Lusine
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)
Կրթություն
Վերապատրաստումներ
Գիտական աշխատանքներ
Համահեղինակ է 6 տպագիր աշխատանքներ
Խաչատուր Տիգրանի Էյրամջյան
Վիրաբույժ (ընդհանուր)
Կրթություն
1976-1986 Երևանի N139 անգլիական թեքումով միջն. դպրոց
1991-1997 Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ բուժական ֆակուլտետ (գերազանցությամբ)
1997-2000 կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբուժություն (գերազանցությամբ)
Վերապատրաստումներ
2008 թ. Ազգային առողջապահության ինստիտուտում վերապատրաստում-Լապարոսկոպիկ վիրաբուժությունՙ մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
2008-ից <Արմենիա> ՀԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ
2014-ից ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ
2000-2008 <Արմենիա>ՀԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքում որպես վիրաբույժ
Գիտական աշխատություններ
Ավելի քան 30 տպագիր գիտական աշխատանքներ որովայնային վիրաբուժության բնագավառում և 1 ռացիոնալիզատորական առաջարկություն
Զինվորական ծառայություն
1987-1989 ծառայել է խորհրդային բանակում
Հասարակական աշխատանք
2009-ից ՀՀ Նախագահին առընթեր հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցեր իհանձնաժողովի անդամ
2011-ից Կանադայի ընդհանուր վիրաբույժների ասոցիացիայի անդամ
2011-ից Եվրոպական երկրների Էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ
2011-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների գաստրոինտեստինալ և էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ
2011-ից Մեծ Բրիտանիայի Թագավորության և Իռլանդիայի վիրաբույժների միության անդամ
2000-ից Հայկական վիրաբուժական ասոցիացիայի անդամ
2017-ից Եվրոպական երկրների վիրաբույժների միության անդամ
Պարգևատրումներ
ՀՀ ՊՆ նախարարի կողմից ՀՀ Զինված ուժեր 20 տարի <հոբելյանական> մեդալով
Վիրաբույժ (ընդհանուր)
Լեզուների իմացություն
Հայերեն (մայրենի), ռուսերեն(գերազանց), անգլերեն(գերազանց):
Ընտանեկան դրություն
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Արմեն Քոչարյան
Վիրահատական պրոցեսում Աստծո մատն ինչ-որ տեղ խառն է. Արմեն Քոչարյան
Իրավամբ՝ ճիշտ են ասում, որ բժիշկ չեն դառնում, բժիշկ ծնվում են: Դա մի աստվածատուր շնորհ է, ի վերուստ տրված կոչում, որին նվիրյալները ծառայում են ամենայն պատասխանատվությամբ՝ սեփական առողջությունը քայքայելով հանուն այլոց կյանքերի փրկության, և դա անում են մեծագույն սիրով, քանզի հասկանում են, որ Աստված հե՛նց իրենց է ընտրել՝ իրականացնելու այդ դժվարագույն առաքելությունը:
Այդպիսին է Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» համալսարանական հիվանդանոցի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը՝ բժիշկ, որին իրենց անկեղծ շնորհակալությունն են հայտնում բազմաթիվ մարդիկ՝ վերականգնված առողջության ու փրկված կյանքերի համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ուռուցքաբան, ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը:
-Պարոն Քոչարյան, ի՞նչ հիվանդություններով են տառապում Ձեր պացիենտները:
-Վերջին ժամանակներս իմ զբաղվածության հիմնական ուղղությունն ուռուցքաբանության ոլորտում է՝ կրծքագեղձի, որովայնի խոռոչի, կրծքավանդակի, փափուկ հյուսվածքների և վահանաձև գեղձի ուռուցքներ, չարորակ ու բարորակ նորագոյացություններ, նաև ճողվածքներ, լեղապարկի քարային հիվանդություն, ժողովրդի լեզվով ասած՝ կույրաղիքի բորբոքում և այլն: Իմ հիմնական աշխատանքն ընդգրկում է այս ոլորտը:
-Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ավելի շատ ուռուցքաբանության վրա եք կենտրոնացած:
-Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ այդ ուղղությամբ ավելի խորացանք, որովհետև չարորակ նորագոյացոըւթյուններով հիվանդների թիվը ավելացավ, դիմելիությունը բարձրացավ, ինչի կապակցությամբ էլ մենք ստիպված այդ կարգավիճակի մեջ մտանք:
-Հիվանդության ո՞ր ստադիայում են Ձեզ ավելի շատ դիմում:
-Բավականին երկար ժամանակ զբաղվում եմ ուռուցքով հիվանդների հետ. ոչ միայն բուժում ենք, այլև զբաղվում ենք պրոֆիլակտիկ միջոցառումներով, այսինքն՝ բացատրական աշխատանքներով, թե ինչ անել, որպեսզի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերվի, և ինչպես անել՝ հնարավորինս խուսափելու համար քաղցկեղի ուշ՝ 3-4-րդ, ստադիային հասնելուց: Այդ աշխատանքների արդյունքում մոտ 15-20 տարվա ընթացքում մենք ունենք նշանակալի տարբերություն, իհարկե՝ միայն ես չէ, իմ ամբողջ թիմը, մեր բժիշկները, իմ բոլոր ընկերները՝ տարբեր կլինիկաներում աշխատող, նման մոտեցում են ցուցաբերում, և ավելի շատ պրոֆիլակտիկ հետազոտությունների թվի մեծացման արդյունքում մենք ունենք չարորակ գոյացությունների վաղ հայտնաբերման ավելի մեծ տենդենց:
-Դա շատ լավ է, իհարկե, սակայն արդյոք բոլորն ինքնակամ գալի՞ս են պրոֆիլակտիկ զննման, թե՞ ամեն դեպքում ինչ-որ նշաններ են ունենում, նոր դիմում են բժշկի:
-Կան նաև այդպիսի մարդիկ, ընդ որում՝ ասեմ, որ մեր երիտասարդ սերունդն է այդպիսին: Դրան շատ է նպաստում ապահովագրական ընկերությունների առկայությունը, երբ մարդն ինքը չի վճարում, իսկ ապահովագրությունն ինչ-որ տեղ նաև պարտադրում է, պահանջում է պրոֆիլակտիկ հետազոտություն, որի արդյունքում, եթե կան խնդիրներ, հայտնաբերվում են, այդ մարդիկ ուղարկվում են ավելի մասնագիտացված, բարձր պրոֆիլ ունեցող բժշկական հաստատություններ, ինչի արդյունքում մենք ունենք հաճախելիության բարձրացում՝ կա՛մ պրոֆիլակտիկ, կա՛մ հիվանդության սկզբնական փուլում: Ամեն դեպքում, մեծ մասը հիմա հաճախում է խնդիր չունենալով, բայց նաև կան ավելի քիչ թվով մարդիկ, ովքեր աննշան գանգատների առկայության դեպքում դիմում են բժշկի, և, բնականաբար, կա մի ստվար զանգված, որի դեպքում դիմելիությունը բավականին ուշացած է, ցավոք…
-Փաստորեն՝ ուշացածի դեպքում լինում են որոշակի խնդիրներ…
-Այո, իրական խնդիր. կարող են դիմել աղիքային անանցանելիության պատկերով, երբ ուռուցքն աճել է այն աստիճանի, որ փակել է աղիքի լուսանցքը, կարող են դիմել մարսողության խանգարմամբ՝ ստամոքսի ուռուցքների դեպքում, արյունախխմամբ, հազի, շնչահեղձության, հևոցի և տարբեր այլ գանգատներով, կրծքավանդակի ցավերով, երբ թոքի ուռուցքը կամ միջնորմի ուռուցքը ներաճել է կրծքավանդակի պատի մեջ կամ փակել է բրոնխը, կրծքագեղձի քաղցկեղի պարագայում քայքայվող, արյունահոսող վերքի առկայությամբ կարող են դիմել…
-Արտաքի՞ն վերքի:
-Արտաքին, բաց վերքի, այո, վերքը լինում է արտաքին այն պարագայում, երբ մաշկը ներգրավված է պրոցեսի մեջ և այն աստիճանի է փոփոխված, որ այցելուն կարող է նշել, որ մի քանի ամիս իրեն այդ վերքը չի անհանգստացրել, դրա համար չի դիմել բժշկի, իսկ այժմ դիմում է այն պատճառով, որովհետև վերքը սկսել է արյունահոսել, հոտ գալ: Դրանք, ցավոք սրտի, դասական դեպքեր են, երբ հիվանդը ոչ միայն ժամանակին չի դիմում, այլև շատ է ուշանում:
-Իսկ նման դեպքերում մարդուն փրկել հնարավո՞ր է:
-Ամեն դեպքում աշխատում ենք իրենց հետ, կյանքի որակն է փոխվում, կյանքը երկարացնում ենք, եթե հնարավոր չէ արմատական բուժում անցկացնելը…
-Բժի՛շկ, Ձեզ ավելի շատ կանա՞յք են դիմում, թե՞ տղամարդիկ:
-Իմ երկու աշխատանքի տեղերից մեկը Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնն է՝ մամոգրաֆիկ կենտրոնը, որտեղ մոտ 85-90 տոկոս դիմելիությունը կանանց կողմից է, մենք հետազոտում ենք կրծքագեղձեր, իհարկե, տղամարդկանցն էլ, բայց թվով շատ-շատ քիչ, իսկ կանանց հաճախելիությունը շատ բարձր է, և մեծ տոկոս կազմում են կանայք:
-Դուք բազմաթիվ վիրահատություններ եք անցկացրել. ո՞վ է վիրահատող բժիշկը պացիենտի կյանքում:
-Վիրահատող բժիշկը շատ հետաքրքիր մարդ է (ծիծաղում է-խմբ.), դա մի ուրիշ աշխարհ է… Ես որևէ անգամ չեմ փորձում կատարված վիրահատության մանրամասները ներկայացնել հարազատներին, երբե՛ք: Ես ուղղակի վիրահատության գնալուց առաջ շատ լավ գիտեմ՝ ինչի՛ համար եմ գնում, ի՛նչ պետք է արվի: Չէի ասի, թե 100 տոկոսով նախանշված է, թե ինչ պիտի արվի, դա կարող է նաև լինել ինչ-որ ստեղծագործ վիճակ, որոշում կայացնելու պահ, և ընթացքը փոխվի, բայց հիմնականում գիտես վերջին կետը, ինչին պիտի հասնես, նպատակը, և վիրահատությունն ավարտելուց հետո չեմ փորձում վիրահատարանում կատարված գործողության էությունը, ընթացքը, արդյունքը, բարոյահոգեբանական կողմը դուրս բերել վիրահատարանից և բացատրել հազարատներին: Հարազատին միայն բացատրում եմ, որ ինչ պլանավորված էր, արվել է, ակնկալվող ամենալավ արդյունքը ստացել ենք, և թող իրենք հանգիստ լինեն, բայց այլ մանրամասներ չեմ փորձում բացատրել, որովհետև վիրահատական պրոցեսը…. Երևի թե Աստծո մատը խառն է ինչ-որ մի տեղ…
-Բժի՛շկ, հասկանալի է, որ չեք ցանկանում հարազատներին ծանրաբեռնել, սակայն Դուք, որպես մարդ, ինչպե՞ս եք տանում այդ ծանրությունը, չէ՞ որ բժշկի համար նույնպես դժվար է:
-Ես որևէ դեպքի, որևէ մարդու հանդեպ անտարբեր չեմ, բոլորի նկատմամբ անհատական, առանձին-առանձին ունեմ իմ վերաբերմունքը և մտահոգությունը, չեմ կարող երկու հիվանդների կամ երկու այցելուների նմանեցնել իրար և երկուսին ցուցաբերել ստանդարտ մոտեցում: Ամեն մի մարդ, ամեն մի հիվանդ, այցելու՝ վիրահատվող, թե չվիրահատվող, պիտի ստանա անձնավորված մոտեցում, և ես բոլորին վերաբերվում եմ այնպես, ինչպես կուզենայի, որ ինձ վերաբերվեին, եթե ես դրա կարիքն ունենայի:
-Պարոն Քոչարան, ասացիք, որ վիրահատարան մտնելուց առաջ արդեն պատկերացնում եք, թե վիրահատությունն ի՛նչ ընցացք կունենա, այնուամենայնիվ, ի՞նչ տրամադրությամբ եք մտնում վիրահատական սենյակ:
-Շատ բարձր, ամեն դեպքում՝ բոլորը կարող են հաստատել, որ ես այնքան ինֆորմացված եմ վիրահատարան մտնում, որ չի կարող պատահել՝ դուրս գամ ու ասեմ՝ գիտեք, ինչ ուզում էի, չստացվեց: Կարող են լինել անհետաձգելի դեպքեր, օրինակ՝ աղիքային անանցանելիության հետ կապված, երբ պետք է կյանք փրկես, և հնարավոր չէ ուռուցքը հեռացնել, որովհետև ներաճած է կամ միզապարկի, կամ արգանդի, կամ աորտայի կամ այլ ոչ պակաս կարևոր կենսական օրգանի մեջ, և դրա հեռացման փորձը կարող է ավարտվել ողբերգությամբ, ցավալի… Նման դեպքերը նախատեսված են լինում, իհարկե, իսկ այլ պարագայում, երբ մեր հիմնական աշխատանքը պլանավորված է, այդ դեպքերում հիմնականում գիտենք՝ ինչ ենք անում, և միշտ տրամադրությունը մարտական է, գիտենք, որ այն արդյունքը, ինչն ակնկալվում է, պետք է ապահովենք, և, փառք Աստծո, մեզ հաջողվում է Աստծո օգնությամբ և թույլտվությամբ անել այն, ինչ ուզում ենք:
-Եվ այնուամենայնիվ՝ բժիշկը տարակուսելու, վախենալու իրավունք ունի՞:
-Չեմ պատկերացնում վախկոտ բժիշկ: Զգուշավորություն՝ կարելի է ասել, խելացի բժիշկը պետք է լինի և՛ վախկոտ՝ իր մեջ, և՛ զգուշավոր: «Ամեն ինչ կանեմ»-ի սկզբունքը ես չեմ հասկանում, և ինչ-որ տեղ լավ իմաստով վախկոտությունն ու զգուշավորությունը վերագրում եմ խելացի, գրագետ բժշկին, իսկ ընդհանրապես՝ վախկոտ լինել կյանքում, առավել ևս՝ վիրաբույժը, չեմ պատկերացնում, երբե՛ք:
-Ի՞նչ առաքելություն ունեք կյանքում՝ ոչ միայն որպես բժիշկ՝ Ձեր մասնագիտական ոլորտում, այլև առհասարակ՝ որպես մարդ:
-Ես փորձում եմ ապրել որևիցե մեկին վնաս չտալու սկզբունքով և ինչքան կարող եմ՝ բառի բուն իմաստով անշահախնդրորեն օգնելու սկզբունքով՝ բնականաբար՝ ավելի շատ իմ մասնագիտական ծառայությունների գծով օգնելու առումով, և չեմ պատկերացնում վատ մարդ լինելու կամ վատություն անելու ոչ նպատակը, ոչ ընթացքը, ոչ էլ հետևանքը:
-Բժի՛շկ, կնշե՞ք, խնդրում եմ, Ձեր կյանքի ամենաբարդ վիրահատությունը, որ անցկացրել եք. ինչպիսի՞ զգացողություններ եք ունեցել դրանից հետո:
-Ընդհանրապես՝ վիրաբուժությունը թիմային աշխատանք է, իսկ երբ Մեխակավանում՝ Ջաբրայիլում, ծառայության ժամանակ ես բաժանմունքի վարիչն էի և զինվորներին էի վիրահատում, հրազենային և տարբեր տեսակի ծանր վիրահատություններ էի կատարում, որպես վիրաբույժ ես մենակ էի: Ինձ համար ամենադժվարին, ամենաէմոցիոնալ շրջանն էր, երբ դու ձևավորման փուլում ես, նաև՝ երիտասարդ և շատ հեռու… Քո վիրաբույժ ընկերները քեզ կարող էին հասնել այնտեղ ամենաշուտը 2-3 ժամից, եթե ուղղաթիռով չգային, իսկ եթե ուղղաթիռով գային, կարող էին հասնել մեկ ժամից… Շատ դժվարին էր այդ ժամանակաշրջանն ինձ համար, որովհետև սկսնակ էի, և այդ ամենն ինձ համար փորձություն էր, որովհետև ես փրկում էի երիտասարդ կյանքեր, զինվորի կյանք՝ շատ թանկ, շատ կարևոր… Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է անցել, բայց երբ հետադարձ հայացք եմ նետում… Օրինակ՝ այստեղ մենք թիմով ենք, մեկով-երկուսով չենք, բազմաթիվ ենք, կարող ես մյուս կլինիկայից քո ընկերներին կանչել, մեկ ժամվա մեջ հազար հոգի վիրաբույժ կարող է հավաքվել:
Իմ վիրահատությունները շատ բարդ են, շատ բազմաբովանդակ, ծավալուն, եկարատև՝ 8, 10, մինչև 12 ժամ, և բոլորի դեպքում էլ պատասխանատվությունը շատ բարձր է: Ամենաանշառ թվացող վիրահատությունն էլ կարող է դառնալ ճակատագրական հենց բժշկի սխալի պատճառով, դրա համար էլ բոլոր պարագաներում վիրաբույժն իր կամքից դուրս լարվում է, շուտ ծերանում, առողջությունն է քայքայվում, այնպես որ՝ չկա թեթև վիրահատություն…
-Պարոն Քոչարյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին՝ որպես բժիշկ:
-Խորհուրդ կտամ ինտերնետից իրենց հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ չքաղել ու չակերտավոր զինված՝ մոտենալ բժշկին: Դա ես համարում եմ շատ սխալ ու վնասակար՝ առաջին հերթին հենց հիվանդի համար: Որքան էլ լինենք ինտերնետի դարում, հարց լուծողը բժիշկն է, վիրաբուժության, վիրահատությունների պարագայում հարց լուծողը վիրաբույժն է, և, վերջին հաշվով, հիվանդն ու վիրաբույժը վիրահատական սեղանի շուրջ պետք է հանդիպեն իրար, և վիրաբույժը պետք է հարցը լուծի: Այնպես որ՝ համացանցից վերցրած տեղեկությունները սխալ են ընկալվում և սխալ են վերարտադրվում, դառնում են հարցեր, և դա վնասում է ընդհանուր գործին: Ճիշտ է, հավասարակշռված և գրագետ վիրաբույժը երբեք դրան տեղի չի տալիս, իր գործն իմացող մարդը երբեք չի ենթարկվում պրովոկացիայի, բայց պետք է հասկանալ, որ դա նախ անհարգալից վերաբերմունք է բժշկի, վիրաբույժի հանդեպ, երկրորդը՝ դա վնասում է ընդհանուրն աշխատանքին: Ես խորհուրդ կտամ, որ ամեն մարդ զբաղվի իր գործով և խորանա իր մասնագիտության մեջ, ոչ թե բժշկի:
-Բժի՛շկ, իսկ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Առողջություն, միմիայն առողջություն, առողջ ապրելակերպ… Չեմ պատկերացնում որևէ բժշկի, որ կարող է ուրախանալ հիվանդ ունենալու համար, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Տեսնում եք՝ մեր աշխատանքն ինչքան ծանր, դժվարին ու տանջալից է, և ամեն մի հիվանդի հետ մենք հիվանդանում ու առողջանում ենք, հիվանդանում ենք ու չենք առողջանում…
Մեր բժշկության համակարգը դեռևս շատ ճաանապարհ ունի անցնելու, որպեսզի մեր քաղաքացին ոչ թե հիվանդանա, ու լավ բժիշկն իրեն բուժի, այլ հզոր է այն պետությունը, որի քաղաքացին պրոֆիլակտիկ հետազոտությունների և ճիշտ կազմակերպված բուժզննումների արդյունքում ոչ թե ուշ է դիմում, այլ չի հիվանդանում ուղղակի, կամ հիվանդությունը շատ վաղ հայտնաբերվում է, և անհետևանք, անմնացորդ, 100 տոկոս առողջացումով ամեն ինչ վերջանում է: Այնպես որ, իմ խորին համոզմամբ՝ մեր ապագան պրոֆիլակտիկ զննումներն են, առողջ սերունդ ու առողջ հասարակություն ունենալն է:
ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ
Վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է
Որքան գայթակղիչ է ճերմակ խալաթը, նույնքան էլ պարտավորեցնող եւ դժվարին է բժշկի աշխատանքը, որը բազմակի անգամ ավելի շատ մարդասիրություն, համբերություն ու բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածության, քաղցկեղի տեսակների, բուժման արդյունավետ մեթոդների շուրջ:
-Պարո՛ն Վարժապետյան, որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:
-Մեր երկրի բնակչության շուրջ կեսը տառապում է վահանաձեւ գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե, բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն, այնուամենայնիվ, վահանաձեւ գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ է, հետեւաբար, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:
Բավականին տարածված են նաեւ հարվահանաձեւ գեղձի հիվանդությունները: Հիպոպարաթիրեոզի (հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի) հիմնական պատճառը նրանց վնասումը կամ հեռացումն է վահանաձեւ գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով, երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ ու ցնցումներ:
Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների եւ խանգարումների բուժումը: Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման, որը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ եւ չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների (ադրենալինի եւ նորադրենալինի) քանակի կտրուկ ու անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, «բուժման չենթարկվող» բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղեստամոքսային ուղու տարբեր խանգարումներ եւ այլն:
-Չարորակ ուռուցքներով ախտահարումը «երիտասարդացե՞լ» է:
-Ցավով պետք է նշեմ, որ վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է: Եթե այն նախկինում արձանագրվում էր ավելի շատ մեծահասակների մոտ, ապա վերջին 4-5 տարվա ընթացքում վահանաձեւ գեղձի հիվանդություններ հայտնաբերվում է նույնիսկ 14 տարեկանների մոտ: Իսկ դրանց նպաստող գործոններ են ժառանգականությունը, ինչպես նաեւ այս ինտերնետային դարում ճառագայթային ֆոնի բարձրացումը, որը մենք հստակ նկատում ենք հեռախոսների հետ ինտեսիվ շփման դեպքում: Միջազգային վիճակագրության համաձայն, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք: Դրանք ունենում են մասնագիտացված, դիֆերենցված ձեւեր, երբ ուռուցքային բջիջները «հիշում են», թե որ բջիջներից են սկիզբ առել: Դիֆերենցված՝ պապիլյար եւ ֆուլիկուլյար ձեւերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են չդիֆերենցված ձեւերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում եւ անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքում արձանագրվում է մահ:
-Իսկ ի՞նչ կասեք մեդուլյար քաղցկեղի մասին:
-Մեդուլյար քաղցկեղն առաջանում է C բջիջներից, որոնք համարվում են «ոչ տեղացի» բջիջներ վահանաձեւ գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ, այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, եւ նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք հեռացնում ենք ե՛ւ վահանաձեւ գեղձը, ե՛ւ լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք հիվանդության կրկնվելու հավանականությունը: Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:
-Ինվազիվ վիրահատական միջամտությունը մեդուլյար քաղցկեղի դեպքում կիրառելի՞ է:
-Մեդուլյար քաղցկեղի դեպքում դա բացառվում է. մենք պետք է արմատապես հեռացնենք այդ ուռուցքը, քանի որ նժարի վրա դրված է պացինետի ապրել-չապրելու հարցը:
-Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:
-Մեր ծառայությունը հիմնականում իրականացնում է վահանաձեւ, հարվահանաձեւ գեղձերի եւ մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում նորագույն եղանակների ու սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը, կրճատվել՝ ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները: Ախտորոշման ժամանակակից մեթոդները զգալիորեն բարելավվել են, եւ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձեւ գեղձի այլ հիվանդությունները։ Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի (որի անդամն եմ նաեւ ես), ռուսական էնդոկրին վիրաբույժների ասոցիացիայի ուղեցույցերով: Իրականացնում ենք բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձեւ կտրվածքի միջոցով, կիրառում ենք նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ: Բուժօգնության մեջ օգտագործում ենք նաեւ բուժման նվազ ինվազիվ, ոչ վիրահատական մեթոդներ, մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ…
–Պարո՛ն Վարժապետյան, ինչպիսի՞ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի:
– Ախտանիշները տարբեր են: Ինչպես նշեցի, վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդն անհրաժեշտություն է, եւ դրա պակասը կամ ավելցուկը կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ։ Եթե, օրինակ, յոդի պակասի պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, գեղձն իր ծավալով մեծանում եւ առաջացնում է սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնանալիս, լարված իրավիճակներում: Վահանաձեւ գեղձի ծավալը մեծանում է, այն սեղմում է շնչափողը եւ հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձեւ կամ խեղդող հազ: Եթե, ծավալային փոփոխությունից բացի, փոխվում է նաեւ գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաեւ ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:
Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, ու հիվանդը որեւէ գանգատ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:
-Տեղյակ ենք, որ նաեւ դասախոսում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ի՞նչ կասեք բժշկության ոլորտը որպես մասնագիտություն ընտրած սերնդի մասին:
-Ես շատ հպարտ եմ մեր երիտասարդ սերնդով. նրանք խոստումնակից են: Եվ ես վստահ եմ, որ մեր բժշկության ապագան ապահով ձեռքերում է լինելու:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
-Ցանկանում եմ մեր հասարակությանը հորդորել, որ պարբերաբար այցելեն հետազոտությունների, մեծ ուշադրություն դարձնեն կյանքի ամենամեծ պարգեւին՝ իրենց առողջությանը, գնահատեն այն՝ մնացյալը թողնելով երկրորդ պլան: Կյանքը մեծագույն պարգեւ է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձեւն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս եւ մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարեւոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում:
ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Բժշկության ցանկացած ոլորտ առաջին հերթին պետք է լինի պացիենտակենտրոն
Վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների թիվը գնալով ավելացել է, եւ սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի համար: Մեր սրտաբանների ջանքերի շնորհիվ սրտաբանությունը, որը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մեր երկրում վերջին տարիներին զարգացում է ապրել, մոտեցել միջազգային մակարդակի՝ արձանագրելով սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր մեր հանրապետությունում ունենք սիրտ-անոթային ծանրագույն հիվանդություններով տառապող մարդկանց էականորեն օգնելու, շատ հաճախ նրանց լիովին առողջացնելու հնարավորություն: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը սրտաբանության բնագավառի բազում մասնագետների համար նոր մոտեցումների ու գիտելիքների ձեռքբերման շտեմարան է դարձել, ունի տարածաշրջանային նշանակություն, հույս է պարգեւել, վտանգված կյանքի փրկօղակ դարձել հազարավոր հիվանդների համար: Կենտրոնն ապահովված է բարձր որակավորման մասնագետներով, հագեցած՝ նորագույն սարքավորումներով, իսկ ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն նաեւ առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի բժշկական համալսարանի սրտաբանություն ու սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է:
http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է սրտաբան-առիթմոլոգ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի (ՆՄԲԿ) առիթմոլոգիական ծառայության ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, ով, չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի առողջապահության համակարգում անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ առիթմոլոգիայում ներդրած զգալի ավանդի համար միշտ գնահատվել է եւ գնահատվելու է հանրության կողմից: Վստահ ենք, որ նա ոչ միայն կշարունակի բազմաթիվ մարդկանց առողջ սիրտ պարգեւել, այլեւ իր ղեկավարած բաժանմունքին ուրույն ձեռագիրը կթողնի՝ պահպանելով պատկառելի բժշկական կենտրոնի նախորդների ստեղծած ավանդույթները, բարձր պահելով տարածաշրջանային սրտաբանական կենտրոնի վաստակած կոչումը:
-Բժշկուհի, ի՞նչ ծառայություններ է մատուցում կենտրոնը:
-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունն իրականացնում է առիթմոլոգիական ախտորոշիչ եւ բուժական տարատեսակ ծառայություններ։
Ախտորոշիչ ծառայություններից կատարվում են էլեկտրասրտագրություն, տրանսթորակալ էխոսրտագրություն, տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն, սթրես-էլեկտրասրտագրություն, սթրես-էլեկտրասրտագրություն էրգոսպիրոմետրիայով, սթրես-էխոսրտագրություն (դեղորայքային եւ ոչ), հոլտեր հետազոտություն (17-72 ժամ տեւողությամբ), էվենթ հետազոտություն, արյան ճնշման ամբուլատոր մոնիտորինգ (20-24 ժամ տեւողությամբ), ռիթմ ձայնագրող սարքերի (Internal Loop Recorder) իմպլանտացիա, ներսրտային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, տրանսէզոֆագեալ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն:
Առիթմոլոգիական միջամտություններից ՆՄԲԿ-ում կատարվում են սրտի բոլոր տեսակի էլեկտրական խթանող սարքերի իմպլանտացիաներ ու ռիթմի խանգարումների էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն եւ աբլացիա՝ սրտի ռիթմավար սարքերի իմպլանտացիա, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա, փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարքերի իմպլանտացիա, վերփորոքային տախիկարդիայի աբլացիա, փորոքային տախիկարդիայի աբլացիա, փորոքային եւ նախասրտային էքստրասիստոլաների աբլացիա, նախասրտերի թրթռման աբլացիա, նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիա, նախասիրտ-փորոքային հանգույցի մոդիֆիկացիա: Միջամտություններն իրականացվում են ամերիկյան արտադրության գերժամանակակից եռաչափ քարտեզագրման համակարգի օգնությամբ:
Սրտի ռիթմի խանգարումները սրտային հիվանդությունների ամենից հաճախ հանդիպող բարդություններն են, կարող են հանդես գալ առանց սրտի կառուցվածքային հիվանդություն ունենալու, կարող են արտահայտված լինել համակարգային տարբեր խնդիրների եւ հիվանդությունների ձեւով:
-Ո՞ր դեպքում է կատարվում վիրահատական միջամտություն:
-Լինում են անվնաս, անմեղ տեսակի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում շատ մեծ միջամտություններ չեն պահանջվում, պարզապես այդ պացիենտներին վերցնում ենք մեր հսկողության տակ: Լինում են նաեւ խնդրահարույց ռիթմի խանգարումներ, որոնք կարող են առաջացնել պացիենտի ինքազգացողության վատացումից մինչեւ կյանքին վտանգ սպառնացող խնդիրներ, որոնց դեպքում պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն, երբեմն նաեւ՝ հրատապ կարգով: Ու, ցավոք, ժամանակին բուժօգնություն չստացած պացիենտները կարող են մահանալ, ռիթմի խանգարումները կարող են հանդիսանալ սրտային հանկարծամահության գլխավոր պատճառ: Այդ իսկ պատճառով առաջնային օղակում ռիթմի խանգարում նկատելիս պետք է պացիենտին ուղեգրել համապատասխան մասնագետի մոտ, որպեսզի նա կարողանա գնահատել ու տարանջատել անվնաս խանգարումը կյանքին վտանգ սպառնացող խանգարումից: Ինչպես արդեն նշեցի, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական կլինիկան սպասարկում է բազմատեսակ ռիթմի խանգարումներով հիվանդների, եւ ցանկացած տեսակի առիթմիայով պացիենտ կարող է դիմել մեզ: Ընդ որում, չկա տարիքային սահմանափակում, եւ բուժօգնության համար մեզ դիմում են հանրապետությունից, Արցախից եւ արտերկրից նույնպես:
Մենք ունենք ամբուլատոր եւ ստացիոնար տարատեսակ ծառայություններ: Անչափ կարեւոր է հիվանդության ժամանակին ախտորոշումը եւ գրագետ բուժման ուղեցույց կազմելը: Օրինակ, նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է ի հայտ գալ մարմնի մեծ զանգված ունեցող, զարկերակային գերճնշմամբ եւ շաքարային դիաբետով տառապող պացիենտների, այսինքն՝ ոչ ակտիվ մարդկանց շրջանում: Տարիքն էլ նշանակություն ունի. որքան մեծ է պացիենտը, այնքան մեծանում է հիվանդանալու հավանականությունը: Այդ մարդկանց խորհուրդ է տրվում լինել ֆիզիկապես ակտիվ, աշխատել մարմնի զանգվածի իջեցման վրա, ինչպես նաեւ վերահսկել զարկերակային ճնշումն ու գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, այսինքն՝ առնվազն շաբաթական երեք օր պետք է զբաղվել սպորտով: Երկրորդ ճանապարհը 6 ամիսը մեկ հետազոտություն անցնելն է, ինսուլտի առաջացման հավանականությունը գնահատելը: Մենք դա անում ենք հատուկ սանդղակների օգնությամբ, եւ դրանցով ստացած միավորների արդյունքում պացինտին կարող է նշանակվել արյունը ջրիկացնող՝ հակամակարդիչ դեղորայք, որը թույլ չի տա առաջացնել թրոմբներ: Եվ երրորդ ճանապարհը միջամտական՝ նախասրտի աբուլյացիայի ճանապարհն է: Դրանք ոչ թե փոխարինում են մեկը մյուսին, այլ համակցված են կիրառվում:
-Ի՞նչ հետեւանքներ է թողնում COVID 19-ը ձեր բնագավառում:
-Ցավոք, սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ ավելի մեծ է ծանր ընթացքի եւ մահացու ելքի հավանականությունը: Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ խնդրահարույց դեպքեր մեր պացիետների հետ, ականատես եղանք սրտի խանգարումների, միոկարդիտների, սրտային անբավարարությունների, ինֆարկտների ու մահացություն դեպքերի՝ նույնպես: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր եմ համարում սիրտ-անոթային քրոնիկական հիվանդություն ունեցող պացիենտների (սրտամկանի ինֆարկտ, սրտի իշեմիկ հիվանդություններ, սրտի վիրահատություններ տարած, զարկերակային հիպերտենզիա, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի խանգարում ունեցող) պատվաստվելը COVID-19-ի դեմ, որպեսզի, եթե նույնիսկ հիվանդանան, հիվանդությունը թեթեւ ընթացք ունենա, չվնասի, հաշմանդամ չդարձնի պացիենտներին:
-Բժշկուհի՛, երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմել մեր առողջապահական համակարգի ապագայի մասին:
- Բավականին բանիմաց եւ խելացի երիտասարդներ ունենք, կան նաեւ մասնագետներ, որոնք սկսել են վերադառնալ Եվրոպայից: Ուրախալի փաստ է նաեւ այն, որ նրանք ոչ միայն աշխատելու, այլ նաեւ գիտության մեջ արարելու ցանկություն ունեն: Ընդհանրապես ես չեմ դադարում հիանալ, զարմանալ երիտասարդ սերնդով. նրանք իսկապես շատ ավելի խելացի են, շատ ավելի ճկուն, ավելի նպատակասլաց, եւ մեզ մնում է նրանց մեջ արթնացնել սեր դեպի սրտաբանությունն ու առիթմոլոգիան, փոխանցել մեր փորձը, ինչպես նաեւ խորը համոզմունքը, որ բժշկության ցանկացած ոլորտ առաջին հերթին պետք է լինի պացիենտակենտրոն: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ վստահորեն ասել, որ մեր առողջապահական համակարգը ապագայում վստահելի ձեռքերում կլինի:
-Ըստ Ձեզ, Հայաստանում ձեւավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:
-Այդ ուղղությամբ բավականին դրական տեղաշարժ կա: Դիմելու կուլտուրան բավականին բարձրացել է, կարող եմ ասել՝ շատ քչերն են միայն ծայրահեղ վիճակի հասնելուց հետո դիմում բժշկի: Բավականին աճ է գրանցվել նաեւ ամբուլատոր ծառայությունների դիմելիության հարցում: Դրանում մեծ դեր կարող է խաղալ ինչպես պետական աջակցությունը, այնպես էլ՝ ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող առողջապահական ապահովագրությունը, եթե այն ներգրավի մեծ թվով մարդկանց:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը, որը նաեւ պատերազմ տեսավ:
-Նախկինում իրավիճակը միանգամայն այլ էր. չկար համակարգված սրտաբանական հայեցակարգ, իսկ տիրող պահպանողականությունը զգալի խոչընդոտ էր Հայաստանում նորարարական միջամտական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին: Այսօր, բարեբախտաբար, իրավիճակն այլ է. ունենք սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ: Առկա է որոշակի (հնարավորության սահմաններում) պետական աջակցություն թե՛ սոցիալական որոշ խմբերին պատկանող հիվանդներին, թե՛ վերջիններիս մասնագիտական օգնություն ցուցաբերող բուժհիմնարկներին: Երկրում բարեհաջող զարգացումների պարագայում հնարավոր կլինի էական դրական տեղաշարժ արձանագրել մեր քննարկման առարկա հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում: Դրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ բնակչության շրջանում վերացել է նախկինում արմատացած սարսափն ու վախը ճակատագրական սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ: Արցախյան վերջին պատերազմից անցել է մեկ տարի, մեկ տարի է, ինչ ավարտվել է այդ 44-օրյա մղձավանջը։ Սակայն չի անցել կսկիծն ու ցավը, այն դեռ երկար տարիներ մխալու է, չի անցնելու, չի մոռացվելու։ Մեր հերոս տղաները կենաց-մահու կռիվ տվեցին՝ անմնացորդ ծառայելով հայրենիքին, զոհաբերելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Սիրելի՛ մայրեր եւ հայրեր, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ՝ հայրենասիրական ոգով ձեր որդիներին դաստիարակելու եւ նրանց մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար: Նրանց արյամբ պահված մեր հայրենիքի գարունները պիտի գան ու չգնան: Մենք պիտի փայփայենք այդ գարունները՝ ի հիշատակ նրանց չապրած գարունների ու հանուն նրանց երազանքների: Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն եւ հայրենանվիրումի ոգի, համախմբում ու միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբման, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման ուղղությամբ։
Իսկ մեր հայրենակիցներին կոչ եմ անում. «Սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգեւը՝ կյանքը»:
Հրաչյա Հարությունյան
Ամեն հաջողված վիրահատություն մեզ երջանկացնում է. օրթոպեդ-վնասվածքաբան
Կարծիք կա, որ ծիծաղը երկարացնում է կյանքը: Համաձայնվեք, որ տխուր կլիներ առանց հումորով մարդանց և նրանց հետ թեթև ու հաճելի շփումների, իսկ եթե նման մարդկանց մեջ համատեղված են հաճելին և օգտակարը, այդ դեպքում վստահաբար կարելի է ասել, որ նրանց դիմող հիվանդները հնարավորինս արագ և հեշտ կապաքինվեն:
Մեզ բախտ վիճակվեց հանդիպելու հենց նման բժշկի, որի նուրբ հումորն ու պացիենտներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելու կարողությունը նրանց արագ և հեշտ բուժման ու վերականգնման ամենաառաջին գրավականն են:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան, «NAIRI-COXA» կլինիկայի առաջատար մասնագետ, Ուրախների և հնարամիտների ակումբի նախկին անդամ և պարզապես՝ հաճելի զրուցակից Հրաչյա Հարությունյանը:
-Պարոն Հարությունյան, ի՞նչ խնդիրներով է զբաղվում օրթոպեդ-վնասվածքաբանը:
-Օրթոպեդիան ոսկրահոդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների բուժման մեթոդիկան է, զբաղվում ենք ոսկրահոդային հիվանդություններով և վնասվածքներով՝ սկսած պարզ կոտրվածքներից, ավարտած լուրջ հիվանդություններով:
Վնասվածքաբանությունը սուր դեպքերին է վերաբերում՝ կոտրվածքներին, իսկ օրթոպեդիան՝ ավելի շատ հիվանդություններին, մաշվածություններին, արթրոզներին և այլն: Մենք (նկատի ունի նաև իրենց բաժանմունքի մյուս բժիշկներին-խմբ.) նախընտրել ենք կենտրոնանալ ավելի շատ օրթոպեդիայի վրա, այսինքն՝ հիվանդությունների բուժման:
-Ենթադրում եմ, որ, ելնելով մասնագիտական ուղղվածությունից, շատ եք աշխատում զինվորների հետ:
-Այո, իհարկե, աշխատել ենք, աշխատում ենք…
-Պատերազմից հետո պատկերը փոխվե՞լ է, ավելի շա՞տ են դիմում:
-Պատերազմի ժամանակ մեր ֆունկցիան եղել է վերջույթի պահպանումը, այսինքն՝ արագ վիրահատել, էտապով ուղեգրել հետագա բուժման: Մենք հետագա բուժումը ևս իրականացնում ենք: Մի բան է վերջույթը փրկել՝ պահպանել, մեկ այլ բան՝ վերջույթը դարձնել առողջ հենարան, որ ոտքը նորմալ անկյուն ունենա, շարժվի և այլն: Հիմա գալիս է զինվորիների բուժման ավելի բարդ ու մանրակրկիտ փուլը…
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում որպես բժիշկ, երբ ոչ միայն զինվորին, այլև՝ առհասարակ մարդուն, այսպես ասած, ոտքի եք կանգնեցնում:
-Դա մեր կյանքի իմաստն է, մենք այս մասնագիտությունն ենք ընտրել… Հաճույք, երջանկություն, հպարտություն… Մենք դրանով ենք ապրում, ամեն հաջողված վիրահատություն մեզ երջանկացնում է:
-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այս մասնագիտությամբ:
-Չգիտեմ: Ասում են՝ երեխաները փոքր ժամանակվանից ինչ ասես խաղում են. ես բժիշկ-բժիշկ եմ խաղացել, բժիշկ եմ դարձել (ծիծաղում է-խմբ.):
-Եթե չլինեիք բժիշկ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Կենսաբան երևի… Մեծ հաճույքով աշխարհը կշրջեի, նոր թռչուններ ու կենդանիներ կհայտնաբերեի (ժպտում է-խմբ.)…
-Ասում են՝ վաղ դիմելու դեպքում հիվանդությունը հնարավոր է կանխարգելել: Ձեր ոլորտում նու՞յնպես այդպես է:
-Իհարկե, մոտեցումը նույնն է՝ պրոֆիլակտիկան շատ ավելի կարևոր է, քան բուժումը; Եթե մարդիկ ճիշտ կրթվածություն ունենան, իրազեկված լինեն իրենց հիվանդությունների մասին, ժամանակին կկանխեն այդ ամենը: Մեզանում այդ կուլտուրան դեռ այնքան էլ չի զարգացել, դրա համար մարդիկ մեզ դիմում են շատ ավելի ծանր ստադիաներում: Մենք միշտ մեր արտասահմանցի գործընկերների հետ խոսում ենք այդ մասին, նշում, որ իրենք այդպիսի դեպքերի չեն հանդիպում, որովհետև ժամանակին են դիմում իրենց: Մեզ մոտ արդեն ահավոր վիճակում են գալիս: Իհարկե, պրոֆիլակտիկան ավելի ճիշտ է, բայց մարդիկ դեռ այդ մակարդակի չեն հասել:
Պետք է պայքարել դրա համար, պոլիկլինիկաների օղակը պետք է պայքարի, պետությունը մեծ գումարներ պետք է հատկացնի դրան, որ մարդիկ տարեկան երկու-երեք անգամ անվճար հետազոտություններ անցնեն՝ սիրտ, անոթներ, վերջույթներ… Այդ ժամանակ արդեն ծանր վիճակում չեն դիմի մեզ:
-Կա՞ն հիվանդություններ, որոնց դեպքում, եթե շուտ դիմեն, գործը չի հասնի վիրահատության:
-Այո, հիվանդությունները բազմաթիվ են, չենք կարող ասել՝ ծունկը հիվանդ է, այն ունի հազարավոր հիվանդություններ՝ մեկը վիրահատական է, մյուսը՝ ոչ վիրահատական…
-Կնշե՞ք այնպիսի ախտանիշներ, որոնք ունենալու դեպքում մարդիկ կարողանան հասկանալ, որ խնդիր կա, և վաղ դիմել բժշկի: Ի՞նչը պիտի մարդկանց ավելի զգոն դարձնի:
-Շարժունակության պակասությունը, տեսանելի դեֆորմացիաները, հոդերի անհասկանալի ձայները… Կարևորը՝ ուշադիր լինես ինքդ քո հանդեպ, հասկանաս, որ ինչ-որ բան փոխվել է, օրինակ՝ քայլվածքի մեջ… Մինչև ցավը՝ կարող է սկսվել ուղղակի շարժումների անհարմարություն. շարժումները շատ ցավոտ չլինեն, բայց այնպես չլինի, ինչպես երեկ, կոպիտ ասած: Այս դեպքերում պետք է դիմել բժշկի:
-Պարոն Հարությունյան, Դուք հարցազրույցներից մեկում նշել եք, որ վիրահատությամբ հիվանդությունը ոչ թե ավարտվում է, այլ՝ սկսվում: Կպարզաբանե՞ք այս միտքը:
-Օրթոպեդիան այդպես է, այն ընդհանուր վիրաբուժություն չէ, այնտեղ բուժում են և ասում՝ հաջողություն, իսկ մենք վիրահատելով սկսում ենք բուժումը, որովհետև մեր դեպքում վիրահատությունը բուժման վերջը չէ, սկիզբն է: Այսինքն՝ շատ կարևոր է հետվիրահատական շրջանը: Քիչ է միայն վիրահատել ու ստանալ գեղեցիկ ռենտգեն պատկեր, շատ կարևոր է, որ հիվանդը շատ լավ քայլի, կամ, եթե վերին վերջույթ է, ձեռքը շատ լավ շարժի, վերադառնա իր նախահիվանդության վիճակին, այսինքն՝ առողջ վիճակին: Հիվանդին պետք է մինչև վերջ առողջացնել, նոր համարել, որ գործն ավարտված է:
-Որքա՞ն ժամանակ է տևում հետվիրահատական շրջանը:
-Նայած պաթոլոգիա, նայած հիվանդություն, ամենապարզը կարող է երեք շաբաթ տևել, միջինը՝ 6-8-10 շաբաթ, իսկ ծանր պաթոլոգիաների դեպքում կարող է նույնիսկ տարիներ տևել:
-Իսկ հնարավո՞ր է, որ հիվանդությունը նորից կրկնվի:
-Իհարկե, իսկ կա՞ աշխարհում հիվանդություն, որ հնարավոր չէ՝ չկրկնվի:
-Այդ դեպքում վիրահատության կարիք դարձյալ լինու՞մ է, թե՞ հնարավոր է լինում այլ մեթոդներով լուծել խնդիրը:
-Ռեցիդիվներ լինում են ամբողջ աշխարհում, ամենահարուստ երկրներում, ամենաբարեկիրթ հիվանդանոցներում ու ամենահայտնի բժիշկների մոտ: Ոչ մեկը կիսաստված չէ, պետք է աշխատել լավ, որ ռեցիդիվները քիչ լինեն, իսկ եթե ասել, որ ոչ, չի լինում ռեցիդիվ, ուրեմն՝ դու քեզ դրել ես կիսաստվածի տեղ…
-Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը՝ Ձեզ ավելի շատ կանա՞յք են դիմում, թե՞ տղամարդիկ:
-Հոդային խնդիրներով հիմնականում դիմում են կանայք՝ ելնելով օրգանիզմի առանձնահատկությունից: Հետմենոպաուզալ շրջանում կանանց մոտ զարգանում են հորմոնալ խիստ փոփոխություններ: Եթե ժամանակին կանայք զբաղվեն իրենց առողջությամբ, այսինքն՝ այդ հորմոնների պակասը՝ պաուզան, անցկացնեն ավելի հարթ, հոդային խնդիրներ չեն առաջանա:
-Բժիշկ, Դուք հաճախ նշում եք պացիենտի հետ շփման կուլտուրայի մասին: Ինչպե՞ս եք կարողանում, այսպես ասած, բոլորի հետ լեզու գտնել, յուրաքանչյուր պացիենտի յուրովի մոտենալ…
-Էթիկա…
-Հե՞շտ է Ձեզ համար:
-Արդեն սովորական է… Դժվար է այն առումով, որ տարբեր խավերի, տարբեր դաստիարակության մարդիկ են մտնում, բայց պետք է հասկանալ, որ դու բժիշկ ես, էթիկ նորմաները պահել և գնալ առաջ, որովհետև առանց դրա՝ դու կարող ես ունենալ ոսկե ձեռքեր, բայց չունենալ դաստիարակություն. ու՞մ են պետք այդ ոսկե ձեռքերը:
-Մասնագիտական ասպարեզում կամ ընդհանրպես՝ կյանքում, նշանաբան ունե՞ք, որով առաջնորդվում եք:
-Դրոշակներ չունեմ (ծիծաղում է-խմբ.)…
-Բժի՛շկ, բնականաբար՝ բազմիցս զգացել եք գնահատված լինելու բերկրանքը: Կա՞ն ինչ-որ խոսքեր, որ լսել եք շնորհակալ պացիենտից և երբեք չեք մոռանա, խոսքեր, որոնք Ձեզ համար իսկական գնահատական են եղել:
-Այդ պաթոլոգիան չունեմ՝ ես-ես, ես ինձ շատ եմ սիրում և այլն, բայց մի կին պացիենտ ունենք, որ մեզ ասում է՝ փրկիչները (ծիծաղում է-խմբ.): Դա կարող եմ նշել որպես հետաքրքիր, դրվագ… Իսկ իրականում շատ շնորհակալ ենք, որ մարդիկ շնորհակալ են, ճիշտը որ ասեմ՝ մենք ենք իրենց շնորհակալ, էլի եմ ասում՝ մենք դրա համար ենք աշխատում, այլապես ֆինանսական՝ բոլորն էլ աշխատում են, ընտանիք են պահում, բայց բժշկի համար շատ կարևոր է, երբ տեսնում ենք, որ մարդիկ իսկապես շնորհակալ են, մենք դրանից հոգեպես ծաղկում ենք:
-Ճի՞շտ է, որ բժիշկ-պացիենտ կապը դառնում է գրեթե բարեկամական՝ հաշվի առնելով նաև հետվիրահատական շրջանի երկարատև ընթացքը:
-Մենք բոլորի հետ էլ շատ մտերիմ ենք, շատ լավ ենք, իհարկե, պետք է չափն իմանալ, բայց ոչ մի դեպքում չկոպտել, չվանել…
-Պարոն Հարությունյան, իսկ երեխաների հետ աշխատու՞մ եք կամ երբևէ աշխատե՞լ եք:
-Դժվար է երեխաների հետ աշխատել, եթե լինում են սպեցիֆիկ պաթոլոգիաներ, երբ պետք է միջամտել, մենք միջամտում ենք: Դա մեր մասնագիտությունը չէ, ու կան շատ ավելի հզոր ու պրոֆեսիոնալ մարդիկ: Չի կարելի անել այն, ինչը դու կանես ավելի վատ, քան հարևանդ. ես մասնագիտացել եմ մեծերի օրթոպեֆդիայի մեջ:
-Նշեք, խնդրեմ, Ձեզ դիմող մարդկանց միջին տարիքը՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց:
-Հիմնականում՝ հիսուն և ավելի՝ չհաշված մարզիկներին, պարողներին, որոնք առաձին կատեգորիա են: Երբ քառասունից հետո արթնացար, ու ոչ մի տեղդ չի ցավում, ուրեմն՝ մի բան այն չէ (ծիծաղում է-խմբ.): Ինչպես բոլոր բժիշկներին, այնպես էլ՝ մեզ, հիմնականում դիմում են քառասունից հետո՝ չհաշված լուրջ վնասվածքները, որոնք տարիք չեն հարցնում:
-Իսկ կա՞ն հիվանդություններ, որոնք երիտասարդացել են:
-Բոլորը՝ արթրոզներն են շատ երիտասարդացել, ինֆարկտները, ինսուլտները…
-Ի՞նչ եք կարծում, դա ինչո՞վ է պայմանավորված:
-Էկոլոգիայով. ի՞նչ ենք ուտում, ի՞նչ ենք շնչում, ի՞նչ ենք խմում…
-Բժի՛շկ, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Առողջություն, երջանկություն…
-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք:
-Ուշադիր եղեք ձեր մարմնի հանդեպ, և ամեն ինչ լավ կլինի: Իսկ բժշկին հաճախակի դիմելը պետության խնդիրն է: Հաճախակի դիմել բժշկին՝ քո գումարով, մի քիչ դժվար է, պետությունը պետք է այդ հարցը դնի, որ մարդիկ տարին գոնե մեկ-երկու անգամ անցնեն մինիմալ հետազոտությունները, որպեսզի իմանան, տեղյակ լինեն, թե իրենց մոտ ի՛նչ խնդիր է սկսվում…
Արման Կարապետյան
Նույնիսկ հեշտոցի բացակայության դեպքում հնարավոր է լիարժեք ընտանիք կազմել և մայրանալ
Ցանկացած կնոջ համար զավակածնությունը թերևս առաքելության պես մի բան է, թեև, ցավոք, ոչ բոլորին է տրված վայելելու այդ երջանկությունը:
Սակայն ուրախությամբ կարող ենք փաստել, որ բազմաթիվ խնդիրներ, անգամ այնպիսին, ինչպիսին հեշտոցի և արգանդի ապլազիան է (բացակայություն), այսօր արդեն լուծելի են, հետևաբար նույնիսկ նման խնդիր ունենալու դեպքում, համապատասխան վիրահատությունից հետո, օգտվելով փոխնակ մայրության հնարավորությունից, արտամարմնային բեղմնավորման միջոցով հնարավոր է նոր կյանք արարել:
Հայաստանում «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից ներդրվել և էնդոսկոպիկ եղանակով իրականացվում է մի վիրահատական միջամտություն, որը կոչվում է կոլպոպոեզ՝ հեշտոցային խողովակի ստեղծում՝ բնածին արատի՝ հեշտոցի և արգանդի բացակայության դեպքում:
Նոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է դարձել կատարել նման վիրահատություններ՝ էնդոսկոպիկ եղանակով, որոնց դեպքում հիվանդը մինիմալ ժամանակ է անցկացնում հիվանդանոցում՝ 1-2 օր, և նվազագույնի հասցնել նման վիրահատությունների բարդությունները
Նման վիրահատությունն այդ տիպի խնդիրներով կանանց հնարավորություն է տալիս ոչ միայն կազմել լիարժեք ընտանիք, այլև՝ մայրանալ:
Ինչպես կոլպոպոեզը, այնպես էլ էնդոսկոպիկ եղանակով իրականացվող վիրահատական բազմաթիվ այլ միջամտություններ կատարվում են «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ, անվանի, գրագետ և հոգատար բժիշկ Արման Կարապետյանի կողմից:
Բժիշկը բոլոր կանանց, անկախ խնդիրներից, խորհուրդ է տալիս տարին մեկ անգամ հետազոտվել՝ հիշելով ոսկե կանոնը՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Ուստի նման որևէ խնդիր ունենալու դեպքում կարող եք դիմել բժիշկ Արման Կարապետյանին՝ նախապես զանգահարելով +374 91 47 56 01 հեռախոսահամարով:
Դիանա Ասլանյան
Եթե հավատացիք, որ բուժվելու եք, ուրեմն՝ կբուժվեք. ուռուցքաբան
Տարիներ շարունակ միայն այս բառը՝ քաղցկեղ, վախ է առաջացրել և այսօր էլ շարունակում է սարսափեցնել շատ-շատերի՝ չնայած այն բանին, որ բժշկությունը երբեք տեղում չի դոփում, բժիշկներն օրըստօրե կատարելագործվում են, տեխնիկական սարքավորումները թարմանում են բավականին հաճախ, և, որ ամենակարևորն է՝ ուռուցքաբանները վստահեցնում են, որ քաղցկեղը դատավճիռ չէ՛: Այս է պնդում նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը, որի հետ շփումն այնքան թեթև ու հաճելի է, որ նույնիսկ ամենածանր հիվանդների մեջ է հույս արթնանում առ այն, որ իրենք անպատճառ կապաքինվեն:
Երկար տարիների փորձ ունեցող բժշկուհին իր անմիջականության, բարության, հիվանդների հետ գրագետ շփման միջոցով արդեն որքան ժամանակ է՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ հույս է ներշնչում իր պացիենտներին և իր կենարար ժպիտով ապրեցնում նրանց՝ վառ պահելով ապագայի նկատմամբ ունեցած հավատի ճրագը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը:
-Բժշկուհի, միանգամից տամ բոլորին թերևս ամենից շատ հետաքրքրող հարցը՝ քաղցկեղը դատավճի՞ռ է:
-Քաղցկեղը մեր օրերում դատավճիռ չէ, որովհետև կան բուժման բազմաթիվ նոր եղանակներ, որոնք կիրառելիս հասնում ենք որոշակի արդյունքի: Բնականաբար, առաջին քայլը, որ պետք է բոլորն իմանան, այն է, որ որևէ ախտանիշ նկատելիս պետք է անմիջապես դիմել բժշկի, չսպասել՝ խորանա, որովհետև երբ հիվանդությունը առաջին կամ երկրորդ փուլում է հայտնաբերվում, բուժելը բավականին հեշտ է, քան երբ գալիս են երրորդ կամ տարածված փուլերում:
-Քաղցկեղն այնպիսի հիվանդություն է, որի ախտանիշները հեշտությամբ կարելի է շփոթել մեկ այլ հիվանդության հետ: Խնդրում եմ, կնշե՞ք, թե որոնք են խիստ սպեցիֆիկ ախտանշանները, որոնց առկայության դեպքում, թեկուզ և հետագայում չհաստատվի քաղցկեղ, բայց մարդը գոնե ավելի զգոնանա և դիմի բժշկի:
-Ներքին օրգանների հետ կապված միգուցե մի քիչ դժվար է, որ հիվանդն ինքը կողմնորոշվի, չնայած երբ գոյացությունները մի քիչ մեծանում են, հիվանդության ախտանիշները սկսում են ի հայտ գալ, և հիվանդը, այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ զգում է իր օրգանիզմում: Իսկ ինչ վերաբերում է արտաքինին, օրինակ՝ որևէ ուռուցքային գոյացություն նկատելու դեպքում, կամ հարվածի հետևանքով, երբ առաջանում է որևէ գոյացություն և արդեն երկար ժամանակ է՝ չի անցնում, պետք է դիմել բժշկի, կամ երբ կրծքագեղձում ինչ-որ գոյացություն է շոշափվում, որը ցավոտ չէ, պետք է դիմել բժշկի:
-Դա միայն կրծքի՞ դեպքում, թե՞ առհասարակ:
-Կրծքագեղձի դեպքում: Սովորաբար ուռուցքը ցավոտ չի լինում, բայց կան հատվածներ, երբ այն նյարդերին մոտ է լինում, բնականաբար, ցավ է առաջացնում, կարմրածություն կարող է լինել, պտուկի ներքաշում… Ինչ վերաբերում է այլ օրգանների, մի քիչ դժվար է հասկանալ՝ ինչ խնդիր ունես, մանավանդ թոքերի դեպքում, որովհետև դա այնպիսի տեղակայումներ է ունենում, որ անգամ արյունախխում կարող է չառաջացնել:
-Գլխուղեղի դեպքում ի՞նչ նշաններ են լինում:
-Կարող են լինել գլխապտույտներ, գլխացավեր, կարող է շլություն առաջանալ, ինչ-որ սիմպտոմներ, որոնք կարող են լինել նաև ինսուլտի ժամանակ, բայց, ամեն դեպքում, դա արդեն պատճառ է, որ հիվանդը դիմի բժշկի: Եթե պարբերաբար գլխապտույտներ են լինում, որոնք ոչ մի կերպ չեն անցնում, դրանք կարող են կապված լինել ուղեղի որևէ հիվանդության հետ, և դա արդեն նշանակում է, որ պետք է բժշկի դիմել, թեկուզ՝ թերապևտի, որ ուղղություն տա:
-Իսկ վերջնական ախտորոշումը միայն վիուալիզացիայի՞ միջոցով է լինում:
-Բնականաբար՝ ոչ: Եթե կասկածը հաստատվեց, արվում է ԿՏ կամ ՄՌՏ հետազոտություն, եթե որևէ բան հայտնաբերվեց, պետք է արվի բիոպսիա: Մինչև հյուսվածքաբանորեն հաստատված ուռուցքային հիվանդության պատասխան չունենանք, երբեք չենք կարող պնդել ուռուցքային հիվանդության առկայության մասին: ՄՌՏ-ն կարող է ցույց տալ, որ ուռուցքային գոյացություն կա, բայց հյուսվածքը կարող է ուռուցքային չլինել:
-Չարորակ ու բարորակ՝ այդ տարբերակումների համար նաև, այո՞:
-Այո, իհարկե, օրինակ՝ կան դեպքեր, երբ նույնիսկ մի քանի անգամ է բիոպսիա պահանջվում, որպեսզի հաստատվի, որ դա իսկապես չարորակ ուռուցքային գոյացություն է:
-Քաղցկեղի ո՞ր տեսակներն են մեզանում ամենից տարածված:
-Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է թոքերի քաղցկեղը, կանանց մոտ կրծքագեղձի և կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղը, այնուհետև՝ ստամոքսաղիքային տրակտի, լիմֆատիկ համակարգի, փափուկ հյուսվածքների և այլն:
-Ճի՞շտ է այն պնդումը, որ սթրեսը կարող է հանգեցնել սոմատիկ հիվանդության:
-Այո, սթրեսը կարող է դառնալ թաքնված խնդրի արտահայտման պատճար: Խոսքն առօրյա թեթև սթրեսային իրավիճակների մասին չէ:
-Բժշկուհի՛, Դուք երեխաների հետ աշխատու՞մ եք:
-Հիմա չեմ աշխատում՝ արդեն մի քանի տարի: Ժամանակին աշխատել եմ: Շատ դժվար է աշխատել երեխաների հետ, մանավանդ երբ գիտես, որ կարող է՝ չկարողանաս իրենց օգնել…
-Ամեն օր շփվում եք ծանր հիվանդների հետ. ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել այդ դժվարությունները:
-Երևի իմ ներքին հոգեբանն է ինձ օգնում, բժիշկը պետք է կարողանա ինքն իր մեջ մշակել որոշակի պատնեշ բացասական էմոցիաների նկատմամբ:
-Իսկ երեխաների մոտ հիմնականում ի՞նչ հիվանդություններ են լինում:
-Հիմնականում բնածին հիվանդություններ են լինում, այսինքն՝ հղիության ժամանակ ինչ-որ բան ճիշտ չէ գնացել, չի արտահայտվել և սկսում է 4-5 տարեկանից արտահայտվել, չնայած կարող է և հենց նորածնային տարիքում արտահայտվել: Կամ դարձյալ սթրեսը կարող է լինել հիվանդության առաջացման պատճառ, որովհետև երեխաներն էլ են սթրեսի ենթարվում: Օրինակ՝ ունեցել ենք դեպք, որ ծնողի կարոտից երեխայի մոտ հիվանդություն է առաջացել:
-Տիկին Ասլանյան, քաղցկեղի դեպքում առկա՞ է ժառանգական գործոնը:
- Կան քաղցկեղի որոշ տեսակներ, որոնք կարող են փոխանցվել ծնողից երեխային, օրինակ՝ կրծքագեղձի կամ կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղը կամ աղիքների քաղցկեղը:
-Իսկ կա՞ն ոչ քաղցկեղային հիվանդություններ, որոնք պատշաճ չբուժելու կամ ժամանակին չբուժելու դեպքում դառնան քաղցկեղ:
-Կան որոշակի հիվանդություններ, որոնք վերածվում են քաղցկեղի, օրինակ՝ արգանդի պարանոցի դեպքում, հիվանդը կարող է ունենալ արգանդի պարանոցի էրոզիա, որին կարող է միանալ որևէ ինֆեկցիա, և այդ էրոզիան խորանա, չբուժելու դեպքում վերածվի քաղցկեղի, այս պատճառով գոնե վեց ամիսը մեկ յուրաքանչյուր ծննդաբերած կին, նաև՝ չծննդաբերած, սակայն սեռական կյանքով ապրող կին պետք է գնա գինեկոլոգի մոտ՝ զննման նպատակով:
-Եթե ճիշտ հասկացա՝ քաղցկեղը լինում է բնածին և ձեռքբերովի:
-Այո:
-Բացի հիվանդություններից, որ կարող են առաջանալ, որևէ այլ պատճառով, օրինակ՝ հարված և այլն, հնարավո՞ր է քաղցկեղ առաջանալ:
-Իհարկե, ոսկրային համակարգի հիվանդությունները, փափուկ հյուսվածքների գոյացությունները կարող են հարվածի հետևանքով լինել, նաև պարտադիր չէ, որ հարվածի հետևանքով լինի, սակայն, հնարավոր է, որ հարվածը պատճառ լինի, որ հիվանդությունն արթնանա:
-Բժշկուհի, խոսենք Ձեր պացիենտների մասին. ճի՞շտ է, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ բնավորությամբ փոխվում են:
-Բնականաբար, բուժումներն իրենց վրա ազդում են, բնավորությունը փոխվում է, ավելի նյարդային են դառնում, ինքնամփոփ, իհարկե, դա կախված է նաև մարդու տեսակից: Օրինակ՝ կան մարդիկ, որ գալիս են, գիտակցաբար իրենց բուժումները ստանում են և շատ առողջ գնում տուն: Կան մարդիկ, որոնք չեն հավատում բուժման բարենպաստ ելքին, ընկճվում են, դառնում ինքնամփոփ, այս տեսակի մարդկանց հետ շատ դժվար է աշխատել:
-Այսինքն՝ ներքին տրամադրվածությունն այդքան մեծ նշանակությու՞ն ունի:
-Ես միշտ ասում եմ հիվանդներին՝ առաջին հերթին դու՛ք եք ձեզ օգնելու, եթե դուք մտածեցիք, որ չեք բուժվելու, ուրեմն՝ չեք բուժվի, եթե հավատացիք, որ բուժվելու եք, ուրեմն՝ կբուժվեք:
-Իսկ կա՞ն դեպքեր, երբ պացիենտները չեն հասկանում, թե ինչի համար են եկել, կարծում են, թե սովորական բուժում է:
-Սովորաբար, երբ այս դուռը բացվում է, մինչև հիվանդի ներս մտնելը հարազատներն ասում են՝ ոչ մի բան չգիտի: Ես ասում եմ՝ գիտեմ, որ ինքը ոչ մի բան չգիտի, բայց հիվնդների մի մասը շատ էլ լավ իմանում է ամեն ինչ, ուղղակի խնայում են հարազատներին կան չեն ուզում հավատալ:
Կան մարդիկ, որ իրոք չեն հասկանում՝ ինչ է իրենց հետ կատարվում, և նման մարդկանց հետ մեզ ավելի հեշտ է աշխատել: Բայց կան նաև մարդիկ, որ բազմաթիվ հարցեր են տալիս, համացանցում փորփրում են, տեղեկություններ գտնում, այնքան հարցեր ուղղում, որ արդեն քեզ խանգարում են, որովհետև երբեմն նաև սխալ բաներ են կարդում:
-Տիկին Ասլանյան, ու՞մ մոտ է առաջանում կարցերոֆոբիա:
-Ես միշտ հիվանդներին ասում եմ՝ մենք երբեք չգիտենք, թե վաղը մեզ հետ ինչ կարող է պատահել, սրանից ոչ մեկն ապահովագրված չէ, կարող է լիովին առողջ մարդու մոտ հայտնաբերվել այսպիսի հիվանդություն: Ավելի հաճախ այս հիվանդության նկատմամբ վախ առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր կամ շատ լավ են տեղեկացված հիվանդության մասին, կամ հակառակը՝ շատ թերի գիտելիքներ ունեն:
-Բժշկուհի՛, աշխատանքում ամենաբարդն ի՞նչն է Ձեզ համար:
-Աշխատանքն ամեն ինչով է բարդ, դու պետք է ճիշտ հետազոտես հիվանդին, նրա ուղեկցող հիվանդություններն իմանաս, որ հանկարծ սխալ դեղորայք չնշանակես, չվնասես դրանով մյուս օրգան համակարգերին, երբ մի արտառոց բան նկատեցիր, պիտի անպայման ուղղորդես հետազոտման համապատասխան մասնագետի մոտ…
Հիվանդների հետ շփումը, բնականաբար, դժվար է, որովհետև իրենց մեծ մասը չի հասկանում՝ ինչ է իրենց հետ կատարվում, որովհետև երբ բուժման կողմնակի բարդություններն ի հայտ են գալիս, պացիենտը կարող է հիասթափվել կամ կարող է քեզ չլսել, ինչ-որ մի բան ուտել, որը կգրգռի ստամոքս-աղիքային տրակտը, և բացասական էֆեկտները կխորանան… Բժշկության մեջ չկա մի ոլորտ, որն ուշադրություն չպահանջի, դու անընդհատ պետք է ինքնազարգացմամբ զբաղվես, անընդհատ կարդաս, ուշադիր լինես յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ:
-Իսկ Ձեր կենտրոնում համապատասխան բոլոր բժիշկներն աշխատու՞մ են, համագործակցու՞մ եք:
-Մեզ մոտ հիմնականում բոլոր մասնագետներն էլ աշխատում են՝ վիրաբույժներ, սրտաբան, անոթաբան, նյարդաբան… Երբ որևէ խնդիր է լինում, հիվանդին չենք ուղարկում ուրիշ հիվանդանոց, համարյա բոլոր մասնագետներն էլ մեզ մոտ կան, հոգեբան էլ ունենք:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Խորհուրդ կտամ գոնե տարին երկու անգամ հետազոտվել: Խնդիր առաջանալու դեպթում պետք չէ հիասթափվել, վախենալ, մտածել, թե դա լուծվող խնդիր չէ, ուղղակի պետք է ժամանակին դիմել համապատասխան մասնագետի: Մարդ պետք է իր օրգանիզմի նկատմամբ ուշադիր լինի:
ԱՐԳԻՇՏԻ ԱՐՈՅԱՆ
Այսօր ունենք անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ
Վերջին տարիներին անոթային հիվանդությունների թիվը գնալով ավելացել է, եւ սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: Մեր բժիշկների ջանքերի շնորհիվ անոթային վիրաբուժությունը, որը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, Հայաստանում զարգացում է ապրել, մոտեցել միջազգային մակարդակի:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար ԱՐԳԻՇՏԻ ԱՐՈՅԱՆՆ է, ով ունի ոչ միայն մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլեւ արժանի է իսկական բժիշկ կոչվելուն ու բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել: Առողջապահության համակարգում անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար նա միշտ գնահատվել է եւ գնահատվելու է հանրության կողմից, բայց նրա համար պարգեւներից լավագույնը ապաքինված, երջանկացած հիվանդի շնորհակալությունն է:
-Պարո՛ն Արոյան, 44-օրյա պատերազմի ընթացքում ինչի՞ ականատես եղաք:
-Այդ դաժան իրականության մեջ իրականում բավականին մեծ սեր կար, քանի որ մեզ շրջապատող ամեն ոք իր տեսակով յուրօրինակ էր: Անկեղծ կլինեմ՝ ասելով, որ շրջապատված էինք լավագույն մարդկանցով, ում նկարագրելու համար բառերը չեն բավականացնի: Այդ օրերին վիրավորներին, բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին անբացատրելի համախմբվածությունն ու ներքին ուժն էր պատել: Ես պատերազմի 9-րդ օրվանից այնտեղ էի, նախապես 5 օր էլ եղել էինք Արցախում՝ այլ մեկուսացված վայրում: Պետք է արձանագրենք, որ մեր ազգը ենթարկվել է ցեղասպանության, ու, նույնիսկ, եթե պարտություն ենք կրել, մեծ դասեր ենք քաղել դրանից ու հասկացել, թե ինչպես պետք է հաղթանակը պահպանել: Մենք պետք է հպարտանանք մեր զինվորների գործած սխրանքներով: Այս պատերազմը ցույց տվեց, որ թերացել ենք կազմակերպվածության առումով, բայց ես նաեւ վստահ եմ, որ մեր ուժերը շատ արագ վերականգնելու ենք ռեւանշի գնալու, կորցրածը ետ բերելու ակնկալիքով:
-Բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ եւ ռիսկային քայլ է: Ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:
-Այս հարցում նշանակություն է ունեցել նաեւ ծնողներիս ցանկությունը: Հայրիկս ինձ հորդորում էր ընտրել հեպատոլոգի, մայրիկս` գինեկոլոգի մասնագիտությունը, երկուսին էլ առանձին ասել եմ, որ իրենց ցանկությամբ կլինի, բայց ես հակված եմ ընտրելու թոքային կամ անոթային վիրաբուժությունը: Եվ, ի վերջո, ընտրեցի վերջինը:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իմ մասնագիտացման ճանապարհին ես բավականին ուսուցիչներ եմ ունեցել, որոնց փոխանցածն ինձ ահռելի մեծ է ու նվիրական: Ամեն շրջան ունեցել է իր ուսուցիչը, ով իմ կյանքում շրջադարձային դերակատարում է ունեցել: Առաջին ուսուցիչս եղել է Արա Ֆիլիպի Ավետիսյանը, ում հետ մինչ օրս լավ հարաբերություններ ունեմ, իսկ երկրորդը, ով ինձ մեծ փորձ է փոխանցել, ավստրալահայ բժիշկ Րաֆֆի Կասաբյանն է: Թող տարօրինակ չհնչի, եթե ասեմ, որ պատերազմի ընթացքում թոքային վիրաբույժներ Շահեն Դանիելյանից, Արմեն Խանոյանից, վնասվածքաբաններ Նորիկ Զախարյանից, Ատոմ Տեր-Գրիգորյանից ահռելի հմտություններ եւ ներուժ, փորձ ձեռք բերեցի, որը, երեւի թե, ինձ բավական կլինի իմ ամբողջ հետագա մասնագիտական գործունեության ընթացքում, եւ, թող մեծամիտ չհնչի, ինձ թույլ կտա տարբերվել մնացած մասնագետներից:
-Կվերհիշե՞ք ձեր առաջին պացինետին եւ առաջին վիրահատությունը:
-Անկեղծորեն նշեմ, որ շատ մտահոգված էի այդ վիրահատության ելքով, քանի որ դա մեծ պատասխանատվություն է, որն առաջին անգամ էի վերցրել ուսերիս: Ավելի շատ մտածում էի, թե հայրիկիս ինչ եմ ասելու, քանի որ նա դեմ էր իմ՝ անոթային վիրաբույժ դառնալուն: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ես հիվանդին բավականին վառ եմ հիշում, ու մինչ օրս մենք շատ լավ հարաբերություններ ունենք:
-Երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմել մեր առողջապահական համակարգի ապագայի մասին:
-Ուրախությամբ նշեմ, որ այսօր բավականին լավ երիտասարդ կադրեր ունենք, ովքեր հիմնականում արեւմտյան սկզբունքներ են դավանում, որոնք հիմնված են հետազոտությունների, վիճակագրական տվյալների վրա, եւ շատ կարեւորվում է ճիշտ սպասարկումը:
-Ձեր երեխաներին կուղորդե՞ք Ձեր ուղիով:
-Երբ վիրահատարանում ծանր պահեր են լինում, բուժքույրերը լավ գիտեն, որ ես կատակով ասում եմ. «Հայրիկս ինձ, երեւի թե, շատ չէր սիրում, որ ուղղորդեց դեպի բժշկությունը»: Բայց արդյունքում, երբ արդեն վայելում ես քո հաջողությունների եւ փառքի բաժինը, քեզ այլ զգացում է պատում: Իրականում իմ ընտանիքի անդամներն են շատ տուժում, քանի որ գրաֆիկս բավականին ծանրաբեռնված է, եւ երեխաներիս հետ շատ քիչ եմ շփվում: Բայց, փառք Աստծո, շատ ուրախ եմ, որ կողքիս ունեմ գիտակից կին, լավ ընկեր, ով հոգեբան է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում, լավ գիտի իմ աշխատանքի ուժը ու երեխաների հետ միշտ հպարտանում է իմ հաջողություններով: Ընդհանրապես կարեւոր չէ, թե ինչ մասնագիտություն ես ընտրել, կարեւորը մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ լինելը, այն շատ սիրելն է:
-Անոթային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Իմ կարծիքով, ուրբանիզացիայի հետեւանքով վարիկոզ հիվանդությունը ավելի շատ է հանդիպում մեր պրակտիկայում: Բանն այն է, որ այսօր շատ են նստակյաց, քիչ շարժունակություն պարունակող աշխատանքները, որոնք գտնվում են ռիսկի խմբում, դրան գումարվում են ծանր քաշը, կյանքի միջին տեւողության երկարելը, որոնց արդյունքում ի հայտ են գալիս զարկերակային հիվանդություններ: Եթե նախկինում գլխի կաթվածի կամ սրտի ինֆարկտի պատճառով մահացության թիվը բարձր էր, ապա այսօր արդի բժշկությունը թույլ է տալիս կրճատել մահացության թիվը, եւ երկարակեցության արդյունքում պերիֆերիկ զարկերակները սկսում են ախտահարվել:
-Ելնելով Ձեր մասնագիտական փորձից՝ կարո՞ղ եք ասել, որ Հայաստանում ձեւավորվել է բժշկին դիմելու մշակույթ:
-Ես մինչ օրս այդ առումով որեւէ խնդիր չեմ ունեցել. կոնկրետ ինձ դիմելու մշակույթը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Միգուցե դա իմ նվիրվածության հաշվի՞ն է ձեւավորվել: Ես կարող եմ նաեւ համեմատական անցկացնել Եվրոպայից ժամանած եւ հայաստանյան հիվանդների միջեւ ու հպարտությամբ նշել, որ ես իմ հայաստանցիներին շատ եմ սիրում. նրանց մոտեցումը այլ է, նրանք մեծ հարգանք են տածում իրենց բժշկի նկատմամբ, նրանց կորցնելու, այսպես ասած, վախ ունեն:
-Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք ազգաբնակչությանը անոթային հիվանդությունների կանխարգելման, իսկ առկայության դեպքում՝ բուժման ճիշտ մոտեցում ցուցաբերելու հարցում:
- Նախկինում իրավիճակը միանգամայն այլ էր. չկար համակարգված հայեցակարգ, իսկ տիրող պահպանողականությունը զգալի խոչընդոտ էր Հայաստանում նորարարական միջամտական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին: Այսօր, բարեբախտաբար, իրավիճակն այլ է. ունենք անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ: Ցուցաբերվում է որոշակի (հնարավորության սահմաններում) պետական աջակցություն թե՛ սոցիալական որոշ խմբերին պատկանող հիվանդներին, թե՛ վերջիններիս մասնագիտական օգնություն ցուցաբերող բուժհիմնարկներին: Երկրում բարեհաջող զարգացումների պարագայում հնարավոր կլինի էական դրական տեղաշարժ արձանագրել մեր քննարկման առարկա հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում: Դրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ բնակչության շրջանում վերացել է նախկինում արմատացած սարսափն ու վախը ճակատագրական հիվանդությունների հանդեպ: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը առողջ լինելու համար:
-Որպես վերջաբան կոչ եմ անում մեր հայրենակիցներին. «Սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգեւը՝ կյանքը»:
Մելինե Գևորգի Նավասարդյան
Հաճախ են հարցեր ուղղվում բժիշկ-սոնոգրաֆիստներին, որոնք բազմազան են և հիմնականում վերաբերում են կրծքագեղձի և վահանաձև գեղձի ՈՒՁՀ֊ին։
Այսպես, առավել հաճախ տրվող հարցերից է, թե դաշտանային ցիկլի ո՞ր օրն է առավել նպատակահարմար կատարել մամոլոգիական և գինեկոլոգիական ՈւՁՀ:
Հիմնականում կրծքագեղձի հետազոտման համար նպատակահարմար է դաշտանային ցիկլի առաջին օրից հաշված 5-10-րդ օրերը, իսկ գինեկոլոգիական հետզոտության համար՝ ցիկլի առաջին օրից հաշված 5-րդ օրը:
Հաջորդ հարցը վերաբերում է կրծքագեղձի և վահանաձև գեղձի ՈւՁՀ֊ին, թե որքան հաճախ կարելի է այն կատարել։
Ընդունված է պրոֆիլակտիկ նպատակներով կատարել տարին մեկ անգամ, իսկ խնդրի առկայության դեպքում պետք է կատարել դինամիկ հսկողություն՝ յուրաքանչյուր դեպքի համար ցուցաբերելով ինդիվիդուալ մոտեցում:
Հաճախ տրվող հարցերից մեկն էլ հետևյալն է՝ արդյոք կա՞ վահանաձև գեղձի հետազոտության տարիքային սահմանափակում։
Նշենք, որ հետազոտության համար տարիքային սահմանափակում գոյություն չունի, կարող են հետազոտվել ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները: Հավելենք, որ ՈւՁՀ-ը ցուցված է նաև հղիներին, քանի որ այն անվնաս հետազոտության մեթոդ է, ճառագայթային չէ:
Այսպիսով՝ դուք արդեն տեղեկացված եք, մնում է որոշել միայն հետազոտության օրն ու ժամը, 091 000-662 հեռախոսահամարով զանգահարել փորձառու և իր աշխատանքի յուրաքանչյուր մանրուքում անգամ բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորող ճառագայթաբան, սոնոգրաֆիստ Մելինե Գևորգի Նավասարդյանին և նախապես գրանցվել: