի սիրում թենիսը։ Մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են, ուստի երբ եկավ իմ մասնագիտություն ընտրելու ժամանակը, հարազատներս հարցրեցին, թե ի՞նչ եմ ցանականում դառնալ։ Պատասխանեցի՝ թենիսիստ։ Իմ հայտարարությունը  լուրջ չընդունվեց, այլ տարբերակ չկար, պիտի գնայի բժշկական համալսարան։ Ի վերջո, հարազատներիս ջանքերով ես ընտրեցի բժիշկի մասնագիտությունը։ Երբ ընդունվում էի համալսարան,  սկզբում չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում, ուսումնասիրում էի ընդհանուր առարկաներ, հետո նոր ընտրեցի նեղ մասնագիտական ուղին ու գնացի առաջ։ Երբ ընդունվում էի օրդինատուրա, նոր հասկացա, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, դա ամենաճիշտն էր իմ դեպքում։

Հետագայում շատ սիրեցի մասնագիտությունս: Ամեն անգամ արտերկրում Կոնֆերանսների ժամանակ ծանոթություններ, մտերմություններ եմ ձեռք բերում, որոնք հետագայում ինձ շատ են պետք գալիս։ Այդ ծանոթությունների շնորհիվ ոլորտի նորություններին եմ տեղեկանում, որոնք օգնում են մասնագիտական հարցերում, քանի որ ամեն կին յուրովի մոտեցում է պահանջում իր առողջության ապահովման  համար:  

-Ի՞նչ խնդիրներով են կանայք հիմնականում դիմում Ձեզ։

Դիմում են դաշտանային ցիկլի խանգարումներով, անպտղության, սեռավարակների, հղիության կրելախախտի եւ այլ խնդիրներով: Ներկայումս  կանանց մոտ շատ տարածված է անպտղությունը: Անպտղության պատճառները բազմազան են` էնդոկրին խանգարումներ, որոնք հանդիպում են 40% կանանց մոտ, փոքր կոնքի կպումային պրոցեսներ, որը հանդիպում է 30% կանանց մոտ, էնդոմետրիոզ հիվանդության, որը հանդիպում է 25-30 % կանանց մոտ։ Ներկայումս էնդոմետրիոզով տառապող կանանց թիվն  ավելացել է,  քանի որ գնալով զարգանում են դիագնոստիկ հետազոտությունները։  Անպտղությամբ տառապող կանայք 21-35 տարեկանների շրջանում են։

- Ներկայումս մասնագետները փաստում են, որ անպտղությունը վերջնական ախտորոշում չէ։

 Նաեւ լուրջ դեր է կատարում  կնոջ ուղեղը։ Շատ հաճախ է պատահում, որ կանայք դիմում են մեզ՝ չհղիանալու կապակցությամբ։ Հայ կանանց, մոտ առհասարակ հայկական ընտանիքներում, երբ ամուսնանում են, միանգամից ուզում են, որ կինը հղիանա։ Մեկ ամիս, երկու ամիս անցնում է, հղիություն չկա, արդեն մտածում են խնդիր կա։  Տղանարդիկ համարում են, որ կանանցից է, բայց անպտղությամբ տառապող տղամարդկանց տոկոսն էլ է բարձր:  Ընդհանրապես անպտղություն համարվում է այն, երբ զույգը մեկ տարի առանց պաշտպանվելու ապրում է սեռական կյանքով եւ հղիություն տեղի չի ունենում: Գոյություն ունեն մինիմալ հետազոտություններ, որոնք կարող են օգնել կանանց տեղեկանալ իրենց խնդիրների մասին: Ուզում եմ շեշտը դնել այն դեպքերի վրա, երբ անպտղություն է առաջանում էնդոմետրիոզ կոչվող հիվանդության պատճառով: Սա 21-րդ դարի ամենատարածված ու ոչ դիագնոզված հիվանդությունն է։ Առհասարակ այս հիվանդության վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է լինում 2-8 տարի, քանի որ անիմաստ հետազոտություններ, բուժումներ են  անցնում մինչեւ վերջնական փուլին հասնելը։ Շատ գինեկոլոգներ ուղղակի չեն խորանում այդ հիվանդության մեջ, ինչը սխալ է։

Էնդոմետրիոզի հայտնաբերման համար արվում է դիագնոստիկ հետազոտություններ, տրանս վագինալ  գերձայնային հետազոտություն (ՏՎԳՀ), մագնիսո ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), հիստերոսալպինգոգրաֆիա (ՀՍԳ), լաբորատոր հետազոտություններ, ձեռքային հետազոտություն՝ բիմանուալ։ Նման հետազոտությունները բավականին արդյունավետ են հիվանդության ախտորոշման գործում։

-Պարոն Դրամփյան, ախտանիշների մասին կխոսե՞ք, որպեսզի կանայք տեղյակ լինեն ու դիմեն Ձեզ։

Էնդոմետրիոզի դեպքում լինում է ցավոտ դաշտան (dismenorea), ցավոտ սեռական կյանք (dispareunia), առատ դաշտան, որը հայ կանանցից շատերը համարում են նորմալ երեւույթ, այն դեպքում, երբ հիվանդությունը 4-րդ աստիճան է եւ անգամ ավելին, այսինքն այն տարածված է նաեւ այլ օրգաններում՝ հաստ աղիքի, բարակ աղիքի, ինչի  ժամանակ ցավոտ է լինում նաեւ աղիների աշխատանքը(disxezia): Պետք է տեղեկացնեմ նաեւ, որ էնդոմետրոզը աճում է աղիք կամ միզապարկի, միզածորանի մեջ։ Հիվանդության հետեւանքով առաջանում է չբերություն: Եթե այս ախտանիշները կան, պետք է դիմել բժիշկի։ Մասնագետի մոտ  կատարվում է վիրահատություն՝ լապարասկոպիկ միջամտությամբ, քանի որ դեղորայքային բուժմամբ  օջախները չեն վերանա։ Պահանջվում է լուրջ թիմային աշխատանք՝ վիրաբույժների եւ  ուռոլգների հետ մեկտեղ:

-Մեծ մասը կանանց առաջին հղիության ժամանակ ունենում է վիժում։ Ինչի՞ հետ է դա կապված, սեռավարակների՞։

 Ճիշտ եք նկատել։  Վիժումների 60 տոկոսը քրոմոսոմային անոմալիաների հետ է կապված, մնացած դեպքերում սեռավարակների, ինֆեկցիաների եւ այլ պատճառների:   Եթե կնոջ մոտ  մեկ անգամ վիժում է լինում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Եթե արդեն 2-3 եւ ավելի  անգամ է վիժում տեղի ունենում, նոր միայն կատարվում է մի շարք հետազոտություններ, որոնցից որոշների մասին արդեն տեղեկացրեցի։

-Ո՞ր մեթոդով են կանայք նախընտրում վիրահատվել՝ լապորոսկոպի՞կ, թե՞ ավանդական։ Ո՞րն է ավելի արդյունավետ։

21-րդ դարում ամեն ինչ բավական բարձր տեմպով է առաջ շարժվում, դրա վառ վկայությունն է լապարասկոպիկ եւ ռոբոտային սարքերի զարգացվածությունը: Ուզում եմ նշել, որ  կանայք բավականին տեղեկացված են նորագույն սարքավորումների մասին, եւ դրանք ունեն մի շարք առավելություններ: Այսօր վիրահատությունների 95 տոկոսից  ավելին կատարվում է լապարասկոպիկ եղանակով, այդ թվում նաեւ սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների, բազմաթիվ միոմատոզ հանգույցների, արտարգանդային հղիությունների եւ այլ վիրահատություններ: Այս հարցում կարեւոր է բժիշկի որակավորումը: Հազվադեպ դեպքերում է կատարվում լապարատոմիա, օրինակ` գիգանդ միոմատոզ հանգույցների, չափսերով մեծ`30, 40 սանտիմետր եւ ավելի, կիստաների դեպքում։

-Ձեզ մոտ կանայք գինեկոլոգիական ոլորտի պլաստիկ վիրահատություններ անո՞ւմ են։

 - Իհարկե։  Օրինակ՝ ծննդաբերած կանանց մոտ լինում է արգանդի կամ հեշտոցի պատերի իջեցումներ, որը վերականգնվում է լապարասկոպիկ եղանակով (պրոմոֆիկսացիա, պետկոպեկսիա): Զբաղվում ենք նաեւ ինտիմ խիրուրգիայով՝ մեծ եւ փոքր ամոթաշրթերի կորեկցիա է կատարվում։ Կատարում ենք նաեւ իջեցումների շտկումներ՝ իմպլանտների միջոցով: Այսպիսի վիրահատությունները  դեռ մեր երկրում լայն տարածում չեն ստացել, հայ են, ամաչում են։

-Բժիշկ, ի՞նչ անեն հայ կանայք իրենց կանացի առողջությունը պահպանելու համար։ Ձեր խորհուրդը։

Հաճախակի ստուգումներ անցնեն մասնագետների մոտ։ Դիմեն բժիշկի ոչ թե այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, այլ պարբերաբար՝ տարին կամ երկու տարին մեկ անգամ պետք է հետազոտվել։ Այն կանայք, որոնք ունեն խնդիրներ, առավել հետեւողական պետք է լինեն իրենց առողջությանը։ Լավ է, որ այժմ երիտասարդներն այս հարցում առավել ուշադիր են եւ հաճախակի են դիմում բժիշկի։ Շատ կարեւոր է պացիենտի տրամադրվածությունը. սիրելի հայ կանայք, եղեք լավատես։

Արդեն պետք է նորաձեւ լինի չծխելը. այդ կերպ կկանխարգելվի սիրտ-անոթային հիվանդությունները

Սիրտը մարդու օրգանիզմի շարժիչն է: Սրտի առողջությունը, բուժումն ու դրա պահպանումը շարունակում են մնալ ժամանակակից բժշկության գերխնդիրը: Չնայած տարբեր բուժման, սարքավորումների ստեղծմանն ու նոր մեթոդների մշակմանը՝ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը աշխարհում առաջին տեղում է: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ յուրաքանչյուր 1.5 րոպեի ընթացքում սիրտ-անոթային հիվանդություններից մեկ մարդ է մահանում:

Հետևաբար ժամանակն է, որ սիրտ-անոթային հիվանդությունների վրա մեծ ուշադրություն սևեռվի։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները  երիտասարդացել են։ Սիրտ-անոթային հիվանդությունները պայմանավորված են մեծամասամբ ռիսկի գործոններով, որոնցից են ծխելը, խմելը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը, շաքարային դիաբետը, ինչպես նաև գեները:

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածության, կանխարգելման հնարավորությունների մասին զրուցեցինք միջամտական սրտաբան բժշկական գիտությունների թեկնածու Յուրի Մակարյանի հետ։

-Բժիշկ Մակարյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց սրտաբանի մասնագիտությունը։

Մանկուց եմ երազել բժիշկ դառնալու մասին, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժիշկների ընտանիքում։ 2 ավագ քույրերս արդեն սովորում էին բժշկական համալսարանում, ուստի ես ինձ այլ մասնագիտությամբ չէի պատկերացնում։ Որոշակի անձնական պատճառներից ելնելով՝ հաստատապես որոշեցի ընտրել սրտաբանի մասնագիտությունը։ Համալսարանն ավարտելուց հետո, երբ պետք է օրդինատուրա ընդունվեի, որոշեցի, որ պետք է հենց սրտաբան դառնամ։ Մասնագիտության ընտրության հարցում նաև մեծ դերակատարում ունեցան դասախոսներս, ովքեր ինձ ուղղորդում էին եւ հորդորում՝ անպայման սրտաբանի մասնագիտությունն ընտրել։

-Դժվար չէ՞ ձեր մասնագիտությամբ աշխատելը։

Դժվար է, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, սրտաբանությունն ամենահետաքրքիր մասնագիտությունն է բժշկության մեջ։

-Ի՞նչ ախտանիշների առկայության դեպքում մարդը կարող է հասկանալ, որ սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի։

Առաջին ու ամենատարածված նշանը կրծքավանդակում, մասնավորապես, հետկրծոսկրային շրջանում սեղմոցի, այրոցի զգացումն է, որը նոպայաձեւ է եւ որպես կանոն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ՝  պրոգրեսիվ աճելով։ Կարող է նաեւ շնչարգելություն, հեւոց լինել։ Հնարավոր է նաեւ հանգստի պայմաններում այդ նոպաներն առաջանան, մարդը կարող է զգալ սրտի անկանոն աշխատանք: Սրտային հիվանդությունները տարբեր են, շատ լայն ոլորտ է, եւ սրտի ամեն մի հիվանդություն ունի իր յուրահատուկ նշանները։

-Հնարավո՞ր է, որ ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությունն ազդի մարդու սրտի առողջության վրա։

Հոգեկան, մտավոր լարվածությունն ու ծանրաբեռնվածությունը, սթրեսները միանշանակ բերում են ամբողջ օրգանիզմի ախտահարմանը, նպաստում են նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը։ Ինչ վերաբերվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ապա այն պետք է կազմի ցանկացած մարդու առօրյայի մի մասը։ Միանշանակ է, որ ֆիզիկական վարժանքներն առողջարար են, իսկ աշխատանքային ծանրաբեռվածությունը կամ առանց հանգստի աշխատելը, առողջ քնի բացակայությունը  նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների ավելացմանը։

-Հիմա ակցիա կա՝ ծխախոտի տուփերի վրա նշված է, որ ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ։ Կխոսեք այդ մասին։

Ես ինքս ծխող չեմ եւ հակածխախոտային պայքարի ակտիվ մասնակից եմ։ Ծխախոտն այն եզակի երեւույթներից է, որ բժշկությունն ընդհանրապես արգելում է՝ բոլոր հիվանդությունների պարագայում։ Իմ կարծիքով՝ այդ պայքարը պետք է ավելի ակտիվ լինի, պետք է հորդորենք, որ նման ակցիաները հաճախ լինեն, որ մարդիկ չծխեն եւ ամենից կարեւորն այն է,  որ բոլորը հասկանան՝ ծխելը վտանգավոր է առողջության համար։ Սթրեսները կամ մնացած այլ խնդիրները մենք գուցե չենք կարող վերացնել մեր կյանքից, ժամանակակից մարդու կյանքից, իսկ ծխախոտն ախտահարող այն լուրջ ֆակտորներից է, որ մարդը կարող է իր կամքի ուժով վերացնել, ընդ որում նաեւ օգնել իր շրջապատի մարդկանց՝  չծխողներին, քանի որ պասիվ ծխելը նույնպես վտանգավոր է առողջության համար։ Այս պայքարը պետք է սկսել դպրոցական, ուսանողական տարիքից։ Արդեն պետք է նորաձեւ լինի չծխելը, չծխողները պետք է քննադատեն ծխողներին ու անհրաժեշտ է դա ներմուծել մեր հայ մենթալիտետի մեջ։ Ցավոք սրտի, վիճակագրական տվյալներով՝ մեր պետությունը մտնում է Եվրոպայի ամենածխող պետությունների շարքի մեջ։ Հատակապես մտահոգող է, որ կանայք են ծխում, այն էլ ռեպրոդուկտիվ տարիքի, իսկ դուք գիտեք, թե դա ինչ առողջական վտանգներ է իր մեջ պարունակում։

- Եթե հղիության ժամանակ կինը ծխում է, ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել։

Հղիության ժամանակ ծխելը շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ՝ հղիության վաղաժամ ընդհատումից մինչեւ լուրջ արատներով եւ տարբեր հիվանդություններով երեխա ունենալը։ Երբեմն ծխող կնոջից ծնված երեխան առաջին հայացքից կարող է առողջ թվալ, սակայն ժամանակի ընթացքում առողջական խնդիրներն ի հայտ կգան, օրինակ՝  ալերգիկ կամ ասթմատիկ երեւույթները։ Հոր ծխելն էլ մեծ նշանակություն ունի  առողջ երեխա ունենալու գործում։ Առաջին հերթին հոր ծխելն ազդում է հենց իր ռեպրոդուկտիվ ֆունցիայի վրա։ Հնարավոր է, որ երեխա չունենալու պատճառներից մեկն էլ ծխելը լինի։ Այդ մասին շատ ժամանակ մոռացվում է։ Եթե ընտանիքը ցանկանում է առողջ երեխա ունենալ, ընդհանրապես խորհուրդ է տրվում, որ մինչեւ կնոջ հղիանալը՝ ամենաքիչը 2-3 ամիս առաջ, ծնողներից ոչ մեկ չծխի։

-Սեռական կյանքն ինչպե՞ս է ազդում մարդու սրտի առողջության վրա։

Սեռական ակտի ժամանակ ֆիզիկական աշխատանք է տարվում՝ ամեն մարդու համար յուրահատուկ ծանրաբեռնվածությամբ։ Առողջության համար միանշանակ կարեւոր է նաեւ կանոնավոր եւ առողջ սեռական կյանք ունենալ։  Հիվանդների հետ հաճախ չի խոսվում այն մասին, թե տարբեր հիվանդությունների առկայության կամ բուժման փուլում ինչպես կարգավորել սեռական կյանքը, բայց դա եւս շատ կարեւոր է։ Կարեւոր է, օրինակ, տեղեկանալ, թե ինֆարկտից հետո ինչքան ժամանակ անց պետք է վերսկսել սեռական կյանքով ապրել՝ ինչպիսի հաճախականությամբ, ինչպիսի ակտիվությամբ եւ այլն։ Հիմա մենք՝ բժիշկներս, ասում ենք հիվանդներին, խոսում ենք այդ մասին, ուղղակի իրենք ամաչում են, վատ են զգում այս թեման շոշափելիս։ Մի քիչ հայկական մենթալիտետի հարց է։ Արտասահմանում այս խնդիրը հստակ քննարկվում է եւ բոլոր ուղեցույցներում նշվում է որպես առանձին կետ՝ առողջ ապրելակերպ վարելու առումով։ Սակայն պետք է նշեմ, որ եթե համեմատենք 5 տարի առաջվա իրավիճակի հետ, ապա հիմա այդ հարցն ավելի ակտիվ է քննարկվում։ Շատ կարեւոր հարց է, դա էլ է պահանջ, ինչպես ուտելը, խմելը, զբոսնելը, սեռական կյանքը նույնպես պետք է կազմի մարդու առօրյայի մի մասը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք՝ առողջ սիրտ ունենալու համար։

Չծխել։ Օգտագործել միայն առողջ սնունդ։ Հաշվի առնելով 21-րդ դարի առաջադեմ սարքավորումներից կախվածությունը, երբ մարդիկ նստակյաց կյանք են վարում, խորհուրդ եմ տալիս ավելի ակտիվ լինել, քայլել, սպորտով զբաղվել։ Եթե որոշակի ժառանգականություն կա, ասենք ընտանիքում մեկն ունեցել է սիրտ-անոթային խնդիր, պետք է ավելի ուշադիր լինել առողջությանը։

-Շա՞տ են ձեր հիվանդները։

Ցավոք սրտի, այո։ Պետք է փաստեմ, որ ոչ միայն ավելացել է սիրտ-անոթային հիվանդների թիվը, այլեւ իջել է ռիսկային տարիքի շեմը՝ հիվանդությունները  երիտասարդացել են, ինչը շատ ողբերգական երեւույթ է մեզ համար։ Չնայած նրան, որ սրտային հիվանդությունների բուժման, կանխարգելման ուղղությունն ամենաարագ զարգացող ճյուղերից է, սակայն ցավոք, սիրտ-անոթային մահացությունը առաջին տեղում է, նույնիսկ ավելի է, քան ուռուցքային հիվանդություններից մահացությունը՝ ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Նախկինում, եթե մենք հազվադեպ էինք հանդիպում 25-30 տարեկան սիրտ-անոթային խնդիրներով հիվանդների, ապա ներկայումս արդեն երիտասարդներն էլ են ներառվում այս հիվանդությունների ռիսկային խմբում։

Ես կցանկանայի նաեւ նշել, որ եթե ունեք առողջական խնդիր, ապա պետք է ավելի ուշադիր եւ զգոն լինեք, որովհետեւ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է վերահսկել իր կանխարգելման, քան բուժման փուլում։ Խորհուրդ կտամ վաղ դիմել բժիշկի, այլ ոչ թե հարեւաններին կամ կողքի մարդկանց լսել ու ինքնաբուժությամբ զբաղվել։ Յուրաքանչյուր հիվանդություն յուրահատուկ է, մարդիկ էլ միանման չեն, բժիշկները կարող են շատ արագ օգնել՝ գտնել հիվանդությունը հենց սկզբնական փուլում։

Անպտղությունը վերջնական ախտորոշում չէ. երկարատեւ հետազոտություններ անցնել պետք չէ

Կնոջ առողջությունը ոչ միայն շատ կարևոր է, այլև փխրուն: Այն դժվար է պահպանել այսօրվա տարբեր հիվանդությունների աճին զուգընթաց։ Կանայք պետք է առավել հետեւողական լինեն իրենց առողջությանը, քանի որ հենց կնոջ փխրուն ուսերին է ընկած ամբողջ ընտանիքի բարօրությունը։ Կանացի առողջությունը պահպանելու գրավականներից է մասնագետների մոտ պարբերաբար հետազոտվելը։ Վաղ հայտնաբերված հիվանդությունների դեպքում բուժումն անհամեմատ ավելի արդյունավետ է լինում, ուստի պետք է տարին գոնե մեկ անգամ այցելել բժիշկի ու տեղեկանալ առողջության մասին։

Յուրաքանչյուր կին մայր դառնալու բնազդ ունի իր մեջ, ուստի մայրանալուց առաջ եւ արդեն հղիության ընթացքում անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ եւ  ուշադրությամբ հետեւել առողջությանը՝ ապագայում առողջ երեխա ծննդաբերելու ակնկալիքով։

Կնոջ առողջության պահպանման եւ կանացի հիվանդությունների արդյունավետ բուժման մասին զրուցել ենք պերինտոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի գինեկոլոգ-մանկաբարձ Զարուհի Մանուկյանի հետ։ Բժշկուհին բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, մեծ պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ձեռքբերումներ ու նվաճումներ է ունենում իր ոլորտում։ Այս ամենի շնորհիվ վայլում է իր հիվադների ակնածանքն ու վստահությունը։ Նշենք, որ բժշկուհին առաջնորդվում է այն սկզբունքով, որ ամենանորագույնն ու ամենալավը կիրառվի հենց իրենց բաժանմունքում։

-Գինեկոլոգիական եւ մանկաբարձական ինչպիսի՞ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեզ։

Դիմում են տարբեր գինեկոլոգիական պաթոլոգիաներով, օրինակ՝ արգանդի անոմալ արյունահոսությունների, գենիտալ պրոլապսի, արգանդի միոմայի, ձվարանների գոյացությունների, պարանոցի և արտաքին սեռական հիվանդությունների, անպտղության, ցավային համախտանիշի դեպքում, մանկաբարձական տարբեր խնդիրներով՝ վիժումներ և այլն։

-Խոսեցիք վիժումների մասին, դրանց թիվն ավելացե՞լ է։

Այնքան են, որքան վիճակագրությամբ գրեթե միշտ արձանագրվում է։ Մեկ անգամյա վիժում տեղի է ունենում կանանց 10%-ի մոտ, իսկ սովորույթային վիժումը՝ կանանց 1-3% մոտ։

-Տիկին Մանուկյան, ի՞նչ խորհուրդ կտաք անվտանգ հղիություն ունենալու համար։

Անպայման պետք է արված լինեն բոլոր անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի կանխարգելվեն այն վարակները, որոնք վտանգավոր են հղիության ընթացքում։ Չի կարելի հղիության ընթացքում բարձիթողի վիճակում մնալ, քանի որ հղի կինը պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ երեխայի առողջության համար։ Բոլոր առկա էքստրագենիտալ հիվանդությունները պետք է լինեն կոմպենսացված վիճակում, պետք է այցելել համապատասխան մասնագետի և ստանալ խորհուրդներ, իսկ եթե կինը չունի առողջական խնդիրներ, կարելի է ուղղակի պրոֆիլակտիկ զննում անցնել:

Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում ավելացել է հեպատիտով հիվանդների թիվը։ Հեպատիտ B-ի դեմ  կարելի է պատվաստվել, իսկ C-ի դեպքում պետք է անպայման բուժում անցնել եւ նոր  միայն հղիանալ, որովհետեւ հավանականությունը, որ վիրուսը կփոխանցվի երեխային, բավական բարձր է։

-Երբ զույգի մոտ ախտորոշվում է անպտղություն, դա, Ձեր կարծիքով, վերջնակա՞ն է եւ այլեւս բուժման մասին խոսք լինել չի կարող։

Անպտղություն է համարվում այն վիճակը, երբ մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում հղիություն տեղի չի ունենում։ Անպտղություն հանդիպում է 8 զույգից 1-ի մոտ։ Դա պայմանավորված է կանանց կամ տղամարդկանց անպտղությամբ, իսկ որոշ դեպքերում էլ երկուսի մոտ էլ առողջական խնդիրներ են լինում։ Անպտղությունը, բնականաբար, վերջնական աշխորոշում չէ՝ այսօրվա մեր բոլոր նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Այն զույգերին, որոնք ունեն այս խնդիրը, խորհուրդ կտամ՝ երկարատեւ  հետազոտություններ եւ բուժումներ չանցնեն։ Այդ երկարատեւ հետազոտությունները վատ են անդրադառանում զույգի հոգեբանական վիճակի վրա, ուստի պետք է կատարել միայն անհրաժեշտ հետազոտությունները-հորմոնալ անալիզներ, գերձայնային հետազոտություն, հիստերոսալպինգոգրաֆիա, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա։

-Ինչպե՞ս եք բուժում անպտղությունը։ Ի՞նչ մեթոդներ կան։

 Բուժման մեթոդը կախված է անպտղության պատճառից: Հորմոնալ խանգարումների դեպքում կատարվում է ձվազատման խթանում, փողերի անանցանելիության դեպքում կատարվում է լապարասկոպիկ վիրահատական բուժում և այլն:

Ես, առիթից օգտվելով, կցանկանայի խոսել էնդոմետրիոզ հիվանդության մասին: 10 կանանցից մեկի մոտ հայտնաբերվում է էնդոմետրիոզ հիվանդությունը: Էնդոմետրիոզ ունեցող կանանց գրեթե 50 տոկոսի մոտ զարգանում է անպտղություն։

Այս հիվանդության դեպքում արգանդի լորձաթաղանթի բջիջները տեղակայված են լինում  արգանդից դուրս: Հիվանդը գանգատվում է ցավոտ դաշտանից, ցավեր է ունենում սեռական ակտի ժամանակ, անպտղությունից, հնարավոր է նաև հարակից օրգանների ախտահարում՝ աղիների, միզապարկի և այլն։ Այս հիվանդները հաճախ ստանում են երկարատեւ անարդյունավետ բուժում:

Հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում լապարասկոպիան: Լապարասկոպիան միաժամանակ թույլ է տալիս ախտորոշել և  վերացնել  էնդոմետրիոզի բոլոր օջախները։ Ախտահարված օջախները հեռացնելու վիրահատությունից հետո հղիության տոկոսը բավականին բարձրանում է՝  կազմելով 60-70 տոկոս։ Վիրահատությունից հետո ԷՄԲ (Էկո) միջոցով հղիանալու տոկոսն էլ է բարձրանում։

Պետք է փաստեմ, որ տարիքի հետ հղիանալու տոկոսը կարող է իջնել։ Հղիության ամենալավ տարիքը 21-25 տարեկանն է։ 35 տարեկանից հետո հղիանալու հավանականությունը սկսում է կտրուկ իջնել։ Արդեն 40 տարեկանում բացի հղիության տոկոսի իջեցումից, բարձրանում է նաև  վիժման տոկոսը, ինչն էլ կապված է ձվաբջիջի որակազրկման հետ։

-Բժշկուհի, իսկ արյան տեսքով արտադրությունը սովորաբար եւ հղիության ընթացքում ինչի՞ մասին է ահազանգում, եւ ինչո՞ւ է կանանց առաջին հղիության ժամանակ հիմնականում վիժում լինում։

Եթե կնոջ մոտ տեղի է ունեցել մեկ վիժում, ապա պետք է փաստել, որ նման վիժումների գրեթե  60 տոկոսը պայմանավորված է քրոմոսոմ անոմալիաներով՝  հենց տվյալ սաղմի ոչ ճիշտ կարիոտիպով: Մեկ անգամյա վիժումը դեռ պատճառ չէ, որ արվեն բոլոր այն հետազոտությունները, որոնք արվում է սովորույթային վիժման ժամանակ։ Սովորույթային է համարվում 3 եւ ավելի վիժումները։ Մեծ տարիքում արդեն 2 վիժումից հետո պահանջվում է անել ամբողջական հետազոտություն։ Իհարկե, դա ֆինանսական մեծ ծանրաբեռնվածություն է տվյալ հիվանդի համար, այդ իսկ պատճառով մեկանգամյա վիժման դեպքում խորհուրդ չենք տալիս լայնածավալ հետազոտություն անցնել։

Հարցրեցիք արյան տեսքով  արտադրության մասին, հղիության դեպքում սեռական ուղիներից արյունային արտադրության դեպքում պետք է կատարել գերձայնային հետազոտություն և  անպայման հեշտոցի պատերն ու պարանոցը զննել հայելիներով, քանի որ հանարավոր է, որ արյունային արտադրությունը պայմանավորված լինի ոչ թե վիժման վտանգով, այլ ուրիշ պատճառով. օրինակ՝ արգանդի պարանոցի պոլիպով, կամ չարորակ հիվանդությունով։

-Ձեր կարծիքով՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ արվող պատվաստումն էֆեկտի՞վ է, դա ի՞նչ արդյունքներ կտա։

Դա շատ ճիշտ եւ լավ նախաձեռնություն է։ Աշխարհում մեծ նվաճում է, որ արվում է նման պատվաստում, ինչը կտրուկ իջեցնում է  արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Տարօրինակ է, որ հայերն այդքան վատ են ընդունում այս պատվաստման մասին տեղեկությունը։ Ես որպես մասնագետ ուրախ եմ, որ նման ձեռքբերում կա աշխարհում եւ մենք հնարավորություն ունենք դրանից օգտվելու։  Այս պատվաստման շնորհիվ աշխարհում կտրուկ իջել է արգանդի պարանոցի  նախաքաղցկեղային հիվանդությունների տոկոսը։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը այս տարվա դեկտեմբերից պատվաստանյութը բերելու է Հայաստան, եւ 13 տարեկան բոլոր աղջիկները պետք է  պատվաստվեն։ Ցանկալի է պատվաստվել մինչեւ սեռական կյանքի սկիզբ, եթե անգամ ավելի բարձր տարիքային խմբում են եւ սկսել են սեռական կյանքով ապրել, միեւնույն է պետք է պատվաստվեն։ Կարեւոր է նշել, որ պատվաստումն անելուց առաջ պետք  չէ ստուգել արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուս կա կնոջ օրգանիզմում, թե ոչ։ Պատվաստումն անելուց հետո էլ ցուցված է կրկին հանձնել պրոֆիլակտիկ pap/test՝ 3 տարի մեկ անգամ:

-Ձեզ մոտ այցելո՞ւմ են ՄԻԱՎ վարակակիրներ։

Իհարկե։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը շատ լավ կարողանում է պայքարել, որպեսզի հղի ՄԻԱՎ վարակակիր մորից վիրուսը չփոխանցվի երեխային։ Բոլոր հղիների մոտ Հայաստանի Հանրապետությունում ստուգվում է այս վիրուսը եւ եթե հայտնաբերվում է, կինն ուղարկվում է հակառետրովիրուսային թերապիա ստանալու, որովհետեւ ինչքան արյան մեջ վիրուսի տոկոսն իջնում է, այնքան պտղի վարակվելու հավանականությունը նվազում է։ ՄԻԱՎ վարակակիր հղի կնոջ ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատման եղանակով, որպեսզի ծննդաբերելու ժամանակ երեխան չվարակվի։ ՄԻԱՎ վարակակիր կինը նաեւ չպետք է կերակրի երեխային։

-Երբ հղի կնոջ մոտ հայնաբերվում է ՄԻԱՎ, դա չի՞ ազդում նրա հոգեբանական վիճակի վրա։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ՄԻԱՎ վիրուս է հայտնաբերվել։

Բնականաբար ազդում է կնոջ վրա, ինչպե՞ս կարող է չազդել։ Պետք չէ հուսահատվել, դրա փոխարեն ավելի լավ է գործնական քայլերի անցնել՝  ստանալ հակառետրովիրուսային բուժում, քանի որ այն օգնում է, որ մորից երեխային չփոխանցվի վիրուսը։ Օրինակ՝ հեպատիտ C-ի դեպքում մեծ է հավանականությունը, որ վիրուսը մորից կփոխանցվի երեխային, իսկ այս վիրուսի դեմ օգտագործվող դեղամիջոցները հակացուցված են հղիության ընթացքում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց՝ իրենց առողջության պահպանման համար։

Պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել պարբերաբար։ Բոլոր կանայք պարտադիր պետք է pap/test  հանձնեն, գոնե 3 տարին մեկ անգամ։ Ժամանակ առ ժամանակ պետք է այցելել բժիշկի, ոչ միայն գինեկոլոգի, այլ նաեւ բոլոր մասնագետների։

31 Հկտ

ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ

Written by

Առողջ աչքեր բոլորի՛ն. թող ոչ մեկի աչքի լույսը երբե՛ք չմարի

Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են, որոնցով ամեն մեկս աշխարհն ընկալում ենք յուրովի: Ավաղ, այն կախված է ոչ միայն նրանց անհատականությունից, այլ նաև առողջական վիճակից: Մեծատառով բժիշկ կարելի է համարել այն մասնագետին, ով մարդուն կարող է վերադարձնել իր աչքի լույսը, աշխարհն իր բոլոր երանգներով տեսնելու երջանկությունը: 

Շրջապատող աշխարհի մասին տեղեկության 80%-ը մենք ստանում ենք տեսողական զգայարանի շնորհիվ: Դրանով է արտահայտվում մարդու տրամադրությունն ու բնավորությունը:

Այս անգամ մենք փորձեցինք անդրադառնալ ակնաբանության բնագավառում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին, տեխնոլոգիական նորամուծություններին, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, որոնց մասին կխոսենք մեր զրուցակից Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ  ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ, ով, լինելով մի փխրուն էակ, միաժամանակ իր ուսերին է ստանձնել բժշկի պատասխանատու գործը:

 -Տիկի՛ն Դավթյան, ինչպե՞ս և ե՞րբ ընտրեցիք Ձեր մասնագիտությունը և Ձեզ ինքնաբավ զգու՞մ եք, քանի որ կարևորարագույն գործ եք ստանձնում՝ մարդուն վերադարձնելով աչքի լույսը:

-Ակնաբույժի մասնագիտությունն ընտրեցի սովորելու տարիների ամենավերջին կուրսում: Մասնագիտության ընտրության հարցում, անկեղծ ասած, եղել է նաև հայրիկիս ազդեցությունը, ով միշտ պնդում էր, թե ակնաբուժությունը աղջկան կամ կնոջը վայել գեղեցիկ և մաքրամաքուր մասնագիտություն է: Իսկ հիմա ես ինձ բավականին լիրաժեք և բավարարված եմ զգում ու գիտակցում, որ սա հենց այն մասնագիտությունն է, որը միշտ ցանկացել եմ ունենալ:

-Բժշկուհի՛, ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել մինչ օրս:

-Երեք տարի Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում օրդինատուրա եմ սովորել և ամեն օր հաճախել բավականին հաճույքով: Հիշում եմ, որ մի ամբողջ ամիս մեր հիվանդանոցը փակ էր. օգոստոս ամսին վերանորոգման աշխատանքներ էին տարվում: Ինձ համար շատ դժվար ամիս էր, մինչև վերաբացվեց կենտրոնը: Սա մեր երկրորդ տունն է, սակայն ես կասեի, որ գուցե նաև առաջինը, քանի որ այս պատերից ներս ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան տանը:

-Ձեր ակնաբուժական ճյուղում ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում այս օրերին և ո՞ր մեթոդներ են ավելի արդիական:

-Ընդհանրապես, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ակնաբուժական ոլորտում, արդիական են համակարգչային բոլոր տեսակի հետազոտությունները, որոնցից ամենատարածվածը համակարգչային ավտոռեֆրակտոմետրիան է: Այն թույլ է տալիս որոշել աչքի ռեֆրեկցիան, այսինքն՝ աչքի բեկման ուժը, որով էլ հեշտացնում է ակնոցների ընտրությունը: Համակարգչային հետազոտություններից նշեմ նաև կերատոտոպոգրաֆիան, որը թույլ է տալիս պատկերացում կազմել եղջերաթաղանթի ամեն կետում նրա կորության շառավղի և բեկման ուժի մասին: Այն ցուցված է աստիգմատիզմի, կերատոկունուսի կասկածի դեպքերում, ինչպես նաև եղջերաթաղանթի փոխպատվաստումներից հետո կարերի ճիշտ հեռացման դեպքում: Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ակնաբանությունում իր ուրույն տեղն ունի նաև սոնոգրաֆիան, որը մեզ թույլ է տալիս ուսումնասիրել ցանցաթաղանթի վիճակը, երբ աչքի հետին հատվածը տեսանելի չէ, ինչպես նաև տարբեր վնասվածքներից հետո բացահայտում է ներակնային օտար մարմնի առկայությունը, թույլ է տալիս որոշել աչքի առաջահետին հատվածի երկարությունը և այլն:  OCT կամ  աչքի կոհերենտ տոմոգրաֆիան թույլ է տալիս ավելի լայն պատկերացում կազմել ցանցաթաղանթի  բոլոր շերտերի և այդ շերտերում փոփոխությունների մասին: Ինչպես նաև գործում է աչքի ֆլյուորեսցենտենային անգիոգրաֆիան, որը հիմնականում կիրառվում է բորբոքումների և ցանցաթաղանթի այլ հիվանդությունների ժամանակ: Նշեմ նաև համակարգչային տեսադաշտը կամ պերիմետրիան, որը հնարավորություն է տալիս հետազոտել տեսադաշտը: Հիմնականում ցուցված է գլաուկոմայի ախտորոշման ժամանակ, ինչպես նաև նյարդաբանական տարբեր խնդիրների դեպքում:

-Բժշկուհի՛, ի՞նչ հիվանդություն է գլաուկոման, ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ի՞նչ կանխարգելիչ աշխատանքեր են տարվում այդ հիվանդությունից խուսափելու համար:

-Գլաուկոման համարվում է տեսանյարդի հիվանդություն, որի հիմնական ռիսկի գործոնը աչքի ճնշման բարձրացումն է: Սակայն գլաուկոման կարող է լինել աչքի նորմալ ճնշման պարագայում էլ: Քանի որ գլաուկոմայի վաղ փուլերում աչքի տեսողության սրությունը բավականին երկար պահպանվում է, բայց տուժում  է տեսադաշտը, ուստի շատ կարևոր է նրա հայտնաբերումը վաղ փուլերում: Իսկ ուշ փուլերում տեսողության սրությունը կորչում է, երբ գլաուկոման արդեն զգալի զարգացած է լինում: Ցանկալի կլինի տարին 1-2 անգամ չափել տալ աչքի ներակնային ճնշումը 40 տարեկանից բարձր տարիքից սկսած վաղ ախտորոշման նպատակով, եթե նույնիսկ ոչ մի գանգատ չկա: Ախտորոշման մեթոդներից իր կարևոր տեղն ունի աչքի օֆթալմոսկոպիան, երբ ակնաբույժի կողմից ուղղակիորեն դիտվում է տեսանյարդ: Իսկ երբ վերջինս ունենում է տիպիկ փոփոխություններ գլաուկոմայի վաղ և ուշ փուլերում, ապա կատարվում է  համակարգչային պերմետրիա, որը զգայուն է տեսադաշտում ամենանուրբ փոփոխությունների նկատմամբ: Իսկ կանխարգեման առումով այսօր գլաուկոման, կարելի է ասել, բուժվող հիվանդություն է, պարզապես պետք է անընդհատ գտնվել գլաուկոմայով զբաղվող մասնագետների հսկողության տակ, ճնշումը պահել միշտ կայուն ցածր, որից տեսանյարդը չի տուժի: Այստեղ կցանկանայի նշել, որ Մալայան ակնաբուժական կենտրոնում կա գլաուկոմայով զբաղվող մեծ թիմ, որը տիրապետում է գլաուկոմայի բուժման բոլոր նորագույն մոտեցումներին: Բուժումն իրականացվում է և՛ դեղորայքային, և՛ վիրահատական, և՛ լազերային ճանապարհով, ինչը կախված է գլաուկոմայի տեսակից և փուլից:

-Բժշկուհի՛, կցանկանայի՝ խոսենք աչքի հիվանդությունների ժամանակ կիրառվող լազերային միջամտությունների մասին:

-Լազերային միջամտություն ասելով՝ հասարակությունը շատ տարբեր բաներ է պատկերացնում: Հիմնականում մենք լազերային վիրահատության կամ ավելի շուտ՝ միջամտություն ասում ենք էքսիմեր լազերային վիրահատությանը, որն ունի տարբեր ենթատեսակներ, թույլ է տալիս ուղղել տարբեր աստիճանի կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքեր: Վերին սերնդի ապարատով նման միջամտությունները մեծ ծավալով կատարվում են Մալայան ակնաբուժական կենտրոնում: Կատարակտի վիրահատությունը հասարակությունը շատ ժամանակ անվանում է լազերային, բայց իրականում դա լազերային միջամտություն չէ, այլ այն կոչվում է ֆակոէմուլսիֆիակցիա, որն իրենից ներկայացնում է ուլտրագերձայնային վիրաբուժական միջամտություն:

-Կցանկանայի՝ խոսենք գունավոր լինզաների մասին. ի՞նչ ազդեցություն են թողնում դրանք աչքի վրա:

-Գունավոր կոնտակտային լինզաները ավելի շատ գեղագիտական նպատակով են կիրառվում, սակայն եթե միայն չի չարաշահվում կրելիության ժամկետը, ինչն ամենակարևոր նախապայմաներից մեկն է, ինչպես նաև մեկ այլ պայման ևս՝ թե օրվա ընթացքում քանի՞ ժամ է կոնտակտային լինզան աչքերի վրա: Ինչքան էլ լիզաները բարձր որակի լինեն, դրանք կարող են աչքում առաջացնել թթվածնաքաղց: Ուստի օրվա ընթացքում երկար կրելը բերում է թթվածնաքաղցի ուժեղացմանը, այդ իսկ պատճառով չպետք է չարաշահել լինզաների կիրառումը: Հակառակ դեպքում կարող է դիտվել նորագոյացած  անոթների աճ այնտեղ, որտեղ դրանք բնականում չպետք է լինեն, ինչն իր հերթին կարող է ուղեկցվել տեսողության վատացմամբ, որն իր հերթին արդեն կարող է լուրջ վիրահատական միջամտություն պահանջել:

-Բժշկուհի՛, ժամկետանց դիմահարդարման պարագաների օգտագործումը աչքի ի՞նչ հիվանդությունների կարող է հանգեցնել:

-Այո, ժամկետանց դիմահարդարման միջոցները հղի են աչքերում ալերգիկ փոփոխությունների, ինչպես նաև թունավոր հակազդումների առաջացմամբ: Կցանկանայի նշել լայն տարածում գտած, սակայն ոչ ցանկալի ներսից մատիտի օգտագործումը, քանի որ այդ դեպքում փակվում են ճարպագեղձերի ծորանները, նրանց արտադրած սեկրետը դուրս չի գալիս, ինչն  էլ իր հերթին կարող է առաջացնել ճարպագեղձի սուր բորբոքում` հորդեոլում, ժողովրդի լեզվով ասած՝ «տիկնակլոնձ»:  Այս խնդրի դեպքում գրեթե միշտ առկա է կոպեզրի բորբոքում, որը սակայն հաճախ ընթանում է ենթկլինիկորեն և դրսևորվում է այլ նպաստող գործոնների դեպքում: Սակայն նման խնդիր կարող է առաջանալ ոչ միայն մատիտ օգտագործելիս:

Կցանկանայի՝ խոսեինք նաև եղանակային փոփոխությունների հետ զուգահեռ վիրուսների ակտիվացման շրջանի ժամանակ բավականին տարածված ակնային ախտարահարումներից ադենովիրոսային կոնյունկտիվիտների մասին: Սովորոբար այս հիվանդության ժամանակ բորբոքովում են երկու աչքերը, սակայն տարբեր օրերին, այսինքն` սկզբում մի աչքն է, այնուհետև մյուս աչքն է ընդգրկվում գործընթացի մեջ: Հիվանդությունն արտահայտվում է լորձաթարախային արտադրությամբ, աչքերի կարմրությամբ, կոպերի այտուցով, բնորոշ է հարականջային ավշագեղձի մեծացումը: Ճեղքային լամպով հետազոտելիս, որ արդեն ակնաբույժի գործառույթն է, հայտնաբերվում է ադենովիրոսներին բնորոշ ֆոլիկուլյար ռեակցիա, որով հեշտանում է տարբերակիչ ախտորոշումը կոնյոնկտիվիտներից: Իհարկե, անամնեզը` հիվանդության պատմությունը, նույնպես շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշման մեջ: Սովորաբար մինչև աչքերի ախտարումը լինում է սուր շնչառական վարակ, գրիպ, ինչպես նաև հիվանդները նշում են կոնտակտ նման հիվանդների հետ, քանի որ ադենովիրուսային կոնյունկտիվիտը խիստ վարակիչ է: Հիվանդությունը միջինում  տևում է մեկ շաբաթ, քանի որ վիրուսը պետք է ավարտի իր ցիկլն աչքում: Սակայն հակավիրուսային դեղորայքները, որոնք կիրառվում են հենց սկզբից, ազդում են վիրուսի վրա, ինչպես նաև օգնումն խուսափել հետագա բարդություններից:

-Իսկ ի՞նչ կավելացնեինք որպես վերջաբան և մաղթանք մեր հասարակությանը:

-Կցանկանամ առողջ աչքեր բոլորին, թող ոչ մեկի աչքի լույսը երբեք չմարի: Կցանկանամ՝ մեր հասարակությունը գնահատի իր առողջությունը, ավելի հաճախ անցնի կանխարգելիչ բուժզննում, քանի որ ոչ միայն ակնաբուժություն մեջ, այլ բժշկության բոլոր ճյուղերում ավելի հեշտ է բուժել նախնական փուլերում, քան արդեն բարդացած իրավիճակներում: Առո՛ղջ ապրեք:

Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել. պահպանեք ձեր տեսողությունը

Կարճատեսությունն ամբողջ աշխարհում մեծ տեմպերով զարգանում է։ Սա մասնագետները կապում են պլանշետների, համակարգիչների, հեռախոսների չափազանց արագ զարգանալու հետ։ Տեսողությունը չվնասելու համար շատ ակնաբույժներ խորհուրդ են տալիս ընդհանրապես չօգտվել դրանցից, իսկ մյուսներն էլ հավաստում են, որ որոշակի սահմանափակումն էլ արդյունք կտա։ Իսկ ինչպե՞ս վարվեն այն հիվանդները, որոնք արդեն բախվել են տեսողության խնդիների հետ կամ տեսողության վատթարացում ունեն այլ հիվանդություններին զուգահեռ։

Այս եւ այլ հարցերի մասին զրույցել ենք ակնաբույժ Սիրանույշ Մատինյանի հետ։ Լավ անձնավորության եւ լավ մասնագետի, ով իր մասնագիտական բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ  վայելում է հիվանդների վստահությունը։

- Տիկին Մատինյան, կներկայացնե՞ք՝ մասնագիտական ինչ ուղի եք անցել։

-  Թիվ 139 դպրոցն ավարտել եմ արծաթե մեդալով, որից հետո ընդունվել եմ Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան, որը նույնպես ավարտել եմ գերազանցությամբ։ Հանդիսացել եմ Հայաստանի Համահայկան հիմանդրամի կրթաթոշակառու։ 1996-2001 անցել եմ կլինիկական  օրդինատուրա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ մասնագիտացել եմ որպես ակնաբույժ։ Օրդինատուրան նույնպես ավարտել եմ գերազանցությամբ։ 2001-ից աշխատում եմ ակնաբուժության ամիբիոնում՝ որպես դասախոս, ուսումնական մասի վարիչ:

- Ակնաբուժության ինչպիսի՞ նորագույն եւ գերժամանակակից մեթոդներ եք կիրառում Ձեր պրակտիկայում։

- Քանի որ մեր ամիբիոնը տեղակայված է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, մենք աշխատում ենք նաեւ որպես ստացիոնար բժիշկներ։ Ես այժմ աշխատում եմ վնասվածքաբանության բաժանմունքում, որտեղ հիմնականում զբաղվում ենք ակնահատակի պաթոլոգիաների հետազոտման ու բուժման հարցերով։ Մեր բաժանմունքը բավականին  առաջատար է  շնորհիվ նրա, որ կա հայ-ամերիկյան համագործակցություն եւ ամենանորագույնը, որը ներդրվում է ակնաբուժության մեջ աշխարհում, ներդրվում է նաև մեր կլինիկայում։ Բացի այդ, համագործակցություն ունենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Շնորհիվ այդ համագործակցությունների՝ նորագույն մեթոդներով ենք բուժում նաև ակնահատակի պաթոլոգիան։ Կարելի է որպես օրինակ նշել առանց կտրվածքի կամ այսպես կոչված 25 գեյջանոց վիտրեկտոմիան։ Դա ակնահատակի վիրահատություն է, որից հետո հիվանդի սպիտապատյանի  վրա որևէ կար չի դրվում։ Սա շատ արագացնում է  ապաքինման ընթացքը և հետվիրահատական շրջանն ավելի կրճատվում է։

- Ինչքանո՞վ է արդյունավետ Ձեր մասնակցությամբ իրականացված վիրահատությունները։

- Ընդհանրապես ակնահատակի պաթոլոգիաները ամենածանրն են եւ ժամանակին չբուժելու պարագայում սպառնում է կուրությամբ։ Ամենատարածված հիվանդություններից են ցանցաթաղանթի շերտազատումները՝ տարբեր հիվանդությունների արդյունքում։ Իհարկե, գերակշռում են շաքարային դիաբետի հետեւանքով առաջացած ակնահատակի փոփոխությունները։ Տարածված հիվադնություններից են նաեւ ներակնագնդային արյունազեղումները, որոնք բերում են տեսողության վատթարացման։ Ժամանակին եւ ճիշտ արված ակնաբուժական միջամտությունները թույլ են տալիս վերականգնել հիվանդի տեսողությունը։

- Ո՞ր տարիքային խմբում են այդ հիվանդություններն ի հայտ գալիս։

- Տարիքային սահմանափակում գոյություն չունի, ցավոք սրտի։ Հատկապես դա վերաբերվում է շաքարային դիաբետին։ Այս հիվանդությունները կան  եւ մեծահասակների, եւ երիտասարդների մոտ։

- Ինչի՞ հետ եք կապում կարճատեսության աճը։

- Միգուցե եւ ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների, ոչ ճիշտ տեսողական  հիգիենան հատկապես դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ։

- Կներկայացնեք ճիշտը ո՞րն է։

- Ճիշը որոշակի չափաբաժով սարքերից, համակարգիչներից, հեռախոսներից օգտվելն է, այլ ոչ թե անընդհատ։ Պետք է ճիշտ հեռավորություն պահվի։ Տեսողական հիգիենան վերաբերում է նաեւ գրելուն, գիրք ընթերցելուն՝ պետք է պահպանվի  35 սմ հեռավորություն, ոչ ավելի մոտ։ Այս ամենին նպաստում են  նաև ոչ ճիշտ սննդակարգը, օգտագործած սննդի ցածր որակը, օդի աղտոտվածությունը, սոցիալական անբավարար վիճակը։  Այս ամենն իր բացասական ազդեցությունն է ունենում մարդու առողջության վրա։ Տեսողության վատացման տենդենցն ավելանում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Տեսողության վատացման նպաստող պատճառներից է նաեւ աչքերի գերծանրաբեռնվածությունը։ Անընդմեջ էլեկտրոնային սարքավորումներից օգտվելը բերում է աչքերի գերծանրաբեռնվածության։ Նշանակություն չունի երեխա է, թե մեծ, սարքից օգտվողը չպետք է անընդհատ ծանրաբեռնի իր աչքերը։ Երեխաների մոտ ավելի արագ են զարգանում աչքերի հետ կապված հիվանդությունները, քանի որ նրանք աճման շրջանում են։ Երեխայի աճի հետ միաժամանակ մեծանում է նաեւ ակնագնդի երկարությունը, աչքերի ծանրաբեռնվածության դեպքում զարգանում է կարճատեսություն, ուստի խնդիրներն էլ խորանում են։

- Դուք հիմա ունե՞նք արդյունքներ, թե վիրահատված հիվանդներից քանիսի մոտ է լրիվ վերականգնվում տեսողությունը, իսկ քանիսի մոտ հակառակը՝ վատթարացում է գրանցվում։

- Բացատրեմ այսպես, եթե ժամանակին է արվում վիրահատական միջամտությունը, այսինքն՝ շուտ, որովհետեւ ցանցաթաղանթի շերտազատումն այն պաթոլոգիան է, որի դեպքում անմիջական միջամտություն է պահանջվում, ապա ունենում ենք լավ արդյունք։ Եթե ժամանակը ձգձգվում է, դա աշխատում է ի վնաս հիվանդի տեսողության, քանի որ աչքի ցանցենու բջիջները շատ արագ քայքայվում են եւ չեն վերականգնվում՝ իրենց սնուցումը կորցնելու պարագայում։ Ինչ վերաբերում է դիաբետով հիվանդներին, ցավոք սրտի, իրենց տեսողության վերականգնումը պայմանավորված է ոչ միայն մեր միջամտությամտության հետ,այլ նաեւ հիվանդների ընդհանուր վիճակի հետ, որն անվերահսկելի է մեր կողմից։ Եթե հիվանդը հետեւողական է եւ ճիշտ բուժում է ստանում իր հիվանդության կապակցությամբ, բնականաբար արդյունքն էլ լինում է բավականին տեւական եւ կայուն։

- Ձեզ դիմած հիվանդների որքա՞ն մասի մոտ է ախտորոշվում տեսողության այնպիսի վնասված վիճակ, որն արդեն պահանջում  է վիրահատական միջամտություն իրականացնել։

- Հիմնականում, մեծ մասը դիմում են այն փուլում, երբ արդեն վիրահատական միջամտություն է պահանջվում։ Շատ անգամ նույնիսկ ուշացած։ Կարելի է ասել, որ մեզ դիմած հիվանդների մեծ մասն արդեն կարիք ունի վիրահատական միջամտության։

- Ի՞նչ գանգատներով են դիմում Ձեզ, ի՞նչ է դրդում, որ արդեն դիմեն բժիշկի։

- Եթե մեծահասակ է եւ դեռ ինչ որ չափով տեսողությունը պահպանվել է, խուսափում է ակնաբույժի դիմել։ Մեծ մասը դիմում են ակնաբույժի բավականին ուշացած ու բարձիթողի վիճակում։ Դիմում են այն ժամանակ, երբ տեսողությունն արդեն վնասված է լինում։ Կան մարդիկ, որոնք հետեւողական են, եւ ժամանակին են դիմում, սակայն դրանք մեծ թիվ չեն կազմում։

- Ինչպե՞ս պահպանել տեսողությունը, Ձեր խորհուրդը։

- Մաքուր օդ, զբոսանք, ֆիզիկակական համապատասխան ծանրաբեռնվածություն, հնարավորինս կարճ ժամանակ անցկացնել էլեկտրոնային սրաքավորումների դիմաց, ճիշտ սննդակարգին հետեւել՝ վիտամիններով, սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործել։ Այս ամենին պետք է հետեւել հատկապես մեծ տարիքում։ Իսկ այն հիվանդները, որոնք ունեն համակարգային հիվանդություններ,ինչպիսին է շաքարային դիաբետը, պետք է գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն նեղ մասնագետների մոտ, ովքեր  էլ հետագայում իրենց կուղորդեն համապատասխան մասնագիտական բուժօգնություն ստանալու։ Պետք է հետողական լինել առողջությանը, հատկապես տեսողությանը։ Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։

- Որպես վերջաբան ի՞նչ կավելացնեք։

- Մեր բաժանմունքը հիմա համագործակցում է հայ-ամերիկյան ակնաբուժական ընկերության հետ։ Ծրագիր ենք իրականացնում Դիաբետի Համաշխարհային ֆոնդի հետ միասին։ Նպատակը ամբողջ Հայաստանի տարածաշրջանում շաքարային դիաբետի կանխարգելումն է՝ լուսաբանելու, ժամանակին տեղեկացված լինելու միջոցով։ Տեղեկացված լինելով սպասվող բարդությունների մասին՝ հիվադներն ավելի վաղ ժամկետներում կդիմեն եւ կստանան համապատասխան բուժօգնություն։ Դիաբետի ախտորոշման դեպքում, օրինակ, կարելի է լազերային վիրահատության անել եւ կանխել բոլոր հնարավոր բարդությունները, կամ գոնե դրանք նվազագույնի հասցնել։ Այս իրազեկման շնորհիվ շատ դեպքերում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ակնաբուժական վիրահական միջամտությունների անհրաժեշտությունը։

Մենք շատ գոհ ենք մեր այսօրվա ձեռքբերումներից

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են, ինչպես օրինակ՝ դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի ու պլաստիկ վիրաբույժի կատարած միջամտությունները դեմքի շրջանում: Վիճել, որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը:

Դիմածնոտային վիրաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջված ուղղություններից մեկը: Այն տարիքի, հիվանդությունների, վնասվածքների և ի ծնե եղած արատների հետևանքով առաջացած ֆիզիկական տձևությունների ուղղման ճիշտ լուծումն է:

Մեր զրուցակիցն է բ.գ.թ, դոցենտ, Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ՝ ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ում բազմավաստակ վիրաբույժի <<ոսկե ձեռքերի>> և բացառիկ գիտելիքների շնորհիվ իրականացվում են բնածին արատով երեխաների վիրահատություններ՝ նրանց տալով լիրաժեք կյանքը վայելելու իրավունք:

-Պարո՛ն Քոչարյան, կխնդրեի խոսեինք դիմածնոտային վիրաբուժության մասին. Հայաստանում այսօր ի՞նչ մակարդակի վրա է այն գտնվում:

-Հայաստանում այսօր բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում դիմածնոտային վիրաբուժությունը: Գուցե ավելի արդյունավետ կլիներ տվյալ ոլորտի աշխատանքը, եթե օժանդակ հետազոտման մեթոդներն ավելանային, երբ կկատարվեին ավելի լիրաժեք ախտորոշումներ: Բայց, ընդհանուր առմամբ, այն գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա իր բոլոր մասնաճյուղերում:

-Բժի՛շկ, իսկ, Ձեր կարծիքով, տեխնիկապես հագեցա՞ծ է ձեր բաժանմունքը:

-Պետք է նշեմ, որ մեր բաժանմունքը մի փոքր առանձնանում է իր հագեցվածության առումով, քանի որ առանձնահատուկ տեխնիկապես հագեցվածության կարիք էլ չունի: Մեր բաժանմունքը զբաղվում է նորածին և վաղահաս երեխաներով, որոնք ունեն բնածին արատներ, այսինքն` վերին շրթունքի բնածին ճեղքվածք, փափուկ, կարծր քիմքի բնածին և հորիզոնական ճեղքվածքներ և այլն: Դրա համար այդքան լուրջ տեխնիկական սարքավորումներ պետք չեն: Դեռևս միայն կարիք կա առօրյա աշխատանքների համար նախատեսված գործիքների, որոնք մենք, իհարկե, ունենք, քանի որ առանց դրանց չենք կարող որակ ապահովել: Ես Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժն եմ և հիմնական ուղղվածությունը դրված է բնածին արատների վիրահատական բուժման վրա: Պետք է ասեմ, որ մեզ մոտ այն բավականին բարձր մակարդակի է հասել, որովհետև մենք փոքր-ինչ ետ գնացինք նախկին սովետական ստանդարտներից և այսօր կիրառում ենք մեթոդիկաներ, որոնք ընդունված են զարգացած երկներում: Պետք է հպարտորեն ասեմ, որ այդ մեթոդիկաները մեր կողմից ավելի են կատարելագործվել: Օրինակ՝ եթե շատ այլ երկրներում հետվիրատահական բարդության տոկոսները տատանվում են 10-60%, մեզ մոտ այն կազմում է մոտավորոպես 2-3%: Մենք շատ գոհ ենք մեր այսօրվա ձեռքբերումներից: Դրա ցուցանիշն է նաև աճող ռեկոնստրուկտիվ (վերակառուցողական) վիրահատությունների թիվը, այսինքն՝ այս կամ այլ մարզերում երեխաների մոտ կատարված անհաջող վիրահատություններին նոր ուղղիչ վիրահատությունների կիրառումն է, որոնցից բնածին արատերով հիվանդների թիվը այսօր կազմում է միայն 10-15%:

-Բժի՛շկ, խոսենք Ձեր մասնագիտական ճանապարհի մասին. ի՞նչ ճանապարհ եք անցել:

-Ճանապարհս եղել է բավականին սովետական՝ բժիշկ դառնալու ցանկություն ունեցող մարդու ճանապարհ, այսինքն` ես չեմ սահամանփակվել համալսարանն ավարտելուվ, հետո մեկնել եմ Ուկրաինայի Խարկով քաղաքը, այնտեղ ավարտել եմ ասպիրատուրա, ստացել գիտական կոչում, որից հետո, վերադառնալով Հայաստան, 1986թ.-ից մինչ օրս աշխատում եմ Բժշկական համալսարանում սկզբում որպես դասախոս, իսկ հետո՝ արդեն վերջին 10-15 տարիներին, աշխատել եմ որպես ամբիոնի վարիչ: Անցնելով  դասախոսից մինչև ամբիոնի վարիչի ճանապարհը՝ զուգահեռ ղեկավարել եմ կլինիկական բաժանմունքներ՝  Նորք-Մարաշի 2-րդ հիվանդանոցը, Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը, Մուրացանի անվան հիվանդանոցը: Այսօր էլ Բեգլարյան կլինիկական կենտրոնում դիմածնոտային քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավարն եմ: Պետք է նշեմ, որ իմ ամբիոնն ունի ռեզիտերենտուրա: Մեզ մոտ կան 37 կլին.օրդինատոր, որոնք բաշխված են բազմաթիվ բազաներով 5-6 զինվորական հոսպիտալներում: Նրանք այն մարդիկ են, ովքեր, իրո՛ք, ցանկություն ունեն ու նպատակ են դրել մասնագիտանալ, իրենց գործում դառնալ լավագույն մասնագետներ:

- Շփվելով  ներկայիս ուսանողության հետ՝ ի՞նչ մակարդակի վրա եք պատկերացնում ապագա բժշկությունը:

- Շատ բարդ և ցավոտ հարց եք տալիս: Եթե համեմատական կարգով ասեմ, ապա, ցավոք սրտի, սրանից 30 տարի առաջվա ուսանողների և ներկայիս ուսանողների միջև տարբերությունը շատ զգալի է: Նախկինում կատարվում էր լուրջ ընտրություն, կային մրցույթներ: Որպեսզի ուսանողները կարողանային ընդունվել Բժշկական համալսարան, անհրաժեշտ էր  դիմադրել, դիմակայել լուրջ մրցույթների: Այս օրերին այդ ամենը չկա: Եթե նախկինում ընտրվում էին, տեղավորվում էին համալսարան, ապա այսօր հակառակ պատկերն է՝ ով չի կտրվում, հայտնվում է համալսարանում: Սակայն դա, իհարկե, չի կարող խոսել նրանց ուսման որակի մակարդակի մասին: Ուղղակի այսօր այդ իրավիճակն է: Անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր այդ ուղղությամբ, բայց, միևնույն է, հին մակարդակը դժվար է ապահովել: Մի քիչ ավելի դրական է այն տեսանկյունից, որ այժմ կա ժամանակակից գրականություն, թարգմանված արևելաեվրոպական և ամերիկյան գրականություն, որը նախկինում մատչելի չէր: Այսօր գոյություն ունի ինտերնետային պորտալ, որը մի կողմից ևս դրական արդյունք է տալիս: Պետք  է նշեմ նաև, որ այսօրվա ուսանողները չեն տիրապետում ռուսաց լեզվին, իսկ բոլորս գիտենք, որ բժշկական գրականությունը մեծամասամբ ռուսերեն լեզվով է:

-Բժի՛շկ, արդյոք գոյություն ունի դիմածնոտային ասոցիացիա:

-Այո, արդեն 7 տարի է, ինչ գոյություն ունի դիմածնոտային ասոցիացիան, որտեղ ասոցիացայի անդամներ են համարվում քաղաքի հիմնականում բոլոր դիմածնոտային բժիշկները: Ասոցիացիան հիմնադրել և առաջին ղեկավարողը եղել է Գրիգոր Էմիլիչը՝ մեր ամբիոնի հարգարժան դոցենտը. բավականին լուրջ մասնագետ, իսկ մեկ տարի է, ինչ աշխատանքներն արդեն վարում է մեր ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Աննա Պողոսյանը: Այնպես, որ լուրջ աշխատանքեր, անշուշտ, կատարվում են:

-Բժի՛շկ, իսկ դիմելությունն ի՞նչ մակարդակի վրա է այսօր ձեր բաժանմունքում:

-Պետք է նշեմ, որ մեր պարագայում գործնականորեն մրցակցություն չկա, քանի որ այդ պաթոլոգիաների վիրահատությունների 95% կատարվում է հենց մեզ մոտ: Մենք 700-ից ավել վիրահատված երեխաներ ունենք, որն, իհարկե, բավականին լուրջ թիվ է: Արդեն շուրջ 25 տարի է նպատակային զբաղվում ենք այս գործով, և այլ, այսպես ասած, թեթև պաթոլոգիաներով չենք զբաղվում, և նաև՝ կոպիտ ասած՝ գումարի ետևից ընկած չենք:

-Իսկ, որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք ավելացնել և մաղթել մեր ընթերցողներին:

-Մի բան կարող եմ ասել, ինչը շատ կարևոր եմ համարում. ես կցանկանայի, որ հատկապես երիտասարդ բժիշկների մեջ սերմանվեր ինքնաքննադատությունը, այսինքն՝ գործն անելուց առաջ հասկանային, թե ինչ են անում: Այլ կերպ ասած՝ իրենց գործին շատ լուրջ մոտենային՝ կշռադատելով՝ կարող են այդ գործն անել, թե՝ ոչ: Պետք է ինքնաքննադատորեն մոտենալ, որովհետև իրենց ոչ լուրջ վերաբերմունքի արդյունքում ստանում ենք բազմաթիվ հետվիրահատական բարդություններ: Առաջին հերթին դա վերաբերում է հիվանդ երեխաների հետ աշխատելու դեպքերին, որովհետև բնածին արատի անհաջող արդյունքը հանգում է նրան «այլանդակելուն»: Ոչ մի մարդ բարոյական իրավունք չունի նորածին երեխային իր անհաջող գործով և իր ուզած ձևով «շտկել»: Եթե դուք վստահ չեք ձեր գործի մեջ, ինչու՞ եք խաղում երեխայի առողջության ու կյանքի հետ: Ամեն ոք պետք է ինքնաքննադատորեն վերաբերվի ինքն իրեն, չափից ավելի պատրաստված լինի և դպրոց անցնի, նոր իրեն թույլ տա երեխաների հետ աշխատել: Ես չեմ ուզում օրինակներ բերել, բայց իրականում դեպքերն անթիվ են, երբ կատարվում է երեխաների փաստացի այլանդակում: Դա համարում եմ անթույլատրելի, և եթե հանկարծ զգամ, որ դա շարունակական բնույթ կունենա, կդիմեմ ավելի լուրջ  քայլերի այդ խնդրի լուծման համար: Իսկ, որպես մաղթանք, մեր հասարակությանը կցանկանամ միայն ու միայն առողջություն: Աստված հեռու պահի՛ բոլորին խնդիրներից, դժբախտություններից: Իսկ եթե արդեն կանգնել են խնդիրների առաջ, ավելի սթափ և գրագետ մոտեցում ցուցաբերեն, խուճապի չմատնվեն, ցանկացած պատահած «մասնագետի» չդիմեն, որպեսզի մենք էլ հետագայում նման բարդ իրավիճակների առաջ չկագնենք: Առո՛ղջ եղեք:

Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը

Երեխայի ծնունդը յուրաքանչյուր ծնողի կյանքում Աստծո կողմից տրված գերագույն պարգև է: Առանց երեխաների դժվար թե ընտանիքը կատարյալ երջանիկ լինի: Նրանք մեր կյանքը լցնում են ջերմությամբ և սիրով, գեղեցիկ գույներով: Յուրաքանչյուր կին ի վերուստ իր մեջ կրում է մայր դառնալու բնազդը: Թեև կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, ոչ բոլորին է բախտ վիճակվում մայրանալ:

Գինեկոլոգիական այսօրվա խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք «Մոր և Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Բավականին հմայիչ կին և հաճելի զրուցակից, մարդ, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, և, ի վերջո, բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է հիվանդների վստահությունը։

- Տիկի՛ն Հակոբյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:

-Նախ ասեմ, որ մեծացել եմ տնտեսագետների ընտանիքում: Մանկուց ականատես եմ եղել, թե ինչպես են ծնողներս օգնում իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին և հարևաններին: Կարեկցելը և օգնության հասնելը եղել է մեր ընտանիքի գերխնդիրներից մեկը: Նշեմ, որ մեծ է եղել նաև պապիկիս դերը իմ՝ բժշկի մասնագիտությունն ընտրելու հարցում: Պապիկս մասնակցել է Համաշխարհային պատերազմին և իր 10 հայ ընկերների հետ ֆաշիզմից ազատագրել Նիդերլանդների Սոմելզդայք կղզին, ինչի համար էլ Նիդերլանդների թագուհու կողմից արժանացել է մեծ պարգևի: Իհարկե, դա այլ մեծ պատմություն է, որը ներկայացնելու համար ժամեր են պետք: Կարգապահությունն ու համարձակությունը, սկսած գործը ավարտին հասցնելու ունակությունը ինձ փոխանցվել է պապիկիցս: Բժշկական համալսարանում սովորելու տարիներին ես գերադասում էի ավելի շատ դառնալ հոգեբույժ, բայց երբ արդեն ուսանում էինք՝ 6-րդ կուրսում՝ մանկաբարձություն-գինեկոլոգիա ճյուղն ինձ գրավեց, որն անցել եմ կրկին մեր կլինիկայում` <<Մոր և Մանկան Գիտահետազոտական Կենտրոնում>>: Այդ ժամանակ էր, որ կարծես թե սիրահարվեցի իմ ներկայիս մասնագիտությանը, և վերջնականապես որոշում կայացրեցի: Ինչքան էլ՝ դժվար է բժշկի մասնագիտությունը, բայց ավելի հաճելի է, քանի որ քեզ ինքնաբավ ես զգում, երբ աշխատանքիդ արդյունքում ամուսնական զույգերին պարգևում ես ծնող դառնալու բերկրանքը:

-Գինեկոլոգիական և մանկաբարձության ոլորտում հիվանդությունների կանխարգելման և վիրահատական միջամտությունների ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր կենտրոնում, և ինչպիսի՞ նորագույն սարքավորումներով է հագեցած ձեր բաժանմունքը:

-Մեր կլինիկան հագեցած է վերջին սերնդի գերձայնային հետազոտության 3D, 4D սարքերով, կարդիոտոկոգրաֆով, վերջին արտադրության դոպլեր սարքավորումով, նաև նորագույն կոլպոսկոպներով, որոնց միջոցով  հետազոտվում է կանանց արգանդի պարանոցը: Կենտրոնում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը, որի շնորհիվ այն վիրահատությունները, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, ներկայումս մեր կլինիկայում կատարվում է առանց կտրվածքի: Իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում է՝ 1 օր, որից հետո կանայք դուրս են գրվում:

-Ինչպիսի՞ խնդիրներով են ամենից շատ դիմում ձեր բաժանմունք:

-Մեր բաժանմունք դիմում են հիմնականում այն կանայք, ովքեր տարիներ շարունակ տառապում են չբերությամբ, դաշտանային ցիկլի խանգարմամբ տառապող աղջիկներ և կանայք, ինչպես նաև դաշտանադադարի տարիքի կանայք:

-Ձեր կարծիքով որքանո՞վ են հայ կանայք ուշադիր իրենց սեփական առողջության նկատմամբ:

-Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին հայ կանայք ավելի ուշադիր են դարձել սեփական առողջության նկատմամբ: Այդ հարցում իրենց շատ օգնում է ինտերնետ պորտալը, երբ կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել այնտեղ: Ընդհանուր առմամբ, տեղեկացված լինելու համար դա շատ լավ է, սակայն մյուս կողմից էլ այդ ինֆորմացիայի առատությունը հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատերին շփոթության մեջ է գցում: Ես մեր սիրելի հայ կանանց խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել և իրենց հուզող խնդիրներով ժամանակին դիմել նեղ մասնագետների:

-Այսօր շատ զույգեր տարբեր մեթոդներ են կիրառում իրենց նախընտրած սեռի երեխան ունենալու համար՝ սկսած սննդակարգի փոփոխությունից՝ վերջացրած հաշվարկներով։  Որքանո՞վ է արդյունավետ  այդ մեթոդների կիրառումը։

-Դեռ հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ապագա երեխան ինչ սեռի պետք է ծնվի: Մեթոդները բավականին շատ են, սակայն ոչ մի մեթոդի կիրառումը հարյուր տոկոսանոց արդյունք չի կարող ապահովել: Կան մի քանի մեթոդներ, որոնց շարքում կարող եմ նշել ֆրանսիական դիետան, չինական օրացույցը, օվուլիացիայի մեթոդը, բժիշկ Յոնասի մեթոդը:

-Ծննդաբերության կեսարյա՞ ն հատման, թե՞ բնական ճանապարհով ծննդաբերելու տարբերակներ են գերակշռում։

-Մեր կենտրոնը Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է, որը հիմնադրվել է դեռևս 1939թ.-ին և շուրջ 85 տարի ծննդաբերության ոլորտում առաջատար է: Մեր կլինկայում յուրաքանչյուր կնոջը ցուցաբերվում է անհատական մոտեցում և կեսարյան հատումը կատարվում է խիստ ցուցումով: Շատ հաճախ երիտասարդ կանայք, վախենալով բնական ճանապարհով երեխային լույս աշխարհ բերել, ցանկանում են դիմել կեսարյան հատմանը, բայց մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ նրանք ետ կանգնեն այդ մտքից հետագա բարդություններից խուսափելու համար: 

-Ի՞նչ ազդեցություն է ունենում կեսարյան հատումը կնոջ առողջության վրա։

-Կան կեսարյան հատման դրական և բացասական կողմեր: Վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգների կողմից փորձ արվեց կեսարյան հատման թիվը պահել նույն մակարդակի վրա, սակայն վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ կեսարյան հատումների քանակի 30 տոկոսից ավել բարձրացումը ոչ միայն չի կրճատում պերինատալ մահացության տոկոսը, այլ նաև բարձրացնում է մայրական մահացության տոկոսը: Եզրակացությունը, կարծում եմ, պարզ է. կեսարյան հատման պետք է դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

-Ելնելով Ձեր մասնագիտական փորձից՝ Հայաստանում ձևավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:

-Վերջին 5 տարիների ընթացքում զգալիորեն շատացել են կանայք, ովքեր դիմում են մանկաբարձ-գինեկոլոգների օգնությանը զուտ կանխարգելիչ նպատակներով: Դիմողների գերակշռող մասը Երևանի և Հայաստանի մեծ քաղաքների բնակիչներն են: Ցավոք սրտի, հեռավոր շրջանների կանայք դիմում են շատ ավելի քիչ դեպքերում, ես կասեի՝ միայն այն դեպքերում, երբ, այսպես ասած, տնական մեթոդները այլևս իրենց ներգործունեությունը չեն ունենում:

-Վերջին տարիների երիտասարդները մինչ ընտանիք կազմելը ավելի հաճախ են դիմում գինեկոլոգների օգնությանը հետազոտման նպատակով: Որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնական զույգերին:

-Այո, վերջին տարիներին երիտասարդ զույգերը ավելի հաճախ են դիմում մեզ մինչև ընտանիք կազմելը, որը, իմ կարծիքով շատ խրախուսելի է: Ինչպես ասում են, ավելի հեշտ է կանխարգելելը, քան՝ բուժելը: Երիտասարդներին խորհուրդ կտամ ընտանիք կազմելիս հաշվի առնել նաև ազգային ավանդույթները, և մաղթում եմ, որ բոլոր ընտանիքերում գերակշռեն սերն ու համերաշխությունը: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը։ Առո՛ղջ եղեք։

 Կցանկանայի, որ հայ կանայք իրենք իրենց սիրեին

Մեր հանրապետությունում բժշկական որոշ ճյուղեր, մասնավորապես` գինեկոլոգիան, այսօր ամենապահանջված ուղղություններից է, որի նպատակն է մշտապես կատարելագործվել, տիրապետել բուժական նոր մեթոդներին, իրազեկվել ժամանակակից բժշկությանն ու նորարարություններին: Գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտներն այսօր դինամիկ զարգանում են, և բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

Մեր զրուցակիցը  մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների  թեկնածու, դոկտոր, <<Մոր և մանկան առողջության պահպանման>> ԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ,  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի  ամբիոնի պրոֆեսոր  ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ է: Բժշկուհի, ով ունի բավականին երկար տարիների հիանալի մասնագիտական բեղմնավոր ուղի և փորձ, բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու կարողություն, և, որն այս ամենի հետ մեկտեղ՝ անձնվեր բժշկուհու էտալոն է բոլորիս համար:

-Տիկի՛ն Առուստամյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:

-Ինչպես սովարաբար բոլորի, այնպես էլ իմ ուղին եղել է նախ՝ մանկապարտեզում, հետո ընդունվել եմ Ամասիայի դպրոց, որն, ի դեպ, այդ տարիներին հիանալի դպրոց էր: Ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ, եղել Լենինյան թոշակառու: Ավարտելուց հետո ընդունվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (նախկինում Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ) որպես կլինկական օրդինատոր, այնուհետև դարձել բաժանմանունքի վարիչ և փոխտնօրեն: Ունեմ բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Կարելի է ասել, որ կյանքս այստեղ է անցել և հիմա արդեն այն չեմ պատերացում այս պատերից դուրս:

-Բժշկուհի՛, ըստ վերջին տարիների վիճակագրական տվյալների` անպտղության խնդրով հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

-Բարեբախտաբար մեր հանրապետությունում իրականացված համաճարակաբանական հետազոտության շնորհիվ  2009թ.-ին ունեցանք հստակ համաճարաքաբանական տվյալներ անպտղության մասին: Դա շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետև այն հնարավորություն է տալիս մշակել ռազմավարություն, թե ինչ ուղղությամբ հետազոտություններ կատարել և ինչի վրա շեշտադրումը կատարել: Երբ որևէ բժիշկ խոսում է որևէ ախտաբանության մասին և օրինակ բերում իրենց կլինիկայի  տվյալները,  ապա նա պարզապես փաստում է տվյալներ` հիմնված դիմելիության վրա, այլ ոչ հիվանդության իրական պատկերի մասին հանրապետությունում: Ըստ ստացված  արդյունքների՝ կանանց մոտ անպտղության հաճախությունը կազմում  է 16.8%, տղամարդկանց մոտ` 11%: Երկու դեպքերում էլ երկրորդային անպտղության հաճախությունն ավելի բարձր է, քան առաջնայինը: Ինչ վերաբերում է կին-տղամարդ փոխհարաբերությանը, ապա 40% դեպքերում երկուսի մոտ էլ դիտվում է ախտաբանություն: Հասարակության ուշադրությունը պետք է սևեռել այն  հարցի վրա, որ, եթե կա անպտղության խնդիր, հարկավոր է զույգը դիմի բժշկին, ոչ թե առանձին՝ կին կամ տղամարդ, որպեսզի նրանք միաժամանակ հետազոտվեն և միաժամանակ պարզվեն առկա խնդիրները:

Հաջորդ  կարևոր խնդիրը, թե ինչպիսի կառուցվածք ունի անպտղությունը տղամարդկանց և կանանց մոտ. տղամարդկանց մոտ դրանք հիմնականում խնդիրներ են, որոնք կապված են սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխությունների հետ: Հիմնական պատճառները բորբոքային հիվանդություններն են, իմունոլոգիական անպտղությունը: Կան նաև, իհարկե, էնդոկրին խանգարումներ: Կանանց մոտ անպտղության հիմնական պատճառներ են փողորովայնամիզային գործոնները, այսինքն՝ արգանդափողերի  անանցանելիությունը, կպումները, որոնք կարող են առաջանալ բորբոքային տարբեր հիվանդությունների պատճառով: Կանանց մոտ անպտղության պատճառ են հանդիսանում նաև  անպտղության էնդոկրին գործոնները՝ մոտ 45% դեպքերում, էնդոմետրոզը՝ 35%: Իհարկե, կան նաև այլ պատճառներ. անատոմիական փոփոխություններ, իմունոլոգիական անպտղություն: Չբացահայտված պատճառներ նույնպես գոյություն ունեն և նման դեպքերում մենք խոսում ենք  անհայտ ծագման անպտղության մասին: Աշխարհի բոլոր երկրներում անպտղության մոտ 10-15% պատճառները դեռևս բացահայտված չեն, ինչը չի նշանակում, որ երբեք նման պատճառները չեն բացահայտվելու: Ուղղակի գիտության ներկա ձեռբերումները դեռևս թույլ չեն տալիս գտնել այդ զույգերի  մոտ անպտղության հնարավոր պատճառները: Համեմատած նախկին տարիների հետ՝ անպտղության հաճախության նվազում է նկատվում, ինչը արդյունք է, իհարկե, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրումների հանրապետության տարբեր կլինիկաներում: Հատուկ նշանակություն ունի  վերականգնողական օժանդակ  տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արտամարմնային բեղմնավորման ներդրումը մեր հանրապետությունում, որը բավականին մեծ օգնություն ցուցաբերեց հանրապետության բնակչությանը: Այստեղ չի կարելի չխոսել նաև շատ կարևոր խնդրի մասին, այն, որ վերարտադրողական բարձր տեխնոլոգիաների կիրառումը բավականին թանկ արժե և ոչ բոլորը կարող են դիմել այս մեթոդի օգնության: Սակայն այսօր  ի շնորհիվ  <<Արագիլ>> բարեգործական հիմնադրամի հանրապետության բազմաթիվ զույգեր,  որոնք ի վիճակի չէին դիմել արտամարմնային բեղմնավորման, կարողացան  իրականացնել իրենց իղձերը և զգալ ծնող դառնալու երջանկությունը:

-Բժշկուհի՛, կա արդյոք հղիանալու հավանականության տարիքային սահմանափակում:

- Ցանկացած կին ծնվում է արդեն գենետիկորեն կանխորոշված ձվարանների պաշարով: Երբ տեղի է ունենում ձվարանների ֆունկցիայի տարիքային մարումը, բնականաբար ձվարանը արդեն չի ունենում այդ պաշարը: Իսկ եթե չկա ձվաբջիջ, ապա այդ դեպքում արդեն չենք կարող խոսել հղիության հավանականութան մասին, քանզի վերարտադրողական օրգանների գործառույթները չեն կարող ապահովել  հղիության համար անհրաժեշտ պայմանները: Այսինքն՝ տարիքի մեծացմանը զուգահեռ նվազում է հղիանալու հավանականությունը:  Իհարկե, երբեմն  լսում ենք հեռուստատեսությամբ, կարդում  թերթերում և ամսագրերում, որ 58 կամ  կամ 60-65 տարեկան կինը ծննդաբերել է: Դրանք արտառոց դեպքեր են, որոնք չեն կարող լինել օրինաչափություն: Պետք է զգուշացնել կնոջը, որ այդ տարիքում հղիանալու հավանակությունը շատ փոքր է , երբեմն`  անհնար: Դրա համար էլ բժշկության մեջ գոյություն ունի <<վերարտադրողական տարիք>> սահմանումը, այսինքն՝ տարիք, երբ կինը կարող է իրացնել իր վերարտադրողական գործառույթը:

-Բժշկուհի՛, կան արդյոք անպտղության պատճառով հետազոտման դիմելու ժամանակ և անպտղության հետազոտման և բուժման էտապների որոշակի մոտեցումներ:

-Եթե վերարտադրողական տարիքի զույգի մոտ առանց համաբեղմնավորման մեթոդների  օգտագործման կանոնավոր սեռական կյանքի պայմաններում մեկ տարվա ընթացքում հղիության չի կայանում, ապա կարելի է խոսել անպտղության մասին և զույգը պետք է դիմի բժշկի: Կրկին նշեմ, որ բժշկի պետք է դիմի զույգը, այլ ոչ թե ամուսինը կամ կինը առանձին վերցված: Կնոջը հետազոտում է գինեկոլոգը, իսկ ամուսնուն` ադրիոլոգը: Զույգը  միասին պետք է անցնի ախտորոշման էտապները, իսկ բուժումը սկսվում է այն ժամանակ, երբ պարզվում է անպտղության հնարավոր պատճառը: Եթե այդ բուժումը չի տալիս իր արդյունքը առավելագույնս 1-2 տարվա ընթացքում, ապա պետք է մտածել բուժման այլ մեթոդների կիրառման մասին, օրինակ՝ էնդոսկոպիկ վիրաբուժություն մասին, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզել չբերության չպարզված պատճառները և միաժամանակ ցուցաբերել համապատասխան օգնություն: Եթե դրանից հետո էլ հղիությունը չի կայանում, նորից վերագնահատվում է անպտղության հնարավոր պատճառը կամ պատճառները:  Նման դեպքում առաջարկում ենք, օրինակ, կատարել ձվազատման խթանում  և ամուսնու սերմով արհեստական սերմնավորում: Իսկ եթե դրանից հետո էլ կինը չի հղիանում, ապա արդեն դիմում ենք արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման մեթոդի օգնությանը:  Ցանկանում եմ նշել, որ արտամարմնային բեղմնավորման մեթոդը մեր երկրում սկսվել է իրականացվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխաները Հայաստանի Հանրապետությունում ծնվել են հենց մեր կենտրոնում:

Ուրախալի է այն փաստը, որ այսօր մարդկանց մեջ մտել է այդ մշակույթը, որ եթե կա որևէ միջոց կամ մեթոդ, ապա պետք չէ հնարավորությունը բաց թողնել ծնող դառնալու համար:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնք պլանավորում են ապագայում իրենց երեխայի ծնունդը:

-Շատ կարևոր է հղիության պլանավորումը, որովհետև դա հնարավորություն է տալիս ունենալ առողջ երեխա: Ընդամենը պետք է անցել խորհրդատվություն բժշկի մոտ, անհրաժեշտության դեպքում կատարել որոշ հետազոտություններ: Հնարավորինս բացառել այն բոլոր բարդությունները, որոնք կարող են լինել հղիության և ծննդաբերության ընթացքում: Շատ ուրախալի փաստ է, որ այսօր շատ երիտասարդ զույգերը ամուսնանալուց առաջ մտածում են պլանավորել իրենց հղիությունը, անցնել բժշկի խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան հետազոտություն և բուժում:

-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ կանանց:

-Ի՞նչ խորհուրդ կտամ. սիրել իրենց և զբաղվել իրենց առողջությամբ: Մեր հայ կանանց եթե հարցնենք, թե ու՞մ համար են առաջին հերթին պատասխանատու, միանշանակ կպատասխանեն, որ իրենց երեխաների: Ամեն մեկն առաջնահերթ պետք է պատասխանտու լինի ինքն իր անձի հանդեպ: Դա եսասիրություն չէ, որովհետև երեխային հարկավոր է առողջ մայր, ամուսնուն` առողջ կին, ծնողներին` առողջ դուստր: Սակայն մեր հայ կանայք ամեն ինչ կանեն հանուն իրենց երեխաների բարօրության, իսկ իրենց առողջությանը հետևելու համար ժամանակ չեն գտնում: Բայց այսօր կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող ենք կախարգելել և չհասցնել վատթարագույն վիճակի: Ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը և դրա հետագա բարդությունները, քան այն բուժելը:

Եղեք առողջ, սիրելի՛ կանայք, սիրե՛ք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն և ամենայն բարիք:  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր