Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...

Ալեքսանդր Մալայանը Հայաստանի ակնաբուժության կնքահայրն է

 Աչքի հիվանդությունների առաջնային ախտանշանների դեպքում շտապ բժշկի դիմելիս տեսողական օրգանը չվնասելու հավանականությունը ինչ-որ չափով մեծանում է: Բայց… Ուր եւ ում դիմես, երբ չես գիտակցում, թե ինչ խնդիր է առաջացել: Նման իրավիճակում հայտնված հիվանդներին օգնության է հասնում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան: Հայաստանն այն եզակի երկրներից է, որը կարող է հպարտանալ աչքի հիվանդությունների բուժման մեջ գրանցած ձեռքբերումներով, որոնց հետ հաշվի է նստում նաեւ միջազգային ճանաչում ունեցող ակնաբույժների հանրությունը: Իսկ նման մակարդակի հասնելու համար երկարատեւ տարիների աշխատանք է իրականացվել:

 Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքը կազմավորվել է 1978 թվականին եւ ունի հարուստ  ավանդույթներ։ ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ստացած բարձրակարգ ակնաբույժներ, այստեղ կատարվում են ակնային հիվանդությունների տարատեսակ եւ բազմաբնույթ վիրաբուժական միջամտություններ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն:  

-Տիկի´ն Հարութունյան, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի մասնագիտությունը:

- Ճիշտն ասած, որոշում կայացրել եմ դեռ մանկահասակ տարիքում: Ես մեր տան միակ աղջիկն էի, ու, երբ մայրս հիվանդանում էր, ասում էր, որ ես պետք է բժիշկ դառնամ: Նշեմ, որ մեր արմատներում չկան բժիշկներ, եւ ես խախտեցի այդ ավանդույթը: Շատ փխրուն եւ փոքրամարմին աղջնակ էի, եւ հայրս միշտ ասում էր, որ ընտրեմ ավելի թեթեւ մասնագիտություն: Շատ եմ սիրում մասնագիտությունս եւ դրա ընտրության հարցում երբեք չեմ զղջացել եւ չեմ զղջա ու հույս ունեմ, որ  դեռ շատ անելիքներ ունեմ այս բնագավառում:

-Բժշկուհի´, ի՞նչ ծառայություններ են մատուցվում Ձեր բաժանմունքում:

-Մանկական բաժանմունքը լայնածավալ գործունեություն իրականացնող բազմապրոֆիլային հաստատություն է, որտեղ բուժվում են ռեֆրակցիայի խանգարումները, շլությունը, տրավմաները, բնածին շեղումները, կատարակտան, գլաուկոման, ձեռքբերովի, իմունային համակարգի հիվանդությունները` ակնային դրսեւորումներով, ընդհանուր եւ տեղային բորբոքային պրոցեսների հետեւանքով առաջացած հիվանդությունները եւ այլն: Վերականգնվում է տեսողության առավելագույն պոտենցիալը` հնարավորինս խուսափելով «ծույլ աչքի» ֆենոմենից, տեսողության ամենատարբեր շեղումներից: Այդ ամենին ավելացել է նաեւ անհասության ռետինոպատիայի ծրագրի իրականացումը: Մեր բաժանմունքը կարողանում է համագործակցել բոլոր պրոֆիլային բաժանմունքների հետ, որոնք օգտվում են վերջին ձեռքբերումներից, ու որեւէ երեխա դուրս չի մնում ծառայության շրջանակներից: Միակ բացառությունը ներակնային չարորակ նորագոյացությունն է, որը, բարեբախտաբար, շատ հազվադեպ է հանդիպում:

Բաժանմունքում գործող մի շարք ծառայություններ նպաստում են հիվանդությունների արագ բացահայտմանը եւ կանխմանը:  

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ իմ ուսուցիչ համարում եմ Ալեքսանդր Սերգեյի Մալայանին: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց անմիջապես հետո մեր բժշկական կենտրոնում անցել եմ օրդինատուրա, որի կլինիկական ղեկավարն  էր մեր կլինիկայի ներկայիս տնօրեն, անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը: Նա ինձ սովորեցրել է յուրաքանչյուր մանրուք, տարր, եւ ամեն վայրկյան, երբ ձեռքս եմ վերցնում բժշկական գործիքը, անմիջապես հիշում եմ նրա` չափազանց արժեքավոր խորհուրդները, որոնք երբեք վաղեմությունը չեն կորցնում, չեն հնանում: Նրա ցանկացած խորհուրդ մեզ համար մեծ արժեք է, որը կարող է լինել հայացքով, մեկ կամ մի քանի նախադասությամբ, խորհուրդ, որը թանկ էր յուրաքանչյուր բժշկի համար: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ այսօր էլ նա մնում է Հայաստանի ակնաբուժության կնքահայր:

-Կխնդրենք վերհիշել Ձեր կատարած առաջին եւ տպավորիչ վիրահատությունը:    

-Առաջին վիրահատությունը, իհարկե, Ալեքսանդր Մալայանի խորհրդատվությամբ, կատարել եմ կլինիկական օրդինատուրայում, իսկ պացիենտը կատարակտա հիվանդությամբ տառապող բավականին պատկառելի տարիք ունեցող տատիկ էր: Վիրահատության  բարեհաջող ավարտից հետո տատիկն ասաց. «Աղջի´կ ջան, ես շատ լավ հասկացա, թե ում շնորհիվ էր վիրահատության հաջող ավարտը, բայց շնորհակալ եմ քեզանից համարձակ քայլերիդ, աշխատանքիդ համար»: Ամեն մեկը չի կարող Ալեքսանդր Մալայանի նման նաեւ օգնական լինել, քանի որ դա արվեստ է, տաղանդ, պետք է մտքի եւ գիտելիքների խորություն ունենաս: Եվ ես ուրախ ու հպարտ եմ, որ այսօր ինքս կարող եմ իմ երիտասարդ գործընկերներին օգնել:

-Ըստ Ձեզ, ի՞նչ ապագա ունի ակնաբուժությունը Հայաստանում:

-Բավականին լավ: Առաջինը, որ ինձ ուրախացնում է, երիտասարդների կողմից նորարարությունների եւ գիտելիքների արագ ընկալումն է: Ուրախալի է նաեւ, որ նրանք սիրում են ընթերցել: Մեր բնագավառում կարող են անընդհատ փոփոխություններ լինել, բայց դրանցից ոչ ոք չի տուժի, քանի որ կյանքի յուրաքանչյուր ոլորտում ունենք մեզ արժանի փոխարինողներ:

-Բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակի վրա է այսօր Հայաստանում:

-Շատ ցավոտ հարց եք տալիս: Ուրախալին այն է, որ, եթե նախկինում ծնողը երեխայի առողջության հետ կապված որեւէ խնդրի դեպքում մեզ դիմում էր արդեն բարդացած վիճակում, ապա այսօր դիմում է նույնիսկ փոքր գանգատի ժամանակ: Բայց ծնողը, այսպես ասած, շատ ակտիվ է եւ չափից դուրս պահանջատեր, ավելին` ես մի փոքր ագրեսիվության միտում եմ տեսնում նրանց գործողություններում: Այնպես որ` դիմելու կուլտուրան բավականին ցածր մակարդակ ունի մեզանում: Կան տասնյակ կլինիկաներ, իսկ դա նշանակում է, որ ծնողը կարող է փոխել երեխայի բժշկին, եւ մի փոքրիկ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում սպառողական հոգեբանությամբ: Մինչդեռ ես վստահ եմ, որ մեր կլինիկայի ոչ մի բժշկի մտքով անգամ երբեք չի անցնի որեւէ հիվանդի հոգեկան ցավ պատճառել: Մենք փորձում ենք նրանց զգաստացնել, հիշեցնել, որ ոչ ոք իրավունք չունի ոտնահարել մյուսի իրավունքները, վիրավորել նրան, սակայն դա հաճախ որեւէ ազդեցություն չի թողնում: Բայց չէ՞ որ հայ հասարակության մեջ այնքան մեծ մտավոր ներուժ կա, որը ներառում է նաեւ ճիշտ ձեւավորված բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, եւ ես չեմ ցանկանում, որ նրանց պահանջը փոքրանա, դառնա զուտ նյութական, եւ նրանք առաջնորդվեն «Ես եմ, իմն է, պետք է հաղթեմ» կարգախոսով: Դա մեր ազգին հարիր պահվածք չէ: Դաստիարակությունը պետք է սերմանվի ընտանիքում, դա սոցիալական խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի: Մտավախություն ունեմ, որ մի օր մեր ազգի պատկերը կարող է աղավաղվել: Կարծում եմ, ընդհանուր առմամբ, մեր հասարակության հետ աշխատելու շատ լուրջ խնդիր ունենք:

-Բժշկուհի, ո՞րն եք համարում Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:

-Ուժեղ կողմ համարում եմ իմ` շատ լավատես լինելը, սիրում եմ լույսը, պայծառությունը, ազնիվը, մարդկայինը: Իսկ թույլ կողմ կարելի է համարել մարդկանց շուտ  ներելը: Իսկ ներում եմ, որովհետեւ կարծում եմ, որ ցանկացած քայլի մեջ երկու կողմ կա, եւ պետք է գտնես այդ քայլի լուսավոր կողմն ու աշխատես վիրավորանքը մոռացության տալ: Չնայած, անկեղծ ասած, բնավորությանս այդ գիծն ինձ չի խանգարել, հակառակը, օգնել է, որպեսզի պահպանվեն իմ լավատեսությունը, մարդկանց նկատմամբ սերն ու հարգանքը մնան:

-Որտե՞ղ եք գտնում Ձեր հոգեկան անդորրը:

-Միանշանակ`իմ ընտանիքում: Սիրում իմ ընտանիքս, շատ մեծ պատասխանատվություն ունեմ նրա յուրաքանչյուր անդամի նկատմամբ, որեւէ մեկի հետ չեմ փորձում շահարկել իմ հոգնածությունը, փորձում են տանը ինձ պահել այնպես, ինչպես միշտ:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր որդու դեպքում ինչպե՞ս է:

-Տղաս իրեն տեսնում է համակարգչային աշխարհում, ծրագրավորող է: Նա ընտրեց այդ ոլորտը, ես էլ բոլորովին չհակառակվեցի, որովհետեւ, եթե այսօրվա երիտասարդը մի ծրագիր է կառուցել իր մտքում, մի բան է որոշել, դու չես կարող (եւ իմաստ էլ չունի) նրա ընտրությանը հակառակվել:

-Բժշկուհի´, այսօր մի տեսակ վստահություն չկա պոլիկլինիկաների անվճար բուժսպասարկման նկատմամբ: Համամի՞տ եք այդ կարծիքին:

-Ես շատ մեծ ցավ եմ ապրում այդ առումով,  կցանկանամ` չանտեսվի բժշկության առաջնային օղակը` պոլիկլինիկան: Այսօր ծնողը աչքի մի փոքր կարմրածության դեպքում երեխային չի տանում պոլիկլինիկա, այլ միանգամից բերում է խոշոր մասնագիտացված  բուժհաստատություն, որի պատճառով մեր ծանրաբեռվածությունը բավականին շատ է: Ամեն դեպքում ճիշտ է սկսել առաջնային օղակից, որտեղ աշխատում են վերապատրաստումներ անցած բժիշկներ, բայց մեր հասարակության մեջ ամրացած է այն մտածելակերպը, որ պետք է միանգամից որակավորված  բուժհաստատություններին դիմել: Առողջապահության նախարարությունը նույնպես մշակել է ծրագիր, որ պլանային բուժօգնությունը սկսվի պոլիկլինիկաներից, որտեղ այսօր բուժզննման ամեն մի հնարավորությունն առկա է, իսկ, եթե կարիք լինի, բժիշկը կուղեգրի մեզ մոտ: Ես` որպես Մալայանի անվան մանկական ակնաբուժության ծառայության ղեկավար, կցանկանայի ծնողներին կոչ անել, որ ցանկացած անհանգստության դեպքում դիմեն իրենց տեղամասային պոլիկլինիկաների ակնաբույժներին: Այնտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար կան ամբուլատոր քարտեր, որոնցում երեխայի առողջական վիճակի մասին կա մեծ տեղեկատվություն: Առողջապահության նախարարության կողմից լայնածավալ աշխատանք է տարվում, որպեսզի հասարակության մեջ ձեւավորվի առաջնային օղակին դիմելու կուլտուրան:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի: Եվ որպես ակնաբույժ խորհուրդ կտամ ծնողներին երեխայի ծննդյան առաջին իսկ օրվանից ուշադիր լինել նրա տեսողության նկատմամբ, որովհետեւ տեսողական համակարգի միջոցով ստացած տեղեկատվությունն անփոխարինելի է: Եվ մեծ իմաստ ունի «Աչքի լույսի պես պահպանել» արտահայտությունը; Կցանկանամ, որ ծնողներն ավելի զգոն լինեն, ավելի աչալուրջ, բաց չթողնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք իրականում պարտադիր են: Կցանկանամ, որ հետեւեն ոչ միայն երեխաների սննդակարգին, հանգստին, այլ նաեւ պահպանեն տեսողական հիգիենայի կանոնները եւ, ամենակարեւորը, ժամանակին դիմեն բժշկի: Մենք էլ մեր հերթին անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ունենանք առողջ հասարակություն: Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց բժշկական կենտրոնում արդիականացվում են բուժման եւ ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք շարունակական են:

Կյանքը բնության ամենաթանկ պարգեւն է, իսկ առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը եւ պահպանենք առողջությունը:

Չպետք է խնայողություններ անել առողջության հաշվին

Այսօր անգնահատելի են բժշկության ոլորտում իրականացված եւ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդությունները հնարավոր է ոչ միայն բուժել, այլեւ կանխարգելել: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի:

Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում տարածված հիվանդությունների եւ   տարատեսակ վիրուսների տեսակները միշտ էլ եղել են, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արված հետազոտությունները եւ ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը դրանց մասին տեղեկանալու հնարավորություն են տվել: Շնչառության խանգարման արագ հայտնաբերումն ու ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը կարող են թեթեւացնել տուժածի վիճակը եւ կանխել հետագա բարդությունները։  Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային սահմանափակումներ չունեն: Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միեւնույն ժամանակ, սինուսիտները, հայմորիտներն ու ռինիտները պատուհասում են՝ անկախ տարիքից ու սեռից: Եթե շատ ուժեղ չէ բորբոքային պրոցեսը, ժամանակին են բուժական միջոցներ ձեռնարկվել, ու չկա բարձիթողի վիճակ, ապա հիմնականում հիվանդությունը հետեւանք չի թողնում: 

Հայաստանում այսօր իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները' կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին, ինքնաբուժումից խուսափումը:Թիվ 2 բուժմիավորման քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի բոլոր մասնագետներն էլ ունեն տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն  է բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբան ՏԱԹԵՎԻԿ ԽԱԼԱԹՅԱՆԸ: Երիտասարդ բժշկուհին անչափ ուշադիր, հոգատար է իր հիվանդների նկատմամբ, հանգիստ է ընդունում նվաճած հաջողությունները, ինչը հատուկ է երիտասարդ մասնագետներին:

իկի´ն Խալաթյան, ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։

- Վերին շնչառական ուղիների հիվանդություններից ամենահաճախ հանդիպողներից են սուր ռեսպիրատոր վարակի բարդացման հետեւանքով առաջացած հայմորիտները, ֆրոնտիտները, ականջաբորբերը: Վերջիններս հաճախ ուղեկցվում են լսողական ներվի ախտահարումով, սուր նեւրիտներով: Այդ իսկ պատճառով, եթե հարբուխը տեւում է յոթ օրից ավելի եւ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, դիմային շրջանում՝ ցավերով, ականջներում՝ փակվածությամբ, խշշոցով, լսողության իջեցմամբ, անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի հնարավոր լինի խուսափել ներգանգային բարդություններից, անգամ լսողական ներվի վնասման դեպքում` վերականգնել այն:   

-Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ առաջանալ:     

-Իմ նեղ  մասնագիտացումը հենց ականջի հետ կապված հիվանդություններն են: Ասեմ, որ ականջաբորբերը  հաճախ լինում են եվստախյան (լսողական) փողերի դիսֆունկցիայի հետեւանքով, քթային դժվարաշնչության արդյունքում, երբ միջին ականջի  դրենաժը լավ չի ապահովվում: Իսկ արտաքին ականջի ականջաբորբը զարգանում է արտաքին լսողական անցուղու մաշկի վնասման հետեւանքով (չոփիկներով), ինֆեկցիոն տարաբնույթ հիվանդությունների դեպքում, տրավմաների արդյունքում: Արտաքին ականջի ականջաբորբերի դեպքում լինում է արտահայտված ցավ, երբեմն` փակվածության, երբեմն նաեւ թացության զգացում ականջներում: Այդ դեպքերում բուժման մեթոդն ուրիշ է: Միջին ականջի ականջաբորբերը շատ հաճախ ուղեկցվում են բարդություններով` մաստոիդիտներով, ներքին ականջի ախտահարումով` ներվի վնասումով, վեստիբուլյար խանգարումներով  (հավասարակշռության խանգարում, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում), որոնք վերջին ժամանակներում հաճախացել են` պայմանավորված վիրուսների տոքսիկ ազդեցությամբ: Նման դեպքերում իրականացվում են համալիր (կոմպլեքսային) հետազոտություններ, քանի որ միայն օտոսկոպիան բավարար չէ բուժում նշանակելու համար: Կատարվում են հետազոտություններ՝ հասկանալու համար՝ ունե՞նք ներվի վնասվածք, թե ոչ, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն` թաղանթի կտրվածք, որը համակցվում է կաթիլային եւ այլ տարատեսակ բուժումների հետ: Ամեն կերպ փորձում ենք վերականգնել վնասված ներվը, եթե, իհարկե ժամանակին են դիմել բժշկին: Բայց երբ պացիենտի ականջի փակվածությունը մեկ ամսից ավելի է լինում, արդեն տեղի է ունենում ներվի ախտահարում, եւ բուժման արդյունավետությունը հասնում է գրեթե 10-15 տոկոսի: Իսկ եթե ունենում ենք քրոնիկական, այսինքն՝ երեք ամսից ավելի կորուստ, եւ աուդիոմետրիայով ախտորոշվում է ներվի վնասում,  այն արդեն գործնականում վերականգնել հնարավոր չէ: Եվ նման դեպքերում արդեն դիմում ենք պահպանողական բուժմանը. տարին երկու անգամ հիվանդը գալիս է հետազոտման, որպեսզի գնահատենք՝ դինամիկ վատթարացոմ ունե՞նք, թե ոչ:

-Ինչպե՞ս  կգնահատեք մեր բժշկության ձեռքբերումներն այս ոլորտում:

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ոլորտը Հայաստանում բավականին զարգացած է, մեզ մոտ կան լավագույն սարքավորումներ, եւ մասնագետների գրագիտության, պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հասնում ենք բուժման բավականին բարձր եւ արդյունավետ արդյունքների:

 - Ի՞նչ առանձնահատկություններ ունեն նշված հիվանդությունները մանկական տարիքում։

-Անատոմիական առանձնահատկությունները պայմանավորված են մանկական տարիքով. երեխաների մոտ եվստախյան (լսողական) փողերը հորիզոնական են տեղակայված, եւ սուր շնչառական հիվանդությունների ժամանակ ինֆեկցիան շատ հեշտ է թափանցում միջին ականջ` զարգացնելով միջին օտիտ: Կլինիկական  նշաներից են երեխաների` կուրծք ուտելուց հրաժարվելը, քանի որ նրանց մոտ ծծելու գործողությունները ցավոտ են լինում: Երեխաները կարող են ունենալ բարձր ջերմություն, անհանգիստ վիճակ: Վտանգավորն այն է, որ նրանց մոտ միջին ականջի ոսկրային պատերն ունեն ճեղքեր, որոնց միջոցով ինֆեկցիան  շատ արագ կարող է անցնել գանգի խոռոչ` բերելով ներգանգային բարդությունների զարգացման:  

-Ո՞ր դեպքերում կարելի է ինքնաբուժմամբ զբաղվել: Ի՞նչ բարդություններով է հղի ինքնաբուժումը: Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Շատ արագ արձագանքում են երիտասարդները: Ընդհանրապես խորհուրդ չի տրվում ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ ականջը շատ բարդ օրգան է, այն անմիջական կապ ունի եւ արագ հաղորդակցվում է գանգի հետ: Ու եթե ունենում են վիրուսային հարբուխային վիճակ, ականջաբորբերից խուսափելու համար առաջին հերթին պետք է քիթը բաց պահել, այսինքն` անոթասեղմիչ միջոցներ օգտագործել՝ խուսափելու համար հայմորիտներից եւ օտիտներից:

Ինչ վերաբերում է մեզ մոտ դիմելիության կուլտուրային, ապա կասեմ, որ շատ արագ ենք արձագանքում երիտասարդության խնդիրներին, քանի որ նրանք վաղ շրջանում են մեզ դիմում: Իսկ մեծահասակները սովորաբար միայն բարդացած վիճակներում են դիմում բժշկի:

- Ինչպիսի՞ կանխարգելիչ  միջոցներ կառաջարկեք այս հիվանդությունների դեպքում։

Մենք լավ գիտակցում ենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով շատերը դժվարանում են դիմել բժշկի, բայց կցանկանամ, որ մարդիկ սիրեն իրենք իրենց եւ բժշկի դիմեն նույնիսկ փոքր բողոքի, այլ ոչ թե հիվանդության՝ արդեն բավականին բարդացած վիճակում: Վերջին դեպքում ոչ միայն բուժումն ավելի ծախսատար է, այլ նաեւ դրա  արդյունավետությունն է շատ ցածր: Չպետք է խնայողություններ անել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետեւանքներ, որոնք կազդեն նաեւ նրանց հոգեկան ներաշխարհի վրա:

Մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ

 Մեր մարմնի յուրաքանչյուր մաս ունի իր ֆունկցիաները, բայց, ընդհանուր առմամբ, նրանք ունակ են նախանշել, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում։ Բժիշկները հաճախ նայում են հիվանդի աչքերին, եթե ցանկանում են բացահայտել որոշ քրոնիկական հիվանդություններ: Այսօր՝ 21-րդ դարում, աչքի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները հնարավոր է շտկել:
Նորամուծություններն ու տեխնիկական հագեցվածությունն ապացուցում են, որ այսօր տեսողության 100 տոկոս վերականգնումն արդեն իրականություն է: Վերականգնելով տեսողությունը` փոխվում է նաեւ մարդու կյանքի որակը, ապրելաձեւը, հաղթահարվում են բոլոր այն բարդույթները, որոնք առկա էին ակնոց կրելիս:

Վերջին տարիներին կարճատեսության եւ կերատոկոնուսի դեպքերն ավելանում են։ Դրանց առաջացմանը նպաստում են նաեւ համակարգիչները, բջջային հեռախոսները, հեռուստացույցը, որոնցից երեխաներին դժվար է կտրելը, եւ որոնցից օգտվելու պարագայում հայացքը հառվում է մի առարկայի վրա՝ լարված պահելով ոսպնյակը:

Իհարկե´, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չտուժի բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության եւ անհաջողության փորձություն: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը`   հոգու պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր եւ բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարեւոր է ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլեւ հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկական հումանիզմը: Որպես մասնագիտություն` բժշկությունը կամային հատկանիշների բացառիկ դրսեւորումներ է պահանջում: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ ԱՐԱՔՍՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:  

-Տիկի´ն Առաքելյան, մասնագիտության ներքին շարժն ունի գագաթ: Կետ, որտեղ անհատն ու մասնագիտւթյունը նույնանում են: Ի՞նչ ռիթմ ունի Ձեզ համար ակնաբուժությունը, եւ արդյոք այն որոշ չափով նույնանո՞ւմ է Ձեր էության հետ:

-Դա իմ անձնական որոշումն է եղել, քանի որ իմ արմատներում բժիշկներ չկան. հայրս գիտնական-մաթեմատիկոս է, մայրս` երաժիշտ: Այնպես որ` բժշկության բնագավառը մեզ անծանոթ էր, բայց ես դեռ փոքր հասակից երազել եմ բժիշկ դառնալ, նույնիսկ խաղերի ընտրության ժամանակ մանկական բժշկի դեր եմ խաղացել: Եվ հենց այդպես էլ սկսեցի իմ ուղին` լինելով մանկական ակնաբույժ, 10 տարի աշխատեցի այդ ոլորտում, որին գումարվեցին միկրովիրաբուժությունը, լազերային վիրահատությունը, կերատոկոնուսի բուժումը:

-Բժշկուհի´, խոսենք կարճատեսության, նրա դրսեւորումների եւ առաջացման դրդապատճառների մասին:

-Կարճատեսությունն առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում եւ կապված է գլխավորապես տեսողական երկարատեւ աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք) հատկապես անբավարար լուսավորվածության եւ հիգիենիկ վատ պայմաններում։ Արտաքին ազդակների մասին մարդը տեղեկատվությունը 90 տոկոսով ստանում է տեսողական օրգանի`ակնագնդի միջոցով: Երկրագնդի վրա ամեն երրորդ մարդը տառապում է կարճատեսությամբ, եւ այդ թիվը բավականին աճում է ամբողջ աշխարհում, մանավանդ` ասիական, կովկասյան երկրներում: Կարճատեսությունը տեսողության խանգարումն է, աչքի բեկունակության թերություն, որի հետեւանքով դրանով տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջեւում, որի հետեւանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։ Հեռու գտնվող իրերը տեսնում է մշուշոտ, աղավաղված, իսկ մոտիկ գտնվողները` պարզ եւ հստակ: Ակնագնդի առաջնահետնային առանցքը մեծանում, եւ դա լինում է ակնագնդի աճման շրջանում, որի արդյունքում զարգանում է կարճատեսություն: Կարճատեսության երկրորդ տեսակը այն է, երբ ակնագնդի չափսերը նորմայում են, իսկ բեկանող ուժը լինում է ավելի ուժեղ, քան թե ակնագնդի չափսերն են: Դա ռեֆրակցիոն կարճատեսություն է: Կարճատեսությունը տարբերակվում է ըստ աստիճանների. ցածր` մինչեւ -3, միջին` -3-6, բարձր` -6-ից բարձր: Բացի դրանից, լինում են բնածին եւ ձեռքբերովի: Բնածինը հիմնականում լինում է բարձր աստիճանի, բարդացված, զուգորդված աչքի տարբեր ախտահարումներով, եւ դրա առաջացման դրդապատճառները կարող են լինել մոր կողմից տարբեր ախտաբանական խանգարումները: Իսկ ձեռքբերովի կարճատեսությունը հիմնականում լինում է դպրոցական տարիքում, եւ այն մինչ օրս վերջնական ուսումնասիրված չէ, հստակ պարզ պատկեր չունի, թե կոնկրետ ինչը կարող է հանդիսանալ առաջացման դրդապատճառ: Տարատեսակ հետազոտություններ են կատարվել ամբողջ աշխարհում, եւ կնշեմ հիմնական տարբերակները: Եթե երկու ծնողն էլ կարճատես են, մեծանում է հիվանդության առաջացման  հավանականությունը, այսինքն` երեխան ոչ թե ժառանգում է հիվանդությունը, այլ դրա ձեռք բերելու հավանականությունը: Հավանականություն կա, որ հասունացման շրջանում այս երեխաների մոտ կլինի կարճատեսություն, բայց սխալ է այն տեսակետը, որ, եթե ծնողն ունի, երեխան պարտադիր պետք է ունենա կարճատեսություն: Պարզապես հասունացման շրջանում ինչ-որ շեղումներ են ի հայտ գալիս, որոնք առաջացնում են կարճատեսություն: Մյուս ամենակարեւոր դրդապատճառը լարված աշխատանքն է մոտիկ տարածության վրա: Եթե տարիներ առաջ կարդալիս 30 սմ տարածությունը պահպանում էինք, ապա այսօր այդ տարածությունը հատկապես բջջային հեռախոսների պատճառով շատ փոքրացել է, եւ երկարատեւ գործածությունը կարող է կարճատեսության առաջացման դրդապատճառ դառնալ: Եվ երրորդ հիմնական դրդապատճառը երեխաների կտրուկ աճն է հասունացման շրջանում, երբ  ակնագունդը չի հասցնում «ենթարկվել» իրեն բեկանող ուժին: Այսօր նաեւ շատ տարատեսակ հետազոտություններ են կատարվում, որպեսզի պարզեն, թե սնունդը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այդ հարցում: Կատարվել են հետազոտություններ տարբեր երկրներում, եւ ապացուցվել է, որ այն երեխաները, որոնք գրեթե ամբողջ օրն անցկացնում են սենյակային պայմաններում, այլ ոչ թե դրսում, ավելի շատ են հակված կարճատես դառնալու: Մի կարծատիպ էլ կա. գիտնականների մի մասը դա կապում է փողոցում ֆիզիկական ակտիվության հետ, իսկ մի մեծ խումբ էլ հստակ ապացուցում է, որ դա արեւային լույսի պակասից է:

Բացի վերը նշվածներից, հանդիպում է նաեւ կեղծ կարճատեսություն, երբ իրականում ոչ թե ակնագնդի փոփոխություն է տեղի ունեցել, այլ պարզապես մկանի լարված լինելու պատճառով հեռու գտնվող իրերը վատ են երեւում: Նման դեպքերում նրանք պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ եւ այդ իրավիճակը հաղթահարելու համար ստանան դեղորայքային բուժում, այլ ոչ թե ակնոց կրեն: Վիճակ, որը կոչվում է ակոմոդացիոն սպազմ: Եվ պարտադիր պետք է գտնվել բժշկի հսկողության տակ, եթե նկատվում է տեսողության վատթարացում: Հիմնականում դա հանդիպում է դեռահաս տարիքում, բայց վերջին տարիներին հիվանդությունը նկատվում է նույնիսկ 7-8 տարեկան հասակում: Թյուր կարծիք կա, որ ակնոց կրելուց ավելի է վատթարանում տեսողությունը, բայց ես հավաստիացնում եմ, որ ե´ւ փորձերով, ե´ւ տարբեր երկրներում հատուկ ստուգումներով ապացուցվել է, որ դա այդպես չէ, այլ հակառակը. երկար ժամանակ երեխան ստիպված է աչքերը կկոցելով շտկել տեսողությունը, որը կարող է բերել տեսողության վատթարացման: Ցավոք, ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ կարճատեսությունը կաթիլով կամ ինչ-որ բուժումով կնահանջի: Կան կեղծիք պարունակող գովազդներ, որ ինչ-որ հաբերի միջոցով հնարավոր է վերականգնել -6 կարճատեսութունը, բայց, ցավոք, այդպես չէ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ հաբն ընդունելուց հետո ավելի է վատթարացել աչքի վիճակը կամ, լավագույն դեպքում, այն մնացել նույն վիճակում: Եթե կարճատեսությունն արդեն առկա է, ապա ակնոց կրելը պարտադիր պայման է: Սովորաբար օրգանիզմը ձեւավորվում է մինչեւ 18-20 տարեկանը, եւ մինչ այդ տարիքը  կարող է զարգանալ կարճատեսություն: Արդյունքում կարող է լինել ոչ թե տեսողության թեթեւ խանգարում, այլ կառաջանան ակնագնդի հետ կապված այլ խնդիրներ, օրինակ, ցանցաթաղանթի բարակում, որը հետագայում կարող է զարգանալ որպես հիվանդություն: Եվ եթե կանանց մոտ բարձր կարճատեսության առկայություն լինի, ապա ծննդաբերությունը պարտադիր պետք է կատարվի կեսարյան հատումով: Տղաների դեպքում ծանրություն բարձրացնելը, ակտիվ սպորտով զբաղվելը կարող են հանգեցնել ակնահատակի բարդությունների: Բուժման ընթացքում սովորաբար, բացի ակնոցից, ըստ իրավիճակի, նշանակվում են նաեւ պրոֆիլակտիկ սնուցող կաթիլներ կամ մկանը հանգստացնող կաթիլներ, վարժություններ, քանի որ շատ կարեւոր է մկանի աշխատելը: Մշակում ենք նրանց օրվա ռեժիմը, թե որքան ժամանակ տրամադրեն դասընթացներին, զբոսանքին, բջջայինից օգտվելուն` հնարավորինս այն կրճատելով: Տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով բժշկին դիմելը պարտադիր է, իսկ եթե հիվանդության պրոգրեսիվող տեսակն է, ապա պետք է պարտադիր 6 ամիսը մեկ այցելեն բժշկի, որպեսզի հնարավորության սահմաններում կանգնեցվի հիվանդության աճը: Իսկ հասուն տարիքում, երբ արդեն կա աճի կանգ, նրանք կարող են ընտրել իրենց բուժման համար անհրաժեշտ տարբերակը. ակնո՞ց, կոնտակտային ոսպնյա՞կ, թե՞ լազերային վիրահատություն: Ի դեպ, ոսպնյակի կիրառմամբ տեսողությունը շտկվում է, սակայն վտանգավոր է ժամերով այն կրելը, քանի որ  կարող է առաջացնել չորության ախտանիշ, թեթեւ ինֆեկցիա: Այսօր մեր բժշկական կենտրոնում իրականացվող լազերային վիրահատությունները բավականին արդիականացված են, առկա է եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ժամանակակից տեխնիկա:

-Բժշկուհի´, վիրահատական  ո՞ր տեսակներն են ներդրված ձեր բաժանմունքում:

-Մեր բժշկական կենտրոնում 2000 թվականից սկիզբ դրվեց լազերային վիրահատական միջամտությանը, եւ մենք ժամանակակից մեթոդով կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն, որը նախկինում չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, եւ այդ իսկ պատճառով ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը տեսողությունը կորցնում է աստիճանաբար` փուլերով, եւ այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի:  Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար, համատեղելիության առումով, թաղանթ հայթայթելու խնդիրներ էին ծագում:  Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ եղավ, երբ գերմանացի եւ շվեյցարացի բժիշկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետեւ ավելի թեթեւ, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, եւ, որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան երկար կպահպանվի եղջերաթաղանթը: Ընդհանրապես շատ կարեւոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու, քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում այդ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան թե լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Հիշեցնեմ, որ, եթե արդեն հիվանդությունը շատ բարձիթողի վիճակում է, այդ մեթոդը չի օգնի. հիվանդությունը կկանգնեցվի, բայց լավագույն տեսողության չի բերի: Ինչպես նշեցի, կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ սկսում է բարակել եղջերաթաղանթը: Բարձր աստիճանի աստիգմատիզմի պատճառով պատկերները լինում են ծռմռված, լղոզված, ինչը չի ենթարկվում կորեկցիայի ակնոցով ու կոնտակտային ոսպնյակներով, տեսողության սրությունը տարեցտարի նվազում է: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հին ազգերի՝ հայերի եւ հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականին առաջինը մեր կլինիկան էր, որ սկսել է բուժել նախկինում անբուժելի համարվող կերատոկոնուս հիվանդությունը: Կերատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Ինչքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան ավելի արագ, հեշտ եւ արդյունավետ է բուժվում այն, ավելին` նույնիսկ ունենում ենք տեսողության լավացում:  Կերատոկոնուսի քրոսլինքինգի ախտանիշները շատ նման են կարճատեսության ախտանիշներին, եւ, երբ սկսում է վատթարանալ տեսողությունը, մարդիկ կարծում են, թե դա կարճատեսություն է, ձգձգում են այցը բժշկին եւ գալիս են արդեն այն ժամանակ, երբ վիճակը բարդացած է: Ի դեպ, նախկինում այդ հիվանդությամբ տառապողները բուժման այլ տարբերակ չունեին եւ ստիպված կրում էին կոշտ լինզաներ, կաթիլներ էին կաթեցնում եւ սպասում, որ դա այնքան բարակի, որպեսզի եղջերաթաղանթի փոխպատվաստում կատարվեր, որը բավականին  ծանր վիրահատություն է: Իսկ այսօր այդ վիրահատության շնորհիվ բավականին լավացել է բուժման ընթացքի արդյունավետությունը, ու, եթե ժամանակին ամրանում է պատը, նույնիսկ լինում են դեպքեր, երբ ակնոց կրելու կարիք էլ չի լինում:

-Կվերհիշե՞ք Ձեր կողմից կատարված առաջին վիրահատությունը:

-Առաջին վիրահատական միջամտությունը իրականացրել եմ, երբ աշխատում էի մանկական բաժանմունքում, եւ շլություն էինք վիրահատում: 1999 թվականից աշխատում եմ, հիշում եմ որոշ բարդ դեպքեր, երեխաների տրավմաներ, միշտ պատասխանատվությունը շատ մեծ է եղել, բայց իրավունք չեմ ունեցել կորցնել վստահությունս, որպեսզի կարողանամ անհրաժեշտ գործողություններ իրականցնել: Իհարկե մենք անցել ենք լուրջ վերապատրաստումներ Ֆյոդորովի ինստիտուտում, հետագայում նաեւ` այլ երկրներում: Երբ լազերային միկրովիրաբուժությունը զարգացում ապրեց, ամեն մի նոր վիրահատությունը  լուրջ մոտեցում էր պահանջում: Բավականին մեծ ծավալով գրականություն էինք կարդում եւ կարդում ենք, բայց պետք է նաեւ տեխնիկապես պատրաստված լինես, գիտելիքների հարուստ բազա, փորձ ունենաս:

-Բժշկուհի´, Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Այո´, գոհ եմ Աստծուց իմ ունեցած ամեն ինչի համար. ընտանիքի, ծնողների, տղայի, գործընկերների, բոլոր հիվանդների: Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ մեզ մոտ չստեղծվի հիվանդ-բժիշկ կապը: Ես երբեք չեմ ցանկացել համեմատվել որեւէ մեկի հետ, միշտ աշխատում եմ, որ ամեն մի պացիենտ գոհ հեռանա մեր աշխատասենյակից: Մենք անում ենք ամեն ինչ, որ պացիենտի խնդիրը լուծվի վերջնականապես ու, եթե լինում են հիվանդություններ, որոնցով ուրիշ բժիշկ կարող է ավելի լավ զբաղվել, պացիենտին ուղղորդում ենք այդ ուղղությամբ նեղ մասնագիտացում ստացած մասնագետի մոտ, որովհետեւ ակնաբուժության մեջ չենք կարող ամբողջ ոլորտը լիարժեք ապահովել:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր տղայի դեպքում ինչպե՞ս է:

-Տղաս ծրագրավորման ոլորտն է ընտրել: Ավարտելով Ամերիկյան համալսարանի բակալավրիատը` մագիստրատուրան անցնում է Անգլիայում`ընդունվելով բավականին բարձր միավորներով: Ես ուրախ եմ նրա հաջողությունների եւ վերելքների համար, քանզի նա այդ ոլորտում իրեն շատ վստահ ու լավ է զգում:

Ես էլ, ինչպես վերեւում նշեցի, ծնողներիս մասնագիտությունից բավականին հեռու մասնագիտություն ընտրեցի եւ մինչ օրս մեկ վայրկյան անգամ չի եղել, որ փոշմանեմ դրա համար: Չնայած բավականին ուժեղ էի մաթեմատիկայից, բայց չընտրեցի հայրիկիս ուղին, բարձր գնահատականներով ավարտել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, սակայն մայրիկիս ուղին էլ չընտրեցի: Ի դեպ, տղաս էլ ժամանակին  շատ լավ ֆլեյտա էր նվագում:

-Օրվա գերծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո Ձեր անդորրը որտե՞ղ եք փնտրում:

-Բնականաբար` ընտանիքում: Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է. եթե առավոտյան չենք հասցնում միասին նախաճաշել, ապա երեկոյան անպայման, հնարավորության սահմաններում, միասին ընթրում ենք` կիսվելով օրվա անցուդարձից: Ասեմ նաեւ, որ շատ սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել, աշխատում եմ գոնե օրվա մեկ ժամը տրամադրել դրան, որն ինձ տալիս է ամենամեծ հոգեկան հանգստությունը:

-Բժշկուհի´, ակնաբուժության ապագան ի՞նչ սանդղակի վրա եք տեսնում:

-Մեր բնագավառի համար  բավականին հանգիստ եմ ոչ թե այն պատճառով, որ ինքս ակնաբույժ եմ, այլ որ այնտեղ 99 տոկոսով ամեն ինչ արվում է, որպեսզի կիրառվեն բուժօգնության ամենաժամանակակից մեթոդները: Եվ ոլորտը շատ արագ տեմպերով զարգացում է ապրում: Բավականին երիտասարդ կադրեր էլ կան, որոնք կատարյալին հասնելու ձգտում ունեն, եւ արտերկրում վերապատրաստվելու նրանց հնարավորությունն էլ շատ մեծ է: Բացի այդ, նաեւ ինտերնետ պորտալն է ակտիվ լինելու, զարգանալու, նորարարությունների զարկերակին համընթաց գնալու լայն հնարավորություններ տալիս: Ես նույնպես շատ ակտիվ հետեւում եմ նորարարություններին, մասնակցում միջազգային կոնֆերանսների: Նաեւ կան կայքեր, որտեղ կարող ես քննարկել քո խնդիրը, տեղեկանալ արտերկրում մեր ոլորտի խնդիրների մասին` դրանով իսկ իրականացնելով փորձի փոխանակում:

-Բժշկուհի´, ինչո՞ւ հասարակության վստահությունը մեծ չէ առաջնային օղակի` պոլիկլինիկաների հանդեպ:

-Եթե նախկինում տեղամասային ակնաբույժները, գնալով մի քանի վերապատրաստումների, դոփում էին տեղում, ապա այսօր պատկերը այլ է. կադրերը մեծ ձգտում ունեն կատարելագործվելու իրենց ոլորտում, բավականին լավ պատրաստված են: Առաջնային օղակի աշխատողները 3 տարի լավագույն կլինիկաներում կլինիկական օրդիանտուրա են անցնում, մասնակցում բազմաթիվ կոնֆերանսների, անցնում վերապատրատումներ: Մենք էլ մշտապես պատրաստ ենք օգնել առաջնային օղակին, որ կասկածելի դեպքերի ժամանակ պացիենտին ուղեգրեն մեզ մոտ, այսինքն` միշտ զգոն լինեն, որպեսզի խուսափենք հետագա բարձիթողի վիճակներից: Շատ անգամ էլ պացիենտներն իրենց տեղամասային պոլիկլինիկաներում են ստանում համապատասխան բուժօգնությունը: Եվ մարզերի նորավարտ կադրերն էլ, երբ  կասկածելի իրավիճակի հետ են բախվում, պացիենտին ուղեգրում են մեզ մոտ, որպեսզի համոզված լինեն իրենց հետագա քայլերի մեջ:

-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանայի, որ բոլորն անհրաժեշտության դեպքում բուժօգնության դիմելու հնարավորություն ունենային եւ չդիմելը չպայմանավորեին ֆինանսական գործոնով: Համենայնդեպս, ես չեմ հիշում մի դեպք իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում, երբ պացիենտը դիմի մեզ, եւ նրա` ֆինանսական խնդիր ունենալու դեպքում մենք նրան այդ պահին չաջակցենք: Իհարկե, եթե արդեն հարցը հասնում է վիրահատական միջամտությանը, ապա ֆինանսական խնդիրը գլուխ է բարձրացնում: Մեզ մոտ որոշ վիրահատություններ փոխհատուցվում են ՊՆ եւ ոստիկանության աշխատակիցների առողջապահական ապահովագրության շրջանակներում: Բոլորին հորդորում եմ աչքի հետ կապված խնդիր ունենալու դեպքում անպայման դիմել ակնաբույժների, չթողնել այն հասնի բարդացած վիճակի: Ամենագլխավորը. կցանկանամ, որ հասարակությունը լինի երջանիկ, վստահ եւ համոզված իր հետագա քայլերի ու ապագայի հարցերում: Երբ ամեն ոք իր համոզմունքների մեջ վստահություն ունենա, ապա իր երեխաների ապագան էլ կտեսնի մեր երկրում: Կցանկանամ, որ մեր երիտասարդները, որոնք ձգտումներ եւ գիտելիքների մեծ բազա ունեն, ներդրում ունենան հենց իրենց երկրում: Ասեմ, որ ՀՀ ԱՆ նորանշանակ նախարարը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, համենայնդեպս, փոփոխությունների ցանկություն եւ առաջխաղացում տեսնում եմ: Իսկ որպես ակնաբույժ կցանկանամ, որ բոլորի աչքերում լույս եւ պարզություն լինի. մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ: Առողջ եղեք, սիրեք ձեզ:

Ժամանակակից  սարքավորումների շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում

Ճառագայթաբանության հիմնական խնդիրը հիվանդության առավելագույն հստակ ախտորոշումն է, իսկ դա արդյունավետ բուժման անառարկելի հիմքն է: Ապացուցված է, որ ռադիոլոգիայի զարգացումը նկատելիորեն նվազեցրել է մարդկային մահացության տոկոսը, քանի որ հիվանդությունը հնարավոր է լինում ախտորոշել վաղ շրջանում: Բժշկագիտության ոլորտում ռադիոլոգիան համարվում է երիտասարդ ուղղություն, բայց ուրախացնում է այն հանգամանքը, որ նորավարտ բժիշկները բավականին արագ են յուրացնում այս մասնագիտությունը: Դա, անշուշտ, պայմանավորված է նաեւ նորագույն համակարգչային տեխնոլոգիաներով: Այսօր շատերը վախենում են ռենտգեն հետազոտությունից՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Որքանո՞վ է այդ վախն արդարացված:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, «Հերացի» թիվ 1 ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆԸ: Երիտասարդ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդուն առողջություն ու ժպիտ պարգեւելու առաքելություն է, իսկ դա իր ոլորտում լավագույնը դառնալու նախապայմաններից է: Ընդհանրապես ամեն ոք մասնագիտական ոլորտ պետք է մտնի հավատով, որ հենց ինքն է փոխելու այն աշխատանքային աշխարհը, որում ապրում է։ 

-Տիկի´ն Ամոյան, բժշկի մասնագիտությունն ամենավեհ ու, միեւնույն ժամանակ, երբեմն անշնորհակալ մասնագիտություն է։ Ե՞րբ որոշեցինք գնալ բժիշկ դառնալու պատասխանատու քայլին:

-Մանկության տարիներին երբեւէ մտքովս չի անցել բժիշկ դառնալ: Հայրիկս սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում, եւ ես էլ էի որոշել նրա նման լեզվաբան դառնալ, բայց ընտանիքիս անդամներն ուղղորդեցին դեպի բժշկության հետաքրքիր ու հեքիաթային աշխարհը: Որոշումս կայացնելուց հետո ընդունվեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, ավարտեցի բակալավրիատը, մագիստրատուրան, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում` կլինիկական օրդինատուրան ռադիոլոգ մասնագիտությամբ: Անկեղծորեն ասեմ, որ սկզբում չէի ցանկանում որպես նեղ մասնագիտացում ընտրել ուլտրաձայնային ախտորոշման ուղղությունը, որովհետեւ, այսպես ասած, բուժող բժիշկ դառնալու մեծ ցանկություն ունեի: Բայց երբ 4-րդ կուրսում հանդիպեցի Գայանե Արմենակի Գալստյանին, նա  ինձ օգնեց իմ նեղ մասնագիտացման ընտրության հարցում`ինձ համար դառնալով ե´ւ ուսուցիչ է, ե´ւ մեծ ընկեր, ե´ւ խորհրդատու: Եվ ռադիոլոգիայի ասպարեզում կայանալու համար ես առաջին հերթին շնորհակալ եմ հենց նրան: Նշեմ, որ իմ արմատներում չկան  բժիշկներ, ու ես եւ եղբայրս խախտեցինք այդ ավանդույթը: Եղբայրս` Սայադ Չոլոյանը, ատամնաբույժ է: Հպարտությամբ ուզում եմ ասել, որ մինչ օրս չեմ փոշմանել իմ ընտրության համար:

- Բժշկուհի´, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում:

-Մեր բաժանմունքում ախտորոշիչ հետազոտման օգնությամբ իրականացվում են տարատեսակ եւ տարաբնույթ հետազոտություններ` որովայնի եւ փոքր կոնքի օրգանների, փափուկ հյուսվածքների, վահանաձեւ գեղձի, պարանոցի օրգանների, կրծքագեղձերի, ոսկրահոդային համակարգի: Եվ միայն խոռոչային օրգանների պատկերը մեզ հստակ տեսանելի չի լինում:

-Սոնոգրաֆիան ունի՞ հակացուցումներ:

-Իրականում սոնոգրաֆիայում հակացուցումներ` որպես այդպիսին, չկան: Մինչ օրս չի արձանագրվել սոնոգրաֆիայի վնասակար ազդեցությունը, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքների ազդեցության տակ: Պացիենտները  հետազոտութուն անցնելուց 6-8 ժամ առաջ  չպետք է ընդունեն սնունդ կամ գազավորված ըմպելիքներ: Իսկ եթե լինում են անկանխատեսելի իրավիճակներ` վթար, տրավմաներ, երբ նախապես հնարավոր չէ պատրաստվել, այդ դեպքերում մեզ տեսանելի է լինում միայն այն, ինչը մեզ հնարավորություն է տալիս տեխնիկան: Պետք է նշեմ, որ իրականում կան բավականին մեծ արգելքներ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, դրանք խոռոչային օրգաններ (ստամոքս-աղիքային  տրակտի գազերը` մեթեորիզմ), գնացող արտեֆակտներ են (օրինակ`  որովայնում կուտակված գազեր), որոնք այդ պահին կարող են խանգարել օրգանի պատկերը լիարժեք ցույց տալուն: Այսօր ռենտգեն հետազոտության ժամանակակից սարքավորումների շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, որը չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Ռենտգեն հետազոտությունը բժշկության մեջ անփոխարինելի դեր ունի, եւ շատ հիվանդություններ անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի: Եվ սխալ է ռենտգենից վախենալն ու խուսափելը. որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է:  Հարկավ, չարժե առանց պատճառի ռենտգեն անել, սակայն, եթե այդ հետազոտության ցուցումներ կան, պետք չէ դրանից վախենալ, հատկապես, եթե այն կատարվում է նորագույն սերնդի սարքավորումով:

-Տեղյակ ենք, որ ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ եք: Ըստ Ձեզ,  ասոցիացիաները ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Մեր ասոցիացիան բավականին գիտելիքներ է տալիս,  եւ ամեն անգամ կոնֆերանսների մասնակցելիս հաստատ ինչ-որ բան քաղում ենք, որովհետեւ բժշկությունը հարաբերական գիտություն է, եւ ամեն  պացիենտ  յուրովի մոտեցում է պահանջում, ամեն օրգանիզմ ունի իր յուրահատկությունները: Ռադիոլոգիան օրեցօր առաջընթաց է ապրում, եւ մեր ռադիոլոգները մշտապես մասնակցում են վերապատրաստումների տարբեր երկրներում ու իրենց գիտելիքները, փորձը բերում մեր երկիր: Եվ մեր ասոցիացիան է, որ մեզ հնարավորություն է տալիս այդ փորձի փոխանակությունից օգտվելու ու ծանոթանալու ախտորոշման մեթոդների ավելի ինֆորմատիվ եւ արդիական մոտեցումներին: Եվ ես ասոցիացիայի կողմից կազմակերպված բոլոր կոնֆերանսներին հնարավորինս մասնակցում եմ:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, եւ այսօր մեր երիտասարդ ռադիոլոգներն արտասահմանում ուսում եւ վերապատրաստում ստանալու մեծ հնարավորություններ ունեն:

-Բժշկուհի´, հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել ընտանիքի հետ: Տեղյակ ենք, որ ունեք երեք փոքրիկ:

-Իհարկե անում ենք ամեն ինչ, որ հասցնենք, բայց, անկեղծ  ասած, որոշ չափով թերացումներ լինում են ժամանակի առումով. չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել իմ փոքրիկներին, որովհետեւ պարտավոր եմ նաեւ իմ բնագավառից ետ չմնալ: Բայց, փառք Աստծո, ամուսնուս հետ հասցնում ենք ամեն ինչ:

-Ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ես շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ օգնել են բժշկուհի դառնալու կայացման գործում: Ես օրդինատուրան անցել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ ախտորոշիչ ծառայության բոլոր բժիշկները եղել են իմ դասախոսները: Կցանկանամ անպայման առանձացնել Գայանե Արմենակի Գալստյանին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից` Արմինե Հայկարամի Պողոսյանին եւ մեր ոլորտի առաջատարներից  մեկը համարվող «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային ծառայության ղեկավար Ռուզաննա Հարությունի Խոնդկարյանին, ինչպես նաեւ ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ Գառնիկ Արայի Ավետիսյանին, ով իր ցուցումներով եւ բոլոր հարցերում ինձ աջակցելով` օգնեց ճառագայթային ախտորոշման բնագավառում որպես մասնագետ իմ հաստատման եւ կայացման գործում, որի համար նրան անչափ շնորհակալ եմ: Մարդիկ, ովքեր, լինելով իրենց ոլորտում լավագույններից լավագույնը, ինձ տվել են լավ գիտելիքների բազա եւ ծանոթացրել ռադիոլոգիայի նեղ մասնագիտացման նրբությունների հետ:

 -Բժշկուհի´, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է ռադիոլոգիան  Հայաստանում:

-Ուրախությամբ նշեմ, որ բժշկությունը բավականին արագ տեմպերով զարգացում է ապրում Հայաստանում, եւ նույնիսկ մի տեսակ վախի զգացում էլ կա, որ մի օր ամեն ինչ կարվի  համակարգչի միջոցով: Թեպետ ռադիոլոգիան՝ ճառագայթաբանությունը, մեր երկրում տեխնիկապես չի զիջում որեւէ եվրոպական երկրի, այնուամենայնիվ, ռադիոիզոտոպային դիագնոստիկայում մենք կատարում ենք առաջին քայլերը։ Կցանկանայի, որ մեր բաժանմունքը համալրվեր ժամանակակից եւ լավագույն սարքավորումներով, չնայած, ամեն դեպքում, շատ մեծ է բժշկի գործոնը: Ճիշտ է ասված, որ լավագույն բժիշկը ամենավատ սարքավորումով էլ կտեսնի խնդիրը, սակայն լավագույն սարքավորումը բժշկին հնարավորություն է տալիս ավելի մանրակրկիտ կատարել հետազոտությունը, արգելքները ավելի քիչ են լինում, իսկ հետազոտության արդյունքն իր ինֆորմատիվությամբ` ավելի ծավալուն:

-Տիկի´ն Ամոյան, Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Ես ինձ համարում եմ անչափ երջանիկ կին, քանի որ ունեմ երեք հրաշք երեխաներ եւ հրաշալի ընտանիք, լավ, հոգատար ամուսին, ինչը կնոջ համար ամենամեծ ձեռքբերումն է կյանքում: Նշեմ, որ ամուսինս ՀՀ վաստակավոր մարզիկ, սպորտի միջազգային վարպետ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն է: Նա ինձ միշտ ուժ է տալիս, չի թողնում որեւէ հարցում խնդիր ունենալ եւ ամեն ինչ անում է, որ ինձ լիովին երջանիկ մայր եւ կին զգամ:

-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետեւ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ եւ գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան ու, բնականաբար, հիվանդի ապաքինման եւ վերականգնման մակարդակի բարձրացումը, ու հենց այդ պատճառով տասնապատիկ մեծանում է ռադիոլոգի պատասխանատվությունը: Բոլոր  բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք  է  փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա  համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Կցանկանամ բոլորին առողջություն, եւ թող ուլտրաձայնային հետազոտության էլ գան միայն կանխարգելիչ ախտորոշման նպատակով եւ ցանկալի հղիության դեպքում` մայրական բերկրանքը զգալու համար: Ամենակարեւորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար եւ բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք եւ ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, եւ, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

Մեր կլինիկայում քայլում ենք նորարարություններին համընթաց

 Ուղիղ ու առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է:  Այսօրվա դրությամբ քիչ շարժուն կենսակերպի եւ նստակյաց կյանքի պատճառով շատ մարդկանց մոտ ողնաշարի հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչը հանգեցնում է տարբեր հիվանդությունների եւ կեցվածքի շեղումների դեռ վաղ մանկական հասակից: Եվ միայն  մեզանից է կախված,  թե ինչպես հետագայում կզարգանան ողնաշարային հիվանդությունները. կշարունակե՞ն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանգնեցնել դրանք ու վերադարձնել մեր ողնաշարի առողջությունը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարի ախտաբանության ծառայության բաժանմունքը հսկայական ներդրում ունի Հայաստանում վերտեբրալ վիրաբուժության զարգացման մեջ: Ողնաշարի հետ կապված խնդիրները կարող են ծագել ողնաշարի սյունը ձեւավորող մեկ կամ մի քանի բաղադրիչներում՝ մկանային հյուսվածքներում, կապաններում, հոդերում, սկավառակներում, ողերում եւ նյարդերում: Յուրաքանչյուր հիվանդությունն ունի մի շարք բնորոշ ախտանիշներ:

Ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունները նրա բաղկացուցիչ հատվածների պրոգրեսիվող մաշվածության հետեւանք են: Ողնաշարի պաթոլոգիայի առավել կարեւոր խումբ են ողնաշարի արթրոզը, միջողնային սկավառակների ճողվածքները եւ կապանների գերաճը: Տարբեր գործոնների ազդեցությամբ (մեխանիկական գերծանրաբեռնվածություն, ծերություն եւ այլն) կարող են տեղի ունենալ միջողնային սկավառակների մասնակի քայքայում եւ դոնդողանման կորիզի տեղաշարժ: Այդ ժամանակ տեղի է ունենում նյարդարմատի՝ ողնուղեղային խողովակից դուրս գալու տեղում ճնշում: Թեեւ միջողնային ճողվածքները կարող են առաջանալ ցանկացած մակարդակում, առավել հաճախ նրանք ծագում են ողնաշարի գոտկային եւ պարանոցային հատվածներում:

Տարբեր բնածին պաթոլոգիաներ եւս կարող են բերել ողնաշարի ախտահարման՝ ինֆանտիլ սկոլիոզ (ողնաշարի կողմնային թեքում), բնածին սպոնդիլոլիստեզ, ողնաշարի երկատում, մենինգոցելե եւ Առնոլդ-Կիարի մալֆորմացիա: Հիվանդության ի հայտ գալուց հետո որքան շուտ է պացիենտը դիմում մասնագիտացված օգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է դառնում: Վերջնական ախտորոշման նպատակով յուրաքանչյուր պացիենտ բազմակողմանի վերլուծության է ենթարկվում բազմապրոֆիլ բժիշկ-մասնագետների թիմի կողմից: Հիմնականում բուժումն իրականացվում է վիրաբուժական եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների եւ գործիքների կիրառմամբ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ:  Բժիշկները՝ Հիպոկրատի երդվյալները, նրանք են, ովքեր, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` կատարելով վիրահատություններ, հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Պարոն Մոմջյանի կատարած աշխատանքը  անգնահատելի ու անուրանալի է: Բժիշկ, ով, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, սիրում է իր երկիրը, գիտակցում, որ իրենից է կախված պացիենտների հետագա կյանքի որակը:

-Պարո´ն Մոմջյան, ինչո՞ւ ընտրեցինք հենց բժշկի մասնագիտությունը:

-Երբ բժիշկ դարձա, իհարկե, բժշկության հանդեպ ամբողջական պատկերացումը դեռ մեծ չէր, սակայն աշխատելու ընթացքում աստիճանաբար հասկացա, որ ունեմ մեծ պատասխանատվություն, մեծ նվիրում իմ ընտրած գործի հանդեպ:   Ես շատ ուշադիր եմ պացիենտների նկատմամբ եւ որեւէ խնդիր նկատելու դեպքում անմիջապես զգուշացնում եմ, որ անհրաժեշտ է շատ շտապ քայլեր ձեռնարկել: Սակայն, ցավոք, նրանք մեզ հաճախ դիմում են արդեն ծայրահեղ ծանր վիճակում, երբ արդեն, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Ընդհանրապես հիվանդն ինքը պիտի ձգտի տեղեկացված լինել, ցանկանա պատկերացում կազմել  իր հիվանդության մասին: Ցավոք, այսօր մեր երկրում առողջապահության համակարգում դեռ որոշ հարցեր հստակ կարգավորված չեն, եւ բժիշկներս չենք կարողանում առանց ուշացնելու իրականացնել հերթական բուժական քայլերը: Անհրաժեշտ կարգավորումները կօգնեն, որպեսզի ստեղծված իրավիճակում ճիշտ եւ արագ կողմնորոշվենք, ու վնաս չկրեն ո´չ հիվանդը, ո´չ բժիշկը:

-Բժի´շկ, Ձեր մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ այսօր կարող եմ ամեն տեսակի վիրահատական միջամտություն իրականացնել: Ճիշտ է, որոշ վիրահատություններ շատ քիչ են կատարվում, քանի որ մեր հանրապետությունը փոքր է: Օրինակ, մեր պրակտիկայում սկոլիոզների թիվը շատ մեծ է, բայց կան որոշ վիրահատություններ, որոնք, այսպես ասած, նոր են եւ կարող են հանդիպել մի քանի տարին մեկ: Ես ժամանակին երազում էի, որ մեր կլինիկան ունենա գերժամանակակից տեխնիկա, եւ այսօր արդեն ունենք գրեթե բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկան, որոնք աշխարհում կիրառվում են: Եվ մենք քայլում ենք նորարարություններին համընթաց:

-Տեղյակ ենք, որ ողնաշարի ուռուցք եք վիրահատել, կհիշե՞ք այն:

-Այդ վիրահատությունն իմ պրակտիկայում հանդիպած բարդ դեպքերից էր, որն առաջին անգամ իրականացվեց մեզ մոտ եւ, փառք Աստծո, շատ բարեհաջող ավարտ ունեցավ: Ընդհանրապես այդպիսի հիվանդությամբ տառապողներ Հայաստանում շատ քիչ են հանդիպում:

-Այսօր, շփվելով երիտասարդ կադրերի հետ, ի՞նչ կարծիք եք կազմում նրանց մասին, ի՞նչ մակարդակի վրա եք տեսնում մեր ապագա բժշկությունը:

-Այսօր մենք ունենք բավականին զարգացած երիտասարդներ, որոնք ձգտում են միշտ հասնել կատարյալին, եւ հուսով եմ, որ ապագայում կդառնան լավագույն բժիշկներ: Մենք էլ մշտապես հետեւում ենք նորարարություններին, մասնակցում կոնֆերանսների, որպեսզի տեղեկացված լինենք, փորձի փոխանակում կատարենք եւ համընթաց քայլենք ժամանակի հետ: Ու նաեւ մեր գիտելիքներն ենք փոխանցում երիտասարդներին: Իրականում բուժման մեթոդիկան չի փոխվում, բայց փոխվում են մոտեցման ձեւերը:  Մեր աշխատանքի մեջ հիմնական սկզբունքային դրույթները նույնն են, պարզապես տեխնիկական հնարավորություններն են ավելի բարելավվել:

-Կարո՞ղ եք նկարագրել Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:

-Ես միշտ փորձում եմ մարդկանց զիջել` համարելով, որ մարդ արարածից մշտապես շատ բան կա սովորելու: Բայց  լինում  են դեպքեր, երբ զիջում եմ, հետո զգում, որ սխալվել եմ եւ փոշմանում եմ: Մարդկանց լսելու ու նրանց ասածը կիրառելու համար էլ մեծ հմտություն է պետք: Բոլոր մարդիկ հավասար են, եւ պիտի նրանց հարգես հավասարապես:

Ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային, ապա այն մեր երկրում շատ ցածր մակարդակի վրա է, եւ ես չեմ կարողանում կազմակերպել, կարգավորել մարդկանց հոսքը, նրանց հերթագրումն ու ընդունելությունը: Բայց նման բան անհնար է տեսնել արտերկում, եւ մեր հասարակության մտածելակերպում այդ առումով լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ:  

րպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Մեր հասարակությանը կմաղթեմ միմիայն առողջություն, կոչ կանեմ, որ խնայեն իրենք իրենց ու ժամանակին դիմեն բժշկի, որպեսզի բուժման հետագա ընթացքն ավելի արդյունավետ լինի: Ու նաեւ համոզված եմ, որ երկրի բարգավաճումը կբերի մեր ֆինանսական կարգավիճակի բարելավման, ինչը թույլ կտա բուժկենտրոններում տեխնիկապես նոր հնարավորություններ ձեռք բերել: Սիրե´ք Ձեզ, առողջ եղե´ք: 

ՌԱԴԻՈԼՈԳԻԱՆ ԱՎԵԼԻ ՇՈՇԱՓԵԼԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 Ռադիոլոգիան բժշկագիտության անընդմեջ զարգացող ոլորտներից է, այն այսօր աշխարհի զարգացած երկրներում լիակատար առանձին բժշկական դիսցիպլինա է, որն իր ենթաբաժիններով ընդգրկում է գրեթե բոլոր օրգան-համակարգերը: Եվ այդ առաջընթացի շնորհիվ է, որ դեռեւս մի քանի տարի առաջ անհաղթահարելի թվացող հիվանդություններն այսօր հնարավոր է վաղ ախտորոշել եւ բուժել: Ռադիոլոգիայի հիմքերը դրվել են շատ վաղուց, երբ ռենտգեն պատկերների հսկողության ներքո բժիշկները փորձում էին կատարել նվազագույն վիրահատական միջամտություններ:

Ռադիոլոգիայի զարգացումն աշխարհում առավել ակնառու դարձավ վերջին 30 տարիների ընթացքում` կապված բժշկական տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես` ախտորոշիչ զանազան սարքավորումների հայտնաբերման եւ կլինիկական պրակտիկայում դրանց լայնորեն կիրառման հետ: Ժամանակակից սարքավորումների օգնությամբ այսօր կարելի է ամենավաղ փուլերում գտնվող քաղցկեղային հիվանդությունները ժամանակին ախտորոշել, եւ այս դեպքում հիվանդը հաջողությամբ բուժվելու լավ հնարավորություններ կունենա: Ռադիոլոգիայում «մոգական» ինչ-որ բան կա. այն մարդու օրգանիզմ թափանցելու եւ նրա ներքին օրգանները հետազոտելու հնարավորություն է տալիս՝ մաշկի վրա որեւէ կտրվածք չկատարելով: Յուրաքանչյուր հիվանդ մյուսներից տարբերվում է, եւ անչափ հետաքրքիր է ամեն մեկին հետազոտելը: Ռադիոլոգիան մշտապես զարգացող ճյուղ է, որը կարելի է դիտարկել երկու` մասնագետների որակավորման ու սարքավորումների հագեցվածության տեսանկյունից: Հայ ռադիոլոգները բավականին կոմպետենտ են ու նաեւ տիրապետում են Հայաստանում առկա բոլոր սարքավորումներին: Բավականին հաճախ հենց ռադիոլոգն է հիվանդի մոտ ծանր հիվանդությունն ախտորոշում, եւ հենց ինքն էլ ստիպված է լինում այդ մասին հայտնել հիվանդին, ամեն ինչ բացատրել: Իսկ դա անչափ դժվար քայլ է հատկապես այն դեպքում, երբ ռադիոլոգը զգացմունքային մարդ է:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ (2008թ.-ից մինչ օրս` ռենտգեն բաժանմունքում, 2013թ.-ից մինչ օրս` համակարգչային շերտագրում բաժանմունքում), ինչպես նաեւ, համատեղության կարգով, «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի ֆլյուրոգրաֆիայի բժիշկ-ռադիոլոգ, ՀՀ ռադիոլոգների ասոցիացիայի անդամ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց  ռադիոլոգի գրավիչ մասնագիտության շուրջ:   Բավականին բանիմաց եւ գիտակ մասնագետն աշխատանքին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ, հոգատար է, ուշադիր, ինչի համար էլ վայելում է իր բոլոր պացիենտների վստահությունը: Չնայած երիտասարդ տարիքին, մեր զրուցակիցն ունի բավականին լուրջ աշխատանքային փորձ եւ կատարյալ մարդկային որակներ:

-Պարո´ն Գրիգորյան, որո՞նք էին ռադիոլոգիան որպես նեղ մասնագիտություն ընտրելու շարժառիթները:

- Ես միշտ հակված եմ եղել կյանքում գտնել ստույգ պատասխաններ, իսկ ռադիոլոգիան  հնարավորինս  տալիս է դրանք: Սա բժշկության այն ճյուղերից է, որն ավելի շոշափելի եւ հավաստի է դարձնում ախտորոշումը: Կարծում եմ` հենց ռադիոլոգիայի հիմքում են ապացուցողական բժշկության  հիմնադրույթները:

-Բժիշկ, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ռադիոլոգիան Հայաստանում:

-Վերջին տասնամյակի ընթացքում տեխնիկական զարգացման վրա հիմնված բոլոր գիտությունները, այդ թվում` ռադիոլոգիան, մեծ եւ վստահ քայլերով առաջ են ընթանում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում: Շատ մեծ ուշադրություն է դարձվում մասնագետների վերապատրաստմանը եւ որակավորման բարձրացմանը: Հաճախակի  կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք ապահովում են գիտելիքների եւ փորձի փոխանակում:

-Խոսենք բաժանմունքի գործառույթների մասին: Ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

-«Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի դիագնոստիկ ծառայությունը զինված է նորագույն «Siemens» ֆիրմայի արտադրության համակարգչային շերտագրման եւ ռենտգեն  սարքավորումներով, որոնք ունեն հատկապես երեխաների համար շատ կարեւոր ճառագայթման նվազագույն չափաբաժին, եւ դրանց շնորհիվ հետազոտությունները կատարվում են ամբողջ ծավալով: Իրականացվում են գլխի, կրծքավանդակի, որովայնի եւ կոնքի օրգանների, ոսկրային համակարգի, ստամոքս-աղիքային տրակտի եւ անոթային համակարգի կոնտրաստային լայնածավալ հետազոտություններ: Կլինիկան, ունենալով մանկաբուժական մասնագիտացված ուղղվածություն, հիվանդությունների ախտորոշման հարցում նույնպես ունի հարուստ եւ բազմամյա փորձ:

- Կարծիք կա, որ ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման առաջին գրավականն է: Ըստ Ձեզ,  նորագույն մեթոդները մեկը մյուսին լրացնո՞ւմ   են, թե՞փոխարինում:

 -Այո´, իհարկե ճիշտ ախտորոշումը հիվանդության բուժման գրավականն է: Սակայն շատ կարեւոր է բուժող բժշկի համար հիվանդի անամնեստիկ տվյալները` ճիշտ եւ արդյունավետ հետազոտման տեսակը ընտրելու համար:

 Բոլոր գործիքային հետազոտություններն ունեն որոշակի ցուցումներ եւ լրացնում են միմյանց:

-Որքանո՞վ է ուշադիր մեր հայ հասարակությունն իր սեփական առողջության նկատմամբ:

- Ցավոք սրտի, մեր հասարակությունը հաճախ դիմում է բժշկի բավականին ուշացած, ծայրահեղ դեպքերում: Դրա պատճառը, կարծում եմ, հասարակության ցածր կենսամակարդակն է, ծանր սոցիալական վիճակը եւ ոչ բավարար իրազեկումը: Եվ դա  երբեմն հանգեցնում է անդառնալի հետեւանքների: Ու ես կոչ եմ անում մարդկանց` դիմել առաջնային բժշկական օղակներ, որտեղից եւ կուղղորդվեն համապատասխան անհրաժեշտ հետազոտությունների:

Կցանկանայի առանձնակի անդրադառնալ շատ կարեւոր եւ ցավոտ թեմաներից մեկին՝ մանկական տրավմատիզմին: Վերջին տարիներին ունենք մանկական տրավմատիզմի կտրուկ աճ, ինչը պայմանավորված է երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներով, ամրագոտիների չկիրառմամբ, ավտոմեքենաներում մանկական սայլակների (baby car seat) բացակայությամբ, ինչպես նաեւ երեխաների նկատմամբ անուշադրության դրսեւորմամբ: Եվ այդ ամենի հետեւանքով, ցավոք սրտի, երբեմն ունենում ենք անդառնալի հետեւանքներ:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Մեր հայ ժողովրդին մաղթում եմ քաջառողջություն եւ կոչ անում լինել հետեւողական առողջության նկատմամբ, միշտ ուշադրության կենտրոնում պահել երեխաներին: Թող վստահեն բժիշկներին, դիմեն նրանց ցանկացած առողջական խնդրի դեպքում: Եվ թող միշտ հիշեն, որ այսօր Հայաստանում ունենք բավականին բարձր որակի բուժսպասարկում:

Լավագույն վիրաբույժի առաջին կինը վիրաբուժությունն  է

 Լապարասկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ եւ, ավանդական վիրաբուժության համեմատ, ունի մի շարք առավելություններ: Որովայնի խոռոչի եւ փոքր կոնքի օրգանների լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնորոշվում են հիվանդի վնասումը նվազագույնի հասցնելով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով, ապաքինման կարճ ժամանակահատվածով եւ գոհացուցիչ կոսմետիկ արդյունքներով:

Լապարասկոպիկ վիրաբուժությունն իր ոլորտում համարվում է բեկումնային եւ առավել հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Մի շարք վիրաբուժական միջամտությունների դեպքում այն ապահովում է բարձր ճշգրտություն եւ որակյալ արդյունք: Միեւնույն ժամանակ, լապարասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի` առավել խորը հմտություններ եւ նմանատիպ վիրահատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձառություն:

Միքայելյանի անվան ինստիտուտում վերոնշյալ մեթոդով վիրահատվելու կարիք ունեցող անձանց տարեցտարի աճող թիվը թելադրում էր համընթաց քայլերով առաջ շարժվել: Ժամանակակից տեխնիկայով հագեցած ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, բուժման նորագույն մեթոդները եւ կլինիկայի բժիշկների գիտելիքների շարունակական հարստացումը հնարավորություն են ընձեռում բուժման գործընթացում ներգրավել վիրաբուժության ամբողջ սպեկտրը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Միքայելյանի անվան ինստիտուտի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժիշկն իր գործի գիտակն է, բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Բժիշկը, կենտրոնին մշտապես թարմ շունչ հաղորդելով, պահպանում է նախորդների ստեղծած ավանդույթները` բարձր պահելով Միքայելյանի անվան ինստիտուտի վաստակած կոչումը: Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝  նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար:

-Պարո´ն Հարությունյան, ե՞րբ գնացիք այդ պատասխանատու քայլին, ինչո՞ւ որոշեցիք հենց վիրաբույժ դառնալ:

- Ես դեռ մանկուց ցանկացել եմ բժիշկ դառնալ եւ, երբ կանգնեցի մասնագիտության ընտրություն կատարելու խնդրի առջեւ, վիրաբույժ դառնալու աներկբա որոշում կայացրի: Այլ պատկերացում չունեի, ինձ տեսնում էի միայն վիրաբուժության ոլորտում: Ավելին, եթե ինձ նորից հնարավորություն տրվի մասնագիտության ընտրություն կատարել, առանց վարանելու կրկին կընտրեմ վիրաբուժությունը: Ոչինչ չեմ փոխի իմ կյանքում, որովհետեւ կարծում եմ` բավականին պատվավոր ճանապարհ եմ անցել, սիրում եմ ու նվիրված եմ մասնագիտությանս: Միշտ ասել եմ եւ կկրկնեմ, որ լավագույն վիրաբույժի առաջին կինը վիրաբուժությունն է, այլ տարբերակ չկա: Պետք է անհագ սիրահարված լինես մասնագիտությանդ, որպեսզի հասնես խոստումնալից եւ ցանկալի արդյունքների, որպեսզի նվիրվես ու պատշաճ կատարես աշխատանքդ:

-Բժի´շկ, որո՞նք են Ձեր ղեկավարած բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները։

-Մեր բաժանմունքն ընդհանուր վիրաբուժության եւ լապարասկոպիայի բաժանմունք է, որտեղ իրականացվում է ընդհանուր վիրաբուժությունն ամբողջ ծավալով` աբդոմինալ, ճողվածքների, աղիքային խնդիրների, ստամոքս-աղիքային տրակտի, լեղուղիների, եւ մեր բաժանմունքի յուրահատկությունն այն է, որ հատկանշական տոկոս է կազմում լապարասկոպիկ վիրահատությունների թիվը: Մենք արդեն 23 տարի է, ինչ օրեցօր զարգացնում ենք այդ մեթոդիկան: Ես ու մեր բաժանմունքի բժիշկները մշտապես վերապատրաստումներ ենք անցնում տարբեր երկրներում: Պետք է նշեմ, որ ես նաեւ երկար տարիներ աշխատել եմ ԱՄՆ-ի «Կոլումբիա» համալսարանում, Փարիզում, Բեռլինում, Համբուրգում եւ վերադարձել Հայաստան` աշխատանքս շարունակելու եւ ձեռք բերածս փորձը Հայաստանում կիրառելու նպատակով: Արտերկրի մասնագետների հետ մեր համագործակցությունն ունի շարունակական բնույթ, նրանց այցերը մշտական բնույթ են կրում, իրականացվում է փորձի փոխանակում, եւ մենք ամեն կերպ ջանում ենք հետ չմնալ աշխարհում անընդհատ զարգացող նորարարություններից: Նշեմ, որ մենք դարձել ենք կլինիկական բազա, ինչի արդյունքում հնարավորություն ունենք թռիչքային փոփոխություններ գրանցել եւ նորարարություններ մտցնել մեր ասպարեզ, նոր սարքավորումներ ձեռք բերել, նորագույն մոտեցումներ կիրառել մեր աշխատանքում: Ես համոզված եմ, որ այս տեմպերով առաջ ընթանալու պարագայում Միքայելյանի անվան ինստիտուտը կդառնա վիրաբուժության ասպարեզում առաջատարը: Այն արդեն իսկ լավագույններից է եւ դառնալու է այն դարբնոցը, որտեղից ծնվելու են լավագույն վիրաբույժները, քանի որ բոլոր փորձառու եւ հմուտ վիրաբույժները Միքայելյանի անվան ինստիտուտի սաներն են եղել, այստեղ ուսանած եւ աշխատած բժիշկներ են: Մեր կենտրոնն այլ ավանդույթների եւ այլ մտածելակերպի բուժհաստատություն է:

Ընդհանրապես մի քիչ դժվար է բժշկի ճանապարհը, ու այսօրվա ուսանողը պետք է գիտակցի, որ ինքը բժիշկ կդառնա 10-12 տարի ուսանելուց հետո միայն եւ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր դժվարության, չգայթակղվի այլ բաներով: Նա պետք է սպասի իր պատվավոր ժամին, որպեսզի դրսեւորվի: Սա յուրահատուկ մասնագիտություն է, եւ ոչ բոլորին է շնորհված դառնալ լավագույնից լավագույնը:

 -Բժի´շկ, կհիշե՞ք Ձեր կատարած առաջին եւ տպավորիչ վիրահատությունը:

-Իմ կատարած առաջին վիրահատությունը եղել է պրոֆեսոր Համլետ Թամազյանի հետ, ում ես համարում եմ ոչ միայն իմ ուսուցիչը,  այլեւ իմ կյանքի կարեւորագույն մարդկանցից մեկը: Նա յուրահատուկ, մեծ մարդ էր, յուրօրինակ վիրաբույժ, ով ուրույն ձեռագրով ձեւավորեց բոլորից տարբերվող դպրոց, կադրերի դարբնոց: Իմ բախտը բերել է այն առումով, որ մեր ճանապարհները խաչվեցին, ու ես հնարավորություն ունեցա վիրաբուժություն ասվածը ընկալել լիովին: Ես լավ հիշում եմ իմ կատարած առաջին վիրահատությունը, երբ պրոֆեսորն ինձ ասաց. «Ես կօգնեմ քեզ, դու պետք է կատարես վիրահատությունը»: Ես երբեք չեմ մոռանա այդ երջանիկ պահը, որը դաջվել է իմ հիշողության մեջ: Նա ամբողջ վիրահատությունը վստահեց ինձ, եւ ես այդ վիրահատական միջամտությունից հետո վեց օր տուն չէի գնում, հիվանդին պահում էի իմ հսկողության տակ: Իսկ, երբ ամեն ինչ բարեհաջող ընթացք ստացավ, հիվանդն ապաքինվեց եւ տուն գնաց, ինձ համար այդ վիրահատությունը մնաց որպես ամենատպավորիչներից մեկը: Ի դեպ, այդ վիրահատությունից հետո մոտ վեց հազար վիրահատություն եմ կատարել: 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։

-Նախ ասեմ, որ եղել եմ լապարասկոպիկ վիրահատության ներդրողներից մեկը Հայաստանում, ինչն այն տարիներին շատ դժվար ճանապարհ էր: 1995 թվականից ի վեր մի քանի բժիշկներով տարբեր բժշկական կենտրոններում սկսեցինք միաժամանակ կիրառել նոր մեթոդիկան, երբ իրականում հասարակությունն էլ դեռ պատրաստ չէր լապարասկոպիկ վիրահատություն հասկացությանը: Վիրահատական եւ հետվիրահատական արդյունքների վիճակագրությունը բերեց նրան, որ այն հիրավի դարձավ շատ ժամանակակից եւ արդարացված մեթոդ, որն օրեցօր զարգացում է ապրում: Ես համարում եմ, որ Հայաստանում այդ մեթոդը զարգացնելու եւ լավագույն արդյունքեր ստանալու առումով բավականին ծանրակշիռ ներդրում ունեմ: Մոտ 22 տարի առաջ ձեւավորել եմ մեր բաժանմունքը, որն առաջինն է եղել Հայաստանում ապահովագրական բժշկության իրականացման առումով: Մենք առաջիններից էինք, քանի որ այդ տարիներին չկային ապահովագրական ընկերություններ, իսկ մեր բժշկական կենտրոնն այդ տարիներին ապահովագրական բժշկության շրջանակներում իրականացրեց 12-13 հազար վիրահատական միջամտություն, այսինքն` հիվանդները մատչելի տարբերակով կարողացան վերականգնել իրենց առողջությունը: Մենք ամեն օր, գիշեր-ցերեկ կատարում էինք 20-25 վիրահատություն: Ասեմ նաեւ, որ ունեմ բավականին շատ ուսանողներ, որոնք այսօր կայացած մասնագետներ են ու տարբեր բժշկական կենտրոններում պատվով եւ նվիրումով կատարում են իրենց աշխատանքը: Ես ղեկավարել եմ նաեւ Միքայելանի անվան ինստիտուտը: Ծանր տարիներ էին, բայց մեզ հաջողվեց մասնակից լինել նշանակալի նախաձեռնության, երբ համաձայնություն ձեռք բերվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ, եւ Միքայելյանի անվան ինստիտուտը դարձավ բժշկական համալսարանի կլինիկական բազան:

-Ի՞նչ կարծիք ունեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Դիմելիության կուլտուրան տարիների ընթացքում էականորեն փոխվել է. մարդիկ հասկացել են, որ պետք է վստահեն իրենց բժշկին, որպեսզի հասնեն լավագույն արդյունքների: Մարդիկ շատ են սիրում դիմել մի քանի բժշկի, ինչը ես համարում եմ նորմալ երեւույթ, եւ ընդհանրապես պետք է փոխվստահության մթնոլորտ ձեւավորվի բժիշկների եւ հիվանդների միջեւ: Եթե հիվանդը վստահի իր բժշկին, դա կօգնի մեզ հետագա բուժման գործընթացում: Շատ բան կախված է նաեւ պացիենտի ֆինանսական վիճակից, եւ ես համոզված եմ, որ, երբ բժշկական ապահովագրությունը լիովին ու ամբողջապես մուտք գործի բժշկության ոլորտ, խանգարող հանգամանքները կվերանան: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հասարակությունը ֆինանսական խնդիրների պատճառով դժվարանում է դիմել բժշկի: Քանի որ բնակչության շատ քիչ տոկոսն է ընդգրկված ապահովագրության շրջանակներում, մենք փորձում ենք հիվանդներին օգնել բարեգործական հիմունքներով, բայց դա արդյունավետ գործընթաց չէ. բժիշկն էլ մարդ է ու պետք է վաստակի իր կատարած ծանր աշխատանքի դիմաց: Այն արտահայտությունը, որ ամենավտանգավոր բանը սոված վիրաբույժն է, միշտ էլ ակտուալ է եղել: Երբ մարդը նորմալ վաստակում է, նորմալ եւ ազնիվ է վերաբերվում իր աշխատանքին:

-Բժի´շկ, սփյուռքից դիմողներ լինո՞ւմ են:

-Այո´: Եվ նրանք հիմնականում մեր հայրենակիցներն են, որոնք, ամառային ամիսներին այցելելով հայրենիք, զուգահեռ կատարում են պլանային վիրահատություններ: Նրանց համար նախընտրելի եւ ավելի հեշտ է իրենց հայրենակցի հետ առնչվելը: Բացի այդ, մեր երկրում բուժօգնությունը համեմատաբար մատչելի է, այդ իսկ պատճառով արտերկրից ժամանած մեր հայրենակիցները բավականին մեծ տոկոս են կազմում:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքները մեր ընթերցողներին։

-Առաջին հերթին մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, ցանկանում, որպեսզի տեղի ունեցած հեղափոխությունը տա իր պտուղները, բոլոր ասպարեզներում դրական տեղաշարժեր արձանագրվեն: Եվ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Կցանկանամ, որ մեր երկրում լինի կայունություն, ամեն ոք զբաղվի իր աշխատանքով, այլ ոչ թե քաղաքականությամբ: Իսկ բոլոր բժիշկներին էլ մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ: Թող սիրեն իրենց աշխատանքը, ձգտեն միշտ կատարելագործվել: Թող մեր բոլոր ջանքերն ուղղված լինեն միայն կանխարգելիչ քայլերին: Ցանկանում եմ, որ մեր երկիրը ազատ, անկախ, հարուստ եւ զարգացած լինի, որ մեր ժողովուրդը երջանիկ ապրի հայրենի հողի վրա, որ մեզանից յուրաքանչյուրն իր երկրի մասին այնպես մտահոգվի, ինչպես իր տան, ընտանիքի մասին:

 

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունն է

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում  պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, Հայաստանը եւս    անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները  ներդնելուց  եւ կիրառելուց։  Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու  խորացումը։ 

Մալայանի   անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունն է`  հագեցած   ժամանակակից  սարքավորումներով, որոնցով իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ եւ գիտահետազոտական գործունեություն: Այս ամենը հնարավորություն է տալիս  կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում: Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում  անգամ   անսպասելի  հրաշքները. մարդկանց է վերադարձվում ամենաթանկը`աչքի  լույսը:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը 1992 թվականին հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որն իսկապես լույս բերեց հայի աչքերին` մեր հայրենակիցներին հնարավորություն տալով տեսնելու եւ ապրելու լիարժեք կյանքով: Ալեքսանդր Մալայանի նախաձեռնությամբ, ով ավելի քաջատեղյակ էր երկրի կարիքների եւ առաջնահերթ խնդիրների մասին, եւ Ռոջեր Օհանեսյանի   մարդասիրական առաքելության շնորհիվ 2002թ.-ից կազմավորվեց «Հայկական ակնաբուժության աախագիծ» ԲՀ-ը, եւ  իրականացվեց «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ ակնաբուժությունն այսօր Հայաստանում առաջատար ոլորտներից մեկն է։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի ակնավիրաբույժ, վիրասրահի վարիչ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրում աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) ավագ ակնավիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ. բժիշկ, ում շնորհիվ արդեն վերականգնվել է բազմաթիվ մարդկանց աչքի լույսը, կատարվել են նորագույն մեթոդներով վիրահատություններ: Նա իր հաջողության գաղտնիքը վաղուց է  հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ  կապը:

-Պարո´ն Հովսեփյան, ինչպե՞ս եւ ե՞րբ ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

-Նշեմ, որ, չնայած հայրս ինժեներ, գյուտարար է, բայց չցանկացավ, որ ընտրեմ իր մասնագիտական ուղին: Նա ինձ մշտապես հորդորում էր, որ ընտրեմ բժշկության ոլորտը: Դպրոցն ավարտեցի 1985 թվականին եւ հինգ տարի   անց, բանակում ծառայելուց հետո նոր միայն ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Ասեմ, որ մեկ վայրկյան անգամ չեմ փոշմանել իմ ընտրության մեջ. սիրում եմ մասնագիտությունս եւ մեծ նվիրումով կատարում մասնագիտական ցանկացած աշխատանք:

-Բժի´շկ, ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ առաջին ուսուցիչը հայրս է եղել. նա մանկուց ինձ դաստիարակել եւ դրել է ճիշտ ուղու վրա, որպեսզի դժվարին պահերին ճիշտ կողմնորոշվեմ: Իսկ բժշկի մասնագիտություն ստանալու տարիներին շատ են եղել դասախոսներ, եւ նրանցից ամեն մեկն ունեցել է իր լուման իմ մասնագիտության ամրապնդման եւ ընդհանուր բժշկության մեջ: Ես ավարտել եմ մանկաբուժության ֆակուլտետը, իսկ ակնաբուժության նեղ մասնագիտացման մեջ, իհարկե, իմ անմիջական ուսուցիչներ համարում եմ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին, Կարեն Շաղբաթյանին:

-Բժի´շկ, կարո՞ղ եք այս պահին հիշել Ձեր իրականացրած առաջին վիրահատությունը:

-Բոլոր սկսնակ բժիշկներն էլ սկսում են թեթեւ վիրահատական միջամտությունից, որն այդ պահին քեզ համար լինում է լավագույն նվաճումը: Ես էլ իմ առաջին վիրահատությունը կատարեցի 1999 թվականին`օրդինատուրան ավարտելուց հետո:

-Ունեք երկար տարիների աշխատանքային փորձ, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է այժմ դիմելիության կուլտուրան:

-Ինձ թվում է` բավականին քչացել են բարձիթողի վիճակները, չնայած հիմա էլ կարող ես նման դեպքեր տեսնել մեր ծրագրի շրջանակում մարզեր այցելության ժամանակ: Կան հաճախակի դիմողներ, որոնք միշտ էլ դժգոհ են ինչ-որ բանից: Լինում են, սակայն, հիվանդներ, ում մեկ աչքի տեսողությունը կորչում է, սկսում է երկրորդ աչքի տեսողությունը վատանալ, եւ միայն այդ ժամանակ են դիմում բժշկի: Ընդհանրապես կան մարդիկ, որոնք շատ ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, կան նաեւ մարդիկ, որոնց համար, այսպես ասած, սեփական առողջությունը էական չէ, կարեւորը աշխատանքն ու ընտանիքն են: Եվ նրանք ամեն ինչով կզբաղվեն, բայց ոչ իրենց առողջությամբ` այն թողնելով բարձիթողի վիճակում: Սակայն, փառք Աստծո, կարծես թե մեր հանրապետությունում պարտադիր ժամանակացույցային բուժզննումները վերականգնելու առումով դրական տեղաշարժ կա:

 -Խոսենք «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին:

-Ծրագիրը ստեղծվել եւ, ինչպես սկզբում պատմեցի, կյանքի է կոչվել երկրաշարժի տարիներին` պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի եւ ամերիկահայ բարերար, պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյանի համատեղ նախաձեռնության արդյունքում: Իսկ դրա նպատակը Հայաստանում ակնաբուժական ծառայությունները մարզաբնակներին հասանելի դարձնելն ու ձեռքբերովի կուրության կանխարգելումն էր: Տեսնելով, որ ակնաբուժության ոլորտում օգնության կարիք կա, ամերիկյան բարերարները սկզբնական շրջանում սկսեցին ուղարկել դեղորայք եւ տեխնիկա, իսկ, երբ արդեն պարզվեց, որ հեռավոր շրջաններում միայն դեղորայքով եւ պարագաներով բուժօգնություն ցուցաբերելով վերջնական դրական արդյունք չի ստացվում, այդ  ժամանակ արդեն շարժական հիվանդանոց ստեղծելու գաղափար առաջացավ: Այն տեխնիկապես եւ դեղորայքով հագեցած մի մեքենա է, որը կարողանում է հասնել հեռավոր շրջաններ, որտեղի բնակչությունը ֆինանսապես ի վիճակի չէ  մայրաքաղաք գալ բուժօգնություն ստանալու համար: Մեքենան Հայաստան բերվեց 2002 թվականին, իսկ 2003 թվականից սկսած` աշխատում ենք այդ ծրագրի շրջանակներում, գնում բոլոր շրջանները, կատարել ենք արդեն յոթ այց  յուրաքանչյուր մարզ: Այդ ծրագրի շրջանակում ակնաբուժական անվճար ծառայություններից օգտվում են հանրապետության բոլոր մարզերի բնակիչները: Անհրաժեշտ սարքավորումներով եւ համապատասխան մասնագետներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) նպատակն է մարզաբնակներին հենց տեղում հետազոտելը եւ բուժօգնություն ցուցաբերելը: ԱՇՀ-ում գործում է աչքի առաջային հատվածի վիրահատարան եւ երկու հետազոտման սենյակ՝ հագեցած լազերային սարքավորումներով: Բավական մեծ է այս ծրագրի դերն ու նշանակությունը ազգաբնակչության առողջության վերականգնման հարցում, եւ իմ ընդգրկվածությունն այդ ծրագրում բավական լայնամասշտաբ է:

Քանի որ մեքենան արդեն մաշվում էր, 2013-2014թթ.-ին որոշեցին հեռու շրջաններում հիմնել տարածաշրջանային հիվանդանոցներ, որոնք պետք է հագեցած լինեին այնպես, ինչպես շարժական հիվանդանոցն է: Առաջինը բացվեց Իջեւան քաղաքում, այնուհետեւ` Սպիտակում, Կապանում, վերջերս բացվեց արդեն Գյումրի քաղաքում եւ առաջիկաերկու տարվա ընթացքում պետք է բացվի Վայոց Ձորի մարզում: Ծրագրի մեջ ընդգրկվում են հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով խավերը, որոնք ամենաշատը 1-4ամիս հերթագրվելուց հետո մեր կողմից անվճար հիմունքներով ապահովվում են նաեւ վիրահատական միջամտություններով:

-Որո՞նք են  Ձեր ամենամեծ մասնագիտական ձեռքբերումները, ուժեղ ու թույլ կողմերը:

-Ասեմ, որ ինձ համար վիրաբուժության բնագավառում վստահ քայլերով առաջ գնալը, բարդ իրավիճակներից պատվով դուրս գալն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Իմ բնավորության թույլ կողմ կարող եմ համարել այն, որ շուտ եմ մարդկանց վստահում, ինչը երեւի իմ գենետիկայի մեջ է, բնությունից է ինձ շնորհված: Եվ ընկերներս ինձ միշտ զգուշացնում են, որ դա կարող է իմ դեմ օգտագործվել: Իսկ ուժեղ կողմ կարող եմ համարել իմ` ֆիզիկապես եւ հոգեպես դիմացկուն լինելը. երբեւէ չեմ ընկճվում հիվանդների մեծ հոսքից:

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Ցավոք, Հայաստանում ռիսկային կապիտալ գոյություն չունի, եւ ես կցանկանամ, որ մեր երկրում լինի անաչառությամբ օժտված ռիսկային ֆոնդ, որտեղ չգործի խնամի-բարեկամ հասկացողությունը, անաչառ սկզբունքով ընտրվեն նոր գաղափարներ,  դրանք ներդրվեն եւ կյանքի կոչվեն: Ըստ իս, հենց սա է հասարակության եւ տնտեսության վիճակի բարելավման ուղին: Կցանկանամ, որ մեր հասարակությունն ուշադիր լինի իր առողջության նկատմամբ, հաճախ դիմի բժշկի, որպեսզի մենք կարողանանք ժամանակին հայտնաբերել հիվանդությունները եւ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել: Առողջ եղե´ք: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր