Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...

Ժամանակակից օնկոլոգիայում բժիշկը միայնակ որոշում երբեք չի կայացնում

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դիտվում է  քաղցկեղով հիվանդների թվի աճ։ Սակայն առաջին հերթին պետք է հիշել, որ այդ հիվանդությունը մահվան դատավճիռ չէ, բուժելի է հատկապես վաղ փուլերում: Հայաստանում շարունակում է ավելանալ գինեկոլոգիական ուռուցքային հիվանդություններով հիվանդների թիվը, եւ այդ հարցում թերություններից մեկը հանրապետությունում սքրինինգային ծրագրերի թերի իրականացումն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս իգական սեռի սեռահասուն ներկայացուցիչներին կանոնավոր կերպով հետազոտվել, քանի որ հաճախ հիվանդությունը ոչ մի կերպ չի դրսեւորվում:

<<Նաիրի>> բժշկական կենտրոնում օնկոգինեկոլոգիական ծառայությունը գործում է 2013 թվականից, այնտեղ բուժում են կանացի սեռական օրգանների բարորակ եւ չարորակ նորագոյացությունները, կրծքագեղձի նորագոյացությունները, ինչպես նաեւ նախաքաղցկեղային հիվանդությունները: Կլինիկայի տեխնիկական հագեցվածության աստիճանը եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը թույլ են տալիս իրականացնել հիվանդների հետազոտությունները եւ բուժումը եվրոպական ուղեցույցերին համապատասխան, ինչի շնորհիվ կարելի է հասնել ապրելիության այն ցուցանիշներին, որոնք գրանցվել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում:

Կենտրոնի բազմապրոֆիլ բժիշկների միջեւ համագործակցությունը թույլ է տալիս իրականացնել հիվանդների հակաուռուցքային լիարժեք համալիր բուժում (վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում): Ծառայությունը համագործակցում է օնկոլոգների եվրոպական միության (ESGO) հետ: Առանձին բարդ դեպքերի հետազոտման պլանը եւ բուժումը համաձայնեցվում են վերոնշյալ թիմի կողմից, որում ներգրավվում են նաեւ նեղ մասնագետներ (քիմիաթերապեւտ, ճառագայթային թերապեւտ, ընդհանուր ուռուցքաբան վիրաբույժ, անոթային վիրաբույժ, սրտաբան, էնդոկրինոլոգ, անեսթեզիոլոգ եւ այլն):

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Նաիրի>> բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի օնկոգինեկոլոգ ԺԻՐԱՅՐ ՄԱԼԱՔՅԱՆԸ:

 -Պարո´ն Մալաքյան, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է գտնվում օնկոգինեկոլոգիան Հայաստանում:

-21-րդ դարում այս նեղ մասնագիտացումն աշխարհում սկսեց մեծ քայլերով առաջ ընթանալ, եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ օնկոգինեկոլոգիայի ճյուղը Հայաստանում նույնպես սկսել է զարգանալ: Մեր բաժանմունքում կատարվում են  գրեթե բոլոր այն վիրահատությունները, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բարձրակարգ կլինիկաներում: Ունենք շատ լավ քիմիոթերապիա, վերջին ամիսներին Հայաստանում բացվեց մի նոր կենտրոն, որտեղ մեծ հաջողությամբ եւ բարձր մակարդակով իրականացվում է նաեւ ճառագայթային թերապիա: Մեր գերնպատակն այն է, որ ոչ ոք բուժման  նպատակով մեծ գումարներ չծախսի, չգնա այլ երկիր, մնա եւ համապատասխան բուժումն ստանա Հայաստանում: Եվ ուրախությամբ ուզում եմ նշել, որ դա արդեն, կարծես թե, մեզ հաջողվում է:

Կցանկանամ, որ հանրությունը ուռուցքաբանության վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն ստանա, ու միանգամից դիմեն համապատասխան մասնագետի, առանց ժամանակի կորստի ստանան համապատասխան բուժում վաղ փուլերում: Մեր բժշկական կենտրոնի գերնպատակներից է նաեւ ձվարանների քաղցկեղի բարդ դեպքերի  բուժումը մեր բուժհաստատությունում կենտրոնացնելը, քանի որ մեզ մոտ կան բուժումը բարձր մակարդակով իրականացնելու բոլոր հնարավորությունները: Ցավոք, հասարակությունը ոչ լիարժեք է տեղեկացված այդ մասին, մարդը ունի խնդիր, բայց չի կողմնորոշվում` ուր եւ ում դիմի:

-Բժի´շկ, ի՞նչ կանխարգելիչ ծրագիր է իրականացվում արգանդի վզիկի քաղցկեղի  բուժման նպատակով:

-Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն ունի երեք փուլ: Առաջինը վակցինացիան է` պատվաստումը, որը կանխարգելում է այդ հիվանդությունը մոտավորապես 90-95 տոկոս դեպքերում: Կան երկրներ, որտեղ այդ փորձը կիրառվել է, արդյունքը` գոհացրել, կան նաեւ երկրներ, որոնք հրաժարվել են դա կիրառել: Հայտնելով իմ անձնական տեսակետը` կասեմ, որ միանշանակ կողմ եմ վակցինացիային, որովհետեւ բազմաթիվ հետազոտությունների տվյալները վկայում են դրանց բարձր արդյունավետության մասին: Բայց բնական հարց է ծագում` այդ դեպքում ինչո՞ւ ամբողջ աշխարհում դեռ շատ է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների թիվը: Դա այդպես է, որովհետեւ իրականում դժվար է իրականացնել լայնածավալ վակցինացիա, որն արդյունավետ է, եթե իրականացվում է մինչեւ սեռական կյանքին անցնելը: Ցանկացած նոր պատվաստանյութ` վակցինա, ցանկացած նոր դեղամիջոց  դժվար է ընդունվում հասարակության կողմից:

Կանխարգելման երկրորդ փուլը պրոֆիլակտիկ հետազոտություններն են` ՊԱՊ քսուկ, կոլպոսկոպիա, HPV PCR հետազոտություն: Կոլպոսկոպիան հետազոտման տեսակ է, որն անցկացվում է գինեկոլոգիական զննման հետ միասին. բժիշկը կոլպոսկոպով զննում է հեշտոցի պատերը եւ արգանդի վզիկի հեշտոցային հատվածը՝ գնահատելով այդ օրգանների էպիթելի վիճակը: Կոլպոսկոպիայի միջոցով որոշում են արգանդի վզիկի վրայի գոյացությունների տեսակը (եթե կան), ինչը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել էպիթելի փոփոխությունները, ի հայտ բերել այն պայմանները, որոնք կարող են հիմք դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման համար: Որպես կանոն՝ կոլպոսկոպիան կատարում են բջջաբանական (ցիտոլոգիական) հետազոտության հետ միաժամանակ՝ զննության ամբողջական պատկերն ստանալու եւ ճիշտ ախտորոշելու նպատակով: Այդ մեթոդը ցուցված է վերարտադրողական տարիքի բոլոր կանանց` տարին մեկ անգամ, ինչը պայմանավորված է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու աճող վտանգով եւ պարտադիր բջջաբանական սքրինինգի բացակայությամբ: Կոլպոսկոպիայի միջոցով հնարավոր է ճշգրտորեն ախտորոշել արգանդի վզիկի դիսպլազիաները (նախաքաղցկեղային վիճակներ): Ընդլայնված կոլպոսկոպիայի նկարի եւ տեսագրության առկայությունը հնարավորություն կտա բժշկին հետեւել արգանդի վզիկի փոփոխություններին:

ՊԱՊ քսուկը` պապանիկոլաուի թեստը, կնախտաբանության մեջ օգտագործվող հետազոտման թեստ է, որը օգտագործվում է արգանդի պարանոցի կամ վզիկի (ectocervix) նախաչարորակ եւ չարորակ (քաղցկեղային) ընթացքները հայտնաբերելու համար։ Էական փոփոխությունները կարելի է բուժել` այդպիսով կանխելով արգանդի վզիկի քաղցկեղը։ Թեստը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշկ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ։ 

Թեստը շարունակում է մնալ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ եւ այլ հայտնաբերման արդյունավետ ու տարածված մեթոդ։ Քսուկը վերցվում է սեռահասուն տարիքում, սեռական կյանքով ապրող կանանց մոտ կարելի է իրականացնել տարին մեկ անգամ, ու, եթե հայտնաբերվում են նախաքաղցկեղային դիսպլազիաներ, այդ դեպքում բժիշկն արդեն ցուցաբերում է անհատական մոտեցում: Իսկ մենք գիտենք արդեն, որ արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչը պապիլոմա վիրուսն է, եւ անալիզ հանձնելուց հետո (HPV PCR)` ըստ դրա արդյունքների հիվանդը անցնում է բժշկի հսկողության տակ: Շատ կարեւոր է ժամանակին բժշկին այցելությունը. կինը պետք է անցնի այդ հետազոտությունները, որոնք թանկ չեն, եւ, ըստ իս, տարին մեկ անգամ բնակչության առնվազն 80 տոկոսը կարող է իրեն թույլ տալ անցնելու դրանք: Եվ պարտադիր չէ ցավեր լինելու դեպքում նոր միայն փորձեն հետեւել իրենց առողջությանը, որովհետեւ ուռուցքները սովորաբար սկզբնական փուլերում ընթանում են առանց ախտանիշերի ու երբեմն հայտնաբերվում են պատահականության սկզբունքով: Կոնկրետ գինեկոլոգիական ուռուցքների գրեթե մեծ մասը առաջին փուլերում համարվում Է բուժվող: Բարեբախտաբար դիմելիության կուլտուրան վերջին տարիներին դրական տեղաշարժ է ապրել, նկատվում է կանխարգելիչ նպատակներով այցելուների թվի մեծացում, որին նպաստում են ինչպես ապահովագրական ընկերությունները, այնպես էլ` ինտերնետ պորտալը, որը, իհարկե, երբեմն ավելի խճճում է հիվանդի հաշվարկները: Երբեմն էլ հիվանդը, այցելելով մի քանի բժշկի, ստանում է տարբեր եզրակացություններ եւ չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե ում հավատա: Նման դեպքերում հիվանդը պետք է պարզապես բժիշկներից պահանջի եզրակացության հիմնավորումը: Մենք մեր հիվանդներին առաջնահերթ ցույց ենք տալիս հիվանդության բուժման ուղեցույցները, մասնագիտացված պրոֆեսիոնալ կայքերի անուններ, որպեսզի ուսումնասիրեն, հասկանան իրենց խնդրի լրջությունը: Ժամանակակից օնկոլոգիայում բժիշկը միայնակ որոշում երբեք չի կայացնում: Եթե կնոջ մոտ արդեն առկա է ուռուցքը, նրանով զբաղվում է օնկոլոգիական թիմը` օնկոգինեկոլոգներ, ռադիոթերապեւտներ, պաթոլոգներ, քիմիաթերապեւտներ, ռադիոլոգներ, անհրաժեշտության դեպքում` նաեւ մեզ հետ սերտորեն համագործակցող հոգեբաններ: Հավաքվում են կլոր սեղանի շուրջ, քննակումներ են իրականացվում հիվանդության խնդրի լուծման վերաբերյալ, եւ ապացուցված է, որ նման մոտեցումն ապաքինման հավանականությունն ավելի է մեծացնում: Օնկոլոգիական թիմի (Tumor Board) աշխատանքը «Նաիրի» ԲԿ-ում սկսվել է 2013-2014թթ.` Եվրոպայի հայտնի բժիշկների աջակցությամբ, եւ ամեն շաբաթ  սկայպով քննարկում ենք հիվանդության բարդ դեպքերը, գտնում ճիշտ լուծումները, եւ հիվանդն արդեն վստահում է նման թիմային աշխատանքին: Բժիշկը պետք է պացիենտին մատչելի բացատրի հիվանդության վիճակը, ներկայացնի բուժման ձեւերը,  եւ անչափ կարեւոր է բժշկի ճիշտ մոտեցումը: Իսկ դրան հասնելու համար նա պետք է բազմաթիվ վերապատրաստումների մասնակցի, ձեռքը մշտապես պահի նորարարությունների զարկերակին: Մեր մասնագիտությունը պահանջում է շատ լուրջ նեղ մասնագիտացում, եւ բոլորը պետք է հասկանան, որ ուռուցքային հիվանդությունները դատավճիռ չեն, որ դրանց` վաղ փուլերում բուժվելու հավանականությունը շատ մեծ է:

-Ո՞վ է Ձեզ ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:

-Ես իմ ուսուցիչն եմ համարում Արտեմ Ստեփանյանին, ով ինձ ուղղորդել է իմ նեղ մասնագիտացման հարցում, ում ուսանողն եմ եղել ժամանակին, իսկ այսօր էլ նա մեր  բաժանմունքի ղեկավարն է: Ես նրան համարում եմ ժամանակակից օնկոգինեկոլոգայի հիմնադիրը Հայաստանում: Լինում են հրավերներ տարբեր միջազգային կոնֆերանսներից, տեղի է ունենում փորձի փոխանակություն, ինչի արդյունքում մենք համաչափ քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ: Եվրոպական օնկոգինեկոլոգների միության անդամ ենք արդեն երկար տարիներ, մեր բժիշկները մի քանի դրամաշնորհներ են շահել նրանց մոտ  վերապատրաստում անցնելու, գիտելիքներ ձեռք բերելու համար: Դա անչափ կարեւոր է հատկապես Հայաստանի նման զարգացող երկրների համար, որտեղ չկան մեծ ռեսուրսներ բժիշկների վերապատրաստման համար:

-Բժի´շկ, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Մեզ մոտ կան օրդինատորներ, եւ մենք մշտապես  կուրսեր ենք անցկացնում՝ փորձի փոխանակություն երիտասարդ բժիշկների հետ: Մեր երիտասարդ բժիշկները բավականին կրթված են, զարգացած, ինձ թվում է` տարիներ անց փորձ ձեռք բերելուց հետո նրանք կարող են բարձր մակարդակով, միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն ծավալել: Դրա համար, իհարկե, մշտապես պետք է զբաղվեն ինքնակրթությամբ:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հանրությանը:

-Հայ կանանց խորհուրդ կտամ ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, <<չվախենալ>> եւ գոնե տարին մեկ անգամ այցելել բժշկի: Կրկնում եմ` եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, ապա համարվում է բուժվող հիվանդություն:

 

 

 

 

 

 

 Պետք է հաստատվի բժիշկ-պացիենտ երկկողմանի վստահություն

Ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից են լյարդի հիվանդությունները, եւ փոխպատվաստումը դրանցից շատերի բուժման ամենարդյունավետ բուժման մեթոդն է, որը սկիզբ է առել 1967 թվականին, երբ Թոմաս Սթարզլը եւ նրա թիմը իրականացրեցին դիակային լյարդի առաջին բարեհաջող փոխպատվաստումը: Տարիների ընթացքում այս միջամտությունը զարգացել է օրգանների պահպանման, վիրաբուժական տեխնիկայի, նախավիրահատական խնամքի եւ իմունոսուպրեսիայի կատարելագործման շնորհիվ, առկա մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, քաղաքականությունը, օրենսդրությունը, հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, նույնիսկ կրոնական հայացքները հանգեցրել են փոխպատվաստման  բարեհաջող իրականացման տարբեր մեթոդների մշակմանը ամբողջ աշխարհում: Եվ պատահական չէ, որ այն այսօր ԱՄՆ-ում, ասիական, եվրոպական երկրներում արդեն սովորական երևույթ է, սակայն, ցավոք, Հայաստանում դեռեւս չի իրականացվում:

Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, եւ եթե պացիենտի ու բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է կոմպլայնս՝ պացիենտի եւ բժշկի միջեւ համաձայնություն եւ համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երեւույթների հաղթահարմանը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Լյարդի վիրաբուժության եւ հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԸ:  Նրա խոսքերով.  <<Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում լյարդի վիրաբուժությունն ունի բավականին երկար պատմություն, որը սկիզբ է առել դեռեւս 80-ական թվականներին: Մեր բաժանմունքը միակն էր մեր երկրում, որը զբաղվում էր պորտալ հիպերտենզիայի վիրաբուժությամբ: Այդ ախտանիշն առաջանում է այն հիվանդների մոտ, որոնք տառապում են լյարդի ցիռոզով: Միշտ երազել ենք լյարդի փոխպատվաստման ուղղությունը զարգացնելու մասին, որովհետեւ այն կարեւորագույն խնդիրներից մեկն է մեր երկրում, եւ մեծ դժվարությամբ, փոքր քայլերով առաջ ենք ընթանում:»

 Տարիների ընթացքում ոլորտն ավելի է զարգացել, ինչին օժանդակել է նաեւ 1998 թվականին Ֆրանսիայի հանրահայտ Բոժոնի կլինիկայի հետ Հայաստանի` պետական մակարդակով ծրագրի իրականացումը: Ծրագիրը ներառում  էր լյարդի վիրաբուժությունը, փոխպատվաստումը եւ դրանց զարգացման ուղիները Հայաստանում: Այդ ծրագրի շրջանակներում տարբեր նեղ մասնագիտացում ունեցող շատ հայ մասնագետներ վերապատրաստվել են Ֆրանսիայում: Մեր զրուցակիցը երկու անգամ`վեց ամիս եւ մեկ տարի ժամկետներով, մասնագիտական վերապատրաստում է անցել այդ երկրում: Եվ արդեն  2001 թվականին կլինիկայում բացվել է լյարդի վիրաբուժության բաժանմունք: «Մեր գերնպատակներից մեկն այն է, որ մեզ մոտ կատարվի լյարդի փոխպատվաստում: Այդ տարիներին ծագեցին բավականին շատ խնդիրներ, որոնք պայմանավորված էին օրենքի մշակմամբ: Այն տեւեց մինչեւ 2005 թվականը, սակայն առ այսօր օրենքը փոփոխելու կետեր ունի»,- ցավով նշում է մեր զրուցակիցը:

Լյարդի վիրաբուժությունը հիմնականում վերաբերվում է ծանր պաթոլոգիաներին, որտեղ ընդգրկված են լյարդի բոլոր, հիմնականում`ուռուցքային բնույթի հիվանդությունները,  որոնք պահանջում են մեծ ծավալի վիրաբուժական միջամտություններ`սկսած լյարդի մասնատումից մինչեւ տարբեր տիպի վիրահատություններ: Լյարդի ուռուցքները  կարող են լինել ինչպես առաջնային, այնպես էլ` երկրորդային: Այդ փաստը պայմանավորված է նրանով, որ շատանում են հեպատիտ Բ եւ Ց-ով հիվանդները, որի հետեւանքներից մեկը ցեռոզի առաջացումն է: Իսկ դրա ֆոնի վրա զարգանում են առաջնային ուռուցքները, որոնք էլ, իրենց հերթին, պահանջում են բավականին երկարատեւ եւ ծավալուն բուժում, ընդ որում, բուժման գործընթացին մասնակցում են տարբեր մասնագետներ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի խնդրի լրջության մասին, եւ, ինչքան շուտ ախտորոշվի հիվանդությունը, այնքան ավելի արդունավետ բուժօգնություն կարող ենք ցուցաբերել: Հաջորդ քայլը լյարդի փոխպատվաստումն է, քանի որ շատ դեպքերում ուռուցքային հիվանդությունների, լյարդի ցիռոզների բուժման մեթոդները լիարժեք արդյունավետ չեն լինում, քանի որ դրանց մեջ շատ մեծ  տոկոս են կազմում հետվիրահատական բարդությունները: Այնպես որ` լիարժեք արդյունավետ բուժումը լյարդի փոխպատվասումն է, բայց, ցավոք, Հայաստանում հնարավորություն չունենք օգտվել մահացածի լյարդից, քանի որ դա ոչ միայն բժշկական, այլ նաեւ հոգեբանական, իրավական խնդիր է: Մենք այսօր պատրաստ ենք այն իրականացնելու, բայց ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս <<օգտվել>> մահացած մարդու լյարդից: Դա որոշ չափով կապված է  հասարակության մտածելակերպի հետ. անչափ դժվար է մահացածի հարազատին ասել, որ ցանկանում ենք օգտվել այդ օրգանից: Ինձ թվում է` կգա այն օրը, երբ դա կընդունվի հասարակության կողմից: Ընդ որում, դոնոր գտնելու խնդիրը ոչ միայն Հայաստանում է հրատապ, այլեւ ամբողջ աշխարհում, պարզապես մեզ մոտ դրան ավելանում է հասարակության վերաբերմունքը: Իսպանիայում ժամանակին շատ ակտիվ զբաղվում էին այդ խնդրով, եւ մի հետաքրքիր գաղափար էր նրանց մոտ ծագել. բոլոր խանութներում, հասարակական տրանսպորտում, հասարակական վայրերում փակցված էին հետեւյալ խոսքերը. <<Աստծուն պետք չեն քո օրգանները, Աստծուն պետք է քո հոգին, հոգիդ տուր Աստծուն, օրգաններդ` տրանսպլանտալոգներին»: Եվ դա հետաքրքիր ու բավականին աշխատող գաղափար էր: Որոշ հետխորհրդային երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախաստանը բավականին առաջադիմել են այդ հարցում: Մենք ցանկանում ենք ամեն մի հնարավորություն օգտագործել, խնդրի լրջությունը լուսաբանել լրատվամիջոցներով, որ հասարակությունը հասկանա, թե դա ինչքան կարեւոր է: Մեր հիվանդները բավականին մեծ գումարներ են ծախսում լյարդի փոխպատվաստում կատարելու նպատակով արտերկիր մեկնելու համար, եւ նրանցից շատերը մեր հսկողության տակ են գտնվում: Եվ  ափսոսանք ենք ապրում, որ չենք կարողանում մեր երկրում մարդկանց օգնել այդ հարցում»,- իր մտահոգությունն է հայտնում Սերգեյ Հակոբյանը:

Հիվանդանոցում նորագույն մեթոդներ են կիրառում, որի նպատակը լյարդի հիվանդություններով տառապող հիվանդների բուժօգնությունն ավելի արդյունավետ դարձնելն է:  Դրանցից են ցիռոզի հիվանդություններն իրենց բարդություներով, ինչպես նաեւ լյարդի ուռուցքային պրոցեսները: Օրինակ, ցիռոզ վիրահատություններ տարածների ներլյարդային ճնշումը իջեցնելու նպատակով կիրառում են ինչպես էնդոսկոպիկ մեթոդներ, այնպես էլ` բաց վիրահատություններ: Իսկ ահա լյարդի ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով լայն կիրառվում են լյարդի մասնատումները եւ այն մեթոդները, որոնք որոշ չափով կանխում են ուռուցքի զարգացումը, օրինակ, ուռուցքի մեջ դեղ ներարկելը, բարձր ուլտրաձայնային ազդեցությունը ուռուցքի վրա: Դրանք ուռուցքը վերջնական չեն վերացնում, բայց բավականին ակտիվ փոքրացնում են չափը: Կատարվում են նաեւ լյարդում եւ լյարդից դուրս լեղուղների խնդիրների վիրահատություններ:

Բժիշկը հավելում է. «Ինտերնետային կուլտուրան այսօր բավականին զարգացած է, եւ մարդիկ հեշտությամբ կարող են տեղեկացվել իրենց հիվանդության մասին: Բայց երբեմն այդ տեղեկատվությունը թերի է լինում, սխալ, եւ մենք ստիպված ենք լինում հակադարձել նրանց: Ընդհանրապես ամեն մի պացիենտի խնդրին պետք է յուրովի մոտենալ, պետք է բժիշկը գտնի ճիշտ բուժման ելքը` ունենալով համապատասխան բուժման մեթոդներ եւ փորձ: Եվ հենց դրանից է կախված բուժման հետագա արդյունավետությունը: Ցավոք, պացիենտների մի որոշակի հատված չի վստահում բժշկին կամ տվյալ բուժհաստատությանը, ուստի բուժումն էլ արդյունավետ չի լինում:  Այնպես որ` պետք է հաստատվի բժիշկ-պացիենտ երկկողմանի վստահություն: Աշխարհում ընդունված է, որ պացիենտը կարող է դիմել այլ բժիշկների նույնպես. նա իրավունք ունի իմանալ տարբեր կարծիքներ: Բայց իրականում ինչքան դիմի տարբեր բժշկների, այնքան կխճճվի, իսկ դա կհանգեցնի ավելի շատ բացասական երեւույթների: Ի վերջո, ամեն բժիշկ ունի բուժման իր տեխնիկան ու մոտեցումները, եւ հիվանդությունը չի սպասելու մինչեւ պացիենտը զբաղվի բժշկի ընտրությամբ: Խոսքը վերաբերում է այն հիվանդներին, որոնք չեն եկել շտապօգնության ուղեկցությամբ, որի դեպքում պացիենտն արդեն որոշում, ընտրություն կատարելու ժամանակ չունի»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ ընդհանրապես պացիենտը պետք է գոնե տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով դիմի բժշկի եւ հասկանա, թե ինչ է կատարվում իր օրգանիզմի հետ նույնիսկ այն դեպքում, երբ նրան ոչ մի խնդիր չի անհանգստացնում: Իհարկե, բժիշկը նաեւ լավ գիտակցում է, որ ֆինանսական խնդիրը երբեմն խանգարում է դրան, բայց բարձիթողի վիճակն էլ կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: Եվ այս առումով նա անչափ կարեւորում է առողջապահական ապահովագրությունը. «Մարդիկ ամեն տարի պարտադիր ապահովագրոմ են ավտոմեքենան, բայց ոչ ոք չի մտածում, որ  առողջությունից  ավելի կարեւոր բան չկա: Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահով խավին օգնել, պետպատվերի գաղափարը զարգացնել, միեւնույն է, դա չի բերելու նրան, ինչին ձգտում ենք: Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության համար ֆինանսական ներդրումներ կատարել, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող բավարար չափով դա անել: Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»: Եվ սա պետք է գիտակցի ու հասկանա մեր հասարակությունը»,-եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը:

 

Մանկաբարձ-գինեկոլոգը գործ ունի երկու` մոր եւ պտղի կյանքի հետ

Հղիությունը կնոջ կյանքում կարեւոր եւ հուզական շրջան է, որը  համարվում է նորմալ ֆիզիոլոգիական վիճակ: Սակայն բժշկական տեսանկյունից այն  դիտվում է որպես սահմանային  դրություն, քանի որ այդ շրջանում կարող են գլուխ բարձրացնել մինչ հղիությունն ընկած ժամանակահատվածում կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները, կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունը նույնիսկ հարթ է ընթանում, միեւնույն է, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային եւ ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք, բնականաբար, կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Մի խոսքով` հղիությունը կնոջ համար սահմանային վիճակ է նորմայի եւ պաթոլոգիայի միջեւ:

Հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք  էմոցիոնալ հոգեվիճակներ: Նման  դեպքերում, մանկաբարձ-գինեկոլոգից բացի, երբեմն հղիի հետ աշխատելիս մասնագիտական միջամտություն է ցուցաբերում նաեւ հոգեբանը: Որքան էլ առաջին հղիությունը համարվի  ցածր ռիսկային,  իսկ նորմալ ընթացող կրկնածին հղիությունը`ոչ  ռիսկային, այնուամենայնիվ,  հղիության ընթացքում հղիի այցերի քանակը  հետազոտությունների  համար պետք է մի փոքր ավելին լինի: Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը  հղիության ընթացքում շատ լավ ինքնազգացողություն է ունենում, սակայն նրա օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ ախտաբանական երեւույթներ:

  http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի  <<Բարձր ռիսկի խմբի հղիների>> բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆԱՀԻՏ ԱՆԱՆՅԱՆԸ:

-Տիկի´ն Անանյան, ի՞նչ տեխնիկայով է հագեցած ձեր բաժանմունքը, եւ ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեզ մոտ:

-<<Էրեբունի>> բժշկական կենտրոնը հագեցած է հղիության սկզբնական շրջանից մինչեւ ծննդաբերություն, հետծննդյան շրջան մեր պացիենտներին սպասարկելու համար անհրաժեշտ տեխնիկայով եւ բոլոր ժամանակակից սարքավորումներով:

-Բժշկուհի´, հիմնականում ի՞նչ մանկաբարձագինեկոլոգիական խնդիրներով են ձեզ դիմում:

-Մեր կլինիկա դիմում են տարատեսակ մանկաբարձագինեկոլոգիկան խնդիրների դեպքում` սկսած անպտղությունից, վերջացրած ամենատարբեր խնդիրներով հղիները, որոնք մեր հսկողության տակ են մնում մինչեւ ծննդաբերությունը: Մեզ մոտ աշխատում են նեղ մասնագիտացում անցած, ինչպես նաեւ բժշկության տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ, որոնք 24 ժամ հասանելի բուժօգնություն են ցուցաբերում մեր պացիենտներին: Առհասարակ մեզ դիմում են տարբեր սոմատիկ հիվանդություններով հղիներ, որոնք, լինելով մեր հսկողության տակ, անցնում են հետազոտություն, ստանում անհրաժեշտ բուժօգնություն, եւ նրանց հետագա հսկողությունը իրականացվում է ըստ ցուցումների:  

-Հայ կանանք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ:

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավականին մեծ տոկոս են կազմում այն կանայք, ովքեր հետեւում են իրենց առողջությանը: Մեզ հատկապես  դիմում են սեռական կյանքին առնչվող խնդիրներով: Կան նաեւ պացիենտներ, որոնք պարտադիր ամեն տարի դիմում են մեզ, անցնում համապատասխան եւ անհրաժեշտ համակցված հետազոտություններն ու ստանում իրենց անհրաժեշտ բուժօգնությունը:

-Անպտղության ի՞նչ վիճակագրություն կա մեր հանրապետությունում:

-Անպտղությունը հանրապետությունում կազմում է մոտավորապես 10-20 տոկոս: Եթե հայտնաբերվում է, որ զույգն անպտուղ է, երեւի թե,  0,01 տոկոսի մոտ է ախտորոշվում, որ բուժման ոչ մի մեթոդ հասանելի չէ: Փառք Աստծո, արդի բժշկությունն արագ տեմպերով, նորարարություններին համընթաց քայլում է նաեւ Հայաստանում, ունենք վերարտադրողական լավագույն կենտրոններ, որտեղ լուծվում է անպտղության խնդիրը` ընդուպ մինչեւ փոխնակ մայր ունենալը: Եվ ուրախալի է, որ, եթե նախկինում ամուսնությունից հետո էին հիմնականում մեզ դիմում, ապա այսօր դիմում են  նաեւ երիտասարդ, դեռահաս աղջիկներ: Ուրախալի փաստ է, որ կանայք դարձել են ավելի տեղեկացված, որովհետեւ ապրում ենք ինտերնետային դարաշրջանում, ու, եթե ճշգրիտ, գրագետ կայքերից են օգտվում, ապա, կարդալով իրենց գանգատների եւ խնդրի մասին. հասկանում են, որ ունեն մասնագետի կարիք; Իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ ոչ գրագետ կայքերից սխալ տեղեկատվություն են ստանում:

-Բժշկուհի', ե՞րբ ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

- Մայրիկիս հայրիկը երազել է, որ դուստրը դառնա բժշկուհի, բայց դա մնացել է զուտ երազանք: Հորեղբայրս եւ եղբայրս բժիշկներ են, եւ ինձ դեռ մանկուց սերմանվել է սեր դեպի բժշկությունը, ու ես ութերորդ դասարանում հստակ որոշեցի, որ դառնալու եմ բժշկուհի: Երբ ուսանում էի չորրորդ կուրսում, մանկաբարձություն եւ գինեկոլոգիա առարկան ինձ դասավանդում էր հրաշալի դասախոս Մեդեա Նիկիտիչնան, ով ինձ տվեց գիտելիքների մեծ բազա, եւ ես մանկաբարձ-գինեկոլոգ դառնալու արդեն վերջնական որոշում կայացրեցի:  Ընտրության հարցում կարեւոր նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ երեխաներ շատ, չափից ավելի եմ սիրում: Թող ինքնագովություն չթվա, եթե ասեմ, որ ինձ համարում եմ պատասխանատու եւ մասնագիտությունն անչափ սիրող մարդ: Իսկ նեղ մասնագիտացում անցնելու տարիներին ինձ դասավանդել են մարդիկ, որոնց համարում եմ իմ ուսուցիչները` Անդրանիկ Պողոսյան, Կարեն Մելիքյան, Էդիտա Ղարիբյան (նա ներկայումս մեր բաժանմունքի ղեկավարն է), Արմեն Խուրշուդյան, Տիգրան Հովհաննիսյան, Սյուզաննա Բաբլոյան եւ Լիլիթ Հովսեփյան: Բոլորից սովորել ու ոգեշնչվել եմ եւ  իմ մասնագիտական կայացման մեջ շնորհակալ եմ իրենց:

Նշեմ նաեւ, որ հասցնում եմ ամեն տարի մասնակցել վերապատրաստումների եւ վերջերս եմ վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Եվ ընդհանրապես ցանկացած բժշկի խորհուրդ կտամ, որ անպայման վերապատրաստումների մասնակցելու ժամանակ գտնի, որպեսզի կարողանա մշտապես ձեռքը պահել օրեցօր զարգացող բժշկության զարկերակի վրա: Չէ՞ որ ցանկացած մանկաբարձ-գինեկոլոգ գործ ունի երկու` մոր եւ մանկան կյանքի հետ, իսկ դա կրկնակի պատասխանատավություն է ենթադրում:  

-Գոյություն ունի՞ տարիքայի շեմ, որից հետո անհնարին է հղիությունը:

-Իհարկե, իրականում գոյություն ունի տարիքային շեմ, բայց այսօր ես իմ հսկողության տակ ունեմ 52 տարեկան հղի կին, որը սպասում է զույգ պտղի լույս աշխարհ գալուն: Իսկ ընդհանրապես կինը պտղաբեր է համարվում մինչեւ 45 տարեկանը, որից հետո արդեն ամեն ինչ կախված է կնոջ օրգանիզմի եւ իր բիոֆիզիկ վիճակից: Ի դեպ, 54 տարեկան կին էլ ենք ունեցել մեր բաժանմունքում հսկողության տակ, որը լույս աշխարհ է բերել բալիկի:

-Ձեր բաժանմունքում կեսարյան հատմա՞մբ, թե բնական ճանապարհով ծնունդներն են ավելի շատ:

-Մեր կլինիկայում կեսարյան հատումը իրականացվում է միմիայն ցուցումներով, որոնք լինում են բացարձակ եւ հարաբերական: Երբեմն կինը ինքն է համառորեն պահանջում, որ իրականացվի կեսարյան հատում: Ծննդլուծումը իրականում հոգեբանական վիճակի խնդիր է, եւ նման դեպքերում նրանց հետ բովանդակալից զրուցում ենք, փորձում բացատրել հետագա բարդությունները: Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ կինը իր հղիության 9 ամիսների ընթացքում հստակ որոշում է կայացրել գնալ այդ քայլին, եւ ոչ ոք չի կարող նրան հակառակը համոզել: Բայց դա շատ չնչին տոկոս է կազմում` մի քանի դեպք տարվա կտրվածքով: Երբեմն կինը ինչ-ինչ պատճառով առաջնեկին ծննդաբերել է կեսարյան լուծմամբ, բայց երկրորդ երեխային ունենում է բնական ճանապարհով: Ինչ խոսք, երբ ցանկացած մանկաբարձ-գինեկելոգ հղի կնոջը նախապատրաստում է ծննդաբերության, համոզում է, որ ծննդաբերի բնական ճանապարհով, քանի որ կեսարյան հատումը վիրահատական միջամտություն է, որը հաճախ ունենում է հետվիրահատական բարդություններ:

- Երիտասարդ կադրերի հետ շփվելով` ինչպե՞ս եք գնահատում նրանց ձգտումը, նվիրվածությունը իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ:

-Շատ եմ գնահատում իրենց գործում կատարյալին հասնելու նրանց նվիրվածությունը, ձգտումը եւ ունեմ իմ սիրելի օրդինատորները, որոնց հետ արդեն ընկերներ ենք: Նրանց հետ պետք է աշխատենք չորս տարի, բայց արդեն երկրորդ տարին հասկանում ենք, որ գործ ունենք իրենց գործի նվիրյալների հետ:  

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք այն զույգերին, որոնք ցանկանում են ծնող դառնալ:

-Կմաղթեմ, որ երբեք հույսը չկորցնեն. անհուսալի վիճակ երբեք չի լինում: Եվ, որքան էլ դժվարին լինի իրենց ճանապարհը, պարտավոր են այն հաղթահարել, որովհետեւ ունենք շատ-շատ դեպքեր, երբ 20-30 տարվա անպտղությունից հետո կարողանում են ծնող դառնալ: Երբեք պետք չէ հուսահատվել, պարզապես անհրաժեշտ է դիմել ճիշտ մասնագետի ու հետեւել միայն նրա խորհուրդներին, օգնությանը եւ ոչ թե անընդհատ փոխել մասնագետին: Չէ՞ որ ցանկացած մանկաբարձ-գինեկոլոգ ունի բուժման իր մեթոդը, մեխանիզմը, ցանկացած բուժհաստատություն ունի իր աշխատելաոճը: Եվ որպես վերջաբան ասեմ. պետք է հավատալ բժշկին, եւ միայն այդ դեպքում կարելի կլինի հասնել ցանկալի արդյունքի:  

«Մեր կլինիկան ունի բարձր որակավորում ստացած բժիշկներ»

 

 Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների կիրառումը, որի նպատակն է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը: Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ միասին կատարելագործվում են նաեւ ուլտրաձայնային տեխնոլոգիաները եւ մասնագետների որակավորումը: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) հարաբերականորեն պարզ եւ շատ ինֆորմատիվ է ու, չնայած ախտորոշման բավականին երիտասարդ մեթոդ է (առաջին սարքը 1949 թվականին ամերիկացի գիտնական Դուգլաս Հաուրիի ջանքերով է ստեղծվել, իսկ կլինիկական ախտորոշման պրակտիկայում ավելի ուշ՝ 20-րդ դարի երկրորդ կեսին գործարկում գտել), ներկայումս ժամանակակից բժշկության կարեւորագույն գործիքներից մեկն է համարվում: Բժշկության գրեթե բոլոր ոլորտներում գործարկվելով՝ այն հսկայական թվով հիվանդություններ ախտորոշելու հնարավորություն է ընձեռում:

ՈՒՁՀ-ն ոչ ինվազիվ ռադիոլոգիական հետազոտություն է, որի ժամանակ ուլտրաձայնային ալիքների օգնությամբ հետազոտվում են հիվանդի ներքին օրգանները` մարսողական, միզասեռական համակարգը, փոքր կոնքի օրգանները, վահանաձեւ գեղձը, լիմֆատիկ հանգույցները, թքագեղձերը, կրծքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը եւ նյարդերը:

2014 թվականին «Նաիրի» բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը հիմնովին վերակառուցված եւ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման եւ բուժման բարձր որակի ապահովումն է: Ամբողջ աշխարհի լավագույն կլինիկաների եւ միջազգային ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները միջազգային չափանիշներով ախտորոշման եւ բուժման հարցում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բժշկական ծառայություն:

Բժշկական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտության նպատակով կիրառվող սարքավորումը դասվում է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումների շարքին, քանի որ հագեցած է 3D ուլտրաձայնային համակարգով, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է: Հատուկ օպցիաների համակարգն ապահովում է հյուսվածքների պատկերի հստակություն եւ պարզություն: ՈՒՁՀ-ն տալիս է օրգանների եւ համակարգերի կառուցվածքի ինչպես մորֆոլոգիական, այնպես էլ ֆունկցիոնալ բնութագիրը՝ տրամադրելով որակական եւ քանակական տվյալներ: Սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ աննշան գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր՝ բարձրացնելով ախտորոշման եւ տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը: Սա հիվանդություններն ավելի վաղ շրջանում հայտնաբերելու շատ լավ հնարավորություն է: Տվյալ հետազոտության անցավ եւ բացարձակապես անվտանգ լինելը թույլ է տալիս կատարել այն առանց հետազոտության ժամանակի եւ քանակի սահմանափակման, լիարժեք վերահսկել հիվանդության ընթացքն ու զարգացումը:

Ուլտրաձայնային հետազոտությունն իր բարձր տեղեկատվության, ոչ ինվազիվության, արագ իրականացման, հիվանդի առողջությանն առանց վնաս պատճառելու բազմակի կրկնելու հնարավորության շնորհիվ հետազոտության մեթոդների շարքում զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը: Համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ուլտրաձայնային հետազոտության ախտորոշման եւ վիզուալիզացիայի հնարավորությունները զգալիորեն հարստացել են, ինչը թույլ է տալիս այն օգտագործել ոչ միայն ախտորոշման նպատակներով եւ անցկացվող բուժման արդյունավետության վերահսկման համար (սքրինինգային վերահսկողություն, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդների հետագա հետազոտման եւ բուժման անհրաժեշտությունը), այլեւ որոշ բուժական ընթացակարգերի եւ միջամտությունների անցկացման համար  որպես վիզուալիզացիայի մեթոդ:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքում են աշխատում ռադիոլոգիայի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ստաժավորում են անցել ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ ունեն բազմամյա աշխատանքային փորձ: Բաժանմունքը հագեցած է ուլտրաձայնային ախտորոշման անշարժ ու շարժական բարձր եւ փորձագիտական դասի սարքավորումներով, որոնք ախտորոշման հնարավորությունների լայն սպեկտր ունեն, վիզուալիզացիայի գերազանց աստիճան, դոպլեր հետազոտությունների, համայնապատկերային սքանավորման, ռեալ ժամանակում ծավալուն պատկերի կառուցման ծրագրեր: Ուլտրաձայնային սարքավորման վիզուալիզացիայի բարձր մակարդակը թույլ է տալիս ավելի ճշգրիտ եւ հստակ տեսնել հյուսվածքների մանրագույն կառուցվածքը եւ մեծացնել դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը, որը մեծացնում է զարգացման ավելի վաղ փուլերում հիվանդությունների հայտնաբերման աստիճանը եւ ավելի արդյունավետ բուժում ապահովում: «Նաիրի» բժշկական կենտրոնը շարունակում է նորագույն հետազոտման մեթոդների ներդրումն իր պրակտիկայում:

Ուլտրաձայնային հետազոտությունների արդիական լինելու մասին մեր զրույցը ծավալվեց http://bestgroup.am/ կայքի զրուցակից «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ   ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

-Պարո´ն Հայրապետյան, ի՞ նչ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում, եւ ինչպիսի՞ ն է նյութատեխնիկական բազան:

-Մեր բաժանմունքում կիրառվում են տարբեր օրգան-համակարգերի` որովայնի խոռոչի, վահանաձեւ գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություներ, կան նաեւ նորագույն մեթոդներ` 3D սարքի առկայությամբ: Մեր կլինիկայում նորարարություն կարող ենք համարել կոնսուլտատիվ դիագնոստիկ բազմապրոֆիլ ծառայությունը, որը հագեցած է նորագույն տեխնիկայով` սկսած լաբորատոր, կատե հետազոտություններից: Իսկ նորագույն ռենտգեն սարքը ներմուծվել է նոր դիագնոստիկ ծառայությունների մատուցման համար: Նշեմ, որ մեր կլինիկան ունի բարձր որակավորում ստացած բժշիկներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մասնագիտական ուղին լավագույնս եւ արժանի կերտելու համար:

-Բժի´շկ, կա՞ն հակացուցումներ հետազոտություն անցնելու ժամանակ:

-Հակացուցումներ իրականում չկան, այն լիովին անվտանգ մեթոդ է համարվում, կիրառելի է նաեւ պտղի հետազոտության դեպքում:

- Հետազոտություն անցնելուց առաջ պացիենտը պարտադիր պետք է նախապատրաստվի՞:

-Ցանկալի է մեզ մոտ գալ դատարկ ստամոքսով, իսկ եթե խոսքը վերաբերում է միզասեռական օրգաններին, ապա միզապարկը պետք է լիքը լինի: Հետազոտությունները 70-80 տոկոս դեպքերում կատարվում են որովայնային  խոռոչի օրգան-համակարգերի ախտորոշման նպատակով: Ուռուցքային գոյացությունը հայտնաբերելու դեպքում հստակ եւ ճշգրիտ արդյունք ստանալու համար կատարվում են համակցված հետազոտություններ եւ ուղարկվում համապատասխան մասնագետի մոտ: Որոշ բարդ դեպքերում ամեն նկար ստանալու համար բժիշկ–ռադիոլոգը նույնիսկ հետեւում է հետազոտության ընթացքին եւ անհատական փոփոխություններ կատարում:  Պատկերները ստանալուց հետո սկսվում է ամենաբարդ եւ պատասխանատու աշխատանքը՝ բուն դիագնոստիկան: Ռադիոլոգը մանրամասն զննում է հարյուրավոր, իսկ երբեմն՝ հազարավոր նկարներ, գտնում անգամ ամենաաննշան փոփոխությունները եւ, հիմնվելով իր գիտելիքների ու փորձի վրա, հասկանում, թե  ինչ փոփոխություններ կարող են դրանք լինել: Հաճախ բժիշկները պատկերներ ենթարկում են վերամշակումների եւ ստանում դրանց եռաչափ պատկերները, իսկ որոշ դեպքերում` թվային արժեքները, որոնք նույնպես  օգտագործվում են ճշգրիտ ախտորոշման համար: Գրավոր եզրակացության մեջ ընդգրկված է լինում այդ մանրակրկիտ աշխատանքի արդյունքը: Որոշ հիվանդություններ կարող են միանման տեսք ունենալ, եւ նման դեպքում պետք է ստացված տվյալները համադրել այլ գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքների հետ: Այսպիսով՝ հետազոտության եզրակացությունը տրամադրում է բժիշկ-ռադիոլոգը՝ ստացված պատկերների մանրամասն հետազոտման արդյունքում: Եթե պացիենտի մոտ կան այլ հետազոտությունների արդյունքներ, ապա դրանք պետք է տրամադրել ռադիոլոգին` համեմատությունների եւ համադրության համար: Եվ եթե բժիշկը ասում է, որ վերջնական եզրակացության համար ժամանակ է հարկավոր, անհանգստանալու կարիք չկա: Դա արվում է պացիենտի շահերից ելնելով:

-Բժիշկ, ի՞ նչ կասեք պացիենտների դիմելիության կուլտուրայի մասին:

-Ցավոք,  այն շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Ճիշտ է, գործում է սոցփաթեթ, որն իրականում լայն կիրառվում է հիմնականում բյուջետային հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների շրջանակներում եւ ամեն դեպքում  արդյունավետ չէ այն առումով, որ սահմանափակ գումար (8.000 դրամ) է տրամադրվում: Մինչդեռ լինում են դեպքեր, երբ պացիենտը ստիպված է լինում օգտվել մի քանի բուժօգնությունից`կանխարգելիչ բուժում անցնելու համար: Լինում են նաեւ դեպքեր, երբ սոցփաթեթում ընդգրկվում են մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք պայմանագիր են կնքում բուժհաստատությունների հետ, եւ նրանց աշխատակիցներին մատուցվում է կանխարգելիչ բուժօգնություն:

-Համագործակցո՞ւմ եք արտերկրի կլինիկաների հետ:

-Իհարկե: Ինքս եվրոպական եւ հայկական ասոցիացիաների անդամ եմ, որոնց շրջանակներում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ մեր բժիշկների վերապատրաստման նպատակով: Եվրոպական եւ հայաստանյան ասոցիացիաների համագործակցության արդյունքում մասնակցում ենք տարբեր սեմինարների, ֆորումների, գիտաժողովների Հայաստանում եւ արտերկրում, ունենում ենք փորձի փոխանակություն եվրոպական առաջատար կլինիկաների բժիշկների հետ, որտեղ մեզ ծանոթացնում են ռադիոլոգիայի նորագույն մեթոդներին:

-Ի՞նչ կարծիք ունեք երիտասարդ կադրերի մասին:

-Նախ, նրանք պետք է փորձ ձեռք բերեն եւ մշտապես հետեւեն նորարարությունների զարկերակին, որպեսզի կարողանան իրենց գիտելիքներով դրանց համընթաց քայլել ու դառնալ մեր լավագույն բժիշկների արժանի հետեւորդները: Իրականում նրանք տեսական բարձր գիտելիքներ, նոր գաղափարներ ունեն, եւ մենք էլ իրենցից կարող ենք սովորել այդ նորարարությունները, որովհետեւ երբեք ուշ չէ սովորելու համար:
-Վերջում ի՞նչ կմաղթեք մեր  մեր հասարակության

-Ամբողջ աշխարհում ընդունված, հարգի է կանխարգելիչ բուժօգնությունը, որովհետեւ ավելի հեշտ է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերել ու բուժել, քան թե փորձել դա անել արդեն հիվանդության բարդացած, բարձիթողի փուլում: Հասարակությանը մաղթում եմ լինել միշտ առողջ, սիրել իրենց ու իրենց մարմինը։

 

Առողջությունից ավելի կարեւոր ու անգնահատելի բան չկա

Մարդու ամենաթանկ ու անդառնալի արժեքն առողջությունն է, եւ ցանկացած հիվանդության ճիշտ բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է այն ախտորոշել: Այդ իսկ պատճառով ժամանակակից բժշկությունն ունի ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ եւ մեթոդներ, որոնք բավականին պարզ են ու հիվանդի մոտ տհաճ զգացողություններ չեն առաջացնում: Շատ խնդիրներ ախտորոշվում են հետազոտության միջոցով, որը առավել ինֆորմատիվ, մատչելի, ճշգրիտ մեթոդ է եւ հնարավորություն է տալիս ստանալ տեղեկություն  օրգանների   ու համակարգերի օրգանական փոփոխությունների մասին:  Դրա միջոցով կարելի է ստանալ տվյալների ինչպես որակական, այնպես էլ`քանակական բնութագիրը:

 Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ճիշտ մեկնաբանել հետազոտվող օրգանների վիճակն ըստ հիվանդի գանգատների եւ հիվանդության կլինիկական պատկերի: Հետազոտության շնորհիվ հնարավոր է սահմանել բոլոր օրգանների բացարձակ չափերը, նկարագրել նրանց կառուցվածքը, բացահայտել բորբոքային օջախների եւ նորագոյացությունների առկայությունը:

Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է բարձր եւ փորձագիտական դասի ժամանակակից սարքավորումներով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով (ճառագայթների լայնաշերտ ձեւավորում, գերհստակ պատկերի ստացում, գերբարձր թույլատրելիություն, երկրորդ հյուսվածքային հարմոնիկա, հյուսվածքային դոպլեր): Բուժհաստատություն, որտեղ աշխատում են գիտակ, փորձառու եւ բարեհամբույր մասնագետներ, որոնք սերտորեն համագործակցում են կենտրոնի բոլոր մասնագետների հետ, ճշգրիտ ախտորոշում ստանալու համար անհրաժեշտության դեպքում մանրակրկիտ քննարկում յուրաքանչյուր այցելուի տվյալները: Փորձագիտական դասի սարքավորումների ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է հայտնաբերել նույնիսկ բավականին փոքր գոյացություններ, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ փոքրագույն գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների առավել հստակ պատկերներ: Այսպիսով, բարձրանում է ախտորոշման եւ տարբերակիչ ախտորոշման արդյունավետությունը, հիվանդություններն ավելի վաղ շրջաններում են հայտնաբերվում, հնարավորություն է ստեղծվում պլանավորել բուժումը կոնկրետ կլինիկական պահանջներին համապատասխան:

Հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության եւ բուժման արդյունքների գնահատման նպատակով: Հետազոտությունները թույլ են տալիս  նախ հայտնաբերել ու ախտորոշել պաթոլոգիան, հետո որոշել տվյալ  փոփոխությունների տեղակայությունը եւ բուժման ընթացքի  դինամիկան:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան ԱՐՄԻՆԵ ԲԱԴԵՅԱՆԸ, ում հետ  մեր զրույցը ծավալվեց ոլորտի մեթոդների կարեւորության եւ դրանց կիրառության շուրջ: 

Շատ հաճելի կին եւ զրուցակից, ու չնայած բավականին երիտասարդ տարիքին, իր ամուր եւ հաստատուն քայլերով նպատակասլաց առաջ է ընթանում ընտրած ճանապարհով:  

-Տիկի´ն Բադեյան, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակ ունի արդի ճառագայթաբանության ճյուղը:

-Ռադիոլոգիան` ճառագայթաբանությունը, ժամ առ ժամ զարգանում է, այսինքն` ի հայտ են գալիս նորագույն մեթոդներ, նոր սարքավորումներ, որոնք ավելի են հեշտացնում դիագնոստիկ գործընթացները: Հայաստանում ճառագայթային ախտորոշումը բավականին բարձր մակարդակ ունի, որովհետեւ վերջին տարիներին ավելի շատ են ներդրվում նորանոր սարքավորումներ, բժիշկներն էլ բավական մեծ ժամանակ են տրամադրում իրենց վերապատրաստմանը, որպեսզի տեղում չդոփեն: Մի խոսքով` ամեն ինչ արվում է, որպեսզի համապատասխանեցնենք մեր չափանիշները եվրոպականին:

-Բժշկուհի´,  ձեր բաժանմունքում ախտորոշման ի՞նչ մեթոդներ են կիրառվում:

-Մեր բաժանմունքը կոչվում է <<Համալիր ախտորոշման բաժանմունք>>, այսինքն` մեզ մոտ իրականացվում են բոլոր դիագնոստիկ մեթոդները, որպեսզի պացիենտը ստանա վերջնական եւ ճշգրիտ ախտորոշում: Բաժանմունքում գործում են ռենտգեն հետազոտման բոլոր մեթոդները, սոնոգրաֆիկ, էլաստոգրաֆիկ, դուպլեքս, ՀՇ հետազոտությունները, մամոգրաֆիան: Ի դեպ, մեր մամոգրաֆիայի սարքը լավագույններից մեկն է Հայաստանում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ բաժանմունքը համալրվել է իր տեսակի մեջ եզակի նորագույն SPECT GAMMA խցիկով սցինտիգրաֆիկ հիբրիդ սարքավորումը իր CT կոմպոնենտով, որը թույլ է տալիս մոլեկուլյար ֆունկցիոնալ մակարդակի վրա ստանալ պատկերներ, համադրել դրանք ՀՇ անատոմիական պատկերների հետ` այդպիսով ստանալով ավելի մանրամասն եւ ճշգրիտ տեղեկատվություն հիվանդության մասին: Այն թույլ է տալիս հետազոտել ոսկրային, սիրտ-անոթային, երիկամային, լիմֆատիկ համակարգերը: Այս տարի Հայաստանում ներդրվել է ամենաարդիական վիրահատություններից մեկը, որը թույլ է տալիս հատուկ իզոտոպների միջոցով անոթափոսում հայտնաբերել փոփոխված լիմֆատիկ հանգույցը կրծքագեղձի վիրահատության ժամանակ, հեռացնել միայն փոփոխված հանգույցները` պահպանելով առողջները: Դա ավելի հեշտացնում է հիվանդների վերականգնողական գործընթացը, հնարավորություն է տալիս հետագայում նրանց կյանքի որակը բարձր սանդղակում պահել: Շատ շուտով` մինչեւ Ամանոր, մեր բուժհաստատությունը համալրվելու է եւս մեկ գերժամանակակից ծառայությամբ, որը նույնպես միակն է Հայաստանում: Մեր կլինիկայում բացվելու է յոդաթերապիայի համար նախատեսված ծառայություն, որը թույլ է տալու այն հիվանդներին, ովքեր տարեկան կտրվածքով մոտավորապես 250 հոգի են, արտերկրի փոխարեն բուժումներն ու ախտորոշումները ստանալ Հայաստանում` մեզ մոտ: Մի քանի ամիս առաջ մեր բաժանմունքը համալրվեց եւս մեկ նորագույն սարքավորումով` վերջին սերնդի բարձր մակարդակի համակարգչային տոմոգրաֆով, որը նույնպես բարձրացնում է դիագնոստիկ ախտորոշման բոլոր գործընթացների արդյունավետությունը: Մեր հիվանդանոցն այն եզակիներից է, որը, պահպանելով իր հին ավանդույթները, ապավինում է նաեւ երիտասարդ կադրերի ակտիվությանը:

-Բժշկուհի´, ախտորոշման մեջ կա՞ն հակացուցումներ:

-Համակարգչային տոմոգրաֆով հետազոտությունը հակացուցված է հղիության, ինչպես նաեւ հղիության կասկածի դեպքերում, մնացած բոլոր դեպքերում հակացուցումները հարաբերական են: Օրինակ, ՀՇ հետազոտությունը հարաբերականորեն հակացուցված է մինչեւ 18 տարեկան երեխաների համար: Այն հակացուցված է նաեւ ոչ ադեկվատ պացիենտների համար, քանի որ վերջիններս չեն կարող անշարժ պառկել հետազոտման սեղանի վրա: Հետազոտություն կատարելու համար նրանց ներարկվում են հատուկ `սեդատիվ նյութեր: Հարաբերական հակացուցումներից է նաեւ մետաղական պրոթեզների առկայությունը,  քանի որ դրանց առկայությունը վատացնում է վիզուալիզացիան: Կոնտրաստային մեթոդներով հետազոտության պարագայում ալերգիան կոնտրաստ նյութի հանդեպ նույնպես համարվում է հակացուցում: Երիկամային լյարդային անբավարարությունն էլ է հակացուցում, այդ իսկ պատճառով մինչ ախտորոշումը կատարվում են մի շարք այլ անհրաժեշտ հետազոտություններ: Հարաբերական հակացուցում է համարվում նաեւ շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ մեթֆորմինային շարքի դեղորայքների ընդունումը: Սովորաբար մենք հիվանդնեին խորհուրդ ենք տալիս 3 օր չխմել մեթֆորմին եւ փորձել իջեցնել շաքարը այլ դեղամիջոցներով: Ապա կատարում ենք հետազոտությունը, որից հետո կրկին 2-3 օր պետք չէ ընդունել այդ դեղամիջոցը: Եվ միայն հետազոտությունից հետո պացիենտը կարող է վերադառնալ իր սովորական դեղորայքային բուժմանը: ՀՇ ընդհանրապես այն հետազոտությունն է, որ պետք է ցուցված լինի, նշանակվի բժշկի կողմից, եւ պացիենտը չպետք է ինքնուրույն, առանց ցուցումի գնա այդ հետազոտմանը:

-Տեղյակ ենք, որ ասոցիացիայի անդամ եք, դա, Ձեր կարծիքով, ի՞նչ է տալիս:

-Ասոցիացիաները իրականում օգնում են բժիշկներին, նրանց գիտելիքների մեծ պաշար են տալիս, մեր ասոցիացիան շատ ակտիվ զբաղվում է մասնագետներ կրթելու գործունեությամբ, արտերկրից հրավիրվում են մասնագետներ, որոնք կազմակերպում են դասընթացներ: Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ եզակի իրադարձություն` եվրոպական դպրոցը «տեղափոխվեց» Հայաստան, այսինքն` մի քանի օր մենք հնարավորություն ունեցանք լսելու Եվրոպայի լավագույն ռադիոլոգներին, ծանոթանալու հետազոտման մեթոդներին, մոտեցումներին, դիագնոստիկ առանձնահատություններին: Դասախոսությունները, գործնական դասընթացները իրականում շատ օգտակար եւ արդյունավետ դաշտ են համարվում գիտելիքների պաշար ձեռք բերելու համար: Արտերկրում եւս մասնակցում ենք շատ վերապատրաստումների, եւ հենց մեր ասոցիացիան է, որ բավականին շատ է աջակցում մեզ այդ հարցում: Ասոցիացիան ստեղծել է նաեւ շատ լավ ընկերական միջավայր, ռադիոլոգ բժիշկների շփումները դարձել են ավելի ամուր, ամրապնդվել են ինչպես գործնական, այնպես էլ ընկերական մակարդակով: Եվ, ինչու ոչ, շատ ավելի հեշտացվում է աշխատանքը մեր անընդմեջ կապի միջոցով, փորձի փոխանակությամբ:

-Բժշկուհի´, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իրականում իմ ուսուցիչները շատ են եղել, քանի որ շատ հիվանդանոցներում եմ ՀՇ-ի համար վերապատրաստվել: Շատ մեծ երախտագիտությանս խոսքը պետք է հայտնեմ Կոնստանտին Ղալումյանին` մեր ասոցիացիայի նախագահին, ինչպես նաեւ Նելլի Համբարձումյանին, Աննա Ֆրանգուլյանին, Անի Ալբերտի Վարդանյանին, ով մեր բաժանմունքի ղեկավարն է: Ես բոլորից ինչ-որ բան սովորել, ինչ-որ բան քաղել եմ ու շատ շնորհակալ եմ իմ մասնագիտական կայացման համար: 

-Որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը:

-Մարդկանց հորդորում եմ ավելի լուրջ վերաբերվել իրենց առողջությանը, ավելի լավ ճանաչել օրգանիզմը եւ ինչ-որ ֆիզիոլոգիական փոփոխություններ նկատելիս ավելի վաղ շրջանում դիմել բժշկի: Կցանկանամ, որ երիտասարդությունը ավելի իրազեկված լինի, դիմի բժշկի կանխարգելիչ բուժօգնության նպատակով: Փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան հետագայում բուժել այն: Ցավոք սրտի, ինտերնետաբուժությունը ավելի շատ է ակտիվացել, մարդիկ գտնում են իրենց ցանկացած ինֆորմացիան եւ փորձում ինքնաբուժությամբ զբաղվել, որը վնասում է եւ խոչընդոտում բժիշկների աշխատանքին: Ինտերնետ պորտալը պետք է օգտագործվի խելամիտ սահմաններում: Պետք է հասարակության մեջ ձեւավորվի այն գիտակցումը, որ դեղորայքային բուժումը նշանակվում է միայն բժշկի, այլ ոչ թե հարեւանի, բարեկամ-հարազատի կողմից: Մարդկանց մաղթում եմ լինել առողջ, քանի որ առողջությունից ավելի կարեւոր ու անգնահատելի բան չկա:

 

 

Ճշգրիտ ախտորոշում ստանալու համար պետք է կատարվի համալիր հետազոտություն

Ժամանակին արված հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում եւ  կանխել դրա հետագա զարգացումը: Բոլորս Էլ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը: Այսօր մեր բժշկության մեջ ամենաինֆորմատիվ մեթոդներն են կիրառվում տարբեր հիվանդությունների ճիշտ ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը,  հակացուցումների բացակայությունը:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բժիշկ-ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ-ի ճառագայթային ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի դիագնոստիկ ծառայության ղեկավար  ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ է: Բժիշկ լինել՝ նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդի մոտենալ յուրովի ու պատրաստ լինել սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը։ Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, ինչի համար էլ վայելում է ինչպես հիվանդների, այնպես էլ ընդհանրապես հանրության սերն ու վստահությունը:

- Բժի´շկ, ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման առաջին գրավականն է: Ախտորոշման ի՞նչ նորագույն  մեթոդներ են կիրառվում Ձեր բաժանմունքում:

-Այո´, ախտորոշումը արդյունավետ բուժման հիսուն տոկոսից ավելին է կազմում: Նշեմ, որ մեր բաժանմունքը հիմնադրվել է 2002 թվականին, եւ այստեղ մշտապես կիրառվում են գերձայնային հետազոտությունների ամենաառաջատար մեթոդները:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնն առաջինն էր, որ 2007 թվականին հանրապետություն ներմուծեց 4D ծավալային  ՈՒՁՀ սարքը, եւ այսօր էլ մեր բաժանմունքում ունենք ամերիկյան հանրահայտ <<General Electric>>  ընկերության 2018 թվականի արտադրության  <<Voluson E10>> սարքը, որն աշխարհում համարվում է լավագույնը եւ միակն է մեր տարածաշրջանում: 2017 թվականին ձեռք ենք բերել <<Toshiba>> ֆիրմայի գերժամանակակից համակարգչային շերտավոր տոմոգրաֆ, որը հնարավորություն է տալիս շերտավոր հետազոտել օրգան-համակարգերը` ընդհուպ մինչեւ սիրտ: Այն շատ քիչ ժամանակ է պահանջում, ավելի քիչ է ճառագայթում` մեզ տալով հնարավորությունների մեծ ծավալ եւ շրջանակ: Ունենք նաեւ <<Toshiba>> ֆիրմայի արտադրության ժամանակակից թվային ռենտգեն սարք, որը նույնպես բավականին լայն հնարավորություններ է տալիս, իսկ ճառագայթումը նվազագույն է:

- Բժի´շկ, Ձեր նշած սարքերը մեկը մյուսին լրացնո՞ ւմ են, թե՞ փոխարինում:

-Սարքերը մեկը մյուսին չեն լրացնում. ամեն մեկն իր գործառույթն է կատարում, միայն համակարգչային շերտավոր հետազոտությունը` տոմոգրաֆիան, որոշ չափով կարող է փոխարինել ռենտգեն հետազոտությանը: Ախտորոշման հարցում առաջին քայլերն անողը ռենտգեն սարքն է: Շերտավոր հետազոտությունն ավելի խորացված, մանրակրկիտ է կատարվում… Ամեն դեպքում ճշգրիտ ախտորոշում ստանալու համար պետք է կատարվի համալիր հետազոտություն: Չի կարելի մեկ մեթոդ ընտրել ու ասել, որ դա ամենակատարյալն է: Ապագայում ցանկանում ենք մեր բաժանմունքը հագեցնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով, որը ավելի շատ կիրառելի է նյարդաբանության, ողնաշարի, տրավմատոլոգիայի, օրթոպեդիայի, հոդերի, մկանների ախտահարումների դեպքում:

-Բժի´շկ, ե՞ րբ  Ձեր մեջ հետաքրքրություն առաջացավ դեպի բժշկությունը:

- Խորհրդային Միության տարիներին կար դասարանների մասնագիտացում, եւ դեռ դպրոցական տարիներից ես ընտրել էի կենսաբանություն ու քիմիա ուղղությունը: Դա, ինչպես նաեւ բարեկամների, հարազատների շրջանում բժիշկների առկայությունն ազդեցին իմ վերջնական որոշման վրա, եւ ես ընտրեցի բժշկի մասնագիտությունը:  

-Բժիշկ, ախտորոշման մեջ կա՞ն հակացուցումներ:

- Գերձայնային հետազոտությունները գրեթե հակացուցումներ չունեն: Դրանք բացարձակապես անվնաս են: Եթե այդպես չլինի, ՈՒՁՀ-ի միջոցով չի հետազոտվի պտուղը:

Բայց ռենտգեն ճառագայթման բազմակի կիրառումն անթույլատրելի է, գոյություն ունի որոշակի թույլատրելի սահման, որը պետք չէ խախտել: Լինում են դեպքեր, երբ հիվանդը նույն հետազոտությունն անցնում է մի քանի անգամ` մեկ ամսվա ընթացքում դիմելով տարբեր կլինիկաներ: Դա պետք է օրենքով սահմանվի, եւ հիվանդները խուսափեն կրկնակի, եռակի սթրեսի ենթարկել իրենց օրգանիզմը:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Ցավոք, մեր հանրության շրջանում դա ցավալի թեմա է: Եթե հետազոտման համար մեզ դիմում են այլազգի պացիենտներ, եւ մենք նրանց զգուշացնում ենք, որ մեկ կամ վեց ամսից պարտադիր պետք է անցնեն կրկնակի հետազոտություն, նրանք պարտաճանաչ գալիս են: Իսկ եթե նույնն ասում ենք մեր հայրենակիցներին, ապա նրանք մեզ այցելում են, ասենք, մեկ տարի հետո, երբ արդեն բժշկությունը գրեթե անզոր է որեւէ բան անել: Իհարկե, դա խոսում է մեր հայկական յուրահատուկ մտածելակերպի, ինչպես նաեւ շատերի ֆինանսական ծանր վիճակի մասին:

- Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ  չարորակ ուռուցք հայտնաբերելու դեպքում հայտնում եք նրան այդ մասին։ Դա Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է:

-Առաջին լուրը հայտնում ենք մենք, բայց, իհարկե, ելնելով բժշկական եւ մարդկային էթիկայի կանոններից. գեղեցիկ չէ այդ մասին միանգամից պացիենտին ասելը: Հայաստանում դեռ այդ իրավական դաշտը չի գործում, դեռ բնակչությունն ու բժիշկները պաշտպանված չեն միմյանցից: Ռադիոլոգիայի բոլոր մեթոդները մեզ տալիս են նախնական վիճակի մասին պատկերը` ինֆորմացիան, բայց վերջնական արդյունքը կարող ենք ստանալ մի շարք հետազոտություններ անցկացնելուց հետո միայն: Հատկապես ուռուցքաբանության մեջ մեծ տեղ է տրվում հյուսվածքաբանական քննությանը: Քանի որ մենք ընդամենը կասկած ենք ունենում գոյացության` չարորակ լինելու վերաբերյալ, պարզապես հիվանդին տեղեկացնում ենք այդ մասին եւ անպայման հավելում, որ վերջնական ախտորոշման համար պետք է անհապաղ դիմենք մի շարք հետազոտությունների իրականացմանը:

- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել եւ մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:

- Ես ինձ շատ բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, որոնց էլ միշտ շնորհակալ եմ իմ մասնագիտական ուղու ու հասած արդյունքների համար: Ինչ վերաբերում է գերձայնային հետազոտություններին, ապա իմ առաջին ուսուցիչը Ռուզաննա Լեւոնի Խոջոյանն է, ով ինձ, բժշկական այբուբենից սկսած, սովորեցել է ամեն ինչ: Նա մինչ օրս աշխատում է <<Դիագնոստիկա>> բժշկական միավորում ԲԲԸ-ում: Բուժմիավորումն ունի արդեն 30 տարուց ավելի պատմություն, այն առաջին բաժնետիրական ընկերությունն էր ՀՀ-ում, որը ոչ միայն բժշկության մեջ, այլ նաեւ որպես կրթօջախ կրթել է եւ շարունակում է կրթել ապագա բժիշկներին: Այնտեղ իրականացվում էին այնպիսի հետազոտություններ, որոնք այդ ժամանակաշրջանում միակն էին: Եվ անչափ ուրախալի է, որ այդ կենտրոնը ոչ թե փակվեց, այլ շարունակում է կրթօջախ մնալ՝ տալով բժիշկների նորանոր սերունդներ:

    Հայկ Արայի Նիկողոսյանը 1982 թվականից <<Դիագնոստիկա>> բժշկական միավորման կազմակերպիչներից էր եւ հիմնադիր ղեկավարը, 1982-1987 թվականներին՝ նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին հանրապետական ախտորոշիչ կենտրոնի ղեկավարը, 1988-1992 թվականներին՝ միավորման գլխավոր տնօրենը: Այն ժամանակ հենց նա ստեղծեց ախտորոշման ամբիոնը եւ դարձավ դրա վարիչը: Հետագայում պարոն Նիկողոսյանը դարձավ իմ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը:

Պարտադիր ուզում եմ նշել նաեւ, որ օրդինատուրան ավարտելուց հետո իմ մասնագիտական զարգացման գործում մեծ դեր է ունեցել Արմեն Կարպի Ղազարյանը, ով բժիշկ-ճառագայթաբան է, բժշկական գիտությունների դոկտոր եւ ղեկավարում է <<Ասպեռա-Սկան>> բժշկական գիտական կենտրոնը:

-Երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ ապագա կարող եք կանխատեսել մեր բժշկության համար:

-Ես դասավանդում եմ համալսարանում, մասնակցում բարեգործական ծրագրերի, մարզային բժիշկների վերապատրաստմանը եւ, շփվելով երիտասարդ կադրերի հետ, կարող եմ ասել, որ մեր երիտասարդները շատ տարբեր են: Ես լավատես եմ ու շատերի մեջ տեսնում եմ ձգտում գիտելիքների նկատմամբ: Ընդ որում, նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր ժամանակներում, երբ մենք հիմնականում կրթվում էինք մեր դասախոսների գիտելիքներով, հոդվածների եւ գրականության, դժվարությամբ հայթայթած ամսագրերի միջոցով: Իսկ այսօր ինտերնետ պորտալն այնքան ծավալուն է, լի տեղեկատվությամբ, որ ձգտող եւ պրպտող մարդը կարող է անսահման հնարավորություններ ստանալ: Կան խելացի եւ բանիմաց երիտասարդներ, եւ հույս ունեմ, որ նրանց անունները մեր ապագա բժշկության մեջ լավագույնս հնչելու են:

-Բժի´շկ, Դուք հայկական մասնագիտական ասոցիացիաների անդա՞մ եք:

-Ես Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի եւ մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում գերձայնային հետազոտությունների հայաստանյան ասոցիացիայի անդամ եմ: Ցանկանում եմ նշել, որ այդ ասոցիացիաները նորաստեղծ են եւ մեծ քանակով գիտաժողովներ ու մասնագիտական հավաքներ են կազմակերպում Հայաստանում, որոնք մեծ ուսուցողական դեր են կատարում: Ես նաեւ մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում գերձայնային հետազոտությունների համաշխարհային ու ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիաների անդամ եմ:

-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, իհարկե, քաջ առողջություն, կցանկանամ, որ մեր երկրում դիմելիության մակարդակը, կուլտուրան բարձրանա, քանի որ բժշկությունը շատ արդյունավետ կարողանում է բուժել եւ պայքարել հիվանդությունների դեմ միայն այն դեպքերում, երբ դրանք վաղ փուլերում են ախտորոշվում: Խորհուրդ կտամ կանխարգելիչ նկատառումներից ելնելով` տարեկան գոնե մեկ անգամ դիմել իրենց բժշկին:

 

 

ԲԺԻՇԿ ԼԻՆԵԼԸ Ե´Վ ԿՈՉՈՒՄ Է, Ե´Վ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում, եւ իզուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են, նրանցում ամբարվում են տրամադրությունն ու բնավորությունը, աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Աչքերը կարող են վկայել նաեւ հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշելու արդեն իսկ զարգացող հիվանդությունը:

Քիչ չեն նաև աչքերի հետ կապված հիվանդությունները: Եվ ծագում է շատերին հուզող հարցը՝ ինչպե՞ս պայքարել դրանց դեմ, ո՞ւմ դիմել: Նման դեպքում անչափ կարեւոր է ընտրել ոչ միայն հիվանդանոցը, այլեւ դրա մասնագիտական կազմը: Աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, սակայն ոչ բոլորն են կարողանում տարբերել դրանք միմյանցից ու ճիշտ բուժել: Մեր հանրապետությունում առաջնային դիրքում է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, որը կազմավորվել է 1978 թվականին՝ կլինիկայի ղեկավար Սերգեյ Մալայանի անմիջական նախաձեռնությամբ եւ ջանքերով: Ներկայումս այն բազմապրոֆիլային ակնաբուժական ամենամեծ բուժհաստատությունն է, որտեղ կատարվում են աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները: Կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, իսկ բարձրակարգ եւ սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքը զբաղվում է ոչ միայն բժշկական, այլեւ գիտական գործունեությամբ, որին ակտիվորեն մասնակցում են այնտեղ ուսուցանող կլինիկական օրդինատորները՝ կոնֆերանսներում իրենց ելույթներով եւ տպագրված հոդվածներով:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Աչքի բանկի տնօրեն ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Բժշկուհին 1996 թվականից հայկական ակնաբուժության ասոցիացիայի անդամ է, 24 գիտական աշխատությունների ու հրապարակումների հեղինակ եւ համահեղինակ: Հաճելի կին ու հետաքրքիր զրուցակից է, ով մարդկանց լիարժեք տեսողություն պարգեւելու, կյանքը լիաթոք վայելելու շնորհակալ գործն է անում` իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ Կենտրոնում իրականացնելով ակնաբուժական մի շարք բարդագույն վիրահատություններ:  

-Բժշկուհի´, բժիշկ լինելը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:

-Բժիշկ լինելն առաջին հերթին մասնագիտություն է, բայց եթե, իհարկե, զբաղվում ես քո սիրած գործով եւ անձդ նվիրում մասնագիտությանը, ապա դա արդեն նաեւ կոչում է: Երբ գրագետ մասնագետ ես, ամբիցիաներդ դնում ես մի կողմ, հիվանդի նկատմամբ ուշադիր ես, հոգատար, ամեն մեկին յուրովի ես մոտենում, մատչելի բացատրում խնդիրները, պացիենտը, բնականաբար, գնահատվում է այդ ամենը:

–Ինչպե՞ս ընտրեցիք ակնաբույժի մասնագիտությունը, եւ ինչքանո՞վ եք Ձեզ ինքնաբավ զգում, երբ ամեն անգամ մի նոր պացիենտի վերադարձնում եք, թերեւս, ամենաթանկ բանը՝աչքի լույսը:

-Մասնագիտությունս ժառանգաբար փոխանցվել է մայրիկիցս: Չնայած, ճիշտն ասած, ի սկզբանե չէի ցանկանում ակնաբույժ դառնալ, բայց այսօր շատ գոհ եմ մասնագիտության ընտրությունից: Այդ փոքրիկ օրգանում` աչքում, բազում հիվանդություններ, առանձնահատկություններ կան, եւ աչքի հիվանդությունները ի հայտ են գալիս ոչ միայն հենց աչքի մեջ, այլ նաեւ կարող են զուգակցվել մեկ այլ հիվանդության հետ: Իսկ դա նշանակում է, որ ճիշտ որոշում կայացնելու համար համապարփակ բժշկական գիտելիքներ պետք է ունենաս, չպետք է բավարարվես միայն նեղ մասնագիտացումով:

-Ի տարբերություն այլ օրգանների, աչքերի դերը մարդու կյանքում առանձնահատուկ կարեւորություն ունի. առանց տեսողության մարդու կյանքի որակը կիսով չափ ընկնում է: Ի՞նչ հնարավորություններ կան այսօր ժամանակակից ակնաբուժության մեջ մարդու տեսողությունը պահպանելու, կուրությունը կանխելու համար: 

-Իհարկե, աչքի լույսը մարդուն վերադարձնելը մեծագույն պարգեւ է, եւ, եթե նույնիսկ հիվանդը բժշկին շնորհակալություն չի հայտնում տեսողությունը վերականգվելուց հետո, նրա ուրախ, բարձր տրամադրությունը հուշում է, որ մարդը երջանիկ է:  Եվ դա այդպես է, քանի որ աչքի միջոցով ընկալվում են կյանքի հրաշալիքները: Իհարկե, ամեն օրգան ունի իր կարեւոր դերն ու գործառույթը, բայց առանց տեսողության մարդը կրկնակի օգնության կարիք ունի  թե´ սնվելու, թե´ քայլելու, թե´ բազում այլ հարցերում, եւ ինքնըստինքյան կյանքի որակը կտրուկ ու անդառնալի իջնում է:

-Տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ձեր բաժանմունքը:

-Մալայան բժշկական կենտրոնում իրականացվում է բոլոր, այսպես ասած, բուժելի հիվանդությունների բուժման գործընթացը: Բայց, ցավոք, կան հիվանդություններ բոլոր ոլորտներում, որոնց բուժելու հարցում բժշկությունն արդեն անզոր է լինում: Եվ մենք դիմում ենք պացիենտներին, որպեսզի նրանք համբերատար լինեն, քանի որ գիտությունն արագ տեմպերով առաջընթաց է ապրում, եւ գուցե մի օր կկարողանանք օգնել նաեւ իրենց: Հիվանդին պետք չէ իզուր հույս տալ, եւ այդպես են վարվում արտերկրի կլինիկաներում՝  հիվանդին միանգամից ասելով, թե նա ինչ խնդիր ունի, որպեսզի նա  հասկանա իր խնդրի լրջությունը եւ հոգեբանորեն պատրաստ լինի հետագա քայլերին:

- Ձեր անմիջական մասնակցությամբ ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում բաժանմունքում:

-Մեր բաժանմունքը եղջերաթաղանթի եւ բորբոքային հիվանդությունների բաժանմունք է, որտեղ կատարվում են եղջերաթաղանթի հետ կապված բոլոր տեսակի փոխպատվաստումները: Հիմնականում իրականացվում է թափանցող կերատոպլաստիկա, բայց լինում են նաեւ շերտավոր կերատոպլաստիկայի հազվադեպ դեպքեր, որի ժամանակ փոխվում են եղջերաթաղանթի ներքին կամ արտաքին շերտերը: Եվ, իհարկե, պետք է  նշեմ, որ մեր բաժանմունքում արդեն 7-8 տարի է, ինչ կատարվում է ամիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա:

-Ո՞րն է Ձեր էներգիայի աղբյուրը:

-Իմ էներգիայի աղբյուրը ընտանիքս ու երեխաներս են: Որպես մայր  կցանկանամ իմ զավակներին իրենց նպատակներին ու իղձերին հասցնել:

-Ընտանիքն ազգի հենասյունն է, յուրաքանչյուր մարդու հիմնական հարստությունը,  մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Իհարկե, միանշանակ ընտանիքն ազգի հենասյունն է, եւ մարդ երջանիկ ու կայացած է իր ընտանիքով: Թե´ կենցաղային, թե´ ֆինանսական, թե´ այլ հարցեր լուծելի են ընտանիքում, ուղղակի պետք է լինել երջանիկ եւ ամուր պահել ընտանիքի հիմքերը: Իսկ աշխատավայր պետք է մշտապես գնաս ժպիտով,  այնտեղ չտանես ընտանեկան հոգսերը: Ամուսինս զինվորական է` գնդապետ, ունենք երկու զավակ, որոնք պատրաստակամ են ծառայելու հայոց բանակում:

-Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

-Կմաղթեմ, որ լինեն առողջ, իսկ եթե հիվանդանան էլ,  ապա միայն բուժելի հիվանդություններով: Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, հասարակությանն էլ՝ ներքին խաղաղություն, որ մեզ գերլարված հոգեվիճակով պացիենտներ չայցելեն: Կցանկանամ, որ հասարակության մեջ զարգանա շփվելու, դիմացինին հարգելու կուլտուրան, եւ մարդիկ ինչ-որ չափով շնորհակալ լինեն, գնահատեն իրենց բժշկի աշխատանքը:

 

 

 

 

 

Կմաղթեմ, որ բոլոր կանայք մայրանան, վայելեն ծնող լինելու բերկրանքը

Վերարտադրողական առողջությունը մարդու առողջության կարեւորագույն բաղադրիչներից է: Անպտուղ ամուսնությունը կարեւոր հիմնախնդիր է սոցիալական ու բժշկական առումներով: Ժամանակակից բժշկությունն իր զինանոցում ունի անպտղության բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Սակայն, ցավոք, կան այնպիսիները, որոնք, չնայած հանդիսանում են մայրանալու եւ հայրանալու միակ միջոցը զույգերի մի մեծ խմբի համար, բայց հասու չեն շատերին իրենց թանկ լինելու պատճառով (օրինակ` արտամարմնային բեղմնավորումը): Նշենք, որ առաջին արտամարմնային բեղմավորումն իրականացվել է 1978 թվականին` Քեմբրիջի համալսարանի գիտնական-ֆիզիոլոգ Ռոբերտ Էդվարդսի կողմից, ում շնորհիվ հիմք է դրվել արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիայի առաջացմանն ու կիրառմանը:

Անպտղությունը ռազմավարական նշանակություն ունի, այն ժողովրդագրական, վիճակագրական խնդիր է, որը հասարակության, մեր պետականության առջեւ է ծառացած: Ամբողջ աշխարհում պետական, հասարակական եւ մասնավոր ընկերություններն այս հարցին հատուկ ուշադրություն են դարձնում…

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի վերարտադրողական առողջության բաժանմունքի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ընտանիքից դուրս ունենալ նաեւ սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները: Մեր զրուցակիցն այդ կանանցից մեկն է` երիտասարդ հայուհի, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրեց գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը:

 -Տիկին Խաչատրյան, այս օրերին Հայաստանում անպղության ի՞նչ ցուցանիշներ են գրանցված:

- Պետք է նշեմ, որ անպտղությունը Հայաստանում կազմում է բավականին մեծ տոկոս. յուրաքանչյուր հինգերորդ ընտանիքն ունի անպտղության խնդիր, այսինքն` Հայաստանում անպտղությունը կարող է շատ լուրջ դեմոգրաֆիկ խնդիր առաջացնել: Եթե ամուսնությունից մեկ տարի հետո կինը չի հղիանում, ամուսինները պետք է դիմեն բժշկի: Իսկ 35 տարեկանի շեմը հատած կանայք պետք է դիմեն բժշկի վեց ամիսը լրանալուց հետո: Ըստ առողջապահության նախարարության հաշվարկների, 2009 թվականից սկսած` անպտղության ցուցանիշը իջել է մոտ 2.5 տոկոսով: Ի դեպ, նշեմ, որ, ըստ եվրոպական ռեպրոդուկտոլոգների ասոցիացիայի կողմից կատարվող հետազոտությունների, Հայաստանն իր անպտղության դեմ բուժման ցուցանիշով բոլոր եվրոպական երկրների ցուցակում գրավել է երրորդ տեղը: Դա այդպես է, որովհետեւ Հայաստանում անպտղության դեմ բուժումն իրականացվում է բարձր մակարդակով: Այս տարի լրանում է արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառման 40-ամյակը, եւ այդ ոլորտը մեր երկրում շատ արագ տեմպերով զարգացում է ապրում, քանի որ նորարարություններ կան թե դեղորայքային, թե տեխնիկական, թե նոր բժշկական մոտեցումների ուղղություններով: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում անպտղության տոկոսներն ավելի բարձր նիշ են կազմում Երեւանում, Արտաշատում, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում: Դա պայմանավորված է տղամարդկանց` արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքով. նրանք, բացի ինֆեկցիաներից, բերում են սեռավարակներ, իր դերն է խաղում նաեւ մրսածությունը: Ու հենց այդ պատճառով անպտղության հարցում տղամարդիկ հիսուն տոկոսից ավելի են կազմում: Կա նաեւ տարիքային շեմ, եւ, օրինակ, 90-ականներին ծնված ամուսնական զույգերի մոտ ավելի բարձր են անպտղության ցուցանիշները:  

 -Բժշկուհի, ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել մինչ օրս:

-2004-2010թթ. սովորել եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 2010-2014թթ.՝ բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայի՝ մանկաբարձություն եւ գինեկոլոգիա մասնագիտությամբ: 2014-2015թթ. հետդիպլոմային կրթություն ստացել եմ սոնոգրաֆիա մասնագիտությամբ: Վերապատրաստումներ ստացել եմ 2015-ին՝ մասնակցելով ԵՊԲՀ-ի «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ», 2017-ին Մոսկվայում՝ ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան գիտահետազոտական կենտրոնի «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները էմբրիոլոգների համար՝ գործնական կուրսով» թեմաներով դասընթացներին: Ես ընդհանրապես անչափ կարեւորում եմ  վերապատրաստումները եւ նոր մոտեցումներից ու սկզբունքներից տեղեկացված լինելու համար տարեկան մի քանի անգամ մասնակցում եմ միջազգային կոնֆերանսների:

Նշեմ, որ մանկաբարձություն եւ գինեկոլոգիայի օրդինատուրան 4 տարի անցել եմ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում` Աշոտ Սիրունյանի գլխավորությամբ: Աշխատել եմ նրա հետ, այնուհետեւ հետդիպլոմային կրթությունս մեկ տարի ստացել եմ ուլտրաձայնային հետազոտության ոլորտում, իսկ նեղ մասնագիտացումս մեկ տարի ստացել եմ մեր ռեպրոկտոլոգիայի բաժանմունքի նախկին վարիչ Կարինե Կիրակոսյանի մոտ:

Ներկայումս «Ավանդական բժշկություն» բժշկական համալսարանում դասավանդում եմ, օտար լեզվով ներկայացնում ռեպրոդուկտոլոգիա մասնագիտության բոլոր առանձնահատկությունները:

-Դասավանդելիս, բնական է, շփվում եք երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ ապագա եք տեսնում մեր բժշկության մեջ:

-Կարծում եմ՝ այդ առումով դրական տեղաշարժ է նկատվում. կան երիտասարդներ, որոնք ձգտում են հմտանալ իրենց մասնագիտության մեջ, ու դրա վառ ապացույցը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ուսանող օրդինատորներն են, որոնք ջանքեր չեն խնայում եւ իրենց ղեկավարող բժշկի հսկողությամբ իրականացնում են միջամտություններ թե գինեկոլոգիայի, թե մանկաբարձության մեջ:

 -Բժշկուհի, Ձեր կարծիքով հայ կանայք ինչպե՞ս են վերաբերվում իրենց առողջությանը:

-Ցավոք սրտի, հայ կանայք չեն սիրում հետեւել իրենց: Իհարկե, հարգում եմ նրանց մեծ նվիրվածությունը ընտանիքին, բայց պետք է առաջինը իրենք իրենց սիրեն եւ չդիմեն բժշկի արդեն լուրջ առողջական խնդիրներ ունենալու դեպքում:  Հետագա բարդություններից խուսափելու համար կինը պարտադիր տարին մեկ անգամ պետք է անցնի կանխարգելիչ հետազոտություններ:

 -Ի՞նչ կասեք զույգերի անհամատեղելիության մասին:

-Մեր հասարակության կարծրատիպերից մեկն էլ այն է, որ շատերը անպտղության խնդիրը վերագրում են կանանց, մինչդեռ խնդիրը հավասարապես թե կանանցն է, թե տղամարդկանցը: Եվ տղամարդկանց, եւ կանանց մոտ խնդիրը հիմնականում 40 տոկոս է կազմում, իսկ մնացած 20 տոկոսի պատճառներն անհայտ են: Օրինակ, դեռ բժշկության կողմից չի բացահայտվել, թե ինչու զույգերի մոտ ամեն ինչ նորմալ է, բայց երեխա ունենալ չի ստացվում: Անպտղության պատճառներից մեկը պարանոցային անպտղությունն է, օվուլյացիայի օրերին, ինչպես գիտենք, տեղի է ունենում սերմի ներթափանցում արգանդի պարանոցից դեպի արգանդի խոռոչ եւ արգանդափող: Այդ դեպքում կնոջ լորձում համապատասխանաբար հակամարմիներ են սինթեզվում, որոնք սերմը «սպանում» են, եւ այն չի կարողանում հասնել ձվարաններ: Ներկայումս գործում է բուժման ներարգանդային սերմանավորման մեթոդը, երբ տղամարդու սերմը հատուկ մշակման, կատետրի միջոցով ներարկվում է արգանդի խոռոչ:

 -Բժշկուհի, իսկ առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորվո՞ւմ է այդ ծրագիրը:

-Այո, կան ծրագրեր: Պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի անպտղության խնդրին, քանի որ այն ոչ միայն բժշկական, այլ նաեւ դեմոգրաֆիկ խնդիր է: Նախկինում գործող «Արագիլ» ծրագիրը լավագույններից մեկն էր, որն այժմ, ցավոք, չի գործում: Այսօր մեծ հույս է ներշնչում  «Հայ մանուկ» ծրագիրը, որը ֆինանսական աջակցության կարիք ունի:  

 -Ի՞նչ նորագույն մեթոդներ են իրականացվում ձեր կենտրոնում:

-Նորագույն մեթոդը նախաիմպլանտացիոն գենետիկ հետազոտությունն է: Զույգերի մոտ հանդիպում են գենետիկորեն փոխանցվող մի շարք հիվանդություններ, ու, երբ արտամարմնային բեղմնավորման ընթացքում ստանում ենք սաղմը, դրա որոշակի մաս վերցվում եւ ուղարկվում է գենետիկ հետազոտության լաբարատորիա: Ու եթե տվյալ սաղմը չի ունենում գենետիկ խնդիր, այն արդեն տեղադրվում է արգանդի խոռոչում: Այդ գործընթացն  իրականացվում է մեր կենտրոնի վերապատրաստված մասնագետների կողմից, այն հուսադրող միջամտություն է համարվում տարիքավոր անպտուղ զույգերի, բազմաթիվ անհաջող էկոների արդյունքում եւ գենետիկ խնդիրներ ունեցող կանանց համար:

 -Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հայ զույգերին:

-Նախ կցանկանամ, որ հետեւեն իրենց առողջությանը ու նաեւ այն նորարարություններին, որոնք կատարվում են վերարտադրողական բժշկության մեջ… Պետք է նշեմ, որ հայ տղամարդիկ նույնպես ուշադիր չեն իրենց առողջության նկատմամբ, հաճախ առողջ ապրելակերպ չեն վարում, չեն հետեւում սննդին, ալկոլոհոլն ու ծխախոտն են չարաշահում, ժամանակին չեն դիմում բժշկին հետազոտություններ անցնելու համար: Կմաղթեմ, որ բոլոր կանայք մայրանան, վայելեն ծնող լինելու բերկրանքը: Կցանկանայի, որ  այն ընտանիքները, որտեղ դեռ չի լսվել մանկան ճիչ, ապրեն ծնող դառնալու բերկրանքով:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր