Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
Մենք շատ գոհ ենք մեր այսօրվա ձեռքբերումներից
Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են, ինչպես օրինակ՝ դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի ու պլաստիկ վիրաբույժի կատարած միջամտությունները դեմքի շրջանում: Վիճել, որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը:
Դիմածնոտային վիրաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջված ուղղություններից մեկը: Այն տարիքի, հիվանդությունների, վնասվածքների և ի ծնե եղած արատների հետևանքով առաջացած ֆիզիկական տձևությունների ուղղման ճիշտ լուծումն է:
Մեր զրուցակիցն է բ.գ.թ, դոցենտ, Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ՝ ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ում բազմավաստակ վիրաբույժի <<ոսկե ձեռքերի>> և բացառիկ գիտելիքների շնորհիվ իրականացվում են բնածին արատով երեխաների վիրահատություններ՝ նրանց տալով լիրաժեք կյանքը վայելելու իրավունք:
-Պարո՛ն Քոչարյան, կխնդրեի խոսեինք դիմածնոտային վիրաբուժության մասին. Հայաստանում այսօր ի՞նչ մակարդակի վրա է այն գտնվում:
-Հայաստանում այսօր բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում դիմածնոտային վիրաբուժությունը: Գուցե ավելի արդյունավետ կլիներ տվյալ ոլորտի աշխատանքը, եթե օժանդակ հետազոտման մեթոդներն ավելանային, երբ կկատարվեին ավելի լիրաժեք ախտորոշումներ: Բայց, ընդհանուր առմամբ, այն գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա իր բոլոր մասնաճյուղերում:
-Բժի՛շկ, իսկ, Ձեր կարծիքով, տեխնիկապես հագեցա՞ծ է ձեր բաժանմունքը:
-Պետք է նշեմ, որ մեր բաժանմունքը մի փոքր առանձնանում է իր հագեցվածության առումով, քանի որ առանձնահատուկ տեխնիկապես հագեցվածության կարիք էլ չունի: Մեր բաժանմունքը զբաղվում է նորածին և վաղահաս երեխաներով, որոնք ունեն բնածին արատներ, այսինքն` վերին շրթունքի բնածին ճեղքվածք, փափուկ, կարծր քիմքի բնածին և հորիզոնական ճեղքվածքներ և այլն: Դրա համար այդքան լուրջ տեխնիկական սարքավորումներ պետք չեն: Դեռևս միայն կարիք կա առօրյա աշխատանքների համար նախատեսված գործիքների, որոնք մենք, իհարկե, ունենք, քանի որ առանց դրանց չենք կարող որակ ապահովել: Ես Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժն եմ և հիմնական ուղղվածությունը դրված է բնածին արատների վիրահատական բուժման վրա: Պետք է ասեմ, որ մեզ մոտ այն բավականին բարձր մակարդակի է հասել, որովհետև մենք փոքր-ինչ ետ գնացինք նախկին սովետական ստանդարտներից և այսօր կիրառում ենք մեթոդիկաներ, որոնք ընդունված են զարգացած երկներում: Պետք է հպարտորեն ասեմ, որ այդ մեթոդիկաները մեր կողմից ավելի են կատարելագործվել: Օրինակ՝ եթե շատ այլ երկրներում հետվիրատահական բարդության տոկոսները տատանվում են 10-60%, մեզ մոտ այն կազմում է մոտավորոպես 2-3%: Մենք շատ գոհ ենք մեր այսօրվա ձեռքբերումներից: Դրա ցուցանիշն է նաև աճող ռեկոնստրուկտիվ (վերակառուցողական) վիրահատությունների թիվը, այսինքն՝ այս կամ այլ մարզերում երեխաների մոտ կատարված անհաջող վիրահատություններին նոր ուղղիչ վիրահատությունների կիրառումն է, որոնցից բնածին արատերով հիվանդների թիվը այսօր կազմում է միայն 10-15%:
-Բժի՛շկ, խոսենք Ձեր մասնագիտական ճանապարհի մասին. ի՞նչ ճանապարհ եք անցել:
-Ճանապարհս եղել է բավականին սովետական՝ բժիշկ դառնալու ցանկություն ունեցող մարդու ճանապարհ, այսինքն` ես չեմ սահամանփակվել համալսարանն ավարտելուվ, հետո մեկնել եմ Ուկրաինայի Խարկով քաղաքը, այնտեղ ավարտել եմ ասպիրատուրա, ստացել գիտական կոչում, որից հետո, վերադառնալով Հայաստան, 1986թ.-ից մինչ օրս աշխատում եմ Բժշկական համալսարանում սկզբում որպես դասախոս, իսկ հետո՝ արդեն վերջին 10-15 տարիներին, աշխատել եմ որպես ամբիոնի վարիչ: Անցնելով դասախոսից մինչև ամբիոնի վարիչի ճանապարհը՝ զուգահեռ ղեկավարել եմ կլինիկական բաժանմունքներ՝ Նորք-Մարաշի 2-րդ հիվանդանոցը, Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը, Մուրացանի անվան հիվանդանոցը: Այսօր էլ Բեգլարյան կլինիկական կենտրոնում դիմածնոտային քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավարն եմ: Պետք է նշեմ, որ իմ ամբիոնն ունի ռեզիտերենտուրա: Մեզ մոտ կան 37 կլին.օրդինատոր, որոնք բաշխված են բազմաթիվ բազաներով 5-6 զինվորական հոսպիտալներում: Նրանք այն մարդիկ են, ովքեր, իրո՛ք, ցանկություն ունեն ու նպատակ են դրել մասնագիտանալ, իրենց գործում դառնալ լավագույն մասնագետներ:
- Շփվելով ներկայիս ուսանողության հետ՝ ի՞նչ մակարդակի վրա եք պատկերացնում ապագա բժշկությունը:
- Շատ բարդ և ցավոտ հարց եք տալիս: Եթե համեմատական կարգով ասեմ, ապա, ցավոք սրտի, սրանից 30 տարի առաջվա ուսանողների և ներկայիս ուսանողների միջև տարբերությունը շատ զգալի է: Նախկինում կատարվում էր լուրջ ընտրություն, կային մրցույթներ: Որպեսզի ուսանողները կարողանային ընդունվել Բժշկական համալսարան, անհրաժեշտ էր դիմադրել, դիմակայել լուրջ մրցույթների: Այս օրերին այդ ամենը չկա: Եթե նախկինում ընտրվում էին, տեղավորվում էին համալսարան, ապա այսօր հակառակ պատկերն է՝ ով չի կտրվում, հայտնվում է համալսարանում: Սակայն դա, իհարկե, չի կարող խոսել նրանց ուսման որակի մակարդակի մասին: Ուղղակի այսօր այդ իրավիճակն է: Անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր այդ ուղղությամբ, բայց, միևնույն է, հին մակարդակը դժվար է ապահովել: Մի քիչ ավելի դրական է այն տեսանկյունից, որ այժմ կա ժամանակակից գրականություն, թարգմանված արևելաեվրոպական և ամերիկյան գրականություն, որը նախկինում մատչելի չէր: Այսօր գոյություն ունի ինտերնետային պորտալ, որը մի կողմից ևս դրական արդյունք է տալիս: Պետք է նշեմ նաև, որ այսօրվա ուսանողները չեն տիրապետում ռուսաց լեզվին, իսկ բոլորս գիտենք, որ բժշկական գրականությունը մեծամասամբ ռուսերեն լեզվով է:
-Բժի՛շկ, արդյոք գոյություն ունի դիմածնոտային ասոցիացիա:
-Այո, արդեն 7 տարի է, ինչ գոյություն ունի դիմածնոտային ասոցիացիան, որտեղ ասոցիացայի անդամներ են համարվում քաղաքի հիմնականում բոլոր դիմածնոտային բժիշկները: Ասոցիացիան հիմնադրել և առաջին ղեկավարողը եղել է Գրիգոր Էմիլիչը՝ մեր ամբիոնի հարգարժան դոցենտը. բավականին լուրջ մասնագետ, իսկ մեկ տարի է, ինչ աշխատանքներն արդեն վարում է մեր ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Աննա Պողոսյանը: Այնպես, որ լուրջ աշխատանքեր, անշուշտ, կատարվում են:
-Բժի՛շկ, իսկ դիմելությունն ի՞նչ մակարդակի վրա է այսօր ձեր բաժանմունքում:
-Պետք է նշեմ, որ մեր պարագայում գործնականորեն մրցակցություն չկա, քանի որ այդ պաթոլոգիաների վիրահատությունների 95% կատարվում է հենց մեզ մոտ: Մենք 700-ից ավել վիրահատված երեխաներ ունենք, որն, իհարկե, բավականին լուրջ թիվ է: Արդեն շուրջ 25 տարի է նպատակային զբաղվում ենք այս գործով, և այլ, այսպես ասած, թեթև պաթոլոգիաներով չենք զբաղվում, և նաև՝ կոպիտ ասած՝ գումարի ետևից ընկած չենք:
-Իսկ, որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք ավելացնել և մաղթել մեր ընթերցողներին:
-Մի բան կարող եմ ասել, ինչը շատ կարևոր եմ համարում. ես կցանկանայի, որ հատկապես երիտասարդ բժիշկների մեջ սերմանվեր ինքնաքննադատությունը, այսինքն՝ գործն անելուց առաջ հասկանային, թե ինչ են անում: Այլ կերպ ասած՝ իրենց գործին շատ լուրջ մոտենային՝ կշռադատելով՝ կարող են այդ գործն անել, թե՝ ոչ: Պետք է ինքնաքննադատորեն մոտենալ, որովհետև իրենց ոչ լուրջ վերաբերմունքի արդյունքում ստանում ենք բազմաթիվ հետվիրահատական բարդություններ: Առաջին հերթին դա վերաբերում է հիվանդ երեխաների հետ աշխատելու դեպքերին, որովհետև բնածին արատի անհաջող արդյունքը հանգում է նրան «այլանդակելուն»: Ոչ մի մարդ բարոյական իրավունք չունի նորածին երեխային իր անհաջող գործով և իր ուզած ձևով «շտկել»: Եթե դուք վստահ չեք ձեր գործի մեջ, ինչու՞ եք խաղում երեխայի առողջության ու կյանքի հետ: Ամեն ոք պետք է ինքնաքննադատորեն վերաբերվի ինքն իրեն, չափից ավելի պատրաստված լինի և դպրոց անցնի, նոր իրեն թույլ տա երեխաների հետ աշխատել: Ես չեմ ուզում օրինակներ բերել, բայց իրականում դեպքերն անթիվ են, երբ կատարվում է երեխաների փաստացի այլանդակում: Դա համարում եմ անթույլատրելի, և եթե հանկարծ զգամ, որ դա շարունակական բնույթ կունենա, կդիմեմ ավելի լուրջ քայլերի այդ խնդրի լուծման համար: Իսկ, որպես մաղթանք, մեր հասարակությանը կցանկանամ միայն ու միայն առողջություն: Աստված հեռու պահի՛ բոլորին խնդիրներից, դժբախտություններից: Իսկ եթե արդեն կանգնել են խնդիրների առաջ, ավելի սթափ և գրագետ մոտեցում ցուցաբերեն, խուճապի չմատնվեն, ցանկացած պատահած «մասնագետի» չդիմեն, որպեսզի մենք էլ հետագայում նման բարդ իրավիճակների առաջ չկագնենք: Առո՛ղջ եղեք:
Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը
Երեխայի ծնունդը յուրաքանչյուր ծնողի կյանքում Աստծո կողմից տրված գերագույն պարգև է: Առանց երեխաների դժվար թե ընտանիքը կատարյալ երջանիկ լինի: Նրանք մեր կյանքը լցնում են ջերմությամբ և սիրով, գեղեցիկ գույներով: Յուրաքանչյուր կին ի վերուստ իր մեջ կրում է մայր դառնալու բնազդը: Թեև կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, ոչ բոլորին է բախտ վիճակվում մայրանալ:
Գինեկոլոգիական այսօրվա խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք «Մոր և Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Բավականին հմայիչ կին և հաճելի զրուցակից, մարդ, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, և, ի վերջո, բժշկուհի, ով իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է հիվանդների վստահությունը։
- Տիկի՛ն Հակոբյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:
-Նախ ասեմ, որ մեծացել եմ տնտեսագետների ընտանիքում: Մանկուց ականատես եմ եղել, թե ինչպես են ծնողներս օգնում իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին և հարևաններին: Կարեկցելը և օգնության հասնելը եղել է մեր ընտանիքի գերխնդիրներից մեկը: Նշեմ, որ մեծ է եղել նաև պապիկիս դերը իմ՝ բժշկի մասնագիտությունն ընտրելու հարցում: Պապիկս մասնակցել է Համաշխարհային պատերազմին և իր 10 հայ ընկերների հետ ֆաշիզմից ազատագրել Նիդերլանդների Սոմելզդայք կղզին, ինչի համար էլ Նիդերլանդների թագուհու կողմից արժանացել է մեծ պարգևի: Իհարկե, դա այլ մեծ պատմություն է, որը ներկայացնելու համար ժամեր են պետք: Կարգապահությունն ու համարձակությունը, սկսած գործը ավարտին հասցնելու ունակությունը ինձ փոխանցվել է պապիկիցս: Բժշկական համալսարանում սովորելու տարիներին ես գերադասում էի ավելի շատ դառնալ հոգեբույժ, բայց երբ արդեն ուսանում էինք՝ 6-րդ կուրսում՝ մանկաբարձություն-գինեկոլոգիա ճյուղն ինձ գրավեց, որն անցել եմ կրկին մեր կլինիկայում` <<Մոր և Մանկան Գիտահետազոտական Կենտրոնում>>: Այդ ժամանակ էր, որ կարծես թե սիրահարվեցի իմ ներկայիս մասնագիտությանը, և վերջնականապես որոշում կայացրեցի: Ինչքան էլ՝ դժվար է բժշկի մասնագիտությունը, բայց ավելի հաճելի է, քանի որ քեզ ինքնաբավ ես զգում, երբ աշխատանքիդ արդյունքում ամուսնական զույգերին պարգևում ես ծնող դառնալու բերկրանքը:
-Գինեկոլոգիական և մանկաբարձության ոլորտում հիվանդությունների կանխարգելման և վիրահատական միջամտությունների ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր կենտրոնում, և ինչպիսի՞ նորագույն սարքավորումներով է հագեցած ձեր բաժանմունքը:
-Մեր կլինիկան հագեցած է վերջին սերնդի գերձայնային հետազոտության 3D, 4D սարքերով, կարդիոտոկոգրաֆով, վերջին արտադրության դոպլեր սարքավորումով, նաև նորագույն կոլպոսկոպներով, որոնց միջոցով հետազոտվում է կանանց արգանդի պարանոցը: Կենտրոնում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը, որի շնորհիվ այն վիրահատությունները, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, ներկայումս մեր կլինիկայում կատարվում է առանց կտրվածքի: Իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում է՝ 1 օր, որից հետո կանայք դուրս են գրվում:
-Ինչպիսի՞ խնդիրներով են ամենից շատ դիմում ձեր բաժանմունք:
-Մեր բաժանմունք դիմում են հիմնականում այն կանայք, ովքեր տարիներ շարունակ տառապում են չբերությամբ, դաշտանային ցիկլի խանգարմամբ տառապող աղջիկներ և կանայք, ինչպես նաև դաշտանադադարի տարիքի կանայք:
-Ձեր կարծիքով որքանո՞վ են հայ կանայք ուշադիր իրենց սեփական առողջության նկատմամբ:
-Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին հայ կանայք ավելի ուշադիր են դարձել սեփական առողջության նկատմամբ: Այդ հարցում իրենց շատ օգնում է ինտերնետ պորտալը, երբ կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել այնտեղ: Ընդհանուր առմամբ, տեղեկացված լինելու համար դա շատ լավ է, սակայն մյուս կողմից էլ այդ ինֆորմացիայի առատությունը հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատերին շփոթության մեջ է գցում: Ես մեր սիրելի հայ կանանց խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել և իրենց հուզող խնդիրներով ժամանակին դիմել նեղ մասնագետների:
-Այսօր շատ զույգեր տարբեր մեթոդներ են կիրառում իրենց նախընտրած սեռի երեխան ունենալու համար՝ սկսած սննդակարգի փոփոխությունից՝ վերջացրած հաշվարկներով։ Որքանո՞վ է արդյունավետ այդ մեթոդների կիրառումը։
-Դեռ հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ապագա երեխան ինչ սեռի պետք է ծնվի: Մեթոդները բավականին շատ են, սակայն ոչ մի մեթոդի կիրառումը հարյուր տոկոսանոց արդյունք չի կարող ապահովել: Կան մի քանի մեթոդներ, որոնց շարքում կարող եմ նշել ֆրանսիական դիետան, չինական օրացույցը, օվուլիացիայի մեթոդը, բժիշկ Յոնասի մեթոդը:
-Ծննդաբերության կեսարյա՞ ն հատման, թե՞ բնական ճանապարհով ծննդաբերելու տարբերակներ են գերակշռում։
-Մեր կենտրոնը Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է, որը հիմնադրվել է դեռևս 1939թ.-ին և շուրջ 85 տարի ծննդաբերության ոլորտում առաջատար է: Մեր կլինկայում յուրաքանչյուր կնոջը ցուցաբերվում է անհատական մոտեցում և կեսարյան հատումը կատարվում է խիստ ցուցումով: Շատ հաճախ երիտասարդ կանայք, վախենալով բնական ճանապարհով երեխային լույս աշխարհ բերել, ցանկանում են դիմել կեսարյան հատմանը, բայց մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ նրանք ետ կանգնեն այդ մտքից հետագա բարդություններից խուսափելու համար:
-Ի՞նչ ազդեցություն է ունենում կեսարյան հատումը կնոջ առողջության վրա։
-Կան կեսարյան հատման դրական և բացասական կողմեր: Վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգների կողմից փորձ արվեց կեսարյան հատման թիվը պահել նույն մակարդակի վրա, սակայն վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ կեսարյան հատումների քանակի 30 տոկոսից ավել բարձրացումը ոչ միայն չի կրճատում պերինատալ մահացության տոկոսը, այլ նաև բարձրացնում է մայրական մահացության տոկոսը: Եզրակացությունը, կարծում եմ, պարզ է. կեսարյան հատման պետք է դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
-Ելնելով Ձեր մասնագիտական փորձից՝ Հայաստանում ձևավորվե՞լ է բժշկին դիմելու մշակույթ:
-Վերջին 5 տարիների ընթացքում զգալիորեն շատացել են կանայք, ովքեր դիմում են մանկաբարձ-գինեկոլոգների օգնությանը զուտ կանխարգելիչ նպատակներով: Դիմողների գերակշռող մասը Երևանի և Հայաստանի մեծ քաղաքների բնակիչներն են: Ցավոք սրտի, հեռավոր շրջանների կանայք դիմում են շատ ավելի քիչ դեպքերում, ես կասեի՝ միայն այն դեպքերում, երբ, այսպես ասած, տնական մեթոդները այլևս իրենց ներգործունեությունը չեն ունենում:
-Վերջին տարիների երիտասարդները մինչ ընտանիք կազմելը ավելի հաճախ են դիմում գինեկոլոգների օգնությանը հետազոտման նպատակով: Որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնական զույգերին:
-Այո, վերջին տարիներին երիտասարդ զույգերը ավելի հաճախ են դիմում մեզ մինչև ընտանիք կազմելը, որը, իմ կարծիքով շատ խրախուսելի է: Ինչպես ասում են, ավելի հեշտ է կանխարգելելը, քան՝ բուժելը: Երիտասարդներին խորհուրդ կտամ ընտանիք կազմելիս հաշվի առնել նաև ազգային ավանդույթները, և մաղթում եմ, որ բոլոր ընտանիքերում գերակշռեն սերն ու համերաշխությունը: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին զգա մայրանալու բերկրանքը։ Առո՛ղջ եղեք։
Կցանկանայի, որ հայ կանայք իրենք իրենց սիրեին
Մեր հանրապետությունում բժշկական որոշ ճյուղեր, մասնավորապես` գինեկոլոգիան, այսօր ամենապահանջված ուղղություններից է, որի նպատակն է մշտապես կատարելագործվել, տիրապետել բուժական նոր մեթոդներին, իրազեկվել ժամանակակից բժշկությանն ու նորարարություններին: Գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտներն այսօր դինամիկ զարգանում են, և բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:
Մեր զրուցակիցը մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոկտոր, <<Մոր և մանկան առողջության պահպանման>> ԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ է: Բժշկուհի, ով ունի բավականին երկար տարիների հիանալի մասնագիտական բեղմնավոր ուղի և փորձ, բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու կարողություն, և, որն այս ամենի հետ մեկտեղ՝ անձնվեր բժշկուհու էտալոն է բոլորիս համար:
-Տիկի՛ն Առուստամյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:
-Ինչպես սովարաբար բոլորի, այնպես էլ իմ ուղին եղել է նախ՝ մանկապարտեզում, հետո ընդունվել եմ Ամասիայի դպրոց, որն, ի դեպ, այդ տարիներին հիանալի դպրոց էր: Ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ, եղել Լենինյան թոշակառու: Ավարտելուց հետո ընդունվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (նախկինում Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ) որպես կլինկական օրդինատոր, այնուհետև դարձել բաժանմանունքի վարիչ և փոխտնօրեն: Ունեմ բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Կարելի է ասել, որ կյանքս այստեղ է անցել և հիմա արդեն այն չեմ պատերացում այս պատերից դուրս:
-Բժշկուհի՛, ըստ վերջին տարիների վիճակագրական տվյալների` անպտղության խնդրով հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:
-Բարեբախտաբար մեր հանրապետությունում իրականացված համաճարակաբանական հետազոտության շնորհիվ 2009թ.-ին ունեցանք հստակ համաճարաքաբանական տվյալներ անպտղության մասին: Դա շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետև այն հնարավորություն է տալիս մշակել ռազմավարություն, թե ինչ ուղղությամբ հետազոտություններ կատարել և ինչի վրա շեշտադրումը կատարել: Երբ որևէ բժիշկ խոսում է որևէ ախտաբանության մասին և օրինակ բերում իրենց կլինիկայի տվյալները, ապա նա պարզապես փաստում է տվյալներ` հիմնված դիմելիության վրա, այլ ոչ հիվանդության իրական պատկերի մասին հանրապետությունում: Ըստ ստացված արդյունքների՝ կանանց մոտ անպտղության հաճախությունը կազմում է 16.8%, տղամարդկանց մոտ` 11%: Երկու դեպքերում էլ երկրորդային անպտղության հաճախությունն ավելի բարձր է, քան առաջնայինը: Ինչ վերաբերում է կին-տղամարդ փոխհարաբերությանը, ապա 40% դեպքերում երկուսի մոտ էլ դիտվում է ախտաբանություն: Հասարակության ուշադրությունը պետք է սևեռել այն հարցի վրա, որ, եթե կա անպտղության խնդիր, հարկավոր է զույգը դիմի բժշկին, ոչ թե առանձին՝ կին կամ տղամարդ, որպեսզի նրանք միաժամանակ հետազոտվեն և միաժամանակ պարզվեն առկա խնդիրները:
Հաջորդ կարևոր խնդիրը, թե ինչպիսի կառուցվածք ունի անպտղությունը տղամարդկանց և կանանց մոտ. տղամարդկանց մոտ դրանք հիմնականում խնդիրներ են, որոնք կապված են սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխությունների հետ: Հիմնական պատճառները բորբոքային հիվանդություններն են, իմունոլոգիական անպտղությունը: Կան նաև, իհարկե, էնդոկրին խանգարումներ: Կանանց մոտ անպտղության հիմնական պատճառներ են փողորովայնամիզային գործոնները, այսինքն՝ արգանդափողերի անանցանելիությունը, կպումները, որոնք կարող են առաջանալ բորբոքային տարբեր հիվանդությունների պատճառով: Կանանց մոտ անպտղության պատճառ են հանդիսանում նաև անպտղության էնդոկրին գործոնները՝ մոտ 45% դեպքերում, էնդոմետրոզը՝ 35%: Իհարկե, կան նաև այլ պատճառներ. անատոմիական փոփոխություններ, իմունոլոգիական անպտղություն: Չբացահայտված պատճառներ նույնպես գոյություն ունեն և նման դեպքերում մենք խոսում ենք անհայտ ծագման անպտղության մասին: Աշխարհի բոլոր երկրներում անպտղության մոտ 10-15% պատճառները դեռևս բացահայտված չեն, ինչը չի նշանակում, որ երբեք նման պատճառները չեն բացահայտվելու: Ուղղակի գիտության ներկա ձեռբերումները դեռևս թույլ չեն տալիս գտնել այդ զույգերի մոտ անպտղության հնարավոր պատճառները: Համեմատած նախկին տարիների հետ՝ անպտղության հաճախության նվազում է նկատվում, ինչը արդյունք է, իհարկե, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրումների հանրապետության տարբեր կլինիկաներում: Հատուկ նշանակություն ունի վերականգնողական օժանդակ տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արտամարմնային բեղմնավորման ներդրումը մեր հանրապետությունում, որը բավականին մեծ օգնություն ցուցաբերեց հանրապետության բնակչությանը: Այստեղ չի կարելի չխոսել նաև շատ կարևոր խնդրի մասին, այն, որ վերարտադրողական բարձր տեխնոլոգիաների կիրառումը բավականին թանկ արժե և ոչ բոլորը կարող են դիմել այս մեթոդի օգնության: Սակայն այսօր ի շնորհիվ <<Արագիլ>> բարեգործական հիմնադրամի հանրապետության բազմաթիվ զույգեր, որոնք ի վիճակի չէին դիմել արտամարմնային բեղմնավորման, կարողացան իրականացնել իրենց իղձերը և զգալ ծնող դառնալու երջանկությունը:
-Բժշկուհի՛, կա արդյոք հղիանալու հավանականության տարիքային սահմանափակում:
- Ցանկացած կին ծնվում է արդեն գենետիկորեն կանխորոշված ձվարանների պաշարով: Երբ տեղի է ունենում ձվարանների ֆունկցիայի տարիքային մարումը, բնականաբար ձվարանը արդեն չի ունենում այդ պաշարը: Իսկ եթե չկա ձվաբջիջ, ապա այդ դեպքում արդեն չենք կարող խոսել հղիության հավանականութան մասին, քանզի վերարտադրողական օրգանների գործառույթները չեն կարող ապահովել հղիության համար անհրաժեշտ պայմանները: Այսինքն՝ տարիքի մեծացմանը զուգահեռ նվազում է հղիանալու հավանականությունը: Իհարկե, երբեմն լսում ենք հեռուստատեսությամբ, կարդում թերթերում և ամսագրերում, որ 58 կամ կամ 60-65 տարեկան կինը ծննդաբերել է: Դրանք արտառոց դեպքեր են, որոնք չեն կարող լինել օրինաչափություն: Պետք է զգուշացնել կնոջը, որ այդ տարիքում հղիանալու հավանակությունը շատ փոքր է , երբեմն` անհնար: Դրա համար էլ բժշկության մեջ գոյություն ունի <<վերարտադրողական տարիք>> սահմանումը, այսինքն՝ տարիք, երբ կինը կարող է իրացնել իր վերարտադրողական գործառույթը:
-Բժշկուհի՛, կան արդյոք անպտղության պատճառով հետազոտման դիմելու ժամանակ և անպտղության հետազոտման և բուժման էտապների որոշակի մոտեցումներ:
-Եթե վերարտադրողական տարիքի զույգի մոտ առանց համաբեղմնավորման մեթոդների օգտագործման կանոնավոր սեռական կյանքի պայմաններում մեկ տարվա ընթացքում հղիության չի կայանում, ապա կարելի է խոսել անպտղության մասին և զույգը պետք է դիմի բժշկի: Կրկին նշեմ, որ բժշկի պետք է դիմի զույգը, այլ ոչ թե ամուսինը կամ կինը առանձին վերցված: Կնոջը հետազոտում է գինեկոլոգը, իսկ ամուսնուն` ադրիոլոգը: Զույգը միասին պետք է անցնի ախտորոշման էտապները, իսկ բուժումը սկսվում է այն ժամանակ, երբ պարզվում է անպտղության հնարավոր պատճառը: Եթե այդ բուժումը չի տալիս իր արդյունքը առավելագույնս 1-2 տարվա ընթացքում, ապա պետք է մտածել բուժման այլ մեթոդների կիրառման մասին, օրինակ՝ էնդոսկոպիկ վիրաբուժություն մասին, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզել չբերության չպարզված պատճառները և միաժամանակ ցուցաբերել համապատասխան օգնություն: Եթե դրանից հետո էլ հղիությունը չի կայանում, նորից վերագնահատվում է անպտղության հնարավոր պատճառը կամ պատճառները: Նման դեպքում առաջարկում ենք, օրինակ, կատարել ձվազատման խթանում և ամուսնու սերմով արհեստական սերմնավորում: Իսկ եթե դրանից հետո էլ կինը չի հղիանում, ապա արդեն դիմում ենք արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման մեթոդի օգնությանը: Ցանկանում եմ նշել, որ արտամարմնային բեղմնավորման մեթոդը մեր երկրում սկսվել է իրականացվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխաները Հայաստանի Հանրապետությունում ծնվել են հենց մեր կենտրոնում:
Ուրախալի է այն փաստը, որ այսօր մարդկանց մեջ մտել է այդ մշակույթը, որ եթե կա որևէ միջոց կամ մեթոդ, ապա պետք չէ հնարավորությունը բաց թողնել ծնող դառնալու համար:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնք պլանավորում են ապագայում իրենց երեխայի ծնունդը:
-Շատ կարևոր է հղիության պլանավորումը, որովհետև դա հնարավորություն է տալիս ունենալ առողջ երեխա: Ընդամենը պետք է անցել խորհրդատվություն բժշկի մոտ, անհրաժեշտության դեպքում կատարել որոշ հետազոտություններ: Հնարավորինս բացառել այն բոլոր բարդությունները, որոնք կարող են լինել հղիության և ծննդաբերության ընթացքում: Շատ ուրախալի փաստ է, որ այսօր շատ երիտասարդ զույգերը ամուսնանալուց առաջ մտածում են պլանավորել իրենց հղիությունը, անցնել բժշկի խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան հետազոտություն և բուժում:
-Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ կանանց:
-Ի՞նչ խորհուրդ կտամ. սիրել իրենց և զբաղվել իրենց առողջությամբ: Մեր հայ կանանց եթե հարցնենք, թե ու՞մ համար են առաջին հերթին պատասխանատու, միանշանակ կպատասխանեն, որ իրենց երեխաների: Ամեն մեկն առաջնահերթ պետք է պատասխանտու լինի ինքն իր անձի հանդեպ: Դա եսասիրություն չէ, որովհետև երեխային հարկավոր է առողջ մայր, ամուսնուն` առողջ կին, ծնողներին` առողջ դուստր: Սակայն մեր հայ կանայք ամեն ինչ կանեն հանուն իրենց երեխաների բարօրության, իսկ իրենց առողջությանը հետևելու համար ժամանակ չեն գտնում: Բայց այսօր կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող ենք կախարգելել և չհասցնել վատթարագույն վիճակի: Ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը և դրա հետագա բարդությունները, քան այն բուժելը:
Եղեք առողջ, սիրելի՛ կանայք, սիրե՛ք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն և ամենայն բարիք:
ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԷ
Մեր հյուրասրահը հյուրընկալել է 2014 թվականին «Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով լավագույնը ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ով 2003 թվականից մինչ օրս աշխատում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:
-Պարոն Կարապետյան, կխնդրենք մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:
-1998 թվականին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Կլինիկական օրդինատուրան անցել եմ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում», որտեղ աշխատում եմ էնդոսկոպիկ վիրաբուժության ներդրման օրվանից: Այնուհետև էնդոսկոպիկ վիրաբուժության ոլորտում մոտ մեկ տարի վերապատրաստվել եմ Մոսկվայում: Այս տարիների ընթացքում բազմաթիվ վերապատրաստումներ եմ անցել տարբեր երկրներում` Ճապոնիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում:
- Ձեր կարծիքով՝ գերզարգացա՞ծ է տեխնիկան ձեր բաժանմունքում:
- Վստահորեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը: Գրեթե չկա էնդոսկոպիկ եղանակով կատարվող այնպիսի վիրահատական միջամտություն, որը չիրականացվի մեր կլինիկայում։ Մեզ մոտ կատարվող վիրահատություների մոտավորապես 90-95 տոկոսը այնպիսի վիրահատություններ են, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, իսկ հիմա կատարվում են առանց այդ կտրվածքի: Վիրահատական միջամտության հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում` 1 օր, դրան հետևում է ապաքինումը, և հիվանդը դուրս է գրվում: Ասեմ, որ կարող են լինել նաև հետվիրահատական բարդություններ, բայց մենք աշխատում ենք, որ նման բան չլինի:
- Պարոն Կարապետյան, Ձեր կլինիկա ավելի շատ ի՞նչ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում են դիմում:
- Պատկերացրեք, որ դիմում են գործնականում գինեկոլոգիական ճյուղի բոլոր հարցերով` սկսած անպտղությունից, բնածին արատներից և այլն և այլն: Կցանկանամ հատկապես շեշտադրումը դնել այն վիրահատություների վրա, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, օրինակ, բնածին արատներից՝ երկխոռոչանի արգանդ, ներարգանդային խիտրոցի հեռացումը հիմա կատարվում են էնդոսկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 15-20 րոպե: Նախկինում, երբ կատարվում էր որովայնային կտրվածքով, տևում էր մոտավորապես 2 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը՝ մի քանի ժամ: Ասեմ, որ այսօրվա էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունները բավականին արդյունավետ են, դրանից հետո էլ ապագայում կանայք կարող են ծննդաբերել:
-Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:
-Այո, համագործակցում ենք Ֆրանսիայի կլինիկաների հետ, տարին 1-2 անգամ ունենում ենք հյուրեր այնտեղից: Կատարվում է փորձի փոխանակություն միմյանց հետ, մենք ենք գնում նրանց մոտ: Համագործակցում ենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Ասեմ նաև, որ գրեթե ամեն տարի Վրաստանում տարբեր երկների բժիշկների հետ մասնակցում ենք կոնֆերանսների, ցուցադրական վիրահատությունների, որոնք էլ իրենց հերթին մեզ թույլ են տալիս հասկանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվում և կատարվել վիրաբուժության մեջ:
- Եվ ի՞նչ կմաղթեք վերջում մեր կանանց:
- Առաջին հերթին կցանկանայի, որ մեր հանրության մեջ ձևավորվեր բժշկին դիմելու կուլտուրա, որ ժամանակին մարդիկ հետազոտվեն, ինչը թույլ կտա խուսափել շատ հիվանդությունների բարդացումներից: Առնվազն տարին մեկ անգամ կինը պետք է դիմի բժշկին զուտ պրոֆիլակտիկ հետազոտման համար: Հավատացեք, որ այդ դեպքում զգալիորեն կպակասի հետագա բարդացումների հավանակությունը, ու հիվանդությունների բուժումն ավելի հեշտ և ժամանակին կլինի:
Կցանկանամ, որ կանայք երջանիկ, սիրված լինեն, իսկ կանացի երջանկության համար, կարծում եմ, շատ բան պետք չէ:
Սիրելի կանայք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ:
Սրտաբանության ճյուղի համար վստահորեն կարող եմ հավաստել, որ մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ
Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ և հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր ստեղծված են բոլոր պայմանները սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման և լիարժեք բուժման համար: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:
Մեր զրուցակիցը <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունքի ինտերվենցիոն-սրտաբան, ներանոթային վիրաբույժ ՇԱՀԵՆ ՏՈՌՈԶՅԱՆՆ է, ով, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Բարեհամբույր և հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող մի մարդ, ով ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլև իսկապես արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:
- Պարո՛ն Տոռոզյան, ի՞նչ կարծիքի եք՝ բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե՞ կոչում:
- Ամեն դեպքում կոչում է, բայց մասնագետների համար: Եթե հարցին գլոբալ մոտենանք, ապա կան բժիշկներ, ովքեր զբաղված են չակերտավոր բժշկությամբ, որոնք, իրականում մասնագետներ չեն: Բայց այն մասնագետի դեպքում, ով այդ կոչումը և պարտականությունը վերցրել է իր վրա, հասկանում է հարցի լրջությունը, կարող է համարվել և՛ մասնագիտություն, և՛ կոչում:
- Բժի՛շկ, համամիտ չե՞ք այն մտքի հետ, որ ընտրել եք մի մասնագիտություն, որի դեպքում շատ ռիսկային ու պատասխանատու աշխատանք է պահանջվում Ձեզանից:
-Իհարկե, շատ պատասխանատու և ռիսկային գործ է, քանի որ մտածում ես հիվանդների համար և այդ ամբողջ պատասխանատվությունը քեզ ուղեկցում է ողջ կյանքիդ ընթացքում: Այն բավականին լուրջ բեռ է, հավատացեք, որը մինչև անգամ գիշերները կարող է քեզ հետևել: Փառք Աստծո, իմ խիղճը այս պահին բավականին հանգիստ է, արել եմ այնքան, ինչքան որ իմ ուժերը ինձ ներել են:
- Ձեր մասնագիտական փորձում սիրտ-անոթային հիվանդությունների ո՞ր տեսակներն են հիմնականում հանդիպում, և որո՞նք են դրանց առաջացման պատճառները:
-Մեր փորձում, մասնավորապես՝ նեղ մասնագիտական, ավելի շատ մեզ դիմում են սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդներ, քանի որ մինչ այդ փուլին հասնելը տարբեր պոլիկլինիկաների բժիշկների կամ ստացիոնար սրտաբանների հսկողության տակ են լինում: Նրանք մեզ դիմում են սրտաբանների ուղեկցությամբ կամ առանց նրանց սրտի իշեմիկ հիվանդության կամ դրա բարդությունների դեպքում: Այս օրերին այդ նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը և բժշկության ճյուղի կատարելագործմանը համընթաց մենք հանդիպում ենք նաև այլ սիրտ-անոթային պաթոլոգիաների, օրինակ պերիֆերիկ անոթների: Բայց նշեմ, որ հիմնականում մեզ դիմելության և ավելի լայն տարածում գտածն այսօր սրտի իշեմիկ հիվանդությունն, որը երիտասարդացել է ապրելակերպի, կենսակերպի, սթրեսների, ախտորոշման կատարելագործման արդյունքում:
Եթե ժամանակին շատ հիվանդներ ստանում էին սրտամկանի կաթված հաշմանդամություն, ապա հիմա նրանք ավելի մեծահասակ տարիքում համարվում են սրտային խնդիրներով հիվանդներ: Հանկարծամահությունը երիտասարդ տարիքում այդպես էլ չի ախտորոշվում որպես սրտային պաթոլոգիա: Եթե նախկինում շատ հիվանդներ ունենում էին սրտամկանի կաթված բավականին բարձր մահացության և հաշմանդամության ցուցանիշներով, այժմ հիվանդությունը ախտորոշվում է ավելի վաղ տարիքում, սակայն ունի կյանքի որակի և տևողության ավելի հուսադրող ցուցանիշներ: Ինչպես նաև շատ են դեպքերը, երբ վաղ հայտնաբերվում և կանխագելվում են բարձր հանկարծամահություն ունեցող հիվանդություններ: Այնպես որ շատ են դեպքերը, երբ ոչ թե հիվանդությունն է երիտասարդացել, այլ ախտորոշումն է վաղ կատարվոմ: Արդի բժշկության համակարգի և նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, և, ինչու չէ, նաև մեր հասարակության մտածելակերպի բարձրացման շնորհիվ արդեն վաղ են ախտորոշվում առկա խնդիրները, որոնք դեռ կան, դեռ ամբողջովին վերացած չեն: Դրա մեջ որոշակի դեր ունի նաև առողջապահության առաջին օղակի` պոլիկլինիկաների անվճար ծառայությունները: Ուրախալի փաստ եղավ, որ 2015թ. հունվար ամսից արդեն սուր սրտի կաթվածի դեպքում պետության կողմից պետպատվերի շրջանակներում հիվանդները ստենտավորվում են, բայց, ցավոք սրտի, լինում են հիվանդներ, որոնք չեն գնահատում դա, մինչդեռ դա արվում է առողջապահության համակարգի կողմից իրենց համար: Ցավալի է նաև նշել այն փաստը, որ դա կապված է մեր հասարակության մտածելակերպի հետ, որ եթե անվճար է, ուրեմն՝ անորակ է, ինչը, սակայն, ժամանակին միլիոնների ծախսերի խնդիր է եղել: Այսինքն՝ հասարակությունն իր առողջության հանդեպ հետևողական չէ: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, չգիտես ինչու, չեն շարունակում դեղորայք ընդունել: Սակայն, երբ հարցը կապված է գումարների հետ, ապա այդ դեպքում պարտաճանաչ դեղերը խմում են և հետևողական են իրենց անձի նկատմամբ: Ստեղծվում է տպավորություն, որ նրանք մտածում են ոչ թե իրեն առողջության, այլ իրենց ծախսած գումարների մասին:
Ավելացնեմ, որ մենք այդ խնդրի շուրջ օր ու գիշեր բավականին լուրջ աշխատանքներ ենք տանում, որպեսզի գնահատվի հիվանդների մեջ առաջինն իրենց իսկ առողջությունը: Չեմ էլ կարող հերքել, որ մեր հասարակության մեջ գոյություն ունի հիվանդների մի ստվար խումբ, որոնք, իրոք, շնորհակալ են լինում մեր տարած աշխատանքերի համար:
-Ովքե՞ր կարող են համարվել սիրտ-անոթային հիվանդության ռիսկային խումբ: Ի՞նչ է արվում նրանց շրջանում հիվանդության առաջացումը կանխարգելելու համար:
-Ռիսկային խումբ կարող են համարվել նրանք, ովքեր ամեն օր կապված են սթրեսային իրավիճակների և նստակյաց աշխատանքի հետ, ինչպես նաև շաքարային դիաբետով տառապողներն ու ծանրաբեռնված ժառանգականություն ունեցողները:
Նպաստող գործոններ կարող են համարվել նաև ոչ առողջ սնունդը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը: Կանխարգելման աշխատանքները, կարծում եմ, պետք է գլոբալ մասշտաբով կատարվի, տարվի առողջ ապրելակերպի քարոզչություն, որը, ցավոք սրտի, քիչ է նկատվում թե՛ Առողջապահության նախարարության, թե՛ հեռուստատեսության, և թե՛ ինտերնետ պորտալի կողմից: Ինձ թվում է՝ այդ ուղղությամբ պետք է մասսայական միջոցառումներ իրականացնել: Նոր-նոր մշակվում են նախագծեր մասսայական տեղերում ծխել չթույլատրելու, ծխախոտի գնի բարձրացման ուղղությամբ: Իմ կարծիքով, պետք է առաջնահերթ հասարակության հուսալիության և հավատի բարձացման ուղղության վրա աշխատել դեպի առողջապահության առաջնային օղակի` պոլիկլիկաների հանդեպ, որովհետև բոլորս տեղյակ ենք, որ հիմնականում նրանց ծառայություններից օգտվում են թոշակառուները կամ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ: Պետք է տարին գոնե երկու անգամ կանխարգելման նպատակներով դիմել բժիշկների հետագա բարդություններից խուսափելու համար: Այդ օղակում նույն տեխոլոգիաներն ու նույն որակի սրտաբաններն են աշխատում, որոնք որակով չեն զիջում հիվանդանոցային պայմաններին և հիվանդանոցներում աշխատող բժիշկներին: Լինում են դեպքեր, երբ մի քիչ բարդ, խճճված հիվանդագին երևույթներն են ի հայտ գալիս: Այդ դեպքերում, երբ տեսնում են առաջնային խնդիր, իրենք են հիվանդին ուղարկում մեզ մոտ: Կան նաև դեպքեր, երբ հիվանդներն ունենում են ստացիոնար հետազոտման անհրաժեշտություն: Պոլիկլինիկաներում առաջնային խորհրդակցություն հիմնականում իրականացնում են բարձր մակարդակով, իսկ թե ինչի հետ է կապված հասարակության անվստահությունը՝ հստակորեն այդ հարցին չեմ կարող պատասախանել: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է, որն էլ աստիճանաբար կկարգավորվի:
-Բժի՛շկ, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Շատ դժվար է առանց վերապատրաստումների, առանց ամենօրյա կատարելագործման շարունակել միշտ մնալ արդի ռիթմի մեջ: Այս օրերին ինտերներտը ևս նպաստում է, որ ետ չմնանք այդ հոսքից:
Մասնակցություն ենք ունենում ինչպես կարճատև համաժողովների, վերապատրաստման ծրագրերի, այնպես էլ արտերկրում կազմակերպվող կատարելագործման ծրագրերի: Այդ առումով <<Էրեբունի>> բժշկական կենտրոնը քայլում է ժամանակի պահանջներին համընթաց: Կենտրոնն իր վրա է վերցրել պարտականություն դրսից մասնագետներ բերելու, որոնք գալիս են մեզ ներկայացնելու իրենց բավականին լուրջ աշխատությունները: Մոտ ապագայում նախատեսվում է եվրոպական երկրներում նորարարություններին մասնակցություն ունենալու և նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրման ծրագրեր: Նշեմ, որ պլանավորում եմ նաև մոտ մեկ ամիս բավականին տևական վերապատրաստման կուրս անցնել Ֆրանսիայում` Փարիզում: Բայց ժամանակից առաջ չընկնենք, մանրամասների մասին կխոսենք հետագայում` վերադարձից հետո:
-Ի՞նչ կանխագելիչ միջոցներ կառաջարկեք սիրտ-անոթային հիվանդությունների հետագա բարդացումներից խուսափելու համար:
-Կանխարգելման համար ամենակարևորը առողջ ապերակերպ վարելն է, պարբերաբար կապի մեջ լինել բժիշկների հետ, կատարել առաջնային հետազոտություններ գոնե տարին մեկ անգամ և, ինչու չէ, դա վերաբերում է նաև առողջ մարդկանց: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ:
-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Չգիտեմ, որպես վերջաբան ասեմ, թե որպես հորդոր, խնդրանք կամ պահանջ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Ցավալի են դեպքերը, երբ համեմատական շառավիղներ են տանում արտերկրի բժշկության հետ՝ առավել գնահատելով նրանց: Մենք` բժիշկներս, օրվա 24 ժամը աշխատում ենք, որ մեր հիվանդների համար անենք լավագույնը: Հավատացեք, դա դոգմա չէ և միշտ չէ, որ արտերկրի բժիշկները մեր բժիշկներից որևէ մասնագիտական հարցով առավել են: Ես այսօր սրտաբանության ճյուղի համար վստահորեն կարող եմ հավաստել, որ մենք համընթաց քայլում ենք եվրոպական երկրների հետ, որ ոլորտում բավականին լուրջ քայլեր ենք անում: ԱՊՀ կամ նախկին ԽՍՀՄ երկրիների հետ համեմատական կարգով բավականին բարձր դիրքերում ենք գտնվում: Որպես վերջաբան՝ կոչ եմ անում մեր հայրենակիցներին. սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգևը՝ կյանքը:
Կարծում եմ, հույսեր կան, որ մոտ ապագայում դեռ ամեն ինչ լավ է լինելու
Ներկայում, ըստ հիվանդացության և մահացության, աշխարհում առաջին հորիզոնականում են սիրտ-անոթային հիվանդությունները: Սրտաբանությունը զբաղվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Սրտային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը յուրաքանչյուր պետության բուժծառայության գլխավոր խնդիրն է:
Մեր զրուցակիցն է կլինիկական և մանկական կլինիկական սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիայի և սրտաբանության բաժանմունքի առիթմոլոգ-սրտաբան ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, որը, լինելով չափազանց փխրուն արտաքինով կին, իր ուսերին է ստանձնել բժշկի պատասխանատու և ռիսկային մասնագիտությունը:
- Տիկին Հովակիմյան, ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք դառնալ բժիշկ և ինչպե՞ս ընտրեցիք հենց սրտաբանի մասնագիտությունը:
- Եթե խոսենք բժիշկ դառնալու որոշման մասին, ապա դա շատ պարզ է եղել: Մեր ընտանիքի մեծ գերդաստանում բազմաթիվ բժիշկներ ենք ունեցել. բժշկի մասնագիտությունը միշտ գրավել է ինձ և փոքր տարիքից էլ ինձ համար պարզ է եղել, որ այդ մասնագիտությամբ պետք է զբաղվեմ: Իսկ ինչ վերաբերում է նեղ մասնագիտացմանը, ապա այս որոշում կայացնելն ավելի գիտակից տարիքում է եղել: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն ավարտելուց հետո փորձեցի հասկանալ, թե որ ասպարեզում է, որ կկարողանամ համաշխարհային մակարդակին մոտ կրթություն ստանալ և ընտրեցի սրտաբանությունը: Այդ տարիներին՝ 2004թ.-ին, սրտաբանությունը բուռն ծաղկում էր ապրում Հայաստանում շնորհիվ մի մարդու, ով հիմնադրել էր այն դրանից մոտավորապես 15 տարի առաջ, և ոչ ոքի համար դա գաղտնիք չէր: Խոսքս հայտնի սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանի մասին է: Եվ ես, ոգեշնչվելով իր կատարած և ավանդած գործից, որոշեցի դառնալ սրտաբան:
- Բժշկուհի՛, Ձեր կարծիքով, արդյոք Ձեր կլինիկան տեխնիկապես գերզարգացած է:
- Կարծում եմ, Հայաստանում, ինչ վերաբերում է տեխնիկային և սարքավորումներն, ապա անհրաժեշտ ամեն ինչ առկա է հիվանդին արդի բուժօգնություն մատուցելու համար: Ուղղակի կցանկանայի նշել այն փաստը, որ տեխնիկական հագեցվածությունը հարցի միայն մի կողմն է, այսինքն` եթե մենք ուզում ենք ստանալ լավագույն արդյունք՝ առողջ, բուժված մարդ, ապա միայն սարքավորումների առկայությունը բավարար չէ: Դա մի քանի մասերից բաղկացած գործընթաց է, որի հիմքում ընկած են լավ մասնագետը և անհրաժեշտ սարքավորումները: Շատ կարևոր է նաև, թե տվյալ պահին ինչպես են ընթանում բուժօգնության մատուցման զանազան գործընթացները: Շատ կարևոր է դրանց որակը, որը պետք է ժամանակ առ ժամանակ լինի վերահսկելի, դինամիկայում բարելավվող, այսինքն` ասելիքս այն է, որ միայն մասնագետ և լավ սարքավորումների առկայությունը դեռևս բավարար չէ լավագույն արդյունք ստանալու համար: Բուժօգնության գործընթացը նույնպես ոչ պակաս կարևոր է, քան նրա կազմակերպումը:
- Կխնդրեի մի փոքր խոսեինք սրտի բնածին արատների մասին:
- Խոսելով սրտի բնածին արատների տարածվածության մասին՝ նշեմ, որ բնակչության մոտավորապես 1000-ից մեկը ախտահարվում է բնածին արատներով, և դա ձևավորում է պտղի ներարգանդային կյանքի ընթացքում: Մարդու սիրտը ձևավորում է հղիության 3-12 շաբաթների ընթացքում և այդ ձևավորման անոմալիաների արդյունքում առաջանում է բնածին սրտի արատներ: Դրանք կարող են շատ տարբեր լինել, սկսած թեթև արատներից, ինչպիսին է՝ միջնախասրտային միջնապատի դեֆեկտը, որի մասին մարդը կարող է նույնիսկ չիմանալ և ապրել մինչև մեծահասակ տարիք, վերջացրած ծանր կոմպլեքս կյանքի հետ անհամատեղելի արատներով, որոնց դեպքում ծնված առաջին իսկ օրվանից պահանջվում է շտապ բուժօգնություն: Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում մեծ աճ է ստանում բնածին արատների թե' վիրաբուժական, թե' սրտաբանական միջամտության ներանոթային եղանակներով բուժումը: Ի ուրախություն մեզ՝ կարող ենք ասել, որ հիմա ունենք մի նոր բնակչության զանգված, որոնց մոտ ժամանակին եղել է բնածին արատ, հետագայում շտկվել է, և որոնք այժմ այլևս չունեն մեր խնամքի կարիքը իբրև առաձին մի խումբ, որոնք յուրահատուկ մոտեցումներ էին պահանջվում: Եվ ընդհանրապես ամբողջ աշխարհում այս ուղղությունն արդեն մի փոքր առաձնանում է: Բնածին արատով մեծահասակները, որոնց մոտ մանկահասակ տարիքում շտկվել է իրենց արատը, և հիմա կարիք ունեն մշտական հսկողության, ժամանակ առ ժամանակ որոշ բժշկական միջամտություններ են ստանում, որոնք վերահսկվում են հատուկ բժիշկների կողմից, այդ բժիշկներն էլ իրենց հերթին մասնագիտացված սրտաբաններ են և ունեն տարիների փորձ թե' մանկահասակների, թե' մեծահասակների բուժման շրջանում:
- Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք կարող են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման աղբյուր դառնալ:
- Եթե նորից փորձենք խոսել բնածին արատների մասին, ապա ոչ ոք չի կարող միանշանակ ասել, թե որոնք են դրանց առաջացման պատճառները: Մենք միայն գիտենք, որ գոյություն ունեն որոշ գործոններ, որոնք կարող են նպաստել դրանց առաջացմանը: Օրինակ՝ հղիության ժամանակ մոր կրած հիվադությունները, կամ որոշ դեղորայքների օգտագործումը: Սակայն կոնկրետ պատճաններն այս դեպքերում նշել հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է մեծահասակների հիվանդություններին, կոնկրետ այս դեպքերում սրտի իշեմիկ հիվանդություններին, ապա դրանց պատճառները հայտնի են և շատ պարզ: Դա մի մեծ խումբ է, որոնց վրա սրտաբանները աշխատում են միշտ, ամեն օր և պայքարում փոփոխությունների ենթարկել դրանց նպաստող գործոնները, որոնց շարքում են հիմնական հետևյալ 4 գործոնները՝ ծխելը, զարկերակային հիպերտենզիան, գերքաշը և ադինամիան:
- Եղանակային փոփոխությունների դեպքում սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են սրացում ստանում:
- Ընդհանրապես սրտաբանները շատ սիրում են ամռան ամիսները, երբ զարկերային ճնշումը ցածր է և սրացումների շատ հազվադեպ ենք հանդիպում: Տվյալ հիվանդություններն իրենց գագաթնակետին են հասնում տարվա ցուրտ եղանակին, քանի որ ցրտաշունչ եղանակին մարդկանց մոտ զարկերային ճնշումը սկսում է բարձրանալ անոթների սպազմի արդյունքում, և ինչ-ինչ սուր կլինիկական խնդիրներ կրում են իրենց կլինիկական արտահայտությունները, որոնց արդյունքում մեծանում են սրտի կաթվածի հավանականությունը, ինչպես նաև զարկերակային հիպերտենզիայի, սրտային անբավարարության դեկոմպենսացիան և տարբեր ռիթմային խանգարումներ, օրինակ՝ շողացող առիթմիայի առաջացման հավանականությունը:
- Բժշկուհի՛, արդյոք հնարավոր է սրտամկանի կաթվածը բուժել դեղորայքային բուժման օգնությամբ:
- Խնդիրն այն է, թե արդյոք դա կայացած իրավիճակում է, թե՝ ոչ: Եթե մարդ գտնվում է սրտի կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտային իրավիճակում, ապա դեղորայքային բուժումը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Միանշանակ, տվյայ վիճակում գտնվող անձին անհրաժեշտ է ներանոթային միջամտություն, որովհետև սրտի կաթվածը ոչ այլ ինչ է, քան սրտամկանը սնուցող զարկերակի փակվելը, որն էլ ներանոթային ճանապարհով կարելի է բացել, կանխարգելել, կամ գոնե արդյունքը բարելավել: Եթե մենք խոսում ենք կանխարգելելու մասին, ապա ժամանակին ընդունած դեղորայքային բուժումը, ճիշտ կենսակերպը, քաշին հետևեը, չծխելը, ֆիզիկական ակտիվությունը, իհարկե, կարող են որոշակի տոկոսով կանխարգելել սրտամկանի կաթվածի հավանականությունը:
- Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ մակարդակի վրա է մեր երկրում բժշկին դիմելության կուլտուրան:
- Ցավոք սրտի պետք է նշեմ, որ մենք շատ փայլուն իրավիճակում չենք գտնվում, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունները, ինչպես ցանկացած այլ հիվանդություն, ավելի հեշտ և մատչելի է կանխարգելելը, քան բուժելը: Եթե մենք ունենայինք զարգացած առաջնային օղակ` ընտանեկան բժշիկներ, որոնց դիմելով մարդիկ կկարողանային կանխարգելել դեռ չառաջացած սիրտ-անոթային հիվանդությունների առաջացած խնդիրները, այդ դեպքում սրտաբանների, որպես նեղ մասնագետների գործը երրորդային օղակում շատ ավելի թեթև կլիներ և ընդհանրապես առողջապահական համակարգի ծախսը կնվազեր: Քանզի շատ ավելի հեշտ է մարդուն համոզել, որ չծխի և դրանով իսկ կանխարգելի հետագա ծառացող վտանգը, քան թե սրտի կաթվածի մեջ գտնվող հիվանդին բուժել թանկարժեք դեղորայքների և սարքավորումների միջոցով: Ցավոք, մեր ազգը շատ ուշ է դիմում բժշկի. կոպիտ ասած, երբ դանակը հասնում է ոսկորին: Բայց եկեք փորձենք համեմատվել ինքներս մեզ հետ, ոչ թե այլ զարգացած երկրների: Կարծում եմ, եթե համեմատենք վերջին 10 տարիների արդյունքները, կտեսնենք, որ մենք այդ իմաստով ունենք որոշ չափով դրական տեղաշարժ. մարդիկ դարձել են ավել զգոն իրենց առողջության նկատմամբ, ավելի շատ են սկսել հետևել իրենց առողջությանը և կենսակերպին: Կարծում եմ, հույսեր կան, որ մոտ ապագայում դեռ ամեն ինչ լավ է լինելու:
- Որո՞նք են Ձեզ համար կյանքի մնայուն արժեքները:
- Յուրաքանչյուրս պետք է ձգտենք հայտնվել այն տեղում, որտեղ ցանկանում ենք հայտնվել և որտեղ իսկապես կարող ենք ինքնահաստատվել ու զբաղվել այն աշխատանքով, ինչով ուզում ենք զբաղվել: Ինչքան էլ որ բանալ լինի, ես կարծում եմ, որ առողջությունը կարևորագույն արժեք է, որն անպայման պետք է արժևորել, պահպանել և ծաղկեցնել: Խոսքը չի վերաբերում միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր առողջությանը. խուսափենք բոլոր վնասակար գործոններից, որոնք կարող են նպաստել և վատթարացնել վիճակը:
Մեր մասնագիտությունը մեզ միշտ պահում է սթափ, զգոն վիճակում
Տարվա սեզոնային փոփոխությունների ժամանակ, հատկապես գարնանը սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք դառնում են մահացության հիմնական պատճառը։ Դրանց կանխարգելումը և բուժումը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական բնույթ է կրում, քանի որ դրանք ոչ միայն մահացության, այլև հաշմանդամության պատճառ են դառնում։ Վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվում իջեցնելու մահվան այս ցուցանիշը և հնարավորինս օժանդակելու բնակչությանը, ավելի հասանելի դարձնելու բուժումը հատկապես ժամանակակից մեթոդներով։ Մեր զրուցակիցն իր ոլորտում երկար ու բովանդակալից տարիների փորձ ունեցող, Երևանի Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան ԼՅՈՒԴՄԻԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:
-Տիկի՛ն Վարդանյան, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:
-Իմ մասնագիտությունն ինձ համար բրենդ է, որը եղել է և միշտ էլ կմնա իմ կյանքի նպատակը: Երբ սկսել եմ սրտաբանի ուղին, պրոֆեսոր Ռաֆայել Ստամբուլցյանի ղեկավարությամբ անցել եմ ինտերնատուրան՝ ստանալով շատ հարուստ գիտելիքներ, որոնք մինչ օրս օգտակար են և բավարար իմ աշխատանքային գործունեության կազմակերպման գործում: Այսօր էլ նրա ամեն մի խոսքը, խորհուրդը հիշում եմ: Եվ ես ոչ մի անգամ, ոչ մի օր չեմ շեղվել իմ մասնագիտությունից, ձգտել եմ անընդհատ կատարելագործվել և միանշանակ կարող եմ ասել, որ իմ մասնագիտության մեջ ինձ ավելի ու ավելի վստահ եմ զգում:
-Ձեր բաժանմունք սիրտ-անոթային ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում:
-Նախ ասեմ, որ անոթային խնդիրներն ամբողջ աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում. դա զարկերակային արտերիալ հիպերտենզիան է, աթերոտրոմբոզը: Այս հիվանդությունների ռիսկայնությունը ավելի մեծ է, մահացության հավանականությունը՝ շատ, եթե, իհարկե, ժամանակին չդիմեն կանխարգելիչ միջոցների:
-Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկային խումբ տղամարդի՞կ են համարվում, թե կանայք:
-Միշտ ընդունված է ասել, որ տղամարդկանց մոտ ավելի շատ են նկատվում նման խնդիրներ, քան կանանց մոտ: Կանանց մոտ արդեն ավելի շատ հորմոնալ ֆունկցիայի խանգարման մասին է խոսքը գնում: Օրինակ, կանանց դաշտանի և դաշտանադադարի ժամանակ է այդ խնդիրը ավելի ակնառու լինում: Կանայք այդ ժամանակ ավելի գերզգայուն են դառնում, իսկ տղամարդիկ երիտասարդ տարիքում, կոպիտ ասած, նման պաշտպանության չունեն, և նրանց մոտ ավելի վաղ հասակում են արտահայտվում նմանատիպ խնդիրները: Ամեն դեպքում տղամարդիկ և կանայք ռիսկայնության առումով հավասար մակարդակի վրա են: Մենք այսօր կարողանում ենք արդյունավետ բուժում իրականացնել նաև ինվազիվ մեթոդով, այսինքն՝ ստենտի միջամտությամբ: Դա իրականացվում է այն դեպքում, երբ նևրոզն այդքան չի խորացել, որն իր հերթին արդեն սրտամկանը կվնասեր: Եթե ժամանակին կատարվի միջամտությունը, այն կարող է սրտամկանը փրկել: Եվ այդ մեթոդը տարածված է ամբողջ աշխարհում: Մեր կլինիկայում չի իրականացվում վիրահատական միջամտություն, և սրացած խնդիր լինելու դեպքում մեր հիվանդներին ուղարկում ենք Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ ցուցաբերվում է համապատասխան բուժօգնությունը:
-Բժշկուհի՛, իսկ ի՞նչ կանխագելիչ միջոցներ կառաջարկեք սիրտ-անոթային հիվանդությունների հետագա բարդացումներից խուսափելու համար:
-Մարդիկ ժամանակ առ ժամանակ պետք է անպայման գան հետազոտության, ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: Մինչդեռ դա չի արվում, որովհետև մեզ մոտ դիմելիության կուլտուրան շատ ցածր մակարդակի վրա է: Ես ստույգ չեմ կարող ասել՝ դրա պատճառը ազգային մտածելակե՞րպն է, թե սոցիալապես անապահով լինելը: Կարծում եմ, որ արտերկրների նման Հայաստանում էլ պետք է զարգանա առողջապահական ապահովագրությունը, և այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր արվում են:
-Իսկ ինչպիսի՞ մակարդակ ունի մեր առողջապահական համակարգն ընդհանրապես:
- Ես միայն մեր` սրտաբանության ճյուղի մասին կարող եմ ասել: Կարող եմ նշել, որ գոհ եմ մեր ոլորտի մակարդակից, քանի որ ունենք լավ գիտելիքների բազա, նկատվում է առաջադիմություն, զարգացում: Հիվանդը պետք է պարզապես բժշկին դիմելու ցանկություն ունենա թեկուզև պրոֆիլակտիկ նպատակով, բայց, ցավոք, դիմում են այն դեպքում, երբ բավականին ուշ է լինում, և արդեն անչափ դժվար է լինում լավագույն արդյունքի հասնել: Չնայած ամեն դեպքում մեր բժիշկները ջանք ու եռանդ չեն խնայում, ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան փրկել հազարավոր մարդկային կյանքեր: Մեր մասնագիտությունը մեզ միշտ պահում է սթափ, զգոն վիճակում, քանի որ գործ ունենք կարևորագույն օրգանի հետ:
-Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Իհարկե, բայց ինձ արդեն ազատել են այդ գործընթացից, որովհետև արդեն շատ տարիների կրեդիտներ ունեմ: Շատ ուրախ եմ, որ անցած ամիս Պրահայում մասնակցեցի <<Նորություններ սրտաբանության մեջ>> խորագրով եռօրյա կոնֆերանսի, ստացա սերտիֆիկատ: Մեր երկրում՝ <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում էլ վերջերս առիթմոլոգների բավականին լավ կոնֆերանս կազմակերպվեց Համլետ Գրիգորևիչի և Միհրան Մարտիրոսյանի հետ համատեղ: Հրավիրված էր առիթմոլոգ Իսրայելից, որն ուներ մասնագիտական կլինիկա նաև Գերմանիայում: Ես ուրախալի փաստ եմ համարում երիտասարդների մասնակցությունն այդ կոնֆերանսին:
-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ մարդիկ ընդհանրապես առողջական խնդիրներ չունենան, բայց լուրջ վերաբերմունք ցուցաբերեն իրենց առողջական վիճակի նկատմամբ և ժամանակ գտնեն պրոֆիլակտիկ նպատակներով դիմելու բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Ավելի դյուրին և մատչելի է հիվանդությունը կանխարգելել, քան թե այն հասցնել վատթարագույն վիճակի
Սրտաբանների կարծիքով Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, բայց դա գլոբալ խնդիր է, որի գործոնները լինում են կառավարելի և ոչ կառավարելի։ Առաջինի շարքում են ժառանգականությունը և վատ էկոլոգիան, երկրորդի շարքում՝ ոչ առողջ ապրելակերպը, վատ սովորությունները, ինչպես նաև հիպերտոնիան և արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Մեր զրուցակիցն է սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, եվրոպական սրտաբանների միության, եվրոպական առիթմոլոգների ասոցիացիայի անդամ, Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի նախագահ, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժանմունքի հիմնադիր և ղեկավար ՍՎԵՏԼԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-Տիկի՛ն Գրիգորյան, բժշկի մասնագիտություն ընտրելը շատ պատասխանատու և ռիսկային գործ է, ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:
-Երբ գերազանցությամբ ավարտեցի Անտոն Չեխովի անվան դպրոցը, մտքովս էլ չէր անցնում, որ կընտրեմ բժշկի մասնագիտությունը: Դա իմ մայրիկի երազանքն էր, որն էլ ինձ ստիպեց գնալ այդ քայլին: Ընդունվեցի Մխիթար Հերացու անվան ինստիտուտ, գերազանցությամբ ավարտեցի այն: Այդ տարիներին նորաձև էր ասպիրանտուրա ընդունվելը, ասում էին՝ կմնաս ամբիոնում, բայց իմ մայրիկն ու ամուսինը, որը նույնպես բժիշկ է և ինձնից ավելի շատ փորձ ունի, այսպես ասած, ինձ շեղեցին՝ համոզելով, որ ճիշտը մարդկանց հետ անմիջականորեն աշխատելն է: Անցան տարիներ, և ես հասկացա, որ բժշկի աշխատանքից ավելի շնորհակալ գործ չկա: Հիվանդն այնպիսի հույսով, հավատով է քեզ նայում, որ դու արդեն մեծ պարտավորվածություն ես զգում քեզ վրա:
-Սիրտ-անոթային հիվանդություններից որո՞նք են ավելի ռիսկային համարվում, ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում:
-Մեզ շատ-շատ են դիմում առիթմիաների դեպքում: Ընդ որում, հաճախ մարդիկ չեն հասկանում, թե առիթմիան որտեղից է ի հայտ գալիս: Դա պարզապես սրտի անհամաչափ աշխատանքն է, և դրանում, այսպես ասած, ոչ միայն սիրտ-անոթային հիվանդություններն են մեղավոր, այլ նաև ճնշման բարձրացումը, նախկինում տարած իշեմիկ հիվանդությունը, ինֆարկտը: Հաճախ դա առաջանում է նաև ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքով, որին շատերն ուշադրություն չեն դարձնում: Ու երբ այդ գործընթացը երկարում է, արդեն սիրտն է ներքաշվում դրա մեջ, ինչն էլ ունենում է իր հետևանքները: Առիթմիաների ամենաշատ հանդիպող ձևերից մեկը շողացող առիթմիան է, որն ինքնըստինքյան վտանգավոր չէ, վտանգավոր են նրա բարդացումները: Մենք աշխատում ենք սերտ կապ հաստատել նևրապատոլոգների հետ, որովհետև, շողացող առիթմայից բացի, ճնշման և մի շարք բարդություների դեպքում գործը կարող է հասնել ինսուլտային վիճակի: 2001թվականից սկսած՝ ունենք տվյալների համապատասխան բազա և մեր պացինետներին տարին մեկ անգամ կանչում ենք հերթական հետազոտության: Մենք մեր բոլոր հիվանդների հետ էլեկտրոնային մշտական կապի մեջ ենք, ու եթե նրանք չեն գալիս, զանգահարում ենք, տեղեկանում նրանց վիճակի մասին: Այդպես ենք աշխատում հատկապես հեռավոր շրջաններում և արտերկում գտնվող մեր պացիենտների հետ, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից:
-Բժշկուհի՛, ելնելով Ձեր աշխատանքային փորձից՝ կարո՞ղ եք ասել, թե որ հիվանդություններն են վերջին տարիներին երիտասարդացում ապրել:
-Միանգամից ասեմ՝ իշեմիկ հիվանդությունը: Երբ ես ասպիրանտուրա էի ընդունվել ակադեմիկոս Ադամյանի մոտ, գալիս էին 60-65 տարեկան ինֆարկտով հիվանդներ, և նրանց համարում էին երիտասարդ, իսկ հիմա նման խնդրով մեզ դիմում են արդեն 20-24 տարեկան երիտասարդներ: Բորբոքային հիվանդությունները, սխալ սննդակարգը, գենտիկան և այս բոլոր մուտացիաները առաջացնում են աթերոսկլերոզ, ինչպես նաև խրոնիկ սթրես: Շատ ժամանակ սովորական առիթմիային ուշադրություն չեն դարձնում, ասում են՝ այն վաղուց է ինձ մոտ, սակայն չեն պատկերացնում, որ տարիների ընթացքում առաջանում են բարդություններ:
-Բժշկությունը ձեր ոլորտում զարգացա՞ծ է, բարդությունների դեպքում արտերկիր դիմելու կարիք զգացվո՞ւմ է:
-Նշեմ, որ արտերկրում նույն բանն են անելու, ինչ որ այստեղ է արվում: Կարդիոթերապիան մեզ մոտ շատ-շատ զարգացած է, ու խորհրդային տարիներին մեր սրտաբանության ինստիտուտը համարվում էր լավագույններից մեկը, որտեղ գալիս էին սովորելու և պաշտպանելու իրենց գիտական թեզերը: ԽՍՀՄ փլուզումից հետո աստիճանաբար այդ, այսպես ասած, բումը կորավ, բայց ուզում եմ նշել, որ ամեն դեպքում գիտությունը երբեք չի կորչում, մարդիկ նորարարություններին համընթաց են քայլում: Գրեթե ամեն տարի Եվրոպայի տարբեր քաղաքներում սրտաբանների եվրոպական կոնգրես է լինում, որոնց համարյա մշտապես մենք էլ ենք մասնակցում: Օրինակ, անցած տարի այն Հռոմում, այս տարի Մարսելում անցկացվեց, մյուս տարի կանցկացվի Մյունհենում: Դրանց մասնակցելը և՛ պատվաբեր է, և՛ մեզ, այսպես ասած, տոնուսի մեջ է պահում: Փառք Աստծո, ինտերնետն էլ մեզ հիանալի հնարավորություն է տալիս համընթաց շարժվել բոլոր նորությունների հետ: Վերջին տարիներին Հայաստանում սկսեց զարգանալ նաև ինվազիվ սրտաբանությունը: 1996թ. սկսած՝ մեր բաժանմունքում տեղադրոմ ենք պեսմեկեր` սրտի ռիթմի կարգավորիչ, երբ սրտի հաղորդչականության խանգարում է լինում: Մարդիկ պետք է միշտ հավատան բժիշկներին, և մեզ գովազդողն էլ հենց մեր հիվանդներն են լինում:
-Բժշկուհի՛, տեղյակ ենք, որ նաև դասավանդում եք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
-Մենք ներկայացնում ենք պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային սրտաբանության կրթության ամբիոնը, որի վարիչը ակադեմիկոս Ադամյանն է, իսկ ես ամբիոնի պրոֆեսորն եմ: Մեզ մոտ 3 տարով գալիս են ուսանելու նորավարտ բժիշկներ, և արդեն այս տարի սեպտեմբերին կունենանք շրջանավարտներ, որը համարում եմ կարևորագույն գործընթաց: Բժշկական համալսարանը տալիս է գիտելիք, բայց մասնագիտացումը տալիս է ամբիոնը, այսինքն՝ բժիշկը սովորում է հիվանդի հետ վարվելու ձևը: Նա չպետք է հույսը դնի տեխնիկայի և գործիքային բուժման վրա, պետք է մտածելու ունակություն ունենա: Ես ավելի քան քառասուն օր եղել եմ բժշկական մենեջմենթի դասընթացների ԱՄՆ-ի 11 նահանգներում, եղել եմ Իսրայելում, եվրոպական մի շարք այլ երկրներում: Եվ ես հասկացա, որ, անկասկած, նրանց մոտ բժշկությունը տեխնիկապես ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, բայց չի կարելի ավտոմատացված աշխատել, խախտել մտածելակերպը, որը կոչվում է կլինիկական մտածելակերպ: Եթե բժիշկը դա չունենա, կարող է տարբեր ժամանակահատվածներում տարբեր բուժումներ նշանակել, բայց իրականում դրանք արդյունավետ չեն լինի: Եվ ընդհանրապես բոլոր ապարատային հետազոտությունները, սարքավորումները ստեղծված են միայն ծառայելու բժշկի մտքին: Եթե համեմատենք ԱՄՆ-ի և Իսրայելի բժշկական համակարգերը, ապա ԱՄՆ-ի նույնիսկ լավագույն կլինիկաներում հիվանդն անցնում է բոլոր հետազոտությունները մի քանի փուլով, ապա նոր միայն բժշիկն առանց հիվանդին ստուգելու բուժում է նշանակում: Բայց Իսրայելում այդպես չէ, և ես շատ հավանեցի նրանց վերաբերմունքը հիվանդի նկատմամբ: Երևի դրա պատճառն այն է, որ բժիշկների մեծ մասը ուսանել է խորհրդային տարիներին, ունի համապատասխան մտածելակերպ և, ձեռքի տակ էլ ունենալով լավ տեխնիկա, տալիս է բուժման փայլուն արդյունքներ: Ես Իսրայելի հետ պայմանագիր եմ կնքել, և արդեն քանի տարի այնտեղ ուղարկում ենք ոչ միայն սիրտ-անոթային խնդիրներ, բորբոքային հիվանդություններ ունեցող, այլև ներվային, ինսուլտ տարած հիվանդների, անպտղություն ունեցող կանանց, և Իսրայելում շատ լավ իրականացվում են վերականգնողական գործընթացները:
- Բժշկուհի՛, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար ի՞նչ կառաջարկենք:
-Ավելի դյուրին և մատչելի է հիվանդությունը կանխարգելել, քան թե այն հասցնել վատթարագույն վիճակի, ապա նոր միայն դիմել բժշկի: Բայց, ցավոք, կանխարգելիչ բժշկությունը մեզ մոտ շատ է կաղում: Հասարակ բան ասեմ. մեր երկրի բնակչության մեկ երրորդը ճնշման խնդիր ունի, որի պատճառները կարող են տարբեր լինել՝ սթրես, սխալ սննդակարգ, քիչ շարժվել և այլն և այլն: Բացի այդ, բուժում ստանալուց հետո հիվանդը չի շարունակում իրեն հետևել: Ընդ որում, մեղավորը ոչ միայն հիվանդն է, այլ նաև պետությունը, որը պետք է ստեղծի մի մեխանիզմ, որպեսզի հիվանդը հնարավորություն ունենա և ի վիճակի լինի միշտ հետազոտվել:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
-Առաջինը՝ առողջություն: Մարդ արարածը պետք է հավատ ունենա, լավատես լինի: Միայն լավատեսության և հավատի դեպքում բոլորս էլ կհասնենք լավագույնին և կատարելությանը: