Lusine
Халатян Татев Илюшаевна
Оториноларинголог (ЛОР)
Образование
2006 – 2011 Ереванский Государственный медицинский университет имени Мхитара Гераци
2011 – 2013 Магистратура в Ереванском Государственном медицинском университете имени Мхитара Гераци
2013 – 2016 Ординатура в Ереванском Государственном медицинском университете имени Мхитара Гераци
Курсы по повышению квалификации
Апрель, 2016 – XIX Съезд оториноларингологов России в Казани
2016 – переподготовка по направлению оториноларингологии в Государственной больнице №17
2017 – курс пластической хирургии лица и тела на конгрессе Астон Бэйкер, в США, Нью-Йорке
2017 – курсы пластической хирургии лица в клинике «Джакомо», в Нью-Йорке, США
Опыт работы
С 2016 года по сей день – оториноларинголог во 2ом медицинском учреждений
Լուսինե Լևոնի Հակոբյան
Յուրաքանչյուր ճառագայթաբան պետք է լինի նաեւ լավ հոգեբան
Ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավական է. Նման ձեւաչափերը ոչ միայն բարձրացնում են մեր ազգաբնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն առողջական խնդիրների վերաբերյալ, այլեւ հուշում, թե նկարագրված առողջական խնդիրների ժամանակ ինչպես գրագետ վարվել ախտորոշման եւ բուժման հարցերի դեպքում, ինչպես չվատնել թանկարժեք ժամանակը թե՛ ինքնաբուժության, թե՛ ներկայում շատ տարածված «ինտերնետային» ինքնախտորոշման եւ բուժումների վրա: Մեր օրերում ուռուցքային հիվանդությունները դարձել են բավականին լուրջ խնդիր, քանի որ տարեցտարի քաղցկեղն ավելի է «երիտասարդանում»: Կանանց շրջանում շատ մեծ տեղ է գրավում հատկապես կրծքագեղձի քաղցկեղը: Անկախ նրանից, թե որքան շատ աշխատանք է կատարվում այս խնդրի կանխարգելման եւ բուժման համար, միեւնույն է, ոչ բոլոր կանայք են պատշաճ ուշադրություն դարձնում այդ խնդրին: Ախտորոշումից հետո շատերն են ընկնում ցայտնոտի մեջ: Չգիտեն` ում դիմել, ինչպես բուժվել: Դա հոգեբանական վիճակ է, որը պետք է հնարավորինս արագ հաղթահարել ու սկսել բուժումը: Երբ ժամանակին եւ տեղին կատարվում են ճշգրիտ ախտորոշումներ, ապա կարող ենք համարել, որ բուժման առաջին եւ կարեւոր քայլն արդեն արված է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ հետբուհական և շարունակական ուսուցման Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման բաժանմունքի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամոգրաֆիկ ծառայության ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Կայացած, ինքնաբավ ու անկախ կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ունենալ նաեւ ընտանիքից դուրս սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները:
Մեր զրուցակիցն այդ կանանցից մեկն է, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրեց բժշկի` ճառագայթաբանի մասնագիտությունը:
-Տիկի´ն Հակոբյան, ինչպե՞ս ընտրեցիք ճառագայթաբանի մասնագիտությունը, որո՞նք էին բժշկության այս ճյուղն ընտրելու շարժառիթները:
-Բժշկական համալսարանում ուսանելու տարիներին ճառագայթաբանությունը, որպես համալիր մասնագիտություն, դեռ ձեւավորված չէր: Հայաստանում ունեինք զարգացած ռենտգենաբանություն եւ նոր էին մուտք գործում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) եւ համակարգչային շերտագրումը (ՀՇ) որպես ախտորոշիչ մեթոդներ: Ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց հետազոտման այս մեթոդների կիրառումը, եւ ես ընտրեցի հենց ճառագայթաբանի մասնագիտությունը` դառնալով Հայաստանում զարգացող այս ճյուղի առաջին շրջանավարտներից մեկը: Իմ աշխատանքային գործունեության մեջ եւս մեկ որոշիչ նշանակություն ունեցավ այդ տարիներին մամոգրաֆիայի ներդրումը Հայաստանում, եւ ես, ընտրվելով, անցա աշխատանքի նորաբաց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում: Իսկ ներկայումս աշխատում եմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում որպես համակարգչային շերտագրման բաժանմունքի վարիչ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես մամոգրաֆիկ ծառայության ղեկավար:
- Բժշկուհի, ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման առաջին գրավականն է համարվում: Կցանկանայինք խոսեք, թե ախտորոշման ինչ նորագույն մեթոդներ են կիառվում Ձեր բաժանմունքում, դրանք մեկը մյուսին լրացնո՞ւմ են, թե՞ փոխարինում: Ծառայությունների ի՞նչ շրջանակ եք ներկայացնում:
-Բնականաբար ճշգրիտ ախտորոշումից է կախված պացիենտի եւ հիվանդության ճիշտ վարումը, ուստի շատ եմ կարեւորում բժշկական հաստատության հագեցվածությունը նորագույն ախտորոշիչ սարքավորումներով եւ, իհարկե, դրանց ճիշտ օգտագործումը որակավորված մասնագետի կոմից: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մամոգրաֆիկ ծառայությունը գործում է 2014թ.-ից, իսկ վերջերս՝ 2018 թ.-ին, բացվեց մամոլոգիայի բաժանմունքը, որը մեզ թույլ է տալիս ոչ միայն ախտորոշել, այլեւ իրականացնել պատշաճ բուժօգնություն ժամանակակից մեթոդներով: Բաժանմունքում կիրառվում են վերջին սերնդի թվային «Hologic Selenia Dimensions», «Digital mammography system» մամոգրաֆը եւ «Simens» ՈւՁ սարքը, որոնց միջոցով կատարվում է կրծքագեղձի Ռ-մամոգրաֆիկ եւ ուլտրաձայնային հետազոտություններ: Կատարվում են նաեւ տարբեր տիպի բիոպսիաներ, ասեղային ուղեցույցային բիոպսիաներ մամոգրաֆիայի եւ ՈՒՁ հետազոտության ուղեկցությամբ: Հետազոտման յուրաքանչյուր մեթոդ ունի իր առավելությունները, ուստի դրանց համատեղ կիրառումը բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունը:
-Ի՞նչ կարծիքի եք` որոշակի տեխնիկական բացը լրացվո՞ւմ է մասնագիտական բարձր որակի միջոցով:
-Որոշ դեպքերում մասնագիտական բարձր որակավորումը թույլ է տալիս լրացնել տեխնիկական որոշակի բացեր, սակայն չի կարելի անտեսել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները: Ճշգրիտ ախտորոշման հասնելու համար ես կարեւորում եմ ժամանակակից ախտորոշման սարքավորումների եւ բարձր մասնագիտական գիտելիքների համատեղումը: Թե´ մեկի եւ թե´ մյուսի թերացումը կարող է բերել ճակատագրական բացթողումների:
-Ըստ Ձեզ, կանխարգելիչ բժշկությունն աճ գրանցու՞մ է մեր երկրում: Ինչպիսի՞ն է «Էրեբունի» բժշկակական կենտրոնի ներդրումն այս գործում:
-Իհարկե մեր երկրում վերջին տարիներին մեծ նշանակություն է տրվում բուժօգնության առաջնային օղակին, թեեւ դեռ շատ անելիքներ ունենք: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, ինչն էլ արդյունավետ բուժման ամենակարեւոր գրավականներից է: Պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օրեր, ինչպես «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այնպես էլ «Տավուշ» բժշկական կենտրոնում: Հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, եւ մենք նախորդ հոկտեմբեր ամսին կատարեցինք բազմաթիվ անվճար հետազոտություններ:
-Ո՞ր հիվանդություններն այսօր մեծ տարածում ունեն: Ձեր աշխատանքային բազմամյա փորձի ընթացքում նկատու՞մ եք արդյոք հիվանդացությունների աճ կամ նվազում:
-Մեզ մոտ` Հայաստանում, բավականին մեծ տարածում ունեն կրծքագեղձի բարորակ հիվանդությունները, առավելապես` մաստոպաթիաների տարբեր տիպերը: Բարորակ գոյացություններից հաճախ հանդիպում են ֆիբրոադենաները, ադենոմաները, պապիլոմաները, լիպոմաները: Սակայն ցավով կարող եմ նշել, որ Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության աճ եւ երիտասարդացում: Ճիշտ է, դրանք ուղղակիորեն կարելի է կապել ախտորոշիչ մեթոդների զարգացման հետ, չնայած որոշիչը այս պարագայում ռիսկի գործոններն են:
-Հայ կանայք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ: Ո՞ր խնդիրներն են ամենից շատ տարածված կանանց շրջանում:
-Եթե նախկինում կանանց մեծ մասը դիմում էր բժշկի հիվանդության վերջին փուլերում` անտեսելով սեփական առողջությունը, ապա ներկայումս վիճակը որոշակիորեն փոխվել է, հայ կանանց ուշադրությունը դեպի սեփական առողջությունը` մեծացել: Աճել են տարեկան սքրինինգային հետազոտությունների թիվը եւ կանանց դիմելիությունը առաջին իսկ գանգատների դեպքում:
- Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ չարորակ ուռուցք հայտնաբերելուց հետո հայտնում եք նրան իր հիվանդության մասին։ Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է խոսել հիվանդի հետ դրա մասին:
-Մեծամասնությամբ հենց մեր` ճառագայթաբաններիս առջեւ է դրվում հիվանդության առկայության դեպքում դրա մասին պացիենտին հայտնելու պարտականությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի իր առողջության մասին եւ հիվանդություն ունենալու դեպքում, իհարկե, իրավունք ունի իմանալ դրա մասին: Այստեղ ծագում է ուրիշ այլ խնդիր, թե ինչ կերպ է հիվանդին մատուցվում այդ ինֆորմացիան: Բժիշկը պարտավոր է ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ` հաշվի առնելով նրա հոգեբանական վիճակը եւ անձնային առանձնհատկությունները, ուստի, իմ կարծիքով, յուրաքանչյուր ճառագայթաբան պետք է լինի նաեւ լավ հոգեբան:
- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել եւ մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:
-Իրականում լավ բժիշկներ շատ կան, բայց քչերին է հաջողվում ճիշտ մատուցել իրենց գիտելիքները եւ սիրվել աշակերտների կողմից: Բարեբախտաբար, իմ մասնագիտական զարգացման տարիներին այդպիսիք շատ են եղել: Կուզենայի առանձնացնել դոցենտ Մ.Ս. Իսահակյանին, Ա.Կ. Ղազարյանին, Գ.Գ. Աղաբեկյանին, Ռ.Հ. Խոնդկարյանին, էն Արչերին եւ շատ ուրիշներին թե´ հայաստանյան եւ թե´ արտերկրի բժիշկ-դասախոսներից:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։
-Ինձ համար ամենակարեւորը, թերեւս, սիրված եւ գնահատված լինելն է իմ հիվանդների կողմից: Մեծ ձեռքբերում եմ համարում նաեւ այն, որ հնարավորություն ունեմ որպես ԵՊԲՀ դասախոս իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել ուսանողներին եւ երիտասարդ բժիշկներին:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքները մեր ընթերցողներին։
-Պետք չէ վախենալ բժշկի դիմելուց: Որքան էլ զբաղված լինեք, ժամանակ գտեք ձեր առողջության համար, այցելեք տարեկան ստուգումների` անկախ գանգատներից, իսկ գանգատներ ունենալուն պես մի´ հետաձգեք բժշկին այցելությունը: Հիշեք, որ նույնիսկ հիվանդություն ունենալու պարագայում դրա վաղ ախտորոշումը մի քանի անգամ մեծացնում է բարեհաջող ելքի` հիվանդության բուժման հավանականությունը:
Լիլիթ Ալբերտի Ոսկանյան
Գլաուկոման այսօր բուժելի հիվանդություն է
Աչքը երկնքի եւ ծովերի անսահմանությունների համեմատական հանրագումարն է ամփոփում իր մեջ, ընձեռում հնարավորությունների մի ողջ համակարգ, որտեղ թափանցելը անհնարինության աստիճանի դժվարամատույց է ու «պարսպավոր», բայց տվյալ դեպքում` հաճելի, քանզի խոսքը «Լույս երանելիի» մասին է: Տեսողության վատթարացման դեպքում փոխվում է նաեւ մարդու կենսակերպը, կյանքի որակը: Այսօր Հայաստանում ակնաբուժությունը, շնորհիվ Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, գտնվում է բարձր մակարդակի վրա: Բուժհաստատությունում գործող գլաուկոմայի բաժանմունքում մեծ հաջողությամբ կիրառվում է ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ:
Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Եվ տեսողական նյարդի` որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է: Իսկ շունտավորումը իդեալական միջամտություն է եւ ոչ մի բարդություն չի առաջացնում. Բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ, բժշկուհի, ում երկարատեւ, անմնացորդ աշխատանքը, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած ավանդը մշտապես բարձր է գնահատվել եւ այսօր էլ գնահատվում է հանրության կողմից:
-Տիկի´ն Ոսկանյան, ամեն ոք չի կարող բժիշկ դառնալ. դա լուրջ ու առաքինի մասնագիտություն է, եւ ոչ բոլորին է հաջողվում լավագույնը լինել իր ոլորտում: Ինչպե՞ս եւ ե՞րբ գնացիք այդ պատասխանատու քայլին, որո՞նք էին բժշկության այս ճյուղն ընտրելու շարժառիթները:
-Անկեղծորեն ասեմ, որ սկզբում մտադրված էի զբաղվել միջազգային հարաբերություններով եւ որոշել էի ուսանել Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում: Բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար որոշմանս ուղղվածությունը փոխվեց: Չնայած մայրս ցանկանում էր, որ ես բժիշկ դառնամ, սակայն ես դեռ վերջնական որոշում չէի կայացրել: Իսկ երբ սովորում էի բարձր դասարանում, հերթական բուժզննում անցնելու համար գնացել էինք մի բուժհաստատություն: Մեզ զննող բժշկուհին բավականին հաճելի կին էր` համակրելի կեցվածքով եւ բարձր գիտելիքներով, եւ հենց այդ պահից սկսած` ավելի մեծացավ հետաքրքրությունս բժշկության նկատմամբ, ու կայացրեցի բժշկուհի դառնալու վերջնական որոշում, որը նաև ծնողներիս սրտով էր: Եվ այսօր բացարձակ չեմ փոշմանել իմ մասնագիտության ընտրության համար, որն ինձ օրեցօր ավելի է գրավում, սերս եւ նվիրումս այդ մասնագիտության հանդեպ մեծանում է ժամ առ ժամ: Իսկ ակնաբուժության ոլորտն ընտրելու հարցում օգնել է իմ ակնաբույժ ավագ ընկերներից մեկը, ով մշտապես պատմում էր ակնաբուժության մասին այնպես, կարծես այն մի հետաքրքիր հեքիաթային աշխարհ լիներ: Երբ արդեն բուհի չորրորդ կուրսում էի ուսանում, սկսեցինք անցնել ակնաբուժություն առարկան, եւ, հենց այդ օրվանից սկսած, ավելի տարվեցի այդ մասնագիտությամբ: Ու ամենահետաքրքրիրն այն էր, որ ինձ ակնաբուժության մեջ դուր եկավ ակնոցների ստուգման գործընթացը, եւ, իմ կարծիքով, ակնոց դուրս գրելը մի այլ մեծ գիտությունն է:
-Կարծես թե ավանդույթ է, որ երեխաները մշտապես ընտրում են ծնողների մասնագիտությունը: Ձեր դեպքում է՞լ է այդպես:
-Մայրս բժշկության հետ առնչություն ուներ, բայց մասնագիտությամբ աշխարհագրագետ է, կլիմատոլոգ, որտեղ միավորվել են երկու տարբեր ճյուղեր: Մայրս աշխատում էր բժշկական միջավայրում, ես էլ հաճախ լինում էի նրա աշխատավայրում եւ, բնական է, շփվում էի բժշիկների հետ, այսպես ասած, մեծանում բժիշկների շրջապատում:
-Բժշկուհի´, այսօր գլաուկոմա հիվանդության բուժման գործընթացում կա՞ն նորարարական, արդիական մոտեցումներ:
-Գլաուկոման, լինելով տեսողական նյարդի հիվանդություն, անընդմեջ գրավում է բժիշկների ուշադրությունը, այդ հիվանդությամբ տառապողների թիվն աճում է թե´ ամբողջ աշխարհում, թե´, հատկապես, Հայաստանում: Աճի պատճառներից մեկը ժամանակին ախտորոշումն է. մարդիկ շուտ են դիմում բժշկի: Լինում են նաեւ դեպքեր, երբ գալիս են արդեն ծայրահեղ բարդացած, բարձիթողի վիճակում գտնվող հիվանդներ: Եվ պետք է մշտապես հետամուտ լինել, որ գլաուկոման շուտ ախտորոշվի ու բուժվի, քանի որ կան վիրահատություններ, որոնք հղի են հետվիրահատական բարդություններով: Երեւի թե ամենամեծ նորամուծությունն ամբողջ աշխարհում ստենտավորումն է, եւ այդ բնագավառում մենք արդեն մոտ 12 տարվա փորձ ունենք ու լավ արդյունքներ ենք արձանագրել: Բայց, միեւնույն է, ստենտի որակը, ձեւը տարեցտարի կատարելագործվում են: Մենք համագործակցում ենք ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ եւ նրանց անմիջապես տեղեկացնում ենք, եթե «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտի հետ կապված որոշակի թերացումներ են նկատվում: Բացասական պատկեր լինելու դեպքում առաջարկում ենք, թե ինչը կարելի է փոխել, ինչ մոտեցումներ ցուցաբերել: Մարդիկ սովորաբար խուսափում են վիրահատական միջամտությունից եւ պատրաստ են գնալ ցանկացած բուժօգնության, բայց ոչ վիրահատության, քանի որ վախենում են հետվիրահատական բարդություններից: Ասեմ, որ ստենտավորման միակ հետվիրահատական բարդությունը այն է, որ ցածր տոկոս կազմող դեպքերում կարող է արդյունք չտալ: Բայց իրականում բարդություն չկա, ի տարբերություն այն վիրահատությունների, որոնք ճնշումը իջեցնում են: Ստենտավորումն այսօր բավականին լավ վիրահատություն է համարվում, եւ ես հպարտ եմ, որ մեր բուժհաստատությունում այն իրականացվում է շատ բարձր մակարդակով: Որպես նորամուծություն կարող եմ նշել այն հանգամանքը, որ մանկաբույժները վաղ հասակում հայտնաբերում են գլաուկոման, իսկ մենք բավականին մեծ քանակությամբ կատարում ենք այն վիրահատական միջամտությունները, որոնք ցուցված են երեխաներին: Վստահ կարող եմ ասել, որ այսօր մեզ մոտ գլաուկոմա հիվանդության բուժման համար կիրառվում են անհրաժեշտ բոլոր հին եւ նոր լավագույն, արդյունավետ մեթոդները:
- Որո՞նք են գլաուկոմա հիվանդության առաջացման դրդապատճառները:
-Գլաուկոման լինում է բնածին, առաջնային եւ երկրորդային տեսակների: Առաջնային գլաուկոման սովորական տարիքային գլաուկոման է, որն ի հայտ է գալիս 50 տարեկանի շեմը հաղթահարածների մոտ, երբ նյութափոխանակությունը խաթարվում է մարդու օրգանիզմում, որին էլ գումարվում է սթրեսը: Դրդապատճառները կարող են շատ տարբեր լինել եւ հանգեցնել նրան, որ մարդու օրգանիզմում գլուխ բարձրացնի գենը, ասենք, շաքարային դիաբետը, արյան ճնշման տատանման հետ կապված խնդիրները, իմունային համակարգի խախտումը, ներակնային հիվանդության առաջացումը… Մարդը պետք է ունենա հատուկ գեն, որը պատասխանատու է գլաուկոմայի զարգացման համար, բայց դա չի նշանակում, որ այն պետք է ժառանգել ծնողներից գենետիկորեն եւ պետք է անպայման նկատվի ծնողներից մեկի մոտ: Իհարկե, առկա է նաեւ ժառանգական գործոնը, որի դեպքում ժառանգի մոտ հիվանդության առկայության հավանականության տոկոսը մեծանում է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ գլաուկոման այսօր անբուժելի հիվանդությունների շարքին չի դասվում, այն բուժելի է: Մի քիչ այլ է պատկերը բնածին գլաուկոմայի դեպքում, որն առաջանում է հղիության ընթացքում որոշ խոչընդոտների պատճառով: Իհարկե, ինչպես ասացի, գենետիկական տրամադրվածությունն առկա է, բայց դրդապատճառ կարող է դառնալ երեխայի ներարգանդային զարգացման ընթացքում աչքի ոչ ճիշտ ձեւավորումը, երբ այն հեղուկի արտահոսքին խոչընդոտ է դառնում: Իսկ երկրորդային գլաուկոման կարող է առաջանալ տարբեր ներակնային հիվանդությունների, օրինակ, շաքարային դիաբետի դեպքում, երբ այն լիարժեք չի բուժվում կամ ենթակա չէ բուժման: Կատարակտան լուրջ հիվանդություն չի համարվում, բայց եթե ժամանակին չբուժես, այն կարող է առաջացնել երկրորդային գլաուկոմա: Կան մարդիկ, ովքեր առանց բժշկի նշանակման եւ հսկողության աչքերի մեջ դեղ են կաթեցնում, որը կարող է առաջացնել գլաուկոմա: Մի շարք այսպիսի ներակնային հիվանդությունների անտեսման կամ ոչ լիարժեք բուժման դեպքում նույնպես կարող է ի հայտ գալ երկրորդային գլաուկոմա: Դրդապատճառներից մեկն էլ ներակնային ճնշման մակարդակն է, ինչպես նկատեցիք, ասացի` մակարդակը, չասացի` մակարդակի բարձրացումը, որովհետեւ, եթե այն բարձր է, անպայման կլինի գլաուկոմա հիվանդությունը, բայց երբեմն նույնիսկ նորմալ ճնշումը տվյալ տեսողական նյարդի համար համարվում է բարձր: Նշեցի ճնշման գործոնը, որովհետեւ այսօր գիտությունն ի վիճակի է ազդել միայն ճնշման թվի փոփոխման վրա, եւ այս պարագայում անչափ կարեւոր է այդ հիվանդությունների վաղ ախտորոշումը, ինչը, բնականաբար, ավելի կմեծացնի ապաքինվելու հավանականությունն ու բուժման արդյունավետությունը: Եվ ես համարում եմ, որ կատարում եմ իմ առաքելությունը` այս ոլորտում ներդնելով գիտական, պրակտիկ եւ մասնագիտական բոլոր հնարավորությունները: Կարեւոր գործոն է նաեւ իրազեկվածության ապահովումը ե՛ւ բժիշկների, ե՛ւ հանրության շրջանում:
- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել եւ մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:
-Իհարկե, առաջին հերթին Ալեքսանդր Սերգեեւիչ Մալայանին, ով ստեղծեց մի մեծ դպրոց, մի դարբնոց, որի ամեն ճյուղն այսօր իր ղեկավարն ունի, եւ բոլորիս ուսուցիչը պարոն Մալայանն է: Բայց պետք է անպայման նշեմ, որ իմ նեղ մասնագիտացման մեջ իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ արտերկրի լավագույն մասնագետները: Նախ նշեմ բաժանմունքի ղեկավար Էլմիրա Երվանդովնային, ով ինձ սովորեցրել է գլաուկոմայի հետ կապված շատ նրբություններ, բայց մասնագիտական վերելքս ապրել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բժիշկ Ռիչարդ Հիլի ղեկավարության ներքո: Իսկ Ռոջեր Օհանիսյանն ավելի շատ նպաստել է իմ ակնաբուժական ընդհանուր գիտելիքների զարգացմանը, որի հիմքը դրել էր Ալեքսանդր Մալայանը:
- Որո՞նք են Ձեր բնավորության թույլ եւ ուժեղ կողմերը:
-Կարծում եմ`ուժեղ մարդ եմ իմ էությամբ, եւ ընդհանրապես կանայք էլ իրականում ուժեղ են: Որպես ուժեղ կողմ կնշեմ պատասխանատվությանս զգացումը իմ ամեն մի քայլի նկատմամբ` անկախ դրա արդյունքից: Երեւի թույլ կողմ կարելի է համարել իմ` անչափ ներողամիտ լինելը. եթե որեւէ մեկն ինձ նեղացրել է, նրա տված բացատրությունը բավարար է եղել, որպեսզի ներեմ նրան:
-Բժշկուհի´, ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ վիրահատությունը:
-Երեւի մի քանի տպավորիչ վիրահատական միջամտություններ եմ ունեցել: Դրանցից են, օրինակ, երեխաների վիրահատությունները: 13-14 տարի առաջ գրեթե տեսողություն չունեցող երեք տարեկան մի երեխայի վիրահատեցի, նա մեր աչքի առաջ մեծացավ եւ այդ վիրահատության շնորհիվ այսօր ակնոցով 100 տոկոսանոց տեսողություն ունի: Շատ լավ հիշում եմ կատարակտա եւ գլաուկոմա հիվանդություններ ունեցող մի կնոջ: Նա արդեն վիրահատական սեղանին պատմեց, որ երազում Աստված իրեն ասել է`գնա Լիլիթ Ոսկանյան անուն ազգանունով ակնաբույժի մոտ, որպեսզի ստանաս անհրաժեշտ բուժօգնությունը: Նրա տղան հետաքրքրվել էր եւ տեղեկացել, որ կա նման անուն ազգանունով ակնաբույժ եւ մորը բերել ինձ մոտ: Մի անգամ էլ շուրջ երկու տասնամյակ ոչինչ չտեսնող 107 տարեկան կնոջ վիրահատեցինք եւ, փառք Աստծո, ստացանք 80 տոկոսանոց արդյունք:
- Գերծանրաբեռնված օրվանից հետո որտե՞ղ եք վերգտնում Ձեր անդորրը:
-Միանշանակ` ընտանիքում, իհարկե, նաեւ ընկերներիս հետ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ ընկերներիս հարցում շատ բախտավոր եմ. ինձ վիճակվել է ունենալ լավագույն հավատարիմ ընկերներ, որոնցից երբեք բացասական լիցքեր չեմ ստացել: Էներգիայի աղբյուր են իմ հիվանդներիս գովասանքի, օրհնանքի խոսքերը: Բոլորիս, բնականաբար, մտահոգում է մարդկանց սոցիալական վիճակը, եւ ես կցանկանամ, որ մեր հիվանդները երբեք կախված չլինեն ֆինանսական վիճակից, քանի որ դա հաճախ հիվանդի եւ բժշկի միջեւ կոնֆլիկտային լարված հարաբերությունների պատճառ է դառնում, եւ հիվանդը չի կարողանում հետագայում հետվիրահատական լիարժեք բուժում ստանալ: Իսկ երբ հիվանդն ունենում է բժշկական ապահովագրություն, ամեն ինչ ավելի հեշտ է լինում` չնայած թղթաբանությունը երկար ժամանակ է խլում:
Շատ կարեւոր է, որ բժիշկներն անպայման իրենց գիտելիքները փոխանցեն ապագա սերնդին, ունենան աշակերտներ, արժանի հետեւորդներ: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես ժամանակին Ալեքսանդր Սերգեեւիչ Մալայանը, լինելով իմ տեսած լավագույն վիրաբույժներից մեկը, իր գիտելիքները փոխանցելուց հետո աստիճանաբար գործառույթները զիջեց մեզ եւ հանձնարարեց յուրաքանչյուրիս մեր գործով զբաղվել:
-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը միշտ ապրի բարեկեցիկ, ավելի ուշադիր լինի իր սեփական առողջության նկատմամբ, դիմի մեզ, որպեսզի կարողանանք ժամանակին բուժօգնություն ցուցաբերել լիարժեք դրական արդյունքի հասնելու համար: Կցանկանամ, որ նոր հեղափոխություն տեսած Հայաստանում գնանք ճիշտ ուղիով, ապրենք որպես հպարտ հայ, ու արդարացվեն մեր սպասելիքները: ԱՄՆ-ի բժիշկները միշտ ասում էին, որ ամեն ստեղծագործող ու արարող միջավայրում մեկ հայ հաստատ կա, հայերը միշտ կարողանում են շենացնել եւ ծաղկեցնել: Կցանկանամ, որ հինգ տարի հետո մենք գոհ լինենք մեր ընտրությամբ եւ մեր ապրած կյանքով: Առողջ եղեք, սիրեք Ձեզ:
Գայանե Գալստյան
Ռադիոլոգիան Հայաստանում զարգանում է բավականին արագ տեմպերով
Այսօր միանշանակ չեն ախտաբանական վիճակների ճառագայթային ախտորոշման արդյունավետության մասին կարծիքները, մշակված չեն հիվանդների ճառագայթային հետազոտման առավել արդյունավետ ախտորոշիչ ալգորիթմներ: Բայց, ամեն դեպքում, ռենտգեն հետազոտությունն այսօր էլ մնում է որպես կարեւոր ախտորոշիչ միջոց հատկապես վնասվածքների եւ մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:
Ռենտգեն հետազոտությունը (ռադիոգրաֆիա) օգտագործում է ճառագայթումը, որպեսզի արտածվեն ներքին օրգանների պատկերները: Մարմնի տարբեր կառուցվածքները (օրինակ՝ ոսկրերը եւ փափուկ հյուսվածքները) ռենտգենյան ճառագայթները կլանում են տարբեր չափով, որն էլ թույլ է տալիս ստանալ ախտորոշման համար պիտանի պատկերներ: Սովորական լույսը թույլ չի տալիս մեզ տեսնել փակ դռների, պատերի կամ մարդկային մարմնի միջով: Դրա համար անհրաժեշտ է բարձր հզորության ճառագայթ, որը կկարողանա թափանցել մարմնի միջով, ինչպիսին ռենտգենն է: Սովորական ռենտգենոգրաֆիայի միջոցով բժիշկը կարող է տեսնել այնպիսի փափուկ հյուսվածքներ, ինչպես, օրինակ, թոքերը, սիրտը, այնպիսի կարծր հյուսվածքներ, ինչպիսիք են՝ ոսկրերը, հոդերը:
Այն օրգանների դիտարկման համար, որոնք հնարավոր չէ տեսնել ռենտգեն ճառագայթներով կամ ռենտգեն կոնտրաստ օրգան չեն, կիրառվում է կոնտրաստ նյութ, ինչի օգնությամբ կոնտրաստավորվում է հետազոտվող օրգանը կամ հյուսվածքը՝ դարձնելով այն տեսանելի: Նման տարբերակով հետազոտվում են մարսողական համակարգը, երիկամները եւ անոթները: Չնայած այն փաստին, որ այժմ առկա են նորագույն տեխնոլոգիաներ, ռենտգեն հետազոտության մեթոդները մնում են առաջատար բազմաթիվ ախտահարումների ախտորոշման ժամանակ, քանի որ ռենտգեն հետազոտությունները կատարվում են ավելի արագ եւ պահանջում են պացիենտի ավելի քիչ նախապատրաստման միջոցառումներ, ինֆորմատիվ են եւ մատչելի: Ռենտգեն հետազոտությունները թույլ են տալիս նախ հայտնաբերել եւ ախտորոշել պաթոլոգիան, հետո որոշել տվյալ փոփոխությունների տեղակայությունը եւ բուժման ընթացքի դինամիկան:
Ռադիոլոգիայի կենտրոնը Երեւանի պետական բժշկական համալսարանի «Ճառագայթային ախտորոշման» ամբիոնի բակալավրերի, մագիստրների եւ կլինիկական օրդինատորների ուսումնական բազան է: Կենտրոնի հիմնադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայ բարեգործական ընդհանուր միությունը` ի դեմս նախագահ Պերճ Սեդրակյանի եւ, իհարկե, մեծ բարերարներ Նազար եւ Արտեմիս Նազարեանների, ովքեր այդ նպատակի համար մեծ նվիրատվություն են կատարել: Ի պատիվ նրանց որդի, ամերիկահայ ճանաչված ռադիոլոգ Լեւոն Նազարեանի, կենտրոնն անվանակոչվել է Լեւոն եւ Քլոտիա Նազարեանների անվամբ: Տարածաշրջանային կարեւորությամբ այս կենտրոնը համալրված է գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել մանրակրկիտ բժշկական հետազոտություններ եւ ապահովել ճշգրիտ ախտորոշում:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, համալսարանական կլինիկաների ճառագայթային անվտանգության պատասխանատու, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի «Լեւոն եւ Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-ռենտգենաբան ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ, բժշկուհի, ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ եւ անկոտրում համբերություն: Իսկ բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկն իր հիվանդի մասին գիտի ավելին, քան նրա շատ հարազատները: Բժշկի համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի գոհունակությունն է, վստահությամբ ու հավատով լի նրա հայացքը, աշակերտների հիացմունքը:
-Տիկի´ն Գալստյան, ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցինք ընտրել ռիսկային մասնագիտական մի ոլորտ, որտեղ պատասխանատվությունը շատ մեծ:
-Դպրոցական տարիներին որոշել էի դառնալ ուսուցչուհի եւ շատ սիրում էի խաղալ տիկնիկներիս հետ, ակնոց էի դնում, նրանց ցուցափայտով նստեցնում, ինչ-որ «գիտելիքներ» տալիս: Իսկ բժշկի մասնագիտության ընտրության հարցում շատ մեծ էր մայրիկիս ավանդը, նա ուղղորդեց ինձ դեպի բժշկությունը, եւ ես գործերս հանձնեցի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան (այն տարիներին ինստիտուտ էր կոչվում), որն ավարտել էր մեծ քույրս, իսկ միջնեկը դեռ սովորում էր: Արդեն առաջին կուրսի երկրորդ կիսամյակում ես վերջնականապես հասկացա, որ հայտնվել եմ այնպիսի բնագավառում եւ միջավայրում, որտեղ պետք է իրականում լինեի: Նեղ մասնագիտացումս ընտրել եմ արդեն ավարտական 6-րդ կուրսում, որն ավարտելուց հետո պարտադիր անցնում էինք ինտերնատուրա: Այդ ընթացքում աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, եւ ինձ շատ գրավեցին հիվանդանոցում իրականացվող սոնոգրաֆիկ հետազոտությունները: Այդ տարիներին բացվեց ճառագայթային ախտորոշման դիագնոստիկ կլինիկական օրդինատուրան, եւ ես միանգամից որոշեցի ու երկու ամիս հետո փաստաթղթերս հանձնեցի օրդինատուրա, դարձա բժիշկ-ռադիոլոգ` ճառագայթային ախտորոշման մասնագետ:
-Բժշկուհի´, Ձեր բաժանմունքում հիմնականում ի՞նչ ծառայություններ են մատուցվում:
- Պետական բժշկական համալսարանում բացվեց ճառագայթային ախտորոշման եւ բուժման կենտրոն, որն անվանվել է «ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի «Լեւոն եւ Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոն»` ի պատիվ Նազար Նազարեանի որդու` ամերիկահայ հայտնի ռադիոլոգ Լեւոն Նազարեանի եւ նրա կնոջ: Ինչպես գիտեք, բաժանմունքը ստեղծվել է նրանց հովանավորությամբ: Մեր բուժհաստատությունում իրականացվում է լայնածավալ գործունեություն, ունենք համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա, դուպլեքս, դոպլեր հետազոտություններ եւ ռենտգեն ծառայություն: Այստեղ նաեւ կրթվում է նոր սերունդը, որն ապագայում պիտի աշխատի եւ ծառայի հայրենիքին: Վստահ եմ, որ մեր կենտրոնը հսկայական դեր կունենա Հայաստանի բժշկության զարգացման բնագավառում: Ես ռենտգեն ծառայության բժիշկ եմ, զբաղվում եմ ռենտգեն հետազոտություններով, որտեղ ինձ զգում եմ ինչպես «իմ ափսեի մեջ»: Ունեմ նաեւ համակարգչային շերտագրության բնագավառում աշխատելու որակավորում:
-Ախտորոշման մեթոդները մեկը մյուսին լրացնո՞ւմ են, թե ոչ:
-Այո´, ախտորոշման մեթոդները մեկը մյուսին լրացնում են, ոչ մեկը չի կարող փոխարինել մյուսին, եւ արդյունքում մենք ստանում ենք վերջնական պատկեր, որն էլ հետագայում օգնում է արդյունավետ եւ լիարժեք բուժմանը:
-Բժշկուհի´, ռենտգեն հետազոտությունը հակացուցումներ ունի՞:
-Ռենտգեն հետազոտությունը իրականում ունի հակացուցումներ, նախեւառաջ` տարիքային խմբերի: Մանկահասակների եւ տարեցների հետազոտությունը կատարվում է պարտադիր բուժող բժշկի համապատասխան ուղեգրի առկայության դեպքոմ: Չմոռանանք, որ տվյալ հետազոտությունն օրգանիզմում առաջացնում է փոփոխություններ, եւ այդ իսկ պատճառով այն հակացուցված է նաեւ հղիներին, որոնք միայն կոտրվածքների կամ կյանքի ցուցումով լուրջ խնդրի դեպքում կարող են ենթարկվել ռենտգեն հետազոտության:
-Բժշկուհի´, ռադիոլոգիան ի՞նչ մակարդակի վրա է գտնվում մեր երկրում:
-Ռադիոլոգիան Հայաստանում համարվում է բավականին երիտասարդ մասնագիտություն, սակայն կարող եմ ասել, որ զարգանում է բավականին արագ տեմպերով, բոլոր բուժհաստատություններն արդեն ձեռք են բերում ժամանակակից եւ ինֆորմատիվ սարքավորումներ: Ունենք շատ լավ կլինիկական օրդինատուրա` լավ մասնագետներով, բավականին բանիմաց եւ խելացի երիտասարդներ կան, ովքեր նպաստում են ռադիոլոգիայի շատ արագ տեմպերով զարգացմանը, ուսանողները վերապատրաստվում են տարբեր բազաներում: Իհարկե, դեռ ունենք որոշակի բացեր, որոնք, հուսանք, շուտով կվերացնենք: Ես դասավանդում եմ կլինիկական օրդինատուրայում, շփվում երիտասարդ սերնդի, հատկապես ռադիոլոգների հետ եւ կարող եմ փաստել, որ նրանք մեծ նվիրումով, ես կասեի` պահանջատիրությամբ են մոտենում իրենց ընտրած ուղուն` մեզ պարտադրելով տեղեկացնել մասնագիտական ամեն մի նրբության մասին: Եվ ինձ շատ է ոգեշնչում այն փաստը, որ մեր երիտասարդները ձգտում են հասնել առավելագույնին: Հուսանք, որ նրանք էլ ավելի կբարելավեն, կլավացնեն մեր բժշկության որակը:
-Չարորակ գոյացությունների պատկերը կարո՞ղ է հստակ ի հայտ գալ ռենտգեն հետազոտությամբ:
-Այնքանով է այն ի հայտ գալիս, որքանով որ թույլ է տալիս ռենտգեն հետազոտության պատկերը: Իհարկե, շատ գոյացություններ հայտնաբերվում են, բայց այսօր արդեն արդիական է առավել ինֆորմատիվ համակարգչային շերտագրությունը, որը նույնպես ռենտգեն հետազոտություն է, ուստի անհրաժեշտության դեպքում կատարվում է նաեւ այդ հետազոտությունը:
-Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:
-Իմ բնավորության ուժեղ կողմ կարող եմ համարել այն, որ չեմ հանձնվում ցանկացած իրավիճակում` կլինի դա անձնական թե գործնական բնույթի: Իսկ թույլ կողմ երեւի կարելի է համարել իմ` չափից ավելի մարդկանց վստահելը, որի արդյունքում երբեմն, այսպես ասած, տանուլ եմ տալիս:
-Օրվա գերլարված աշխատանքային օրվանից հետո որտե՞ղ եք գտնում Ձեր անդորրը:
-Անդորրս գտնում եմ տանը` ամուսնուս եւ տղայիս հետ միասին: Ընդհանրապես ես ինձ համարում եմ երջանիկ կին, ունեմ 15 տարեկան տղա, որին նույնպես պատկերացնում եմ բժշկության ոլորտում: Ի դեպ, հայրական պապիկիս կողմից կային բժիշկներ, որոնք ժամանակին համարվել են հեքիմներ: Մայրս տնտեսագետ էր, հայրս` ճարտարապետ, բայց երեք քույրերով ընտրեցինք բժշկի մասնագիտությունը; Ի դեպ, երկու քույրս էլ ամուսնացել են բժշկի հետ, եւ նրանց երեխաներն էլ ընտրել են ծնողների մասնագիտությունը:
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը: -Նախեւառաջ ասեմ, որ կցանկանամ մեր կլինիկան տեսնել էլ ավելի հագեցած գերժամանակակից սարքավորումներով` լինեն դրանք ախտորոշիչ թե բուժական նպատակներով կիրառելի: Կցանկանամ էլ ավելի ծավալուն, ավելի շատ երիտասարդ կադրերով համալրված տեսնել կլինիկան, կցանկանամ, որ հիվանդ պացիենտների թիվը կրճատվի: Կցանկանամ տեսնել ազատ երկիր, որպեսզի մեր հայությունը երբեք չմտածի արտագաղթելու մասին, լինի երջանիկ, հոգեպես խաղաղ: Կմաղթեմ, առաջին հերթին որպես բժիշկ, առողջություն, համբերություն այսօրվա մեր իրականության մեջ: Թող չհիասթափվեն հայրենիքից, մարդկանցից: Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ ունենալու ենք հարուստ, չկոռումպացված երկիր, չենք ունենալու սոցիալապես ցածր խավ: Միգուցե դա իմ երազանքն է, բայց ասեմ, որ իմ երազանքները սովորաբար իրականանում են: Առողջ եղեք, սիրեք ձեզ: |
Արմեն Ռոբերտի Հարությունյան
Վիրաբույժ (ընդհանուր) |
Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած, ունի 2 դուստր |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
1970 -1980 թթ. Երևանի թիվ 38 Վ. Բելինսկու անվան միջնակարգ դպրոց 1980 -1986 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ |
ԱՇԽԱՏԱՆՔ |
1986 թ. աշխատել է Շտապ օգնության քաղաքային կլինիկական հիվանդանոցում: 1987 թ. աշխատել է որպես Ախուրյանի ԿՇՀ շտապ և անհապաղ օգնության բաժանմունքի վարիչ: 1988 -1991 թթ. աշխատել է Շտապ օգնության կայանում`Լենինականի երկրաշարժի գոտում: 1991-1993 թթ. անցել է կլինիկական օրդինատուրա վիրաբուժության գծով ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԿ երևանյան մասնաճյուղում: 1994 թ. աշխատել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում`որպես բժիշկ-վիրաբույժ: 1997 թ-ից առ այսօր հանդիսանում է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»ի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ: 2015 - մայիս 2018թթ. աշխատել է որպես «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի տնօրեն: |
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ |
1995 թ. վերապատրաստվել է «Լապարասկոպիկ վիրաբուժության ծրագրով» ԱՄՆ-ում` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում`հանդիսանալով Հայաստանում լապարասկոպիկ վիրաբուժության հիմնադիրներից մեկը: 1997 թ. վերապատրաստում է անցել Փարիզի Մոնդորի կլինիկայում: 2001 թ. ստաժավորում է անցել Փարիզի Անրի Վերնե կլինիկայում: 2003 թ. վերապատրաստվել է Գերմանիայում`Համբուրգի բժշկական կենտրոնում: |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ |
Կատարել է ավելի քան 6000 վիրահատություն: Լապարասկոպիկ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի, ինչպես նաև վիրաբույժ-էնդոսկոպիստների ասոցիացիայի անդամ է: Մասնակցել է ավելի քան 30 միջազգային սիմպոզիումների: 45 գիտական աշխատանքների և 13 միջազգային գիտական զեկույցների հեղինակ է Ընտանեկան կարգավիճակ` ամուսնացած, ունի 2 դուստր |
Գայանե Գալստյան
Ճառագայթաբան
ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, <<Հերացի>> թիվ համալսարանական հիվանդանոցի Լևոն և Քլոտիա Նազարյանների անվ. Ռադիոլոգիական կենտրոնի ճառագայթաբան, համալսարանական կլինիկաների ճառագայթային անվտանգության պատասխանատու
1978-1988 - Ք.Երևան, Րաֆֆու անվ. Միջնակարգ դպրոց
1988-1994 - ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, <<բուժական գործ>>մասնագիտություն, գերազանցության դիպլոմ
1994-1995 - ք.Երևան, Առողջապահության ազգային ինստիտուտ, Կլինիկական օրդինատուրա`,,ճառագայթային ախտորոշում ,, մասնագիտությամբ
1997 - ՆԳՆ պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետի բժիշկ
1997 - Երևանի թիվ ,,1,, հիվանդանոցի ռենտգեն բաժանմունքի բժիշկ
1997 - 2008 Թիվ ,, 1 ,,հիվանդանոցի ռենտգեն բաժանմունքի վարիչ
2000 - ՌԴ ,ք. Մոսկվա - Գ.Ն Սպերանսկու անվ մանկական քաղաքային հիվանդանոց`մանկական ահետաձգելի ռենտգենաբանական ախտորոշման ժամանակակից խնդիներ-Կատարելագործում
2003 - Երևան,Առողջապահության ազգային ինստիտուտ`<<Ռենտգեն ախտորոշման արդի հարցերը>> Կատարելագործում
2009 - Երևան, ԱԱԻ`<<ՀՇ ախտորոշման արդի հարցերը` կատարելագործում
2008 - 2009 ԵՊԲՀ համալսարանական թ. 1 հիվանդանոցի ճառագայթային ախտորոշման բաճանմունքի վարիչ
2010 - 2018 ԵՊԲՀ Լևոն և Քլոտիա Նազարյանների անվան ռադիոլոգիական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան
2014 - ԵՊԲՀ, ռաճագայթային ախտորոշման ամբիոն, հետբուհական և շարունակական ուսուցում`<<Ճառագայթային ախտորոշման արդի մեթոդներ>>Կատարելագործում
2014 - Առողջապահության Նախարարության դատաբժշկական փորձագիտական խմբի բժիշկ-փորձագետ
2016 - Հայ Ռադիոլոգների ասոցիացիայի անդամ
2017 - ԱՄՆ, ԼԱ, Կալիֆոռնիա,Սեդար-Սինայ Բժշկական Կենտրոն,ռադիոլոգիայի բաժանմունք
2018 - /մարտ - մայիս/ - <<Համակարգչային շերտագրման ախտորոշման մոտեցումներ>>թեմայով`կատարելագործում
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
2010 - ԵՊԲՀ ռեկտոր պրոֆ. Գ.Պ.Քյալյանի կողմից <<Մխիթար Հերացու անվան արծաթե մեդալով>>`աշխատանքային և մասնագիտական հմտությունների բարձր որակավորում դրսեվորելու համար
2017 - ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆ.Ա. Ա. Մուրադյանի կողմից շնորհվել է Պատվոգիր`աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար
Ruzanna G. Harutyunyan
Ophthalmologist
SpecialityHead of children’s department of “Ophthalmologic Centre after S.Malayan”
Scientific Degree
MD, PhDEducation
Trainings
- Treatment Methods
- Treatment of Diseases
ԴԱՎԻԹ ԱԲՈՎՅԱՆ
Հղիության հավանականությունը շատ անհատական է յուրաքանչյուրի համար
Հղիությունը կնոջ կյանքում համարվում է նորմալ ֆիզիոլոգիական վիճակ, սակայն բժշկական տեսանկյունից այն դիտվում է որպես սահմանային դրություն, քանի որ այդ շրջանում կարող են «վերակենդանանալ» մինչ հղիությունն ընկած ժամանակահատվածում կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունն ընթանում է հարթ, միեւնույն է, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային եւ ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք, բնականաբար, կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք էմոցիոնալ հոգեվիճակներ: Չափից ավելի հետազոտությունները սովորաբար խրախուսելի չեն. շեղում են բժշկի ուշադրությունը, եւ բժիշկները հաճախ առաջնորդվում են, այսպես ասած, «արձանագրային ալգորիթմներով»: Իսկ ընդհանրապես մանկաբարձությունը համարվում է ոսկե հավասարակշռության գիտություն, քանի որ կշեռքի նժարի վրա դրված է երկու մարդու կյանք՝ մոր եւ երեխայի: Կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը մանկաբարձության մեջ համարվում է մայրական տրավմա, եւ այդ իսկ պատճառով զարգացած երկրներում փորձում են նվազագույնի հասցնել նման ճանապարհով ծննդաբերության դեպքերի տոկոսային հարաբերակցությունը, իսկ մեզ մոտ, կարծես, հակառակ պատկերն է: Ծննդաբերության ընթացքում երբեմն գերագնահատում են պտղի, այլ ոչ թե մոր դերը, մինչդեռ մանկաբարձության մեջ հավասարաչափ խոցելի են մայրն ու պտուղը, եւ առանց տրավմաների կնոջ ծննդաբերությունը յուրաքանչյուր բժշկի սրբազան պարտքն է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԴԱՎԻԹ ԱԲՈՎՅԱՆԸ` բավականին հաճելի մարդ եւ զրուցակից, բժիշկ, ով կարողանում է իր աշխատանքը կատարել բարձր մասնագիտական հմտությամբ, իսկ իրեն դիմող կանանց տալիս է հոգեբանական ուժ եւ հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:
-Պարո´ն Աբովյան, մանկաբարձագինեկոլոգիական ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում:
-Մեզ հիմնականում դիմում են նորմալ եւ ոչ նորմալ հղիության ընթացքով կանայք, որոնք ունեն տարբեր պաթոլոգիական խնդիրներ եւ խնամքի կարիք: Դիմում են նաեւ գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանայք:
-Բժի´շկ, կա՞ արդյոք նախատեսված շեմ, որից հետո արդեն անհնար է հղիանալը:
-Իրականում այդ շեմ ասվածը գոյություն չունի, եւ հղիության հավանականությունը շատ անհատական է յուրաքանչյուրի համար: Իհարկե, ցանկալի է, որ կինը հղիանա բնական ճանապարհով, որովհետեւ տարիքին զուգահեռ պաթոլոգիաներն են ավելանում, եւ արտամարմնային բեղմնավորման ժամանակ դեղորայքային միջոցներն ավելի շատ են կիրառվում: Եթե ձվարանների ռեզերվը նորմալ է, այդ դեպքում հղիանալու հավանականությունը շատ մեծ է` անկախ տարիքից: Իսկ տարիքային շեմը բարձրանալով` կարող է բարձրանալ ժառանգական հիվանդությունների ռիսկը, որի պատճառով մենք իրականացնում ենք սքրինինգային ծրագրեր: Ու, եթե նախկինում այն կատարվում էր 35 տարեկանից բարձր տարիքի կանանց մոտ, ապա այսօր այն իրականացվում է բոլորի մոտ: Մենք հաշվում ենք ժառանգական հիվանդության եւ անհատական ռիսկերը` դրան գումարած տարիքը, հանձնած թեստերի արդյունքները, ինչպես նաեւ սոնոգրաֆիան, որի օգնությամբ շատ բան ենք տեսնում հղիության առաջին եռամսյակում: Հաշվի են առնվում հասակը, քաշը, նույնիսկ մաշկի գույնը, ծրագրի միջոցով կատարվում է հաշվարկ, եւ այդ ամենի արդյունքում իմանում ենք ռիսկային մակարդակը: Ու, եթե ռիսկերը լինում են բարձր, մենք շարունակում ենք հետազոտությունները: Կա նաեւ ոչ ինվազիվ ախտորոշման միջոց, երբ հղիի արյան միջոցով են որոշում պտղի բջիջները: Իհարկե, դա թանկ միջամտություն է, ոչ բոլորին է հասու, բայց, եթե ռիսկը բարձր է, մենք վերցնում ենք պտղաջրերը, եւ կատարվում է գենետիկ հետազոտություն, որը մեզ տալիս է արդեն հարյուր տոկոսանոց պատկեր: Այսինքն` կա՞ Դաունի կամ ուրիշ քրոմոսոմային համախտանիշ, թե ոչ: Այն հանդիպում է շատ հղիների մոտ եւ տարիքային սահմանափակում չունի: Ընդ որում, եթե այսօր արտերկրում այդ հիվանդության նկատմամբ մոտեցումը բավականին փոխված է, ապա հայ հասարակության համար այն համարվում է դատավճիռ: Օրինակ, Ֆրանսիայից մենք ունեցել ենք պացիենտ, որն այնտեղ անցել է մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում նրա պտղի մոտ ախտորոշվել է Դաունի համախտանիշ, եւ կնոջը նույնիսկ շնորհավորել են այդ կապակցությամբ: Դա նրանց մոտ համարվում է նորմալ երեւույթ, եւ անգամ չեն թույլատրում ընդհատել հղիությունը: Եթե վաղ շրջանում պտղի մոտ Դաունի համախտանիշը զուգակցվում է սրտի արատի հետ, միայն այդ դեպքում է թույլատրվում հղիության ընդհատումը: Նրանց մոտ այդ երեխան համարվում է հասարակության նորմալ անդամ, իսկ մեր երկրում նրա համար ամենուր խնդիրներ են ծագում:
Երբ մենք նոր-նոր քայլեր էինք անում բժշկության ասպարեզում, եւ ես 1999 թվականին Շվեդիայում ուսանում էի, լինում էին դեպքեր, երբ պտուղը մահանում էր ներարգանդային կյանքում: Բայց երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան տալիս էին մորը, միասին լուսանկարվում էին, երեխային տանում տուն, նկարները փակցնում պատերին, ապա նոր միայն հուղարկավորում: Իսկ հայ մայրերը նույնիսկ չեն կարողանում երեխային տեսնել մահացած վիճակում, ինչը իրականում նրանց համար ահավոր սթրես է, իրավիճակ, երբ այն կարող է ընդմիշտ մնալ նրանց հիշողությունների մեջ: Այնտեղ մեզ ավելի նուրբ ձեւերով համարեցին աբորիգեններ:
Ինչ վերաբերում է բժշկության մեջ նորարարություններին թե´ տեխնիկապես, թե´ գիտական մոտեցումներով, ապա մենք այսօր համաչափ քայլում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ հղին պետք է պարտադիր իրազեկված լինի իր հղիության ընթացքի մասին, որպեսզի որեւէ տհաճ անակնկալ չլինի երեխայի ծննդից հետո: Չնայած, ճիշտն ասած, աշխարհի ցանկացած երկրում կա այդ խնդիրը, եւ լավագույն մասնագետն էլ կարող է սխալվել:
-Բժի´շկ, իսկ ո՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչ կամ առաջին վիրահատությունը:
-Եղել են վիրահատություններ, երբ ստիպված դիմել ենք կրկնակի կեսարյան հատման, բայց պարզվել է, որ երեխան արդեն դուրս է եկել, կեսարյանի սպին լրիվ տարամիտվել եւ բացվել է: Երբեմն էլ շոկ եմ ապրել, երբ լրիվ նորմալ, հանգիստ կեսարյան հատում ենք կատարել, մոր առաջնային ծնունդն էլ եղել էր նորմալ, բնական ճանապարհով, բայց որովայնը բացելուց հետո այնտեղ արյուն եմ տեսել: Մենք մինչ այդ ոչ մի միջամտություն չէինք արել, ձվարանների եւ փողերի վիճակը նորմայում էր, բայց պարզվեց, որ նախկինում միոմայի հեռացումից հետո հետին պատին մեծ անցք էր առաջացել, ինչը հղի էր անդառնալի հետեւանքներով: Նման անկանխատեսելի իրավիճակների ենք երբեմն ականատես լինում մեր պրակտիկայում:
-Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ինչ-որ չափով ուսուցիչ համարում եմ բոլոր նրանց, ում հետ աշխատել, շփվել եմ, քանի որ բոլորից էլ սովորելու բաներ ունենք: Բայց, ամեն դեպքում, իմ առաջին ուսուցիչը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան գլխավոր բժիշկ Անդրանիկ Պողոսյանն է, ում մոտ օրդինատուրան եմ անցել: Ուսուցիչ եմ համարում նաեւ շատ հիանալի անձնավորություն, լավ մասնագետ Սերջո Ֆերացանին, ով Իտալիայում ուսանելու տարիներին ինձ շատ բաներ սովորեցրեց իմ նեղ մասնագիտացման մեջ: Ընդհանրապես իտալացի բժիշկներն ինձ շատ բան են տվել, օրինակ, կարող եմ նշել նաեւ Լեանորդո Կաֆորիոյին, Մարկո Դեսանտիսին, բժիշկ Նոյային, ով ավերիչ երկրաշարժից հետո ժամանել էր Հայաստան: Բոլորն էլ բարձր որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգներ են, որոնց մոտ շատերը կերազեին ուսանել, գիտելիքների պաշար ստանալ: Կառաձնացնեմ նաեւ Անտոնիո Տեստինին, ով ձվարանների նորագոյացությունների ախտորոշման հարցում թիվ մեկ մասնագետներից է համարվում, ում հետ մենք շատ լավ ընկերներ ենք, եւ մեր շփումը մշտական բնույթ է կրել:
Իսկ ուսանելը պետք է լինի մշտապես, պետք է նորարարություններին համընթաց քայլես, որպեսզի զգաս ժամանակի զարկերակը: Ու այդ նպատակով մշտապես մասնակցում ենք կոնգրեսների, որտեղ կարող է նորություն չլինի մեզ համար այդ պահին, բայց բժիշկների հետ շփումը եւ փորձի փոխանակումը միշտ էլ անչափ օգտակար են:
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ:
-Ասեմ, որ դա շատ պատահական է ստացվել: 1987-1989 թվականներին ես ծառայում էի Գյումրիում, եւ բանակում կար մի բուժքույր, ով ինձ ուղղորդեց, որ դառնամ գինեկոլոգ: Ես այդ ժամանակ ֆելդշեր էի, առաջին կուրսն էի ավարտել, ոչ փորձ ունեի, ոչ շատ գիտելիքներ բժշկության մեջ. այդ տարիներին կարգին բժշկական գրականություն էլ չկար: Երկու տարի հերթապահություն եմ կատարել ավտոմատը ձեռքիս, իսկ ինձ մեծացրել էին «շատ փափուկ»: Եվ անչափ շնորհակալ եմ բանակից, որ ինձ ամուր հիմքերի վրա դրեց, դարձրեց ավելի իրատես կյանքի հանդեպ: Ես սկսեցի տարբերել լավն ու վատը, եւ այդ պահից սկսած` ուղեղիս մեջ դաջված էր, որ միանշանակ պետք է դառնամ գինեկոլոգ:
-Ի՞նչ կարծիք ունեք մշտապես կատարելագործվելու վերաբերյալ:
-Բժիշկներիս նպատակը մշտապես կատարելագործվելն է, նոր բուժական մեթոդներին տիրապետելը, ժամանակակից բժշկության մասին իրազեկվելը, նորարարություններին հետեւելը, բժշկագիտության զարգացմանը համահունչ քայլելը: Գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ոլորտներն այսօր դինամիկ զարգանում են, եւ մենք ջանում ենք բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման եւ բուժման հիմնական ուղղությունը գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակին հայտնաբերումն ու ախտորոշումն է: Հաճախակի հանդիպում են արգանդի վզիկի քաղցկեղը, լորձաթաղանթի բարորակ նորագոյացությունները, արգանդի միոմաները, եւ այս պարագայում շատ է կարեւորվում դրանց վաղ փուլում հայտնաբերումը:
-Բժի´շկ, ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի միոման:
-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ, օրինակ, մեկ բջիջի վնասվելուց: Դրան կարող են նպաստել ոչ ռեգուլյար սեռական կյանքը եւ այլ ուրիշ հանգամանքներ: Միոման կարող է արտահայտվել տարբեր ձեւերով, տեղակայմամբ, որից էլ կարող են առաջանալ հետագա բարդացումներ: Կարող են արյունահոսության բերել կամ սեղմվել հարակից ներքին օրգանների վրա, կարող են ցավեր առաջացնել սնուցման խանգարման պատճառով, կարող են անեմիայի պատճառ դառնալ: Ու, նայած իրավիճակին, լուծվում է խնդիրը: Կինը կարող է ունենալ միոմա եւ, ամբողջ կյանքը ապրելով, չիմանա դրա գոյության մասին: Լինում են նաեւ դեպքեր, երբ մի փոքր միոման էլ կարող է բերել արյունահոսության, եւ ստիպված դիմում են վիրահատական միջամտության: Կան նաեւ դեղորայքային որոշ բուժումներ, որոնք իրականում շատ արդյունավետ չեն եւ հիմնականում իրականացվում են չափերի փոքրացման համար, որպեսզի հետագայում կատարվի լապարասկոպիկ, այլ ոչ թե բաց վիրահատություն: Այսօր ունենք մի քանի տեսակի բուժման մոտեցումներ, եւ թիվ մեկը, ամեն դեպքում, բաց եւ փակ վիրահատություններն են, կատարվում է նաեւ արգանդային անոթների սելեկտիվ էմբոլիզացիա: «Էրեբունի» բժշկական կենտրոնում միոմայի վիրահատական միջամտություններն իրականացվում են շատ բարձր մակարդակով, արյան հոսքը դեպի միոմա արգելափակվում է: Նոր մեթոդներ են համարվում նաեւ գերձայնային ազդեցության տակ իրականացվող գոծողությունները: Եթե միոման արգանդի վրա է, խոռոչ չի հասել, փոքր չափեր ունի, տարին 5 միլիմետրից ավելի չի մեծանում, նրան կարելի է պարբերաբար հետեւել, եւ այն կսկսի փոքրանալ, երբ կինը կլինի արդեն դաշտանադադարի մեջ:
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գոծադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանին, ովքեր ամեն ինչ անում են կլինիկայի աշխատանքները կատարյալին հասցնելու համար:
-Որպես վերջաբան`Ձեր մաղթանքը:
-Կցանկանայի, որ մեր հասարակությունը երախտամոռ չլինի, ամեն անձ փորձի յուրովի լավատես լինել եւ բարին արարել իր շրջապատում: Եվ արտերկրում նույնպես իրենց լավագույն ձեւով դրսեւորեն, բարի ու հոգատար լինեն նաեւ այլազգիների նկատմամբ, լինեն անշահախնդիր, փորձեն իրենց շրջապատը դարձնել ավելի կատարյալ, ավելի լավը: Երբ մեր հասարակության մեծամասնությունն ապահովված լինի, աղքատն էլ լավ կապրի: Թող մարդիկ լինեն հարուստ ոչ թե միայն ֆինանսապես, այլ նաեւ հոգեպես, ու, երբ մարդ մեծ ձգտում ունի, կհասնի ամեն ինչի, եւ այդ դեպքում ֆինանսը մեծ դեր չի խաղում: Այսօր ինտերնետ պորտալը շատ բան է տալիս մեզ, եւ մարդը կարող է գտնել ցանկացած գրականություն, կարդալ ու սովորել:
Եվ, երբ մարդիկ ձգտում են կատարյալին, Աստված նրանց բարին արարելու հնարավորություն է տալիս:
Նիկոլայ Հովհաննեսյան
Բժիշկներն ավելի շատ մտածում են հիվանդի առողջության վերականգնման, լավացման, նրա կյանքի մասին
Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով, որոնց թիվը, դժբախտաբար, օրեցօր ավելանում է: Իսկ սրտի վիրահատությունն էլ աշխարհում համարվում է ամենաթանկերից մեկը: Ներկայիս ապրելակերպը, վատ էկոլոգիան նպաստում են, որ այս ռիսկային խումբն ավելի երիտասարդանա, ստենտավորումն էլ կատարվում է սրտամկանի ինֆարկտի առաջացումը կանխելու, հիվանդի կյանքը փրկելու համար, եւ այն պետք չէ շփոթել զոնդավորման հետ, որը բացում է տարածք ստենտի համար: Ստենտը մետաղյա կամ պլաստմասե խողովակ է, որը տեղադրվում է անատոմիական անոթի կամ լուսանցքի մեջ, որպեսզի այն բաց եւ անցանելի լինի: Կա տարբեր նպատակներով օգտագործվող ստենտների լայն տեսականի, այդ թվում` ընդլայնվող պսակային, անոթային եւ ուղեղային ստենտներից մինչեւ պարզ պլաստիկ ստենտներ, որոնք ապահովում են երիկամի եւ միզապարկի միջեւ մեզի հոսքը: Ստենտը պետք է տարբերվի նաեւ շունտից, դրանք կարող են պատրաստվել նմանատիպ նյութերից, բայց կատարել երկու տարբեր գործառույթներ:
Վերջին տարիներին մեր երկրում բավականին լուրջ առաջընթաց է տեղի ունենում սրտաբանության ասպարեզում, ինչի արդյունքում էլ մարդիկ ավելի վստահ են դիմում մեր բժիշկներին` հավատալով նրանց մասնագիտական եւ մարդկային որակներին: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երեւանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի եւ ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ինվազիվ սրտաբան ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն ունի բավական մեծ աշխատանքային փորձ, վարպետություն, աչքի է ընկնում գործի նկատմամբ նվիրվածությամբ: Բժշկի կայացմանը նպաստել են նաեւ լավագույն դասախոսների մոտ սովորելն ու միջազգային մասնագիտական միջոցառումներին ակտիվորեն մասնակցելը: Ինվազիվ սրտաբանությունը պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ, հմտություն, փորձ, նաեւ մարդկային բարձր հատկանիշներ, որպեսզի հնարավոր լինի փրկել մարդկային կյանքը:
-Պարո´ն Հովհաննիսյան, սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորումը ցուցվա՞ծ է, թե ոչ:
-Սրտամկանի ինֆարկտի դեպքում միանշանակ ցուցված է առաջնային կորոնոգրաֆիա, որպեսզի իրականացվի սրտի անոթների հետազոտություն` տեսնելու համար անոթների ախտահարվածության աստիճանը, ինֆարկտի համար պատասխանատու անոթը: Սուր ինֆարկտի դեպքում այն լինում է փակ կամ 99 տոկոսով նեղացած, եւ պետք է կատարել անգիոպլաստիկա եւ ստենտավորում:
-Բժի´շկ, հիմնականում քանի՞ ստենտ է ցուցված տեղադրել:
-Սուր ինֆարկտի դեպքում հիմնականում ցուցված է ստենտավորել պատասխանատու անոթը, 50 տոկոս դեպքերում` երկրորդը, քանի որ կարող են հանդիպել խաչմերուկային նեղացում կամ երկարավուն նեղացում, երբ մեկ ստենտը իր հնարավորություններով չի կարող բավարարել:
- Կա՞ն արդյոք հակացուցումներ ստենտավորման համար:
-Ստենտավորման համար կան հարաբերական հակացուցումներ, որոնցից են, օրինակ, բարձր արյունահոսության ռիսկերը, քանի որ ստենտավորումից առաջ եւ հետո օգտագործվում են հակամակարդիչներ, հակատրոմբոցիտային դեղորայքային միջոցներ, ինչպես նաեւ երիկամային սուր եւ քրոնիկական անբավարարվածությունը:
- Վերջին տարիներին ստենտավորման մեջ որո՞նք են համարվում նորագույն ձեռքբերումները:
-Վերջին տարիներին մշակվում են ավելի որակյալ, ավելի հեշտ տեղադրվող, ավելի քիչ տրավմատիկ ստենտներ, որպեսզի անոթի պատը չվնասեն, որ ավելի պակասեն հետագա նեղացումների ռիսկայնությունները: Լուրջ ձեռքբերումներից են նաեւ հատուկ լուծվող ստենտները, որոնք դեռ գիտական մշակման են ենթարկվում: Տեղադրվելով անոթի մեջ` մինչեւ 6 ամիս ժամկետում ստենտը լուծվում է, եւ անոթն ունենում է ավելի լիարժեք վիճակ առանց մետաղական կոնստրուկցիայի: Ցավոք, դրանք Հայաստանում դեռ շատ չեն:
-Կա՞ արդյոք անվճար հիմունքներով ստենտավորման պետական ծրագիր:
- Պետության կողմից կա ծրագիր, որի շրջանակներում ST բարձրացմամբ սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում իրականացվում է ստենտավորում (Stent for life), եւ դրա օգնությամբ շատ մարդկանց կյանքեր են փրկվել ու դեռ փրկվելու են: 2018 թվականի հուլիսի մեկից ստենտավորում կատարվում է արդեն դեղապատ ստենտով, իսկ նախկինում միայն ոչ դեղապատ ստենտներ էին կիրառվում: Պետպատվերի շրջանակներում կան սոցիալական հատուկ խմբեր, առաջնայինը «Փարոս» ծրագրում ընդգրկված մարդիկ են, զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները, սոցփաթեթի շահառուները:
-Բժի´շկ, ստենտավորո՞ւմ, թե բաց վիրահատություն, ո՞րն է ավելի նախընտրելի սրտամկանի ինֆարկտի դեպքում:
-Այդ հարցը քննարկվում է կորոնարոգրաֆիայից հետո, երբ լինում են բազմանոթային ախտահարումներ, ախտահարված անոթեր: Կան հատուկ միջազգային նորմատիվներ (SYNTAX score), որոնցով ցուցված է հաշվարկել ախտահարված անոթների տեղակայումը, ախտահարման տոկոսները, հաշվի առնել նաեւ հիվանդի ընդհանուր վիճակը` կատարելով էխոսրտագրություն: Եվ այդ ամենից հետո նոր միայն որոշվում է` շունտավորո՞ւմ կատարել, թե ստենտավորում:
- Ինչպե՞ս է հետագայում իրականացվում ստենտավորված հիվանդի հսկողությունը:
-Հսկողությունն առաջին մի քանի օրն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում` ըստ հիվանդի ընդհանուր վիճակի, հիմնականում` մինչեւ հինգ օր: Այնուհետև բուժումը շարունակվում է տնային պայմաններում:
-Բժի´շկ, հաճա՞խ են տալիս այն հարցը, թե ստենտավորումից հետո իրենց ինչքան կյանք է սպասվում:
-Այդ հարցը, երեւի թե, միայն մեր հայ հասարակության մեջ է առաջանում. մոտ 50-60 տոկոսը այդ հարցը տալիս է` կախված հիվանդի վիճակից, նրա կյանքի որակից, ապրելակերպից: Ընդհանրապես ստենտ տեղադրվում է ամբողջ կյանքի համար, բայց հիվանդը պետք է իրեն հետեւի, անհրաժեշտ դեղորայքը ընդունի, առողջ ապրելակերպ վարի, չծխի, խմելը չչարաշահի, բժշկի հսկողության տակ լինի: Այսօր բավականին շատ են սիրտ-անոթային խնդրով տառապող հիվանդները, բայց, բարեբախտաբար, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում լուծման ելքեր կան: Բոլոր անհրաժեշտ վիրահատական միջամտությունները մեր հանրապետությունում իրականացվում են, պարզապես նորարարությունների ներդրման, ինչպես նաեւ ստենտավորման հարցերում անհրաժեշտ է պետության աջակցությունը: Արդեն 5-6 տարի պետության աջակցությամբ անվճար հիմունքներով իրականացվում է ստենտավորում, սակայն կան խնդիրներ կարդիոստիմուլյատորների եւ կարդիովերտեր-դեֆիլիատորների (ICD) եւ սրտի ռեսինխրոնիզացիոն թերապիայի (CRT) սարքերի համար, որոնք ցուցված են սրտի դանդաղ ու արագ աշխատանքի, սրտային անբավարարության, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների (փորոքային տախիկարդիաների եւ փորոքների ֆիբրիլյացիա), հանկարծակի սրտային մահը կանխելու նպատակով: Դրանք, այսպես ասած, կյանք փրկող սարքեր են, որոնք, ցավոք, շատ քիչ դեպքերում են հասանելի դառնում պետական աջակցությամբ:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իմ առաջին ուսուցիչը հայրս է` Աշոտ Հովհաննեսյանը, ով նաեւ մեր բաժանմունքի ղեկավարն է, ինչպես նաեւ պապիկս, ով նույնպես բժիշկ է, եւ տատիկս, ով, ցավոք, այս պահին չի տեսնում իմ գործունեության ընթացքը: Եվ կավելացնեմ նաեւ ինձ ուսուցանող բժիշկներին, որոնց աշխատանքի համար ես միշտ շնորհակալ եմ, երախտապարտ:
-Բժի´շկ, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ մեծ ձեռքբերումը համարում եմ այն փաստը, որ նման երիտասարդ տարիքում, փառք Աստծո, կարողանում եմ բարեհաջող իրականացնել սրտամկանի համար նախատեսված բարդ վիրահատական միջամտությունները: Աշխատանքին զուգահեռ հասցնում եմ գնալ նաեւ վերապատրաստումների եւ հենց նոր եմ վերադարձել Բուդապեշտ քաղաքից, որի SEMMELWEIS համալսարանական կլինիկայի կարդիովասկուլյար կենտրոնում շուրջ երկու ամիս լուրջ վերապատրաստում անցա, կատարեցի ավելի բարդ ստենտավորումներ, քրոնիկական անոթների վերաբացում, ներկա եղա նորարարության` աորտալ փականի ներանոթային վիրահատությունների (TAVI), միթրալ փականի կլիպպինգի (VSD): Ասեմ նաեւ, որ մեր բաժանմունքում մշտապես իրականացվում է փորձի փոխանակություն արտերկրի բժիշկների` հիմնականում Դանիայի, Գերմանիայի առաջատար պրոֆեսորների հետ, որոնք, տարին մեկ կամ երկու անգամ այցելելով մեր կլինիկա, կատարում են բոլոր անրաժեշտ հետազտությունները եւ բարդ վիրահատական միջամտությունները սրտանոթային հիվանդությունների դեպքում:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Ցանկանում եմ դիմել մեր հասարակությանը եւ ասել, որ չվախենան բժշկությունից, բժիշկներից եւ կանխարգելիչ նպատակով այցելեն բժշկի տարին գոնե մեկ կամ երկու անգամ, ամեն չնչին գանգատի դեպքում նույնպես դիմեն բժշկի: Իհարկե, մենք պատկերացնում ենք խնդրի ֆինանսական կողմը, բայց միշտ չէ, որ բժիշկը առաջնահերթ մտածում է ֆինանսի մասին: Բժիշկներն ավելի շատ մտածում են հիվանդի առողջության վերականգնման, լավացման, նրա կյանքի մասին, եւ բժշկի երջանկության գրավականը ոչ միայն լավ հայ, այլ նաեւ լավ մասնագետ լինելը, մասնագիտական աշխատանք, սեփական աշխարհ ունենալն է, որն ինքն է կերտել: